Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|
17:01 - 01 հուլիսի, 2020

Վարակվել է 248 բժիշկ և 510 բուժքույր. կորոնավիրուսը՝ բուժկենտրոններում |hetq.am|

hetq.am: Մարտի 1-ից մինչ հունիսի 26-ը կորոնավիրուսով վարակվել է 248 բժիշկ, 510 բուժքույր և 191 մայրապետ։ 

Հունիսի 16-ին հոսպիտալացվել եւ մինչ օրս ստացիոնար բուժում է ստանում «Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցի» մայրապետ Գայանե Գասպարյանը։ Նա կորոնավիրուսով վարակվել է հիվանդանոցում աշխատանքային պարտականությունները կատարելիս։

«Ինձ թույլ էի զգում, ջերմություն ու հազ ունեի, քրտնում էի։ Աշխատանքիս բնույթն այնպիսին է, որ չես կռահի, թե երբ ու ոնց ես վարակվում։ Հիվանդի հետ կշփվես։ Ճիշտ է՝ հագած, կապած էի, բայց դե ո՞նց եղավ, չհասկացա: Խայտառակ ցավ է, շատ վատ վիճակ է, ես անցել եմ դրա միջով, չեմ ցանկանա այլ մարդ այդ դժվարությունը տանի»,- նշեց Գայանե Գասպարյանը։

Նրա ինքնազգացողնությունն արդեն լավ է և քաղաքացիներին հորդորում է զգոն լինել, պահել հակահամաճարակային կանոնները: 

«Չեք պատկերացնի՝ բժիշկների, բուժքույրերի, սանիտարկաների, բոլորի աշխատանքն ինչ դժվար է։ Արտակարգ իրավիճակում, ճգնաժամային վիճակով են աշխատում: Անհնար է հիվանդանոցում աշխատել եւ չհիվանդանալ, ինչքան կուզես, զգու՛յշ եղիր»,-ասում է Գայանե Գասպարյանը։ 

«Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում» կորոնավիրուսով վարակվել է նաև լաբորատորիայի աշխատակիցը: Հիվանդանոցի տնօրեն Աստղիկ Բեյբությանի խոսքով՝ լաբորատորիայի աշխատակիցը մեկուսացած է տանը։

«Մեր վարակված երկու աշխատակիցներն էլ աշխատանքի ընթացքում են վարակվել։ Երևի հոգնում են, այդ հոգնածությունից իրենց զգոնությունը կորցնում են ու վարակվում»,- նշեց Աստղիկ Բեյբությանը։

Կորոնավիրուսով վարակված, հոսպիտալացված բուժաշխատողներ

Առողջապահության նախարարության՝ «Հետքին» փոխանցած տվյալներով՝  հունիսի 26-ի դրությամբ՝ բուժում է ստանում կորոնավիրուսով վարակված 295 բժիշկ և բուժքույր, 96 մայրապետ: Նրանցից 12 բժիշկ, 20 բուժքույր և 6 մայրապետ հիվանդանոցային բուժում էր ստանում։ 

Մինչ օրս կորոնավիրուսից մեկ բուժաշխատող է մահացել։ «Արդեն մեկ զոհ ունենք բժշկական անձնակազմից, նաև դրա համար ենք շեշտում, որ բժշկական անձնակազմի պաշտպանությունը շատ կարևոր է»,- հունիսի 23-ին հայտնել էր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Ամենաշատը վարակվել են Երևանի բուժկենտրոնների աշխատակիցները. վարակված է 63 բժիշկ, 111 բուժքույր և 78 մայրապետ։ 

Պաշտոնական վիճակագրությունը փաստում է, որ կորոնավիրուսի թիրախում հիմնականում բժշկական կենտրոնների բուժքույրերն են։ 

Պաշտոնական վիճակագրությամբ՝ Վայոց ձորը միակ մարզն է, որտեղ մինչ օրս որևէ բժիշկ, բուժաշխատող կամ բուժկենտրոնի այլ աշխատակից չի վարակվել կորոնավիրուսով, այստեղ չկան նաև բուժկենտրոնի ինքնամեկուսացած աշխատակիցներ։

Բացի Երևանից, վարակված և ինքնամեկուսացած բժիշկների թվով աչքի են ընկնում Կոտայքի, Արմավիրի և Շիրակի մարզերը։ 

Վարակված, հիվանդանոցային բուժում ստացող և ինքնամեկուսացած զգալի թվով աշխատակիցներ կան Հրազդանի բժշկական կենտրոնում։ Հունիսի 26-ի դրությամբ՝ այստեղ վարակված 15 բժիշկ, 30 բուժքույր և 6 մայրապետ կա. նրանցից 12-ը հիվանդանոցային բուժում է ստանում, իսկ 39 բուժաշխատող ինքնամեկուսացած է:

Հրազդանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրեն Արա Սիմոնյանի խոսքով՝ միանշանակ չեն կարող ասել, որ բուժաշխատողները վարակվել են աշխատանքային պարտականությունները կատարելիս, քանի որ վիճակագրություն չունեն, որ կորոնավիրուսի նմուշառում կատարող, մեկուսարանում աշխատող աշխատակիցները վարակվել են կորոնավիրուսով։

Արա Սիմոնյանը հավաստիացնում է, որ հիվանդանոցում բժիշկն առավել ապահով է։

«Բժիշկները ռիսկային գոտում աշխատում են անընդհատ, նաև իրենց մասնագիտության բերումով կարող են վարակվել, բայց կարծում եմ՝ հիվանդանոցում բժիշկի վարակվելու հավանակությունը քիչ է, քան այլ միջավայրում։ Բժիշկը հիվանդանոցում կրում է արտահագուստ, ձեռնոցներ, նրանց աշխատանքային միջավայրը ախտահանված է»,- նշեց նա։

Բուժկենտրոնի հիվանդանոցային գծով փոխտնօրենի խոսքով՝ թեև բուժկենտրոնում ունեն վարակված և մեկուսացած բուժաշխատողներ, սակայն իրենց աշխատանքը չի պարալիզացվել մյուս բժիշկների գերծանրաբեռնված աշխատանքի շնորհիվ։

Կոտայքի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի պաշտոնակատար Անի Չիլինգարյանի փոխանցմամբ՝ մարզի բուժկենտրոնների վարակված բուժաշխատողների առողջական վիճակը կայուն է։ «Այս պահին կյանքին վտանգ սպառնացող բուժաշխատող չունենք։ Նրանք աշխատանքից դուրս ունեն իրենց անձնական շփումները, այդ իսկ պատճառով չենք կարող ասել, որ 100 տոկոսով վարակվել են հիվանդանոցային պայմաններում՝ աշխատանքային պարտականությունը կատարելիս: Ասեմ ավելին՝ բուժհաստատության ներսում նրանք ավելի ապահով են, որովհետև բոլորը կրում են դիմակներ՝ լինելով բուժաշխատող, գտնվելով հիվանդանոցում շատ ավելի ռեալ գիտակցում են, որ պետք է պահպանեն բոլոր կանոնները»,-նշեց նա։

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել