Հայկ Մարության

Երևանի նախկին քաղաքապետ, դերասան, ռեժիսոր, հասարակական և քաղաքական գործիչ։

2021 թ․ դեկտեմբերի 15-ին Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցությունը քաղաքապետ Հայկ Մարությանին անվստահություն հայտնելու գործընթաց սկսեց։ Դեկտեմբերի 22-ին Հայկ Մարությանը հեռացվեց Երևանի քաղաքապետի պաշտոնից․ քաղաքապետարանում տեղի ունեցած փակ քվեարկության արդյունքում Երևանի նոր քաղաքապետ ընտրվեց Հրաչյա Սարգսյանը։

Ծնվել է 1976թ․ դեկտեմբերի 18-ին։ 

1996 - 2002 թվականներին աշխատել է «Շարմ» ընկերությունում՝ որպես սցենարիստ, ռեժիսոր, դերասան։ 2002 թվականին ընկերների հետ համատեղ հիմնել է «Կարգին ստուդիա» ընկերությունը, որտեղ և աշխատել է որպես դերասան, սցենարիստ, ռեժիսոր և պրոդյուսեր։ 2012 թվականից հանդիսացել է «Շանթ» հեռուստաընկերության «Կանխիկ հումոր» հեռուստանախագծի ժյուրիի անդամ։ 2018 թվականի սեպտեմբերին Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից առաջադրվել է որպես Երևանի քաղաքապետի թեկնածու։

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիին

Քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիին

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը հանդիպել է ՀՀ-ում ԱԶԲ մշտական ներկայացչության գրասենյակի ղեկավար Պաոլո Սպանտիգատիի գլխավորած պատվիրակության հետ: Կողմերը բարձր են գնահատել Ասիական զարգացման բանկի և Երևան համայնքի միջև համագործակցությունը՝ գոհունակությամբ նշելով դրա հագեցած օրակարգը: Անդրադառնալով իրականացված ու ընթացիկ ծրագրերին՝ քաղաքապետ Մարությանը պատրաստակամություն է հայտնել շարունակել փոխգործակցությունը՝ ընդգրկելով նոր ոլորտներ: Պաոլո Սպանտիգատին իր հերթին նշել է, որ ԱԶԲ-ն ֆինանսական կառույց լինելուց բացի, նաև նպաստում է ժամանակակից քաղաքային ենթակառուցվածքների զարգացմանը և ընդգծել, որ բանկը պատրաստակամ է լինել քաղաքապետարանի գործընկերն ու աջակիցը՝ մասնակցելով Երևանն ապրելու համար ավելի հարմար դարձնելու նոր ծրագրերին: ԱԶԲ ֆինանսավորմամբ Երևանում ներկայումս քաղաքի կենտրոնը շրջանցող նոր ճանապարհներ են կառուցվում: Քաղաքապետ Հայկ Մարությանը կարևորել է ԱԶԲ մասնակցությունը Երևանի ենթակառուցվածքների զարգացման գործում՝ նշելով, որ շրջանցիկ ճանապարհների կառուցումը մեծապես կնպաստի քաղաքի առանցքային խնդիրներից մեկի՝ տրանսպորտային հոսքերի բեռնաթափման խնդրի լուծմանը:Հանդիպման ընթացքում նախանշվել են նաև համագործակցության նոր հնարավորությունները, որոնք տեխնիկական, խորհրդատվական և ֆինանսական ուղղվածություն կունենան:
11:38 - 12 դեկտեմբերի, 2019
Հայկ Մարությանը ճիշտ է, վթարային շենքերի տեղում նորը չի կառուցվել բնակիչների մեղքով |fip.am|

Հայկ Մարությանը ճիշտ է, վթարային շենքերի տեղում նորը չի կառուցվել բնակիչների մեղքով |fip.am|

