Կա՛մ պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ․ Գարեգին Միսկարյան
23:55 - 20 մայիսի, 2020

Կա՛մ պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ․ Գարեգին Միսկարյան

«Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործադիր մարմնի անդամ Գարեգին Միսկարյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել, որտեղ անդրադրաձել էր վերջին մեկ տարում քննարկվող վեթինգի գաղափարին։ 

Միսկարյանը մասնավորապես նշել էր՝ «Հայաստանում կա համակարգային կոռուպցիա և այդ կոռուպցիայի հովանավորը Նիկոլ Փաշինյանն է։ Դրանցից ամենամեծը դատական ոլորտում է, որտեղ դատավորները կարողացան ճնշումների ու ունեցած կապերի միջոցով հասնել վեթինգի կանխմանը։ Նիկոլ Փաշինյանը հերթական անգամ խաբեց իրեն հեղափոխական ճանապարհով վարչապետ հռչակած ժողովրդին, հերթական անգամ կուլ գնաց համակարգին՝ հերթական անգամ ներկայացնելով դա որպես այլընտրանքի բացակայություն․․․»։ 

Այս հայտարարության, վեթինգի գործընթացի, բարեփոխումների անհրաժեշտության մասին Infocom.am-ը զրուցել է Գարեգին Միսկարյանի հետ։

- Պարոն Միսկարյան, մեկ տարի առաջ կառավարող ուժի ներկայացուցիչների կողմից առաջ քաշվեց այն տեսակետը, որ կա վեթինգ իրականացնելու խիստ անհրաժեշտություն։ Անգամ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը նշել էր, որ պետք է նախագիծ ներկայացվի, սակայն հիմա հակառակ գործընթացն է գնում։ Ձեր կարծիքով ո՞րն է այս զարգացումների պատճառը։

- Ես կարծում եմ, որ վեթինգ չիրականացնելու հիմնական շահագրգիռ կողմն այն դատավորներն են, որոնք ենթադրվում է, որ վեթինգի արդյունքում կկրեն պատասխանատվություն կամ նվազագույնը՝ կդադարեն լինել դատավոր։ Հետևաբար, այդ շահագրգիռ կողմը, ունենալով մեծ ռեսուրսներ, կոռուպցիոն կապե՝ համակարգի նախկին անդամերի  և ինչու չէ նաև ներկա անդամների հետ, ենթադրում եմ, օգտագործել են ամեն հնարավորը՝ հասնելու նրան, որ համոզեն որոշում կայացնողներին, որ վեթինգը վտանգավոր է կամ անհնար է իրականացնել այս փուլում,  կամ ինչ-ինչ հիմնավորումներով փորձում են հետաձգել վեթինգի իրականացումը։  Ես ենթադրում եմ՝ գլխավոր, շահագրգիռ խումբը դատավորներն են և անպայմանորեն նրանց գործոնը կա այս որոշման մեջ։

- Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ վեթինգ իրականացնելու համար անհրաժեշտ է նախ իրականացնել Սահմանադրական փոփոխություններ։ Արդյո՞ք կա դրա անհրաժեշտությունը։ Եթե այո, ապա ինչպե՞ս ու ե՞րբ դա պետք է իրականացվեր։

- Վեթինգի համար  բոլորովին էլ անհրաժեշտ չէ սահմանադրական փոփոխությունների սպասել։ Տեխնիկապես հնարավոր է առանց սահմանադրական փոփոխությունների իրականացնել վեթինգ։ Մյուս կողմից, եթե վեթինգի իրականացումը կապվում է սահմանադրական փոփոխությունների հետ, դա նշանակում է, որ մենք առկախում ենք այդ հարցը մինչև սահմանադրության հանրաքվեն։ Իսկ դա հայտնի չէ, թե երբ կլինի, քանի որ տարբեր միջազգային կազմակերպություններ այս կորոնավիրուսի համավարակի ավարտը հանխատեսում են մեկուկես տարուց մինչև հինգ տարի հետո։

Մենք, սահմանադրական հանրաքվեն  կապելով կորոնավիրուսի համավարակի հետ և վեթինգը կապելով սահմանադրական հանրաքվեի հետ,  հետաձգում ենք այն մինչև հինգ տարի։ Դա նշանակում է, որ մենք հինգ տարի մարդկանց ճակատագրերի հետ ենք խաղում, այսինքն՝ բազմաթիվ ապօրինի որոշումների պատճառով մարդիկ զրկվելու են ունեցվածքից, ազատությունից  և այլն։ Ինչու՞, որովհետեև Ռուստամ Բադասյանը որոշել է, որ հնարավոր չէ վեթինգ իրականացնել։ Եթե հնարավոր չէ, ապա ինչու էր մեկ տարի առաջ նույն այդ խումբը որոշել, որ շատ արագ պետք է վեթինգ իրականացնի։  Ենթադրում եմ, որ այն ժամանակ քաղաքական որոշում կար, հիմա չկա։

- Վերջերս ընդունվեց Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին  օերնքի նախագիծը և նշվում է, որ այդ  նախագիծը նույնպես «մաքրման» գործիք է։ Ձեր կարծիքով՝ այս նախագիծը կարո՞ղ է դատաիրավական համակարգի համար արդյունավետ լինել։ 

- Ես կարծում եմ, որ ապօրինի հարստացման դեմ օրենքը չի կարող տարածվել այն մարդկանց վրա, որոնք որոշում են կայացնելու իրենց մասին։ Այսինքն՝ դատավորները իրենք իրենց ինչպե՞ս են դատելու այդ օրենքի շրջանակներում։ Դա ուղղակի աբսուրդ է։ Առանց իրական դատական բարեփոխումների այդ նախագիծը նույնպես կիրառելի չէ, բազմաթիվ վիճահարույց որոշումները հետագայում նոր  խռովությունների առիթ կարող են հանդիսանալ։ 

- Ի՞նչ  դիրքորոշում ունի «ՔՈ» ՍԴԿ-ն, արյդո՞ք Ձեր հայտարարությունը նաև կուսակցության  դիրքորոշումն է։

-  Ես հայտարարության մեջ նշել եմ, որ դա քաղաքացի Գարեգին Միսկարյանի դիրքորոշումն է։ Պետք է ասեմ, որ կուսակցության մեջ շատերն են կիսում այդ կարծիքը, գուցե որոշների մոտ այդքան սուր չի արտահայտված, ինչպես իմ գրառման մեջ կամ ինչպես ես եմ խոսում դրա մասին։ Խոսքը գնահատականների մասին է։ Բայց մեծ հաշվով կուսակցությունում համակարծիք են։ 

- Արդյո՞ք պատրաստվում եք « կարմիր գիծ» քաշել կառավարող ուժի հետ հարաբերություններում։

- Այս հայտարարությունը հետևեց Նիկոլ Փաշինյանի խորովածի պատմությանը, երբ նա ռեֆորմները սկսեց համեմատել խորովածի հետ և ասաց, որ խորովածը  չի կարելի արագ անել՝ այն կվառվի։ Ասում էր, որ այդ պահանջը պետք է գա հանրությունից։ Դա նշանակում է, որ եթե հանրությունը չընդվզի, չբարձրաձայնի խնդիրների մասին, մենք այդպես էլ ռեֆորմների և համակարգային փոփոխությունների երես չենք տեսնի։ Ես այդ գրառմամբ փորձեցի բարձրաձայնել իմ խոսքը, որպես հանրության մի անդամ ասել, որ կա այդ պահանջը և, եթե մենք չենք գնում ծայրահեղ քայլերի, չի նշանակում, որ հանրությունը չի ցանկանում ռեֆորմներ տեսնել։ Սա իմ դիրքորոշումն է որպես քաղաքացի, ով ակնկալում է այդ ռեֆորմները և քաղաքացի, ով միգուցե որոշ ժամանակ էլ սպասի, ինչը կախված է նրանից, թե այդ ուղերձը ինչպես է ընկալվել և կառավարող ուժը քայլեր կձեռնարկի, թե՝ ոչ։ Եթե ոչ, ապա պետք է գնալ այլ միջոցների՝ նրանց պարտադրելու, որ՝  կա՛մ  պետք է իրականացնել տված խոստումները, կա՛մ հեռանալ, և նրանք անեն այդ փոփոխությունները, ովքեր ունեն այդքան քաղաքական կամք ։ 

-Մեկ տարի առաջ, երբ կառավարող ուժը կազմակերպեց դատարանների շրջափակման ակցիան, «ՔՈ» ՍԴԿ-ն չմասնակցեց այդ ակցիային։ Այս պարագայում ինչպե՞ս է ստացվում, որ Նիկոլ Փաշինյանը ստեց։ Կուսակցական կամ անձնական մակարդակում եղե՞լ է որևէ պայմանավորվածություն, որը խախտվել է։

-Այո՛, ես դրա մասին էլի եմ խոսել։ Ժամանակավոր կառավարության կողմից պիտի փոփոխություններ լինեին։ Պետք է փոխվեր Ընտրական օրենսգիրքը  և կուսակցությունների մասին օրենքը, հետո նոր տեղի ունենային արտահերթ խորհրդարանական ընտրությունները, բայց, ինչպես հիշում ենք, Նիկոլ Փաշինյանը հանկարծակի որոշում ընդունեց, որ իրենք առանց այդ փոփոխություններն անելու, հապճեպ պետք է գնան խորհրդարանական ընտրությունների, որովհետև իրենք մտավախություն ունեին, որ այդ փոփոխություններից հետո իրենք կարող էին չհավաքել այդքան ձայն։ Այսինքն՝ կուսակցական, խմբակային շահը գերադասվեց պետական շահից, քաղաքական դաշտը փոխելու շահից։

Այո՛, ինձ խաբել են։ Ինձ ասելով ես նկատի ունեմ ոչ միայն ինձ, այլ բոլոր նրանց, ովքեր ակնկալում էին, որ այդ փոփոխություններից հետո պետք է լինեն ընտրությունները։ Անձամբ ես և Սուրեն Սահակյանը  Նիկոլ Փաշինյանի հետ ենք խոսել այս թեմայի շուրջ, մինչև հեղափոխությունը՝ իր քայլելու երկրորդ օրը, և նա տվել էր իր համաձայնությունը,ասել էր, որ ինքը պատրաստ է անել այդ փոփոխությունները։ «Իմ քայլը» խմբակցության մեջ ժամանակի ընթացքում իրար հակասող հայտարարություններ շատ են հնչել։ Միակ պատճառը չէ, որ ես իրենց մեղադրում եմ սուտ ասելու մեջ։ 

- Ձեր կարծիքով՝ այս պահին ի՞նչ գործողություններ պետք է արվեն, որոնք չեն արվում կառավարող ուժի կողմից։

- Ինչո՞ւ մենք մինչև հիմա չէինք բարձրաձայնում։ Մենք սպասում էինք այդ փոփոխություններին կամ բարձրաձայնում էինք, բայց շատ մասնակի, որովհտեև ակնկալում էինք, որ որոշ ժամանակ է անհրաժեշտ կառավարող ուժին հարմարվելու և ռեսուրսները ճիշտ գնահատելու, ապա ռեֆորմներ իրականացնելու համար։ Սակայն ժամանակը ցույց տվեց, որ նրանք այդպես էլ այդ ժամանակը չօգտագործեցին իրական ռեֆորմների համար, այլ զուտ նախկին ռեժիմի քաղաքական գիծը որոշակիորեն կոսմետիկ փոփոխությունների ենթարկելով՝ իրենց իշխանությունը պահելու համար են օգտագործում։

Այս պահին առաջնահերթը ռեֆորմների հանձնաժողով, ւստեղծելն է, որը պետք է միայն զբաղվի ռեֆորմներով, պետք է նախանշի, պլանավորի այդ ռեֆորմները, իսկ կառավարող ուժը պարտավորվի քայլ առ քայլ իրականացնել դրանք։ Այլ կերպ կառուցողական առաջընթաց չեմ տեսնում։

- Ձեր գրառման մեջ գրել էիք, որ վտանգի տակ եք դնում Ձեր և Ձեր հարազատների կյանքն ու ազատությունը։ Ի՞նչ նկատի ունեք վտանգ ասելով, ի՞նչ կարող է լինել։ 

-Ես դա չեմ ասում, որ Նիկոլ Փաշինյանը կամ «Իմ քայլ»-ից ինչ-որ մեկը կարող է սպառնալ կամ վտանգ հանդիսանալ ինձ համար, բայց, հաշվի առնելով, որ իրավական համակարգը, եթե ոչ ամբողջովին, ապա մեծամասամբ նախկին ռեժիմի ծառաներն են, ես չեմ բացառում, որ նրանք դիմեն սադրիչ քայլերի, թեկուզ հենց Նիկոլ Փաշինյանին հարվածի տակ դնելու համար․ ինչ-որ ապօրինի քայլեր կատարեն՝ իմանալով, որ անպատիժ են մնալու։ Ինչպես ասում են՝ գողերն էլ են իրենք, բռնողներն էլ։ Փաստ է, որ նմանատիպ շատ դեպքեր, հարձակումներ  են եղել մարդկանց վրա, որոնք չեն բացահայտվել։ Չեմ բացառում, որ հենց նույն սադրելու նպատակ կարող է լինել, և իմ նկատմամբ էլ նմանատիպ քայլեր ձեռնարկեն։ 

Ասպրամ Փարսադանյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել