ԿԸՀ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն անկախ պետական մարմին է, որը կազմակերպում է Ազգային ժողովի եւ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները, հանրաքվեները, ինչպես նաեւ վերահսկողություն է իրականացնում դրանց օրինականության նկատմամբ: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը կազմված է յոթ անդամից: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին եւ մյուս անդամներին Ազգային ժողովի իրավասու մշտական հանձնաժողովի առաջարկությամբ ընտրում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով, վեց տարի ժամկետով:

Նույն անձը չի կարող ավելի քան երկու անգամ անընդմեջ ընտրվել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ, ներառյալ հանձնաժողովի նախագահ: ԿԸՀ նախագահ՝ Տիգրան Մուկուչյան։ ԿԸՀ նախագահի տեղակալ՝ Լաուրա Գալստյան։ ԿԸՀ քարտուղար՝ Արմեն Սմբատյան։ ԿԸՀ անդամներ՝ Գեորգի Մարտիրոսյան, Սիլվա Մարկոսյան, Նունե Հովհաննիսյան, Սեյրան Շահսուվարյան։

ԿԸՀ-ն որոշում է ընդունել ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ

ԿԸՀ-ն որոշում է ընդունել ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) մայիսի 24-ի արտահերթ նիստում ընդունել է որոշում՝ ընտրողի նույնականացումն իրականացնելու վերաբերյալ։ ԿԸՀ որոշմամբ մասնավորապես սահմանվել է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրությունների  քվեարկության ընթացքում ընտրողի ինքնությունը՝ ներկայացված փաստաթղթում առկա լուսանկարի միջոցով ստուգելու նպատակով մասնագետը պահանջում է ընտրողից հեռացնել բժշկական դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները: «Եթե ընտրողը հրաժարվում է հեռացնել դիմակը կամ ընտրողի նույնականացումն անհնարին դարձնող անհատական պաշտպանության այլ միջոցները, ապա մասնագետը ներկայացված փաստաթուղթը չի ներմուծում տեխնիկական սարքավորման մեջ և անմիջապես տեղեկացնում է հանձնաժողովի նախագահին, ով ընտրողին դուրս է հրավիրում տեղամասային կենտրոնից»,- նշվում է ԿԸՀ որոշման մեջ: ԿԸՀ-ն կազմել է նաև արձանագրություն՝ Երևանի ավագանու «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական  ցուցակից ընտրված և լիազորությունները վաղաժամկետ դադարած ավագանու անդամ Էդգար Բարսեղյանի մանդատը «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակի հերթական հաջորդ թեկնածու Նարեկ Պետրոսյանին տալու վերաբերյալ:
21:15 - 24 մայիսի, 2021
Խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կքվեարկի 650 անձ. ԿԸՀ-ն հրապարակել է ցուցակը |armenpress.am|

Խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով կքվեարկի 650 անձ. ԿԸՀ-ն հրապարակել է ցուցակը |armenpress.am|

armenpress.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակել է արտահերթ խորհրդարանական ընտրություններին էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը: Ըստ այդ ցուցակի, էլեկտրոնային եղանակով քվեարկությանը կմասնակցի 650 անձ: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Այդպիսի անձանց թիվը, ըստ ցուցակի, 287 է: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեցող օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի անդամների թիվը, ըստ ցուցակի, 363 է: Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կտևի մինչև հունիսի 13-ը: Էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի Երևանի ժամանակով 08:00-ին և կավարտվի հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին, իսկ քվեարկության արդյունքները կամփոփվեն և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո:
15:19 - 24 մայիսի, 2021
ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին

ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանն ընդունել է ԵԱՀԿ/ԺՄԻԳ հունիսի 20-ին կայանալիք ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ)` 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք ԱԺ արտահերթ ընտրությունների դիտորդական առաքելության հիմնական կազմին՝ դիտորդական առաքելության ղեկավար Էողան Մերֆիի գլխավորությամբ։   Ողջունելով պատվիրակության անդամներին՝ ԿԸՀ նախագահը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության դերը գալիք ընտրությունների ժամանակ և ներկայացրել ԿԸՀ կողմից իրականացվող ընտրությունների կազմակերպման և անցկացման նախապատրաստական աշխատանքները, ընտրական վարչարարությանն առնչվող խնդիրներն ու ընտրական հանձնաժողովների գործառույթները։
18:41 - 18 մայիսի, 2021
ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառները ենթակա են վերացման. ԿԸՀ

ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում 5 քառակուսի մետրը գերազանցող քարոզչական պաստառները ենթակա են վերացման. ԿԸՀ