fip.am։ Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը նոյեմբերի 26-ին լրագրողների հետ ունեցած ճեպազրույցի ժամանակ անդրադարձել էր Արզումանյան փողոցի 4-րդ կարգի վթարային 2 շենքերի բնակիչների վերաբնակեցման հարցին և նշել, որ կառուցապատողներ կան, որոնք պատրաստ են շենքը քանդել, կառուցել նոր շենք և այդ մարդկանց հատկացնել բնակմակերես, սակայն բնակիչների մի մասը դեմ է (2։00 րոպեից): «Մասնավորապես, կարող եմ նշել, որ Արզումանյան փողոցի վրա 2 շենք կա՝ 10 և 17-ը, որտեղ անգամ փլուզման վտանգ կա: Բոլոր բնակիչներին առաջարկել ենք վարձակալել իրենց համար բնակարաններ, որպեսզի իրենց վտանգ չսպառնի։ Մի մասը բնակիչների համաձայնվել է, մյուս մասը չի համաձայնվել։ Ես շատ մտահոգված եմ իրենց անվտանգությամբ, բայց օրենքով իրավունք չունեմ պարտադրանքով տարհանելու։ ․․․Մենք գտել ենք կառուցապատող, շատ երկար ժամանակ բանակցել ենք, կառուցապատողը բանակցել է շենքի բնակիչների հետ, պատրաստ է շենքը վերցնել, քանդել, տեղը սարքել նորակառույց և տալ իրենց համապատասխան բնակմակերես, իսկ այդ ընթացքում իրենց պահել վարձով։ ․․․ 1․5-2 տարի է հաշվարկվում, և տեղափոխվում են նորակառույց շենք, և պատկերացրեք, այստեղ ունենք խնդիրներ՝ բնակիչները դեմ են»,- նշել է քաղաքապետը։ Իսկ հարցին, թե ինչո՞ւ են դեմ, ասել է, որ անկեղծ չգիտի, կարող է լինել, որ վստահություն չունեն, թեև լավագույն իրավաբանների միջոցով իրենց համար ամենաուժեղ պայմանագրերն են կնքվելու, և արդյունքում կառուցապատողները հրաժարվում են ծրագրից։ «Փաստերի ստուգման հարթակը» այցելեց նշված հասցեներ՝ փորձելով պարզել, թե ինչքո՞վ է ճիշտ քաղաքապետի պնդումը և ինչո՞ւ են բնակիչները դեմ նման առաջարկին։ Արզումանյան 10 և 17 4-րդ կարգի վթարային շենքերի միակ լուծումը վերաբնակեցումն է Դեռևս 2018 թ․-ի դեկտեմբերին 3-րդ կարգի վթարային համարվող Արզումանյան 10 շենքն արդեն այս տարի, անկախ փորձագիտական կազմակերպության ուսումնասիրությունների համաձայն, դարձել է 4-րդ աստիճանի վթարայնության: Նույն վիճակն է նաև հարևանությամբ գտնվող Արզումանյան 17 հասցեում: Մասնագետների խոսքով՝ խնդրի միակ լուծումը վերաբնակեցումն է: Քաղաքապետարանի առաջարկների շուրջ բնակիչները համաձայնության չեն գալիս Թե՛ Արզումանյան 10 և թե՛ 17 շենքի բնակիչները Fip.am-ի հետ զրույցում հաստատեցին՝ քաղաքապետարանն իրենց տեղեկացրել է, որ ներդրող են գտել, բանակցել, որը պատրաստ է քանդել վթարային շենքերը և տեղում կառուցել նորակառույց շենք և նրանց տալ այնքան բնակմակերես, որքան իրենց բնակարաններն են։ Արզումանյան 17 շենքում 36 բնակարան կա, 5 բնակարանի բնակիչներ արդեն դուրս են եկել շենքից և վարձով են բնակվում, իսկ վարձավճարը քաղաքապետարանն է տալիս։ 7 բնակարանի բնակիչներ դեմ են եղել ոչ միայն վարձով բնակարաններ տեղափոխվելուն, այլ ընդհանրապես կառուցապատողի առաջարկին, մյուսները թեև այս պահին դեմ են վարձով բնակարաններ տեղափոխվելուն, բայց նորակառույց շենքին իրենց համաձայնությունը տվել էին։ Արզումանյան 10 շենքը ևս 36 բնակարան ունի։ Այստեղ 5 բնակարանի բնակիչներ համաձայն չեն դուրս գալ։ Մյուսները կառուցապատողի առաջարկներին կողմ են, սակայն շենքից այս պահին դուրս գալ և քաղաքապետարանի հաշվին վարձով բնակվել չեն համաձայնվում, քանի որ պահանջում են քաղաքապետը երաշխիքներ տա, որ հետագայում իրենց համարժեք կփոխհատուցեն։ Դեմ են այն բնակիչները, որոնք շենքի այն մուտքից չեն, որի պատերի ճեղքերն օր-օրի են լայնանում։ Կառուցապատողների առաջարկներից ի՞նչը չի գոհացնում դեմ բնակիչներին Արզումանյան 10 շենքի 5 և 17 շենքի 7 բնակարանների սեփականատերերը նորակառույցին դեմ են հիմնականում այն պատճառով, որ ավելի ընդարձակ բնակարան ստանալու ակնկալիք ունեն։ 17 շենքի բնակիչ Գագիկ Մանուկյանը, որը դեմ բնակիչներից է, Fip.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ իր բնակարանը 3 սենյակ ունի, որի տակ նկուղ կա։ Նկուղը նա բնակելի մակերես է դարձրել և պահանջում է, որ նույնքան քառակուսի էլ նոր շենքում նկուղի համար տրամադրեն։ «Այսինքն երկու հատ տուն է գալիս, իրենք ոչ մի կերպ չեն ուզում մի քանի քառակուսի ավել տան»,- ասաց նա, բացի այդ էլ նշեց, որ վստահություն չունեն, որ հետագայում, ինչպես անցած տարիների փորձը ցույց է տվել, ընկերությունն իրեն սնանկ չի հայտարարի՝ խուսափելով պարտավորությունից։ Նա նշեց, որ բնակիչներ կան, որ ավտոտնակի համար են փոխհատուցում ուզում, կամ շենքը շքամուտքի հաշվին ընդլայնել են, սենյակ դարձրել և դրա համար էլ են պահանջ ներկայացնում։ Դեմ բնակիչներից Ռուբենը, որն ազգանունը չնշեց, ասաց, որ ինքն ավել քառակուսի չի ուզում, և դեմ է եղել, որովհետև նախագիծը սրտով չէ, խոհանոցը լուսամուտ չունի։ Արզումանյան 10 շենքի բնակիչներից Զարուհի Առաքելյանը պնդեց, որ քաղաքապետարանի կողմից վատ առաջարկ չեն ստացել։ «Խնդիրը մեր մեջ է, վտանգը ոչ ոք չի գիտակցում»,-ասաց նա և նաև նշեց, որ իրենց շենքի կառուցապատողին չեն վստահում, քանի որ նախկինում որևէ շենք չի կառուցել։ Արզումանյան 10 շենքի կառուցապատող ընկերությունը պետք է լինի «Էկոլենդ» ՍՊԸ-ն, իսկ 17 հասցեում նոր շենք կառուցելու պատրաստակամություն հայտնել է «Կվադրա Քոնսթրաքշն» ՍՊԸ-ն։ Կառուցապատման ծրագիրը սառեցվել է, նոր ծրագիր է առաջարկվել Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը տեղեկացրեց, որ նշված կառուցապատողները հրաժարվել են նախագծից, որը թեև, նրա խոսքով, շատ լավն էր։ «Ուղղակի բնակիչների անհեթեթ պահանջների պատճառով գործարքը չեղյալ է հայտարարվել, և պայմանագրի ձևաթղթի փոփոխության կարիքն էլ չեղավ հետագայում, որ մշակում կատարվեր և ռիսկերը նվազեցվեին»,-ասաց նա։ Մարկոս Հարությունյանը նշեց, որ քաղաքապետարանը նոր գործընթաց է սկսել։ «Կառավարությունը բյուջեից ֆինանսավորում է, քաղաքապետարանն էլ գումարի մի մասն է դնում, համատեղ շենք են կառուցելու Աջափնյակում, տեղանքը կոնկրետ ընտրված չէ և երկու շենքերի բնակիչներին ապահովում են նոր բնակարանով, հետո նոր այդ կառուցապատողների հետ գործարք են կապում, և տվյալ շենքի տարածքում այդքան բնակարանների չափով քաղաքապետարանը կառուցապատողից ստանում է գումարը։ Սա էլ, իր հերթին, կբերի քաղաքի բնակֆոնդի նոր մակերես, և կանցնեն մնացած 4-րդ կարգի վթարային շենքերի բնակաների ապահովմանը։ Սա միակ ծրագիրն է, որով կարելի է սահուն ձևով լուծել քաղաքը բնակարաններով ապահովելու հարցը»,- ասաց նա։ Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ քաղաքապետ Հայկ Մարությանը ճիշտ է՝ նշելով, որ ներդրողների առաջարկները վթարային շենքի բնակիչների մի մասը մերժել է, ինչի հետևանքով կառուցապատողները ծրագրից հրաժարվել են։  
11:37 - 29 նոյեմբերի, 2019
Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա եւ պիտի անցկացվեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ. Սամվել Ֆարմանյան

Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա եւ պիտի անցկացվեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ. Սամվել Ֆարմանյան

Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ճիշտ կլինի, որ մինչեւ Ամանոր հրաժարական տա քաղաքապետի պաշտոնից։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 28-ին, ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանը։ Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Կրկնում եմ այն, ինչ ասել եմ մի քանի ամիս առաջ. Հայկ Մարությանը պիտի հրաժարական տա եւ պիտի անցկացվեն Երեւանի ավագանու արտահերթ ընտրություններ` հետեւյալ երեք առանցքային հանգամանքներով պայմանավորված. 1. Քաղաքական իրավիճակի փոփոխություն. Հայկ Մարությանը, ակնհայտորեն, այլեւս չի վայելում երեւանցիների մեծամասնության վստահությունը: 2. Հայկ Մարությանը կատարելապես ձախողել է իր նախընտրական խոստումները եւ ապացուցել իր լիակատար անկարողությունը, իբրեւ քաղաքագլուխ: 3. Ներքաղաքական կյանքը, ցավոք, ընթանում է հետագա ապակայունացման ուղիով, իսկ Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունները կարող են ներքաղաքական կյանքը զերծ պահել հետագա հավանական ապակայունացումից:  
12:59 - 28 նոյեմբերի, 2019
«Կրպակներ՝ անիվների կամ քարերի վրա. այն ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ». Հայկ Մարության

«Կրպակներ՝ անիվների կամ քարերի վրա. այն ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ». Հայկ Մարության

