Ամուլսար

Ամուլսարը լեռ է Վայոց ձորի և Սյունիքի մարզերի սահմանագլխին, Զանգեզուրի լեռնաշղթայի հյուսիսային մասում։ Բարձրությունը 2987 մ է։ Ամուլսարում կան ոսկու պաշարներ, մասնավորապես, համաձայն «Լիդիան Արմենիա» ընկերության տարածած տեղեկատվության՝ Ամուլսարի հանքավայրի հաստատված ընդհանուր պաշարները կազմում են 89376.3 հազար տոննա հանքաքար, 73733 կգ ոսկի, 294.367 տոննա արծաթ։ 2014 թ․ ՀՀ կառավարության կողմից Գեոթիմ ՓԲԸ («Լիդիան Արմենիա»-ի իրավանախորդ) երկրաբանահետախուզական կազմակերպությանը տրվել է Ամուլսարի հանքավայրի շահագործման թույլտվություն։

Ամուլսարի հանքի շահագործման հնարավոր ռիսկերի վերաբերյալ հասարակական տարբեր շերտեր, փորձագետներ, բնապահպաններ իրենց մտահոգություններն են բարձրաձայնել, որոնք կապված են Ջերմուկի հանքային ջրերի աղտոտման, մոտակա ջրամբարների (այդ թվում՝ Կեչուտի), Արփա գետի, գետակների, Սևանա լճի աղտոտման, շրջակա միջավայրի թունավորման, ցիանիդի օգտագործման հետ կապված աղետի, բնակչության առողջական վիճակի հետ։ 

Պետք է հնարավորություն տալ Ամուլսարը շահագործելու․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյան

Պետք է հնարավորություն տալ Ամուլսարը շահագործելու․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։ - Պարո՛ն Ղալումյան, վերջին օրերին շատ են խոսում Ամուլսարի թեմայով։ Ձեր դիրքորոշումն այս հարցում ո՞րն է։ - Ես խորը մասնագիտական գիտելիքներ չունեմ այս հարցում, բայց որքան հասկանում եմ վերջին ուսումնասիրությունների արդյունքում իհարկե վերջնական մասնագիտական կարծիք հայտնելու իրավունք չունեմ, բայց պետք է հնարավորություն տալ շահագործելու։ - Չէ՞ որ բնապահպանները, բնակիչները մտահոգություններ ունեն այն մասին, որ կան ռիսկեր։ - Ամբողջությամբ կիսում եմ, դրա համար էլ այս խորը ուսումնասիրությունը պետք էր, որ արվել է կառավարության որոշմամբ։ Վերջնական չէ կարծիքս, բայց իմ կարծիքով պետք է նայել այդ տեսակյունից։ - Այսինքն՝ կո՞ղմ եք հանքի շահագործմանը։ - Ամբողջությամբ տեսակետ հայտնել չեմ կարող, որովհետև ամբողջությամբ տեղյակ չեմ, ես արձակուրդում եմ, Հայաստանում չեմ, պրոցեսի մեջ չեմ։ Բայց այդ վերջին ուսումնասիրության եզրակացությունը անտեսել, իմ կարծիքով, չի լինի, մանավանդ որ «Լիդիան»-ը հնարավորություն ունի արբիտրաժային դատարանում վիճարկելու այդ որոշումը, և պետությունը ընկնի խոշոր գումարային տուգանքների տակ։ Իհարկե, առաջնահերթ համարում եմ բնապահպանական իրավիճակը, որը կարծես թե, ըստ այդ եզրակացության, այնքան էլ վտանգված չէ։ - Շատ բնապահպաններ և Ամուլսարի շրջակա բնակավայրերի բնակիչներ չեն վստահում փորձաքննությանը։ Այս մասին ի՞նչ կասեք։ - Փորձաքննությանը չվստահելու հիմքեր են պետք, որպեսզի կարծիք հայտնեն։ Այդ բնակչությունը սկզբնական շրջանում շատ խաղաղ է եղել, և ոչ մի դիրքորոշում չի հայտնել։ Վերջին պահին փորձել դրանով զբաղվելը խնդիր է առաջացնում պետության համար։  
11:26 - 23 օգոստոսի, 2019
Վարչապետը «Իմ քայլը» դաշինքով ստացել է մանդատ՝ որոշում կայացնելու.Վահե Հովհաննիսյան

