Ռուստամ Բադասյան

Ռուստամ Բադասյանը ՀՀ Պետական եկամուտների նախագահն է 2021թ․ օգոստոսի 4-ից։

Իրավաբան, փաստաբան է։ 2019 թվականի հունվարի 27-ից զբաղեցրել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը։

2012-2013 թթ.  եղել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի Շենգավիթի հարկային տեսչության իրավաբանական եւ հարկադիր գանձումների բաժնում որպես առաջատար մասնագետ , 2013-2014 թթ.՝ ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչություն (ներկայումս՝ Իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականցման վարչություն) որպես հետաքննիչ։

2014-2015 թթ.  Վիրտուլեքս իրավաբանական գրասենյակում որպես ավագ իրավաբան, 2015թ. մայիսից մինչեւ 21.05.2018 ֊ «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակ, իրավաբան, ավագ իրավաբան: Մասնագիտացում՝ հարկային իրավունք, տնտեսական հանցագործություններ, մրցակցություն։ 24.05.2018թ.-19.06.2019թ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ, ՀՀ նախագահի 2019 թվականի հունիսի 19-ի հրամանագրով նշանակվել է ՀՀ արդարադատության նախարար։

2011 թվականին ավարտել է Երեւանի պետական համալասարանի Իրավագիտության ֆակուլտետը բակալավրի աստիճանով 2013 թվականին ավարտել է ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի գիտակրթական միջազգային կենտրոնի Իրավագիտության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով 2015 թվականին ավարտել է ՀՀ Փաստաբանական դպրոցը եւ ստացել փաստաբանական գործունեության արտոնագիր։ 2018թ. շնորհվել է «ՀՀ հարկային ծառայության 1-ին դասի ավագ խորհրդական»-ի դասային կոչում: 

Վարչապետն առաջարկում է բջջայինով նկարած խախտումների թվում ներառել ավտոմեքենայում դիմակ չկրելը |armenpress.am|

Վարչապետն առաջարկում է բջջայինով նկարած խախտումների թվում ներառել ավտոմեքենայում դիմակ չկրելը |armenpress.am|

armenpress.am: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկում է բջջային հավելվածով նկարված ճանապարհային իրավախախտումների թվում, որոնց հիման վրա կհարուցվի վարչական վարույթ, ավելացնել նաև ավտոմեքենայում դիմակ չկրելու խախտումը:  «Այդտեղ ի՞նչ խնդիր կա. մարդը տեսավ, նկարեց, արձանագրվեց, որ մեքենայում առանց դիմակի անձ կա, համարը գրվեց, վարորդին տուգանում են դրա համար: Մենք հիմա այն վիճակում ենք, որ դա պետք է ավելացնել այդ ցանկում: Մենք մեր քաղաքացիներին ասում ենք, որ հակահամաճարակային շարժում ենք սկսում, բայց նրանց չենք ուզում համապատասխան գործիք տա՞լ: Որտե՞ղ է խնդիրը»,- ասաց վարչապետը: Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշեց, որ այդտեղ մարդու անձնական կյանքի իրավունքի հետ կապված խնդիր կա: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն էլ հավելեց, որ եթե անձին տեսանկարահանում են կոնկրետ ժամին, կոնկրետ վայրում, և իր մասին տեղեկություններ են հավաքում, դա միանշանակ անձնական տվյալների մշակում է, ինչը խնդրահարույց է: «Ավելի լավ, թող դիմակով լինեն, այդ դեպքում՝ չեն ճանաչի, թե ով է, ինչքան էլ նկարեն: Եթե մարդիկ մեքենայով տեղ են գնում ու չեն ուզում, որ կողքից իրենց ճանաչեն, շատ լավ միջոց է կրել դիմակներ: Ապակիները մգեցնելու կարիք էլ չկա, մանավանդ ոստիկանությունը ռեյդեր է անում, որ մուգ ապակիներով մեքենաներ չլինեն»,- ասաց Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ ընթացքի ժամանակ նկարելու դեպքում մարդու դեմքը չի երևա, փոխարենը կերևա՝ դիմակով է, թե ոչ: Անդրադառնալով դիտարկմանը, որ պատասխանատվություն կրում է ոչ թե վարորդը, այլ կոնկրետ անձը, որը դիմակ չի կրել, վարչապետը նշեց. «Ուրեմն պետք է փոխել, պետք է պատասխանատվությունը դնել վարորդի վրա: Կներեք, որ փողոցում տեսախցիկները կախած են, մարդը տակով անցնում է, այդտեղ անձնական տվյալների խնդիր չկա՞»: Արդարադատության նախարարը խոստացավ ևս մեկ անգամ ուսումնասիրել խնդիրը, որպեսզի դիմակ չկրելու մասը նույնպես ներառվի արձանագրվող դեպքերի ցանկում:  Կառավարությունը հունիսի 11-ի նիստում սահմանեց պետական սեփականություն հանդիսացող հատուկ մշակված համակարգում (բջջային հավելված) գրանցված նույն անձի կողմից նույն տրանսպորտային միջոցի վերաբերյալ էլեկտրոնային հաղորդում ուղարկելու ամսական և տարեկան առավելագույն քանակը, ինչպես նաև բջջային հավելվածի միջոցով արձանագրվող իրավախախտման տեսակները: Ըստ նախագծի, ամսական մեկ օգտատիրոջ կողմից մեկ տրանսպորտային միջոցի վերաբերյալ կարող է ներկայացվել առավելագույնը 3, իսկ տարեկան՝ 30 հաղորդում: Բջջային հավելվածի միջոցով հնարավոր կլինի արձանագրել առավել հաճախակի հանդիպող  եւ սովորական քաղաքացու համար տեսանելի 12 տեսակի իրավախախտում: Դրանցից են հանդիպակաց երթևեկության գոտի դուրս գալը, կանգառի կայանման կանոնները խախտելը, լուսացույցի ազդանշանին չենթարկվելը, ավտոմեքենայից աղբ նետելը և այլն:
14:11 - 11 հունիսի, 2020
Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Ռուստամ Բադասյանը ԵՄ գործընկերների հետ քննարկել է Հայաստանում իրականացվող բարեփոխումների ընթացքը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր Եվրոպական միության գործընկերների հետ հեռավար ձևաչափով քննարկել է Հայաստանի մի շարք ոլորտներում իրականացվող բարեփոխումների ընթացքը։ Քննարկմանը մասնակցել են նաև Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրինության Հայաստանի, Ադրբեջանի, Բելառուսի և Արևելյան գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը, Եվրոպական արտաքին գործողությունների ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ երկկողմ հարաբերությունների բաժնի ղեկավար Ռիչարդ Թիբելսը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալներ Ռաֆիկ Գրիգորյանը և Քրիստիննե Գրիգորյանը, այլք։ Նախարարը շնորհակալություն է հայտնել Եվրոպական միությանը մի շարք ոլորտներում գրանցած արդյունավետ ու ընդգրկուն համագործակցության համար  և անդրադարձել հայաստանյան բարեփոխումների օրակարգին։ Դրանք հիմնականում վերաբերել են դատաիրավական բարեփոխումների ռազմավարությամբ նախատեսված միջոցառումներին, ոստիկանության ոլորտի բարեփոխումներին, ինչպես նաև Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված ճգնաժամի հանգուցալուծման հարցերին։  ԵՄ պաշտոնյաները գնահատել են դատաիրավական, կոռուպցիայի դեմ պայքարի և ոստիկանության ոլորտների բարեփոխումների առաջխաղացման նպատակով ՀՀ կառավարության ընթացիկ ջանքերը, ինչպես նաև վերահաստատել են ԵՄ հանձնառությունը՝ աջակցել Հայաստանին՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրին համահունչ իրավունքի գերակայության ուղղությամբ բարեփոխումների օրակարգի իրականացմանը։
16:36 - 10 հունիսի, 2020
Բադասյան․ Նախատեսում ենք դատապարտյալներին նոր աշխատանքներում ներգրավել
 |panarmenian.net|