Երևանում նախորդ շաբաթ ապամոնտաժվել է 18 ապօրինի կրպակ ու տաղավար: Բացօթյա առևտուրը կանոնակարգելու նպատակով քաղաքապետարանի և վարչական շրջանների ստորաբաժանումների աշխատանքներն ամենօրյա են: Աշխատանքային խորհրդակցության ժամանակ անդրադառնալով առևտրի շրջիկ մեքենաների գործունեությանը՝ քաղաքապետ Հայկ Մարությանն ընդգծել է, որ բոլոր տնտեսվարողները ևս մեկ անգամ պետք է տեղեկացվեն և զգուշացվեն, որ խնդրի կարգավորմանն ուղղված օրենքի նախագիծն արդեն Աժ-ում է: «Չնայած օրենքում առկա բացերին, այն, ինչ կատարվում է այսօր քաղաքում, փաստացի շրջիկ առևտուր չէ: Դրանք կրպակներ են՝ անիվների կամ քարերի վրա: Քաղաքը սա չի կարող թույլ տալ: Առաջիկայում կլինեն օրենսդրական փոփոխություններ, որոնցով կկարգավորվի ոլորտը: Լինելու է իսկապես շրջիկ առևտուր՝ այսինքն մեքենաները մշտապես կայանած չեն լինելու նույն վայրում: Իսկ թույլատրելի վայրերը, ժամերն ու մյուս չափորոշիչները կսահմանի քաղաքի ավագանին»,-նշել է քաղաքապետը: ***Աղբահանության խնդրի վերջնական կարգավորմանը զուգահեռ քաղաքապետարանը սկսել է աղբի տեսակավորման փորձնական ծրագիրը: Տնտեսվարողների հետ համագործակցությամբ տեսակավորվող ստվարաթղթի տեղափոխման համար կառանձնացվեն նոր մեքենաներ: Բնակիչների համար էլ քաղաքային իշխանությունը մտադիր է առանձին տեսակավորող աղբամաններ ունենալ: ***Ֆիզիկական անձանց գույքահարկի վճարման վերջնաժամկետը սահմանվել է դեկտեմբերի 1-ը: Քաղաքացիներն առաջիկա օրերին կիրազեկվեն նաև բջջային հեռախոսահամարներին ստացվող կարճ հաղորդագրություններով: Երևանի քաղաքապետարանը հիշեցնում է՝ ժամանակին վճարելով գույքահարկն ու հողի հարկը, կխուսափեք տույժերից ու տուգանքներից: Կարևոր է նաև իմանալ, որ քաղաքի խնդիրները հնարավոր է լուծել հենց քաղաքացիների անմիջական մասնակցության ու հարկերի պարտաճանաչ վճարման շնորհիվ: ***Երևանի քաղաքապետարանը քայլեր կձեռնարկի՝ կարգավորելու հետիոտնային անցումների անվտանգությունը, կտեղադրվեն քաղաքացիների կանչով աշխատող լուսացույցեր: Զեկուցվել է, որ մինչև տարեվերջ ևս 5 անցում կունենա նման լուսացույց: Հաջորդ տարի նույն մոտեցումը կցուցաբերվի ևս 36 հատվածներում: Քաղաքապետի հանձնարարությամբ ճանապարհային ոստիկանության հետ աշխատանքներ կտարվեն նաև կարգավորելու տվյալ հատվածներում թույլատրելի առավելագույն արագությունը: ***Քաղաքապետը հանձնարարել է մշակել և ներկայացնել Ամանորի տոնական միջոցառումների ծրագիրը, որը կհետաքրքրի ոչ միայն Երևանի բնակիչներին, այլև քաղաքի հյուրերին: «Այս տարի Ամանորը պետք է նշվի յուրահատուկ ձևով, ունենանք ծրագիր, որ մեր քաղաքացիները, այլընտրանք փնտրելու փոխարեն, Ամանորն անցկացնեն հենց քաղաքում՝ Հանրապետության հրապարակում: Այդ օրերին Երևանը հյուրընկալում է նաև արտերկրից ժամանած մեր բազմաթիվ հայրենակիցներին ու այլ զբոսաշրջիկներին: Այս առումով շատ կարևոր է տոնական օրերը հետաքրքիր դարձնել նաև տուրիզմի զարգացման տեսանկյունից»,-նշել է քաղաքապետը: ***Խոսելով առաջիկա անելիքների մասին՝ քաղաքապետ Հայկ Մարությանը նշել է, որ բոլոր ոլորտներում անհրաժեշտ են հստակեցնել մոտեցումները: «Արձակուրդի ընթացքում, լինելով եվրոպական որոշ քաղաքներում, ունեցա ոչ պաշտոնական մի շարք հանդիպումներ՝ աղբահանության, տրասնպորտի, առևտրի և մի շարք այլ ոլորտների առաջատար մասնագետների հետ, ծանոթանա իրենց փորձին: Մեկ օրում կամ մեկ տարում այդ ամենին հասնել, իհարկե, հնարավոր չէ, սակայն, ձգտելով եվրոպական չափանիշներին, հնարավոր է կոնկրետ քայլերով գնալ դեպի նպատակ:Հնարավոր է՝ հիմա սկսած աշխատանքի արդյունքը երևա տասը տարի հետո: Բայց այդ արդյունքն ունենալու համար պետք է սկսել այսօր: Պետք է հանգիստ աշխատենք՝ իմանալով, թե ուր ենք գնում»,-ընդգծել է Երևանի քաղաքապետը:
12:46 - 11 նոյեմբերի, 2019
Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»- ի մասին |armenpress.am|

Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»- ի մասին |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը վստահեցնում է, որ «Սանիթեք» ընկերության կողմից միջազգային արբիտրաժային դատարան դիմելը Հայաստանի վարկանիշի վրա չի ազդելու: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով հարցին, արդյոք Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի այն, որ «Սանիթեք» ընկերությունը դիմում է միջազգային արբիտրաժային դատարան՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սանիթեք»-ը խոշոր ներդրող է, պատասխանեց, որ դա ընդհանրապես Հայաստանի վարկանիշի վրա չի ազդի: «Խոշոր ներդրող լինելը չի նշանակում լինել լավ ներդրող: Մենք պատրաստ ենք այդ ամբողջ պրոցեսին: Մենք ունենք բոլոր ապացույցները, որ «Սանիթեք»-ը պատշաճ որակով չի կատարել իր աշխատանքը: Ասեմ ավելին, այս պահին հարուցված են բազմաթիվ քրեական գործեր՝ կապված «Սանիթեք» ընկերության հետ՝կապված նախ հարկային պարտավորությունների հետ, ինչպես մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա կան այլ ընկերություններ, որոնց հետ կապված պարտավորություններ ունի և գումարները չի տվել»,- ասաց Մարությանը:
12:27 - 19 հոկտեմբերի, 2019
Երևանցին նա է, ով սիրում է Երևանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Երևանցին նա է, ով սիրում է Երևանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման․ Հայկ Մարության

Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շնորհավորել է մայրաքաղաքի տոնը․ «Սիրելի երևանցիներ, այսօր ուզում եմ հերթական անգամ սիրո խոստովանություն անել մեր քաղաքին: Եվ քանի որ քաղաքը՝ առաջին հերթին իր բնակիչներն են, ուզում եմ խոսել հենց երևանցիների մասին: Մեզանում կա այն կեսկատակ-կեսլուրջ բանավեճը, թե ով է իսկական երևանցին: Մեկն ասում է, թե երևանցի է նա, ով ծնվել է քաղաքում, նա, ում ծնողները կամ պապերն են ծնվել այստեղ, կամ նա, ով կիսով չափ կամ մեկ քառորդով է երևանցի և այլն: Իմ սերնդի մարդիկ ասում են, թե երևանցի չի կարող համարվել նա, ով պատանի տարիքում Ձորում չի լողացել կամ չի կերել Բոքսի թաղի կրպակի 11 կոպեկանոց պաղպաղակը, կամ՝ Երրորդ մասի «Սևան» կինոթատրոնում հնդկական կինո չի նայել և այլն: Մի քիչ ավելի երիտասարդ սերնդի համար երևանցի լինելու «վկայականը» քաղաքի վերջին տրամվայից կախված երթևեկելու մասին հիշողությունն է կամ «Կրծած կուկուրուզի» ֆոնին ունեցած լուսանկարը: Նոր սերնդի երևանցիները, թերևս, ավելի պրագմատիկ են. երևանյան «մկրտության ծեսը» նրանց համար քաղաքացիական պայքարին մասնակցությունն է ու սեփական իրավունքներին տեր կանգնելու անհրաժեշտության գիտակցությունը: Բայց ի վերջո, ո՞վ է իսկական երևանցին: Իրականում, ամեն ինչ շատ պարզ է՝ երևանցին նա է, ով սիրում է Երևանը, սիրում է՝ հոգատար ծնողի ու պատասխանատու ընկերոջ նման: Եվ ես ուզում եմ տոնական այս օրը ողջունել ու շնորհավորել բոլոր երևանցիներին՝ անկախ նրանից, ծնվել են նրանք այստեղ, թե վերջերս են տեղափոխվել Երևան: Ուզում եմ հա՛տկապես ողջունել Երևան եկած մեր սփյուռքահայ եղբայրներին ու խնդրել նրանց՝ հնարավորինս հաճախ ու երկար ուրախացնել մեզ իրենց ներկայությամբ: Ողջունում եմ նաև Երևանում գտնվող օտարերկրյա դիվանագիտական ներկայացուցչությունների, արտասահմանյան կազմակերպությունների աշխատակիցներին, անգամ մի քանի օրով որպես զբոսաշրջիկ եկած մեր հյուրերին: Որովհետև ես վստահ եմ՝ ով մի քանի օր ապրել է Երևանում, նույնիսկ մի քանի ժամով վայելել է Երևանի արևը, ընդմիշտ պահելու է Երևանն իր սրտում, հետևաբար՝ դառնալու է մեր ընկերն ու բարեկամը: Շնորհավո՜ր, երևանցիներ, շնորհավո՛ր մեր հավերժական քաղաքի տոնը»:
07:44 - 19 հոկտեմբերի, 2019
Երևանի քաղաքապետարանի և Սանիթեքի պայմանագիրը շատ մեծ կասկածներ է առաջացնում. Մարության |lragir.am|

Երևանի քաղաքապետարանի և Սանիթեքի պայմանագիրը շատ մեծ կասկածներ է առաջացնում. Մարության |lragir.am|

