Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում․ գերմանական Der Spiegel-ի ծավալուն անդրադարձը
21:21 - 31 հոկտեմբերի, 2020

Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում․ գերմանական Der Spiegel-ի ծավալուն անդրադարձը

Գերմանական Der Spiegel լրատվական կայքը հոկտեմբերի 29-ին ծավալուն անդրադարձ է կատարել արցախա-ադրբեջանական պատերազմին ու ներկայացրել մարտական գործողություններին մասնակցած սիրիացի վարձկանի հետ հարցազրույց։

Դահամ Ալասադի, Գիոմ Պեղյեի, Քրիստոֆ Ռոյթերի հեղինակած հոդվածն ամբողջությամբ՝ ստորեւ։

Սիրիացի վարձկանները՝ Լեռնային Ղարաբաղում

Շաբաթներ շարունակ Թուրքիան Կովկաս է ուղարկում սիրիացի զինյալների։ Նրանք պետք է ի կատար ածեն Թուրքիայի նախագահի ծավալապաշտական ֆանտազիաները, ինչի համար շատերն իրենց կյանքի գնով են վճարում։

 Թարեքը ողջ է վերադարձել։ Մեր օրերում նրա վերադարձն ավելի շուտ բացառություն է այն հազարավոր սիրիացիների համեմատ, որոնք Թուրքիայից որպես վարձկաններ էին տարվել Կովկաս։ Սեպտեմբերի սկզբից սկսած՝ նրանց փուլ առ փուլ նետում են Ադրբեջանի հարձակվողական առաջնագիծ, որտեղ նրանք պայքարում են՝ վերադարձնելու մեծամասամբ հայերով բնակեցված Լեռնային Ղարաբաղը։

Իրականում միայն սպանվածներն են արագ վերադառնում։ Մյուս դեպքերում վարձկանները պետք է ամիսներով մնան այնտեղ։ Թե ինչպես Թարեքին հաջողվեց պատերազմից երկու շաբաթ հետո տուն վերադառնալ, դրամատիկ շրջադարձերով հարուստ մի պատմություն է։ Սա պատմություն է թուրքական իշխանության ծավալապաշտապան պլանների, բայց նաեւ վերջինիս տապալման մասին։ Այնուամենայնիվ, կա մեկը, որը եղելությունն իր սեփական դիտանկյունից կարող է պատմել, թեեւ նրա պատմածների միայն որոշ մասն է հնարավոր ստուգել։

Թարեքի պատմությունը սկսվում է բուն մարտերից շատ ավելի առաջ։ Արդեն օգոստոսի կեսերից թուրքական բանակի կողմից վերահսկվող սիրիական ապստամբների կենտրոն Իդլիբում եւ Հալեպի հյուսիսային շրջանում լուրեր էին պտտվում, որ թուրքերը նորից տղամարդկանց են հավաքագրում՝ ինչպես Լիբիա ներխուժելու ժամանակ։ Սակայն այս անգամ զինյալներ էին հավաքագրում Ադրբեջանի համար՝ թուրքերի եղբայրների՝ ինչպես նրանց անվանում են Անկարայում։ Նախատեսված էր, որ սիրիացիները պետք է պահպանեին թուրքական ռազմաբազանները՝ դրա համար ստանալով ամսական մինչեւ 2000 դոլար, ինչը կասկածելի կերպով շատ գումար էր պահակության համար։

«Պահակության մասին պատմությանը ոչ ոք էլ չէր հավատում»,- ասում է Թարեքը, որը թուրքական գաղտնի ծառայությունների վախից իր իսկական անունով չի ներկայանում։ «Հիմա արդեն ամեն ինչ միեւնույն է։ Առջեւում ձմեռ է։ Ո՞նց պետք է ապրենք, որտե՞ղ պետք է ապրենք»։

21-ամյա երիտասարդը եւ նրա ծնողները փախստական են դարձել իրենց իսկ երկրում, երբ անցած ձմեռ Բաշար ալ Ասադի զորքերը գրավեցին նրանց գյուղը։ Երբ պատերազմը (խմբ. սիրիական) սկսվեց, Թարեքը դեռ դեռահաս էր, նա այդպես էլ դպրոցը չավարտեց, որովհետեւ շուտով, ըստ էության, այլեւս դպրոց չէր էլ լինելու։ Երբ թուրքերը Լիբիայի համար զինվորագրում էին իրականացնում, նա դեռ իր ընտանիքի հետ ապրում էր իրենց գյուղում։ Սեպտեմբերին շրջանառվող լուրերը հաստատվում են։ Թուրքերը հավաքագրման հարցը թողել էին իրենց ենթակայության տակ գտնվող սիրիական փորձառու կազմակերպություններին՝ առաջին հերթին երկու ավազակային խմբավորումների՝ Համզա եւ Սուլթան Մուրադ դիվիզիաներին։ Ամեն ինչ կազմակերպվում էր գլխավոր շտաբի հրահանգներով։

Սեպտեմբերի 22-ին Բասուտա գյուղում՝ Համզա խմբավորման գլխավոր կայանատեղիում, հավաքում են մոտ 700 տղամարդու՝ նրանց տարիքը եւ պիտանիությունը ստուգելու համար։ Անձնագրին եւ այլ փաստաթղթերի ոչ ոք ուշադրություն չէին դարձնում, մերժում էին միայն նրանց, որոնք 18 տարեկանից փոքր էին երեւում։ Այդ ժամանակ հավաքագրում են մոտ 500 հոգու՝ այդ թվում Թարեքին եւ նրա 42-ամյա վաղեմի ծանոթ Մուհամեդ ալ Շալանին։ Ի տարբերություն շատերի՝ վերջինս երկար տարիների մարտական փորձ ուներ, եւ նրա հրամանատարության տակ պետք է լիներ մի փոքր խումբ՝ այդ թվում եւ Թարեքը։ Բացի ամսական 1500 դոլար աշխատավարձից եւ վիրավորման դեպքում բժշկական ծախսերից՝ զոհվելու պարագայում նրանց ընտանիքները պետք է ստանան 60 հազար դոլար, ինչպես նաեւ Թուրքիայում կացության իրավունք։ Պայմանավորվածությունը գրավոր չի ամրագրվում։ Բայց եթե Թուրքիան չվճարի, անմիջապես այդ լուրը բերնեբերան կտարածվի։ Չէ՞ որ ի վերջո բոլորը փողի համար էին այնտեղ։

Ասադի ռեժիմի դեմ պայքարում Էրդողանի ցույց տված օժանդակությունը պատանդի կարգավիճակում է դրել սիրիացիներին. Սիրիայի հյուսիս-արեւմուտքում, որի գնալով ավելի մեծ հատվածներ դեռեւս 2015 թվականից սկսած թուրքական ռազմական եւ գաղտնի ծառայություններն են վերահսկում, բնակություն է հաստատել ավելի քան 3 միլիոն մարդ՝ «բանտարկված» լինելով՝ մի կողմից՝ Ասադի զորքերի, մյուսից՝ Թուրքիայի կողմից։ Նրանք մի տեսակ կենդանի հումք են դարձել, որոնց Էրդողանը գործի է դնում իր ռազմական գործողություններում՝ ինչպես Լիբիայում, Սիրիայի քրդական բնակավայրերում եւ այժմ էլ Լեռնային Ղարաբաղում։ Հազիվ թե սիրիացիներից որեւէ մեկը գիտի՝ ինչ կռիվ է սա ընդհանրապես, եւ որ իրենք դարձել են Ստալինի իշխանական խաղերի վերջին զոհերը։ Հենց Ստալինն էր հայերով բնակեցված տարածքը ժամանակին կցել Խորհրդային Ադրբեջանին։ Հայերը, օգտվելով փլուզվող Խորհրդային Միության քաոսային իրավիճակից, գրավել էին Լեռնային Ղարաբաղը։ 1994 թվականից սկսված՝ փխրուն հրադադար էր հաստատվել։

Երբ Բասուտայում ավարտվում է ռազմական ստուգատեսը, տղամարդիկ տեղափոխվում են սահման եւ ստանում կապույտ համազգեստ։ Անվտանգության աշխատողները հավաքում են նրանց անձնագրերը եւ հեռախոսները։ Հաջորդ առավոտյան զինյալները մեկնում են Թուրքիա՝ Գազիանթեփի օդանավակայան։ Խումբը բաժանվում է։ Թարեքը եւ եւս 300 հոգի բեռնատար ինքնաթիռով մեկնում են Անկարա, այնտեղից էլ արդեն մարդատար ինքնաթիռով՝ Ադրբեջանի մայրաքաղաք Բաքու։ Այնուհետեւ զինվորական ավտոբուսներով նրանց տեղափոխում են Իրանի սահմանին գտնվող զինվորական հավաքատեղի։ Այնտեղ նրանց բաժանվում են ռուսական զենքեր, բայց մինչեւ այդ պահը այդպես էլ չեն հասկանում՝ իրենց ինչ է սպասվում։ Հետո հանկարծ գիշերվա կեսին հրաման է գալիս. «Շտապ պատրաստվե՛ք, հարձակվելու ենք հայերի վրա»,- հիշում է Թարեքը։ 

Սիրիացիներից բաղկացած 10-15 հոգանոց յուրաքանչյուր խմբի կցվում է ադրբեջանցի մի թարգմանիչ։ Իսկ թուրքական զինվորականներից, որոնց բազաները սիրիացիները իբր թե պետք է հսկեին, ոչ մեկն այդպես էլ չի գալիս ո՛չ այդ գիշեր, ո՛չ ավելի ուշ։ Մոտավորապես ժամը 3-ի սահմաններում լսվում է ավտոշարասյան ձայնը, եւ սկսվում ադրբեջանական զորքերի տեղափոխումը։ «Մենք առաջնագծի ճանապարհն անգամ չգիտեինք»,- պատմում է Թարեքը,- «դեռ տեղ էլ չէինք հասել, երբ սկսվեցին մարտերը»։

Ավտոշարասյունն առաջնորդող մեքենան ստանում է առաջին ուղղակի հարվածը, որից հետո խավարի մեջ հրե գունդ է փայլատակում։ «Մենք կանգ առանք։ Ադրբեջանցիների մի մասը զոհվել էր, մի մասն էլ՝ փախել։ Իսկ մենք չգիտեինք՝ ուր պետք է փախչել առհասարակ։ Մեր գլխավերեւներում որոտում էին մարտական ինքնաթիռները, հեռվում լսվում էին պայթյունի ձայներ, մենք սողսողալով հասանք մի թաքստոց եւ սպասեցինք»։ Ըստ Թարեքի խոսքերի՝ միայն վաղ առավոտյան, երբ դադարել էին կրակոցները, եկան զինվորներ եւ սիրիացիներին հետ տարան ճամբար։ Այդ գիշերը բոլորը ողջ մնացին։ Շալանը՝ զորքերի առաջնորդը, եւ եւս մի քանի հոգի գնում են Համզայի դիվիզիայի հրամանատարի մոտ, որն ուղեկցել էր առաջին զորախմբին, եւ բողոքում, որ իրենց բերել են անծանոթ մի տեղ եւ տեղանքին օտար՝ իրենք դատապարտված են դառնալ թնդանոթի միս։ Հրամանատարը, որն իրեն շնորհել էր Սաիֆ Աբու Բաքր հաղթական անունը, զայրույթով պատասխանում է. «Դուք այստեղ կռվելու համար եք եկել։ Այլընտրանք այլեւս չունեք»։

Հաջորդ գիշեր էլ են էժան պրծնում։ Կրկին սիրիացիների շատ խմբեր ուղարկվում են առաջնագիծ։ Այս անգամ նրանք հայտնվում են հայ դիպուկահարների եւ ականանետերի կրակի տակ, ոչ մի մետր առաջ չեն կարողանում շարժվել, իսկ նահանջելիս չեն կարողանում անգամ իրենց զոհերի մարմինները վերցնել։ Շալանը նորից է գնում հրամանատարի մոտ։ Սաիֆ Աբու Բաքրը հանում է ատրճանակը, պահում ծերունու քունքին եւ գոռում. «Ես քեզ հենց հիմա կսպանեմ, եթե հետ կանգնես»,- պատմում է Թարեքը։ Դրանից հետո Սաիֆ Աբու Բաքրը դիմում է Թարեքին եւ մյուսներին. «Այլեւս հետ ճանապարհ չկա։ Դուք պետք է կռվեք, կամ էլ ես ձեզ հենց հիմա կգնդակահարեմ»։

Սաիֆ Աբու Բաքրը, որի քաղաքացիական անունը Սաիֆ Բալուդ է, 2012 թվականին որպես երիտասարդ լեյտենենտ միացել էր ապստամբերին։ Շուտով նա իր հպատակությունն է առաջարկում թուրքերին եւ 2013 թվականի ամռանը սկսում է համագործակցել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետ, կարճ ժամանակ անց նրան հաջողվում է փախչել Թուրքիա, որտեղ նա դառնում է ԻՊ-ի դեմ պայքար մղող խմբավորման պարագլուխը։ Այդ խմբավորմանն աջակցում էր Ամերիկայի գաղտնի ծառայությունը։ Թուրքական անվտանգության ծառայության ապարատին հավատարիմ լինելու շնորհիվ՝ նա շուտով դառնում է Համզայի դիվիզիայի ղեկավար, ստանում բրիգադի գեներալի կոչում եւ անընդհատ նոր զորքեր է հավաքագրում Անկարայի համար։ Սակայն Լեռնային Ղարաբաղում ամեն ինչ ըստ պլանի չի ընթանում։ Սաիֆ Աբու Բաքրը որոշում է փակի տակ պահել ահաբեկիչների համառ ղեկավար Շալանին, որից հետո ավելի ու ավելի շատ զինյալներ են ընդդիմանում։ Ի վերջո թուրք սպաները միջնորդում են՝ ասելով, որ սիրիացիները իրավունք ունեն մեկ անգամ զանգել, պետք է մի քիչ էլ կռվեն, մինչեւ հաջորդ հերթափոխը կգա Սիրիայից։

Սեպտեմբերի 29-ի մարտերից մեկի ժամանակ զոհվում է Մուհամեդ ալ Շալանը։ Զինվորագրվածների ընտանիքներն այժմ սպառնում են Սիրիայում տեղակայված Համզայի գլխավոր շտաբին. «Մեր որդիներին ողջ հե՛տ վերադարձրեք, կամ էլ մենք ձեզ կսպանենք»,- պահանջում են նրանք։ Միայն առաջին շաբաթների ընթացքում զոհվել են տասնյակ սիրիացիներ՝ Սիրիայի հյուսիսային շրջաններից, բայց նաեւ փախստականներ՝ Սիրիայի այլ հատվածներից։

Դերզորցի Քասեմ Մուստաֆա ալ Ղաթմուռը, որը մասնացել էր նաեւ Լիբիայի կռիվներին եւ ողջ մնացել, ասում է. «Սկզբում Լիբիա, հիմա Ադրբեջան․ շնորհակա՛լ եմ քեզ, Էրդողա՛ն, որ մեզ աշխարհը ցույց ես տալիս»։

Միայն հոկտեմբերի 4-ին 40 դիակ հետ է տարվել Սիրիա։ 

Մի թուրք սպա դիմում է Թարեքին եւ ողջ մնացած մյուս սիրիացիներին ու ասում. «Եթե ուզում եք ձեր աշխատավարձը ստանալ, պետք է շարունակեք կռվել»։ Ըստ Թարեքի՝ իրենք հրաժարվել են գումարից։ Հոկտեմբերի 12-ին նրանք վերադառնում են Սիրիա, սակայն նրանց մի մասին թուրքական գաղտնի ծառայությունները ձերբակալում են՝ հավանաբար շատ համառ ու անհնազանդ լինելու պատճառով։ Մյուսներին ստիպում են լռել։ Թարեքի գնահատմամբ՝ ընդհանուր առմամբ մինչեւ հոկտեմբերի վերջը 3000-4000 սիրիացի վարձկաններ են Ադրբեջան ուղարկվել։ 

Իսկ կռիվը շարունակվում է։ Միջազգային հանրության պարտադրած 3 հրադադարներից եւ ոչ մեկը չպահպանվեց։ Ադրբեջանը կարծես փորձում է այն իրավիճակն օգտագործել՝ մինչեւ վերջին սիրիացին հետ նվաճելու Լեռնային Ղարաբաղը։ Սիրիացի հուսահատ ընտանիքները ստանում են իրենց որդիների դագաղները։ Թուրքիայից հրահանգված է՝ սպանվածներին արագ եւ լուռ թաղել։ Ըստ տեղացիների՝ իրենց հարազատները մարտում որպես նահատակներ են մահացել, ոչ թե հանցագործներ։ Թաղման ժամանակ իմամն (մահմեդականների հոգեւոր առաջնորդը) իր քարոզում հիշատակում է նաեւ Թարեքի հորեղբայրներից մեկի եւ զարմիկի անունը․ երկուսն էլ զոհվել են Լեռնային Ղարաբաղում։

«Այս ամենի մեջ արժանապատվության գոնե մի փոքր նշյուլ կա»,- դառնացած ասում է բարեկամներից մեկը,- «նրանք գնացին կռվելու, որովհետեւ ուզում էին գոյատեւելու համար գումար վաստակել»։

Թարգմանությունը՝ Շահանե Խաչատրյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել