Սիրիա

Սիրիա, պաշտոնական անվանումը՝ Սիրիայի Արաբական Հանրապետություն։ Գտնվում է «Առաջավոր Ասիայում»՝ Արաբական Արեւելքում։ Սիրիայի ցամաքային սահմանագիծը 2 հազար 363 կմ է։ Սիրիայի տարածքը շուրջ 185 000 քառ. կմ է եւ Հայաստանին գերազանցում է ավելի քան 6 անգամ։

Սիրիայի և Ռուսաստանի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր. Լավրով |tert.am|

Սիրիայի և Ռուսաստանի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր. Լավրով |tert.am|

tert.am: Սիրիայի արտաքին գործերի և արտագաղթի հարցերով նախարար Ֆայսալ Միքդադը հինգշաբթի օրը Մոսկվայում կայացած բանակցություններից հետո ասել է, որ ռուս-սիրիական հարաբերությունները վերջին երկու տարում առաջընթաց են ապրել, մասնավորապես՝ ահաբեկչության դեմ պայքարում և ռազմավարական համագործակցության շրջանակներում և, որ երկու երկրնեի միջև կստորագրվի տնտեսական համագործակցության համապարփակ համաձայնագիր, հայտնում է SANA լրատվական գործակալությունը:Սիրիայի արտգործնախարարը նշել է նաև, որ առաջիկա ամիսների ընթացքում այս համագործակցությունն էլ ավելի մեծ ձեռքբերումներ է գրանցելու:Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ նախարար Միքդադը շնորհակալություն է հայտնել ՌԴ իշխանություններին ներդրած ջանքերի համար՝ հավելելով, որ երկու երկրները պայմանավորվել են ընդլայնել հարաբերություններն այնպես, որ չեզոքացնեն արևմտյան անօրինական հարկադրանքի միջոցների հետևանքները:Միքդադը հաստատել է, որ արևմտյան պետությունների, Սիրիայում վերակառուցման գործընթացին նպաստելու մերժումը հստակ հաղորդագրություն է ուղարկում ահաբեկիչներին՝ շարունակելու իրենց հանցագործությունները:Իր հերթին, Լավրովը կրկնել է Ռուսաստանի հաստատուն դիրքորոշումը Սիրիայի տարածքային ամբողջականության, ինքնիշխանության և անկախության պահպանման վերաբերյալ` պնդելով, որ սիրիացի ժողովուրդն ունի ինքնորոշման իրավունք:«Որոշ պետություններ խոչընդոտում են Սիրիայի ճգնաժամի լուծմանն ուղղված ջանքերին և տնտեսական պատժամիջոցներ են սահմանում Սիրիայի դեմ` խախտելով ՄԱԿ-ի համապատասխան բանաձևերը» - ասել է ՌԴ ԱԳ նախարարը:
10:14 - 18 դեկտեմբերի, 2020
Ժնևում այսօր Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների նոր փուլն է մեկնարկում |azatutyun.am|

Ժնևում այսօր Սիրիայի հարցով խաղաղ բանակցությունների նոր փուլն է մեկնարկում |azatutyun.am|

azatutyun.am: Սիրիական կառավարության ներկայացուցիչները, ընդդիմության առաջնորդները և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներն այսօր Ժնևում խաղաղ բանակցությունների նոր փուլ են սկսում Մերձավոր Արևելքի պատերազմող երկրի հարցով։ ՄԱԿ-ի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսոնի խոսքով՝ քննարկման գլխավոր հարցը Սիրիայի նոր սահմանադրության սկզբունքներն են։ Ավելի քան 9 տարի շարունակվող սիրիական պատերազմի հետևանքով շուրջ 400 հազար մարդ է սպանվել, 12 միլիոնը՝ տեղահանվել։ Ռուսաստանն ու Իրանն այս պատերազմում առանցքային աջակցություն են ցուցաբերել Ասադի կառավարությանը, Միացյալ Նահանգները և Թուրքիան օգնել են հակառակ ճամբարին՝ տարբեր ապստամբ խմբավորումների։ Անցած տարիների ընթացքում բանակցությունների բազմաթիվ փորձեր են եղել ՄԱԿ-ի, Ռուսաստանի, Թուրքիայի նախաձեռնությամբ, սակայն արյունահեղությունը մինչ օրս շարունակվում է։
14:45 - 30 նոյեմբերի, 2020
ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում զինյալների շարունակվող հանցագործությունների մասին |armenpress.am|

ՄԱԿ-ում հայտարարել են Իդլիբում զինյալների շարունակվող հանցագործությունների մասին |armenpress.am|

armenpress.am: Սիրիական Իդլիբում զինյալները շարունակում են հանցագործություններ կատարել, իրականացնում են խաղաղ բնակիչների եւ հումանիտար աշխատողների մահապատիժներ: Այդ մասին նոյեմբերի 20-ին տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել Է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գերագույն կոմիսարի վարչության (ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ) պաշտոնական ներկայացուցիչ Ռավինա Շամդասանին: «Մենք տագնապ առաջացնող հաղորդագրություններ ենք ստանում քաղաքացիական անձանց, ներառյալ հումանիտար աշխատողների շարունակվող ձերբակալությունների մասին Իդլիբում, Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, այն շրջաններում, որոնք գտնվում են «Հայաթ Հահրիր աշ-Շամ» եւ այլ զինված խմբավորումների հսկողության ներքո: Մենք նաեւ խորը տագնապ առաջացնող հաղորդագրություններ ենք ստանում ձերբակալություններից եւ այսպես կոչված «դատական գործընթացներից» հետո մահապատիժների մասին, որոնք անցկացվում են փաստական իշխանությունների կողմից»,-ասել Է նա: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տվյալներով, նոյեմբերի 18-ին «Հայաթ Հահրիր աշ-Շամ»-ի զինյալները հաստատել են, որ պահում են 28-ամյա լրագրողուհու եւ հումանիտար աշխատող Նուր աշ-Շալլոյին՝ «բարոյական» եւ «քրեական» հանցագործությունների մեջ մեղադրանքով: Կինը ձերբակալվել Էր դեռ սեպտեմբերին, երբ զբաղվում Էր հարցերով, որոնք վերաբերում Էին կալանքի տակ վերցված նրա երեք երեխաներին: ՄԱԿ-ի ՄԻԳԿՎ-ի տեղեկատվությամբ, Նուր աշ-Շալլոյին կարող Է մահապատիժ սպառնալ: Շամդասանիի խոսքով, վարչությունը նաեւ տեղեկատվություն ունի այն մասին, որ մի քանի մարդ արդեն մահապատժի են ենթարկվել «Հայաթ Հահրիր աշ-Շամ»-ի կողմից՝ հակամարտող կողմին, ներառյալ քրդական զինված խմբերին կամ սիրիական կառավարությանը, ենթադրյալ պատկանելության կամ աստվածանարգության, ամուսնական անհավատարմության, գողության կամ սպանության համար, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
17:32 - 20 նոյեմբերի, 2020
Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտին |armenpress.am|

Միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել է. Պուտին |armenpress.am|

armenpress.am: Սիրիայում կարգավորման աշխատանքը, որը Ռուսաստանի կողմից անցկացվում Է Իրանի եւ Թուրքիայի հետ համատեղ, ցույց Է տալիս իր արդյունավետությունը. միջազգային ահաբեկչության օջախն այնտեղ փաստորեն ոչնչացվել Է: Այդ մասին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել Է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ նոյեմբերի 9-ին կայացած հանդիպմանը, որն անցել Է տեսախորհրդաժողովի ռեժիմով: Պուտինն ընդգծել Է, որ Ռուսաստանը շարունակում Է ակտիվ ջանքեր ներդնել «Սիրիայի Հանրապետությունում երկարաժամկետ կարգավորմանը, նրա ինքնիշխանության վերականգնմանը, անկախությանը, միասնությանն ու տարածքային ամբողջականությանը աջակցելու ուղղությամբ»: «Այդ առնչությամբ չի կարելի չնշել նաեւ այն աշխատանքի արդյունավետությունը, որն անցկացվել Է Աստանայի համաժողովի շրջանակներում՝ Իրանից եւ Թուրքիայից մեր գործընկերների մասնակցությամբ,-նշել Է Ռուսաստանի ղեկավարը:-Համատեղ ջանքերով մեզ հաջողվել Է շատ բանի հասնել. միջազգային ահաբեկչության օջախը Սիրիայում փաստորեն ոչնչացվել Է»: Բացի այդ, Պուտինի խոսքով, Սիրիայում նկատելիորեն նվազել Է բռնության մակարդակը, կարգավորվում Է խաղաղ կյանքը, իրականացվում Է բացառիկ քաղաքական գործընթաց՝ Միավորված ազգերի կազմակերպության հովանու ներքո», հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
16:05 - 09 նոյեմբերի, 2020
Դատարանը բավարարել է Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ վարձկանին կալանավորելու միջնորդությունը

Դատարանը բավարարել է Սիրիայի քաղաքացի, ազգությամբ արաբ վարձկանին կալանավորելու միջնորդությունը

Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի, ազգությամբ արաբ Յուսեֆ Ալաբեթ Ալ Հաջիի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ վարույթն իրականացնող մարմնի կողմից ներկայացված միջնորդությունը: Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ Հաղորդագրության մեջ նշված է. «Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 389-րդ հոդվածով (միջազգային ահաբեկչություն), 34-390-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, 3-րդ մասի 1-ին կետով (միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ) և 395-րդ հոդվածի 3-րդ մասով (վարձկանություն)։ ՀՀ քննչական կոմիտեի քրեագիտական վարչությունում՝ Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության կողմից սանձազերծված և վարվող ագրեսիվ պատերազմի, միջազգային ահաբեկչության, զինված ընդհարումների ժամանակ միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումներ կատարելու, զինված ընդհարման ժամանակ հանցավոր հրաման արձակելու, վարձկանության դեպքերով հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է: Ձեռք բերված ապացույցների հիման վրա կայացվող դատավարական որոշումների մասին տեղեկատվություն կտրամադրվի պարբերաբար»:
18:56 - 04 նոյեմբերի, 2020
Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում․ գերմանական Der Spiegel-ի ծավալուն անդրադարձը

Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում․ գերմանական Der Spiegel-ի ծավալուն անդրադարձը

