Գյումրի

Հայաստանի մեծությամբ երկրորդ քաղաքն է, որը գտնվում է հյուսիսարևմտյան մասում՝ Շիրակի մարզում, Ախուրյան գետի ձախ ափին, Երևանից 126 կմ հեռավորության վրա։ Տարածքը՝ 3626 հեկտար։ 2015 թ. դրությամբ ունեցել է 118,6 հազար բնակիչ, ծովի մակարդակից բարձր է ավելի քան 1500 մետր։ Քաղաքի կարգավիճակ ունի 1837 թ․-ից։ Գործող քաղաքապետը Սամվել Բալասանյանն է։

Փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր

Փրկարարները Գյումրիում արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր

Հուլիսի 13-ին, ժամը 16:13-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն Գյումրիի Օդերևութաբանության կայանից տեղեկություն է ստացվել, որ Գյումրիում կարկուտ է տեղում (12 մմ), նկատվում է քամու ուժգնացում (8 մ/վ, պոռթկումների ժամանակ՝ մինչև 16 մ/վ)։ Շիրակի մարզային փրկարարական վարչության Ճգնաժամային կառավարման կենտրոնն օրվա երկրորդ կեսից սկսած 780 ահազանգ է ստացել շենք-շինությունների, նկուղների, հողամասերի, խանութների և այգիների ջրալցումների, կամուրջների տակ արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ։ Ահազանգերի արձագանքմանը ներգրավվել են Շիրակի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատների մարտական հաշվարկները։ Հուլիսի 14-ին, ժամը 00։30-ին Գյումրի են մեկնել նաև ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի խումբը՝ ջրահեռացման համար նախատեսված 3 մոտոպոմպով։ Գործի են դրվել Գյումրիի համայնքապետարանի 5 միավոր տեխնիկան և «Մայր Հայաստան» հուշահամալիրի հանգստյան գոտու նավակները: Աշխատանքներին 70 հրշեջ-փրկարար է մասնակցել, 1 տասնյակից ավելի հրշեջ-մեքենաներ են կիրառվել։ Ժամը 16։47-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի կամրջի տակ ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերում. անհրաժեշտ է օգնություն։ Փրկարարներն անձրևաջրից դուրս են բերել Գևորգ Ծ.-ին (ծնված 1960 թ.)։ Նրա առողջական վիճակը վատթարացել է: Դիմել են շտապօգնության ծառայությանը։ Փրկարարները ջրային արգելափակումից դուրս են բերել նաև 7 ավտոմեքենա, ինչպես նաև նավակի միջոցով արգելափակումից անվտանգ տարածք են դուրս բերել 6 քաղաքացու: Ժամը 17։02-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի 49-րդ փողոցում ավտոմեքենան արգելափակվել է անձրևաջրերում․ անհրաժեշտ է օգնություն։ Փրկարարները Մայակովսկու փողոցից՝ «Պեգաս» վաճառատան մոտակայքից, արգելափակումից դուրս են բերել Ա․ Մ.-ին պատկանող «ՎԱԶ-2106» և Վ. Ս․-ին պատկանող «ՎԱԶ-2107» մակնիշների ավտոմեքենաները: Ժամը 17։16-ին ահազանգ է ստացվել, որ Ավտոկայանի թիվ 104/271 տնակը ջրալցվում է Գյումրի գետակի վարարումից․ անհրաժեշտ է օգնություն։ Պարզվել է, որ բնակիչներից մեկը հրաժարվում է տարհանվել տնակից, իսկ մյուսը՝ տարհանվել և տեղափոխվել է Շահումյան 153 հասցե: Ժամը 17։19-ին ահազանգ է ստացվել, որ Ն. Ստեփանյան փողոցի 1-ին փակուղու թիվ 10 տունը ջրալցվում է անձրևից և գետի վարարումից․ անհրաժեշտ է օգնություն։ Պարզվել է, որ ջրալցված է նկուղը․ իրականացվել են ջրահեռացման աշխատանքներ։ Ժամը 17։24-ին ահազանգ է ստացվել, որ Գյումրիի «Յունիբանկ»-ի մասնաճյուղի դիմաց ավտոմեքենան ջրալցվում է անձրևից․ անհրաժեշտ է օգնություն։ Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել «Volkswagen Golf» մակնիշի ավտոմեքենան: Ժամը 17։36-ին ահազանգ է ստացվել, որ Բեռլին հյուրանոցի մոտակայքում «Opel Zafira» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում․ դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենան: Ժամը 17։36-ին ահազանգ է ստացվել, որ Ախուրյանի կամրջի տակ ավտոմեքենաները ջրալցվում են (մոտ 300 ավտոմեքենա չի կարողանում շարունակել ընթացքը)․ անհրաժեշտ է օգնություն։ Մինչ Գ. Նժդեհի հրապարակին կից գտնվող կամրջին հասնելը՝ փրկարարները Երևանյան խճուղում արգելափակումից դուրս են բերել 10 ավտոմեքենա, ինչպես նաև՝ իրականացրել խճուղու ջրահեռացման անցքերի բացման աշխատանքներ: Փրկարարների և համայնքապետարանի աշխատակիցների համատեղ ուժերով կամրջի տակից և հարակից տարածքներից դուրս են բերվել մոտ 100 արգելափակված ավտոմեքենա: Փրկարարները բացել են կամրջի տակ գտնվող խցանված դիտահորերը: Նախնական ամփոփված տվյալներով՝ փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 130 ավտոմեքենա, 30 քաղաքացի տեղափոխվել է անվտանգ վայր։ Շինությունների ջրահեռացման աշխատանքները շարունակվում են։
16:02 - 14 հուլիսի, 2020
Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել

Փրկարարները Գյումրիում ռետինե նավակներ ու մեկ տասնյակից ավելի հրշեջ մեքենաներ են գործի դրել

Այսօր Գյումրիում մի քանի ժամ տեղացած աննախադեպ հորդառատ անձրևն ու կարկուտն արտակարգ դրություն են ստեղծել։ Ժամը 15։00-ի սահմաններում ԱԻՆ ՓԾ Շիրակի մարզային փրկարարական վարչությունն ահազանգ է ստացել այն մասին, որ Գյումրիի մի շարք թաղամասեր ու փողոցներ ջրով են ողողված, Տերյան-Ախուրյանի խճուղու հատվածում մեքենաներ են ջրասույզ եղել։Մարդկանց և մեքենաները տարհանելու համար լրացուցիչ ուժեր ու միջոցներ են ներգրավվել Արթիկի, Անիի, Ամասիայի և Ախուրյանի հրշեջ-փրկարարական ջոկատներից։ Փրկարարները գործածել են նաև ռետինե նավակներ։ Գործի է դրվել 13 հրշեջ մեքենա։ Աշխատանքները տեղում ղեկավարում է Շիրակի մարզային փրկարարական վարչության պետ Ալեքսան Գյոզալյանը, համագործակցում են Գյումրիի համայնքապետարանի և ոստիկանության հետ։
22:20 - 13 հուլիսի, 2020
Գյումրիի Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության 10 երեխա ու 5 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով |factor.am|

Գյումրիի Նանսենի անվան գիշերօթիկ հաստատության 10 երեխա ու 5 աշխատակից վարակվել են կորոնավիրուսով |factor.am|

factor.am: Գյումրիում գործող վերջին` «Ֆրիտյոֆ Նանսենի անվան երեխաների խնամքի ու պաշտպանության թիվ 2 գիշերօթիկ հաստատությունում» գրանցվել են կորոնավիրուսով վարակման դեպքեր։  Հաստատությունում խնամվող  21 երեխաներից 10-ը վարակվել են կորոնավիրուսով։ Կորոնավիրուս է հաստատվել նաև 5 աշխատակցի մոտ։ Այս մասին մեզ հետ զրույցում հայտնեց  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ երեխաներն ու աշխատակիցները հոսպիտալացված չեն, գիշերօթիկում են, իրենց լավ են զգում։ «Բոլորը իրենց լավ են զգում, որևէ մեկը չի հոսպիտալացվել, հակահամաճարակաբանների հետ աշխատանք տարվել է, իրենք բժշկական զննում անցել են։ Ըստ էության ասիմպտոմ են տանում հիվանդությունը։  Երեխաները գիշերօթիկում են, որևէ մեկը հոսպիտալացված չի։  Աշխատակիցներից մեկի մասով մտահոգություն ունենք ոչ թե, որ  հիվանդությունն է ծանր տանում, այլ ռիսկային գոտում է, շաքարային դիաբետ ունի, այդ մասով ենք անհանգիստ։  Մյուսներն իրենց լավ են զգում»,- ասաց Սոնա Մարտիրոսյանը։
17:08 - 10 հուլիսի, 2020
Գյումրու Տուն-ինտերնատի վարակված տարեցների թիվը հասավ 56-ի. մահացածների թիվը 3-ն է
 |news.am|

Գյումրու Տուն-ինտերնատի վարակված տարեցների թիվը հասավ 56-ի. մահացածների թիվը 3-ն է |news.am|