Վարչապետը «Իմ քայլը» դաշինքով ստացել է մանդատ՝ որոշում կայացնելու.Վահե Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։ - Վերջերս շատ է քննարկվում Ամուլսարի թեման։ Բնապահպանները, Ամուլսարի շրջակա բնակավայրերի բնակիչները մտահոգություն են հայտնում, որ ELARD-ի եզրակացությանը չեն վստահում, այնուամենայնիվ ռիսկեր կան, այդ ռիսկերը կառավարելի չեն, և հանքը չպետք է շահագործվի։ Համամի՞տ եք նրանց հետ, թե՞ կարծում եք, որ հանքը պետք է շահագորվի։ - Ես առաջնորդվում եմ փաստերով։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ջերմուկ քաղաքում վարչապետը հայտարարեց, որ լինելու է միջազգային կազմակերպության կողմից անցկացվող փորձաքննություն, փորձաքննության արդյունքներով որոշում է կայացվելու՝ հանքի շահագործման հետ կապված։ Բացարձակ որևէ առարկություն ո՛չ բնապահպանների, ո՛չ տեղի բնակիչների, ո՛չ ընդդիմադիր խմբավորումների կամ կուսակցությունների կողմից չի հնչել վարչապետի արտահայտած կարծիքին։ Վարչապետը իր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» դաշինքով, ստացել է մանդատ՝ որոշում կայացնելու։ Միջազգային փորձաքննությունն անցկացրել է ELARD-ը, վարչապետը հանգամանալից բացատրել է՝ ինչպես է ստացվել, որ ELARD-ն է զբաղվել այդ փորձաքննությամբ։ Հարուցվել է քրեական գործ վարչապետի նամակի հիման վրա, փորձաքննության եզրակացությունը մենք ունենք, քրեական գործի արդյունքներն ունենք։ Հիմա ի՞նչն է խնդիրը հանքի շահագործման/չշահագործման հետ կապված։ Բացարձակապես խնդիր չեմ տեսնում։ - Բնապահպանների և դժգոհող քաղաքացիները խնդիր են տեսնում նրա մեջ, որ այնումանեայնիվ ռիսկեր կան, որ ՔԿ-ն մանիպուլյատիվ է ներկայացրել փորձաքննության եզրակացությունը, և պետք լսեն իրենց, հանքը չշահագործեն։ - Բացարձակապես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև ես ինձ մանագետ չեմ համարում բնապահպանության կամ երկրաբանության ոլորտում, ես վստահում եմ մասնագետներին։ Մասնագիտական խումբը տվել է իր եզրակացությունը։ Ցանկացած հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկեր կան։ Հիմա խնդիրն այն է՝ բնապահպանական ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ կառավարելի չեն։ Վարչապետը հստակ հայտարարել է՝ Ջերմուկի հանքային ջրերին վնա՞ս են, թե՞ չէ, Սևանի ավազանին վնա՞ս են, թե՞ չէ։ Փորձաքննությունը հանգել է այն եզրակացությանը, որ ո՛չ Սևանին, ո՛չ Ջերմուկին վնաս չեն։ Գետերի հետ կապված կարող են ինչ-որ ռիսկեր ունենալ, որոնք կառավարելի են։ 10 կետը «Լիդիան»-ը իր ՇՄԱԳ-ում արդեն ունեցել է նախատեսած, 6 կետերը, որ վերաբերում են հանքի շահագործումը դադարեցնելուց հետո ռիսկերի կառավարմանը, Լիդիանը 5 կետով համաձայն է, 6-րդ կետն, այնպես չէ, հերքում է, ասում է՝ չենք անելու, պատրաստ է քննարկման։ Այս ամեն ինչից հետ վարչապետը դիմել է նաև Շրջակա միջավայրի նախարարությանը, իրենց եզրակացությունը ևս ունենալու համար։ Ես չեմ հասկանում՝ էլ ինչ պիտի անենք։ Կառավարությունը, վարչապետն էլ ի՞նչ քայլերի պիտի դիմի, որ վստահությունը ավելի բարձր մակարդակի լինի։ Եթե հանքարդյունաբերություն Հայաստանում պիտի լինի,տեղի բնակիչներն էլ, բնապահպաններն էլ չեն հերքում, որ «Լիդիան»-ը ամենաբարձր մակարդակով ապահովում է Հայստանում գործող հանքերի բնապահպանական ռիսկերը։ Դա ոչ մեկը չի քննակում։ Եթե հանքարդյունաբերություն մենք պիտի ունենանք, ուրեմն կարծում եմ, որ ռիսկերը կառավարելի են, և այդ հանքը պիտի շահագործվի։ Շահագործվելու պարագայում ավելի հեշտ կլինի վերահսկելը և՛ քաղհասարակության կողմից, և՛ բնապահպանների կողմից, և՛ կառավարության կողմից, քան անտեսանելի ռիսկերի հետևից ընկնելը։    
11:10 - 23 օգոստոսի, 2019
Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-ից 20 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի․ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյան

Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-ից 20 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի․ ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի ղեկավար, Վայոց Ձորի նախկիին մարզպետ Էդգար Ղազարյանն այսօր Ջերմուկում Նիկոլ Փաշինյանին ներկայացրեց իր տեսակետը Ամուլսարի հանքի վերաբերյալ։ «Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-ից 20 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի։ Ինչ փորձագիտական եզրակացություն էլ փորձեն անել, հնարավոր չէ, որ այդ փոշին այս քաղաքի վրա չանդրադառնա։ Էլ չեմ ասում հանքաքարի փոխադրումը, գրունտային ճանապարհները, աղմուկը։ Այս քաղաքը ժամանակակից քաղաք է, միջնադարյան քաղաք չէ,1930-ական թվականներին են այս քաղաքը կառուցել ջրի վրա։ Ու Հայաստանում միակ կուրորտն է եղել, որ միութենական նշանակություն է ունեցել։ Միութենական կուրորտ նշանակում է, որ քաղաքի էական շառավղով, կարծեմ՝ 50-ից 60 կմ, որևէ հանքարդյունաբերություն և ծանր մետաղակերտման արդյունաբերություն չպետք է լինի։ Այսինքն՝ որպեսզի այս քաղաքը որպես կուրորտ գոյություն ունենա, իր շրջակա միջավայրը պետք է նպաստավոր լինի»,- մասնավորապես ասաց նա։
10:44 - 23 օգոստոսի, 2019
Իրադարձությունները Ջերմուկում․ թարմացվող

Իրադարձությունները Ջերմուկում․ թարմացվող

14։30 Նիկոլ Փաշինյանը շրջում է գյուղերում։ 13:55 Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի պահապանների հետ հանդիպումից հետո հրաժարվեց պատասխանել հարցերին։ Այս պահին նա ուղևորվում է Գնդեվազ։ 13։00 Ամուլսարի պահապանները Փաշինյանի ելույթի ավարտից հետո առաջարկեցին առանձնազրույց ունենալ։ Այս պահին սրճարանում կայանում է նրանց առանձնազրույցը։ 12։52 Հանքի շահագործումը նշանակում է օրական 10-ից 20 պայթեցում, ամեն պայթեցումից բարձրանում է մոտ 25 տոննա փոշի։ Ինչ փորձագիտական եզրակացություն էլ փորձեն անել, հնարավոր չէ, որ այդ փոշին այս քաղաքի վրա չանդրադառնա։ Էլ չեմ ասում հանքաքարի փոխադրումը, գրունտային ճանապարհները, աղմուկը։ Այս քաղաքը ժամանակակից քաղաք է, միջնադարյան քաղաք չէ,1930-ական թվականներին են այս քաղաքը կառուցել ջրի վրա։ Ու Հայաստանում միակ կուրորտն է եղել, որ միութենական նշանակություն է ունեցել։ Միութենական կուրորտ նշանակում է, որ քաղաքի էական շառավղով, կարծեմ՝ 50-ից 60 կմ, որևէ հանքարդյունաբերություն և ծանր մետաղակերտման արդյունաբերություն չպետք է լինի։ Այսինքն՝ որպեսզի այս քաղաքը որպես կուրորտ գոյություն ունենա, իր շրջակա միջավայրը պետք է նպաստավոր լինի։ [ՍԴ աշխատակազմի ղեկավար, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանը՝ Նիկոլ Փշինյանին] 12։20 Շաբաթ օրը սկայպ կոնֆերանս ենք հրավիրելու «Էլարդ» ընկերության փորձագետների հետ և նրանց հարցնելու ենք, թե ինչ են եզրակացության մեջ գրել։Եթե պարզվի, որ գործունեությունը շրջակա միջավայրի համար անվտանգ է, ինչո՞ւ չպետք է թողնենք։ Եթե պարզվի, որ չկան Ջերմուկի օդն ու ջուրը մաքուր պահելու միջազգային ստանդարտների երաշխիքներ, միանշանակ է, որ հանքը չի կարող շահագործվել։ Սխալ որոշում չի լինի։ Նշված խորհրդակցության տեսագրությունն ավելի ուշ հրապարակվելու է, և հասարակությունը հնարավորություն է ունենալու ոչ միջնորդավորված ձևով տեղեկանալ քննարկման մանրամասներին։[Նիկոլ Փաշինյան] 12։07 Երբևէ կառավարությունը առողջարանների տնօրենների կարծիքը հաշվի չի առել։ Մենք նամակ ենք հղել, կառավարությունից եղել է անպատասխան այդ նամակը։ Անցած տարի անձամբ եմ նամակը Փաշինյանին փոխանցել։ Առողջարանների տնօրեններն էին գրել, ովքեր կոչ էին անում հանքարդյունաբերության ոլորտում ներդրումներ անելու փոխարեն ներդրումները ուղղել դեպի տուրիզմի ոլորտ։ [Տուրիզմի կենտրոնի տնօրենը՝ Վլադիմիր Կարապետյանին] 12:04 Օր չկար, որ սար չպայթեցնեին: [«Լիդիան Արմենիա»-ի նախկին աշխատակից, Ջերմուկի բնակիչ] 12:01 Խողովակաշարային ենթակառուցվածքա ստեղծվելու, որ ստորերկրյա ջրերը, որ հոսում են, հանքից եկող ջրերը հոսեն առանց դրանց հետ կոնտակտ ունենալու [Նիկոլ Փաշինյան] 11։56 Ես Ձեզ հորդորում եմ, մի պահ մտովի՛ տեղափոխեք Ձեր ընտանիքը՝ Ձեր ծնողներին, Ձեր երեխեքին, Ջերմուկ ու Վայոց Ձորի մարզ այդ որոշումը կայացնելուց առաջ։ [Ջերմուկի բնակիչը՝ Վլադիմիր Կարապետյանին] 11։42 Մենք շատ ուրախ ենք, որ պարոն Փաշինյանը եկել է, որ ուզում է լսել մեր կարծիքը, բայց այսքան բնակիչ հավաքվել է, ամեն մեկը՝ մի ընտանիքի անդամ, ոչ մեկին չեն լսում, բարձրացել են տներով, որտեղ հանգստացողներ են խոսում։ Ջերմուկի կարծիքը ոչ մեկը չի հարցնում, այ այստեղ է ամբողջ խնդիրը։ [Ջերմուկի բնակիչ] 11։37 Ո՞վ կուզի՝ իր քաղաքի կողքը, իր գյուղի կողքը հանք լինի։ Ովքեր ձգտում են, թող գնա կառավարություն, դիմուն գրեն, շատ խնդրեն, հանք ներդրողները գան, իրենց բնակավայրի կողքը հանք բացեն։ Մենք չենք ուզում։ [Ջերմուկի բնակիչ] 11:27 Եթե նախորդ իշխանությունների արած-չարածը շարունակվում է, մեր իշխանությունը բա ի՞նչ պետք է անի, ես չեմ հասկանում: [Ջերմուկի բնակիչը Ամուլսարի հանքը շահագործելու մասին] 11։24 Հիմա, եթե շատ ուղղակի նայենք էդ սարը էլ առաջվանը չի, որովհետև մինչև հեղափոխությունը 400 միլիոն դոլար են դրել, աշխատանքներ են տարվել, պատկերացրեք ինչքան է փոխվել սարը , եթե էդ մի պուճուր սարի վրա 400 միլիոն դրամ են ծախսել։ Հիմա հարցը դրված է ․․․ ուրիշ տարբերակ չունենք։ Վերջին շրջանի խորհրդակցությունների ժամանակ ես ասել եմ, մենք խնդի՞ր ենք դնում, որ այդ ախտոտված ջուրը 10-ի փոխարեն լինի 2 կամ մեկ․ մասնագետներն ասում են մեր խնդիրն այն է, որ այդ թիվը 0 լինի։ Էս խոտը պետք է տրվի լաբորատոր հետազոտության, եթե պարզվի, որ նրա վրա նստած փոշին ավելին ա, քան նախատեսված է միջազգային ստանդարտներով, ապա 90 օր ժամանակ է տրվում, որ սխալն ուղղվի։ Եթե չի ուղղվում, ապա օրինական ճանապարհով հանքը փակվում է։ [Նիկոլ Փաշինյան] 11։10  Տասը րոպեում 1500 մարդ է հավաքվել․ բոլորը դրսում են։ Հիմա ում դուռը ծեծեք՝ տանը չէ։[Ջերմուկի բնակիչը վարչապետին] 11։05 Ջերմուկում բնակիչները երթ են իրականացնում։ Նրանք վանկարկում են ՝ Ամուլսարն առանց հանքի, Ամուլսարը միայն սար, Ավինյան հեռացիր։ Դիտել  10։50 Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ջերմուկ. բնակիչների հետ հանդիպումը՝ ուղիղ 
10:31 - 23 օգոստոսի, 2019
Եթե անգամ ծիծեռնակներն ու սարյակները հեռացել են Ջերմուկից, դա Ամուլսարի հետ կապ չունի. Նիկոլ Փաշինյան |factor.am|

Եթե անգամ ծիծեռնակներն ու սարյակները հեռացել են Ջերմուկից, դա Ամուլսարի հետ կապ չունի. Նիկոլ Փաշինյան |factor.am|

factor.am։ Այս ամբողջ պատմության մեջ խնդիրն այն է, որ Ամուլսարի հարցը մի քիչ ռացիոնալության դաշտից թեքվել է դեպի էմոցիաների դաշտ, իսկ այս հարցը պետք է քննարկել ռացիոնալության դաշտում: Ջերմուկում բնակիչների հետ հանդիպմանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Կրկնում եմ, եթե Ջերմուկի օդին, ջրին, խոտին Ամուլսարի հանքի շահագործումը վնասում է, ուրեմն քննարկելու բան չունենք, իսկ եթե չի վնասում հարց, ինչո՞ւ չեք թողնում, որ աշխատի: Եթե պարզվի, որ Ամուլսարի հանքի շահագործումը վնասում է Ջերմուկի օդը, ջուրը և բուսականությունը, Կառավարությունը 90 օր ժամանակ կտա՝ թերացումները շտկելու համար, եթե չշտկվեն, հանքը կփակվի»,- ընդգծեց վարչապետը: Նա նշեց, որ վաղն Ամուլսարի փորձաքննությունն իրականացրած «Էլարդ» ընկերության հետ տեսակապով քննարկում է ունենալու, տալու է այդ ընկերության փորձագետներին իրեն ուղղված բոլոր հարցադրումները՝ ստանալով փորձագետներից դրանց պատասխանները: Շարունակությունը՝ factor.am-ում
08:31 - 23 օգոստոսի, 2019
Շաբաթ օրը «Էլարդ» ընկերության փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն տեղի կունենա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

Շաբաթ օրը «Էլարդ» ընկերության փորձագետների հետ Ամուլսարի հարցով առցանց խորհրդակցություն տեղի կունենա. Նիկոլ Փաշինյան |aysor.am|