Գերմանական Der Spiegel լրատվական կայքը հոկտեմբերի 29-ին ծավալուն անդրադարձ է կատարել արցախա-ադրբեջանական պատերազմին ու ներկայացրել մարտական գործողություններին մասնակցած սիրիացի վարձկանի հետ հարցազրույց։ Դահամ Ալասադի, Գիոմ Պեղյեի, Քրիստոֆ Ռոյթերի հեղինակած հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ։ Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում Շաբաթներ շարունակ Թուրքիան Կովկաս է ուղարկում սիրիացի զինյալների։ Նրանք պետք է ի կատար ածեն Թուրքիայի նախագահի ծավալապաշտական ֆանտազիաները, ինչի համար շատերն իրենց կյանքի գնով են վճարում։  Թարեքը ողջ է վերադարձել։ Մեր օրերում նրա վերադարձն ավելի շուտ բացառություն է այն հազարավոր սիրիացիների համեմատ, որոնք Թուրքիայից որպես վարձկաններ էին տարվել Կովկաս։ Սեպտեմբերի սկզբից սկսած՝ նրանց փուլ առ փուլ նետում են Ադրբեջանի հարձակվողական առաջնագիծ, որտեղ նրանք պայքարում են՝ վերադարձնելու մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը։ Իրականում միայն սպանվածներն են արագ վերադառնում։ Մյուս դեպքերում վարձկանները պետք է ամիսներով մնան այնտեղ։ Թե ինչպես Թարեքին հաջողվեց պատերազմից երկու շաբաթ հետո տուն վերադառնալ, դրամատիկ շրջադարձերով հարուստ մի պատմություն է։ Սա պատմություն է թուրքական իշխանության ծավալապաշտապան պլանների, բայց նաեւ վերջինիս տապալման մասին։ Այնուամենայնիվ, կա մեկը, որը եղելությունն իր սեփական դիտանկյունից կարող է պատմել, թեեւ նրա պատմածների միայն որոշ մասն է հնարավոր ստուգել։ Թարեքի պատմությունը սկսվում է բուն մարտերից շատ ավելի առաջ։ Արդեն օգոստոսի կեսերից թուրքական բանակի կողմից վերահսկվող սիրիական ապստամբների կենտրոն Իդլիբում եւ Հալեպի հյուսիսային շրջանում լուրեր էին պտտվում, որ թուրքերը նորից տղամարդկանց են հավաքագրում՝ ինչպես Լիբիա ներխուժելու ժամանակ։ Սակայն այս անգամ զինյալներ էին հավաքագրում Ադրբեջանի համար՝ թուրքերի եղբայրների՝ ինչպես նրանց անվանում են Անկարայում։ Նախատեսված էր, որ սիրիացիները պետք է պահպանեին թուրքական ռազմաբազանները՝ դրա համար ստանալով ամսական մինչեւ 2000 դոլար, ինչը կասկածելի կերպով շատ գումար էր պահակության համար։ «Պահակության մասին պատմությանը ոչ ոք էլ չէր հավատում»,- ասում է Թարեքը, որը թուրքական գաղտնի ծառայությունների վախից իր իսկական անունով չի ներկայանում։ «Հիմա արդեն ամեն ինչ միեւնույն է։ Առջեւում ձմեռ է։ Ո՞նց պետք է ապրենք, որտե՞ղ պետք է ապրենք»։ 21-ամյա երիտասարդը եւ նրա ծնողները փախստական են դարձել իրենց իսկ երկրում, երբ անցած ձմեռ Բաշար ալ Ասադի զորքերը գրավեցին նրանց գյուղը։ Երբ պատերազմը (խմբ. սիրիական) սկսվեց, Թարեքը դեռ դեռահաս էր, նա այդպես էլ դպրոցը չավարտեց, որովհետեւ շուտով, ըստ էության, այլեւս դպրոց չէր էլ լինելու։ Երբ թուրքերը Լիբիայի համար զինվորագրում էին իրականացնում, նա դեռ իր ընտանիքի հետ ապրում էր իրենց գյուղում։ Սեպտեմբերին շրջանառվող լուրերը հաստատվում են։ Թուրքերը հավաքագրման հարցը թողել էին իրենց ենթակայության տակ գտնվող սիրիական փորձառու կազմակերպություններին՝ առաջին հերթին երկու ավազակային խմբավորումների՝ Համզա եւ Սուլթան Մուրադ դիվիզիաներին։ Ամեն ինչ կազմակերպվում էր գլխավոր շտաբի հրահանգներով։ Սեպտեմբերի 22-ին Բասուտա գյուղում՝ Համզա խմբավորման գլխավոր կայանատեղիում, հավաքում են մոտ 700 տղամարդու՝ նրանց տարիքը եւ պիտանիությունը ստուգելու համար։ Անձնագրին եւ այլ փաստաթղթերի ոչ ոք ուշադրություն չէին դարձնում, մերժում էին միայն նրանց, որոնք 18 տարեկանից փոքր էին երեւում։ Այդ ժամանակ հավաքագրում են մոտ 500 հոգու՝ այդ թվում Թարեքին եւ նրա 42-ամյա վաղեմի ծանոթ Մուհամեդ ալ Շալանին։ Ի տարբերություն շատերի՝ վերջինս երկար տարիների մարտական փորձ ուներ, եւ նրա հրամանատարության տակ պետք է լիներ մի փոքր խումբ՝ այդ թվում եւ Թարեքը։ Բացի ամսական 1500 դոլար աշխատավարձից եւ վիրավորման դեպքում բժշկական ծախսերից՝ զոհվելու պարագայում նրանց ընտանիքները պետք է ստանան 60 հազար դոլար, ինչպես նաեւ Թուրքիայում կացության իրավունք։ Պայմանավորվածությունը գրավոր չի ամրագրվում։ Բայց եթե Թուրքիան չվճարի, անմիջապես այդ լուրը բերնեբերան կտարածվի։ Չէ՞ որ ի վերջո բոլորը փողի համար էին այնտեղ։ Ասադի ռեժիմի դեմ պայքարում Էրդողանի ցույց տված օժանդակությունը պատանդի կարգավիճակում է դրել սիրիացիներին. Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որի գնալով ավելի մեծ հատվածներ դեռեւս 2015 թվականից սկսած թուրքական ռազմական եւ գաղտնի ծառայություններն են վերահսկում, բնակություն է հաստատել ավելի քան 3 միլիոն մարդ՝ «բանտարկված» լինելով՝ մի կողմից՝ Ասադի զորքերի, մյուսից՝ Թուրքիայի կողմից։ Նրանք մի տեսակ կենդանի հումք են դարձել, որոնց Էրդողանը գործի է դնում իր ռազմական գործողություններում՝ ինչպես Լիբիայում, Սիրիայի քրդական բնակավայրերում եւ այժմ էլ Լեռնային Ղարաբաղում։ Հազիվ թե սիրիացիներից որեւէ մեկը գիտի՝ ինչ կռիվ է սա ընդհանրապես, եւ որ իրենք դարձել են Ստալինի իշխանական խաղերի վերջին զոհերը։ Հենց Ստալինն էր հայերով բնակեցված տարածքը ժամանակին կցել Խորհրդային Ադրբեջանին։ Հայերը, օգտվելով փլուզվող Խորհրդային Միության քաոսային իրավիճակից, գրավել էին Լեռնային Ղարաբաղը։ 1994 թվականից սկսված՝ փխրուն հրադադար էր հաստատվել։ Երբ Բասուտայում ավարտվում է ռազմական ստուգատեսը, տղամարդիկ տեղափոխվում են սահման եւ ստանում կապույտ համազգեստ։ Անվտանգության աշխատողները հավաքում են նրանց անձնագրերը եւ հեռախոսները։ Հաջորդ առավոտյան զինյալները մեկնում են Թուրքիա՝ Գազիանթեփի օդանավակայան։ Խումբը բաժանվում է։ Թարեքը եւ եւս 300 հոգի բեռնատար ինքնաթիռով մեկնում են Անկարա, այնտեղից էլ արդեն մարդատար ինքնաթիռով՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այնուհետեւ զինվորական ավտոբուսներով նրանց տեղափոխում են Իրանի սահմանին գտնվող զինվորական հավաքատեղի։ Այնտեղ նրանց բաժանվում են ռուսական զենքեր, բայց մինչեւ այդ պահը այդպես էլ չեն հասկանում՝ իրենց ինչ է սպասվում։ Հետո հանկարծ գիշերվա կեսին հրաման է գալիս. «Շտապ պատրաստվե՛ք, հարձակվելու ենք հայերի վրա»,- հիշում է Թարեքը։  Սիրիացիներից բաղկացած 10-15 հոգանոց յուրաքանչյուր խմբի կցվում է ադրբեջանցի մի թարգմանիչ։ Իսկ թուրքական զինվորականներից, որոնց բազաները սիրիացիները իբր թե պետք է հսկեին, ոչ մեկն այդպես էլ չի գալիս ո՛չ այդ գիշեր, ո՛չ ավելի ուշ։ Մոտավորապես ժամը 3-ի սահմաններում լսվում է ավտոշարասյան ձայնը, եւ սկսվում ադրբեջանական զորքերի տեղափոխումը։ «Մենք առաջնագծի ճանապարհն անգամ չգիտեինք»,- պատմում է Թարեքը,- «դեռ տեղ էլ չէինք հասել, երբ սկսվեցին մարտերը»։ Ավտոշարասյունն առաջնորդող մեքենան ստանում է առաջին ուղղակի հարվածը, որից հետո խավարի մեջ հրե գունդ է փայլատակում։ «Մենք կանգ առանք։ Ադրբեջանցիների մի մասը զոհվել էր, մի մասն էլ՝ փախել։ Իսկ մենք չգիտեինք՝ ուր պետք է փախչել առհասարակ։ Մեր գլխավերեւներում որոտում էին մարտական ինքնաթիռները, հեռվում լսվում էին պայթյունի ձայներ, մենք սողսողալով հասանք մի թաքստոց եւ սպասեցինք»։ Ըստ Թարեքի խոսքերի՝ միայն վաղ առավոտյան, երբ դադարել էին կրակոցները, եկան զինվորներ եւ սիրիացիներին հետ տարան ճամբար։ Այդ գիշերը բոլորը ողջ մնացին։ Շալանը՝ զորքերի առաջնորդը, եւ եւս մի քանի հոգի գնում են Համզայի դիվիզիայի հրամանատարի մոտ, որն ուղեկցել էր առաջին զորախմբին, եւ բողոքում, որ իրենց բերել են անծանոթ մի տեղ եւ տեղանքին օտար՝ իրենք դատապարտված են դառնալ թնդանոթի միս։ Հրամանատարը, որն իրեն շնորհել էր Սաիֆ Աբու Բաքր հաղթական անունը, զայրույթով պատասխանում է. «Դուք այստեղ կռվելու համար եք եկել։ Այլընտրանք այլեւս չունեք»։ Հաջորդ գիշեր էլ են էժան պրծնում։ Կրկին սիրիացիների շատ խմբեր ուղարկվում են առաջնագիծ։ Այս անգամ նրանք հայտնվում են հայ դիպուկահարների եւ ականանետերի կրակի տակ, ոչ մի մետր առաջ չեն կարողանում շարժվել, իսկ նահանջելիս չեն կարողանում անգամ իրենց զոհերի մարմինները վերցնել։ Շալանը նորից է գնում հրամանատարի մոտ։ Սաիֆ Աբու Բաքրը հանում է ատրճանակը, պահում ծերունու քունքին եւ գոռում. «Ես քեզ հենց հիմա կսպանեմ, եթե հետ կանգնես»,- պատմում է Թարեքը։ Դրանից հետո Սաիֆ Աբու Բաքրը դիմում է Թարեքին եւ մյուսներին. «Այլեւս հետ ճանապարհ չկա։ Դուք պետք է կռվեք, կամ էլ ես ձեզ հենց հիմա կգնդակահարեմ»։ Սաիֆ Աբու Բաքրը, որի քաղաքացիական անունը Սաիֆ Բալուդ է, 2012 թվականին որպես երիտասարդ լեյտենենտ միացել էր ապստամբերին։ Շուտով նա իր հպատակությունն է առաջարկում թուրքերին եւ 2013 թվականի ամռանը սկսում է համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, կարճ ժամանակ անց նրան հաջողվում է փախչել Թուրքիա, որտեղ նա դառնում է ԻՊ-ի դեմ պայքար մղող խմբավորման պարագլուխը։ Այդ խմբավորմանն աջակցում էր Ամերիկայի գաղտնի ծառայությունը։ Թուրքական անվտանգության ծառայության ապարատին հավատարիմ լինելու շնորհիվ՝ նա շուտով դառնում է Համզայի դիվիզիայի ղեկավար, ստանում բրիգադի գեներալի կոչում եւ անընդհատ նոր զորքեր է հավաքագրում Անկարայի համար։ Սակայն Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում։ Սաիֆ Աբու Բաքրը որոշում է փակի տակ պահել ահաբեկիչների համառ ղեկավար Շալանին, որից հետո ավելի ու ավելի շատ զինյալներ են ընդդիմանում։ Ի վերջո թուրք սպաները միջնորդում են՝ ասելով, որ սիրիացիները իրավունք ունեն մեկ անգամ զանգել, պետք է մի քիչ էլ կռվեն, մինչեւ հաջորդ հերթափոխը կգա Սիրիայից։ Սեպտեմբերի 29-ի մարտերից մեկի ժամանակ զոհվում է Մուհամեդ ալ Շալանը։ Զինվորագրվածների ընտանիքներն այժմ սպառնում են Սիրիայում տեղակայված Համզայի գլխավոր շտաբին. «Մեր որդիներին ողջ հե՛տ վերադարձրեք, կամ էլ մենք ձեզ կսպանենք»,- պահանջում են նրանք։ Միայն առաջին շաբաթների ընթացքում զոհվել են տասնյակ սիրիացիներ՝ Սիրիայի հյուսիսային շրջաններից, բայց նաեւ փախստականներ՝ Սիրիայի այլ հատվածներից։ Դերզորցի Քասեմ Մուստաֆա ալ Ղաթմուռը, որը մասնացել էր նաեւ Լիբիայի կռիվներին եւ ողջ մնացել, ասում է. «Սկզբում Լիբիա, հիմա Ադրբեջան․ շնորհակա՛լ եմ քեզ, Էրդողա՛ն, որ մեզ աշխարհը ցույց ես տալիս»։ Միայն հոկտեմբերի 4-ին 40 դիակ հետ է տարվել Սիրիա։  Մի թուրք սպա դիմում է Թարեքին եւ ողջ մնացած մյուս սիրիացիներին ու ասում. «Եթե ուզում եք ձեր աշխատավարձը ստանալ, պետք է շարունակեք կռվել»։ Ըստ Թարեքի՝ իրենք հրաժարվել են գումարից։ Հոկտեմբերի 12-ին նրանք վերադառնում են Սիրիա, սակայն նրանց մի մասին թուրքական գաղտնի ծառայությունները ձերբակալում են՝ հավանաբար շատ համառ ու անհնազանդ լինելու պատճառով։ Մյուսներին ստիպում են լռել։ Թարեքի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ մինչեւ հոկտեմբերի վերջը 3000-4000 սիրիացի վարձկաններ են Ադրբեջան ուղարկվել։  Իսկ կռիվը շարունակվում է։ Միջազգային հանրության պարտադրած 3 հրադադարներից եւ ոչ մեկը չպահպանվեց։ Ադրբեջանը կարծես փորձում է այն իրավիճակն օգտագործել՝ մինչեւ վերջին սիրիացին հետ նվաճելու Լեռնային Ղարաբաղը։ Սիրիացի հուսահատ ընտանիքները ստանում են իրենց որդիների դագաղները։ Թուրքիայից հրահանգված է՝ սպանվածներին արագ եւ լուռ թաղել։ Ըստ տեղացիների՝ իրենց հարազատները մարտում որպես նահատակներ են մահացել, ոչ թե հանցագործներ։ Թաղման ժամանակ իմամն (մահմեդականների հոգեւոր առաջնորդը) իր քարոզում հիշատակում է նաեւ Թարեքի հորեղբայրներից մեկի եւ զարմիկի անունը․ երկուսն էլ զոհվել են Լեռնային Ղարաբաղում։ «Այս ամենի մեջ արժանապատվության գոնե մի փոքր նշյուլ կա»,- դառնացած ասում է բարեկամներից մեկը,- «նրանք գնացին կռվելու, որովհետեւ ուզում էին գոյատեւելու համար գումար վաստակել»։ Թարգմանությունը՝ Շահանե Խաչատրյանի
21:21 - 31 հոկտեմբերի, 2020
Որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողությունները՝ ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

Որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողությունները՝ ընդդեմ Ադրբեջանի, Թուրքիայի. Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր |armenpress.am|

armenpress.am: Նիդերլանդների խորհրդարանի պատգամավոր Ջոել Ֆորդևինդը նկատել է, որ Արցախում Թուրքայի և սիրիացի ջիհադիստների աջակցությամբ Ադրբեջանի վայրագությունները Եվրամիության կողմից համապատասխան արձագանքի չեն արժանանում. Ադրբեջանի և Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ չեն կիրառվում: Պատգամավորն այս մասին գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում: «Հիմա որտե՞ղ են ԵՄ ուժեղ գործողություններն ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի: Ինչո՞ւ հիմա չկիրառել նպատակային պատժամիջոցներ կամ Լեռնային Ղարաբաղի վրայով թռիչքների արգելման գոտի ստեղծել: Ինչքա՞ն զոհեր դեռ պետք է լինեն, մինչև որևէ բան պատահի»,-շեշտել է պատգամավորը: Նա հրապարակած նկարով համեմատականներ է անցկացրել՝ հիշեցնելով, որ սեպտեմբերի 2-ին, երբ Գերմանիայի կառավարությունը հայտնեց Նավալնիի թունավորման մասին, արձագանքը եղավ այն, որ Եվրամիությունը և Միացյալ Թագավորությունը պատժամիջոցներ սահմանեցին Ռուսաստանի դեմ, իսկ երբ նույն թվականի հոկտեմբերի 1-ին Ֆրանսիան, Ռուսաստանը, Սիրիան հաստատեցին, որ Թուրքիան սիրիացի ջիհադիստների է ուղարկում Լեռնային Ղարաբաղում հայերի դեմ կռվելու համար, ու որի արդյունքում հազարավոր զոհեր կան, ԵՄ-ի կողմից արձագանք չկա:
15:32 - 31 հոկտեմբերի, 2020
ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին

ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին

ՊԲ ստորաբաժանումները գերեվարել են հերթական ահաբեկչին, որի անգամ հպանցիկ հարցաքննությունը որևէ կասկած չի թողնում ադրբեջանական ճակատային գծում ահաբեկիչների առկայության մասին: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ «Գերեվարված իսլամիստ-ծայրահեղական ահաբեկչի անունը Մեհրեդ Մուհամմադ Ալշխեր է: Ծնունդով Սիրիայի Համմա քաղաքից:  Պատմում է, որ ամուսնացած է և ունի երեք երեխա: Խոստովանում է, որ Թուրքիայի կողմից 250 այլ ահաբեկիչների հետ միասին ադրբեջանաարցախյան ճակատային գծում է հայտնվել հոկտեմբերի 19-ին: Իրենց խոստացել էին 2000 դոլար վարձավճար, որը սակայն չի վճարվել: Վիրավորվելուց հետո իրեն լքել են զինակիցները: Պատմում է, որ ճակատային գծում իրենք գնում են առջևից, իսկ 2-րդ, 3-րդ գծով արդեն առաջ են շարժվում ադրբեջանցի զինվորականները: Նախքան ռազմաճակատ բերվելը՝ մասնակցել են ճամբարային հավաքների, որտեղ իրենց հետ աշխատել են թուրք ռազմական հրահանգիչները»:
15:34 - 30 հոկտեմբերի, 2020
Տեսանյութերը վավերագրում են սիրիացի վարձկանների ներկայությունը ղարաբաղյան հակամարտությունում |hetq.am|

Տեսանյութերը վավերագրում են սիրիացի վարձկանների ներկայությունը ղարաբաղյան հակամարտությունում |hetq.am|

hetq.am: Ֆրանսիական «Ֆրանս 24» հեռուստաընկերության «Դիտորդներ» (Les Observateur) փաստերի ստուգման հաղորդաշարը տեսանյութերի վերլուծությամբ ցույց է տվել սիրիացի վարձկանների մասնակցությունը Արցախում ընթացող ռազմական գործողություններին։ «Դիտորդներ» հաղորդաշարը պատրաստվում է իրադարձությունների ականատեսների վկայությունների հիման վրա, որոնք տեսանյութեր եւ լուսանկարներ են ուղարկում խմբագրություն կամ տարածում են դրանք համացանցում։ Ապա խմբագրության փաստերի ստուգման մասնագետները վերստուգում են դրանք եւ հրապարակում։ «Հետքը» 2019-ին եղել է «Դիտորդների» խմբագրությունում եւ գրել նրանց աշխատանքի մասին։ Թարգմանաբար ներկայացնում ենք «Ֆրանս 24»-ի հետաքննությունը։  Սեպտեմբերի վերջից ռազմական հակամարտություն է բռնկվել Լեռնային Ղարաբաղում (անջատողական անկլավ Ադրբեջանի կազմում, որը հայերի հսկողության տակ է. Ադրբեջանի համար վերապահումով անկլավ կարելի է համարել նախկին ԼՂԻՄ-ը, որը սահման չուներ Հայաստանի հետ, սակայն ԼՂՀ-ն անկլավ չէ - «Հետք»)՝ չնայած զինադադարին, որի մասին համաձայնություն ձեռք բերվեց հոկտեմբերի սկզբին։Բազմաթիվ տեսանյութեր ցույց են տալիս Սիրիայի հյուսիս-արեւելքից հավաքագրված սիրիացի վարձկանների ներկայությունը եւ ներգրավվածությունը ադրբեջանական բանակում, որին աջակցում է Թուրքիան։ Թուրքական եւ ադրբեջանական իշխանությունները կտրականապես հերքում են իրենց ներգրավվածությունն այս հավաքագրման մեջ՝ չնայած հավաքագրված սիրիացի կռվողների բազմաթիվ վկայություններին, որոնք հրապարակվել են միջազգային մամուլում։ Ուշադրություն, այս հոդվածում առկա որոշ պատկերներ կարող են շոկ առաջացնել զգայուն մարդկանց մոտ Սեպտեմբերի 27-ից առ այսօր ադրբեջանական իշխանությունները չեն հրապարակել իրենց զոհերի պաշտոնական թիվը, սակայն հաստատում են մի քանի տասնյակ քաղաքացիական զոհերի փաստը։ Հոկտեմբերի 18-ին հաստատված հրադադարը արագ՝մի քանի ժամում, խախտվեց երկու կողմից։ Այս հակամարտության մեջ Թուրքիան աջակցում է Ադրբեջանին, իսկ Հայաստանը՝ ֆինանսապես ու ռազմական առումով՝ Լեռնային Ղարաբաղին։ Առնվազն չորս տեսանյութ՝ տեղորոշված լրագրողների եւ տեղորոշման (գեոլոկացիայի) մասնագետների կողմից, հաստատում են սիրիացի վարձկանների ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ Առաջին տեսանյութ. վարձկանների մարզման ճամբար «Տելեգրամ» ալիքում սեպտեմբերի 25-ին տարածված այս տեսանյութը ցույց է տալիս, թե ինչպես են վարձկանները մարզման ճամբարում պատրաստվում՝ Ադրբեջան մեկնելու։ Տեղացի լրագրողների ասելով, որոնց մեր խմբագրությունը ցույց է տվել տեսանյութից մի հատված՝ երիտասարդ վարձկանները խոսում են հյուսիսարեւմտյան արաբերենով։ Տեսանյութում առկա տարրերի շնորհիվ «Obretix» անունով օգտատերը, որը տեղորոշման մասնագետ է, բացահայտել է նկարահանման վայրը։ Խոսքը Հավար Քիլիս (Hawar Kilis) գյուղի մոտ գտնվող ռազմական ճամբարի մասին է, որը հեռու չէ թուրքական սահմանից՝ Սիրիայի հյուսիսում, որը ձեւավորել է Սիրիական ազատ բանակը 2016-ին:   Հավար Քիլիսում գործող խմբավորումներն արդեն մասնակցել էին «Եփրատի վահան» թուրքական ռազմական գործողությանը, որն իրականացվել էր Սիրիայի հյուսիս-արեւմուտքում 2017-ի գարնանը թե՛ Բաշար Ասադի ռեժիմի, թե՛ «Իսլամական պետություն» կազմակերպության դեմ: Երկրորդ տեսանյութ. վարձկանների ժամանումը Ադրբեջան Սեպտեմբերի 27-ին սիրիական սոցցանցերում մեկ այլ տեսանյութ հայտնվեց։ Տեսնում ենք 4x4 մեքենաների մի շարասյուն, որոնց վրա սիրիացի կռվողներն են, եւ նրանց թուրքերեն ոգեւորում են տեղացիներն ու տեսանյութի հեղինակը։ Կռվողները կրակում են իրենց ինքնաձիգերից եւ վանկարկում՝ «[Մարգարեն] Մուհամեդը [միշտ] կլինի մեր ուղեկիցը»: Այս մարտակոչը բնորոշ է Սիրիայի ազգային բանակի (ANS) գումարտակներին, որոնց մի մասը Սիրիական ազատ բանակի (ASL) մաս էին կազմում (ASL - սիրիական ապստամբ զինված խմբավորումների կոալիցիա, որը ձեւավորվել է 2011 թ.՝ սիրիական ռեժիմի դեմ կռվելու նպատակով):   Համացանցի օգտատերերն ու աշխարհագրական դիրքի տեղորոշման մեջ մասնագիտացած լրատվամիջոցները վիզուալ տարրերի շնորհիվ կարողացան գտնել այն վայրը, որտեղ նկարահանվել է այս երկրորդ տեսանյութը. Ադրբեջանի հարավում՝ Ղարաբաղի տարածաշրջանում գտնվող Հորադիզ քաղաքի մի բուլվարում։   Երրորդ տեսանյութ. վարձկաններն իրենց ընկերներին կոչ են անում միանալ իրենց Ադրբեջանում Հոկտեմբերի 3-ին Հալեպի տեղական տեղեկատվական հարթակներից վերցված այս տեսանյութը նկարահանել է մի սիրիացի վարձկան։ Այն նախատեսված է Սիրիայում մնացած նրա գործընկերների համար։ Տեսանյութի վրա (կարմիր) լոգո կա՝ [Սիրիական] ազգային բանակը Ադրբեջանում։ «Ֆրանս 24»-ի «Դիտորդների» խմբագրությունը կարողացել է կապ գտնել այս դրվագում երեւացող մարտիկների եւ «Սուլթան Մուրադ» խմբավորման միջեւ, որը Սիրիայի ազգային բանակի՝թուրքմենական ծագմամբ խմբավորում է։ Տեսանյութում լսվում է ժողովրդական երաժշտություն, որը գովերգում է այս նույն խմբավորումը: Հեղինակը հրավիրում է իր ընկերներին պարելու եւ դիրք բռնելու՝ վիդեոյի համար։ Ապա քաջալերում է Սիրիայում մնացած մարտիկներին կամավորագրվել։ «Բարով գաք, միացեք մեզ, որպեսզի միասին զվարճանանք՝ ընդդեմ Հայաստանի»,- տեսախցիկի առաջ լայն ժպտալով՝ նետում է այս խոսքերը։ Նրանցից ոմանք զինվորական հագուստով են ու ինքնաձիգներով։   Չորրորդ տեսանյութ. դաժան առճակատում հայ զինվորների հետ Այս տեսանյութը ռազմաճակատում նկարահանվել է Սիրիական ազգային բանակի «ալ Ֆարուք» (ստեղծված 2011-ին) բրիգադին փոխկապակցված «Համզա» դիվիզիայի մարտիկներից մեկի կողմից մոտավորապես հոկտեմբերի 3-ին եւ տարածվել սոցցանցերում հոկտեմբերի 10-ից։ Այստեղ երեւում են գետնին ընկած հայ զինվորների մարմինները։ «Փառք Աստծո, ահա նրանց ավարն ու զինամթերքը: Աստված մեզ հաղթել կտա յուրաքանչյուր խոզի եւ յուրաքանչյուր անհավատի», - հայտարարում է նա՝ առաջ շարժվելով մարմինների միջով: Ցնցող տեսարանների պատճառով մենք բավարարվում ենք՝ տեղադրելով բնօրինակ տեսանյութից այս աղոտ հատվածը   «Bellingcat»-ի լրագրող Ալեքսանդր ՄըքՔիվերը աշխարհագրորեն տեղորոշել է միջադեպի վայրը. իրանական սահմանից ոչ հեռու՝ Ադրբեջանի հարավում գտնվող Մարջան գյուղի մոտ, որն ադրբեջանցիների վերահսկողության տակ է։   Չնայած սիրիացի վարձկանները սոցցանցերում լայնորեն տարածում են ղարաբաղյան հակամարտության մեջ իրենց ներգրավվածությունը հավաստող տեսանյութեր, Ադրբեջանի եւ Թուրքիայի պաշտպանության նախարարները կտրականապես հերքում են նրանց ներկայությունը Լեռնային Ղարաբաղում։ «Գաղափարական հարթությունը վերացել է, այսօր շարժառիթը աշխատավարձն է» Մարդու իրավունքների սիրիական դիտորդ կենտրոնի (OSDH) զեկույցի համաձայն՝ հոկտեմբերի 18-ի դրությամբ առնվազն 134 սիրիացի վարձկան է սպանվել Ադրբեջանում, որոնցից 92-ը հայրենադարձներ էին։ Նույն աղբյուրը պնդում է, որ հակամարտության սկզբից ի վեր ամենաքիչը 2050 վարձկան է տեղափոխվել Սիրիայից, յուրաքանչյուր խմբում՝ 400 զինյալ։ «Ֆրանս 24»-ի «Դիտորդների» խմբագրությունը չկարողացավ այս թվերն անկախ ստուգման ենթարկել, ոչ էլ կարողացավ կապ հաստատել սիրիացի որեւէ զինյալի հետ։ Բրիտանական «The Independent»-ի համաձայն, որը կարողացել է խոսել Ադրբեջան մեկնած զինյալներից մեկի հետ, առաջին հավաքագրումը կատարվել է այս տարվա հուլիսին՝ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ լարվածության ժամանակ։ Նրանց խոստացվել էր 1200-1500 դոլար աշխատավարձ՝ նշանակալի գումար մի երկրի համար, որտեղ բնակչության 83 %-ն ապրում է աղքատության շեմից ցածր՝ համաձայն ՄԱԿ-ի 2019 թ. զեկույցի։ Ֆեննի Ալարկոնը, ով սիրիացի անկանոն խմբավորումների գծով փորձագետ է եւ «Intelligence Online» պարբերականի լրագրող, բացատրում է. «Սա Թուրքիայի համար գրեթե բնական է դառնում՝ ներգրավել այս զինյալներին զինված բախումներում: Նրանք էժան են, պատրաստված են. դա հեշտ աշխատանք է»: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:21 - 22 հոկտեմբերի, 2020
Աշխարհում «Բայրաքթարների» խոցման մոտ 30 փաստական դեպք է հայտնի․ միայն մեկ տասնյակը Արցախի ՊԲ ստորաբաժանումների թիրախն են եղել

Աշխարհում «Բայրաքթարների» խոցման մոտ 30 փաստական դեպք է հայտնի․ միայն մեկ տասնյակը Արցախի ՊԲ ստորաբաժանումների թիրախն են եղել

Պաշտպանության բանակի զինված ուժերն օրերս՝ հոկտեմբերի 19-ի մարտերի ընթացքում, խոցել են հակառակորդի հինգ անօդաչու թռչող սարք, որոնց թվում՝ թուրքական արտադրության «Բայրաքթար»։  Ադրբեջանը «Բայրաքթար» տեսակի անօդաչուները միայն նախօրեին չէ, որ կիրառել է։ Պատերազմական գործողությունների դեռեւս երրորդ օրը ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ թուրքական F-16 կործանիչը ՀՀ օդային տարածքում խոցել է ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Ստեփանյանն այդ օրը նշել էր, որ կործանիչներն ապահովում էին ՀՀ բնակավայրերի եւ ԶՈՒ ցամաքային ստորաբաժանումների ուղղությամբ թուրքական արտադրության «Բայրաքթար» ԱԹՍ-ով ռմբահրթիռային հարվածները:  Երեկ էլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնեց, որ Արցախի ՊԲ-ի խոցած «Բայրաքթար»-ների թիվը հասնում է շուրջ մեկ տասնյակի, ուղղակի խոցված սարքերից ոչ մեկը ՊԲ վերահսկողության տակ գտնվող տարածքներում չէր ընկել: «Բայրաքթար» ՏԲ2-ը 6,5 մ երկարությամբ, թեւերի 12 մ բացվածքով եւ մինչեւ 55 կգ բեռնատարողությամբ հարվածային ԱԹՍ է։ Այն կարող է զարգացնել մինչեւ 222 կմ/ժ արագություն, գործողության շառավիղը 150 կմ է, թռիչքի առավելագույն բարձրությունը՝ 8200մ։ Այս տեսակի ԱԹՍ-ն կարող է իր վրա կրել կառավարվող հակատանկային հրթիռներ եւ օդային ռումբեր:  «Baykar Makina» ընկերությունը 2000-ականներին է սկսել «Բայրաքթարի» նախագծումը: ՏԲ2-ը հիմնված է ավելի վաղ արտադրված «Բայրաքթար» ՏԲ1 տարբերակի վրա, որն առաջին անգամ գործարկվել է 2009 թվականին: Իսկ մարտական գործողությունների ժամանակ առաջին անգամ կիրառվել է 2014-ին՝ Թուրքիայի արեւելքում: Այս սպառազինության կիրառման մասին առաջին պաշտոնական տեղեկությունը եղել է 2016 թվականին։ Նշվել է, որ այն օգտագործվել է քրդական ստորաբաժանումների դեմ: Ի դեպ, Արցախի ՀՕՊ ստորաբաժանման խոցած «Բայրաքթարներից» մեկի ուսումնասիրությունից պարզվել է, որ դրա հեռակառավարվող տեսախցիկը L-3 WESCAM CMX-15D մոդելի է: Կանադայի WESCAM ընկերությունն է այն արտադրել՝ այս տարվա հունիսին, իսկ «Բայրաքթար» TB2-ի վրա տեղադրվել է անցյալ ամիս՝ սեպտեմբերին: Ընդհանուր աշխատանքը կազմել է 31 ժամ: Ժամանակակից պատերազմներում հարվածային անօդաչու թռչող սարքերը համարվում են ամենահզոր զենքերից։ Թուրքական այս անօդաչուները ակտիվորեն գործածվել են հիմնականում Լիբիայում ու Սիրիայում ռազմական գործողությունների ժամանակ, ապա, փաստորեն, նաեւ մեր տարածաշրջանում։ Պնդումներ կան, որ «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ-ն խոցելը բավականին բարդ է․ մինչ օրս հայտնի է աշխարհում խոցված մոտ 30 «Բայրաքթարի» մասին՝ այդ թվում՝ արցախա-ադրբեջանական սահմանի այս մարտերի ընթացքում ոչնչացվածները։ Ե՞րբ եւ որտե՞ղ են խոցվել «Բայրաքթարները» Բաց որոնման արդյունքներով՝ առաջին խոցված «Բայրաքթարի» մասին փաստական նյութը 2019 թվականի դեկտեմբերի 13-ին է եղել․ Խալիֆա Հաֆթարի Լիբիական ազգային բանակի ուժերին հաջողվել է խոցել Ազգային միասնության կառավարության Ֆայզ Սարաջի անօդաչու թռչող սարք։ Այն խոցվել է Այն-Զարայի շրջանում` Տրիպոլիից հարավ։ 2020 թվականի հունվարի 22-ին Լիբիայի Ազգային բանակը ոչնչացրել է թուրքական եւս մեկ «Բայրաքթար» TB2, որը պատրաստվում էր օդ բարձրանալ Տրիպոլիի Միտիգա օդանավակայանից: Լիբիայի Ազգային բանակը փետրվարի 25-ին խոցել է եւս մեկ «Բայրաքթար»՝ մայրաքաղաք Տրիպոլիից հարավ գտնվող Սուք Ալ-Խամիսի շրջակայքում։ Լիբիայի զինված ուժերի գեներալ-մայոր Ահմեդ Սալեմի խոսքերով՝ փետրվարի 28-ին Ազգային բանակը խոցել է վեց «Բայրաքթար», որոնցից միայն երկուսի նկարներն են տեղադրվել համացանցում: Եւս երկու «Բայրաքթար» էլ խոցվել է մարտի 31-ին․ այս մասին նույնպես հաղորդել է Լիբիայի բանակի մամուլի ծառայությունը։ Ապրիլի 11-ին Լիբիայում դարձյալ «Բայրաքթար» է խոցվել։ Լիբիայի զինված ուժերը եւս երկու «Բայրաքթար» տեսակի ԱԹՍ են խոցել ապրիլի 17-ին, մեկն էլ՝ հաջորդ օրը։ Մայիս ամսվա ընթացքում Լիբիայում խոցվել է 3 «Բայրաքթար»՝ մայիսի 2-ին, 12-ին եւ 23-ին։ Հաջորդ ամիս Լիբիական բանակը խոցել է եւս երեքը․ երկուսը՝ հունիսի 7-ին, մեկը՝ հաջորդ օրը։ Փաստորեն, թուրքական հարվածային այս դրոնները, որ ակտիվորեն կիրառվել են Սիրիայում, Լիբիայում ու Արցախում, այդքան էլ անխոցելի չեն։ Ինչպես նշեցինք, մեր կողմի պաշտոնական տեղեկությունների համաձայն՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի ստորաբաժանումները շուրջ 25 օր տեւող պատերազմական գործողությունների ընթացքում արդեն մեկ տասնյակի հասնող «Բայրաքթար» են զգետնել։  Ի դեպ, ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը երեկ մեր խոցած «Բայրաքթարներից» մեկի նկարն էլ հրապարակեց։ Արցախի ՊԲ ստորաբաժանումների խոցած «Բայրաքթարներից» մեկի կտորները Նարեկ Մարտիրոսյան, Հայարփի Բաղդասարյան
14:38 - 21 հոկտեմբերի, 2020
ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից |armenpress.am|

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկում են Թուրքիային հանել ՆԱՏՕ-ից |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսական Թուլսի Գաբարդը Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողով է ներկայացրել է բանաձև, որով ԱՄՆ նախագահին կոչ է արվում սկսել գործընթաց՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հանելու համար: Բանաձևը խստորեն դատապարտում է Թուրքիայի հարձակումը ԱՄՆ ուժերի, դաշնակիցների և գործընկերների վրա, պահանջում է դադարեցնել Թուրքիայի աջակցությունը ահաբեկչական խմբավորումներին, ինչպիսիք են օրինակ «Ալ-Քաիդա»-ն,  ISIS-ը և այլ կազմակերպություններ: Բանաձևը կոչ է անում նախագահին աշխատել ՆԱՏՕ-ի հետ՝ Թուրքիային ՆԱՏՕ-ից հեռացնելու համար անհրաժեշտ գործընթաց սկսելու համար: Բանաձևում նշվում է նաև, որ Թուրքիան ներգրավվել է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտում, նախկինում քաղաքական աջակցություն է հայտնել Ադրբեջանին, այսօր էլ ապահովում է անմիջական ռազմական օգնություն: Նշվում է նաև, որ Թուրքիան փակ է պահում սահմանը Հայաստանի հետ, մի երկրի, որը բարեկամական հարաբերություններ ունի ԱՄՆ-ի հետ: Թուրքիան բազմիցս սպառնալիքներ է հնչեցրել ՀՀ-ի, Լեռնային Ղարաբաղի և աշխարհի տարբեր հատվածներում ապրող հայերի դեմ: Բանաձևում նաև հիշատակվում է այն մասին, որ ըստ հրապարակումների՝ Թուրքիան Լեռնային Ղարաբաղի դեմ է ուղարկել սիրիացի վարձկանների, որոնցից  շատերը կապված են «Ալ-Քաիդա»-ի և ISIS-ի հետ: Նշվում է նաև մարտերում Թուրքիայի F-16-երի ներգրավվածության մասին, որոնք օգտագործվում են ինչպես Լեռնային Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի Հանրապետության դեմ: Բանաձևվում նաև ասվում է, որ ՆԱՏՕ-ն անհապաղ հրադադարի կոչ է արել, մինչդեռ Թուրքիան հակառակվում է ՆԱՏՕ-ի դիրքորոշմանը՝ հրապարակավ աջակցելով Ադրբեջանի շարունակական ագրեսիային: Նշված է նաև այն մասին, որ Թուրքիայի կողմից S-400 հակաօդային պաշտպանության համակարգ է օգտագործվել Միացյալ Նահանգների արտադրության F-16 կործանիչների դեմ:
14:39 - 19 հոկտեմբերի, 2020