1lurer.am: ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը տեղեկացրեց, որ մեկնարկել է բանակի բարեփոխումների ծրագիրը:
Սարգսյանը հայտնեց, որ բացերը վեր հանելուն և դրանք ճիշտ լրացնելուն ուղղված քայլերի հերթականություններ են մշակվում. գործընթացի մեկնարկը տրված է:
«Հունվարից սկսված բարեփոխումների մեկնարկը, կարելի է ասել ,տրվել է: Նախարարի գլխավորությամբ իրականացվող աշխատանքները, կարծում եմ, կարճ ժամանակահատվածում պետք է ավարտվեն, և գլխավոր նպատակը ավելի բարձր պաշտպանունակությամբ օժտված, ավելի պրոֆեսիոնալ բանակի ստեղծումն է: Կարծում ենք՝ գրավչությունն ապահովելուն ուղղված ինչ-որ քայլեր պետք է կատարվեն: Որպես նախկինում ոստիկանությունում ծառայած պաշտոնատար անձ՝ կարող եմ ասել, որ բանակի զինծառայողները սոցիալական ավելի լավ երաշխիքներից են օգտվում, քան ոստիկանությունում, բայց դա բավարար չէ, եթե բավարար լիներ, ապա այսօր կունենայինք այլ պատկեր: Բացերը պետք է լրացվեն անձնակազմի հետ շփումների և ստորին օղակներում ծառայող զինվորականների կողմից խնդիրները ներկայացնելու միջոցով և դրանց առաջնահերթության կարգ տալու շնորհիվ պետք է հասնենք նրան, որ այդ բարեփոխումներով զբաղվող կառույցը իրավիճակին լիարժեք տիրապետի և ունենա այն հստակ ուղեգիծը, ինչով պետք է շարժվի առաջ»,- ասաց Արման Սարգսյանը:
Նա նաև նշեց, որ այժմ սոցիալական մեծ աշխատանքներ են իրականացվում՝ ուղղված պատերազմի ընթացքում վիրավորում, խեղում, հաշմանդամություն ստացած զինծառայողների իրավունքների և սոցիալական երաշխիքների ապահովմանը: Փորձում են արագ արձագանքել ու զերծ պահել ավելորդ բյուրոկրատական քաշքշուկներից: Սարգսյանը նաև տեղեկացրեց, որ սպառազինության, տեխնիկայի թարմացման առումով մեծածավալ աշխատանքներ են իրականացվում, և մոտ ապագայում կարող են ասել, որ համալրման խնդիրները մեծ առաջընթաց կունենան:
Անդրանիկ Քոչարյանը կարևորեց նաև բանական կրթական բարեփոխումների ծրագիրը: Ասաց, որ պետք է նախանշել կադրային ճիշտ վերադասավորում: Շեշտեց, որ 44-օրյա պատերազմում ունենք միջին ու միջինից բարձր հրամկազմ, և մեր վաղվա բանակը պետք է հիմնված լինի այդ սպայակազմի որակների վրա՝ դրան ավելացնելով կրթական ավելի բարձր ցենզ:
Պաշտպանության փոխնախարարը նշեց, որ կրթությունը և գրավչությունը փոխկապակցված են: «Որպեսզի ունենանք բանիմաց ուսանողներ, պետք է ունենանք գրավիչ բանակ և գրավիչ աշխատանք տվող կառույց: Սրա համար նաև պետք է աշխատանք իրականացնել, որ պետական մտածողությունը գերիշխի բանակում, այլ ոչ հովանավորչությունը: Հնարավորինս ձերբազատվելով նման մոտեցումներից, նաև այդ արդարության սկզբունքի վրա հիմնված կադրային քաղաքականության իրականացման շնորհիվ՝ հնարավոր կլինի ապահովել ներհոսք բանակում»,- հավելեց Արման Սարգսյանը:
comment.count (0)