aysor.am։ ՀՀ կառավարության ներկայացուցիչները շաբաթ օրը առցանց խորհրդակցություն են ունենալու «Էլարդ» ընկերության փորձագետների հետ՝ քննարկելու Ամուլսարի շահագործման ռիսկերը։ Այս մասին այսօր ջերմուկցի ընտանիքի հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«Սկայպ կոնֆերանս ենք հրավիրելու վերջիններիս հետ և նրանց հարցնելու ենք, թե ինչ են եզրակացության մեջ գրել», - ասաց կառավարության ղեկավարը՝ հավելելով, որ նշված խորհրդակցության տեսագրությունն ավելի ուշ հրապարակվելու է, և հասարակությունը հնարավորություն է ունենալու ոչ միջնորդավորված ձևով տեղեկանալ քննարկման մանրամասներին։ «Կան շատ մարդիկ, որոնք ասում են, որ թեկուզ պարզվի՝ Ամուլսարի շահագործումն անվտանգ է, միևնույն է՝ դեմ են շահագործմանը։ Եթե պարզվի, որ գործունեությունը շրջակա միջավայրի համար անվտանգ է, ինչո՞ւ չպետք է թողնենք։ Պոտենցիալ ներդրողի համար չկան ներկա և նախորդ իշխանություններ, կա ՀՀ օրենք։ Կա անվտանգության, քաղաքական և բարոյական շահ։ Հետևաբար մեր որոշումները պետք է լինեն այնպիսին, որ մի շահի սպասարկման հաշվին չլինեն։ Եթե պարզվի, որ չկան Ջերմուկի օդն ու ջուրը մաքուր պահելու միջազգային ստանդարտների երաշխիքներ, միանշանակ է, որ հանքը չի կարող շահագործվել։ Ես այստեղ չունեմ կոռուպցիոն շահ, միակ շահը Հայաստանի հավասարակշռված շահն է», - ասաց վարչապետը։ Մեկ այլ ջերմուկցի վարչապետի հետ զրույցում հույս հայտնեց, որ Ամուլսարի հանքը որպես ձկան փուշ չի մնա իրենց կոկորդին։ «Հարցը մի քիչ էմոցիոնալ դաշտում է՝ ռացիոնալության դաշտից դուրս։ Իսկ ռացիոնալ դաշտ հետևյալն է՝ օդ, ջուր, հող, փոշի։ Եթե հանքը սրանց վնասում է, քննարկելու որևէ բան չկա։ Սխալ որոշում չի լինի», - ասաց վարչապետը։
08:25 - 23 օգոստոսի, 2019
Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու համար ՄԻՊ-ն աշխատանքային խումբ է գործուղել Ջերմուկ

Ամուլսարի հանքի շահագործման հետ կապված իրադարձություններին տեղում ծանոթանալու նպատակով Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է գործուղվել Ջերմուկ քաղաք։ Այս մասին հայտնում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից: Այցի ընթացքում նախատեսվում են քննարկումներ Գնդևազ համայնքի բնակիչների, Ամուլսարի հանքի չշահագործման համար տարածքում հերթապահություն իրականացնող քաղաքացիների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։ Առանձին քննարկումներ տեղի կունենան նաև Ջերմուկի համայնքապետարանում։Հաշվի առնելով լրատվամիջոցների և սոցիալական ցանցերի հրապարակումները՝ առանձին դիտարկում կիրականացվի քաղաքում ոստիկանական ուժերի կուտակումների հետ կապված։ Այս հարցով Պաշտպանի աշխատակազմի թեժ գծին երեկ հասցեագրվել է 3 ահազանգ Ջերմուկի բնակիչներից։ Նշենք, որ Մարդու իրավունքների պաշտպանն իր իրավասության սահմաններում շարունակում է ուշադրության կենտրոնում պահել Ամուլսարի հանքի շահագործման շուրջ տեղի ունեցող իրադարձությունները։
06:54 - 23 օգոստոսի, 2019
Ամուլսարի հարցը թեկուզ որոշակի օրենքի տեսք տված բռնությամբ լուծելը կփլուզի հեղափոխության կոնցեպտը |lragir.am|

Ամուլսարի հարցը թեկուզ որոշակի օրենքի տեսք տված բռնությամբ լուծելը կփլուզի հեղափոխության կոնցեպտը |lragir.am|

Մեր զրուցակիցն է «Քաղաքացու որոշում» սոցիալ-դեմոկրատական կուսակցության անդամ Միքայել ՆահապետյանըՊարոն Նահապետյան, Նիկոլ Փաշինյանը Ամուլսարի վերաբերյալ «Էլարդի» եզրակացությունը ուղարկել է Շրջակա միջավայրի նախարարություն՝ հանձնարարելով պարզել արդյոք եզրակացության մեջ կա՞ն տվյալներ, որոնք հանքի շահագործման համար Շրջակա միջավայրի ազդեցության նոր գնահատում իրականացնելու անհրաժեշտություն են առաջացնում։ Սա կարո՞ղ ենք համարել պայքարի արդյունք, թե ոչ, արդյոք կառավարությունը հանրային ճնշմանը տեղի տվեց։ Ես կդժվարանամ սա գնահատել որպես արդյունք, որովհետև արդյունքը պետք է լինի առարկայական։ Արդյունքն այն կլինի, երբ արձանագրվի այս կամ այն դիրքորոշումը, արձանագրվի, թե մեր կառավարությունն ինչ քաղաքական գիծ է վերցնում։ Այս իմաստով, դա պրոցեդուրային մի կետ է ընդամենը, որը մենք անցնում ենք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ իր կարծիքով 99 տոկոսով դրա կարիքը չկա, հիմա այն մի տոկոսն է ուզում հստակեցնել։ Ես պնդում եմ, որ կա նման անհրաժեշտություն՝ իրավաբանների, մասնագետների հետ ուսումնասիրելով մեր խորհրդատուներն ասում են, որ կա նոր ՇՄԱԳ անցկացնելու անհրաժեշտություն։ Պատճառն այն է, որ 300 էջի վրա «Էլարդ» ընկերությունը մատնանշել է հազարավոր նոր էկոլոգիական հանգամանքներ։ Էկոլոգիական նոր հանգամանք է այն, որ տեկտոնիկան այնքան էլ պարզ չի, ինչքան «Լիդիանը» ներկայացրել է։ Բազմաթիվ նոր հանգամանքներ կան, իսկ ՇՄԱԳ փորձաքննությունների մասին օրենքը հաստատում է, որ նման պայմաններում, երբ ծագում են նոր էկոլոգիական հանգամանքներ, պետք է վերափորձաքննություն լինի։ Նաև օրենքի մի քանի այլ կետեր կան, որոնց վրա հենվելով կարելի է պնդել, որ նոր փորձաքննությունը պարտադիր է։ Ես հույս ունեմ, որ Շրջակա միջավայրի նախարարությունը հանդես կգա հանրության շահերի դիրքերից, որովհետև նրանք կառավարությունում են այն պատճառով, որ հանրություն այդպես ցանկացել է։ Ես հույս ունեմ, որ նրանք կարդարացնեն մարդկանց ակնկալիքները։ Շարունակությունը՝ lragir.am-ում
06:13 - 23 օգոստոսի, 2019
Եթե սուբյեկտները ՀՀ կառավարության պահանջները կատարում են, պետք է աշխատեն.ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան

Եթե սուբյեկտները ՀՀ կառավարության պահանջները կատարում են, պետք է աշխատեն.ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։ - Վերջին օրերին շատ է քննարկվում Ամուլսարի թեման։ Ի՞նչ դիրքորոշում ունեք այս հարցում։ - Իմ դիրքորոշումն է, որ Հայաստանի Հանրապետությունը իրավական պետություն է, և իրավական պետություն լինելով՝ պետք է շարժվի օրենքներով և ՀՀ ժողովրդի շահերով։ - Ըստ Ձեզ՝ ՀՀ ժողովրդի շահերից բխո՞ւմ է Ամուլսարի հանքի շահագործումը։ - ՀՀ ժողովրդի շահերից բխում է, որ ՀՀ ժողովուրդը ապրի անվտանգ, տնտեսապես կայուն, էկոլոգիապես վերահսկողության տակ գտնվող արդյունաբերությամբ և բարձր տեխնոլոգիաների առաջ բնակվող երկրում։ - Եթե խոսում ենք էկոլոգիապես վերահսկվող արդյունաբերության մասին, Ամուլսարի շրջակա բնակավայրերի բնակիչները չեն վստահում փորձաքննության եզրակացությանը և ասում են՝ կան ռիսկեր, որոնք կառավարելի չեն, և հանքի շահագործումը վտանգավոր է։ Դուք ինչպե՞ս եք վերաբերվում այդ կարծիքներին։ - Առաջին հերթին, ոչ բոլոր բնակիչներն են այդպիսի դիրքորոշում հայտնում։ Մի մասը, այո՛, մտահոգված է իրավիճակով, մյուս մասը դրական է վերաբերվում հանքի շահագործմանը, բայց, ամեն դեպքում, որպես պատասխանատու իշխանություն՝ մենք պետք է աշխատենք բոլոր շահագրգռված կողմերի հետ և բացատրենք իրենց հանքի վտանգները, ինչպես նաև հանքի շահագործման հետ կապված այն բոլոր հանգամանքները, որոնք գոյություն ունեն։ - Այսինքն՝ Դուք դեմ չե՞ք լինի, եթե որոշում կայացվի հանքը շահագործել։ - Ես դեմ չեմ, որպեսզի օրենքով սահմանված կարգով և օրենքի տառով բոլոր այն տնտեսական սուբյեկտները, որոնք անօրինական կամ ոչ հիմնավորված կերպով են փորձում իրականացնել գործունեություն ՀՀ տարածքում, չաշխատեն այստեղ և պատժվեն։ Բայց եթե սուբյեկտները ՀՀ կառավարության պահանջները կատարում են և փորձում են իրականացնել օրինական գործունեություն, այդ սուբյեկտները պետք է աշխատեն։ Եթե կան այդ աշխատող սուբյեկտների հետ ռիսկեր, կառավարության և իշխանության պարտականությունն է, որպեսզի այդ ռիսկերը վերահսկվեն, կառավարվեն, և ցանկացած շեղման դեպքում այդ տնտեսական սուբյեկտը պատժվի և նույնիսկ զրկվի գործունեություն կատարելու իր հնարավարությունից։ - Այսինքն՝ Դուք համաձայն եք այն պնդման հետ, որ ռիսկերը վերահսկելի են։ -Ես բնապահպան չեմ, և մասնագիտական որևէ կարծիք չեմ կարող հայտնել։ Ես հիմնվում եմ բնապահպանների, տնտեսագետների և մասնագետների, ինչպես նաև կառավարության փորձագետների կարծիքի վրա։
13:01 - 22 օգոստոսի, 2019
Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ

Ինչո՞ւ է Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը․ ՀԲՃ

Հայկական բնապահպանական ճակատը հայտարարություն է տարածել, որտեղ նշում է, որ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի պնդումը, թե իրենք փորձաքննության համար մրցույթի հետ կապված փորձագետ չեն բերել Հայաստան:ՀԲՃ-ի հայտարարությունը ներկայացնում ենք ստորև. «ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ 2019թ-ի օգոստոսի 19-ին տեղի է ունեցել Ամուլսարի հանքի վերաբերյալ խորհրդակցություն։ Քննչական կոմիտեում հարուցված քրեական գործի շրջանակներում փորձաքննություն անելու համար միջազգային կազմակերպության ընտրության մրցույթի հարցի քննարկման ընթացքում փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, պատասխանելով Փաշինյանի հետևյալ հարցին․ «Հիմա իրենք «Էլարդ»-ի՞ անունը տվեցին՝ որպես վստահելի կազմակերպություն», ասում է․«Որպես վստահելի կազմակերպություն, պարոն վարչապետ: Բայց, այնուամենայնիվ, ես, եթե չեմ սխալվում, և կարծում եմ՝ չեմ սխալվում, մինչև մրցույթ հայտարարելը «Էլարդ»-ի մասնագետները եկան սկզբում այստեղ ու տարբեր այլ փորձագետներ են եկել, բացի «Էլարդ»-ից, այսինքն՝ «Էլարդ»-ը միակը չի եղել, փորձագիտական այլ խմբեր էլ են եղել: Նույն Բնապահպանական ճակատը 2 փորձագետ էր բերել, այսինքն՝ նրանք նույնպես ունեցել են այդ հնարավորությունը մասնակցելու: Եվ դրանից հետո արդեն միջազգային մրցույթ է կազմակերպվել և եթե չեմ սխալվում…»։Քանի որ այս պատասխանում հիշատակված է մեր կամավորական խմբի անունը և նշվում է, թե իբր այդ մրցույթի հետ կապված մենք երկու փորձագետ ենք բերել Հայաստան, ցանկանում ենք հայտարարել հետևյալը․Տիգրան Ավինյանի՝ վերը նշված պնդումը չի համապատասխանում իրականությանը։ Մենք ոչ մի առնչություն չենք ունեցել այդ մրցույթի հետ և ոչ մի փորձագետի չենք բերել դրան մասնակցելու համար։ Երկու միջազգային փորձագետներ իսկապես եկել են Հայաստան 2018թ-ի հունիս ամսին, հանդիպել են նաև Տիգրան Ավինյանի հետ, ներկայացրել են իրենց տեղեկություններն ու գիտական վերլուծությունները, սակայն նրանք ոչ մի առնչություն չէին կարող ունենալ այդ մրցույթի հետ, քանի որ քրեական գործը հարուցվել է նրանց այցելությունից մեկ ամիս անց՝ հուլիսի 20-ին, իսկ նախաորակային մրցույթը հայտարավել է շատ ավելի ուշ՝ նոյեմբերի 11-ին։ Ուզում ենք նշել նաև, որ այդ փորձագետներին մենք չենք բերել Հայաստան, այլ իրենք եկել են Հայաստանի հանրությանը և այլ շահագրգիռ կողմերին ներկայացնելու 2017թ-ի գարնանից Ամուլսարի ծրագրի ռիսկերի վերաբերյալ իրենց արած հիմնարար ուսումնասիրությունների արդյունքները՝ քիմիայի ու բնապահպանական հարցերով ինժեներ ամերիկահայ Հարութ Բրոնոզյանի նախաձեռնությամբ և միջոցներով։Անհասկանալի է, թե ինչո՞ւ է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը խեղաթյուրում փաստերը՝ շահարկելով նաև մեր անունը։ Հաշվի առնելով վերջին օրերին վարչապետի հնչեցրած որոշ այլ տվյալներ, նաև ուշադիր կարդալով վերոնշյալ խորհրդակցության սղագրությունը՝ մեզ մոտ նաև հարցեր են առաջանում, թե ի՞նչ նպատակով է սա արվել, արդյոք սա եզակի՞ դեպք է, թե՞ կան իրականությանը չհամապատասխանող այլ փաստեր ևս, որոնք ներկայացվում են վարչապետին տարբեր պաշտոնյաների կողմից։ Ինչո՞ւ ենք սա շեշտում, քանի որ սա առաջին դեպքը չէ, և մենք արդեն իսկ ներկայացրել էինք Տիգրան Ավինյանին առնչվող նմանօրինակ ևս մի դեպք՝ «Ինչպես թյուրիմացության մեջ գցել ՀՀ վարչապետին» հոդվածում՝ կապված օֆշորներում գրանցված ընկերությունների իրական սեփականատերերի բացահայտման օրենքի հետ։Մենք շատ լուրջ կասկածներ ունենք, որ տեղի է ունենում վարչապետին խեղաթյուրված կամ անհիմն տեղեկությունների տրամադրման մի գործընթաց»:
12:37 - 22 օգոստոսի, 2019
Կարծում եմ՝ ցանկացած հանքի շահագործման մեջ կան ռիսկեր․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան

Կարծում եմ՝ ցանկացած հանքի շահագործման մեջ կան ռիսկեր․ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի  շահագործման թեմայով։ - Այս օրերին շատ է շրջանառվում Ամուլսարի թեման։ Ո՞րն է Ձեր դիրքորոշումը այս հարցում։ - Ես կարծում եմ, որ էլի անհրաժեշտ են ուսումնասիրություններ։ - Այսինքն՝ կատարվեն նոր ուսումնասիրություններ, հետո՞ կայացվի Ամուլսարը շահագործելու կամ չշահագործելու որոշում։ - Ես կարծում են՝ անհրաժեշտ են էլի ուսումնասիրություններ, կամ եղած ուսումնաիրությունները հստակեցնել՝ արդյո՞ք ամեն ինչ ճիշտ է արված։Եթե միջզգային կազմակերպությունը արել է ուսումնասիրություն, ստուգել է փաստաթղթերը, ու ամեն ինչ կարգին է, պետք է հասկանալ ուղղակի՝ մենք ուզո՞ւմ ենք՝ Ամուլսարը շահագործվի, թե ոչ։ - Շատ բնապահպաններ, նաև Ամուլսարի շրջակա բնակավայրերի բնակիչներ չեն վստահում փորձաքննության եզրակացությանը, ասում են՝ ռիսկեր կան, և այդ ռիսկերը կառավարելի չեն։ Դուք փորձաքննության եզրակացությանը վստահո՞ւմ եք։ - Ես կարծում եմ՝ ցանկացած հանքի շահագործման մեջ կան ռիսկեր, այդ թվում՝ նաև Ամուլսարի հանքի շահագործման մեջ կլինեն ռիսկեր։ - «Իմ քայլը» խմբակցության մի քանի պատգամավորներ որոշել են նամակով դիմել վարչապետին, քանի որ նրանք ուզում են՝ նոր ՇՄԱԳ իրականացվի։ Դուք կո՞ղմ եք նոր ՇՄԱԳ իրականացնելուն։ - Ես դեմ չեմ, որ նոր ՇՄԱԳ լինի, բայց քանի որ խնդիրը չեմ ուսումնասիրել ու Հայաստանում չէի, որ հասկանայի խնդիրը ամբողջությամբ, ես չեմ հասցրել խնդրին լրիվ ծանոթանալ, հետևաբար նոր բան ասել չեմ կարող։
12:24 - 22 օգոստոսի, 2019
Միջազգային արբիտրաժի մասնագետը պարզաբանում է Լիդիանի կողմից արբիտրաժ դիմելու հնարավոր զարգացումները

Միջազգային արբիտրաժի մասնագետը պարզաբանում է Լիդիանի կողմից արբիտրաժ դիմելու հնարավոր զարգացումները

Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրն իրականացնող «Լիդիան» ընկերության կողմից արբիտրաժ դիմելու դեպքում հնարավոր է համարում նվազագույնը կատարած ներդրման չափով պահանջի ներկայացումը, իսկ փոխհատուցման չափը սահմանում է դատարանը՝ դիտարկելով տարբեր գործոններ, այդ թվում, օրինակ, սպասվելիք եկամուտները: Այս մասին մասնագետը խոսեց «Արմենպրես» լրատվական գործակալության մամուլի սրահում հրավիրված ասուլիսում՝ նկատելով, որ վերջին շրջանում ներդրումների մի քանի թիվ է նշվել՝ 500 միլիոն, 700 միլիոն և 2 միլիարդ դոլար. Ամուլսարի ներդրած գումարների մասին, սակայն, հանրությունը կտեղեկացվի, եթե միայն ներդրողը հայց ներկայացնի արբիտրաժային դատարան: «Պետությունը պետք է ընդունի որոշում, որ ամբողջապես պետք է կարգավորի հանքարդյունաբերական դաշտը, խստացնի օրենսդրությունը և բնականաբար չպետք է ձեռնարկվեն միջոցառումներ, որոնք կարող են ստեղծել այնպիսի իրավիճակ, որ որևէ ներդրող հայտնվել է թիրախային իրավիճակում և բոլոր գործողությունները կենտրոնացած են մեկ ներկրողի դեմ: Սա վտանգավոր է նրանով, որ ստեղծում է պարարտ հող օտարերկրյա ներդրողների համար՝ բերել արբիտրաժային գործեր Հայաստանի դեմ, ինչն անցանկալի երևույթ է և ներառում է բազում վտանգներ»,-նշեց մասնագետը:Խոսելով առհասարակ հանքարդյունաբերողի լիցենզիայի չեղարկման ազդեցությունների մասին՝ Պապյանը նկատեց, որ արբիտրաժին հնարավոր է դիմել կորպորատիվ վերակազմավորման, ինչպես նաև ֆիզիկական անձի միջոցով, որը վերջնական տիրապետում է այդ ակտիվներին կամ սեփականատերն է: Անգամ կարող է առաջանալ դիպլոմատիկ պաշտպանության հարց, այսինքն՝ ներդրողները դիմում են իրենց երկրին՝ նշելով, որ պաշտպանության կարիք ունեն:«Լիդիանի պարագայում ստեղծվել է մի իրավիճակ, երբ կորպորատիվ վերակազմավորումն իրականացվել է և դրանից հետո ուղարկվել է վեճի առկայության ծանուցումը (Լիդիան Ինթերնեյշնլ Լիմիթեդ ընկերության դուստր կազմակերպությունները՝ Lydian UK Corporation Limited-ը եւ Lydian Canada Ventures Corporation-ը, 2019թ. մարտի 11-ին հայտարարել են Հայաստանի կառավարության հետ վեճերի առկայության մասին և տեղեկացրել են, որ կարող են դիմել միջազգային արբիտրաժ- խմբ.): Սա ամենևին էլ պատահական չէ. եթե վեճի առկայության ծանուցումն ուղարկվեր մինչև կորպորատիվ վերակազմավորումը, արբիտրաժային դատարանն ընդհանրապես կհրաժարվեր ընդունել իր իրավասությունը և գործը ի սկզբանե պարտված կլինեին»,-ընդգծեց Պապյանը:Ընդհանրապես արբիտրաժ դիմելու դեպքում ներդրողը կարող է պնդել, որ իր նկատմամբ կիրառվել են խտրական գործողություններ, կարող են լինել դիսկրիմինացիայի, անուղղակի էքսպրոպրիացիայի (ունեզրկման), արդար, անաչառ վերաբերմունք չցուցաբերելու, ներդրումների ֆիզիկական պաշտպանվածության հարցեր, որոնք կարող են զգալի վնասներ պատճառել Հայաստանի դիրքերին, եթե ներդրողն ի վիճակի լինի հաղթել:
11:28 - 22 օգոստոսի, 2019