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաղորդագրություն է տարածել ՀՀ մի շարք քաղաքներում և միջպետական ավտոճանապարհներին տեղադրված արտաքին գովազդային վահանակներում տեղադրված 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառների վերաբերյալ:  «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2021 թվականի հունիսի 20-ի արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզչությունը մեկնարկելու է 2021 թվականի հունիսի 7-ից, սակայն հանրապետության մի շարք քաղաքներում և միջպետական ավտոճանապարհներին տեղադրված  արտաքին գովազդային վահանակներում տեղադրվել են 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական կամ քաղաքական գովազդ իրականացնող պաստառներ: ՀՀ ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի համաձայն՝ ընտրությունների ժամանակ 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառներ կարող են տեղադրվել միայն այն վահանակների վրա, որոնք վահանակները տնօրինող կազմակերպությունների կողմից նախապես տրամադրվել են ԿԸՀ-ին և ԿԸՀ-ն բաշխել է ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի միջև: 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով քարոզչական պաստառ կարող է փակցվել միայն Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից նախապես բաշխված արտաքին գովազդային վահանակում: Նախընտրական քարոզչության անցկացման ժամանակահատվածում 5 քառակուսի մետրը գերազանցող այն քարոզչական պաստառները, ինչպես նաև նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, որոնք փակցված կլինեն ԿԸՀ-ի կողմից չհատկացված վահանակներում՝ անկախ այն հանգամանքից, թե ում կողմից են դրանք փակցվել, ենթակա են վերացման: Մինչև 5 քառակուսի մետր մակերեսով՝ նախընտրական քարոզչության հետ ասոցացվող ճանաչված պաստառները, տպագիր և այլ նյութերը ևս ենթակա են վերացման, եթե նշված պաստառների, տպագիր և այլ նյութերի ծախսերը սահմանված կարգով չեն ներառվում նախընտրական հիմնադրամում:  Խախտմամբ փակցված քարոզչական պաստառները, քարոզչական տպագիր և այլ նյութերը հանում է համայնքի ղեկավարը, անհրաժեշտության դեպքում` ոստիկանության աջակցությամբ»:
16:40 - 14 մայիսի, 2021
Էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին. ովքե՞ր կարող են քվեարկել, ե՞րբ կամփոփվեն արդյունքները |armenpress.am|

Էլեկտրոնային քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին. ովքե՞ր կարող են քվեարկել, ե՞րբ կամփոփվեն արդյունքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների համար էլեկտրոնային եղանակով քվեարկությունը կմեկնարկի հունիսի 11-ին և կտևի մինչև հունիսի 13-ը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած ժամանակացույցի՝ էլեկտրոնային եղանակով քվեարկությունը սկսվում է քվեարկության օրվանից 9 օր առաջ, այսինքն՝ հունիսի 11-ին Երևանի ժամանակով 08:00-ից և ավարտվում է քվեարկության օրվանից 7 օր առաջ, այսինքն՝ հունիսի 13-ին Երևանի ժամանակով 20:00-ին: Էլեկտրոնային եղանակով քվեարկելու իրավունք ունեն Հայաստանի Հանրապետության դիվանագիտական կամ հյուպատոսական ներկայացուցչություններում դիվանագիտական ծառայություն անցնող ընտրողները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները, օտարերկրյա պետություններում երկարատև ծառայողական գործուղման կամ ուսման մեջ գտնվող զինծառայողները, ինչպես նաև ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձանց (անկախ սեփականության ձևից)` արտասահմանում տեղակայված ներկայացուցչությունների` ընտրելու իրավունք ունեցող աշխատակիցները և նրանց հետ արտերկրում բնակվող ընտանիքի` ընտրելու իրավունք ունեցող անդամները: Ընդ որում՝ նրանց ցուցակները լիազոր մարմին ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 27 օր առաջ: Էլեկտրոնային եղանակով քվեարկող ընտրողների ցուցակը ԿԸՀ ներկայացվում է քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 24 օր առաջ: Իսկ ԿԸՀ-ն էլեկտրոնային եղանակով ընտրողների ցուցակը հանձնաժողովի համացանցային կայքում տեղադրում է ցուցակը ստանալու օրվանից 2 օրվա ընթացքում: Էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների ցուցակը լիազոր մարմին ներկայացվում է էլեկտրոնային քվեարկության համար սահմանված ժամկետի ավարտից ոչ ուշ, քան հաջորդ օրը ժամը 12:00-ին, այսինքն՝ հունիսի 14-ին ժամը 12:00-ին Իսկ էլեկտրոնային քվեարկության արդյունքները կամփոփվեն և քվեարկության արդյունքների վերաբերյալ կազմված արձանագրությունը կհրապարակվի քվեարկության օրը, այսինքն՝ հունիսի 20-ին՝ ժամը 20:00-ից հետո:
14:39 - 12 մայիսի, 2021
5 քմ մակերեսը գերազանցող վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար հայտերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է

5 քմ մակերեսը գերազանցող վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար հայտերը ԿԸՀ ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ազգաին Ժողովի արտահերթ ընտրություններում 5 քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների և կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը հունիսի 1-ն է: Ելնելով վերոգրյալից և հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող ընկերություններին առաջարկում է վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչև մայիսի 22-ը:
11:50 - 12 մայիսի, 2021
Վիճակահանությամբ կորոշվի, թե որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի ընտրություններին |armenpress.am|

Վիճակահանությամբ կորոշվի, թե որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի ընտրություններին |armenpress.am|

armenpress.am: Վիճակահանության կորոշվի, թե արտահերթ խորհրդարանական ընտրություններին որ քաղաքական ուժն ինչ համարի ներքո կմասնակցի: Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը լրագրողների հետ զրույցում: «Կուսակցությունների գրանցումից հետո տեղի է ունենում վիճակահանություն, և յուրաքանչյուր կուսակցություն ստանում է իր համարը, որը նշվելու է քվեաթերթիկների վրա: Բացի դրանից, քվեաթերթիկները բոլոր կողքի հատվածում ունեն համապատասխան սև նիշ, որը յուրաքանչյուրի համար տարբեր բարձրության վրա է, որ եթե դրանք տեղադրվեն տարբեր փաթեթների մեջ, անմիջապես կողքից հնարավոր լինի տարբերել, որ այդ խրձում կան նաև այլ քվեաթերթիկներ»,-ասաց Մուկուչյանը: Եթե անգամ գրանցումից հետո լինեն կուսակցություններ, կուսակցությունների դաշինքներ, որոնք կներկայացնեն ինքնաբացարկներ, միևնույն է, համարները փոփոխության չեն ենթարկվելու:
16:53 - 11 մայիսի, 2021
Տիգրան Մուկուչյանը մանրամասներ հայտնեց ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումից |armenpress.am|

Տիգրան Մուկուչյանը մանրամասներ հայտնեց ընտրատեղամասերում տեսախցիկների տեղադրումից |armenpress.am|

armenpress.am: Աշխատանքներ են տարվում, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններին առնվազն 1500 ընտրատեղամասում տեղադրված լինեն տեսախցիկներ, որոնք կապահովեն ուղիղ հեռարձակում: Այս մասին ասաց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը ԿԸՀ նիստից հետո լրագրողների հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե արդյոք բոլոր ընտրատեղամասերում են լինելու տեսախցիկներ, որոնք ապահովելու են ուղիղ հեռարձակում: «Այս փուլում տարվում են աշխատանքներ: Տեսախցիկների տեղադրումն ընտրությունների ժամանակ իրականացվում է կառավարության կողմից ընտրված կազմակերպության միջոցով: Մենք տեղեկացված ենք, որ այս պահին աշխատանքներ տարվում են»,-ասաց Մուկուչյանը: Նա նշեց, որ նախկին ընտրությունների ժամանակ 2009 ընտրատեղամասից տեսախցիկներ տեղադրված եղել 1500 տեղամասերում, որտեղ քվեարկում է ընտրողների ճնշող մեծամասնությունը: Միայն հեռավոր բնակավայրերում շատ փոքր թվով ընտրողների ունեցող տեղամասերում է, որ տեսախցիկներ չեն եղել: «Այս անգամ աշխատանքը տարվում է այնպես, որ 1500 տեղամասերը պետք է ծածկվեն»,-ասաց ԿԸՀ նախագահն ու հավելեց՝ ավելի մանրամասն տեղեկատվություն կներկայացնեն այն ժամանակ, երբ աշխատանքները մեկնարկեն: Անդրադառնալով լրագրողների դիտարկմանը, որ քարոզարշավը դեռ չսկսած որոշ քաղաքական ուժերի պաստառներ արդեն փակցված են՝ նա ասաց, որ Ընտրական օրենսգիրքը նախատեսում է սանկցիաների կիրառում՝ բացառապես ընտրական օրենսգրքի մասնակից սուբյեկտների նկատմամբ, իսկ այս փուլում դեռ չկան գրանցված թեկնածուներ: «Երբ թեկնածուները գրանցվում են, դրանից հետո սկսվում է քարոզչության փուլը, գործում են քարոզչության կանոնները, և սկսվում է համապատասխան վերահսկողություն՝ նաև քարոզչական պաստառների հետ կապված: Ընտրական օրենսգիրքն ունի հստակ կանոնակարգումներ այս առումով, և հիշյալ ժամանակահատվածում, եթե կլինեն քարոզչական պաստառներ, որոնք կփակցվեն ոչ այն վայրերում, որտեղ օրենքը թույլ է տալիս կամ փակցված կլինեն օրենքի խախտումով, չեն պարունակի օրենքով սահմանված տպաքանակի, տպագրատան և այլ նշումներ, բնականաբար կհեռացվեն: Իսկ այս պահին ընտրական հանձնաժողովի համար որևէ գործառույթ նախատեսված չէ: Չի բացառվում անգամ, որ որևէ պաստառ ունեցող սուբյեկտ անգամ չառաջադրվի ու չգրանցվի»,-ասաց Մուկուչյանը:
16:29 - 11 մայիսի, 2021
ԿԸՀ-ն հաստատեց արտահերթ ընտրությունների անցկացման միջոցառումների ժամանակացույցը |azatutyun.am|

