Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան մեկուսացման մեջ է․ Թաներ Աքչամ |civilnet.am|

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան մեկուսացման մեջ է․ Թաներ Աքչամ |civilnet.am|

civilnet.am: Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած՝ Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստի ժամանակ որոշվել էր, որ պետք է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի համար նոր կառույց ստեղծել։ Թեմայի շուրջ խոսել է ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստի ժամանակ հանձնարարել է «Հայոց ցեղասպանության պնդումներին պատասխանելու և ռազմավարություն մշակելու համար ստեղծել քաղաքացիական նոր անկախ մարմին»։ Այդ կապակցությամբ Ֆեյսբուքում ձեր բարձրացրած հարցը Ձեզ եմ ուղղում՝ ինչո՞ւ և ինչո՞ւ հիմա։ Կարծես թե, երկու պատճառ է նշմարվում։ Առաջին՝ չկա հատուկ պատճառ, գործ ունենք պետության ավանդական գործելաոճի հետ։ Բացի այդ, 2000-ականների սկզբին Ազգային անվտանգության խորհրդին կից ստեղծվել էր «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգող մարմինը» (ASİMKK)։ Կառավարման նախագահական համակարգի անցման հետ մեկտեղ այս կառույցը վերացվեց։ Այդպիսով, մնում էր երկու բան անել․ կամ ասել, որ նման կառույցի կարիք չկա, և փաստորեն հավանություն տալ ASİMKK-ի փակմանը կամ էլ փոխարենը փորձել ավելի լավ կառույց ստեղծել։ Նախընտրեցին երկրորդ տարբերակը։ Երկրորդ պատճառը և ըստ իս ամենակարևորը՝ 2023 թվականն է։ 2023-ը թե՛ Թուրքիայի հիմնադրման 100-ամյակն է, թե՛ ընտրությունների տարի է։ «Արդարություն ու զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցություններից բաղկացած կոալիցիան (ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիա) ինչ գնով էլ լինի՝ ձգտելու է հաղթել ընտրություններում։ Դրան տանող ճանապարհներից մեկն էլ 2023-ի ընտրություններին հանրապետության հիմնական խնդիրներն ընդգրկող «համակողմանի» ծրագրով հանդես գալն է։ Հայկական հարցը hանրապետության կարևոր խնդիրներից մեկն է․ ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիան փորձում է հարցի վերաբերյալ հանդես գալ համակողմանի ծրագրով և ցույց տալ, թե ընդդիմությունից ավելի լավն է։ Այդ պատճառով սխալ չի լինի այս նոր քայլը համարել «հայկական նախաձեռնություն»։  Կարևորը հետևյալ հարցն է․ ընդդիմությունը չի կարողանալու որևէ բան ասել այս «նախաձեռնության» դեմ, որովհետև կառավարությունն այն ներկայացնելու է որպես համազգային գործ, ինչի հետևանքով ընդդիմությունը հակադրվելու փոխարեն ստիպված է լինելու աջակցել դրան։ Իսկ դա իշխանության համար մեծ առավելություն է։  Ըստ ձեզ՝ ի՞նչ կարող է անել այս նոր կառույցը, Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ փոփոխություն սպասո՞ւմ եք։ Կախված է նրանից, թե ինչ եք հասկանում՝ փոփոխություն ասելով։ Կուզեի առանձնացնել երեք կետ։ Առաջին՝ նոր կառույց ստեղծելու որոշման հիմքում ընկած է հինգ համալսարանների պատրաստած համատեղ զեկույցը։ Չգիտենք, թե ինչ է այն պարունակում։ Սակայն կարող ենք ենթադրել, որ առնվազն մի շարք հարցերի շուրջ «մտածել են» ու որոշ «նոր նախաձեռնություններով» են հանդես գալու։ Երկրորդ՝ հենց նույն օրերին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Անիի ավերակների մոտ գտնվող հայտնի Մետաքսի ճանապարհի կամուրջը վերանորոգվելու է։ Անցած տարիներին հայ-թուրքական հաշտեցման փորձեր անող միջազգային մի շարք կառույցներ կամրջի վերանորոգման համար դիմել էին թուրքական կառավարությանը, սակայն այդ առաջարկները մերժվել էին։ Այժմ հենց Թուրքիան է որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ, ինչը բազմանշանակ փաստ է։ Երրորդ՝ միջազգային հարթությունում Թուրքիայի փակուղային դրությունն է։ Ո՛չ ակադեմիական աշխարհում, ո՛չ քաղաքական հարթությունում չկա մեկը, որ Թուրքիայի թեզերը լուրջ ընդունի։ Սրանից 5-10 տարի առաջ ակադեմիական աշխարհում հետևյալ միտքը, թե «խնդիրը երկու կողմ ունի, և այս երկու կողմը տարբեր տեսակետներ ունեն, այդ պարագայում պետք է կողմերից հավասար հեռավորություն պահպանել ու հարգել նրանց տեսակետները», դեռ կողմնակիցներ ուներ։ Սակայն այսպես մտածող արդեն գրեթե չի մնացել։ Ակադեմիական հաստատություններում  թուրքական կառավարության թեզերը համարում են հերթական ժխտողական տեսակետն ու լուրջ չեն ընդունում։   Քաղաքական հարթությունում համանման իրավիճակ է։ Թուրքիան կորցրեց իր ամենակարևոր ամրոցը՝ ամերիկյան Կոնգրեսը։ Արևմուտքում կարծես թե չի մնացել մի երկիր, որը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը։ Նույնիսկ իսլամական երկրներն են սկսել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կարող ենք ասել, որ Ցեղասպանության հարցում Թուրքիան բոլոր տեսակետներից մեկուսացման մեջ է։ Այս ամենը նշանակում է, որ Թուրքիան փակուղային դրության մեջ է, և այս նոր նախաձեռնությունը կարող ենք համարել փակուղային դրությունից փրկվելուն միտված քայլերից մեկը։ Ժխտողական քաղաքականության էությունը չի փոփվելու, բայց հնարավոր է՝ նոր արտահայտություններ ու համանման բաներ շրջանառության մեջ դրվեն։ Ըստ իս՝ մենք կարծես մի տեսակ հոգեբանական պատերազմի նախաշեմին ենք։ Սփյուռքի հայկական որոշ թեթեր գրեցին, թե Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ դատի գործիչներին։ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբն էլ հայտարարում է, թե Էրդողանը թիրախավորում է Հայ դատի ակտիվիստներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։  Չեմ կարծում, թե Էրդողանը կարող է միջազգային հարթությունում որևէ մեկին սպառնալ։  Բանն այն է, որ ոչ ոք այս տեսակ սպառնալիքները լուրջ չի ընդունում։ Ըստ իս՝ Թուրքիայի հիմնական խնդիրը իրեն նորից լուրջ վերաբերվելն է։ Թուրքիան փնտրելու է նոր ճանապարհներ ու մեթոդներ, որ իր առաջ քաշած թեզերին լուրջ վերաբերվեն։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:53 - 09 հուլիսի, 2020
ԱՄՆ-ի սենատորները պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ԱՄՆ-ի սենատորները պահանջել են անհապաղ պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ |ermenihaber.am|

ermenihaber.am: ԱՄՆ-ի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների 4 սենատորներ նամակ են հղել պաշտպանության նախարար Մարկ Էսպերին՝ պահանջելով Թուրքիայի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառել։ Սենատորներ Ժան Շահինը, Քրիս Վան Հոլլենը, Թոմ Թիլլիսը և Ջեյմս Լանկֆորդը իրենց այդ պահանջը հիմնավորել են Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու հանգամանքով։ Ժան Շահինն այդ նամակը հրապարակել է նաև Twitter-ում՝ կցելով հետևյալ մեկնաբանությունը․ «Մենք ջանացել ենք նախագիծն օրենքի վերածել, որպեսզի հստակորեն ցույց տանք Էրդողանին, որ ՆԱՏՕ-ին և տրանսատլանտյան անվտանգությունը թուլացնելու նպատակով նրա ձեռնարկած քայլերը չեն կարող հավանության արժանանալ։ Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման շղթայից հեռացնելը երկու կուսակցությունների համատեղ ջանքերի արդյունքն էր, որի նպատակն էր ապահովել, որպեսզի Էրդողանը պատասխան տա, ինչպես նաև՝ պաշտպանել ԱՄՆ-ի տեխնոլոգիաները։ Եկել է ժամանակը, որպեսզի իշխանությունները անհապաղ կիրառեն այս օրենքը»։ Երկուսուկես էջանոց նամակում հեղինակները հիշեցրել են Անկարայի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության մասին և ընդգծել, որ այդ համագործակցության պատճառով իրենք 2018թ․-ից մինչ օրս հարկադրված են եղել բազմաթիվ օրենքի նախագծեր ներկայացնել։ Սենատորները դժգոհություն են հայտնել այն առթիվ, որ ի սկզբանե որոշվել էր Թուրքիային F-35-ների նախագծից հանել աստիճանաբար, փուլային սկզբունքով, բայց այդ գործընթացը բավականաչափ կանոնակարգված ու ժամանակին չի իրագործվում, ինչի արդյուքում ԱՄՆ-ի կողմից այդ քայլով Թուրքիային ուղղվող ուղերձի ազդեցությունը նվազում է։
12:30 - 09 հուլիսի, 2020
ՌԴ-ն և Չինաստանը վետո են դրել Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա |ermenihaber.am|

ՌԴ-ն և Չինաստանը վետո են դրել Թուրքիայի տարածքով Սիրիա հումանիտար օգնություն ուղարկելու բանաձևի վրա |ermenihaber.am|

ermenihaber.am: Ռուսաստան և Չինաստանը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում վետո են դրել Սիրիայի վերաբերյալ Գերմանիայի ու Բելգիայի բանաձևի վրա։ Այդ բանաձևով առաջարկվում էր միջսահմանային հումանիտար օգնություն տրամադրելու նպատակով երկարաձգել Թուրքիայի և Սիրիայի սահմանին առկա սահմանային 2 անցակետի աշխատանքը։ Նրանք առաջարկել են միջսահմանային մեխանիզմով օգնության ծրագիրը  երկարաձգել ոչ թե 6 ամսով, այլ 1 տարով, ինչպես հաստատված է եղել նախկինում: Անհրաժեշտության դեպքում կավելացվի  ՄԱԿ-ի համար բացվող հսկիչ անցակետերի քանակը: Մինչ այդ հումանիտար օգնությունը Սիրիա հասնում էր թուրք-սիրիական սահմանային 4 անցակետերի միջոցով, սակայն 2019թ․ Ռուսաստանի և Չինաստանի կողմից դրված վետոյով անցակետերի թիվը հասցվել էր երկուսի։ 2020թ. հունվարին այդ անցակետերից միայն երկուսի գործողության ժամկետն էր կես տարով երկարաձգվել, և այդ բանաձևին կողմ էին արտահայտվել Ռուսաստանը, Չինաստանն ու Սիրիան: Այժմ Ռուսաստանը պնդում է, որ Սիրիայում իրավիճակի կայունացմամբ պայմանավորված այլևս երկու անցակետի պահպանման անհրաժեշտություն չկա, և հումանիտար օգնությունը հնարավոր է մատակարարել մեկ անցակետի միջոցով, իսկ դրան դեմ են արևմտյան պետությունները: Սա արդեն 15-րդ վետոն է, որ ռուսական կողմը կիրառում է Սիրիային առնչվող ՄԱԿ-ի բանաձևերի վրա: Բանաձևի ժամկետն ավարտվում է հուլիսի 10-ին: Փաստաթղթի քննարկման ժամանակ նշվել է, որ Սիրիայում այժմ ավելի քան 11 միլիոն մարդ ունի հումանիտար աջակցության կարիք՝ հատկապես կորոնավիրուսի համաճարակի և սիրիական տնտեսության ճգնաժամի պայմաններում: Հումանիտար օգնության կատաստրոֆիկ պահանջ կա հատկապես Իդլիբի շրջանում, որտեղ բնակչության մեծ մասը մատնված է սովի:
11:31 - 09 հուլիսի, 2020
Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին |ermenihaber.am|

Իրաքը Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար կարող է դիմել միջազգային կառույցներին |ermenihaber.am|

ermenihaber.am: Իրաքի արտգործնախարարության մամուլի խոսնակ Ահմադ աս-Սահաֆը հայտարարությամբ է հանդես եկել Իրաքի հյուսիսում «Քուրդիստանի բանվորական կուսակցություն» (PKK) ռազմաքաղաքական կազմակերպության դեմ Թուրքիայի զինուժի կողմից իրականացվող «Վագրի ճիրան»  և «Արծվի մագիլ» ռազմական օպերացիների վերաբերյալ։ Խոսնակը նշել է, որ Իրաքի տարածքում Թուրքիայի ռազմագործողությունների դադարեցման համար հնարավոր է դիմեն ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին (ԱԽ), «Արաբական պետությունների լիգային» (ԱՊԼ), «Իսլամական համագործակցության կազմակերպությանը» և այլ կառույցների։  Սահաֆն ակնարկել է նաև Թուրքիայի վրա ազդելու մեկ այլ գործիքակազմի մասին։ «Իրաքում մի քանի տասնյակ թուրքական տնտեսական և ներդրումային ընկերություններ կան։ Երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալը տարեկան անցնում է 16 մլն դոլարի սահմանը»,-ասել է նա։  Թուրքիայի արտգործնախարարությունն արձագանքել է Իրաքի ԱԳՆ-ի հայտարարություններին։ Թուրքիայի ԱԳՆ-ի մամուլի խոսնակ Համի Աքսոյը պնդել է, որ Թուրքիան վճռական է ձեռնարկել անհրաժեշտ միջոցները «ինքնապաշտպանական իրավունքների համար»։ Աքսոյը կրկին հիշեցրել է, որ «Թուրքիան պատրաստ է Իրաքի հետ համագործակցել PKK-ի դեմ պայքարում, պնդելով, որ  վերջինս սպառնում է նաև Իրաքի անվտանգությանը և խախտում է ինքնիշխանությունը»։
11:28 - 06 հուլիսի, 2020
Եկեղեցի-մզկիթ-թանգարան ու կրկին մզկի՞թ. Թուրքիան փորձում է փոխել Այա Սոֆիայի կարգավիճակը |armtimes.com|

Եկեղեցի-մզկիթ-թանգարան ու կրկին մզկի՞թ. Թուրքիան փորձում է փոխել Այա Սոֆիայի կարգավիճակը |armtimes.com|

armtimes.com: Ստամբուլի գլխավոր խորհրդանիշներից մեկը՝ Սուրբ Սոֆիայի (հունարեն՝ Αγία Σοφία, Սուրբ Իմաստություն) տաճարը շուտով կարող է թանգարանից վերածվել մզկիթի: Աշխարհի տարբեր կողմերից բազմաթիվ կրոնական գործիչներ եւ մշակութային կազմակերպություններ դեմ են արտահայտվել այս քայլին՝ ընդգծելով, որ հուշարձանը պատկանում է համայն մարդկությանը՝ անկախ կրոնից: Այսօր Թուրքիայի դատարանը պետք է վերջնական որոշում կայացներ այդ հարցի վերաբերյալ, բայց 17 րոպեանոց նիստի արդյունքում հայտարարվեց, որ 15 օրվա ընթացքում կհրապարակի դատավճիռը. հաղորդում է BBC-ն: Սուրբ Սոֆիայի տաճարը Կոստանդնուպոլսի տեսարժան վայրերից մեկն է, գրավիչ եւ հետաքրքիր՝ քաղաք այցելող գրեթե բոլոր զբոսաշրջիկների համար: Տաճարը գտնվում է պատմական կենտրոնում՝ Սուլթանահմեդ շրջանում, Բոսֆորի ափերից դուրս: Այժմ այն թանգարանային համալիր է, բայց ունեցել է երկար պատմություն: Տաճարի մասին առաջին հիշատակումները մեզ են հասել մեր թվարկության 4-րդ դարից: Իր գոյության հենց սկզբում տաճարը փրկվել է կրակից եւ վերստին ու վերստին կառուցվել: Տաճարը տեղակայված է մի հարթավայրում, ուր մինչ 4-րդ դարը հսկայական շուկայի հրապարակն էր: Երկու անգամ ավերվելուց հետո այս տեղում տաճար կանգնեցնելու համար Բյուզանդական կայսր Հուստինիանոս 1-ինը հրամայել է չխնայել ոչինչ, որ նոր տաճարն իր շքեղությամբ ու չափերով գերազանցի բոլոր նախորդներին, եւ 537թ. սկսվել է շինարարությունը: Տաճարի կառուցման համար ծախսվել է Բյուզանդական կայսրության երեք տարվա եկամուտը: Շինարարության ընթացքում օգտագործվել են լավագույն նյութերը, որոնք բերվել են աշխարհի տարբեր կողմերից: Տաճարի ներսը զարդարված էր ոսկով, արծաթով, փղոսկրով եւ թանկարժեք քարերով: Երկար ժամանակ տաճարը Բյուզանդական կայսրության զորության խորհրդանիշն էր: 989-ին ուժեղ երկրաշարժի հետեւանքով փլուզվել էր տաճարի գմբեթը, որ վերականգնվել է 5 տարի անց՝ հատուկ այդ նպատակով հրավիրված Տրդատ ճարտարապետի նախագծով եւ ժամանակի համար նորարարական մոտեցմամբ: 1453-ին թուրքերի գրավել են Կոստանդնուպոլիսը եւ թալանել տաճարը: Հետագայում Սուլթան Մեհմեդ Երկրորդի հրամանով այն վերածվել է մզկիթի. սվաղով ծածկվել նրբագույն որմնանկարները, խճապատկերները: 1739 թվականին սուլթան Մահմուդ 1-ինը հրամայել է վերանորոգել շինությունը եւ ավելացնել մեդրեսե (ղուրանական դպրոց, որն այժմ թանգարանի գրադարանն է), իմարեթ (աղքատներին ուտելիք բաժանելու խոհանոց), գրադարան եւ շատրվան (կրոնական լվացման համար): Այս ամենի արդյունքում տաճարը վերածվել է քուլիեի՝ մզկիթային համալիրի: Այժմ տաճարի ինտերիերում սվաղից մաքրված, գորգային ծածկոցներից ազատված բազմաթիվ քրիստոնեական որմնանկարներ եւ խճապատկերներ կան՝ քրիստոնեական եւ մահմեդական դարաշրջանի տարրեր, որ խորհրդանշում են կրոնների հերթագայությունն ու համակեցությունը մի վայրում: Հիսուս Քրիստոսի պատկերի կողքին`հսկայական վահանների վրա Ղուրանից հատվածներ են: 1935-ին ժամանակակից աշխարհիկ Թուրքիայի հիմնադիր Քեմալ Աթաթուրքի հատուկ հրամանագիրով մզկիթը վերածվել է թանգարանի: 1985-ին թանգարանի շենքը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության ցանկում: Արգելված էր համալիրը որպես երկրպագության վայր (մզկիթ կամ եկեղեցի) օգտագործելը, սակայն ի նշան կրոնական համերաշխության՝ 2006 թվականին Թուրքիայի կառավարության որոշմամբ մի փոքրիկ սենյակ է տեղակայվել թանգարանում, որտեղ թանգարանի քրիստոնյա եւ մուսուլման աշխատակիցները կարող էին աղոթել: 2013 թվականից թանգարանի մինարեթներից մեկից մուեզզինն սկսել է օրական երկու անգամ կանչել աղոթքի հավատացյալներին: 2019-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ «Այա Սոֆիա» թանգարանի կարգավիճակը կարող է վերանայվել: Վերլուծաբաններն այս քայլը գնահատել են՝ որպես պատասխան Վաշինգտոնի կողմից Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելուն: Սակայն Թուրքիայի կառավարությունն սկսել է այդ ուղղությամբ ակտիվ գործընթաց: Շարունակությունը՝ armtimes.com-ում
17:39 - 02 հուլիսի, 2020
Թուրքերը պատրաստվում են վերականգնել հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական կամուրջը |ermenihaber.am|

Թուրքերը պատրաստվում են վերականգնել հայ-թուրքական սահմանին գտնվող պատմական կամուրջը |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիան պատրաստվում է վերակառուցել ավերված Անիի պատմական կամուրջը (Մետաքսի ճանապարհի կամուրջ), որը գտնվում է հայ-թուրքական սահմանին՝ Ախուրյան գետի վրա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի տրանսպորտի, ծովագնացության ու կապի  նախկին նախարար, այժմ Կարսից ընտրված խորհրդարանի պատգամավոր Ահմեթ Արսլանը։ Նա «Gazete Kars» լրատվամիջոցին տված հարցազրույցում նշել է, որ այս պահին միայն հիմքերը մնացած կամուրջի վերանորոգման համար Թուրքիայի ցամաքային ճանապարհների Կարսի 18-րդ վարչությունը մրցույթ է կազմակերպում և շուտով կսկսվեն շինարարական աշխատանքները։   Արսլանը նշել է, որ Անիի ավերակները իրենց համար շատ կարևոր են, քանի որ 1064 թ․-ին Անին եղել է Ալփարսլան սուլթան 1-ին կանգառը «Անատոլիայում»։  «Անիի կարևոր առանձնահատկություններից մեկը Մետաքսի ճանապարհի վրա գտնվելն է։ Աստծո կամքով ցամաքային ճանապարհների գլխավոր վարչությունը Մետաքսի ճանապարհը եզրափակող ու Հայաստանի ու Թուրքիայի սահմանը գծող Ախուրյանի վրա գտնվող այս պատմական կամուրջը կվերկառուցի այնպես, ինչպես վերաշինել է մյուս պատմական կամուրջները։ Աշխատանքները շուտով կմեկնարկեն» ասել է թուրք պատգամավորը։ Պատգամավորը, սակայն, կամուրջի վերականգնման մասին այլ մանրամասներ չի հաղորդել, հատկապես այն հարցում, թե արդյոք Հայաստանի հետ որևէ համաձայնություն ձեռք բերվել է այդ հարցում, քանի որ կամուրջի 2 հենարաններից (ոտքերից) մեկը գտնվում է Ախուրյանի՝ Հայաստանյան ափին։ 
12:38 - 25 հունիսի, 2020
Թուրքիայում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող հատուկ կառույց |ermenihaber.am|

Թուրքիայում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող հատուկ կառույց |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել՝ ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանի հրահանգավորմամբ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ նման գաղափար ծագել էր դեռ 3 ամիս առաջ, երբ ԱՄՆ-ի կոնգրեսի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։ Նշյալ կոմիտեի նիստում ընդգծվել է, որ մինչ օրս չկա մեկ միասնական մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված փաստերի հավաքամամբ և միասնական քաղաքականության մշակմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։
11:36 - 23 հունիսի, 2020