Ազգային ժողով

ՀՀ Սահմանադրության համաձայն Ազգային ժողովը ժողովրդի ներկայացուցչական մարմինն է: Այն իրականացնում է օրենսդիր իշխանությունը: Ազգային ժողովը վերահսկողություն է իրականացնում գործադիր իշխանության նկատմամբ, ընդունում է պետական բյուջեն եւ իրականացնում է Սահմանադրությամբ սահմանված այլ գործառույթներ: Ազգային ժողովի լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ այն գործում է իր կանոնակարգին համապատասխան: Խորհրդարանն ընտրվում է 5 տարի ժամկետով, կազմված է առնվազն 101 անդամից։

Այժմ գործում է 8-րդ գումարման ազգային ժողովը, որը բաղկացած է 106 պատգամավորից, որոնցից 71-ը՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, 28-ը՝ «Հայաստան» խմբակցությունից, 7-ը՝ «Պատիվ ունեմ» խմբակցությունից։ ԱԺ գործող նախագահը Ալեն Սիմոնյանն է։

ԱԺ-ն քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու, ՀՔԾ-ն լուծարելու նախագիծը |armenpress.am|

ԱԺ-ն քննարկեց Հակակոռուպցիոն կոմիտե ստեղծելու, ՀՔԾ-ն լուծարելու նախագիծը |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկում է Հակակոռուպցիոն կոմիտեի մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է Հատուկ քննչական ծառայության լուծարում, Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծում: Նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Որոշվել է օպերատիվ հետախուզական գործառույթներ իրականացնող անձանց կարգավիճակի հետ կապված հնարավոր խնդիրներից խուսափելու նպատակով սահմանել առանձին ծառայության տեսակ, այն է՝ ծառայություն հակակոռուպցիոն կոմիտեում: Վերանայվել են կոմիտեի ծառայողների պաշտոնների խմբերը և պաշտոններին ներկայացվող պահանջները: Կատարված փոփոխությամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի մրցութային խորհրդի առաջարկած 3 թեկնածուների շրջանակից նշանակելու է կառավարությունը, նախկինում սահմանված էր, որ նշանակումը կատարվելու է վարչապետի կողմից «Իրավապահ մարմինների, նաև Հատուկ քննչական ծառայության հետ քննարկումների արդյունքում որոշվել է լուծարել Հատուկ քննչական ծառայությունը»,- ասաց Բադասյանը: Մինչև Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների մրցույթի իրականացումը և դրա արդյունքում նրանց պաշտոնի նշանակելը, Հատուկ քննչական ծառայության քննիչները ժամանակավորապես կնշանակվեն որպես Հակակռուպցիոն կոմիտեի քննիչներ: Այդ ընթացակարգով 20 անձ կնշանակվի:
16:22 - 23 մարտի, 2021
ԱԺ նախագահն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախագծին |1lurer.am|

ԱԺ նախագահն առաջարկեց կողմ քվեարկել ռազմական դրությունը հանելու վերաբերյալ նախագծին |1lurer.am|

1lurer.am: ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ռազմական դրությունը հանելու վերաբերյալ օրինագծի վերաբերյալ իր ելույթում անհիմն որակեց պնդումները, թե ռազմական դրությունը երկարաձգելը ներքաղաքական դրդապատճառ ունի: «Ես հիմնավոր եմ համարում մեր գործընկերների տեսակետը, որ լավագույն լուծումը կլիներ, եթե Կառավարությունն ինքը ամփոփեր ռազմական դրությամբ պայմանավորված իր աշխատանքները, միջոցառումները քիչ-քիչ դադարեցներ, և ինքը նախաձեռներ ռազմական դրության հանելը: Բոլորս ակնհայտորեն ընդունում ենք, որ հայտարարված են արտահերթ խորհրդարանական ընտրություններ, և մոտ ապագայում առաջիկայում՝ 7 օրից, 5 օրից, այսպես թե այնպես, Կառավարությունն ինքը կամ կառավարող մեծամասնությունը պետք է նախաձեռներ այս գործընթացը, և ռազմական դրությունը պետք է դուրս գա»,- ասաց Միրզոյանը:  ԱԺ նախագահն առաջարկեց ընդառաջել խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը և կողմ քվեարկել այդ նախագծին:
13:17 - 23 մարտի, 2021
Առաջարկվում է սահմանամերձ բնակավայրի գյուղմթերքը պետության կողմից պարտադիր գնման ենթակա դարձնել |armtimes.com|

Առաջարկվում է սահմանամերձ բնակավայրի գյուղմթերքը պետության կողմից պարտադիր գնման ենթակա դարձնել |armtimes.com|

armtimes.com: Ազգային ժողովի անկախ պատգամավորներն առաջարկում են սահմանամերձ համայնքների վարչական տարածքներում աճեցված գյուղմթերքը պետության կողմից պարտադիր գնման ենթակա դարձնել: Պատգամավորներ Թագուհի Թովմասյանը, Սոֆյա Հովսեփյանը եւ Աննա Գրիգորյանն առաջարկում են լրացում կատարել «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» եւ «Գնումների մասին» ՀՀ օրենքներում: Այդ լրացմամբ նախատեսվում է, որ ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության հողերում աճեցված բուսաբուծական արտադրանքը պետությունը երաշխավորում է, որ պետք է գնի՝ Կառավարության կողմից սահմանված կարգով՝ երաշխավորված գնման պայմանագրի հիման վրա: Որպես հիմնավորում՝ պատգամավորները նշել են, թե նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո Հայաստանի մի շարք համայնքներ ձեռք են բերել սահմանամերձ համայնքների կարգավիճակ: Տեղի բազմաթիվ բնակիչներ հայտնվել են ծանր սոցիալական վիճակում, որի արդյունքում համայնքում նրանց ընտանիքների հետագա աշխատանքի հեռանկարները դարձել են խիստ անորոշ: Ըստ նրանց՝ գյուղացիները բոլոր հնարավոր միջոցներով աճեցնում են բուսաբուծական արտադրանք, որի հնարավոր իրացումից նախատեսվող եկամտի վրա հույսը դնելով՝ փորձում են առաջիկա ժամանակահատվածի համար պլանավորել իրենց սոցիալական խնդիրների լուծումը: Սակայն բազմաթիվ են դեպքերը, երբ սահմանամերձ համայնքների բնակիչները չեն կարողանում իրացնել արտադրանքը եւ կանգնում են լրջագույն խնդիրների առջեւ: Այդ իսկ պատճառով պատգամավորները գտնում են, որ պետությունը պետք է 100%-ով երաշխավորի սահմանամերձ համայնքների գյուղատնտեսական արտադրանքի իրացումը: Շարունակությունը՝ armtimes.com-ում։
11:07 - 23 մարտի, 2021
«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը չընդգրկվեց օրակարգում |1lurer.am|

«Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը չընդգրկվեց օրակարգում |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն նստաշրջանի օրակարգում չընդգրկեց «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը, որ բացասական եզրակացություն էր ստացել պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում: Նախագծի հեղինակ Սերգեյ Բագրատյանը փոփոխությունները ներկայացնելիս նշեց, որ 20-27-րդ հոդվածները կանոնակարգում են քննիչ հանձնաժողովի ձևավորման և գործունեության վերաբերյալ կարգավորումները: Պատասխանատվության մեխանիզմ է առաջարկվում, որ կառավարության այն անդամը, որը կհրավիրվի քննիչ հանձնաժողովի նիստի և անհարգելի չի մասնակցի, հիմք կլինի, որ քննիչ հանձնաժողովը դիմի ԱԺ խմբակցություններին, որպեսզի նրանք ներկայացնեն ԱԺ նախագահին՝ վարչապետի ուշադրությունը հրավիրելով տվյալ պաշտոնյայի հետագա պաշտոնավարման նպատակահարմարության վերաբերյալ: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն առաջարկեց այս թեմային անդրադառնալ ԱԺ արտահերթ ընտրություններից հետո կազմավորվելիք նոր խորհրդարանում:
10:47 - 23 մարտի, 2021
Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան |tert.am|

Ռեկտոր ընտրելու է բուհի կառավարման խորհուրդը՝ 5 տարի ժամկետով. Վահրամ Դումանյան |tert.am|

tert.am: «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագծում  քննարկումներից հետո կատարվել են փոփոխություններ: Այս մասին ասաց ԿԳՍՄ նախարար Վահրամ Դումանյանը ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նիստին: «Ըստ փոփոխությունների՝ ռեկտորն ընտրվում է բուհի կառավարման խորհրդում և հրամանագրվում է 5 տարի ժամանակով, կարևոր փոփոխություն է նաև, որ օրենքի նախագծում ռեկտորին ներկայացվող պահանջներից մեկն այն էր, որ թեկնածուն պետք է ունենար գիտական աստիճան, կատարվել է փոփոխություն և առաջարկվում է գիտական աստիճան ունենալուց բացի, ունենալ 5 տարվա գիտական և ակադեմիական գործունեության փորձ»,- ասաց Վահրամ Դումանյանը: ԿԳՍՄ նախարարը նաև անդրադարձ կատարեց ամբիոնի վարիչների պաշտոնին: «Նախկինում համարվում էր վարչական, իսկ հիմա առաջարկվող տարբերակում ամբիոնի վարիչի պաշտոնավարումը համարվում է ակադեմիական աշխատանք, և դա ակադեմիական պաշտոն է»,- նշեց նախարարը: Նիստի ընթացքում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը նշեց՝ ռեկտորների տարիքային սահմանափակումը պետք է հանվի, քանի որ հակասություն կա Սահմանադրության հետ, և կան որոշակի փոփոխություններ, բայց հակադրությունը չի վերացվել: Հարցին ի պատասխան՝ Վահրամ Դումանյանը նշեց՝ կան օրինակներ, որոնց հիման վրա է այդ դրույթն ավելացվել:
14:14 - 22 մարտի, 2021
Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակն ընդլայնող օրինագիծը

 |armenpress.am|

Խորհրդարանն ամբողջությամբ ընդունեց ԲԴԽ-ի լիազորությունների շրջանակն ընդլայնող օրինագիծը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով:  ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը»-ի պատգամավորների հեղինակած «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախատեսվում է ԲԴԽ-ին օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն` նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Սահմանվում է նաև, որ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու՝ հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար: Նախագծի համահեղինակ Վլադիմիր Վարդանյանն անդրադարձավ փոփոխություններին, որոնք կատարվել են երկրորդ ընթերցմամբ քննարկման համար: Նախագծից դուրս է եկել դատական սանկցիաների հետ կապված հատվածը: Մի շարք կանոնակարգումներ ևս հանվել են նախագծից: Վարդանյանն անդրադարձավ նաև բավականին մեծ քննարկում առաջացրած կանոնակարգմանը, որը վերաբերում էր մեկ դատավորից գործեր վերցնելուն և մյուսին հանձնելուն: «ԲԴԽ-ն ունի լիազորություն՝ բաշխելու և վերաբաշխելու գործերը: Դատական օրենսգիրքն արդեն իսկ նախատեսում է առանձնակի բարդության գործերի հետ կապված ընթացակարգեր: Օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասով նախատեսված որոշումը ԲԴԽ-ի կողմից ընդունվելուց հետո երկամսյա ժամկետում առանձին տեսակի կամ բարդության այն գործեր, որոնցով դատաքննություն չի սկսվել, կարող են վերաբաշխվել ԲԴԽ-ի սահմանած կարգով»,-ասաց պատգամավորը: Հարակից զեկուցող Սիսակ Գաբրիելյանն էլ նշեց, որ հնչեցված քննադատությունների մեծ մասը փոփոխություններով փարատվել է:  Նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկմանը ստացավ 81 կողմ, 15 դեմ ձայներ: ԼՀԿ-ն առաջին ընթերցմամբ քննարկմանը կտրականապես դեմ էր արտահայտվել նախագծին:
20:58 - 19 մարտի, 2021
ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ընդդիմությունը դեմ էր |tert.am|

ԲԴԽ լիազորություններն ընդլայնող նախագիծն ընդունվեց առաջին ընթերցմամբ. ընդդիմությունը դեմ էր |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 80 պատգամավոր, դեմ՝ 6, ձեռնպահ՝ 1:Ըստ նախագծի՝ դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և Դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի, ԲԴԽ-ին դիմելու իրավունք կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք՝ իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք: Այս դեպքում քաղաքացու կամ իրավաբանական անձի դիմումն ինքնին առիթ է լինելու հարցը ԲԴԽ-ի կողմից քննելու համար:
13:27 - 19 մարտի, 2021
Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Արարատ Միրզոյանին՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից էթիկայի կանոնների խախտման փաստը քննարկելու պահանջով

Լրագրող Անի Գևորգյանը դիմել է Արարատ Միրզոյանին՝ Անդրանիկ Քոչարյանի կողմից էթիկայի կանոնների խախտման փաստը քննարկելու պահանջով

Այսօր դիմել եմ Ազգային Ժողովի նախագահ Արարատ Միրզոյանին Ազգային ժողովի Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի կողմից պատգամավորական էթիկայի կանոնների կոպիտ խախտման փաստը քննարկելու և դրա վերաբերյալ Ազգային ժողով եզրակացություն ներկայացնելու համար սահմանված կարգով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու գործընթաց սկսելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել լրագրող Անի Գևորգյանը: «Այս նախաձեռնությունը միտված է հետայսու բացառելու համանման վարքագծի դրսևորումներն ինչպես Ազգային ժողովի պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի, այնպես էլ մյուս պատգամավորների կողմից: Երեկ էլ դիմել եմ նաև ԱԺ փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանին լրագրողներին ճնշելու, խոչընդոտելու վերաբերյալ հարցերը խորհրդարանում բարձրաձայնելու համար»,- գրել է Գևորգյանը:
12:42 - 19 մարտի, 2021
Մարուքյանն առաջարկեց հետ վերցնել Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

Մարուքյանն առաջարկեց հետ վերցնել Դատական օրենսգրքի փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: Որպես փաստաբան եղած մարդ՝ չեմ պատկերացնում, թե ինչպես կարող եմ փաստաբանի իրավունքները սահմանափակող նախագծին կողմ լինել՝ հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը՝ անդրադառնալով Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագծին: Նրա կարծիքով, նախագիծը խնդիրներ է առաջացնելու ԵԽԽՎ-ում: «Առաջարկում են քրեական գործով պաշտպանների իրավունքները սահմանափակել, էն դեպքում, որ Հայաստանում չի եղել ու չկա իշխանություն, որը իշխանափոխությունից հետո քրեական գործերով պաշտպանների կարիք չունենա: Գոնե դուք ձեր մասին մտածեք: Մյուս հանգամանքը. պատկերացրեք՝ դատավորից գործը վերցնում, տալիս են մյուս դատավորին: Ինչի՞ համար են վերցնում. տեսնում են՝ այս դատավորն իրենց դուր չի գալիս, դատավորին փոխում են, գործը տալիս են մյուս դատավորին, որն իրենց ուզածը կանի. այ, սրա մասին է էս նախագիծը: Փաստաբանի իրավունքները մի կողմից են սահմանափակում, որ չկարողանա միջնորդություններով հանդես գալ շատ, մյուս կողմից էլ դատավորին են սահմանափակում, էն մյուս կողմից էլ ԲԴԽ-ին են լայն լիազորություններ տալիս, որ այդ գործով զբաղվի»,- նշեց Մարուքյանը՝ առաջարկելով հետ վերցնել նախագիծը, քանի որ, իր կարծիքով, ԵԽԽՎ-ում խնդիրներ է առաջացնելու:
12:26 - 19 մարտի, 2021
Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

Առաջարկվում է ԲԴԽ-ին օժտել նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ. ԱԺ-ն քննարկում է նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ-ն արտահերթ նիստում քննարկում է Դատական օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: ԱԺ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը տեղեկացրեց, որ փոփոխությունների նպատակն է ապահովել գործերի դատական քննության արդյունավետ իրականացումը, դրանց մասնակիցների իրավունքների ու օրինական շահերի պատշաճ իրացումը, գործերը ողջամիտ ժամանակում քննելու և լուծելու պահանջի ապահովումը, դատարանների բնականոն գործունեության երաշխիքների պահովումը: «Ըստ այդմ՝ առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները հանգում են հետևյալին. որպես դատական սանկցիայի առանձին տեսակ՝ նախատեսել իրավունքի իրականացման սահմանափակումը, որն առաջարկվում է դատարանի կողմից կիրառելի դարձնել այն դեպքերում, երբ դատավարության մասնակիցը իր դատավարական իրավունքներից օգտվելիս պարբերաբար չարաշահում է դրանք՝ վտանգելով դատավարության մյուս մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորումն ու արդարադատության շահերի ապահովումը: Նախագծով առաջարկվում է ԲԴԽ-ին այսուհետ օժտել դատարանների բնականոն գործունեություն ապահովելու լիազորություն նախատեսելով, որ վերջինիս իրականացման ուղղությամբ ԲԴԽ-ն իրավունք ունենա ընդունելու նորմատիվ իրավական ակտեր: Այս լիազորության անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ ԲԴԽ-ն իր լիազորությունների իրականացման ընթացքում, որոնք կապված են օրինակ՝ դատարանների ծանրաբեռնվածության, աշխատանքների արդյունավետ կազմակերպման և այլ հարցերում երբեմն կարիք է ունենում հրատապ կարգավորում տալ առանձին հարցերի: Այդ գործառույթների իրականացման համար ԲԴԽ-ին առաջարկվում է օժտել նաև նորմատիվ իրավական ակտեր ընդունելու լիազորությամբ»,- նշեց Վարդանյանը: Նախագծի ընդունման դեպքում դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու համար ՀՀ արդարադատության նախարարից և դատավորների ընդհանուր ժողովի էթիկայի և կարգապահական հարցերի հանձնաժողովից բացի ԲԴԽ-ին դիմելու հնարավորություն կունենան նաև ֆիզիկական և իրավաբանական անձինք իրենց մասնակցությամբ կոնկրետ գործերով, եթե առերևույթ առկա է էական կարգապահական խախտման որոշակի հիմք, և պահպանված են ժամկետները: «Առաջարկվում է ԲԴԽ-ին լիազորություն վերապահել առանձնակի բարդություն ունեցող քրեական գործերի քննության արդյունավետությունը և դատավարության մասնակիցների օրինական շահերի պահպանումն ապահովելու նպատակով և ելնելով արդարադատության շահերից՝ տվյալ դատարանի կազմից ընտրել այդ գործերի քննության համար վիճակահանությանը մասնակից դատավորիների համապատասխան մասնագիտացում կամ ենթամասնագիտացում ունեցող դատավորների թվից՝ հաշվի առնելով նմանատիպ գործեր քննած լինելու հանգամանքը և այդ ընթացքում դատական նիստի բնականոն ընթացք ապահաովելու հմտությունները: Ըստ առաջարկի՝ ԲԴԽ-ն ընտրելու է չափորոշիչներին համապատասխանող 3 դատավորների, որոնց միջև տվյալ առանձնակի բարդության գործերը բաշխելու է՝ ներկայությամբ իրականացվող վիճակահանությամբ»,- մանրամասնեց պատգամավորը:
11:59 - 19 մարտի, 2021
Թագուհի Թովմասյանը և ևս երկու պատգամավոր կձևավորեն «Արցախ» նախաձեռնությունը |tert.am|

Թագուհի Թովմասյանը և ևս երկու պատգամավոր կձևավորեն «Արցախ» նախաձեռնությունը |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում իր ելույթում ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը հայտնեց, որ ինքը և իր գործընկեր, ԱԺ պատգամավոր Աննա Գրիգորյանը նոր են վերադարձել Արցախից  և որոշել են Սոֆյա Հովսեփյանի հետ՝ ոչ իր իրավաբանական ձևակերպմամբ, քանի որ օրենսդրությունը թույլ չի տալիս, ձևավորել  «Արցախ» նախաձեռնությունը: «Մենք պատրաստվում ենք լինել թեկուզ կարճաժամկետ այս խորհրդանում Արցախի ձայնը, քանի որ մենք մինչև հիմա Արցախի հետ բարեկամական խմբի ֆորմատ ունենք և այդպիսի տարբեր բարեկամական խմբեր ունենք տարբեր երկրների հետ: Արցախի մասով հատուկ ընդգծված վերաբերմունք պետք է ունենանք,  որովհետև հատկապես պատերազմից հետո, եթե պատկերացում ունեինք, որ Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխիքը, հիմա կարող ենք ասել, որ Արցախն է Հայաստանի անվտանգության երաշխավորը, և Գեղարքունիքում և Սյունիքում  մենք մեր մաշկի վրա զգում ենք, թե թշնամուն քանի կիլոմետր հեռու էր պահում  Արցախը»,-ասաց նա և նշեց, որ դա պետք է գնահատել։
11:55 - 19 մարտի, 2021
Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

Կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ԱԺ խորհուրդը մարտի 18-ի արտահերթ նիստում համաձայնություն է տվել մարտի 19-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: Այս մասին տեղեկացավ ՀՀ ազգային ժողովի պաշտոնական կայքից: Արտահերթ նիստ գումարելու միջնորդություն էին ներկայացրել «Իմ քայլը» խմբակցության պատգամավորները: «Իմ քայլը»-ի պատգամավորների առաջարկած նիստի օրակարգում են «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», «ՀՀ պետական տուրքի մասին» օրենքում  լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: «Իմ քայլը»-ն առաջարկում են նախագծերը առաջին ընթերցմամբ քննարկել առանց գլխադասային հանձնաժողովի եզրակացության, ինչպես նաև քննարկել երկրորդ ընթերցմամբ:
17:13 - 18 մարտի, 2021
Արցախի ԱԺ նախագահը բանակցային գործընթացում ընդունելի է համարում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Արցախի ԱԺ նախագահը բանակցային գործընթացում ընդունելի է համարում միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի անկախ պատգամավորներ Աննա Գրիգորյանին և Թագուհի Թովմասյանին: Հանդիպման ընթացքում Արցախի խորհրդարանի ղեկավարն անդրադարձել է 44-օրյա պատերազմին՝ շեշտելով, որ պատերազմում հաղթել է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան: «Փաստացի 150-հազարանոց Արցախը կռվել է Թուրքիայի հետ: Ավելի քան 5 000 վարձկան ահաբեկիչներ էին ներգրավված, և ամենավրդովեցուցիչն այն է, որ այս ամենը տեղի է ունեցել միջազգային հանրության լուռ համաձայնության պայմաններում»,- ասել է Արթուր Թովմասյանը: Խորհրդարանի ղեկավարը կարծիք է հայտնել, որ պատերազմում պարտվելը բանակցություններում պարտվել չի նշանակում: Նա հույս է հայտնել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի դերի ակտիվացմամբ՝ բանակցային գործընթացը կշարունակվի: Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորները կիսել են Արցախի օրենսդիր մարմնի ղեկավարի տեսակետը՝ բանակցային գործընթացում միակ ընդունելի ձևաչափը համարելով ԵԱՀԿ Մինսկի խումբը: Նշելով, որ օրակարգում Արցախի գրավյալ տարածքի դեօկուպացիայի հարցն է, խորհրդարանականները քննարկել են բռնի տեղահանվածների իրավունքների պաշտպանության անհրաժեշտությունը:  «Արցախը մեզ համար սկզբունքային նշանակություն ունի: Այս պատերազմը ցույց տվեց, որ ոչ թե Հայաստանն է Արցախի անվտանգության երաշխավորը, այլ՝ Արցախով է պայմանավորված Հայաստանի անվտանգությունը»,- ասել են ՀՀ ԱԺ պատգամավորները:
16:11 - 18 մարտի, 2021