ԿԸՀ-ն հաստատեց արտահերթ ընտրությունների անցկացման միջոցառումների ժամանակացույցը |azatutyun.am|

azatutyun.am: Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այսօր հրավիրված նիստում հաստատեց հունիսի 20-ին արտահերթ ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը: Հունիսի 7-ին մեկնարկելու է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, տևելու է մինչև հունիսի 18-ը` ժամը 24:00-ն: Թեկնածուների, կուսակցությունների կամ դաշինքի անդամ կուսակցությունների ինքնաբացարկի մասին դիմումների ներկայացման ժամկետը մինչև հունիսի 10-ն է` ժամը 18:00-ն, ներկայացրեց ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը: Հիշեցնենք, որ երեկ նախագահը ստորագրեց Ազգային ժողովն արձակելու ու ընտրությունների նշանակման հրամանագիրը: Ազգային ժողովը երեկ երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Այսպիսով՝ յոթերորդ գումարման Ազգային ժողովը, համաձայն նախապես ձեռք բերված պայմանավորվածության, իրավունքի ուժով ցրվեց։ Այս խորհրդարանը, սակայն, կշարունակի գործել մինչև նորի ձևավորվումը։ Ապրիլի 25-ին Փաշինյանը հրաժարական էր ներկայացրել, որպեսզի համաձայն քաղաքական ուժերի հետ ձեռք բերած պայմանավորվածության երկու անգամ խորհրդարանը նոր վարչապետ չընտրի, և Հայաստանում կազմակերպվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Սահմանադրության պահանջն է՝ արտահերթ ընտրություններ անցկացնելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի արձակումը։ Իսկ խորհրդարանն արձակվում է, երբ վարչապետի հրաժարականից հետո երկու շաբաթում երկու անգամ անընդմեջ վարչապետ չի ընտրվում։ Վարչապետի ընտրության հարցով առաջին նիստը տեղի ունեցավ մայիսի 3-ին, և պայմանավորվածության համաձայն` խորհրդարանը միակ թեկնածու Նիկոլ Փաշինյանին վարչապետ չընտրեց։
16:02 - 11 մայիսի, 2021
Քաղաքացիներն ընտրությանը քվեաթերթիկի վրա գրիչով ոչ մի նշում չեն կատարի |armenpress.am|

Քաղաքացիներն ընտրությանը քվեաթերթիկի վրա գրիչով ոչ մի նշում չեն կատարի |armenpress.am|

armenpress.am: Խորհրդարանական ընտրություններին ընտրողները քվեաթերթիկի վրա ոչ մի նշում չեն կատարելու, այլ պարզապես ընտրելու են քվեաթերթիկն ու այն դնելու ծրարի մեջ: Համապատասխան որոշումն ընդունվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մայիսի 11-ի նիստում: ԿԸՀ քարտուղար Արմեն Սմբատյանը հիշեցրեց, որ ըստ էության Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ ԿԸՀ-ին առաջարկվում է փոփոխել խորհրդարանական ընտրությունների քվեաթերթիկի ձևը: «Քանի որ ընտրություններն իրականացվելու են զուտ համամասնական ընտրակարգով, քվեաթերթիկը չի ունենալու հետևի հատված, չեն լինելու տարածքային թեկնածուներ, քվեաթերթիկի վրա գրիչ չի օգտագործվելու: ԿԸՀ-ն ընդունում է այն որոշումը, որով փոխվում է քվեաթերթիկի նմուշը: Խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեաթերթիկի վրա ոչ մի նշում այսուհետ չի կատարվելու»,- ասաց Սբատյանը: Ընտրողն իր ընտրությունը կատարելու է հետևյալ կերպ՝ ընտրելու է քվեաթերթիկներից մեկը և այն դնելու է ծրարի մեջ: ՀՀ ԿԸՀ 2016 թվականի նոյեմբերի 22-ի թիվ 139-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ԿԸՀ որոշման նախագիծը քվեարկությամբ ընդունվեց:
15:51 - 11 մայիսի, 2021