Վարչապետը «Իմ քայլը» դաշինքով ստացել է մանդատ՝ որոշում կայացնելու.Վահե Հովհաննիսյան
11:10 - 23 օգոստոսի, 2019

Վարչապետը «Իմ քայլը» դաշինքով ստացել է մանդատ՝ որոշում կայացնելու.Վահե Հովհաննիսյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահե Հովհաննիսյանի հետ զրուցել ենք Ամուլսարի հանքի շահագործման թեմայով։

- Վերջերս շատ է քննարկվում Ամուլսարի թեման։ Բնապահպանները, Ամուլսարի շրջակա բնակավայրերի բնակիչները մտահոգություն են հայտնում, որ ELARD-ի եզրակացությանը չեն վստահում, այնուամենայնիվ ռիսկեր կան, այդ ռիսկերը կառավարելի չեն, և հանքը չպետք է շահագործվի։ Համամի՞տ եք նրանց հետ, թե՞ կարծում եք, որ հանքը պետք է շահագորվի։

- Ես առաջնորդվում եմ փաստերով։ Նախընտրական քարոզարշավի ժամանակ Ջերմուկ քաղաքում վարչապետը հայտարարեց, որ լինելու է միջազգային կազմակերպության կողմից անցկացվող փորձաքննություն, փորձաքննության արդյունքներով որոշում է կայացվելու՝ հանքի շահագործման հետ կապված։ Բացարձակ որևէ առարկություն ո՛չ բնապահպանների, ո՛չ տեղի բնակիչների, ո՛չ ընդդիմադիր խմբավորումների կամ կուսակցությունների կողմից չի հնչել վարչապետի արտահայտած կարծիքին։ Վարչապետը իր քաղաքական թիմով՝ «Իմ քայլը» դաշինքով, ստացել է մանդատ՝ որոշում կայացնելու։ Միջազգային փորձաքննությունն անցկացրել է ELARD-ը, վարչապետը հանգամանալից բացատրել է՝ ինչպես է ստացվել, որ ELARD-ն է զբաղվել այդ փորձաքննությամբ։ Հարուցվել է քրեական գործ վարչապետի նամակի հիման վրա, փորձաքննության եզրակացությունը մենք ունենք, քրեական գործի արդյունքներն ունենք։ Հիմա ի՞նչն է խնդիրը հանքի շահագործման/չշահագործման հետ կապված։ Բացարձակապես խնդիր չեմ տեսնում։

- Բնապահպանների և դժգոհող քաղաքացիները խնդիր են տեսնում նրա մեջ, որ այնումանեայնիվ ռիսկեր կան, որ ՔԿ-ն մանիպուլյատիվ է ներկայացրել փորձաքննության եզրակացությունը, և պետք լսեն իրենց, հանքը չշահագործեն։

- Բացարձակապես համաձայն չեմ այդ տեսակետի հետ, որովհետև ես ինձ մանագետ չեմ համարում բնապահպանության կամ երկրաբանության ոլորտում, ես վստահում եմ մասնագետներին։ Մասնագիտական խումբը տվել է իր եզրակացությունը։ Ցանկացած հանքի շահագործման դեպքում բնապահպանական ռիսկեր կան։ Հիմա խնդիրն այն է՝ բնապահպանական ռիսկերը կառավարելի՞ են, թե՞ կառավարելի չեն։ Վարչապետը հստակ հայտարարել է՝ Ջերմուկի հանքային ջրերին վնա՞ս են, թե՞ չէ, Սևանի ավազանին վնա՞ս են, թե՞ չէ։ Փորձաքննությունը հանգել է այն եզրակացությանը, որ ո՛չ Սևանին, ո՛չ Ջերմուկին վնաս չեն։ Գետերի հետ կապված կարող են ինչ-որ ռիսկեր ունենալ, որոնք կառավարելի են։

10 կետը «Լիդիան»-ը իր ՇՄԱԳ-ում արդեն ունեցել է նախատեսած, 6 կետերը, որ վերաբերում են հանքի շահագործումը դադարեցնելուց հետո ռիսկերի կառավարմանը, Լիդիանը 5 կետով համաձայն է, 6-րդ կետն, այնպես չէ, հերքում է, ասում է՝ չենք անելու, պատրաստ է քննարկման։ Այս ամեն ինչից հետ վարչապետը դիմել է նաև Շրջակա միջավայրի նախարարությանը, իրենց եզրակացությունը ևս ունենալու համար։ Ես չեմ հասկանում՝ էլ ինչ պիտի անենք։ Կառավարությունը, վարչապետն էլ ի՞նչ քայլերի պիտի դիմի, որ վստահությունը ավելի բարձր մակարդակի լինի։

Եթե հանքարդյունաբերություն Հայաստանում պիտի լինի,տեղի բնակիչներն էլ, բնապահպաններն էլ չեն հերքում, որ «Լիդիան»-ը ամենաբարձր մակարդակով ապահովում է Հայստանում գործող հանքերի բնապահպանական ռիսկերը։ Դա ոչ մեկը չի քննակում։ Եթե հանքարդյունաբերություն մենք պիտի ունենանք, ուրեմն կարծում եմ, որ ռիսկերը կառավարելի են, և այդ հանքը պիտի շահագործվի։ Շահագործվելու պարագայում ավելի հեշտ կլինի վերահսկելը և՛ քաղհասարակության կողմից, և՛ բնապահպանների կողմից, և՛ կառավարության կողմից, քան անտեսանելի ռիսկերի հետևից ընկնելը։

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել