ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Բողոքարկվել է դիմակ չդնելու համար կազմված արձանագրությունների 0.06 տոկոսը, բավարարվել՝ դրանց միայն 6.5 տոկոսը |armtimes.com|

Բողոքարկվել է դիմակ չդնելու համար կազմված արձանագրությունների 0.06 տոկոսը, բավարարվել՝ դրանց միայն 6.5 տոկոսը |armtimes.com|

armtimes.com: Փակ տարածքներում դիմակ պետք է դնել՝ կորոնավարակի տարածումը կանխարգելելու նպատակով. հայտարարել է պարետատունը՝ դիմակ չդնելու համար սահմանելով 10 հազար դրամ տուգանք: Հանրության մեջ, սակայն, հաճախ է հնչում կասկած, թե այդ տուգանքները չեն գանձվում, քանի որ հնարավոր է ոստիկանների կազմած այդ արձանագրությունները վիճարկել եւ շարունակել անարգել շրջել առանց դիմակների: Սակայն, ինչպես հարցմանն ի պատասխան՝ հաղորդեցին ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչությունից, կազմված արձանագրությունների միայն մոտ 6.5 տոկոսն է չեղարկվել. տուգանքների ճնշող մեծամասնությունը վճարվել է կամ ենթակա է վճարման: Հարցերին, թե քանի՞ արձանագրություն է կազմվել ինքնամեկուսացման կանոնների խախտման եւ դիմակ չդնելու վերաբերյալ, ոստիկանությունից պատասխանել են, որ ինքնամեկուսացման կանոնները խախտելու համար մինչ 2020 թվականի հուլիսի 8-ը կազմվել է 137 արձանագրություն, որոնցից 106-ով կայացվել է վարչական տուգանք նշանակելու մասին որոշում, իսկ դիմակ չդնելու համար կազմվել է 65.585 արձանագրություն, որոնցից 19.876-ով կայացվել են վարչական տուգանք նշանակելու մասին որոշումներ։ «ՀՀ ոստիկանության ծառայողի կողմից հակահամաճարակային կանոնների յուրաքանչյուր խախտման հայտնաբերման դեպքում կազմվում է իրավախախտման վերաբերյալ արձանագրություն, միաժամանակ ոստիկանության ծառայողները հորդորում են քաղաքացիներին պահպանել արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության կանոնները»,- նշված է պատասխանում։ Արձագանքելով այն հարցին, որ որոշ հասարակական կազմակերպություններ, ակտիվորեն տանելով դիմակ չդնելու քարոզ, հայտարարում են, որ իրենց օգնությամբ քաղաքացիները կարող են բողոքարկել ոստիկանության արձանագրությունները եւ խուսափել տուգանքներից՝ ՀՀ ոստիկանությունից հաղորդել են, որ Հայաստանում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված՝ (24.03.2020 թ.-ից մինչեւ 06.08.2020 թ) վարչական իրավախախտման գործի վերաբերյալ որոշումների դեմ ներկայացվել է 1.137 բողոք, որոնցից 75-ը բավարարվել է, 832-ը՝ մերժվել, իսկ 230-ը գտնվում է ընթացքի մեջ։ Ինչպե՞ս է կազմվում արձանագրությունը, երբ մարդու մոտ չի լինում անձը հաստատող փաստաթուղթ. «Վարչական իրավախախտում կատարած անձի մոտ անձը հաստատող փաստաթղթի բացակայության դեպքում վերջինս ոստիկանության ծառայողի կողմից բերվում է ոստիկանության տարածքային ստորաբաժանում, պարզվում է իրավախախտում կատարած անձի ինքնությունը եւ կազմվում իրավախախտման վերաբերյալ արձանագրություն: Անձը հաստատող փաստաթուղթ չունենալու փաստով արձանագրվել է 1466 դեպք»,- հաղորդել են ոստիկանությունից: Հիշեցնենք, որ նման դեպքերում եւս 10 հազար դրամ տուգանք է նախատեսվում՝ անձը հաստատող փաստաթղթի բացակայության համար: Արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները խախտելու համար մինչ հուլիսի 8-ը կայացված վարչական տուգանքներից վճարվել է 4 մլն 580 հազար դրամ։ Այն հարցին, թե ի՞նչ սանկցիա է կիրառվել տաքսու այն վարորդի նկատմամբ, որը, իմանալով իր՝ կորոնավարակակիր լինելու մասին, շարունակել է սպասարկել ուղեւորների, ոստիկանությունից հաղորդել են, որ նրա նկատմամբ հարուցվել է քրեական գործ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 277․1․ հոդվածի հատկանիշներով. հոդվածով նախատեսվում է 200 հազար դրամ տուգանքից մինչեւ 3 տարվա ազատազրկում։Շարունակությունը՝ armtimes.com-ում
14:08 - 27 օգոստոսի, 2020
ԵՄ աջակցության մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքը չէ․ «Հրապարակ»-ի պնդումը սխալ է

ԵՄ աջակցության մեծ մասը Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքը չէ․ «Հրապարակ»-ի պնդումը սխալ է