Բադասյան․ Նախատեսում ենք դատապարտյալներին նոր աշխատանքներում ներգրավել |panarmenian.net|

panarmenian.net: Հայաստանում դատապարտյալների ներգրավվածությունը որոշակի աշխատանքներում դեռ ցածր է, սակայն պետությունը նախատեսում է նրանց ներգրավել մի շարք նոր աշխատանքներում, հայտնել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը։ «Քանի որ կառավարությունն ունի մեծ թվով թվայնացման աշխատանքներ կամ սկանավորման կամ ինչ-որ մոդելով փաստաթղթերի թվայնացման, մտածում ենք, որ հնարավոր է մրցույթները նաև այդ պայմաններով հայտարարվեն, որ դատապարտյալները ներգրավվեն թվայնացման աշխատանքների մեջ»,- ասել է նա։ Նախարարը նշել է, որ իրենք ուսումնասիրել են «Աջակցություն դատապարտյալներին» հիմնադրամի աշխատանքը՝ պարզելով, որ այն կանոնադրական նպատակներով չի աշխատել: «Այն պետք է որոշակի ծառայություններ մատուցեր քրեակատարողական ծառայությանը, եթե դրանք շուկայականից ցածր գնով էին և նշված աշխատանքներում ներգրավեր դատապարտյալներին: Դատապարտյալների նվազ ներգրավվածություն կար, շուկայական գների մասով էլ որոշ մտահոգություններ կային»,-ասել է Բադասյան՝ հավելելով, որ իրենք երկու ուղղությամբ էլ որոշակի աշխատանքներ իրականացրել են։ Բադասյանը հայտնել է, որ իրենք մինչ կորոնավիրուսի համաճարակը ծրագրել են դատապարտյալները խոհարարական դասընթացներ անցնեին ՔԿՀ-ներին սնունդ մատակարարող ընկերության հետ՝ ներգրավվելով այդ աշխատանքներում: Նախարարը նշել է, որ համագործակցության տարբերակ կա նաև կապված տնկիների՝ տեղում աճեցման հետ։
19:25 - 09 հունիսի, 2020
Բադասյանն անդրադարձել է ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութին

Բադասյանն անդրադարձել է ոստիկանների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ տեսանյութին

Արդյունավետ ոստիկանություն ունենալու համար անհրաժեշտ է, որ ոստիկանն օրենքի սահմաններում գործելիս կաշկանդված չլինի և չենթարկվի անհարկի քննադատության: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով ոստիկանության ծառայողների կողմից քաղաքացուն բերման ենթարկելու վերաբերյալ սոցիալական ցանցերում տարածված տեսանյութին։ «Այսօր սոցիալական ցանցում տարածված քաղաքացուն բերման ենթարկելու տեսանյութի առնչությամբ հարկ եմ համարում անել մի քանի արձանագրում. տեսանյութում ներկայացված է միջադեպի միայն մի մասը, տեսանյութի սկզբի վայրկյաններից էլ ակնհայտ է, որ ոստիկաններից մեկի գլխարկը գետնի վրա է, սակայն դրան նախորդած գործողությունները, ներառյալ ոստիկանի՝ օրինական պահանջին չենթարկվելու քաղաքացու ենթադրվող վարքագիծն ու գործողությունները տեսանելի չեն»,- գրել է Բադասյանը։ Արդարադատության նախարարի կարծիքով՝ «բաց թողեք, գալիս եմ» հայտարարությանը նախորդած քաղաքացու վարքագծին ականատես լինելու պայմաններում է միայն հնարավոր կանխատեսել և գնահատել հայտարարության արժանահավատությունը և հետևաբար ոստիկանության գործողությունների համաչափությունը։  
19:44 - 05 հունիսի, 2020
Նախարարն ակնկալում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար

 |armenpress.am|

Նախարարն ակնկալում է քաղաքացիների ակտիվ մասնակցությունը պարեկային ծառայությունում ընդգրկվելու համար |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը «Ֆեյսբուք»-ի իր էջի ուղիղ եթերի ժամանակ խոսել է պարեկային ծառայության ստեղծման անհրաժեշտության մասին։ Նախարարը նշել է, որ շատ ու շատ պետական մարմիններում նոր կադրերի և նոր սերնդի մուտքը ապահովելու խնդիր կա և այդ խնդրի լուծումը նախարարությունը սկսել է ոստիկանությունից։ «Գիտեք, որ ոստիկանության ոլորտում տրամադրված ենք բավականին լուրջ բարեփոխումներ իրականացնելու։ Ինչո՞ւ հիմա և ինչո՞ւ սկսել ծառայությունը ոստիկանությունում։  Նախ պատճառն այն է, որ Հայաստանի Հանրապետությունը ունի ձեր կարիքը իր բարեփոխումները իրականացնելու համար։ Առանց նոր սերնդի ներկայացուցիչների, առանց ոստիկանությունում գործող ծառայողների,  բարեփոխումները ուղղակի ձախողված կլինի։ Հետևաբար՝ ակնկալում ենք ակտիվ մասնակցություն պարեկային ծառայություն ընդգրվելու համար»,- ասել է Բադասյանը։ Նախարարը նշել է, որ պարեկային ծառայության ընդունելության համար շուտով դիմումների ընդունման փուլը կսկսվի։ Նա հայտնել է, որ արդեն իսկ 400 անձ հետաքրքրություն է դրսևորել պարեկային ծառայության անցնելու, և նրանց մեջ քիչ չէ կանանց քանակը։
19:45 - 04 հունիսի, 2020
Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներն այսօրվանից միացան սննդի մատակարարման նոր համակարգին

Հայաստանի բոլոր ՔԿՀ-ներն այսօրվանից միացան սննդի մատակարարման նոր համակարգին

Նախորդ տարվա նոյեմբերին՝ «Արմավիր» և Նուբարաշեն» ՔԿՀ-ներում ներդրված սննդի մատակարարման նոր համակարգի պիլոտային ծրագրից մեկ ամիս անց, երբ լրագրողների հետ մասնակցեցի սննդի համտեսին և արձանագրեցի, որ ՔԿՀ-ներում պահվող անձանց մոտ 100 տոկոսն օգտվում է սննդից, հայտարարեցի, որ 2021 թվականի ընթացքում բոլոր քրեակատարողական հիմնարկների սննդի ապահովման գործառույթը պատվիրակված կլինի մասնավոր հատվածին։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը և հավելել. «Այսօր այդ խոստումն իրականություն է, և կարող եմ փաստել, որ Հայաստանի բոլոր 12 քրեակատարողական հիմնարկները հունիսի մեկից միացել են այդ համակարգին։ Ավելորդ է նույնիսկ նշելը, թե այն մուլտիպլիկատիվ ինչ արդյունք է ապահովում՝ սննդի պարունակությամբ հանձնուքների թվի կրճատում, քրեակատարողական հիմնարկներում պահվող անձանց ընտանիքների՝ այս առումով հոգսի թեթևացում»։ Նախարարը նաև հայտնել է, որ ՔԿՀ-ներում իրականացվող բարեփոխումները շարունակվում են:
09:09 - 02 հունիսի, 2020
Ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին․ Գագիկ Խաչատրյան

Ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին․ Գագիկ Խաչատրյան

Խաչատրյանների փաստաբանական խմբի հայտարարությունը․ հրատապ ահազանգ ՀՀ Արդարադատության նախարարին․ Տեղեկացնում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը և Քրեակատարողական ծառայությունը բացահայտ և կոպիտ կերպով խախտում են կալանավորված անձի՝ Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման սահմանադրական իրավունքը՝ վտանգի տակ դնելով նրա կյանքն ու առողջությունը: Քանի որ, 22.05.2020թ. իրադարձություններից հետո պարզ դարձավ, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը օպերատիվ կարգով արձագանքում է Գագիկ Խաչատրյանի նկատմամբ անօրինականություններ իրականացնելու վերաբերյալ նրա փաստաբանական խմբի հրապարակային ահազանգերին, ուստի հուսով ենք, որ մարդու և ՀՀ քաղաքացու կյանքին և առողջությանը սպառնացող այս իրավիճակում, ՀՀ արդարադատության նախարարությունը ևս օպերատիվ կարգով կարձագանքի և անհապաղ միջոցներ կձեռնարկի այդ անօրինականությունները վերացնելու ուղղությամբ: Այսպես. 1․«Աստղիկ» բժշկական կենտրոնից Գագիկ Խաչատրյանի դուրս գրման էպիկրիզի համաձայն՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ նա ստացել է համալիր թերապևտիկ բուժում, համաձայնեցված նյարդաբանների, նյարդավիրաբույժների, վնասվածքաբանների, սրտաբանների, գաստրոէնտերոլոգների, ուրոլոգների հետ, ինչպես նաև վերականգնողական կինեզոթերապիա և ֆիզոթերապիա: Գտնվել է այդ մասնագետների մշտական հսկողության տակ: Նույն էպիկրիզի համաձայն, Գագիկ Խաչատրյանը դուրս է գրվում նյարդաբանական բաժանմունքից, հաշվի առնելով ՀՀ Արդարադատության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ տնօրենի թիվ Ե-863 նամակը համարժեք բուժման մասին և նրա հղումը 08.04.2020թ. կայացած կոնսիլիումի եզրակացության վրա, հիվանդը, անհրաժեշտության դեպքում հետագա բուժումը վերոհիշյալ բուժհիմնարկությունում շարունակելու համար։ ՊՈԱԿ-ի տնօրենի նամակում և էպիկրիզում վկայակոչված՝  ՀՀ առողջապահության նախարարի 07.04.2020թ. թիվ 1206-Ա հրամանի հիման վրա՝ Գագիկ Խաչատրյանի առողջական վիճակի գնահատման նպատակով իրականացված մասնագիտական կոնսիլիումի 08.04.2020թ. եզրակացության համաձայն նրա մոտ ախտորոշվել է. «ողնուղեղային խողովակի ստենոզ պարանոցային C5-C6 մակարդակում՝ կատարված վիրահատության ֆոնի վրա /դիսկոէկտոմիա և տեղադրված միջողնային էնդոպրոտեզ/, ցերվիկալ ռադիկուլոպաթիայի զարգացումով, ԷՆՄԳ հաստատված պոլիռադիկուլոնեյրոպաթիա՝ մկանային սուբատրոֆիայով, ստորին վերջույթների հենաշարժական ապարատի ֆունկցիայի չափավոր խանգարումով: Գլխուղեղի բազմօջախային լակունար իշեմիկ ախտահարում: Առկա է երկու ծնկահոդերի արտահայտված դեֆարթրոզ՝ կանգնելու և քայլքի ֆունկցիայի չափավոր խանգարումով»։ Դրա հիման վրա կոնսիլիումը եզրակացրել է, որ. «անհրաժեշտ է պարանոցի ստենոզի վիրահատական բուժում: Մինչ վիրահատական միջամտության կազմակերպումը, ցուցված է շարունակել թերապևտիկ և վերականգնողական բուժումը՝ կինեզոթերապիա»:  Ինչպես ակնհայտ է, վերոնշված բժշկական փաստաթղթերից, Գագիկ Խաչատրյանն ունի բուժման կարիք, իսկ հիվանդանոցից էլ դուրս է գրվել հաշվի առնելով «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հավաստիացումներն այն մասին, որ Գագիկ Խաչատրյանին տրամադրվելու է համարժեք բուժում, սակայն հարկ եմ համարում ընդգծել, որ «Աստղիկ» ԲԿ-ից «Երևան-Կենտորն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելուց հետո մինչ օրս՝ շուրջ 6 օր, Գագիկ Խաչատրյանը բացարձակապես որևէ բուժում չի ստացել, չի գտնվել էպիկրիզում նշված մասնագետների հսկողության տակ, չի զննվել այդպիսի մասնագետների կողմից, քանի որ քրեակատարողական հիմնարկում այդպիսի մասնագետներ չկան, ինչպես նաև բացակայում է վերոնշված բուժումը տրամադրելու հնարավորություն: Այսինքն, ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը ոչ միայն համարժեք բուշմամբ չի ապահովել Գագիկ Խաչատրյանին, այլև, մեր խորին համոզմամբ, ՀՀ ԱՆ քրեակատարաողական ծառայությունը և «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ը, դիտավորյալ կերպով Գագիկ Խաչատրյանի համար անընդհատ այնպիսի պայմաններ են ստեղծում, որոնք ոչ միայն իրական վտանգ են ստեղծում նրա կյանքի և առողջության համար, այլ նաև մշտական սուր ֆիզիկական ցավեր և հոգեկան տառապանքներ են պատճառում, նվաստացնում են նրա արժանապատվությունը: Այս առումով նշենք, որ. 2․ ՀՀ Կառավարության 2006 թվականի մայիսի 26-ի՝ «Կալանավորված անձանց և դատապարտյալների բուժսանիտարական և բուժկանխարգելիչ օգնությունը կազմակերպելու, առողջապահական մարմինների բուժական հիմնարկներից օգտվելու և այդ նպատակով դրանց բժշկական անձնակազմին ներգրավելու կարգը հաստատելու մասին» N 825-Ն որոշման 11-րդ գլխի 101-րդ կետով սահմանված է, որ. «յուրաքանչյուր կալանավորված անձ և դատապարտյալ իրավունք ունի սույն գլխով սահմանված պահանջներին համապատասխան՝ իր հաշվին և իր ընտրությամբ օգտվելու քաղաքացիական բժշկական հաստատության բժշկի մասնագիտական ծառայություններից՝ անկախ ՊՈԱԿ-ում, ներառյալ քրեակատարողական հիմնարկների տարածքներում տրամադրվող բժշկական օգնության և սպասարկման նույնատեսակ ծառայությունների առկայության հանգամանքից»: Դեռևս 23.05.2020թ. ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված գրություններով հայտնելով վերոնշյալ հանգամանքները, խնդրել ենք. «Գագիկ Խաչատրյանին անհապաղ տեղափոխել «Աստղիկ» բժշկական կենտրոն՝ հնարավորություն ընձեռելով ստանալ Կոնսիլիումի կողմից որոշված բուժումը»,  ինչպես նաև. «Գրավոր հայտնել, թե ՀՀ ԱՆ «Երևան-Կենտրոն» ՔԿՀ-ում առկա են արդյոք Գագիկ Խաչատրյանի բժշկական փաստաթղթերում նշված մշտական ցավերի, քայլքի դժվարությունների և հիվանդությունից բխող մյուս խնդիրների կանխման նպատակով հատուկ հարմարեցված պահման, խնամքի, զբոսանքի, հիգիենայի պահպանման և նրա կենսագործունեության համար անհրաժեշտ այնպիսի պայմաններ, որոնք կբացառեն նրա նկատմամբ վատ վերաբերմունքը և խոշտանգումը, լրացուցիչ անհարմարություններ, ցավեր չեն պատճառի նրան, չեն նվաստացնի նրա պատիվն ու արժանապատվությունը: Եթե այո, ապա խնդրում եմ հայտնել այդ պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ»: Այս դիմումները ոչ միայն մնացել են անպատասխան՝ Գագիկ Խաչատրյանը ոչ միայն չի տեղափոխվել բուժման և նրան որևէ բուժում չի տրամադրվել, ոչ միայն չի հաստատվել, որ Գագիկ Խաչատրյանի պահման վայրում առկա են վերոնշված անհրաժեշտ պայմանները, այլև՝ 27.05.2020թ. նա տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ և ներկայումս պահվում է էլ ավելի վատ պայմաններում՝ մոտ 4 քմ սենյակում, որտեղ ընդամենը մեկ մահճակալ է, փոքրիկ սեղան և զուգարանակոնք: Սենյակում առկա չէ իր հիգիենայի և խնամքի համար անհրաժեշտ այլ հարմարություններ, ոչ էլ հարմարեցված է հենակով շարժվող անձի համար անհրաժեշտ պայմաններին: Գագիկ խաչատրյանը տեղեկացվել է, որ այդ պայմաններում պետք է պահվի մոտ 14 օր՝ ինչը պայմանավորված է նոր քրեակատարողական հիմնարկ տեղափոխվելով և ՀՀ Պարետի որոշմամբ՝ նոր կորոնավիրուսի կանխարգելման նպատակով: 3․ Ավելին, ՀՀ կառավարության վերոհիշատակված N 825-Ն որոշման 1-ին գլխի 3-րդ կետով սահմանված է, որ. «Կալանավորված անձանց և դատապարտյալների բժշկական օգնությունը և սպասարկումը կազմակերպվում է «Քրեակատարողական բժշկության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության (այսուհետ՝ ՊՈԱԿ) կողմից՝ այն բժշկական օգնության և սպասարկման տեսակների շրջանակներում, որոնք իրականացնելու համար ՊՈԱԿ-ը օրենքով սահմանված կարգով ստացել է լիցենզիա: Բժշկական օգնության և սպասարկման այն տեսակները, որոնց համար ՊՈԱԿ-ը չի ստացել համապատասխան լիցենզիա, տրամադրվում են օրենքով սահմանված կարգով լիցենզավորված բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող առողջապահական մարմինների բուժական հիմնարկների (այսուհետ՝ քաղաքացիական բժշկական հաստատություններ) կողմից՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության և սույն կարգի համաձայն»։ Հարկ ենք համարում տեղեկացնել, որ 01.02.2020թ. և 01.04.2020թ. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ ուղարկված դիմումներով խնդրել էինք գրավոր հայտնել. «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ն ունի արդյոք Գագիկ Խաչատրյանին անհրաժեշտ բժշկական օգնության և սպասարկման լիցենզիաներ, ինչպես նաև համապատասխան խորը մասնագետներ ու հնարավորություններ, եթե այո, ապա՝ խնդրում ենք հայտնել, թե որ լիցենզիաներն են առկա, ինչպես նաև տրամադրել յուրաքանաչյուր նեղ մասնագետի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն) և նմանատիպ հիվանդների բուժման պրակտիկայի և բժշկական գործունեության վերաբերյալ  տեղեկատվությունն՝ ըստ մասնագիտությունների»։ Մինչ օրս այդ մասին որևէ պատասխան չի տրամադրվել, իսկ մեր տեղեկատվությամբ «Քրեակատարողական բժշկության կենտորն» ՊՈԱԿ-ը Գագիկ Խաչատրյանի բժշկական օգնության և սպասարկման համար անհրաժեշտ համապատասխան լիցենզիաներ և բժշկական մասնագետներ չունի: 4․ Հայտնում ենք նաև, որ այս ամենի մասին տեղեկացվել է նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը և խնդրել ենք հրատապ այց կազմակերպել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿ հիմնարկ՝ տեղում իրավիճակին ծանոթանալու և խոշտանգումը դադարեցնելու նպատակով: Վերոնշված և առավել մանրամասն հիմնավորումներով էլեկտրոնային փոստով դիմում-բողոքներ են անհապաղ ուղարկվել և՛ ՀՀ Արդարադատության նախարարություն, և՛ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ, և՛ Քրեակատարողական ծառայություն։ Ակնկալում ենք, որ ՀՀ Արդարադատության նախարարությունը և վերոնշված կառույցները, ինչպես նախորդ հրապարակային հայտարարությունների դեպքում, այնպես էլ այս անգամ ևս կվերահաստատեն, որ երաշխավորում են յուրաքանչյուր կալանավորված անձի, այդ թվում նաև Գագիկ Խաչատրյանի առողջության պահպանման իրավունքը և անհապաղ միջոցներ կձեռնարկեն թվարկված խնդիրների լուծման հետ կապված։
17:18 - 28 մայիսի, 2020
Որեւէ որոշում չունենք հանրաքվեն չեղարկելու մասով․ Ռուստամ Բադասյան
 |news.am|

Որեւէ որոշում չունենք հանրաքվեն չեղարկելու մասով․ Ռուստամ Բադասյան |news.am|

news.am: Մենք որեւէ որոշում չունենք հանրաքվեն չեղարկելու մասով, ներկայում միայն օրենսդրական հնարավորությունն է դիտարկվում։ Այս մասին այսօր՝ մայիսի 27-ին, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ սահմանադրական հանրաքվեն չեղարկելու վերաբերյալ կարծիքներ կան, որ հարցը ոչ թե խորհրդարանի, այլ ՍԴ-ի տիրությում պետք է լինի։ «Պետք է լինի օրենսդրական հնարավորություն, որը թույլ է տալիս հանրաքվեն չեղարկել, որի ականատեսը եղանք Covid-19-ի զարգացման գործընթացում, որ նման հիմք այնուամենայնիվ պետք է լինի եւ իմ դիրքորոշումն այն է, որ այն մարմինը, որը որոշում է կայացրել հանրաքվե նշանակելու, հենց այդ նույն մարմինը պետք է հնարավորություն ունենա չեղարկելու տվյալ որոշումը, որը տվյալ դեպքում ԱԺ-ն է»,- ասաց նախարարը։ Հարցին, թե ինքն ինչպե՞ս է պատկերացնում, խորհրդարանում ի՞նչ ճանապարհով պետք է հարցը լուծում ստանա, Բադասյանը պատասխանեց․ «Ճանապարհը՝ ԱԺ-ով Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով՝ 213 հոդվածի փոփոխությունների 2 ընթերցմամբ ընդունումն է»։ Հարցին, թե Վենետիկի հանձնաժողով կոնկրետ ի՞նչ խորհրդատվության համար է դիմել, նախարարը պատասխանեց․ «Բոլոր հարցերն արդեն հրապարակված են, ոչ միայն հարցերի բովանդակությունն է հրապարակված, այլեւ դրանց շուրջ բազմատեսակ մեկնաբանություններով ենք հանդես եկել»:
21:23 - 27 մայիսի, 2020
Քրեական դատավարության համակարգում սպասվում են կոնցեպտուալ փոփոխություններ. Բադասյան |armenpress.am|

Քրեական դատավարության համակարգում սպասվում են կոնցեպտուալ փոփոխություններ. Բադասյան |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը հավանություն տվեց չզեկուցվող հարցերի մեջ ներառված ՀՀ քրեական օրենսգրքի նախագծին և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի նախագծին: Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը նշեց, որ այս օրենսգրքերով առաջարկվում են կոնցեպտուալ փոփոխություններ, իրավաբանական անձանց քրեական պատասխանատվության ինստիտուտը, բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ են ներդրվում, որը կբերի կալանքի թվի նվազեցման: «Օպերատիվ հետախուզության մի շարք տեսակներ բերվում են քրեական դատավարություն՝ գաղտնի քննչական գործողությունների տեսքով, որոնք ապահովելու են որպեսզի ստացված տեղեկությունները որպես ապացույց օգտագործվեն քրեական դատավարությունում եւ մի շարք այլ կոնցեպտուալ փոփոխություններ»,- ասաց Բադասյանը՝ ավելացնելով, որ այսօր Արդարադատության նախարարության կայքում կհրապարակեն բոլոր փոփոխությունները, որպեսզի հանրությունը տեղյակ լինի: Նախարարը շնորհակալություն հայտնեց ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետին, որի գիտնականներն են աշխատել նախագծի վրա, ինչպես նաև Եվրոպայի խորհրդին: Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ փաթեթների հրապարակային քննարկումը տեղի կունենա ԱԺ-ում, դրա համար որոշել են այն նորից կառավարության նիստում չքննարկել, քանի որ բավարար  չափով քննարկվել է: Վարչապետը հույս հայտնեց, որ այս օրենքների ընդունման արդյունքում քրեաիրավական վիճակը էականորեն կփոխվի: 
12:42 - 21 մայիսի, 2020
Կա՛մ պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ․ Գարեգին Միսկարյան

Կա՛մ պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադրաձել էր վերջին մեկ տարում քննարկվող վեթինգի գաղափարին։  Միսկարյանը մասնավորապես նշել էր՝ «Հայաստանում կա համակարգային կոռուպցիա և այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Դրանցից ամենամեծը դատական ոլորտում է, որտեղ դատավորները կարողացան ճնշումների ու ունեցած կապերի միջոցով հասնել վեթինգի կանխմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց իրեն հեղափոխական ճանապարհով վարչապետ հռչակած ժողովրդին, հերթական անգամ կուլ գնաց համակարգին՝ հերթական անգամ ներկայացնելով դա որպես այլընտրանքի բացակայություն․․․»։  Այս հայտարարության, վեթինգի գործընթացի, բարեփոխումների անհրաժեշտության մասին Infocom.am-ը զրուցել է Գարեգին Միսկարյանի հետ։ - Պարոն Միսկարյան, մեկ տարի առաջ կառավարող ուժի ներկայացուցիչների կողմից առաջ քաշվեց այն տեսակետը, որ կա վեթինգ իրականացնելու խիստ անհրաժեշտություն։ Անգամ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ պետք է նախագիծ ներկայացվի, սակայն հիմա հակառակ գործընթացն է գնում։ Ձեր կարծիքով ո՞րն է այս զարգացումների պատճառը։ - Ես կարծում եմ, որ վեթինգ չիրականացնելու հիմնական շահագրգիռ կողմն այն դատավորներն են, որոնք ենթադրվում է, որ վեթինգի արդյունքում կկրեն պատասխանատվություն կամ նվազագույնը՝ կդադարեն լինել դատավոր։ Հետևաբար, այդ շահագրգիռ կողմը, ունենալով մեծ ռեսուրսներ, կոռուպցիոն կապե՝ համակարգի նախկին անդամերի  և ինչու չէ նաև ներկա անդամների հետ, ենթադրում եմ, օգտագործել են ամեն հնարավորը՝ հասնելու նրան, որ համոզեն որոշում կայացնողներին, որ վեթինգը վտանգավոր է կամ անհնար է իրականացնել այս փուլում,  կամ ինչ-ինչ հիմնավորումներով փորձում են հետաձգել վեթինգի իրականացումը։  Ես ենթադրում եմ՝ գլխավոր, շահագրգիռ խումբը դատավորներն են և անպայմանորեն նրանց գործոնը կա այս որոշման մեջ։ - Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վեթինգ իրականացնելու համար անհրաժեշտ է նախ իրականացնել Սահմանադրական փոփոխություններ։ Արդյո՞ք կա դրա անհրաժեշտությունը։ Եթե այո, ապա ինչպե՞ս ու ե՞րբ դա պետք է իրականացվեր։ - Վեթինգի համար  բոլորովին էլ անհրաժեշտ չէ սահմանադրական փոփոխությունների սպասել։ Տեխնիկապես հնարավոր է առանց սահմանադրական փոփոխությունների իրականացնել վեթինգ։ Մյուս կողմից, եթե վեթինգի իրականացումը կապվում է սահմանադրական փոփոխությունների հետ, դա նշանակում է, որ մենք առկախում ենք այդ հարցը մինչև սահմանադրության հանրաքվեն։ Իսկ դա հայտնի չէ, թե երբ կլինի, քանի որ տարբեր միջազգային կազմակերպություններ այս կորոնավիրուսի համավարակի ավարտը հանխատեսում են մեկուկես տարուց մինչև հինգ տարի հետո։ Մենք, սահմանադրական հանրաքվեն  կապելով կորոնավիրուսի համավարակի հետ և վեթինգը կապելով սահմանադրական հանրաքվեի հետ,  հետաձգում ենք այն մինչև հինգ տարի։ Դա նշանակում է, որ մենք հինգ տարի մարդկանց ճակատագրերի հետ ենք խաղում, այսինքն՝ բազմաթիվ ապօրինի որոշումների պատճառով մարդիկ զրկվելու են ունեցվածքից, ազատությունից  և այլն։ Ինչու՞, որովհետեև Ռուստամ Բադասյանը որոշել է, որ հնարավոր չէ վեթինգ իրականացնել։ Եթե հնարավոր չէ, ապա ինչու էր մեկ տարի առաջ նույն այդ խումբը որոշել, որ շատ արագ պետք է վեթինգ իրականացնի։  Ենթադրում եմ, որ այն ժամանակ քաղաքական որոշում կար, հիմա չկա։ - Վերջերս ընդունվեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին  օերնքի նախագիծը և նշվում է, որ այդ  նախագիծը նույնպես «մաքրման» գործիք է։ Ձեր կարծիքով՝ այս նախագիծը կարո՞ղ է դատաիրավական համակարգի համար արդյունավետ լինել։  - Ես կարծում եմ, որ ապօրինի հարստացման դեմ օրենքը չի կարող տարածվել այն մարդկանց վրա, որոնք որոշում են կայացնելու իրենց մասին։ Այսինքն՝ դատավորները իրենք իրենց ինչպե՞ս են դատելու այդ օրենքի շրջանակներում։ Դա ուղղակի աբսուրդ է։ Առանց իրական դատական բարեփոխումների այդ նախագիծը նույնպես կիրառելի չէ, բազմաթիվ վիճահարույց որոշումները հետագայում նոր  խռովությունների առիթ կարող են հանդիսանալ։  - Ի՞նչ  դիրքորոշում ունի «ՔՈ» ՍԴԿ-ն, արյդո՞ք Ձեր հայտարարությունը նաև կուսակցության  դիրքորոշումն է։ -  Ես հայտարարության մեջ նշել եմ, որ դա քաղաքացի Գարեգին Միսկարյանի դիրքորոշումն է։ Պետք է ասեմ, որ կուսակցության մեջ շատերն են կիսում այդ կարծիքը, գուցե որոշների մոտ այդքան սուր չի արտահայտված, ինչպես իմ գրառման մեջ կամ ինչպես ես եմ խոսում դրա մասին։ Խոսքը գնահատականների մասին է։ Բայց մեծ հաշվով կուսակցությունում համակարծիք են։  - Արդյո՞ք պատրաստվում եք « կարմիր գիծ» քաշել կառավարող ուժի հետ հարաբերություններում։ - Այս հայտարարությունը հետևեց Նիկոլ Փաշինյանի խորովածի պատմությանը, երբ նա ռեֆորմները սկսեց համեմատել խորովածի հետ և ասաց, որ խորովածը  չի կարելի արագ անել՝ այն կվառվի։ Ասում էր, որ այդ պահանջը պետք է գա հանրությունից։ Դա նշանակում է, որ եթե հանրությունը չընդվզի, չբարձրաձայնի խնդիրների մասին, մենք այդպես էլ ռեֆորմների և համակարգային փոփոխությունների երես չենք տեսնի։ Ես այդ գրառմամբ փորձեցի բարձրաձայնել իմ խոսքը, որպես հանրության մի անդամ ասել, որ կա այդ պահանջը և, եթե մենք չենք գնում ծայրահեղ քայլերի, չի նշանակում, որ հանրությունը չի ցանկանում ռեֆորմներ տեսնել։ Սա իմ դիրքորոշումն է որպես քաղաքացի, ով ակնկալում է այդ ռեֆորմները և քաղաքացի, ով միգուցե որոշ ժամանակ էլ սպասի, ինչը կախված է նրանից, թե այդ ուղերձը ինչպես է ընկալվել և կառավարող ուժը քայլեր կձեռնարկի, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա պետք է գնալ այլ միջոցների՝ նրանց պարտադրելու, որ՝  կա՛մ  պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ, և նրանք անեն այդ փոփոխությունները, ովքեր ունեն այդքան քաղաքական կամք ։  -Մեկ տարի առաջ, երբ կառավարող ուժը կազմակերպեց դատարանների շրջափակման ակցիան, «ՔՈ» ՍԴԿ-ն չմասնակցեց այդ ակցիային։ Այս պարագայում ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը ստեց։ Կուսակցական կամ անձնական մակարդակում եղե՞լ է որևէ պայմանավորվածություն, որը խախտվել է։ -Այո՛, ես դրա մասին էլի եմ խոսել։ Ժամանակավոր կառավարության կողմից պիտի փոփոխություններ լինեին։ Պետք է փոխվեր Ընտրական օրենսգիրքը  և կուսակցությունների մասին օրենքը, հետո նոր տեղի ունենային արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց, ինչպես հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը հանկարծակի որոշում ընդունեց, որ իրենք առանց այդ փոփոխություններն անելու, հապճեպ պետք է գնան խորհրդարանական ընտրությունների, որովհետև իրենք մտավախություն ունեին, որ այդ փոփոխություններից հետո իրենք կարող էին չհավաքել այդքան ձայն։ Այսինքն՝ կուսակցական, խմբակային շահը գերադասվեց պետական շահից, քաղաքական դաշտը փոխելու շահից։ Այո՛, ինձ խաբել են։ Ինձ ասելով ես նկատի ունեմ ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց, ովքեր ակնկալում էին, որ այդ փոփոխություններից հետո պետք է լինեն ընտրությունները։ Անձամբ ես և Սուրեն Սահակյանը  Նիկոլ Փաշինյանի հետ ենք խոսել այս թեմայի շուրջ, մինչև հեղափոխությունը՝ իր քայլելու երկրորդ օրը, և նա տվել էր իր համաձայնությունը,ասել էր, որ ինքը պատրաստ է անել այդ փոփոխությունները։ «Իմ քայլը» խմբակցության մեջ ժամանակի ընթացքում իրար հակասող հայտարարություններ շատ են հնչել։ Միակ պատճառը չէ, որ ես իրենց մեղադրում եմ սուտ ասելու մեջ։  - Ձեր կարծիքով՝ այս պահին ի՞նչ գործողություններ պետք է արվեն, որոնք չեն արվում կառավարող ուժի կողմից։ - Ինչո՞ւ մենք մինչև հիմա չէինք բարձրաձայնում։ Մենք սպասում էինք այդ փոփոխություններին կամ բարձրաձայնում էինք, բայց շատ մասնակի, որովհտեև ակնկալում էինք, որ որոշ ժամանակ է անհրաժեշտ կառավարող ուժին հարմարվելու և ռեսուրսները ճիշտ գնահատելու, ապա ռեֆորմներ իրականացնելու համար։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանք այդպես էլ այդ ժամանակը չօգտագործեցին իրական ռեֆորմների համար, այլ զուտ նախկին ռեժիմի քաղաքական գիծը որոշակիորեն կոսմետիկ փոփոխությունների ենթարկելով՝ իրենց իշխանությունը պահելու համար են օգտագործում։ Այս պահին առաջնահերթը ռեֆորմների հանձնաժողով, ւստեղծելն է, որը պետք է միայն զբաղվի ռեֆորմներով, պետք է նախանշի, պլանավորի այդ ռեֆորմները, իսկ կառավարող ուժը պարտավորվի քայլ առ քայլ իրականացնել դրանք։ Այլ կերպ կառուցողական առաջընթաց չեմ տեսնում։ - Ձեր գրառման մեջ գրել էիք, որ վտանգի տակ եք դնում Ձեր և Ձեր հարազատների կյանքն ու ազատությունը։ Ի՞նչ նկատի ունեք վտանգ ասելով, ի՞նչ կարող է լինել։  -Ես դա չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը կամ «Իմ քայլ»-ից ինչ-որ մեկը կարող է սպառնալ կամ վտանգ հանդիսանալ ինձ համար, բայց, հաշվի առնելով, որ իրավական համակարգը, եթե ոչ ամբողջովին, ապա մեծամասամբ նախկին ռեժիմի ծառաներն են, ես չեմ բացառում, որ նրանք դիմեն սադրիչ քայլերի, թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանին հարվածի տակ դնելու համար․ ինչ-որ ապօրինի քայլեր կատարեն՝ իմանալով, որ անպատիժ են մնալու։ Ինչպես ասում են՝ գողերն էլ են իրենք, բռնողներն էլ։ Փաստ է, որ նմանատիպ շատ դեպքեր, հարձակումներ  են եղել մարդկանց վրա, որոնք չեն բացահայտվել։ Չեմ բացառում, որ հենց նույն սադրելու նպատակ կարող է լինել, և իմ նկատմամբ էլ նմանատիպ քայլեր ձեռնարկեն։  Ասպրամ Փարսադանյան