lragir.am: «Սանիթեք» ընկերության կողմից աղբի հավաքագրման այն թերացումներից բացի, որոնք մենք տեսել ենք ամիսներ ու գուցե տարիներ շարունակ, եղել են շատ տարօրինակ ընթացքներ: Օրինակ՝ շատ մեծ կասկած է առաջացնում պայմանագրի կնքման, մրցույթների անցկացման օրինականությունը: Այս մասին Երևանի ավագանու այսօրվա նիստում ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը՝ անդրադառնալով հարցին, որ «Սանիթեք» ընկերությունը սպառնում է դիմել միջազգային արբիտրաժ:«Հետաքրքիր փաստեր կան ընթացիկ փաստաթղթերի վարման, Սանիթեք-քաղաքապետարան հարաբերությունների վերաբերյալ և այլն: Այնպես որ, այստեղ շատ հարցեր կան»,- ասաց նա: Ինչ վերաբերում է արբիտրաժ դիմելուն, Հայկ Մարությանն ասաց, որ քաղաքապետարանի կողմից մանրակրկիտ ուսումնասիրվել են բոլոր փաստաթղթերը: «Եթե այնուամենայնիվ Սանիթեք ընկերությունը որոշում կայացնի գնալ արբիտրաժային դատարան, ենք լիովին պատրաստ ենք դրան»,- նշեց Մարությանը:
10:43 - 08 հոկտեմբերի, 2019
Հայկ Մարությանը պարզաբանել է «Սանիթեք»-ի շուրջ ստեղծված իրավիճակը |armenpress.am|

Հայկ Մարությանը պարզաբանել է «Սանիթեք»-ի շուրջ ստեղծված իրավիճակը |armenpress.am|

armenpress.am: Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը կարծում է, որ քաղաքի աղբահանությամբ զբաղվող «Սանիթեք» ընկերությունը պարզապես ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները: Այս մասին Մարությանը հայտնեց 1in.am-ին տված հարցազրույցում: Մարությանն, անդրադառնալով «Սանիթեք» ընկերության հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում հնչած այն մտքին, թե ընկերության և քաղաքապետարանի միջև ընթացող բանակցությունները դադարել են, նշեց, որ դրանք ընթացել են մինչ այն պահը, երբ ընկերության ղեկավար Նիկոլաս Էլ Թավիլը գտնվել է Երևանում: «Բանակցություններն ընթանում էին հենց առաջին օրվանից, երբ ես արդեն ստանձնել էի քաղաքապետի պաշտոնը: Բնականաբար, այդ պահին առաջնահերթ խնդիրը, որ առկա էր քաղաքում, դա աղբահանությունն էր: Մինչև մայիսի վերջ պարոն Նիկոլասը եղել է Երևանում, մենք հանդիպել ենք, բանակցությունները կանգ չեն առել: Մանրամասն քննարկվել են բոլոր խնդիրներն ու դրանց լուծումները: Ընդամենը 2-3 շաբաթ առաջ իրենց ներկայացուցիչը եկել է քաղաքապետարան, մենք խոսել ենք, խնդրել ենք ներկայացնել ֆինանսական փաստաթղթերը, որպեսզի տեսնենք, թե ինչու են իրենք վատ ֆինանսական վիճակում»,- նշեց քաղաքապետը: Հայկ Մարությանի խոսքով՝ Երևանի աղբահանության խնդիրն ինքը ժառանգել է նախորդ իշխանությունից, այն ժամանակ ևս «Սանիթեք»-ն իր տրամադրության տակ եղած շարժակազմով չի կարողացել լուծել մայրաքաղաքի աղբահանության հարցը: «Իրենք ուղղակի չեն կարող կատարել իրենց աշխատանքը: Այն շարժակազմով, որն իրենք ունեն այս պահին, դա չեն կարող անել: Թե ինչու է այնպես եղել, որ այս շարժակազմն ու աղբամանների վիճակն ու քանակը կա, դա չեմ կարող ասել: Ըստ պայմանագրի՝ մայրաքաղաքում պետք է լինի մետաղյա 16 հազար աղբաման, այս պահին ունենք ընդամենը 90 մետաղյա աղբաման»,- ասաց Մարությանը: Հայկ Մարությանը անհասկանալի համարեց նաև «Սանիթեք»-ի ղեկավարության հայտարարությունը, թե իրենք պատրաստվում են դիմել արբիտրաժային դատարան: Մարությանը նշեց, որ իրենք պատրաստվում են մաքրել Երևանը՝ «Սանիթեք»-ի հետ, թե առանց «Սանիթեք»-ի: ՊԵԿ քննչական վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով քննվում է «Սանիթեք ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության և «Սանիթեք» ՍՊԸ հայաստանյան մասնաճյուղի վերաբերյալ նախապատրաստված նյութերով առանձնապես խոշոր չափերով հարկերը չվճարելու դեպքի առթիվ քրեական գործը, որը հարուցվել է դեռևս 22.02.2019թ.-ին:  
17:38 - 02 օգոստոսի, 2019
Քաղաքը աղբից մաքրելը կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ, դա միայն ձեր ձեռքերում է. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»-ին Հասարակություն

Քաղաքը աղբից մաքրելը կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ, դա միայն ձեր ձեռքերում է. Հայկ Մարությանը՝ «Սանիթեք»-ին Հասարակություն

«Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում» համայնքային հիմնարկի միջոցների համալրումը շարունակվում է: Նախորդ շաբաթ Երևան է հասել երկու նոր աղբահավաք մեքենա, ինչպես նաև քաղաքապետարանի ձեռքբերած աղբարկղերի առաջին խմբաքանակը՝ 400 հատ: Աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ զեկուցվել է, որ նոր աղբամանների տեղադրումը համայնքը կսկսի Դավթաշեն վարչական շրջանից: «Սանիթեք» ընկերության ներկայացուցիչը հերթական անգամ, քաղաքապետի հարցմանն ի պատասխան նշել է, որ ընկերությունը չի պատրաստվում ո՛չ նոր աղբատար մեքենաներ, ո՛չ նոր աղբամաններ ձեռք բերել: «Երևան քաղաքը չի կարող ձեզ անվերջ սպասել, և քաղաքային իշխանությունները ձեռնարկել են իրենց գործողությունները: «Սանիթեք» ընկերության հետ կնքած պայմանագրով 16000 աղբաման պետք է լինի քաղաքում, այս պահին շուրջ 4000 են, բայց այդ եղածներն էլ պիտանի չեն օգտագործման: Մեր քաղաքացիների բնականոն կյանքն ապահովելու համար մենք սկսում ենք փոխարինել դրանք համայնքի ձեռքբերած աղբամաններով: Ամբողջ քաղաքում, ի վերջո, պետք է լինեն նոր աղբամաններ, որոնք ընթացքում պետք է լվացվեն և սպասարկվեն: Քաղաքը չի կարող ունենալ այնպիսի աղբամաններ, ինչպիսին տրամադրում է «Սանիթեք» ընկերությունը: Քաղաքային իշխանությունները թույլ չեն տալու, որ Երևան քաղաքում աղբահանությունը մնա այս վիճակում: Նախընտրական փուլում ասում էի, որ մաքրելու ենք քաղաքը աղբից. ես վերահաստատում եմ այդ կետը: Իսկ դա կլինի ձեզ հետ, թե առանց ձեզ, դա միայն ձեր ձեռքերում է: Ձեր ընկերությունը պետք է սթափվի և հասկանա, որ եթե տապալելու է այս գործընթացը, ապա ստանալու է համարժեք գնահատականը: Ինչքան էլ մեր համաքաղաքացիները համբերատար են և ես իրենց շնորհակալ եմ դրա համար, բայց միևնույն է, մենք իրավունք չունենք՝ քաղաքային իշխանությունների մասին է խոսքը, ոչ թե ձեր, որովհետև ձերը մասնավոր ընկերություն է, որը միայն շահույթ է հետապնդում ու ընդհանրապես չունի պատասխանատվության զգացում, և կան քաղաքային իշխանություններ, որոնք չեն թույլ տալու ինչ-որ մասնավոր ընկերության այսքան անհարմարություն պատճառել մեր համաքաղաքացիներին: Մենք մեր կողմից առավելապես աջակցել ենք ձեր ընկերությանը, ամեն ինչ արել ենք, որ ընկերությունը ոտքի կանգնի, բայց եթե դուք չեք ուզում դա, մենք այդտեղ ձեզ չենք կարող օգնել»,- նշել է քաղաքապետը: «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրենը զեկուցել է, որ նախորդ շաբաթվա ընթացքում պատվաստվել, ստերջացվել և համարակալվել է 98 շուն, որից չորսին ի պահ են վերցրել կենդանասերները: Քաղաքապետին զեկուցվել է, որ օգոստոսի 8-ին կհայտարարվի հիմնարկի նոր շենքի կառուցման մրցույթը: Կենտրոնը կունենա իր կլինիկան և ապահովված կլինի անհրաժեշտ բոլոր հարմարություններով: Բենզալցակայաններին կից հեղուկ գազի կետերի ավելացման օրինականությունը պարզելու նպատակով Երևանի քաղաքապետը պատասխանատու ստորաբաժանումներին հանձնարարել է իրականացնել գույքագրում:   Երևանի քաղաքապետարան
13:15 - 29 հուլիսի, 2019