«Հրապարակ» օրաթերթը դեռեւս մեկ ամիս առաջ «Իշխանությունները փորձում են ֆուրոր անել» վերտառությամբ հոդված էր հրապարակել, ըստ որի՝ Եվրամիությունից Հայաստանին տրամադրվող 92 մլն եվրո աջակցության պայմանագրերի մեծ մասը կնքվել է դեռեւս Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին։ Հոդվածում, մասնավորապես, նշվում է, թե այս տարի Եվրամիությունը 92 մլն եվրո է տրամադրելու Հայաստանին․ «Կասկածները, թե դա ոչ թե նոր գումար է, այլ Հայաստանին մինչ այդ տրամադրված գումարի վերաբաշխում, մեր աղբյուրները հաստատեցին. 92 մլն եվրոյի աջակցության 60 միլիոնը դեռ Սերժ Սարգսյանի օրոք կնքված պայմանագրերի արդյունքն է։ 32 միլիոնն էլ, որի շուրջ իշխանությունները քարոզչական աղմուկ են բարձրացրել, ԵՄ-ի կողմից ոչ թե լրացուցիչ գումար է, այլ 2018-19թթ․ ԵՄ նախատեսած ու Հայաստանի անգործության պատճառով ժամանակին չծախսված գումարներն են` բյուջետային աջակցության ծրագրով` բարեփոխումների համար նախատեսված։ Այսինքն` անգործության հետեւանքով լուրջ թերակատարում է գրանցվել, սակայն ԵՄ-ն փաստացի վերահատկացրել է ժամանակին չծախսված այդ գումարը, ինչը նույնպես բարի կամքի դրսեւորում է՝ կարող էին չհատկացնել»: Ի՞նչ աջակցության մասին է խոսքը  Դեռեւս այս տարվա ապրիլ ամսին Հայաստանում Եվրամիության պատվիրակության պաշտոնական կայքէջը հայտնել էր, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով։ «Կորոնավիրուսային համավարակի բռնկման դեմ պայքարի ուղղությամբ Հայաստանին տրամադրվող Եվրամիության աջակցության, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ առկա ծրագրերի հետագա վերաձևակերպման վերաբերյալ  հպարտությամբ  տեղեկացնում ենք, որ ԵՄ-ն Հայաստանին կտրամադրի ընդհանուր առմամբ 92 մլն եվրո՝ անհետաձգելի և կարճաժամկետ կարիքների աջակցության նպատակով»,- ասված է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության պաշտոնական հաղորդագրության մեջ, որտեղ շեշտված է, որ միջոցները կուղղվեն բժշկական սարքավորումների և պարագաների մատակարարմանը, բուժանձնակազմի և լաբորատոր աշխատակիցների վերապատրաստմանը, ՓՄՁ-ներին և գործարար հանրությանն  աջակցությանը, ինչպես նաև կորոնավիրուսային բռնկման հետևանքներից տուժած  սոցիալական և հումանիտար օգնությանը։ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից Infocom-ի պաշտոնական հարցմանն ի պատասխան տեղեկացրին, որ Եվրամիությունը պատրաստակամություն է հայտնել Հայաստանին հատկացնել ոչ թե 92, այլ ընդհանուր 98,5 մլն եվրո գումար՝ կորոնավիրուսի համավարակի հետեւանքներին դիմակայելու նպատակով։ «Հրապարակի» պնդմամբ՝ 92 մլն եվրո աջակցությունից 60 մլն Եվրոյի պայմանագիրը կնքվել է դեռեւս Սերժ Սարգսյանի կառավարման ժամանակ։ Սակայն մեր հարցմանն ի պատասխան հայտնել են, որ 98,5 մլն եվրո գումարից միայն 38,5 մլն եվրոն է ձեւավորվել 2015-2017 թվականների ընթացքում կնքված բյուջետային աջակցության ծրագրերի վերակառուցումից։ Այդ թվականներին ստորագրվել է բյուջետային աջակցության 4 ծրագիր՝ «Աջակցություն՝ Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանությանը», «Որակավորումների բարելավում՝ ավելի լավ աշխատատեղերի համար», «Պետական ֆինանսների քաղաքականության բարեփոխումների ծրագիր» եւ «Աջակցություն՝ Հայաստանում հանրային կառավարման ոլորտի բարեփոխումներին․ առավել արդյունավետ եւ արձագանքող հանրային կառավարման միջոցով ծառայությունների մատուցման որակի բարելավում»։ Յուրաքանչյուր ծրագրի շրջանակում մշակվել են 10-15 տարաբնույթ նախապայմաններ, որոնք վերաբերում են մարդու իրավունքների պաշտպանությանը, կրթություն-աշխատաշուկա կապին, հանրային կառավարման արդյունավետությանը, հանրային ֆինանսների կառավարման թափանցիկությանը եւ այլ հարցերի։ Բոլոր 4 ծրագրերի շրջանակներում չկատարված նախապայմանների պատճառով կորցրած գումարը եւ դեռեւս ժամկետի մեջ գտնվող մնացած նախապայմանների գումարը՝ 38,5 մլն եվրոն, վերակառուցման շնորհիվ տրամադրվելու է Հայաստանին։ Մասնավորապես, 35,5 մլն եվրոն պետք է փոխանցվի ՀՀ պետական բյուջե 2020 թվականի ընթացքում՝ առանց նախապայմանների, իսկ մնացած 3 մլն եվրոյի համար սահմանվել են մի քանի նախապայմաններ, որոնց կատարման վերջնաժամկետը սահմանված է 2021 թվականը։ «Հրապարակ»-ի պնդմամբ՝ մնացած 32 մլն եվրո գումարն էլ ոչ թե լրացուցիչ հատկացվող աջակցություն է, այլ 2018-2019 թվականներին Եվրամիության նախատեսած եւ Հայաստանի անգործության պատճառով ժամանակին չծախսված գումարը՝ բյուջետային աջակցության ծրագրով՝ բարեփոխումների համար նախատեսված։ Փոխվարչապետի գրասենյակից Infocom-ին տեղեկացրել էին նաեւ, որ 98,5 մլն եվրո գումարից 30 մլն եվրոն ամբողջությամբ նոր մշակված բյուջետային աջակցության ծրագիր է, որի դրույթների համաձայնեցումն ավարտական փուլում է։ Այն ուղղվելու է կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքների չեզոքացմանը, իսկ դրա նախապայմանները վերաբերում են համավարակի արդյունքում սոցիալ-տնտեսական խնդիրների դիմակայմանը, ֆիսկալ քաղաքականությանը, պետություն-մասնավոր հատված գործընկերությանը եւ համավարակին առնչվող այլ հարցերին։ Վերոնշյալ 98,5 մլն եվրոյից 27 մլնն էլ ձեւավորվել է 2018-2019 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի վերակառուցումից։ Ճգնաժամի արդյունքում ստեղծված իրավիճակի պատճառով որոշում է կայացվել ամբողջությամբ վերակառուցել դրանք՝ առանց ոլորտի ներառելով թե՛ փոքր եւ միջին ձեռնարկությունները, թե՛ միկրոձեռնարկությունները՝ որպես ծրագրի շահառուներ։ Նշված 98,5 մլն եվրոյից 3 մլնը Եվրամիությունն արդեն տրամադրել է Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը՝ Հայաստանի համար բժշկական սարքավորումներ եւ պարագաներ գնելու նպատակով։ Սերժ Սարգսյանի ժամանակ ստորագրված աջակցության ծրագրերը, փաստորեն, ոչ թե 60 մլն եվրո էին կազմում՝ ինչպես պնդում էր լրատվամիջոցը, այլ միայն 38,5 մլն եվրո գումարի պայմանագիրն է կնքվել 2015-2017 թվականների ընթացքում։  Ինչ վերաբերում է 32 մլն եվրոյին, որը, ըստ «Հրապարակի», ամբողջովին նոր մշակված աջակցություն չէ, այլ միայն 2018-2019 թվականներին ստորագրված պայմանագրերի արդյունք, ինչպես տեսանք, աջակցության 30 մլն եվրոն ամբողջությամբ նոր մշակված եւ կորոնավիրուսային համավարակի սոցիալ-տնտեսական հետեւանքները չեզոքացնելու համար նախատեսված գումար էր։ 2018-2019 թվականների տարեկան գործողությունների ծրագրերի վերակառուցումից էլ ձեւավորվել է միայն 27 մլն եվրո գումար։     Այսիպիսով, «Հրապարակը» կառավարող ուժին «մեղադրել» է Եվրամիության տրամադրած աջակցության վերաբերյալ «ֆուրոր» անելու մեջ, սակայն որպես փաստ ներկայացրել է սխալ պնդումներ։  Նարեկ Մարտիրոսյան
13:14 - 27 օգոստոսի, 2020
Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, եւ գրավոր ինձ չծանուցեք, ստորագրման չբերեք. վարչապետ |armtimes.com|

Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, եւ գրավոր ինձ չծանուցեք, ստորագրման չբերեք. վարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունը այսօրվա նիստում որոշեց մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարել, որը թույլ կտա սեպտեմբերին արտակարգ դրությունը չերկարաձգել։ Հարցը զեկուցող արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը հայտնեց, որ օրենսդրական փաթեթը հնարավորություն է տալիս այս պահի դրությամբ շարունակել պայքարը համավարակի դեմ, միեւնույն ժամանակ վերացնել արտակարգ դրության իրավական ռեժիմը: Նախագծերով սահմանվում են վարակիչ եւ ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների դեպքերի հաշվառման և հաղորդման վերաբերյալ, մարդու (հանրության) առողջության վրա շրջակա միջավայրի գործոնների վնասակար ազդեցության նվազեցման, դրանց կանխարգելման, բացառման, ինչպես նաև վարակիչ ու ոչ վարակիչ հիվանդությունների առաջացման և տարածման կանխման ու վերացման նպատակով կանխարգելիչ և հակահամաճարակային միջոցառումների իրականացման վերաբերյալ, ինչպես նաև վարակիչ հիվանդությունների հնարավոր աղբյուր հանդիսացող անձանց՝ վարակիչ հիվանդություններով հիվանդների, դրանց կասկածով անձանց, վարակիչ հիվանդություններով հիվանդների հետ շփված անձանց, վարակիչ հիվանդությունների հարուցիչներ կրողների բժշկական զննությունների և (կամ) բուժման և (կամ) կանխարգելման և (կամ) հոսպիտալացման (ներառյալ՝ ոչ հոժարակամ) վերաբերյալ, ՀՀ տարածքում Միջազգային առողջապահական (բժշկա-սանիտարական) կանոնների պահանջներն ապահովվելու վերաբերյալ պահանջներ։ Միաժամանակ սահմանվում են վարակիչ հիվանդությունների՝ Հայաստանի Հանրապետության տարածք ներբերման (ներթափանցման), դրանց ծագման ու տարածման վտանգի, բռնկումների, համաճարակների առաջացման դեպքում կարանտին սահմանելու, կարանտին սահմանվելու դեպքում անհատական պաշտպանության միջոցների սահմանման, բնակչության բժշկական օգնության և սպասարկման կազմակերպման, ինչպես նաև օբսերվացիա, մեկուսացում, ինքնամեկուսացում և այլ սահմանափակող միջոցառումներ կիրառելու վերաբերյալ դրույթներ: Հարակից օրենքներով կնախատեսվեն պատասխանատվության համապատասխան միջոցներ՝ կարանտին սահմանելու մասին որոշմամբ սահմանված միջոցառումների կատարման ապահովման պահանջները խախտելու համար: Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտնեց, որ նախագիծը միայն երեկ է իրենց ներկայացվել՝ կարծիքի համար։ Ինչին արձագանքելով՝ վարչապետը դժգոհություն հայտնեց իր աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանին. «Ես ուզում եմ հասկանալ՝ այս գործելակերպին ե՞րբ է վերջ դրվելու, երբ Կառավարության նիստին հնչում է, որ երեկ երեկոյան է ուղարկվել կարծիքի, սա ինչքա՞ն է շարունակվելու»։ Աղաջանյանն ասաց, որ շահագրգիռ մարմիններին ուղարկելու պարտականությունը հարցը զեկուցող արդարադատության նախարարությանն էր։ Իր հերթին Ռուստամ Բադասյանն էլ նշեց, որ մինչեւ վերջին պահը հայտնի չէր, թե որ գերատեսչությունն է լինելու հարցի զեկուցողը։ «Մինչեւ բոլոր շահագրգիռ մարմինների հետ չքննարկվի, եւ գրավոր ինձ չծանուցեք, որ բոլորի հետ քննարկվել է, ստորագրման չբերեք»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ, հաշվի առնելով հարցի հրատապությունը, կարող են քվեարկությամբ ընդունել, բայց մինչեւ ստորագրելը պետք է քննարկվի։
12:37 - 27 օգոստոսի, 2020
Կապսի ջրամբարի շինարարության ժամանակ Ջրաձոր գյուղը կվերաբնակեցվի |lragir.am|

Կապսի ջրամբարի շինարարության ժամանակ Ջրաձոր գյուղը կվերաբնակեցվի |lragir.am|

lragir.am: Կառավարությունն այսօր ընդունեց Ջրային ռեսուրսների համատեղված կառավարում/Ախուրյան գետ, փուլ 1 ծրագրի շրջանակներում հողերի ձեռքբերման և վերաբնակեցման գործողությունների պլանը հաստատելու մասին որոշումը։ Ծրագրով նախատեսվում է վերակառուցել Կապսի կիսակառույց ջրամբարը, որը գտնվում է Շիրակի մարզում՝ Գյումրի քաղաքից դեպի հյուսիս 22 կմ հեռավորության վրա գտնվող Ախուրյանի գետահովտում։ Ծրագիրն ընդգրկում է Կապսի պատվարի կայունացում և վերականգնում, 1-փուլով (ընթացիկ) նախատեսվում է 25 մլն մ3 ծավալով ջրամբարի կառուցում՝ հետագա ընդլայնման հնարավորությամբ մինչև 60 մլն մ3: Հետագայում Կապսի ջրամբարի և ոռոգման ինքնահոս համակարգի կառուցման մանրամասն աշխատանքային նախագծման փուլի ընթացքում խորհրդատուի կողմից իրականացվել է Շիրակի մարզի Ջրաձոր բնակավայրի լանջի կայունության մանրամասն հաշվարկ, ըստ որի դրա հետագա սողանքակայունությունը գնահատվել է ռիսկային և հետագա հնարավոր (սողանքավտանգ) փլուզումներից խոսափելու համար անհրաժեշտ է համարվել Ամասիա համայնքի Ջրաձոր բնակավայրը վերաբնակեցնել ամբողջությամբ, իսկ Ամասիա համայնքի Արեգնադեմ, Գտաշեն և Բյուրակն բնակավայրերում, ինչպես նաև Մարմաշեն համայնքի Կապս և Սարապատ համայնքի Հողմիկ բնակավայրերում իրականացնել ազդակիր հողերի օտարում (այսուհետ՝ ազդակիր համայնքներ)։
12:24 - 27 օգոստոսի, 2020
Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտումը կարծես նորից սկսում է շարունակվել. Փաշինյան |armenpress.am|

Կորոնավիրուսի դրական դեպքերի նվազման միտումը կարծես նորից սկսում է շարունակվել. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին դարձյալ խնդրում է պահպանել կորոնավիրուսի հակահամավարակային կանոնները, քանի որ Covid-19-ի դրական դեպքերի նվազման միտումը, կարծես, նորից սկսում է շարունակվել: Այս մասին Փաշինյանն ասաց օգոստոսի 27-ի կառավարության նիստում: «Արդեն գործնականում 6 օր մենք ունեինք 200-ից նվազ ամենօրյա դեպք, երեկվա ցուցանիշը 203 է, սակայն հետազոտությունների նաև շատ մեծ թիվ ենք ունեցել՝ 1938: Մենք պետք է ամեն ինչ անենք հետազոտությունների մեծ ծավալը պահելու համար, և կրկին ուզում եմ բոլորիս ուշադրությունը հրավիրել հակահամաճարակային կանոնների պահպանման անհրաժեշտության վրա: Կարող ենք ասել, որ նախորդ շաբաթվա տվյալներով դեպքերի նվազման միտումը, որ կանգ էր առել, կարծես նորից սկսում է շարունակվել, և սա կապված է բացառապես հակահամավարակային կանոնների պահպնման որակով, որը մեզնից յուրաքանչյուրի անհատական վարքագծից է կախված, և էլի ուզում եմ խնդրել, որպեսզի մենք առավելագույնս նախանձախնդիր լինենք հակահամավարակային կանոնների պահպանման գործում»,- ասաց Փաշինյանը՝ նշելով, որ այդ կանոնների որոշակի թուլացումից հետո դրանք պահպանելը հիմա ավելի հեշտ է, քան նախկինում: Վարչապետը նշեց, որ կորոնավիրուսից 864 մահ է արձանագրվել, ևս 265 մահ է եղել կորոնավիրուսով վարակված մարդկանց շրջանում, բայց մահը վրա է հասել այլ պատճառով, և կառավարության ցավակցությունները հայտնեց մահացածների հարազատներին:
12:15 - 27 օգոստոսի, 2020
Փաշինյանը խնդրեց հատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին |armenpress.am|

Փաշինյանը խնդրեց հատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին խնդրեց առանձնահատուկ ուշադրություն դարձնել բնական գազի շահագործման անվտանգության կանոններին: Այս մասին Փաշինյանն ասաց կառավարության օգոստոսի 27-ի նիստում՝ անդրադառնալով նախօրեին Երևանի Ռայնիսի փողոցում տեղի ունեցած պայթյունից բնակելի շենքի փլուզման դեպքին: «Երեկ ցավալի պատահար տեղի ունեցավ Երևանում: Ռայնիսի, 1 հասցեում գտնվող շենքում գազի պայթյունից ավերվեց մի ամբողջ շքամուտք՝ 12 բնակարանով: Պետք է ցավով արձանագրել, որ այսպիսի դեպքերի շարք է արձանագրվում Հայաստանում, ինչը պետք է մեր ուշադրությունը սևեռի բնական գազի շահագործման անվտանգության կանոնների պահպանման խնդրի վրա: Ուզում եմ մեր հայրենակիցների ուշադրությունը հրավիրել խնդրի վրա և խնդրել, որ մեզնից յուրաքանչյուրն առանձնահատուկ ուշադրությամբ վերաբերվի բնական գազի շահագործման անվտանգության կանոններին»,- ասաց Փաշինյանը: Վարչապետը նշեց, որ բնակարանից զրկված բոլոր քաղաքացիները, որոնք ժամանակավոր կացարան տեղափոխվելու ցանկություն են հայտնել, արդեն տեղավորվել են հյուրանոցում, սակայն եղել են նաև ընտանիքներ, որոնք ցանկացել են այլ տեղ տեղավորվել: «Հարցը կառավարության և Երևանի քաղաքապետարանի օրակարգում է, և մենք առաջիկայում կկողմնորոշվենք մեր հետագա անելիքների վերաբերյալ»,- նշեց վարչապետը:
11:28 - 27 օգոստոսի, 2020
Համայնքների խոշորացում․ վարչական ապարատի օպտիմալացումից սպասումներն ու փաստացի իրավիճակը

Համայնքների խոշորացում․ վարչական ապարատի օպտիմալացումից սպասումներն ու փաստացի իրավիճակը

Համայնքերի խոշորացումից տնտեսական ի՞նչ օգուտներ էր ակնկալում կառավարությունը   2012 թվականին, երբ Հայաստանում դեռ չէր մեկնարկել համայնքների խոշորացման գործընթացը, կառավարության մշակած «Համայնքների խոշորացման և միջհամայնքային միավորումների ձևավորման հայեցակարգում» խոսվում էր այն մասին, որ համայնքների խոշորացումը պետք է տնտեսապես հիմնավորված լինի։ «Համայնքների միացման արդյունքում նոր ստեղծված համայնքի աշխատակազմի թվաքանակը զգալիորեն ավելի քիչ կլինի, քան այդ համայնքի կազմի մեջ միավորված նախկին համայնքների աշխատակազմերի հանրագումարային թվաքանակը: Այդպիսով զգալիորեն կկրճատվեն ապարատի պահպանման ծախսերը: Դրա արդյունքում կավելանան բնակչությանը ծառայություններ մատուցելուն ուղղված ֆինանսական հնարավոր միջոցների չափերը»,- նշվում էր հայեցակարգում: 2013թ․ նախկին տարածքային կառավարման նախարարության մշակած «Համայնքների խոշորացումը` որպես Հայաստանի վարչատարածքային բաժանման օպտիմալացման միջոց» աշխատանքային տեղեկանքում որպես համայնքների խոշորացման տնտեսական օգուտ նշվում էր համայնքների վարչական ապարատի օպտիմալացումը։ Տեղեկանքում երկու խոշորացվելիք համայնքի օրինակով բացատրվում էր, թե ինչ սկզբունքով են ձևավորվելու խոշորացված համայնքների համայնքապետարանների աշխատակազմերը, և ըստ այդմ՝ ինչ ֆինանսական օգուտներ են լինելու համայնքների համար։ Սկզբունքը, ըստ տեղեկանքի, հետևյալն էր․ երբ համայնքները միավորվում էին որևէ փնջում, համայնքային կենտրոնում համայնքապետարանի աշխատակազմը մեծանում էր, սակայն կրճատվում էին արդեն նախկին համայնքների, խոշորացումից հետո՝ բնակավայրերի աշխատակազմերը, և դրանց կրճատումից խնայված դրամական միջոցները նոր խոշորացված համայնքը կարող էլ ուղղել համայնքային այլ կարիքներ հոգալու համար։ Այսպես, օրինակներից մեկը Կոտայքի մարզի Գառնի համայնքն էր։ Գառնին և ևս հինգ համայնքներ հիպոթետիկ պետք է միավորվեին փնջային սցենարով (խոշորացման սցենարների և Հայաստանում համայնքների խոշորացման գործընթացի վերաբերյալ առավել մանրամասն՝ այստեղ)։ Այս համայնքների համայնքապետարանների աշխատակազմերի ընդհանուր թիվը 2012-ի դրությամբ կազմել է 62, որից 20-ը եղել է համայնքային կենտրոն Գառնիում։ Այստեղ հաստիքների թիվն ավելանալու էր 6-ով (այդ թվում՝ 5 բնակավայրերի 1-ական վարչական ներկայացուցիչները), և ստացվելու էր, որ նախկին համայնքների համայնքապետարանների ընդհանուր 62 աշխատատեղի փոխարեն խոշորացված համայնքի համայնքապետարանն ունենալու էր 26 աշխատատեղ։ Համաձայն նախահաշվի՝ Գառնի խոշորացված համայնքի՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը (այսինքն՝ համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերը), կազմելու էին 54,545.5 հազ. դրամ։ 2012 թվականի դրությամբ բոլոր համայնքների հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր ծախսերը կազմել են 94,668.6 հազ. դրամ: Ստացվում էր, որ հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր ծախսերը նվազելու էին նախկին համայնքների աշխատակազմերի կրճատման հաշվին։ «Կատարված հաշվարկի արդյունքում Գառնի խոշորացված համայնքի՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով բյուջետային ընդհանուր օգուտները կազմում են 45,123.1 հազ. դրամ, որը համարվում է համայնքների խոշորացման արդյունքում առաջացած ազատ գումար։ Նոր ձևավորվող համայնքի ՏԻՄ-երը դա կարող են ուղղել ինչպես հանրային ծառայությունների այլ տեսակների մատուցման ծավալների ընդլայնմանը և որակի բարձրացմանը, այնպես էլ համայնքի կազմում ընդգրկված բնակավայրերի սոցիալ-տնտեսական ենթակառուցվածքների զարգացմանը և կապիտալ ներդրումների կատարմանը»,- նշվում էր տեղեկանքում։ Մենք փորձել ենք Վայոց ձորի և Տավուշի մարզերի խոշորացված համայնքների օրինակով հասկանալ, թե խոշորացման նախորդ տարում համայնքային բյուջեների որ մասն են կազմել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը, և արդյոք խոշորացումից հետո՝ 2019-ի դրությամբ, այդ ծախսերը կրճատվել են։ Չենք ուսումնասիրել միայն Տավուշի մարզի Իջևան համայնքը, քանի որ այն խոշորացվել է այս տարի՝ ի տարբերություն Վայոց ձորի և Տավուշի մարզերի մյուս համայնքների, որոնք խոշորացվել են 2015-ից 2017 թվականների ընթացքում։ Օրինակում նշվող Գառնի խոշորացված համայնքն այս պահի դրությամբ ձևավորված չէ, դրա համար այն հնարավոր չէր ուսումնասիրել։   Համայքապետարանների աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը Տավուշում՝ մինչև խոշորացումը և խոշորացումից հետո   Տավուշի մարզի Դիլիջան համայնքը խոշորացվել է 2015-ին։ Նախքան խոշորացումը՝ 2014 թվականին, Դիլիջան խոշորացված համայնքի կազմում եղած նախկին 7 համայնքների տարեկան ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են ավելի քան 563 մլն դրամ, իսկ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը՝ մոտ 186 մլն դրամ։ Այսինքն՝ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը կազմել են ընդհանուր բյուջետային ծախսերի 33%-ը։ Որպեսզի այս տվյալները համեմատենք Դիլիջան խոշորացված համայնքի 2019-ի բյուջեի տվյալների հետ, պետք է հասկանանք, թե 2014-ի բյուջետային ծախսերը 2019-ի չափանիշներով որքան կկազմեին՝ հաշվի առնելով այդ տարիների գնաճը։ Այսպես, եթե ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը 2014-ին կազմել են մոտ 186 մլն դրամ, 2019-ին կկազմեին ավելի քան 199 մլն դրամ։ Արդեն 2019-ին Դիլիջան խոշորացված համայնքի տարեկան ընդհանուր բյուջետային ծախսերը կազմել են մոտ 907 մլն դրամ, իսկ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը՝ ավելի քան 188 մլն դրամ, այսինքն՝ ընդհանուր բյուջետային ծախսերի 21%-ը։  Եթե համեմատենք 2014-ի և 2019-ի տվյալները, կտեսնենք, որ ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերը Դիլիջան խոշորացված համայնքում ավելի քան 11 միլիոն դրամով քիչ են, քան 2014-ին համայնքի կազմում ընդգրկված նախկին համայնքների ծախսերը միասին վերցրած։ Ինչ վերաբերում է համայնքապետարանների աշխատակազմերին, ապա եթե 2014-ին Դիլիջան խոշորացված համայնքի կազմում ընգրկված բոլոր նախկին համայնքները միասին ունեցել են 94 դրույք, ապա 2019-ին Դիլիջանի համայնքապետարանում եղել է 54 դրույք (աշխատատեղերը ներկայացված են ոչ թե աշխատակիցների թվաքանակով, այլ դրույքաչափերով)։ Այս տվյալների վերլուծությունից կարելի է ենթադրել, որ Դիլիջան խոշորացված համայնքի ձևավորման արդյունքում իրոք համայնքապետարանների աշխատակազմերի կրճատումից խնայվել են դրամական միջոցներ, և համայնքի ընդհանուր բյուջետային ծախսերում նվազել են համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող դրամական միջոցները։ Գրաֆիկ 1-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։  Տավուշի մարզի ևս երկու համայնքում գործել է այս սկզբունքը․ Նոյեմբերյանի կազմում ընդգրկված նախկին 9 համայնքների համայնքապետարաններում խոշորացման նախորդ տարում միասին վերցրած եղել է 97 դրույք, իսկ Նոյեմբերյան խոշորացված համայնքի համայնքապետարանում անցած տարի եղել է 60 դրույք։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը նվազել են մոտ 39 մլն դրամով։ Աշխատակազմերին ուղղվող ծախսերը 2019-ին կազմել են ընդհանուր բյուջեի 30%-ը՝ 2016-ի 40%-ի փոխարեն։ Բերդի կազմում ընդգրկված նախկին 17 համայնքների համայնքապետարաններում խոշորացման նախորդ տարում միասին վերցրած եղել է 196,6 դրույք, իսկ Բերդ խոշորացված համայնքի համայնքապետարանում 2019-ին եղել է 95 դրույք։ Ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով տարեկան ծախսերը նվազել են մոտ 15 մլն դրամով։ Եթե բոլոր համայնքներում միասին վերցրած աշխատակազմերին ուղղվող գումարները նախկինում կազմել են ընդհանուր բյուջեի 42%-ը, ապա Բերդի ընդհանուր բյուջեում 2019-ին այդ ծախսերը կազմել են 28%: Գրաֆիկ 2-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքների ընդհանուր բյուջեներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Կողբ խոշորացված համայնքում, որտեղ միավորված է 2 համայնք, 2019-ի դրությամբ 2015-ի համեմատ աճել են աշխատակազմերի պահպանման ծախսերը, սակայն ընդհանուր բյուջետային ծախսերը ևս աճել են։ Ընդհանուր ծախսերն ավելացել են մոտ 32 մլն դրամով, աշխատակազմերի պահպանման ծախսերը՝ մոտ 6 մլն դրամով։ Կողբ խոշորացված համայնքի համայնքապետարանում 2019-ին եղել է 21,5 դրույք, իսկ մինչև խոշորացումը նախկին համայնքները միասին ունեցել են 22 դրույք։ Ընդհանուր բյուջեում համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող ծախսերի մասնաբաժինը, սակայն, նվազել է՝ դառնալով 35%՝ 39%-ի փոխարեն։ Հետաքրքիր է, որ Այրում համայնքում (ստեղծվել է 8 համայնքների միավորմամբ) ընդհանուր բյուջետային ծախսերը մոտ 26 մլն դրամով պակասել են, սակայն համայնքապետարանի աշխատակազմին ուղղվող ծախսերն ավելացել են ավելի քան 15 մլն դրամով։ 2016-ին նախկին համայնքապետարաններում միասին վերցրած եղել է 75 դրույք, 2019-ին Այրումի համայնքապետարանում դրույքները կրճատվել են՝ դառնալով 46։ Այրում խոշորացված համայնքի դեպքում ավելացել է նաև ընդհանուր բյուջեում աշխատակազմին ուղղվող դրամական միջոցների մասնաբաժինը՝ 43%-ի փոխարեն դառնալով 53%:  Գրաֆիկ 3-ում ներկայացված են Տավուշի մարզի համայնքներում համայնքապետարանների աշխատատեղերի դրույքների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Համայքապետարանների աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը Վայոց ձորում՝ մինչև խոշորացումը և խոշորացումից հետո   Վայոց ձորի Ջերմուկ խոշորացված համայնքը ձևավորվել է 4 համայնքների միավորմամբ։ Մինչև խոշորացումը նախկին համայնքների համայնքապետարանները միասին ունեցել են 48,7 դրույք, իսկ Ջերմուկ խոշորացված համայնքը 2019-ին ունեցել է 42 դրույք։ Աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերն աճել են ավելի քան 5 մլն դրամով։ Մոտ 212 մլն դրամով ավելացել է նաև համայնքի ընդհանուր բյուջեն։ Ընդհանուր բյուջեում աշխատակազմին ուղղվող գումարների մասնաբաժինը նվազել է՝ 35%-ից դառնալով 24%։ Վայքում (ստեղծվել է 5 համայնքների միավորմամբ) ընդհանուր բնույթի հանրային ծառայությունների գծով ծախսերն ավելացել են մոտ 12 մլն դրամով։ Համայնքապետարանների դրույքների ընդհանուր թիվը նախքան խոշորացումը եղել է 42,5, իսկ 2019-ին կրճատվել է՝ դառնալով 39։ Բյուջետային ընդհանուր ծախսերը ևս աճել են ավելի քան 33 մլն դրամով, իսկ աշխատակազմին ուղղվող դրամական միջոցների մասնաբաժինն ընդհանուր բյուջեում նվազել է՝ 51%-ից դառնալով 49%: Գրաֆիկ 4-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։  Արենիում (ստեղծվել է 9 համայնքների միավորմամբ) ևս համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերն աճել են ավելի քան 58 մլն դրամով։ Մոտ 152 մլն դրամով ավելացել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը։ Համայնքապետարանի դրույքները խոշորացման նախորդ տարում կազմել են 95, իսկ 2019-ին՝ 60,5։ Ընդհանուր բյուջետային ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը նվազել է․ եթե 2015-ին այդ ծախսերը կազմել են ընդհանուր բյուջետային ծախսերի 62%-ը, ապա 2019-ին կազմել են 54%-ը: Զառիթափում (ձևավորվել է 9 համայնքների միավորմամբ) համայնքապետարանի հաստիքների թվաքանակն՝ ըստ դրույքների գրեթե չի փոխվել (70,1-ից դարձել է 70 ), սակայն աշխատակազմերին ուղղվող ծախսերը կրճատվել են ավելի քան 99 մլն դրամով։ Հետաքրքիր է, որ Զառիթափում ավելի քան 85 մլն դրամով կրճատվել են նաև համայնքի ընդհանուր բյուջետային ծախսերը։ Այստեղ նվազել է նաև համայնքապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը՝ 62%-ից դառնալով 45%: Գրաֆիկ 5-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքների ընդհանուր բյուջեներում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Գլաձորում (ստեղծվել է 3 համայնքի միավորմամբ) խոշորցումից առաջ բոլոր համայնքապետարանների դրույքները միասին կազմել են 51, իսկ 2019-ին Գլաձորի համայնքապետարանում եղել է 26 դրույք։ 2019-ին համայնապետարանի աշխատակազմի պահպանմանն ուղղված ծախսերը կրճատվել են մոտ 27 մլն դրամով, և եթե 2016-ին այդ ծախսերը բոլոր համայնքներում միասին վերցրած կազմել են համայնքների ընդհանուր բյուջեների 56%-ը, ապա 2019-ին կազմել են Գլաձորի բյուջեի 28%-ը։ Եղեգիսում (ստեղծվել է 12 համայնքի միավորմամբ) աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերը նվազել են մոտ 32 մլն դրամով, աշխատատեղերի դրույքները 85-ից դարձել են 63,7, իսկ ընդհանուր բյուջետային ծախսերում աշխատակազմին ուղղվող ծախսերը կազմել են 47%՝ 2016-ի 75%-ի փոխարեն։ Գրաֆիկ 6-ում ներկայացված են Վայոց ձորի մարզի համայնքներում համայնքապետարանների աշխատատեղերի դրույքների փոփոխությունները խոշորացումից առաջ և հետո։ Վարչական ապարատի օպտիմալացումը խոշորացված համայնքների համար տնտեսական օգուտներ ունեցե՞լ է   Այսպիսով, մեր ուսումնասիրած 11 համայնքանքներից 6-ում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերը 2019-ի դրությամբ բացարձակ թվերով նվազել են։ Այս 6 համայնքներում ավելացել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը, ինչը նշանակում է, որ ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժիններն էականորեն նվազել են։ Իսկ Վայոց ձորի մարզի Զառիթափ համայնքում, չնայած նվազել են նաև ընդհանուր բյուջետային ծախսերը, այդ ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինը ևս նվազել է։ Մնացած 5 համայնքներից 4-ում, խոշորացումից առաջվա տվյալների հետ համեմատած, 2019-ին ավելացել են աշխատակազմերի պահպանման ծախսերը։ Չնայած այս հանգամանքին,  ավելացել են նաև այս համայնքների ընդհանուր բյուջետային ծախսերը, և դրա հաշվին ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերի մասնաբաժինները նվազել են։ Վերը նշված բոլոր 10 համայնքներում խոշորացումից հետո կրճատվել են համայնքապետարանների աշխատակազմերի դրույքները։ Ի տարբերություն այս 10 համայնքների՝ Տավուշի մարզի Այրում համայնքում նվազել են ընդհանուր բյուջետային ծախսերը, իսկ աշխատակազմերի պահպանմանն ուղղված ծախսերն, ընդհակառակը, ավելացել են, ըստ այդմ՝ ավելացել է նաև ընդհանուր ծախսերում աշխատակազմերի պահպանմանն ուղղվող ծախսերի մասնաբաժինը։ Ինչ վերաբերում է համայնքապետարանի աշխատակազմերի դրույքներին, դրանք նվազել են։ Փաստորեն, եթե համայնքների մի մասում խոշորացումից հետո բացարձակ թվերով նվազել են համայնքապետարանների աշխատակազմերի պահպանման ծախսերը, մյուս մասում, չնայած բացարձակ թվով աճին, նվազել են այդ ծախսերի մասնաբաժինները ընդհանուր բյուջեում` բացառությամբ Այրում համայնքի, որտեղ այս սկզբունքը չի գործել, և խոշորացումից հետո նախկին համայնքապետարանների աշխատակազմերի կրճատման արդյունքում 2019-ի դրությամբ դրամական միջոցներ չեն խնայվել։ Հեղինակներ՝ Աննա Սահակյան, Կատյա ՄամյանԽորհրդատու՝ Հրանտ Միքայելյան
19:53 - 22 օգոստոսի, 2020
Տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը

Տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը

Օգոստոսի 21-ին Դամասկոսի Հայոց առաջնորդարանում դեսպան Տիգրան Գևորգյանի և Հայ առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ Տեր Արմաշ եպիսկոպոս Նալբանդյանի մասնակցությամբ տեղի ունեցավ Հայաստանի կառավարության կողմից սիրիահայությանը հատկացված ֆինանսական օգնության տրամադրումը Դամասկոսի կարիքավոր հայ ընտանիքերին: Ֆինանսական օգնության տրամադրումն իրականացնելու համար Առաջնորդարանին կից ստեղծված հատուկ հանձնաժողվը շուրջ 300 կարիքավոր հայ ընտանիքներին տրամադրել է դրամական օժանդակություն, որով մեր հայրենակիցները Դամասկոսում  և արվարձաններում գործող խանութների ցանցից կարող են ձեռք բերել սննդամթերք, առաջին անհրաժեշտության ապրանքներ և անձնական հիգենայի պարագաներ: Մոտ օրերս սիրիահայության հատկացված ՀՀ կառավարության օգնության հաջորդ չափաբաժինը կբաշխվի նաև Հալեպի և հյուսիսարևելյան շրջանների 4750 կարիքավոր հայ ընտանիքներին:
13:18 - 22 օգոստոսի, 2020
«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություն` հոգեբուժական միջամտություն ստանալու հոդվածի առնչությամբ |hetq.am|

«Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություն` հոգեբուժական միջամտություն ստանալու հոդվածի առնչությամբ |hetq.am|

hetq.am: Կառավարությունը խորհրդարան է ուղարկել «Երեխայի իրավունքների մասին» օրենքում փոփոխություն կատարելու նախագիծ, որով առաջարկվում է սահմանել 16 տարին լրացած հոգեկան առողջության խնդիր ունեցող երեխայի՝ հոգեբուժական միջամտություն ստանալու կամ դրանից հրաժարվելու վերաբերյալ կամավոր իրազեկված համաձայնություն տալու իրավունքը: Նշվում է, որ եթե բժշկի կարծիքով նա ունակ է հասկանալու բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետեւաքները, այդ տեղեկությունները չեն վնասի երեխային կամ կդյուրացնեն նրան բժշկական օգնության և սպասարկման տրամադրումը, ապա նրա կարծիքն ամրագրելը պարտադիր է: Նշված պայմանների բացակայության դեպքում առաջարկվում է 16 տարին լրացած երեխայի հոգեբուժական օգնությունն ու սպասարկումն իրականացնել «Հոգեբուժական օգնության և սպասարկման մասին» օրենքի 24-րդ հոդվածով սահմանված ոչ հոժարակամ հոսպիտալացման կարգով, եթե հոգեբուժական հանձնաժողովի եզրակացությամբ նրա նկատմամբ անհրաժեշտ է իրականցնել հոգեբուժական միջամտություն: Իսկ 16 տարին չլրացած երեխայի համար առաջարկվում է գրավոր իրազեկված համաձայնությունը ստանալ նրա օրինական ներկայացուցչից: Նախագիծը շրջանառության մեջ է դրվել օգոստոսի 3-ին, փոփոխությունների համար հիմք է հանդիսացել Սահմանադրական դատարանի 2020 թվականի հունվարի 30-ի թիվ ՍԴՈ-1504 որոշումը,  ըստ որի՝ առանց իր տեսակետը հաշվի առնելու երեխային հոգեբուժական հաստատությունում հոսպիտալացնելիս այն դեպքերում, եթե երեխայի տարիքը և հոգեկան առողջությունը թույլ են տալիս, որ վերջինս արտահայտի իր կամքը, ճանաչվել է Սահմանադրությանը հակասող: Սահմանադրությանը հակասող ճանաչված դրույթների ուժը կորցնելու վերջնաժամկետ է սահմանվել 2020 թվականի հունիսի 1-ը՝ հնարավորություն տալով Ազգային ժողովին «Երեխայի իրավունքների մասին» օրենքի վերաբերելի իրավակարգավորումները համապատասխանեցնելու որոշման պահանջներին: Ստացվում է, որ խորհրդարանը խախտել է ՍԴ-ի մատնանշած ժամկետը, և Սահմանադրությանը հակասող հոդվածը չի փոխել մինչ նախանշված ժամկետը: Սահմանադիրը հստակ պահանջ է դրել, որպեսզի երաշխավորվի երեխայի կարծիքը ցանկացած հարցի վերաբերյալ ազատ արտահայտելու իրավական հնարավորությունը: Եւ յուրաքանչյուր կոնկրետ դեպքում անհրաժեշտ է գնահատել երեխայի տարիքը և հասունության մակարդակը, որպեսզի հնարավոր լինի գնահատել երեխայի՝ իր հոգեկան առողջության վիճակը գիտակցելու, իր հոգեկան անձեռնմխելիությանը բժշկական միջամտության կամ դրա բացակայության հնարավոր հետևանքները հստակ հասկանալու և կանխատեսելու ունակությունը: Նախագիծը մշակվել է Առողջապահության նախարարության իրավաբանական վարչության կողմից: Հիշեցնենք, որ նախագիծը ԱԺ լիագումար նիստերի օրակարգում հայտնվելու համար նախ պետք է ստանա գլխադասային հանձնաժողովի եզրակացությունը:
12:07 - 22 օգոստոսի, 2020
Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է. ովքեր կարող են դառնալ շահառուները |hetq.am|

Երեխա ունեցող ընտանիքների բնակարանի ձեռքբերման պետական աջակցության ծրագիրը մեկնարկել է. ովքեր կարող են դառնալ շահառուները |hetq.am|

hetq.am: Մանկահասակ երեխա ունեցող 1085 ընտանիք այս տարի կկարողանա օգտվել բնակարանային ապահովության պետական աջակցության ծրագրից: Կառավարությունն այս տարվա մայիսին 14-ին ընդունել է որոշում, որով կյանքի է կոչել ծնելիության խրախուսման, երեխաներ ունեցող ընտանիքների աջակցության նոր ծրագրեր: Ծրագրերն արդեն վերագործարկվել են, ուղղությունները երեքն են` աջակցել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավմանը, խթանել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային պայմանների բարելավման գործընթացը մարզային բնակավայրերում և երեխայի ծննդյան դեպքում հիպոթեքային վարկի թեթևացում կատարել: Ծրագրի բաղադրիչներ Ծրագիրն իրենից ներկայացնում է 3 ենթածրագիր: Ըստ առաջինի` այս տարի նախատեսվում է միանվագ դրամական աջակցություն տրամադրել 245 շահառուի: Միանվագ դրամական աջակցությունը տրամադրվում է մարզային բնակավայրերում հիփոթեքային վարկով բնակարան ձեռք բերող շահառուին և ուղղվում է կանխավճարի ֆինանսավորմանը։ Այս դեպքում շահառուն պետք է ունենա առնվազն երկու անչափահաս երեխա: Միանվագ դրամական աջակցության չափը կազմում է  ձեռք բերվող բնակարանի արժեքի հինգ տոկոսը, բայց ոչ ավելի, քան մեկ միլիոն դրամը: Նկատենք, սակայն, որ յուրաքանչյուր երեխայի ծննդյան փաստի հետ մեկտեղ գումարի չափը կարող է ավելանալ, միանվագ դրամական աջակցության առավելագույն չափը կարող է լինել 2 միլիոն դրամ: Շահառուի` մինչև 30 տարեկան լինելու պարագայում դրամական աջակցության չափը կարող է ավելանալ, այս պարագայում առավելագույն չափը կարող է լինել 2,6 միլիոն դրամը: Մյուս ենթածրագրով աջակցություն է տրվում ձեռք բերվող բնակարանի կանխավճարի ապահովագրության համար` ապահովագրության տարեկան վարձավճարը կատարելու համար: Այս դեպքում շահառուն առնվազն մեկ անչափահաս զավակ պետք է ունենա: Դրամական աջակցության չափը սահմանվում է համապատասխան պայմանագրով սահմանված տարեկան ապահովագրական վճարի 90 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան տարեկան 180 հազար դրամը: Այս ենթածրագրով այս տարի աջակցություն կարող է տրամադրվել 540 շահառուի: Երրորդ ենթածրագրով էլ աջակցություն է տրամադրվում երեխայի ծննդով պայմանավորված հիպոթեքային վարկ մարող ընտանիքին, գումարն ուղղվում է հիպոթեքային վարկի մայր գումարի մարմանը: Այս դեպքում ընտանիքի երկրորդ երեխան պետք է ծնված լինի 2020 թվականի հուլիսի 1-ին կամ դրանից հետո, և երեխայի ծննդյանը նախորդող առնվազն մեկ տարվա ընթացքում շահառուն չպիտի ժամկետանց հիպոթեքային վարկ ունենա: Այս դեպքում աջակցություն կարող է ստանալ 300 շահառու: Բոլոր ենթածրագրերի դեպքում շահառուն կարող է օգտվել միայն մեկ անգամ, հիպոթեքային վարկի գործողության ընթացքում բնակարանի օտարման դեպքում պետական աջակցության գումարը ենթակա է վերադարձման: Բոլոր դեպքերում  բնակարանի առավելագույն արժեքը 30 միլիիոն դրամն է, որը շահառուի երրորդ և հաջորդ երեխայի հաշվով ավելացվում է 5-ական միլիոն դրամով: Ովքեր կարող են դառնալ ծրագրի շահառուներ Վերջին տարիներին պետական աջակցության բնակարանաշինության ծրագրերի հիմնական շահառուներն են եղել երիտասարդ ընտանիքները, երիտասարդ մասնագետները, ԵՊՀ շրջանավարտները, այս ծրագրերի շրջանակում հիմնականում շեշտադրում է արվել բնակարանաշինությանը Երևանում, ինչը, սակայն  հասանելի չի եղել մարզային բնակիչներին: Քանի որ բացառությամբ Վանաձորի ու Գյումրիի, այլ համայնքներում գրեթե չկան նորակառույց շենքեր: Այս ծրագրի դեպքում էական չէ՝ շահառուն որ համայնքի բնակիչ է, ձեռք բերվող բնակարանը (անհատական բնակելի տունը) առաջնային շուկայից է, թե երկրորդային, ամուսինները պետական, թե մասնավոր հատվածի աշխատակից են, որքան է նրանց տարիքային հանրագումարը: Այս ծրագրի դեպքում ծրագրի շահառու կարող են դառնալ բացառապես ընտանիքում մանկահասակ երեխա(ներ) ունեցող ընտանիքները, որոնց վարկունակությունը կհամապատասխանի հիպոթեքային վարկ ձեռբերելու համար: Շարունակությունը՝ hetq.am-ում
17:49 - 20 օգոստոսի, 2020
Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները․ ՀԲՃ

Ամուլսար․ կառավարությունը չկատարեց իր խոստումները․ ՀԲՃ

«Հայկական բնապահպանական ճակատը» հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «2018թ-ի դեկտեմբերին վարչապետը ջերմուկցիներին ասում էր, որ միջազգային փորձաքննության արդյունքների հիման վրա կորոշվի Ամուլսարի հետագա ճակատագիրը։ Այդ արդյունքները Քննչական կոմիտեն հրապարակեց 2019թ-ի ամռանը՝ փորձելով դրանք ներկայացնել Լիդիանի համար դրական շեշտադրումներով։ Սակայն այդ ուսումնասիրությունը կարդացած մարդիկ թույլ չտվեցին հանրությանը մոլորեցնել։ Իսկ արդեն 2019թ-ի օգոստոսի 29-ին կազմակերպված տեսակոնֆերանսի ընթացքում ԷԼԱՐԴ-ի փորձագետները մեկ անգամ ևս հաստատեցին, որ Ամուլսարի հարցում անհրաժեշտ է իրականացնել նոր բնապահպանական գնահատում, քանի որ եղած փաստաթղթերով հնարավոր չէ գնահատել իրական վտանգները։ Նրանք զարմացած էին, որ այդպիսի հարց է առաջացել ՀՀ կառավարությունում, քանի որ զեկույցում այդ ամենի մասին հստակ գրված է եղել։ Նրանք նաև շատ զարմացած էին, որ տեսակոնֆերանսին մասնակցում են Լիդիան ընկերության ներկայացուցիչները։ Սակայն այս ամենից հետո ՀՀ կառավարությունը չկատարեց իր խոստումն ու խնդրի արդարացի լուծման բեռն ու պատասխանատվությունը թողեց ջերմուկցիների ու գիտակից քաղաքացիների ուսերին՝ չնայած նրան, որ կար շատ պարզ լուծում․ միջազգային ուսումնասիրության արդյունքների հիման վրա ուժը կորցրած ճանաչել 2016թ-ին նախորդ կոռուպցիոն կառավարության տված փորձաքննական դրական եզրակացությունը։ Խնդրի լուծման անհարկի ձգձգումն ևս մի տարի՝ 2020թ-ի հուլիս-օգոստոս ամիսներին բերեց իրավիճակի լուրջ սրման և բախումների Ամուլսարի մատույցներում և Երևանում։ Մանրամասները՝ տեսանյութում »
13:42 - 20 օգոստոսի, 2020