news.am: Գյումրու Տուն-ինտերնատում այսօրվա դրությամբ կորոնավիրուսային հիվանդությամբ վարակված տարեց շահառուների թիվը 56-ն է, հիվանդությունից այսօր մահացել է եւս 2 տարեց։  Այս մասին այսօր՝ հուլիսի 8-ին, ասաց «Կարմիր խաչի» հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նունե Գրիգորյանը: «Այսօր տարեց շահառուներից մեկը, որի մոտ մինչեւ երեկ դեռեւս չէր հաստատվել կորոնավիրուսային հիվանդություն, հիվանդանոց էր տեղափոխվել քրոնիկ հիվանդությունների պատճառով, սակայն այսօր մեզ տեղեկացրին, որ վերջինս վարակվել է կորոնավիրուսով»,-հայտնեց Նունե Գրիգորյանը։ Նշենք, որ երեկվա դրությամբ խնամքի կենտրոնում եղել է 55 վարակված տարեց եւ 12 աշխատակից: Բուժառուներից 37-ին եւ մեկ աշխատակցի տեղափոխել են հիվանդանոց: Նունե Գրիգորյանի խոսքով՝ վիրուսով վարակվածների վիճակը գնահատվում է միջին ծանրության. «Առաջին օրն ունեցել ենք 5 ծանր հիվանդ, որոնցից 3-ը՝ մահացել են: Նրանցից մեկը երկու օր առաջ, մյուսը՝ երեկ: Երեքն էլ 80 եւ բարձր տարիքի հիվանդներ էին. 1 տղամարդ եւ 2 կին: Նրանք ունեցել են ուղեկցվող ծանր հիվանդություններ»։ Գրիգորյանը ասաց, որ այս պահին 18 շահառու մեկուսացված են խնամքի տանը:
19:16 - 08 հուլիսի, 2020
Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 55 շահառուի մոտ կորանավիրուս է հաստատվել

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի 55 շահառուի մոտ կորանավիրուս է հաստատվել

Հայկական Կարմիր խաչի ընկերության Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում 151 խնամվող շահառուից 55-ի  թեստի պատասխանը դրական է: Թեստը դրական է նաև 12 աշխատակցի մոտ: Կենտրոնից 37 հոգի հոսպիտալացվել է, նրանցից 3-ը Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում են բուժում ստանում։ Կան հոսպիտալացվածներ նաև Երևանում և Սպիտակում, իսկ հուլիսի 6-ին մահվան մեկ դեպք է արձանագրվել։ Մահացածը բուժում էր ստանում Սպիտակում՝  90-ն անց շահառուն,  Կորոնավիրուսից բացի, ունեցել է քաղցկեղ և ուղեկցող այլ հիվանդություններ: Այս պահին վարակված աշխատակիցներից միայն մեկն է տեղափոխվել հիվանդանոցային  բուժման: Մնացած 11-ին տրված է տնային ինքնամեկուսացման ցուցում: «Այս պահին կենտրոնում իրականացվում են բոլոր անհրաժեշտ քայլերը Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման կենտրոնի Շիրակի մարզի մասնաճյուղի մասնագետների հետ, այդ թվում  մեկուսարաններ են առանձնացվում, որպեսզի այնտեղ մեկուսացվեն հիվանդության անախտանիշ ընթացք ունեցող խնամյալները: Նրանց թիվն այս պահին 18 է»,- նշեց  կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը: «Գյումրու տուն-ինտերնատ» ՊՈԱԿ-ը լուծարվեց դեռ անցած տարեվերջին և վերակազմավորվեց Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնի, որի ծառայությունները մատուցում է Հայկական Կարմիր խաչի ընկերությունը:
21:20 - 07 հուլիսի, 2020
«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ Գյումրու խնամքի կենտրոնի տարեցների համար մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ

«Իմ քայլը» հիմնադրամի ֆինանսավորմամբ Գյումրու խնամքի կենտրոնի տարեցների համար մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ

Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում կյանքի է կոչվել «Իմ քայլը» հիմնադրամի՝ տարեցների ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված աջակցության ծրագիրը: Հիմնադրամի ֆինանսավորմամբ հունիս ամսից կենտրոնի խնամառուներին մատուցվում են ատամնաբուժական ծառայություններ (բուժում, պրոթեզավորում և օժանդակ այլ միջամտություններ): Խիստ կարանտինային պայմաններում ընթացող աշխատանքները կենտրոնի տնօրենության անմիջական ու աչալուրջ վերահսկողության տակ են, չափազանց ուշադիր են նաև բժիշկ-մասնագետները: Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամի պաշտոնական կայքը։ «Խնամվողներին երբեք նման ամբողջական ծառայություններ չեն մատուցվել, նման ակցիաներ այստեղ տեղի չեն ունեցել, աշխատանքների ծավալը մեծ է, կարծում եմ մինչև դեկտեմբեր կշարունակվեն: Այս միջոցառման շնորհիվ մեր տարեցների համար ունենալու ենք կյանքի որակի ակնհայտ բարձրացում»,- նշում է կենտրոնի համակարգող Արտյոմ Պետրոսյանը: Ծառայությունների մատուցումն իրականացնում է «Եվրոդենտ» հետբուհական կրթական կենտրոնը, որը հատուկ խնամառուների համար տեղում կազմակերպել է ժամանակավոր ատամնաբուժական սենյակ: Այս նախաձեռնությունը շատ կարևոր է խնամառուների կյանքի որակի բարելավման՝ առողջականից մինչև հոգեբանական ամրություն հաղորդելու տեսանկյունից: «Կենտրոնի բոլոր տարեցներն էլ ունեն ատամնաբուժական ծառայության կարիք: Առաջին անգամ մենք մետաղ-ճենապակե (մետալոկերամիկա) ատամներ ենք պատրաստելու նրանց համար: Կենտրոնի բնակիչների ոգևորությունն ու երախտագիտությունը շատ պարտավորեցնող է և հուզիչ: Նրանցից մեկը դհոլ է խնդրել, որ ի նշան շնորհակալության, նվագի բժիշկների համար»,- ասում է «Եվրոդենտ» ՍՊԸ-ի տնօրեն Լևոն Գրիգորյանը: Տարեցների՝ ատամնաբուժական խնդիրների լուծմանն ուղղված «Իմ քայլը» հիմնադրամի ծրագիրը մեկնարկվել է 2019 թ.-ից: Այն հաջողությամբ իրականացվել է նաև «Վանաձորի տարեցների տանը», որի 31 բնակիչների համար իրականացվել է ատամի հեռացում, բուժում, ատամնաշապիկի տեղադրում, մասնակի և լրիվ պրոթեզավորում։
21:22 - 06 հուլիսի, 2020
Գյումրու տուրիստական հոսքը զարգացնող ճոպանուղային տրանսպորտի ծրագիրը ներկայացվել է համայնքին