23:55 - 20 մայիսի, 2020
Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետին է ներկայացվել Արդարադատության նախարարության 2019 թ. գործունեության հաշվետվությունը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ, համաձայն աշխատակարգի, մեկնարկել են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019 թվականի գործունեության հաշվետվությունների լսումները: Առաջինը հաշվետու զեկույցով հանդես է եկել Արդարադատության նախարարությունը՝ նախարար Ռուստամ Բադասյանի գլխավորությամբ:Խորհրդակցության սկզբում վարչապետը նախ նշել է. «Գործնականում կառավարությունն ընթացիկ կառուցվածքը ստացել է մեկ տարի առաջ՝ օրենսդրության մեջ կատարված համապատասխան փոփոխություններով: Իհարկե, մի շարք նախարարությունների կյանքում այդ առումով բան չի փոխվել, բայց որոշ նախարարություններ ձևավորվել են նորովի: Մենք պատեհ համարեցինք, որ այս խորհրդակցությունը սկսենք այս ժամանակաշրջանում: Հետագայի համար, նաև նախարարների առաջարկով, այսպիսի ֆորմատով գուցե ոչ թե տարին մեկ անգամ հանդիպենք, այլ ավելի փոքր հաշվետվությունների կամ ավելի ճիշտ գործունեության քննարկումների պրակտիկա որդեգրենք, որպեսզի ոչ միայն որոշ ժամանակաշրջանը մեկ, այլև հընթացս կարողանանք արձանագրել մեր պլանավորածը և այն, թե ինչ ենք հասցնում անել»:Անցնելով զեկույցին՝ նախարար Բադասյանը նշել է, որ նախորդ տարվա ընթացքում հաստատվել են Դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագրերը, Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը և դրանից բխող 2020- 2022թթ․ գործողությունների ծրագիրը, Ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը, Քրեակատարողական և պրոբացիայի ոլորտի 2019-2023 թվականների ռազմավարությունն ու դրա իրականացման միջոցառումների ծրագիրը, Հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը:Դատական և իրավական ոլորտի բարեփոխումների շրջանակում կարգապահական վարույթ հարուցելու լիազորություն ունեցող մարմինների թվին ավելացել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը: Միայն դատավորներից բաղկացած Կարգապահական հանձնաժողովը փոխարինվել է Էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովով, որի անդամները, բացի դատավորներից, ընդգրկում են նաև հասարակական կազմակերպությունների կողմից առաջադրված իրավաբան գիտնականներին: Նախատեսվել է դատավորների գործունեության գնահատման նոր կարգ, որի համաձայն դատավորների գործունեությունը ենթակա է լինելու պարբերական գնահատման: Հստակեցվել է էական կարգապահական խախտման հիմքով դատավորի լիազորությունների դադարեցման ընթացակարգը:Համաշխարհային բանկի հետ բանակցությունների արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել մշակել նոտարի կողմից ֆինանսական համակարգի ոլորտում էլեկտրոնային եղանակով կնքվող պայմանագրերի վավերացումը իրականացնելու համար էլեկտրոնային հարթակ (ֆինանսավորման չափը՝ 20 միլիոն ՀՀ դրամ): Համաձայնություն է ձեռք բերվել արդիականացնել Հարկադիր կատարումն ապահովող ծառայության էլեկտրոնային համակարգերը (ֆինանսավորման չափը՝ 80 միլիոն ՀՀ դրամ): Միջազգային դոնոր կազմակերպություններին ներկայացվել է ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության էլեկտրոնային համակարգի արդիականացման համար տեխնիկական նկարագրի մշակման և արխիվի թվայնացման ծրագրերը:Եվրոպական միության հետ բանակցվել ու վերջնականացվել է դատական և իրավական բարեփոխումների նոր բյուջետային աջակցության ծրագրի փաթեթը՝ ընդհանուր՝ 30 մլն եվրո արժողությամբ: Ֆինանսավորման համաձայնագիրը կստորագրվի այս տարի:2019-ի ընթացքում Ազգային ժողովի կողմից ընդունվել և 2020թ. ապրիլի 15-ից ուժի մեջ է մտել «Սնանկության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքը՝ ուղղված Սնանկության կառավարիչների հաշվետվողականության և պրոֆեսիոնալիզմի բարձրացմանը, Սնանկության վարույթում ծախսերի և ժամկետների կրճատմանը, Էլեկտրոնային համակարգերի ներդրմանը:2008 թ.-ի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց տրամադրվել է աջակցություն: Մասնավորապես, բավարարվել է 56 դիմում, ընդհանուր առմամբ տրամադրվել է 630 մլն դրամի փոխհատուցում:Հակակոռուպցիոն ոլորտի բարեփոխումների շրջանակում ընդունվել են՝ «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի և հարակից օրենքներում փոփոխություններ և լրացումների կատարելու մասին օրենքների նախագծերը:Ի թիվս դատական իշխանությունում իրականացվող մի շարք այլ բարեփոխումների, ներդրվել է Սահմանադրական դատարանի դատավորների, Բարձրագույն դատական խորհրդի անդամների դատավորների թեկնածուների բարեվարքության գնահատման հավասարակշռված կառուցակարգ:Կոռուպցիայի կանխարգելման նպատակով միջոցառումներ են իրականացվել պետական գրանցում ստացած իրավաբանական անձանց իրական սեփականատերերի բացահայտման և նրանց վերաբերյալ տեղեկությունների հրապարակման ուղղությամբ, հաստատվել է Իրավաբանական անձանց իրական սեփականատերերի հայտարարագրման ձևանմուշը, որի հիման վրա հանքարդյուաբերող ընկերությունները ներկայացրել են իրենց հայտարագրերը, ձեռնարկվում են միջոցներ հայտարարագրի ներկայացման էլեկտրոնային համակարգի ստեղծման ուղղությամբ:Քրեակատարողական ոլորտի բարեփոխումների շրջանակում ազատությունից զրկված անձանց տրամադրվող սննդի ապահովման գործառույթը պատվիրակվել է մասնավոր հատվածին: 9 քրեակատարողական հիմնարկ միացել է ծրագրին, բոլոր 12 ՔԿՀ-ները կմիանան մինչև 2020 թվականի հունիս:2019-ի ընթացքում Քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատավարձը բարձրացել է շուրջ 30 տոկոսով: ՔԿՀ-ները վերազինվել են անվտանգության ապահովման ժամանակակից միջոցներով:ՔԿԱԳ ոլորտի բարեփոխումների շրջանակում 2019-ի սեպտեմբերի մեկից քաղաքացին ՔԿԱԳ մարմնից որևէ ծառայություն ստանալու համար կարող է դիմել տարածքային առումով իրեն ամենամոտ տարածքային մարմին, ամուսնություն գրանցել կարող են բոլոր երկրների քաղաքացիները, այլևս պարտադիր պահանջ չէ զույգերից մեկի՝ Հայաստանում գրանցում ունենալու փաստը: Հայաստանն ամբողջությամբ անցել է քաղաքացիական կացության ակտերի գրանցման փաստը հաստատող էլեկտրոնային փաստաթղթերի տրամադրմանը:2020 թվականի մարտի 8-ից Երևան քաղաքում ամենամեծ թվով ծննդօգնություն իրականացնող կազմակերպություններում երեխաների ծնունդների գրանցումն ու դրանից բխող օրենսդրությամբ նախատեսված այլ գործառույթներն իրականացվում են տեղում: Ծրագրին միացել են արդեն 3 ծննդատուն, մոտ օրերս կմիանա եւս 5-ը:2020-ի մարտից Արդարադատության նախարարությունը սկսել է «մեկ պատուհան» սկզբունքով քաղաքացիների ընդունելության սպասասրահի կազմակերպման աշխատանքները և այս պահին դրանք գտնվում են ավարտական փուլում, քաղաքացիները հնարավորություն կստանան դիմումեր ներկայացնել՝ ՔԿԱԳ գործակալություն, Իրավաբանական անձանց պետական ռեգիստր, Սոցիալական ապահովման ծառայություն, Միգրացիոն ծառայություն, Կադաստրի պետական կոմիտե, Թաղման բյուրո, Ազգային արխիվ:Իրավաբանական անձանց պետական ռեգիստրի տվյալների բազան լրատվական գործունեություն իրականացնողների համար դարձել է անվճար:Անդրադարձ է կատարվել նաև նախարարությանը տրված հանձնարարականների կատարողականին: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհունակություն է հայտնել գերատեսչության 2019 թվականի գործունեության արդյունքներից և կարևորել վերը նշված ուղղություններով բարեփոխումների շարունակական իրականացումը, կառավարության ծրագրով նախատեսված միջոցառումների կյանքի կոչումը և ընդգծել ծրագրերի արդյունավետ ու ժամանակին կատարման անհրաժեշտությունը: 
15:38 - 20 մայիսի, 2020
Բադասյանի զեկույցը վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերը. Արման Բաբաջանյան
 |pastinfo.am|

Բադասյանի զեկույցը վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերը. Արման Բաբաջանյան |pastinfo.am|

pastinfo.am: Ազգային ժողովի անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը հայտարարել է, որ պատրաստվում է վեթինգի դիմադրական շարժում ստեղծել։ «Փաստինֆո»-ն զրուցել է պատգամավորի հետ ու փորձել ճշտել, թե ովքեր են շարժման անդամները և ինչպես են պատրաստվում դատական համակարգի ներկայացուցիչների մասին տեղեկատվություն հավաքագրել։ -Պարոն Բաբաջանյան, հայտարարեցիք, որ դատական համակարգի նվիրյալ ներկայացուցիչների հետ պատրաստվում եք վեթինգի դիմադրական շարժում ստեղծել, ովքե՞ր են Ձեր նախաձեռնած շարժման անդամները, կարո՞ղ եք թվել նրանցից մի քանիսի անունները։ - Այդ նախաձեռնության մասին իմ հայտարարությունից հետո ինձ դիմել են բազմաթիվ իրավապաշտպաններ, փաստաբաններ, այո, նաև դատական համակարգի ներկայացուցիչներ։ Քանի որ դեռևս չունեմ նրանց անունները հրապարակելու համաձայնություն, այս պահին չեմ կարող կոնկրետ մարդկանց նշել։ Բայց ասեմ, որ վստահ եմ՝ նախաձեռնությունը կլինի բազմամարդ ու բազմաշերտ, քանի որ դրա առջև դրված նպատակներն առնչվում են թավշյա հեղափոխության ամենահիմնական հռչակումներից մեկին՝ երկրում արդարության ու արդարադատության վերականգմանը և հաստատմանը։ Իսկ հեղափոխությանը մասնակցել են մեր հարյուր հազարավոր քաղաքացիներ։ Հետևաբար, կարծում եմ, որ մենք մեր նախաձեռնությամբ, ըստ էության, ներկայացնում ենք մեր քաղաքացիների մեծամասնության պահանջը, քանի որ հեղափոխությունը մեծ չափով տեղի է ունեցել առաջին հերթին երկրում խարխլված, ոտնահարված արդարությունը վերականգնելու համար։ Այնպես, որ մոտ ապագայում հանրությունը կտեղեկացվի մեր նախաձեռնության բոլոր անդամների մասին։ -Ըստ էության, Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին է վերապահված իրականացնել այն գործառույթները, որոնք պատրաստվում է իրականացնել Ձեր նախաձեռնած շարժումը։ Արդյո՞ք հանձնաժողովի աշխատանքներից դժգոհությունն է պատճառ հանդիսացել, որ ինքներդ եք որոշել ստեղծել համանման գործառույթներ իրականացնող շարժում։ - Ոչ միայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, այլ նաև բազմաթիվ այլ պետական կառավարման մարմիններ, գերատեսչություններ անցած երկու տարիներին պետք է զբաղվեին նրանով, ինչով ցանկանում ենք զբաղվել մենք։ Եվ այդ իմաստով, այո, պետական կառավարման մարմինները, իրավապահ կառույցները տապալել են այդ խնդիրը։ Հիշեցնեմ, որ ուղիղ մեկ տարի առաջ այս օրերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես եկավ դատաիրավական համակարգում համալիր բարեփոխումներ իրականացնելու նախաձեռնությամբ՝ նշելով, որ դրա շրջանակներում պետք է տեղի ունենա դատավորների համատարած վեթինգ։ Սակայն անցած շաբաթ վարչապետի մոտ կայացած քննարկման ժամանակ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը երկրի ղեկավարին այդ հանձնարարականի կատարման մասին զեկուցելու փոխարեն, նրան ներկայացրեց այն հիմքերը, թե ինչու հնարավոր չէ վեթինգ իրականացնել առանց սահմանադրական փոփոխությունների։ Դա վերջին կաթիլն էր, որը հօդս ցնդեցրեց դատաիրավական համակարգում արմատական փոփոխությունների սպասող մարդկանց հույսերն ու ակնկալիքները։ Բայց եթե իշխանությունը չի ցանկանում կատարել այդ բարեփոխումները, չի նշանակում, որ պետք է համակերպվել դրա հետ։ Հակառակը՝ պետք է ձևակերպել ու ներկայացնել հանրության մեծամասնության այդ պահանջը ու իշխանություններին բոլոր հնարավոր միջոցներով դրդել կատարել իրենց իսկ տված խոստումները։ Այլապես, ինչպես առիթ եմ ունեցել ասելու, մենք վերջնականապես տանուլ կտանք հեղափոխությունը, որովհետև դրա ամենամեծ դիմադրությունը գտնվում է հենց դատական համակարգում։  
20:50 - 19 մայիսի, 2020
Համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո․ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

Համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո․ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյան

ՀՀ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը կրկին անդրադարձել է վեթինգի թեմային, կրկին անպատասխանատու եզրահանգումներ է կատարել, որի վերաբերյալ ևս մեկ անգամ պարզաբանում եմ.Թե՛ դատական օրենսգրքի փոփոխություններով, թե՛ սահմանադրական փոփոխություններով դատական համակարգում արմատական փոփոխություններ ենթադրող օրակարգը պաշտոնապես բերվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից, մասնավորապես, դեռևս ամռան ամիսներին շրջանառվել և նախորդ տարվա հոկտեմբերին ընդունվել է ՀՀ դատական և իրավական բարեփոխումների 2019-2023 թվականների ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին ՀՀ կառավարության որոշումը։ Վարչապետի հետ զրույցի ընթացքում նշվել է, որ վեթինգի հարցը ներկայիս Սահմանադրության թույլատրած շրջանակում Դատական օրենսգրքով կարգավորել ենք և լրջագույն գործիքներ ենք ներդրել, որի արդյունավետ կիրառումը պրակտիկայում կարող է իրական փոփոխություններ բերել դատական համակարգում:Երկրորդ, ես նշել եմ, որ համատարած վեթինգի դեպքում, ինչը ենթադրում է հատուկ մարմինների ձևավորում, նրանց համապատասխան մանդատի շնորհում և բոլոր դատավորներին ամբողջական ժամանակահատվածի ստուգում, ենթադրում է Սահմանադրության փոփոխություններ, ընդ որում ես արդեն երկու հարցազրույցներում հրապարակային նշել եմ, որ բոլոր այն մարդիկ, ովքեր կարծում են, որ սա հնարավոր է անել առանց Սահմանադրության փոփոխությունների, պետք է ներկայացնեն իրենց տարբերակը՝ հիմնավորումներով, ինչը մինչ օրս չի ներկայացվել:Ստացվում է՝ գործ ունենք անպատասխանատու հայտարարությունների հետ:Պատկերացրեք, որ ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքը ներկայացնել ԱԺ, որն ի դեպ, համապատասխան հիմքերի դեպքում վերաբերելի է նաև դատավորների ապօրինի ծագում ունեցող գույքին, ոչինչ և ոչ մեկ չի կարողացել խանգարել Կառավարությանը քրեական ենթամշակույթը քրեականացնող հոդվածներ սահմանելու հարցում, բայց, փաստորեն, ըստ պարոն Բաբաջանյանի՝ համատարած վեթինգի մասով ես ինչ-որ պատճառներով համոզում եմ զերծ մնալ: Հ.Գ. Եվս մեկ անգամ շեշտեմ, որ համատարած վեթինգին հնարավոր է անդրադառնալ Սահմանադրության փոփոխություններից հետո և մեր ուղիղ եթերի ընթացքում չի հնչել որևէ միտք, որը կբացառեր նման սցենարի հնարավորությունը: Ավելին, նշել եմ, որ մեզ ոչինչ չի խանգարում Սահմանադրության փոփոխություններով, հաշվի առնելով միջազգային փորձը, ներդնել արդյունավետ համակարգ (ընդամենը խոսել ենք նաև հնարավոր ռիսկերի մասին):»
09:57 - 18 մայիսի, 2020
ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան

ՍԴ ճգնաժամը հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի․ Ռուբեն Ռուբինյան

ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Կորոնավիրուսի համաճարակը, ինչպես հայտնի է, արագ չի վերանալու։ Քանի որ մենք բազմիցս հայտարարել ենք, որ հանրային առողջությունը մեզ համար առաջնային է, ակնհայտ է, որ ՍԴ ճգնաժամի լուծմանն ուղղված հանրաքվեն չի կարող կայանալ, քանի դեռ համաճարակը չի վերացել։ Սակայն, մյուս կողմից, մենք չենք կարող այսքան երկար սպասել և առաջ շարժվել բարեփոխումների և արդարության հաստատման մեր օրակարգով՝ առանց ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման։ Հետևաբար, ուզում եմ տեղեկացնել, որ, հաշվի առնելով, որ համաճարակը կարող է տևել բավականին երկար, մենք ուղիներ ենք փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ։ Հենց այս համատեքստում օրերս արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հարցեր է ուղղել Վենետիկի հանձնաժողովին։ Այս հարցերը վերաբերում են 2015 թվականի Սահմանադրությամբ նախատեսված, սակայն փաստացի չիրականացված Սահմանադրական դատարանի ձևավորման մոդելը արագ կյանքի կոչելուն, Սահմանադրության փոփոխությունների նախագծի վերաբերյալ Սահմանադրական դատարանի որոշման շրջանակների սահմանմանը, ինչպես նաև նախապես նշանակված և համավարակի պատճառով չանցկացված հանրաքվեն անհրաժեշտության դեպքում չեղարկելու՝ Ազգային ժողովի լիազորությանը։ Այսպիսով, թեև ՍԴ ճգնաժամի հանգուցալուծման հնարավոր այլընտրանքային ուղին իր ծավալով կարող է նույնական չլինել նախնական ուղու հետ, բայց այն, միևնույն է, հանգուցալուծվելու է, և չի բացառվում, որ ավելի արագ և առանց հանրաքվեի»։
17:15 - 15 մայիսի, 2020
Կառավարությունն ընդունեց մինչև հունիսի 13-ը արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու մասին որոշումը

Կառավարությունն ընդունեց մինչև հունիսի 13-ը արտակարգ դրության ռեժիմը 30 օրով երկարաձգելու մասին որոշումը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը կառավարության անդամներին ներկայացրեց Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին օրենքում կատարված որոշ փոփոխությունները և հաստատվող  սահմանափակումները ։ Բադասյանը մասնավորապես ասաց․ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին  օրենքում  վերջերս կատարված փոփոխություններին համահունչ կառավարության որոշումամբ հստակեցվում է պարետի, պարետատան և պարետի կողմից ընդունվող իրավական ակտերի կարգավիճակը։ Հստակեցվում է անձի անձնական ազատության իրավունքի սահմանափակման՝ մասնավորապես մեկուսացման և հարկադիր հոսպիտալացման կարգը, այն  կիրառող մարմինների շրջանակը, մեկուսացված և հոսպիտալացված անձանց տրվող երաշխիքները ։   Ընդ որում, անձնական ազատության իրավունքը սահմանափակող  ակտերը կարղ են վիճարկվել վարչական կամ դատական կարգով։ Սահմանվում է նաև, որ մի շարք սահմաանփակումներ, օրինակ՝ ազատ տեղաշարժվելու, ֆինանսատնտեսական գործունեություն իրականացնելու սահմանափակումները կարող են կիրառվել նաև պայմաններով։ Օրինակ՝ կարող է որոշ տարածքներում պարտադիր դիմակների կրումը և այլն։ Ընդ որում  այդ պայմանը խախտելը որակվելու է հենց ազատ տեղաշարժի իրավունքի խախտում։  Որոշակիորեն մեղմվել են ՔԿՀ-ներին վերաբերող սահմանափակումները, մասնավորապես թույլ ենք տալու, որպեսզի շաբաթը մեկ, մեկ անձի կողմից հանձնուկ հանձնելու հնարավորությւոն տրվի։ Որոշման նախաբանում կարվեն որոշակի վիճակագրական թարմացումներ»։ Կառավարության որոշումը՝  «Հաշվի առնելով, որ Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսային հիվանդության հետևանքով առաջացած արտակարգ իրավիճակը շարունակում է սպառնալ բնակչության կյանքին և առողջությանը և կարող է հանգեցնել անձանց կենսագործունեության բնականոն պայմանների խախտման, -հիմք ընդունելով այն, որ 2020 թվականի մարտի 16-ին արտակարգ դրություն հայտարարելու համար հիմք ծառայած հանգամանքները դեռևս չեն վերացել, որի մասին են վկայում, մասնավորապես, 2020 թվականի մայիսի 12-ի դրությամբ հաստատված կորոնավիրուսային հիվանդության 3538 դեպքերը, որոնցից 1430-ն` առողջացած, 47-ը` մահվան ելքով (2020 թվականի ապրիլի 14-ից հետո դեպքերի թվի աճը կազմել է 2471), ինչպես նաև այն, որ Հայաստանի Հանրապետությունում վարակի հետագա տարածումը և վարակի դեպքերի թվի աճը շարունակում է սպառնալ մարդկանց կյանքին ու առողջությանը, -հաշվի առնելով այն, որ նման արտակարգ իրավիճակը շարունակում է անմիջական սպառնալիք հանդիսանալ սահմանադրական կարգի համար` վտանգելով սահմանադրական կարգի` Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ին հոդվածով սահմանված սոցիալական պետության բաղադրիչը և, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 3-րդ հոդվածով սահմանված` մարդու՝ որպես բարձրագույն արժեք հանդիսանալու սահմանադրական կարգավիճակը, ինչը պետությանը պարտավորեցնում է շարունակական միջոցներ ձեռնարկել անձանց կյանքի ու առողջության պաշտպանության համար, -հիմք ընդունելով այն, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասը լիազորում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը երկարաձգել արտակարգ դրության ժամկետը, եթե արտակարգ դրություն հայտարարել ու հիմք ծառայած հանգամանքները չեն վերացել մինչև արտակարգ դրության ժամկետի ավարտը -և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 76-րդ հոդվածով, 120-րդ հոդվածի 1-ին մասով և «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 1-ին, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է. Երկարաձգել Հայաստանի Հանրապետությունում 2020 թվականի մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը 2020 թվականի մայիսի 14-ից ժամը 17:00-ից` 30 օրով` մինչև 2020 թվականի հունիսի 13-ը ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:
11:49 - 14 մայիսի, 2020