ermenihaber.am: ԱՄՆ-ի հանրապետական և դեմոկրատական կուսակցությունների 4 սենատորներ նամակ են հղել պաշտպանության նախարար Մարկ Էսպերին՝ պահանջելով Թուրքիայի դեմ անհապաղ պատժամիջոցներ կիրառել։
Սենատորներ Ժան Շահինը, Քրիս Վան Հոլլենը, Թոմ Թիլլիսը և Ջեյմս Լանկֆորդը իրենց այդ պահանջը հիմնավորել են Թուրքիայի՝ Ռուսաստանից S-400 ՀՕՊ համակարգեր գնելու հանգամանքով։
Ժան Շահինն այդ նամակը հրապարակել է նաև Twitter-ում՝ կցելով հետևյալ մեկնաբանությունը․
«Մենք ջանացել ենք նախագիծն օրենքի վերածել, որպեսզի հստակորեն ցույց տանք Էրդողանին, որ ՆԱՏՕ-ին և տրանսատլանտյան անվտանգությունը թուլացնելու նպատակով նրա ձեռնարկած քայլերը չեն կարող հավանության արժանանալ։ Թուրքիային F-35 կործանիչների մատակարարման շղթայից հեռացնելը երկու կուսակցությունների համատեղ ջանքերի արդյունքն էր, որի նպատակն էր ապահովել, որպեսզի Էրդողանը պատասխան տա, ինչպես նաև՝ պաշտպանել ԱՄՆ-ի տեխնոլոգիաները։ Եկել է ժամանակը, որպեսզի իշխանությունները անհապաղ կիրառեն այս օրենքը»։
Երկուսուկես էջանոց նամակում հեղինակները հիշեցրել են Անկարայի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության մասին և ընդգծել, որ այդ համագործակցության պատճառով իրենք 2018թ․-ից մինչ օրս հարկադրված են եղել բազմաթիվ օրենքի նախագծեր ներկայացնել։
Սենատորները դժգոհություն են հայտնել այն առթիվ, որ ի սկզբանե որոշվել էր Թուրքիային F-35-ների նախագծից հանել աստիճանաբար, փուլային սկզբունքով, բայց այդ գործընթացը բավականաչափ կանոնակարգված ու ժամանակին չի իրագործվում, ինչի արդյուքում ԱՄՆ-ի կողմից այդ քայլով Թուրքիային ուղղվող ուղերձի ազդեցությունը նվազում է։
comment.count (0)