 |armenpress.am|

Գյումրու տուրիստական հոսքը զարգացնող ճոպանուղային տրանսպորտի ծրագիրը ներկայացվել է համայնքին |armenpress.am|

armenpress.am: «Արմոն» ընկերությունը մշակել է Գյումրու տուրիստական հոսքը խթանող զարգացման բիզնես ծրագիր, որի հիմքը ներքաղաքային ճոպանուղով ինքնուրույն շարժվող տրանսպորտն է: Նախաձեռնողները ծրագիրն արդեն ներկայացրել են համայնքին ու հանրային քննարկման և սպասում են առաջարկների: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կառուցել բնակելի էկոթաղամաս՝  դպրոցով, մանկապարտեզով, էսթետիկ կենտրոնով, սպորտային և շատրվանային համալիրներով, լողավազանով, կորտերով և այլ ենթակառուցվածքներով: Նախատեսվում է 15 տարբեր ենթակառուցվածքները միմյանց հետ կապել ճոպանուղային տրանսպորտով: Նախագծի անկյունաքարը օդային շարժակազմն է, որն աշխատելու է ըստ անհրաժեշտության՝ բենզինով, դիզելային վառելանյութով կամ էլեկտրաէներգիայով՝ համապատասխան շարժիչով:  Թեթև շարժակազմով այդ այլընտրանքային տրանսպորտն ունենալու է կանգառներ՝ Գյումրու ողջ երկայնքով: Այս տրանսպորտային միջոցները հագեցված են կառավարման համակարգով, որը վերացնում է մարդկային գործոնը և որակապես բարելավում է անվտանգությունը: Մեքենայի աերոդինամիկական հատկությունները հնարավորություն են տալիս հասնել անհավատալի արագության ցուցանիշների, որոնք զուգորդվում են շարժման հարմարավետության հետ: «Արմոն» ընկերության տնօրեն Խաչատուր Սարգսյանը հավաստիացրեց, որ այս տեխնոլոգիան ամենևին էլ նոր չէ։ «Նմանատիպ ծրագիր ունենք Աֆրիկայում՝ Տանզանիայում: Տեխնոլոգիան նոր չէ, բելառուսական է, որը գործում է նաև Բելառուսիայի քաղաքներից մեկում»,- նշեց  Խաչատուր Սարգսյանը: Խոսելով օդային տրանսպորտի առավելություններից, Խաչտուր Սարգսյանն առանձնացրեց հետևյալը. ««Սքայ Գյումրին» վերգետնյա տրանսպորտային տեխնոլոգիակական համակարգ է, որն ապահովում է շարժակազմի բարձր արագությունը, անվտանգ և մատչելի է քաղաքացիերի համար։ Անկախ կլիմայական պայմաններից, տնտեսապես արդյունավետ և բնապահպանական տեսանկյունից՝ մաքուր: Այն նոր սերնդի քաղաքային տրանսպորտի միջոց է»: Ծրագրի համալիր նախագծման մեկնարկը տրվել է 2020-ին․ նախատեսվում է ավարտին հասցնել մինչև 2023 թվականը:  
16:30 - 05 հուլիսի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

Հուլիսի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4922 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3568 նմուշառման հետազոտություն, հուլիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1101 քաղաքացի, նրանցից 255-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 309 բնակիչ։ 43 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։
14:52 - 05 հուլիսի, 2020
Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը |armtimes.com|

Գյումրիում կախված վիճակում ռուս զինծառայողի դի է հայտնաբերվել. հարուցվել է քրեական գործ, դեպքով զբաղվում է հայկական կողմը |armtimes.com|

armtimes.com: Այսօր՝ հուլիսի 4-ին, ժամը 17:00-ի սահմաններում Մուշ թաղամասի Հալաբյան փողոցի  շենքերի բնակարաններից մեկի ննջասենյակում տղամարդու կախված դի է հայտնաբերվել: Պարզվել է, որ վերջինս Ռուսաստանի Դաշնության քաղաքացի, 20-ամյա Սալիխով Ս.-ն է: 20-ամյա տղամարդը ծառայում էր Գյումրիում տեղակայված ՈԴ 102-րդ ռազմաբազայում: ՇՄ դատախազ Կարեն Գաբրիելյանն ասաց, որ վերջինս պայմանագրային զինծառայող էր, ապրում էր  իր կողմից վարձակալված բնակարանում, որտեղև հայտնաբերվել է: Դեպքով զբաղվում է հայկական կողմը: Հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 110 հոդվածի հատկանիշերով (Ինքնասպանության հասցնելը): Այս պահին հրապարակման այլ տեղեկատվություն, ըստ դատախազի, չկա: Իրականացվում են անհրաժեշտ քննչադատավարական գործողություններ:  
21:37 - 04 հուլիսի, 2020
Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը |armenpress.am|

Մհեր Մկրտչյանին հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը |armenpress.am|

armenpress.am: Հարգանքի տուրք մատուցելով Մհեր Մկրտչյանի հիշատակին՝ հուլիսի 4-ին՝ մեծանուն դերասանի 90 ամյակին, ծննդավայրում նրան հետմահու շնորհվեց «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչումը: Կոչումը վկայող որոշումն ու հուշամեդալն անձամբ Գյումրու քաղաքապետ Սամվել Բլասանյանը հանձնեց Մհեր Մկրտչյանի հուշատուն-թանգարանին: «Զարմանալի է, որ մինչև հիմա մեր սիրելի Մհեր Մկրտչյանը Գյումրու պատվավոր քաղաքացի չէր»,-հանձնելով հուշամեդալը թանգարանի տնօրենին՝ նշեց Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը: «Թեև Ֆրունզին ոչ մի կոչում հարկավոր չէ, նա ավելի մեծ կոչում ունի՝ ժողովրդի սիրելին է: Ամեն դեպքում, ուշ, բայց ոչ ուշացած նա իր սիրելի քաղաքի պատվավոր քաղաքացին դարձավ նաև պաշտոնապես»,- նշեց թանգարանի տնօրեն Շողիկ Մելքոնյանը՝ հավելելով՝ կոչումը պարտավորեցնող է թանգարանի համար՝ սերունդներին մեծ դերասանի մասին ավելի շատ ներկայացնելու: Գյումրի համայնքի ավագանին հունիսի 10-ին կայացած նիստում միաձայն որոշում էր կայացրել՝ «Գյումրու պատվավոր քաղաքացի» կոչում շնորհել հայ մեծանուն դերասան, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր Մկրտչյանին:
16:36 - 04 հուլիսի, 2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 100 մահճակալից 93-ը զբաղված է․ Շիրակում ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը |factor.am|

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 100 մահճակալից 93-ը զբաղված է․ Շիրակում ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը |factor.am|

factor.am: Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 3-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ, որից 93-ը զբաղված է։ Ստացվում է, որ հիվանդանոցում ազատ տեղերի խնդիր կարող է առաջանալ։ «Բնականաբար, մենք էլ ենք դիտարկում այս հարցը։ Այս պահին 93 հիվանդ է, բայց նաև այսօր սպասում ենք դուրսգրումների։ Կարծում եմ՝ կլինեն դուրս գրվողներ։ Նմուշառումներ ենք արել, պատասխաններից կախված՝ որոշում կկայացվի։ Եթե խնդիրներ ունեցանք, հիվանդներին կտեղափոխենք Երևան»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։ Նա նաև նշեց, որ այս պահին վարակի ամենամեծ օջախը Գյումրին է, սակայն որևէ նոր օջախ չկա։ Միաժամանակ, կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել մարզի բոլոր տարածաշրջաններում։ Շիրակի մարզի համար այսօր հրատապ է ռեանիմացիոն ու տրիաժային ծառայությունը։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ առաջարկներով դիմել են Առողջապահության նախարարություն։ Գերատեսչությունից դեռ արձագանք չկա։ «Մենք առաջարկներով դիմել ենք նախարարություն։ Նախարարությունը հարցերը քննարկում է, այս պահին որևէ հստակեցում չկա»,- ասաց Լեյլի Ասլանյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:49 - 03 հուլիսի, 2020
Գյումրիում նախատեսվում է կառուցել 500 միլիոն դոլար արժողությամբ օդային քաղաքային տրանսպորտային համակարգ
 |shantnews.am|

Գյումրիում նախատեսվում է կառուցել 500 միլիոն դոլար արժողությամբ օդային քաղաքային տրանսպորտային համակարգ |shantnews.am|

shantnews.am: Այսօր Գյումրիի քաղաքապետարանում անցկացվեց հանրային բաց լսում – քննարկում, որի ընթացքում մասնակիցներին ներկայացվեց  քաղաքում «Սքայ Գյումրի» ծրագրի իրագործման միջոցով օդային քաղաքային տրանսպորտային համակարգի ստեղծման նախագիծը։ Այն իրականացնելու է  «Արմոն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, իսկ ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվել է 500 միլիոն դոլար։ Նախատեսվում է քաղաքի ողջ երկայնքով անցկացնել ժամանակակից ճոպանուղի, որը կունենա մոտ 14 կանգառ ու կայանատեղի, որտեղ կկառուցվեն  ժամանցային վայրեր, սպորտային համալիր, սրճարաններ ու հանգստի համար նախատեսված գոտիներ։ Օդային տրանսպորտը սկիզբ կառնի Շիրակ օդանավակայանից, կշրջի քաղաքի պատմական միջուկով, կանցնի գրեթե բոլոր թաղամասերով  ու կրկին շրջանաձև ընթացքով կվերադառնա մեկնակետ։ Տրանսպորտը կաշխատի նորագույն տեխնոլոգիայով, վարորդներ ու հսկիչներ չեն լինելու, իսկ վարձավճարը տեղացիների ու զբոսաշրջիկների համար կլինեն տարբերակված. գյումրեցիները կունենան զեղչից օգտվելու հնարավորություն։ «Արմոն» ՍՊԸ տնօրեն Խաչատուր Սարգսյանը, որը հանրային լսման ընթացքում ներկայացնում էր շատերի համար հավակնոտ ծրագիրը, փաստեց, որ այն Գյումրիում ներկայացնելու պատճառներից մեկն էլ իր գյումրեցի լինելն է և հետո հաշվի է առնվել զբոսաշրջային քաղաք լինելու հանգամանքը։ Ըստ նրա՝ ծրագիրը շահութաբեր չէ և կառավարությունից որևէ օժանդակության կամ հարկային արտոնությունների ակնկալիք չունեն. միայն ցանկանում են, որ հողհատկացումներն ու փաստաթղթային հարցերը հնարավորինս արագ կազմակերպվեն, որ շինաշխատանքները հնարավոր լինի սկսել այս տարի։ Օդային տրանսպորտային համակարգի շինարարությունը նախատեսվում է ավարտին հասցնել 2023 թվականին, ցեմենտբետոնյա տարրեր չեն օգտագործվելու, ենթակառուցվածքները կլինեն մոդուլային՝ մետաղապլաստե կոնստրուկցիաներով կառուցված։ Նախատեվում է ծրագրի շրջանակում վերակառուցել ու զբոսաշրջային կենտրոններ դարձնել նաև քաղաքի պատմական հուշարձաններն ու չգործող շատրվանները։  
23:09 - 02 հուլիսի, 2020
Գյումրու սոցաջակցության տարածքային բաժինների աշխատակիցները կաշառք են ստացել. ՀՀ ԱԱԾ

Գյումրու սոցաջակցության տարածքային բաժինների աշխատակիցները կաշառք են ստացել. ՀՀ ԱԱԾ

ՀՀ ԱԱԾ կողմից ձեռնարկված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ Գյումրի քաղաքի սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 և թիվ 2 բաժինների ղեկավարներ  Ա.Ե.-ն և Է.Բ.-ն, իրենց ենթակա աշխատակիցների հետ նախնական համաձայնությամբ տարիներ շարունակ անձամբ կամ տարբեր միջնորդների միջոցով սոցիալապես անապահով քաղաքացիներից շորթմամբ պահանջել և ստացել են ապօրինի վարձատրություններ: Այս մասին տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից։  «2020 թվականի հունիսի 30-ին՝ ժամը 10։30-ին, տարածքային բաժնի աշխատակից Ա.Հ-ն, սոցիալապես անապահով կամ աջակցության կարիք ունեցող քաղաքացիներից հավաքագրած հերթական 100.000 ՀՀ դրամ գումարը  բաժնի պետ  Ա.Ե-ին փոխանցելուց անմիջապես հետո հայտնաբերվել և բերման է ենթարկվել: Ա.Ե-ի անձնական խուզարկության արդյունքում հայտնաբերվել է ապօրինի վարձատրության առարկա հանդիսացած 100.000 ՀՀ դրամ գումարը: Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում 2020 թվականի հունիսի  30-ին ՀՀ քրեական  օրենսգրքի 311.1-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 2-րդ և 3-րդ կետերով և ՀՀ քրեական  օրենսգրքի 312.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցագործություննների հատկանիշներով հարուցվել են քրեական գործեր: Քրեական գործերով ձեռնարկված լայնածավալ քրեադատավարական և օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել է, որ տարիներ շարունակ՝ ընդհուպ մինչև 2020 թվականի հունիսի 30-ը, սոցիալական աջակցության տարածքային բաժինների մի խումբ աշխատակիցներ, նախնական համաձայնությամբ, գործի են դրել նախապես մշակված կոռուպցիոն սխեմա՝ այդ կերպ տիրացել պետության կողմից սոցիալապես անապահով խավին որպես օժանդակություն տրված գումարներին, կամ  ապօրինի վարձատրության դիմաց դրանք հատկացրել են  կարիքը չունեցող կամ ոչ անապահով ընտանիքներին։ Նախաքննությամբ պարզվել է, որ սոցիալական աջակցության հիշյալ բաժինների աշխատակիցները, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված նպաստառու ընտանիքներից պահանջել և ստացել են   30,000-60,000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը փոխանցել են ղեկավարներին: Նույն կերպ, անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրերում ընդգրկելու համար, պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողները  քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարներից մեկ ամսվա  18.000 ՀՀ դրամը, որից 10,000-ը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000-ը պահել են իրենց: Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել մի քանի տասնյակ աշխատակիցների բնակարաններում և աշխատասենյակներում, որոնց արդյունքում հայտնաբերվել են սոցիալական աջակցություն ստանալու համար հանրային ծառայողներին  ապօրինի վարձատրություններ տրամադրած քաղաքացիների տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով նոթատետրեր, քաղաքացիներից հավաքագրված, ապօրինի վարձատրության առարկա հանդիսացող թղթադրամներ, սոցիալական աջակցություն ստացող անձանց անձնական տվյալներ և հեռախոսահամարներ պարունակող գրառումներ: Հայտնաբերվել և հարցաքննվել են ապօրինի վարձատրություններ տրամադրած մի շարք քաղաքացիներ, ովքեր ընդունել են ամիսներ կամ տարիներ շարունակ նպաստներ ստանալու կամ համապատասխան աջակցության ծրագրերում ներգրավելու դիմաց սոցիալական աջակցության տարածքային բաժինների ղեկավարներին կամ նրանց աշխատակիցներին ապօրինի վարձատրություններ տալու հանգամանքը, նշել  յուրաքանչյուր անգամ տված գումարի չափը: Ընդ որում, քաղաքացիներն իրենց ցուցմունքներով հայտնել են, որ  գումարների հավաքագրումը կրել է մասսայական բնույթ և առանց այդ ապօրինի վարձատրությունների՝ իրենք, նույնիսկ օրինական կարգով, չէին կարող նպաստ ստանալ կամ ընդգրկվել իրենց համար հասանելի սոցիալական աջակցության ծրագրերում: Նախաքննության ընթացքում հանցանքի կատարման անմիջականորեն ծագած կասկածանքի հիման վրա ձերբակալվել են սոցիալական աջակցության տարածքային բաժնի թվով վեց աշխատակիցներ, այդ թվում՝ բաժնի պետը և գլխավոր մասնագետները։ Մեկ տասնյակից ավել աշխատակիցների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Քրեական գործերով որպես կասկածյալ ներգրավված անձանց՝ աշխատակիցների մեծ մասը, անհերքելի փաստական տվյալների ճնշման ներքո, տվել են ինքնախոստովանական ցուցմունքներ և նկարագրել տարիներ շարունակ իրենց տարածքային բաժնում գործադրված կոռուպցիոն մեխանիզմի մանրամասները,  ապօրինի վարձատրություններ պահանջած քաղաքացիների անձնական տվյալները, հանցավոր ճանապարհով ստացված եկամուտների ամսական չափը և այդ գումարների տնօրինման ու բաշխման եղանակները: Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ ու օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ հանցանքի կատարմանը ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու, ապօրինի վարձատրություններ տրամադրած մյուս քաղաքացիների ինքնությունը ճշտելու, պետությանը պատճառված վնասի իրական չափը պարզելու համար: ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում հանրային ծառայողների կողմից ապօրինի վարձատրություններ պահանջելու, ստանալու և այլ ապօրինի գործողությունների դեպքում անհապաղ իրազեկել իրավապահ մարմիններին: Միաժամանակ հայտնվում է, որ ՀՀ քրեական օրենսգրքի 312.1 հոդվածի համաձայն՝ ապօրինի վարձատրություն տվող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե տեղի է ունեցել ապօրինի վարձատրության շորթում, և անձը մինչև ապօրինի վարձատրություն տալու մասին, քրեական հետապնդման մարմիններին հայտնի դառնալը, բայց հանցանքի կատարումից հետո՝ ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է քրեական հետապնդման մարմիններին և աջակցել հանցագործությունը բացահայտելուն»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
20:55 - 02 հուլիսի, 2020
Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ից մինչ հունիսի 26-ը կորոնավիրուսով վարակվել է 248 բժիշկ, 510 բուժքույր և 191 մայրապետ։  Հունիսի 16-ին հոսպիտալացվել եւ մինչ օրս ստացիոնար բուժում է ստանում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» մայրապետ Գայանե Գասպարյանը։ Նա կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս։ «Ինձ թույլ էի զգում, ջերմություն ու հազ ունեի, քրտնում էի։ Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ չես կռահի, թե երբ ու ոնց ես վարակվում։ Հիվանդի հետ կշփվես։ Ճիշտ է՝ հագած, կապած էի, բայց դե ո՞նց եղավ, չհասկացա: Խայտառակ ցավ է, շատ վատ վիճակ է, ես անցել եմ դրա միջով, չեմ ցանկանա այլ մարդ այդ դժվարությունը տանի»,- նշեց Գայանե Գասպարյանը։ Նրա ինքնազգացողնությունն արդեն լավ է և քաղաքացիներին հորդորում է զգոն լինել, պահել հակահամաճարակային կանոնները:  «Չեք պատկերացնի՝ բժիշկների, բուժքույրերի, սանիտարկաների, բոլորի աշխատանքն ինչ դժվար է։ Արտակարգ իրավիճակում, ճգնաժամային վիճակով են աշխատում: Անհնար է հիվանդանոցում աշխատել եւ չհիվանդանալ, ինչքան կուզես, զգու՛յշ եղիր»,-ասում է Գայանե Գասպարյանը։  «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» կորոնավիրուսով վարակվել է նաև լաբորատորիայի աշխատակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով՝ լաբորատորիայի աշխատակիցը մեկուսացած է տանը։ «Մեր վարակված երկու աշխատակիցներն էլ աշխատանքի ընթացքում են վարակվել։ Երևի հոգնում են, այդ հոգնածությունից իրենց զգոնությունը կորցնում են ու վարակվում»,- նշեց Աստղիկ Բեյբությանը։ Կորոնավիրուսով վարակված, հոսպիտալացված բուժաշխատողներ Առողջապահության նախարարության՝ «Հետքին» փոխանցած տվյալներով՝  հունիսի 26-ի դրությամբ՝ բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 295 բժիշկ և բուժքույր, 96 մայրապետ: Նրանցից 12 բժիշկ, 20 բուժքույր և 6 մայրապետ հիվանդանոցային բուժում էր ստանում։  Մինչ օրս կորոնավիրուսից մեկ բուժաշխատող է մահացել։ «Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- հունիսի 23-ին հայտնել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը: Ամենաշատը վարակվել են Երևանի բուժկենտրոնների աշխատակիցները. վարակված է 63 բժիշկ, 111 բուժքույր և 78 մայրապետ։  Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսի թիրախում հիմնականում բժշկական կենտրոնների բուժքույրերն են։  Պաշտոնական վիճակագրությամբ՝ Վայոց ձորը միակ մարզն է, որտեղ մինչ օրս որևէ բժիշկ, բուժաշխատող կամ բուժկենտրոնի այլ աշխատակից չի վարակվել կորոնավիրուսով, այստեղ չկան նաև բուժկենտրոնի ինքնամեկուսացած աշխատակիցներ։ Բացի Երևանից, վարակված և ինքնամեկուսացած բժիշկների թվով աչքի են ընկնում Կոտայքի, Արմավիրի և Շիրակի մարզերը։  Վարակված, հիվանդանոցային բուժում ստացող և ինքնամեկուսացած զգալի թվով աշխատակիցներ կան Հրազդանի բժշկական կենտրոնում։ Հունիսի 26-ի դրությամբ՝ այստեղ վարակված 15 բժիշկ, 30 բուժքույր և 6 մայրապետ կա. նրանցից 12-ը հիվանդանոցային բուժում է ստանում, իսկ 39 բուժաշխատող ինքնամեկուսացած է: Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրեն Արա Սիմոնյանի խոսքով՝ միանշանակ չեն կարող ասել, որ բուժաշխատողները վարակվել են աշխատանքային պարտականությունները կատարելիս, քանի որ վիճակագրություն չունեն, որ կորոնավիրուսի նմուշառում կատարող, մեկուսարանում աշխատող աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով։ Արա Սիմոնյանը հավաստիացնում է, որ հիվանդանոցում բժիշկն առավել ապահով է։ «Բժիշկները ռիսկային գոտում աշխատում են անընդհատ, նաև իրենց մասնագիտության բերումով կարող են վարակվել, բայց կարծում եմ՝ հիվանդանոցում բժիշկի վարակվելու հավանակությունը քիչ է, քան այլ միջավայրում։ Բժիշկը հիվանդանոցում կրում է արտահագուստ, ձեռնոցներ, նրանց աշխատանքային միջավայրը ախտահանված է»,- նշեց նա։ Բուժկենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրենի խոսքով՝ թեև բուժկենտրոնում ունեն վարակված և մեկուսացած բուժաշխատողներ, սակայն իրենց աշխատանքը չի պարալիզացվել մյուս բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ։ Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանի փոխանցմամբ՝ մարզի բուժկենտրոնների վարակված բուժաշխատողների առողջական վիճակը կայուն է։ «Այս պահին կյանքին վտանգ սպառնացող բուժաշխատող չունենք։ Նրանք աշխատանքից դուրս ունեն իրենց անձնական շփումները, այդ իսկ պատճառով չենք կարող ասել, որ 100 տոկոսով վարակվել են հիվանդանոցային պայմաններում՝ աշխատանքային պարտականությունը կատարելիս: Ասեմ ավելին՝ բուժհաստատության ներսում նրանք ավելի ապահով են, որովհետև բոլորը կրում են դիմակներ՝ լինելով բուժաշխատող, գտնվելով հիվանդանոցում շատ ավելի ռեալ գիտակցում են, որ պետք է պահպանեն բոլոր կանոնները»,-նշեց նա։ Շարունակությունը՝ hetq.am-ում
17:01 - 01 հուլիսի, 2020