ՀՀ կառավարություն

Կառավարությունը գործադիր իշխանության բարձրագույն մարմինն է: Կառավարությունն իր ծրագրի հիման վրա մշակում եւ իրականացնում է պետության ներքին եւ արտաքին քաղաքականությունը, իրականացնում է պետական կառավարման համակարգի մարմինների ընդհանուր ղեկավարումը: Կառավարության լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ եւ օրենքներով: Կառավարության իրավասությանն են ենթակա գործադիր իշխանությանը վերաբերող բոլոր այն հարցերը, որոնք վերապահված չեն պետական կառավարման կամ տեղական ինքնակառավարման այլ մարմինների: Կառավարությունը կազմված է վարչապետից, փոխվարչապետներից եւ նախարարներից:

Հանրապետության նախագահը վարչապետ է նշանակում խորհրդարանական մեծամասնության ընտրած թեկնածուին, իսկ փոխվարչապետները եւ նախարարները նշանակվում են Հանրապետության նախագահի կողմից՝ վարչապետի առաջարկությամբ: Այժմ գործում է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունը։

Ծառայություններ ձեռք բերելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվեցին ֆինանսական միջոցներ |armenpress.am|

Ծառայություններ ձեռք բերելու նպատակով վարչապետի աշխատակազմին հատկացվեցին ֆինանսական միջոցներ |armenpress.am|

armenpress.am: dir="ltr">Կառավարության որոշմամբ նոր միջոցներ հատկացվեցին վարչապետի աշխատակազմին։ Ըստ հիմնավորման, որոշումն ընդունելու անհրաժեշտությունը պայմանավորված է Ներդրումային վեճերի կարգավորման միջազգային կենտրոնի վարույթում 2018 թվականի օգոստոսի 3-ին մուտքագրված արբիտրաժային վեճի շրջանակներում Հայաստանի Հանրապետության շահերը պաշտպանելու գործընթացի ապահովմամբ: Մասնավորապես, վերոնշյալ արբիտրաժային վեճի շրջանակներում ՀՀ շահերը ներկայացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության և «Baker & McKenzie LLP» ընկերության միջև 2018 թվականի դեկտեմբերի 18-ին կնքվել է փաստաբանական և իրավաբանական ծառայությունների մատուցման պայմանագիր, իսկ Հայաստանի Հանրապետության կառավարության 2019թ. դեկտեմբերի 5-ի որոշմամբ՝ Պայմանագրի մասով որպես պատվիրատու է սահմանվել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմը: Որոշման ընդունումից հետո ՀՀ վարչապետի աշխատակազմի Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցչի գրասենյակի և ընկերության միջև բանակցություններ են ընթացել Պայմանագրով սահմանված էական պայման հանդիսացող մի շարք դրույթների առնչությամբ, որոնք ամրագրվել են ՀՀ վարչապետի աշխատակազմի, ՀՀ արդարադատության նախարարության և ընկերության միջև կնքված եռակողմ համաձայնագրում։ Ի թիվս այլնի, որոշվել է մատուցված ծառայությունների դիմաց վճարումներն իրականացնել ըստ համաձայնեցրած ժամանակացույցի։  Ըստ եռակողմ համաձայնագրի Հավելված 2-ով սահմանված վճարման ժամանակացույցի՝ նախատեսվում է «Baker&McKenzie LLP» ընկերության կողմից մատուցվելիք ծառայությունների դիմաց 2020թ. ընթացքում ապահովել շուրջ 412,500 ԱՄՆ դոլարի չափով վճարում (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը)։ Հաշվի առնելով համաձայնագրի հիման վրա Կողմերի կողմից հաստատված վճարման ժամանակացույցը՝ 2020թ. ընթացքում Ընկերության կողմից փաստացի մատուցված ծառայությունների համար վճարումները ժամանակին ապահովելու նպատակով անհրաժեշտ է ՀՀ վարչապետի աշխատակազմին հատկացնել ընդհանուր 412,500 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամի չափով գումար (ներառյալ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հարկերը)։ Մեկ այլ որոշմամբ՝ վարչապետի աշխատակազմին կհատկացվի 420,000 եվրոյին համարժեք ՀՀ դրամ։ Իրավաբանական-փաստաբանական ծառայությունների գնման անհրաժեշտությունը պայմանավորված է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության (նախկինում Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության) և «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերության միջև կնքված պայմանագրի շրջանակներում իսպանական դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերի ներկայացվածության և պատշաճ պաշտպանության ապահովմամբ: ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի 2020 թվականի մայիսի 7-ի հրամանով հաստատվել է Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս փաստաբանական և իրավաբանական ծառայությունների գնման կարգը և ձևավորվել է փաստաբանական և իրավաբանական ծառայություններ մատուցող մասնագիտական ընկերության թեկնածուի ընտրության գործընթացի անցկացման և արդյունքների ամփոփման հանձնաժողով։ Հունիսի 8-ին հեռակա (հարցման) կարգով տեղի է ունեցել հանձնաժողովի նիստ, որի ընթացքում կայացած քվեարկության արդյունքում հանձնաժողովը որոշել է հաստատել մասնագիտական ընկերության ընտրությունը՝ հօգուտ Linklaters ընկերության, որի կողմից իսպանական դատարաններում Հայաստանի Հանրապետության շահերը ընթացիկ վարույթներում պաշտպանելու նպատակով մատուցվող ծառայությունների արժեքը կազմում է 420,000 եվրո։ Հարկ է նշել, որ ընկերությունն իր ներկայացրած գնառաջարկում ներկայացրել է 50,000 եվրոյի չափով կանխավճարի պահանջ։ Բացի այդ, փաստացի մատուցված ծառայությունների դիմաց վճարումը նախատեսվում է կատարել յուրաքանչյուր ամիս ընկերության ներկայացրած հանձնման-ընդունման արձանագրությունների և հաշվարկային փաստաթղթերի հիման վրա։
13:49 - 09 հուլիսի, 2020
Զեյթունի ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով, նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին |tert.am|

Զեյթունի ԱԱԾ շենքը կօտարվի մրցույթով, նվազագույն գինը՝ 2 մլրդ դրամ է. 50 %-ը կուղղվի ԱԱԾ-ի բնակարանային խնդիրներին |tert.am|

tert.am: Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց թույլատրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության պետական գույքի կառավարման կոմիտեին ՀՀ ԱԱԾ-ին ամրացված` պետական սեփականություն հանդիսացող Երևան, Քանաքեռ-Զեյթուն, Պ. Սեւակի փողոց 5/1 հասցեում գտնվող 6832.2 քմ մակերեսով հասարակական շենքը, ինչպես նաև դրա զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.8083 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:Ըստ նախագծի՝ մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գին է սահմանվել գնահատված արժեքի 100 տոկոսի չափը՝ 2 062 100 320 ՀՀ դրամը։ Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված հողամասի կադաստրային արժեքը՝ 56 257 680 ՀՀ դրամը, ինչպես նաեւ գույքի արժեքի որոշման համար մատուցված ծառայությունների դիմաց նախատեսված 825 864 ՀՀ դրամ գումարը:Մրցույթում հաղթողին որոշելու համար հիմք են ընդունվում օտարվող գույքի համար առաջարկվող գինը և գործարար ծրագրին համապատասխան իրականացվելիք ներդրումների չափը (գումարային արտահայտությամբ), մրցույթի մասնակիցների առաջարկների գնահատումն իրականացվում է հետևյալ կշռային գործակիցներով՝ օտարվող գույքի համար առաջարկվող գին՝ 70%, ներդրումների չափը 30%։ Ավելին՝ tert.am-ում
13:46 - 09 հուլիսի, 2020
ԿԳՄՍ-ն կիրականացնի ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիր |armenpress.am|

ԿԳՄՍ-ն կիրականացնի ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիր |armenpress.am|

armenpress.am: Կառավարությունը փոփոխություն կատարեց իր որոշումներում և Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը գումար հատկացրեց՝ «Համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրում» դրամաշնորհային ծրագրի իրականացման նպատակով: Ըստ որոշման հիմնավորման, ծրագրի նպատակն է՝ ուղղակի օժանդակություն տրամադրել Դրամաշնորհառուին (ԿԳՄՍՆ)` ներառական կրթության համակարգի հզորացման համար: Այս ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության` երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումներին ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցության շրջանակում: ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ծախսերի փոխհատուցումը կազմում է 825 000 ԱՄՆ դոլար, դրամաշնորհառուի ներդրումը` 82500 ԱՄՆ դոլար: Ներառական կրթության համակարգի հզորացման ծրագիրը կաջակցի ԿԳՄՍՆ-ին ընդարձակել ներառական կրթությունը բոլոր երեխաների համար` ՀՀ Կառավարության` Երեխաների պաշտպանության ոլորտի բարեփոխումների ներքո: Ակնկալվում է, որ տվյալ բարեփոխման արդյունքում կդադարեցվի երեխաների հոսքը խնամքի եւ հատուկ կրթական կենտրոնացված շուրջօրյա հաստատություններ, երեխաները կվերաինտեգրվեն ընտանեկան միջավայրում, եւ կձեւավորվեն այլընտրանքային ընտանեկան եւ համայնքահեն սոցիալական եւ կրթական ծառայություններ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված  երեխաների համար: Ծրագիրը կապահովի այլընտրանքային համայնքային ծառայությունները հասանելի են թիրախային հաստատություններից ընտանեկան միջավայր վերադարձած երեխաների համար, հանրակրթությունը հասանելի է թիրախային համայքներում բոլոր երեխաների համար, թիրախային հատուկ կրթական եւ խնամքի հաստատությունների երեխաները վերամիավորվում են իրենց կենսաբանական ընտանիքների հետ կամ ինտեգրվում են ընտանեկան միջավայր (խնամակալական կամ խնամատար ընտանիք, կամ որդեգրում): Ծրագրի իրականացման ընթացքում նախատեսվում է առնվազն հինգ մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների հիմնադրում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր կենտրոնում ռեսուրս սենյակների վերանորոգում, կահույքի ու սարքավորումների տրամադրում), փոքրածավալ ենթակառուցվածքների հարմարեցում 100 ընդունող հանրակրթական դպրոցներում (ներառյալ թեքահարթակներ, հասանելի սանհանգույցներ, յուրաքանչյուր դպրոցում մեկ ռեսուրս սենյակի վերանորոգում եւ սարքավորումների տրամադրում) եւ Ծրագրի տարեկան աուդիտ: 2020 թվականի ընթացքում 203 686.7 հազար դրամի շրջանակներում նախատեսվում իրականացնել՝ ՀՀ Լոռու եւ Շիրակի մարզերում ներառական կրթություն իրականացնող 47 հանրակրթական դպրոցների եւ 2 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների վերանորոգում, ՀՀ Սյունիքի մարզի ներառական կրթություն իրականացնող 9 հանրակրթական դպրոցներին եւ 1 մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնին կահույքի եւ ուսումնական պարագաների տրամադրում, ծրագրի տարեկան աուդիտի անցկացում: 
13:18 - 09 հուլիսի, 2020
Առողջապահական միասնական կառավարման համակարգ՝ արտակարգ դրության պայմաններում |hetq.am|

Առողջապահական միասնական կառավարման համակարգ՝ արտակարգ դրության պայմաններում |hetq.am|

hetq.am: Կառավարությունն առաջարկում է արտակարգ դրության պայմաններում ստեղծել առողջապահության բնագավառի միասնական կառավարման համակարգ՝ առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնին վերապահելով բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (անկախ սեփականության ձևից) կառավարման լիազորությունները (բացառությամբ պաշտպանության նախարարության ռազմաբժշկական հաստատությունների)` արտակարգ դրություն հայտարարելու մասին որոշմամբ սահմանված ծավալներով և լիազորությունների շրջանակով: Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա՝ հուլիսի 9-ի նիստում։ Նախատեսվում է արտակարգ դրության ժամանակ բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումը կազմակերպել առողջապահության բնագավառի կառավարման լիազոր մարմնի ղեկավարի հրամանների համաձայն, որոնք չկատարելը կառաջացնի օրենքով նախատեսված պատասխանատվություն: Սահմանվում է, որ արտակարգ դրության ժամանակ բժշկական կազմակերպություններում ներգրավված բուժանձնակազմի կողմից բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելուց, ինչպես նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան բնակչության բժշկական օգնությունն ու սպասարկումն իրականացնելու նպատակով համապատասխան մասնագիտացում, որակավորում չունեցող, վերապատրաստում չանցած բուժաշխատողները կամ ավարտական կուրսերի կլինիկական օրդինատորները պարտավոր են անցնել համապատասխան վերապատրաստում կամ ներգրավվել բնակչության բժշկական օգնության ու սպասարկման գործընթացին: Առողջապահության նախարարի խոսքով՝ այս կարգավորումներից խուսափելն առաջացնում է Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքով պատասխանատվություն՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգահարյուրապատիկի չափով։ «Այսպիսի կամ նմանատիպ արտակարգ իրավիճակներում անհրաժեշտություն է առաջանում համակարգի կենտրոնացված կառավարման, որն ավելի օպերատիվ է, ավելի համահունչ իրավիճակին, քան «խաղաղ պայմաններում» գործող իրավակարգավորումները, երբ առաջնորդվում ենք գործող իրավական ակտերով։ Ուզում եմ հիշեցնել, որ նմանատիպ կարգավորում կա նաև «Ռազմական դրության մասին» օրենքում, որն ընդունվել է անցյալ տարի։ Ըստ էության, իրավիճակների նման լինելը մեզ դրդել է գնալ նման փոփոխությունների»,- նշեց Արսեն Թորոսյանը։ Ի պատասխան այն մտահոգությունների, որ տեղի է ունենալու ամբողջ համակարգի միանձնյա կառավարում՝ նախարարը հայտնեց, որ կառավարման լիազորություններն անցնելու ծավալները և շրջանակները որոշվելու են ամեն կոնկրետ դեպքում և իրավիճակին համահունչ։ «Իրավիճակից դրդված է որոշվելու, թե, օրինակ, որ հիվանդանոցները ինչ չափի, ինչ կառավարման լիազորությունների շրջանակներում կամ այլ բժշկական հաստատությունները ինչպես են տեղավորվելու այս լիազորությունների շրջանակներում։ Երկրորդ կարևոր հանգամանքը անձնակազմի ընդգրկման պարտադիր լինելն է, որովհետև պետությունն իր բոլոր ռեսուրսներով, այդ թվում՝ մարդկային, պետք է կարողանա իր առջև դրված խնդիրները լուծել արտակարգ դրությունում»,- ասաց Արսեն Թորոսյանը։
13:17 - 09 հուլիսի, 2020
Տանը հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք. նախարար |armenpress.am|

Տանը հոսպիտալացման սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր է չունենք. նախարար |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում կորոնավիրուսով վարակված, հիվանդանոց տեղափոխվելու կարիք ունեցող և տանը սպասող հիվանդ ներկայումս չկա: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ կորոնավիրուսի հետ կապված դրական լուր հաղորդելն այդքան էլ ճիշտ չէ, որովհետև մարդկանց զգոնությունը թուլանում է։ Վարչապետը հիշեցրեց, որ մոտ մեկ ամիս ունեինք տանը սպասող հիվանդների խումբ, որը հիմա չկա: Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այս պահին տանը սպասող կորոնավիրուսով հիվանդ քաղաքացի արդեն մի քանի օր չկա: «Նաև փոքր թիվ ունենք այն քաղաքացիների, որոնց մոտ հաստատվել է կորոնավիրուսը և նրանք պետք է (հիվանդանոցից-խմբ.) տեղափոխվեն միայն կորոնավիրուսով զբաղվող հիվանդանոցներ, նրանց թիվը 13 է: Եթե ամփոփ ասեմ, ապա վիճակը մնում է կայուն, ծանր, այսինքն՝ բացասական միտում չկա, բայց էական դրական միտում էլ չկա», - ասաց նախարարը:  Վարչապետ Փաշինյանը միաժամանակ ընդգծեց, որ վիճակն անկանխատեսելի է և առաջիկայում սպասվում է վերակենդանացման նոր բաժանմունքների բացում  «Էրեբունի», «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցներում։
12:43 - 09 հուլիսի, 2020
Շահութահարկի կանոնի փոփոխության արդյունքում տնտեսության մեջ առնվազն 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել․ փոխվարչապետ |armtimes.com|

Շահութահարկի կանոնի փոփոխության արդյունքում տնտեսության մեջ առնվազն 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել․ փոխվարչապետ |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ փոփոխություններ են կատարել հակաճգնաժամային առաջին միջոցառման մեջ, որի նպատակը ներդրումների խթանումն է։ «Ես տպավորություն ունեմ, որ համենայնդեպս գործարար միջավայրը բավարար չափով իրազեկված չէ այդ մասին»,- ասաց վարչապետը։ Նա փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին խնդրեց ներկայացնել կատարված փոփոխությունների իմաստը։ Արձագանքելով Գրիգորյանն ասաց. «Հունիսի 20-ից ուժի մեջ է մտել 1 կանոն, որը շատ կարեւոր ու ռազմավարական կանոն է։ Մինչ օրս սուբսիդավորման գործիքը աշխատում էր հետեւյալ տրամաբանությամբ՝ մինչեւ 250 մլն վարկային ռեսուրսները սուբսիդավորվում էր մինչեւ 1 տարի ժամանակահատվածի համար։ Մենք ուժի մեջ ենք մտցրել հետեւյալ սահմանումը, եթե տնտեսվարողը 50 մլն դրամի  չափով կանոնադրական կապիտալի համալրում է իրականացրել կամ կիրականացնի 2020 թվականի ընթացքում, ապա նա ստանում է հավելյալ հնարավորություն՝ սուբսիդավորվել 400 մլն դրամի չափով եւ արդեն իսկ 36 ամսվա ժամանակահատվածի համար, ինչը շատ էական է պարոն վարչապետ»։ Փոխվարչապետն ընդգծեց, եթե համալրումը իրականացվել է կամ կիրականացվի 2020-ին 100 մլն դրամի չափով, ապա տնտեսվարողը հնարավորություն ունի ստանալ արտոնյալ 500 մլն դրամին համարժեք վարկ՝ 48 ամսվա համար։ «Սա կարծում եմ լրջագույն խթան է, եթե պարզ հաշվարկ անենք՝ ըստ էության սա տարեկան խնայողություն է տնտեսվարողի համար՝ սուբսիդավորման առումով։ Իսկ մենք կախված նպատակից մինչեւ ամբողջությամբ սուբսիդավորում ենք տոկոսադրույքը։ Ես կարծում եմ, որ սա շատ կարեւոր գործիք է։ Այս պահի դրությամբ, եթե չեմ սխալվում 1 հայտ այս կանոնով բավարարվել է, եւս 2 հայտ քննարկման փուլում է ու կարծում եմ այս գործիքը պետք է մեծ տարածում ստանա»,- ասաց Գրիգորյանը։ Նա հիշեցրեց նաեւ իրականացված հարկային բարեփոխումները, որոնք իր դիտարկմամբ՝ շատ ռազմավարական են։ «Մեր հաշվարկները ցույց են տալիս, որ դրա արդյունքում տնտեսության մեջ առնվազն հավելյալ 64 մլրդ դրամի շրջանառություն է մնացել։ Դա շահութահարկի կանխավճարի կանոնի փոփոխությունն է, որն ըստ էության ռազմավարական փոփոխություն է, դա ժամանակավոր գործողություն չէ, միշտ գործելու է։ Աննախադեպ հնարավորություն կա, որպեսզի շահութահարկի կանխավճարներն իրականացվեն ոչ թե նախորդ տարվա շահութահարկից այլ ընթացիկ եռամսյակների շրջանառությունից։ Նաեւ տուգանքների մասով փափկեցում է տեղի ունցել, 0.075 տոկոս օրական տույժը դարձել է 0.04 տոկոս, որը բավականին ողջամիտ է եւ վստահաբար ողջամիտ ուշացումների համար որեւէ կրիտիկական հետեւանք չի առաջացնի տնտեսվարողների համար։ Արգելանք դնելու շեմն էլ 1.5 մլն դրամ է հասել»,- ասաց Մհեր Գրիգորյանը։
12:36 - 09 հուլիսի, 2020
Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

Ռոճիկ ու պատիժ․ նախարարների աշխատավարձերը հեղափոխությունից առաջ և հետո |fip.am|

fip.am:  Հեղափոխությունից հետո բավական հաճախ է շոշափվում բարձրաստիճան պաշտոնյաների պարգևավճարների և աշխատավարձերի բարձրացման թեման։  Նախորդ տարի մեծ աղմուկ առաջացավ, երբ «Հետքը» պարզեց, որ վարչապետի գաղտնի հանձնարարականով գրեթե կրկնապատկվել են նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։  Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով բարձրաստիճան պաշտոնյաների աշխատավարձերի բարձրացման մասին, մշտապես նշում է, որ կառավարությունից դեպի մասնավոր հատված մեծ հոսք է նկատվում, որի պատճառը ցածր վարձատրությունն է։ «Մարդիկ գնում են մասնավոր հատվածում աշխատելու, որովհետև այն աշխատանքը, որ իրենցից ակնկալվում է 400 հազար դրամ, իրենք ասում են՝ 1 մլն 200 հազար դրամով հենց հիմա մեզ առաջարկում են, ինչո՞ւ մնանք: Ասենք՝ ո՞վ է, որ կմնա այստեղ աշխատելու»: Վարչապետի խոսքից տպավորություն է ստեղծվում, որ բարձրաստիճան պաշտոնյաները «զոհողության են» գնացել՝ մասնավոր հատվածում բարձր վարձատրությամբ աշխատանքից հրաժարվելով և պետական համակարգ գալով։   Եվ քանի որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կայքում արդեն հրապարակվել են պաշտոնյաների 2019 թ․ եկամուտների հայտարարագրերը, «Փաստերի ստուգման հարթակը» որոշեց պարզել, թե որքան աշխատավարձ էին ստանում նախարարները մինչև այդ պաշտոնում նշանակվելը, և որքան են կազմել նրանց ստացած աշխատավարձերը և դրան հավասարեցված այլ վճարումները (այսուհետ՝ աշխատավարձ) 2019-ին՝ արդեն նախարարի պաշտոնում։ Քանի որ նախարարների աշխատավարձերը կրկնապատկելու վերաբերյալ վարչապետի գաղտնի հանձնարարագիրը ստորագրվել է նախորդ տարվա հուլիսին, վերջիններիս ամսական միջին աշխատավարձը պարզելու համար ամբողջ տարվա աշխատավարձը կբաժանենք 12 ամիսների։ «Հեղափոխական» նախարարները Հեղափոխությունից հետո առողջապահության նախարարի պաշտոնում նշանակված Արսեն Թորոսյանը նախարարների ցանկում միակն է, որի աշխատավարձը գրեթե չի փոխվել՝ մասնավոր հատվածից կառավարություն տեղափոխվելուց հետո։ Մինչ նախարար դառնալը Թորոսյանը «ՄԻԲՍ» բժշկա-ախտորոշիչ կենտրոնի տնօրենն էր, որտեղ, ըստ հայտարարագրի, ստացել է միջինում 1 մլն 516 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի նախարարի պաշտոնում Թորոսյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 515 հազար դրամ։ Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր մասնավոր փաստաբանական գրասենյակում, որտեղ վերջինիս աշխատավարձը, ըստ ներկայացված հայտարարագրի, կազմում էր մոտ 430 հազար դրամ։ Բադասյանն արդարադատության նախարար է նշանակվել 2019-ի հունիսին, և ըստ վերջինիս կողմից ներկայացված հայտարարագրի՝ 2019-ին՝ նախարարի պաշտոնը զբաղեցնելուց հետո, նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 372 հազար դրամ։ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն այս պաշտոնում նշանակվել է 2018 թ. մայիսի 12-ին։ Պաշտոնը ստանձնելիս նա հայտարարագրել է երեք տեղից ստացած եկամուտ, որոնց ընդհանուր գումարը կազմել է 1 մլն 801 հազար դրամ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 409 հազար դրամ։ Նախորդ տարի ներկայացրած հայտարարագրից պարզում ենք, որ նախարարի պաշտոնում Պապիկյանը միջինում ստացել է ամսական 1 մլն 591 հազար դրամ աշխատավարձ։ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր իր իսկ կողմից հիմնադրված «Արաքսիս Ինժեներինգ» ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, և ըստ ներկայացրած հայտարարագրի՝ նրա միջին ամսական եկամուտը կազմել է 356 հազար դրամ։ Արդեն նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Արշակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը մինչ հեղափոխությունն աշխատել է հաշմանդամների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող մի քանի կազմակերպություններում։ Հեղափոխությունից հետո Զարուհի Բաթոյանը նշանակվել էր աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ։ Ըստ հայտարարագրի՝ մինչ պաշտոնի նշանակվելը Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 167 հազար դրամ։ 2019-ին, արդեն զբաղեցնելով նախարարի պաշտոնը, Բաթոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 500 հազար դրամ։ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը մինչ հեղափոխությունն աշխատում էր Երևանի պետական համալսարանում և «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնում։ Ըստ հայտարարագրի՝ Հարությունյանի միջին ամսական եկամուտը, մինչ նախարարի պաշտոնում նշանակվելը, կազմել է 156 հազար դրամ։ Իսկ արդեն նախարարի պաշտոնում Հարությունյանը, ըստ 2019թ․ հայտարարագրի, ստացել է 1 մլն 406 հազար դրամ աշխատավարձ։   Պետական համակարգի «հնաբնակները» Կառավարության ներկայիս կազմի 12 նախարարներից 6-ը մինչև հեղափոխությունը ևս աշխատում էին պետական համակարգում, և նրանց դեպքում կհաշվարկենք մինչև նախարար նշանակվելը վերջին զբաղեցրած պաշտոնում ստացած միջին աշխատավարձը։ Այսպես, ներկայիս նախարարներից ամենից բարձր աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, ստացել է արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, որը մինչ այդ ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչն էր։ Մնացականյանն ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնեց հեղափոխությունից անմիջապես հետո՝ մայիսի 12-ին։ Վերջինիս ներկայացրած հայտարարագրից տեսնում ենք, որ 2018-ին՝ մինչև նախարարի պաշտոնը զբաղեցնելը, նա ստացել է 17,108 դոլար աշխատավարձ։ Սա նշանակում է, որ Մնացականյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է շուրջ 3890 դոլար կամ մոտ 1 մլն 890 հազար դրամ։  2019-ին Մնացականյանը հայտարարագրել է 16,776,991 դրամ եկամուտ, այսինքն՝ միջին ամսական աշխատավարձը կազմել է մոտ 1 մլն 398 հազար դրամ։ Մնացականյանից հետո ամենից բարձր աշխատավարձ ստացել է Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը, որը մինչև հեղափոխությունը զբաղեցնում էր ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։ Ջանջուղազյանը, 2018-ի մայիսի 12-ին նշանակվելով ֆինանսների նախարար, պաշտոնը ստանձնելու հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, կրկին զբաղեցնելով ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը, հայտարարագրել էր 15 մլն 211 հազար դրամ եկամուտ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը, մինչ նախարար նշանակվելը, կազմել է 1 մլն 268 հազար դրամ։ Այս տարի ներկայացրած հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարար Ջանջուղազյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 266 հազար դրամ։ Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը մինչև այս պաշտոնը ստանձնելը արտակարգ իրավիճակների նախարարն էր։ Տոնոյանը ևս ՊՆ նախարարի պաշտոնը ստանձնելիս նոր հայտարարագիր չի ներկայացրել, սակայն 2017-ին, զբաղեցնելով ԱԻ նախարարի պաշտոնը, հայտարարագրել էր 7 մլն 933 հազ դրամ աշխատավարձ, այսինքն՝ նրա միջին ամսական աշխատավարձը կազմել է 661 հազար դրամ։ Պաշտպանության նախարարի պաշտոնում, ըստ 2019-ի հայտարարագրի, Տոնոյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 666 հազար դրամ։ Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը մինչ հեղափոխությունը զբաղեցնում էր նույն նախարարության (այն ժամանակ՝ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն) նախարարի առաջին տեղակալի պաշտոնը։  Հեղափոխությունից հետո՝ մայիսի 16-ին, Խաչատրյանը դադարել է պաշտոնավարումը։ Պաշտոնի դադարեցման հայտարարագրում տեսնում ենք, որ Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմում էր 602 հազար դրամ։ Նույն տարվա սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Խաչատրյանը զբաղեցնում էր «Հայ-Թեք» ընկերության տնօրենի պաշտոնը՝ այդ ընթացքում ստանալով 785 հազար դրամ աշխատավարձ։ 2018-ի հոկտեմբերի 15-ին Տիգրան Խաչատրյանը նշանակվեց տնտեսական զարգացման և ներդրումների նախարար։ Նախորդ տարվա հայտարարագրից տեղեկանում ենք, որ 2019-ին նախարարի պաշտոնում Խաչատրյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 398 հազար դրամ։ Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանն այս պաշտոնում նշանակվել է 2018-ի հոկտեմբերի 4-ին։ Մինչ այդ Ցոլակյանը ԱԺ պատգամավոր էր և ըստ 2018-ի հայտարարագրի՝ ստանում էր 525 հազար դրամ աշխատավարձ։ Նախորդ տարի արտակարգ իրավիճակների նախարարի պաշտոնում Ֆելիքս Ցոլակյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 371 հազար դրամ։ Շրջակա միջավայրի արդեն նախկին նախարար Էրիկ Գրիգորյանը ևս այդ պաշտոնին էր նշանակվել 2018-ի մայիսի։ Մինչ այդ նա զբաղեցնում էր բնապահպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնը և ըստ հայտարարագրի՝ ստանում էր 860 հազար դրամ աշխատավարձ։ 2019-ին Գրիգորյանի միջին ամսական աշխատավարձը կազմել է 1 մլն 536 հազար դրամ։ Այսպիսով, վերլուծելով վերոնշյալ տվյալները, ստացվում է, որ նախարարների բարձր աշխատավարձերի վերաբերյալ վարչապետի պարզաբանումը, թե այդ մասնագետները կարող էին ավելի բարձր վարձատրվել մասնավոր սեկտորում, տեղին չէ։ Ավելին, Նիկոլ Փաշինյանի այդ հիմնավորումը վերաբերելի է, թերևս, միայն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին, որի՝ մասնավոր սեկտորում ստացած աշխատավարձը կարելի է համեմատել նախարարական վարձատրության հետ։ Սևադա Ղազարյան
11:41 - 09 հուլիսի, 2020
Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել
 |armtimes.com|

Հրայր Թովմասյանն ու ՍԴ նախկին 3 անդամները դիմել են ՄԻԵԴ. Կառավարությունը դատարանից հարցադրումներ է ստացել եւ պատասխանել |armtimes.com|

armtimes.com: Հրայր Թովմասյանը, ՍԴ անդամներ Ալվինա Գյուլումյանը, Ֆելիքս Թոխյանը եւ Հրանտ Նազարյանը, որոնց լիազորությունները հունիսի 26-ին ուժի մեջ մտած Սահմանադրական փոփոխություններով դադարեցվել են, գանգատ են ներկայացրել ՄԻԵԴ: ՀՀ վարչապետի աշխատակազմի լրատվության վարչության պետ Արմեն Խաչատրյանը ՀԺ-ի հարցին ի պատասխան տեղեկացրեց, որ Կառավարությունը Մարդու իրավունքների եվրոպական դատարանից հարցադրումներ է ստացել այդ բողոքի վերաբերյալ եւ այսօր պատասխաններ ուղարկել ՄԻԵԴ:   «ՄԻԵԴ-ից ստացվել են որոշակի հարցադրումներ ՀՀ Կառավարություն, որոնց Կառավարությունը տվել է լիարժեք պատասխաններ եւ այսօր արդեն իսկ ուղարկել ՄԻԵԴ»,- ասաց Խաչատրյանը՝ չհստակեցնելով հարցերի եւ պատասխանների բովանդակությունը:
20:33 - 06 հուլիսի, 2020
25-ամյա Սահմանադրություն․ ընդունումը, փոփոխությունները, ներկան ու սպասվող ապագան

25-ամյա Սահմանադրություն․ ընդունումը, փոփոխությունները, ներկան ու սպասվող ապագան

Շուրջ 25 տարի առաջ՝ 1995 թվականի հուլիսի 5-ին, Հայաստանի Հանրապետությունն ընդունեց Սահմանադրություն։ Այդ թվականին Հայաստանում իշխող կուսակցությունը Հայոց համազգային շարժումն էր, որն էլ ներկայացրել էր Սահմանադրության նախագիծը՝ «Հայաստանի Հանրապետությունը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է»,  «Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին» առաջին եւ երկրորդ հոդվածներով։ Այդ շրջանում իշխանության ընդդիմախոսները պնդում էին, որ ընդունված Սահմանադրությունն իշխանակենտրոն է, եւ ոչ թե մարդակենտրոն, որ այն ապահովում է հանրապետության նախագահի՝ իշխանության մյուս ճյուղերի նկատմամբ գերակա դիրքը․ նախագահն էր հանդիսանում երկրի անվտանգության ու դատական համակարգի անկախության երաշխավորը։  Տարիներ անց՝ 2001 թվականին, երբ ՀՀ-ն դարձավ Եվրոպայի խորհրդի անդամ, Սահմանադրությունը բարեփոխելու անհրաժեշտություն առաջացավ։ 1995-ի Սահմանադրությամբ կառավարություն ձեւավորելու լիազորությունը վերապահված էր ՀՀ նախագահին, իսկ ԱԺ-ն միայն հաստատում էր կառավարության ծրագիրը։ Այս անգամ նախատեսվում էին դատական համակարգի, տեղական ինքնակառավարման մարմինների բարեփոխումներ, անկախ օմբուդսմենի ներդրում, ՍԴ լիազորությունների եւ դիմելու իրավունք ունեցողների շրջանակի փոփոխում եւ այլն:  2 տարի անց՝ 2003-ին, երբ սկսվել էր Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման երկրորդ շրջանը, հանրաքվեի դրվեց սահմանադրական փոփոխությունների փաթեթ (մայիսի 25)։ Նախագծով առաջարկվում էր, որ եթե խորհրդարանը չէր ընդունում նախագահի առաջարկած կառավարության կազմը, իրավունք էր ստանում ինքնուրույն ընտրել վարչապետին, որի հետ նախագահը ստիպված կլինի հաշվի նստել։ Մինչդեռ 95-ի Սահմանադրությամբ՝ նախագահը ցանկացած պահի իրավունք ուներ ցրել Ազգային ժողովը։  Այս փոփոխությունների ընդունման համար անհրաժեշտ էր ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների ⅓-ի հավանությունը։ Այդ հանրաքվեն, սակայն, ձախողվեց, քանի որ ընտրողներն այն ուղղակի բոյկոտեցին։ 2005-ի  նոյեմբերի 27-ին նույն փաթեթը՝ որոշ փոփոխություննեով, կրկին հանրաքվեի դրվեց, բայց այս անգամ ընդունվեց․ կողմ քվեարկեց 1.4 միլիոն քաղաքացի, դեմ՝ 82 հազար: Քաղաքական ընդդիմությունն ու հանրության մի ստվար հատված այս հանրաքվեն որակեց զանգվածային ընտրակեղծարարությամբ ընդունված՝ պնդելով, որ կեղծվել է շուրջ 1 միլիոն քվե: Սահմանադրական հաջորդ հանրաքվեն տեղի ունեցավ արդեն տասը տարի անց՝ 2015 թվականին՝ Սերժ Սարգսյանի նախագահության օրոք։ Այս փոփոխությունները, ինչպես հայտարարեցին ոչ միայն հայաստանյան ընդդիմադիրները, այլ նաեւ եվրոպական կառույցները, ոչ թե հանրային շահից էր բխում, այլ օրվա իշխանության՝ ՀՀԿ-ի քաղաքական շահից։ Հայտարարվեց, որ 2015-ի Սահմանադրությունը կարված է Սերժ Սարգսյանի համար․ 2005-ի Սահմանադրությունը նրան 3-րդ անգամ որպես երկրի ղեկավար պաշտոնավարելու հնարավորություն այլեւս չէր տալիս, իսկ ահա այդ փոփոխություններով նա կարող էր ընտրվել վարչապետ, ՀՀԿ-ի իշխանությունը կարող էր հավերժանալ։ 2015 թվականի փոփոխություններով Սահմանադրությամբ Հայաստանն անցավ խորհրդարանական կառավման համակարգի, վարչապետին տրվեց լիազորությունների լայն շրջանակ։ Սերժ Սարգսյանն էլ հետագայում առաջադրվեց վարչապետի պաշտոնում՝ հակասելով իր՝ նախկինում արած հայտարարությանը։ Սակայն վարչապետի աթոռին նա մնաց ընդամնեը 6 օր․ 2018 թվականի ապրիլյան իրադարձությունների ժամանակ ժողովրդի ճնշման տակ նա հրաժարական տվեց։ Փաստորեն, մեր երկրում տեղի ունեցած սահմանադրական բոլոր հանրաքվեներն առնվազն խնդրահարույց են եղել, Սահմանադրությունը չի ունեցել բավարար լեգիտիմություն, փոփոխությունները բխել են ոչ թե սահմանադիրի կամքից, այլ օրվա կառավարող ուժերի կարիքներից ու շահերից։ Այսօր՝ հետհեղափոխական շրջանում, շարունակում են Սահմանադրության լեգիտիմության մասին քննարկումները, խոսվում է սուպերվարչապետական համակարգը վերացնելու, իշխանության ճյուղերի միջեւ փոխզսպող մեխանիզմեր ներդնելու, նախագահի լիազորությունները վերանայելու, կարճ ասած՝ նոր Սահմանադրության անհրաժեշտության մասին։ Դեռեւս 2015 թվականի օգոստոսին՝ հանրաքվեից ամիսներ առաջ, ՔՊ կուսակցության անդամ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սահմանադրական փոփոխությունները կեղծ օրակարգ են, եւ ոչ գործող, ոչ գալիք սահմանադրությունները որեւէ կերպ չեն խոչընդոտելու Սերժ Սարգսյանին վերարտադրվել։ Փաշինյանը հրաժարվեց բովանդակային քննարկումներ ծավալել նոր Սահմանադրության նախագծի շուրջ եւ մյուսներին էլ կոչ արեց «չմտնել սահմանադրական ծուղակի մեջ»։ Տարիներ անց՝ 2018 թվականին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, Սահմանադրության փոփոխության հարցը կրկին դարձավ օրակարգային։  2018 թվականի մայիսի 1-ին վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում պատասխանելով պատգամավորների հարցերին, ասաց, որ սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով իրապես արդեն ստեղծված է, եւ ինքը միանշանակ հանձնառու է համարում իրեն՝ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում․ «Որովհետեւ երբ որ ես ասում եմ, որ պետք է փակենք այն էջը, երբ կառավարությունը ինչ-որ բան պարտադրում է, դա պետք է փակենք ոչ միայն հույս ունենալով, որ գործող սուպերվարչապետը էդպիսի բան չի անի, այլեւ ստեղծելով համապատասխան մեխանիզմներ, որ նույնիսկ ցանկության դեպքում հնարավոր չլինի այդպես վարվել։ Սուպերվարչապետական համակարգը պետք է գոյություն չունենա, պետք է գոյություն ունենա նորմալ խորհրդարանական, առնվազն էս պահին, կառավարման համակարգ, դա, կարծում եմ, աներկբա է եւ բխում է մեր երկրի շահերից»։ 2018 թվականի օգոստոսի 17-ին՝ Հանրապետության հրապարակում կառավարության 100-րդ օրվա ամփոփման ժամանակ արդեն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը խոսեց սահմանադրական փոփոխություններ նախաձեռնելու մասին՝ հայտարարելով, որ  դրա իմաստը կլինի հետեւյալը․ «Արտահերթ խորհրդարանական ընտրություններ կարող են տեղի ունենալ ոչ միայն վարչապետի հրաժարականի պայմաններում, այլեւ խորհրդարանն ինքը կարող է որոշում կայացնել ինքնալուծարման մասին: Եվ ուրեմն այդ փոփոխությունները պետք է ընդունի այդ նույն խորհրդարանը, ինչը տեղի կունենա միայն մի պայմանով, երբ դուք՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներդ, դա ձեւակերպեք ձեր կողմից որպես հստակ պահանջ: Երբ դուք ձեւակերպեք, մենք կապահովենք դրա իրականացումը խորհրդարանում»,- ասաց Փաշինյանը:  Այս ելույթից ամիսներ անց վարչապետի հրաժարականով Ազգային ժողովը ցրվեց, Հայաստանում տեղի ունեցան խորհրդարանական արտահերթ ընտրություններ, սակայն մինչ այդ սահմանադրական փոփոխություններ չեղան։ 2018 թվականի դեկտեմբերի 2-ին՝ արտահերթ ընտրություններին ընդառաջ՝ «Իմ քայլը» դաշինքի քարոզարշավի ժամանակ Փաշինյանը հայտարարեց, որ գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական է, սակայն հավելեց, որ Սահմանադրություն եւ պետական կառավարման համակարգ փոխելը պետք է արդարացված լինեն: Նրա խոսքով՝ եթե ժողովուրդը ցանկանա կրկին անցնել նախագահական կառավարման մոդելի, ապա այդպես էլ կլինի: Փաշինյանը, թեեւ շեշտեց, որ գործող Սահմանադրությունը սուպերվարչապետական է, եւ պետք է քայլեր ձեռնարկել հակակշիռների եւ փոխզսպումների հստակ մեխանիզմ ունենալու համար, որպեսզի բացառվեն բռնապետություն եւ անձնիշխանություն հաստատելու բոլոր հնարավորությունները, սակայն, նշելով, որ գործող Սահմանադրությունը 7 ամիս է՝ ուժի մեջ է, առաջարկեց՝ «եկեք թողնենք՝ այն աշխատի»: Մոտ մեկ տարի անց՝ 2019 թվականի դեկտեմբերի 30-ին, վարչապետ Նիկոլ Փաշինյանը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի ստեղծման գործընթաց սկսելու մասին հրամանագիր ստորագրեց, իսկ արդեն փետրվարի 21-ին հանձնաժողովը սկսեց իր աշխատանքները։ Հանձնաժողովի ստեղծման մասին որոշման համաձայն՝ գործունեությունը սկսելուց հետո եռամսյա ժամկետում պետք է պատրաստ լիներ սահմանադրական փոփոխությունների հայեցակարգը, որից հետո այն կդրվեր հանրային քննարկման եւ կներկայացվեր վարչապետի աշխատակազմին։ Իսկ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի մեկը պետք է պատրաստ լինի փոփոխությունների նախագիծը: Սակայն հետագայում Նիկոլ Փաշինյանը չբացառեց, որ այս փոփոխությունների հանրաքվեն կարող է կազմակերպվել հաջորդ խորհրդարանական ընտրությունների հետ համատեղ՝ 2023 թվականին:  «Գիտե՞ք, մեզ մոտ քննարկումներ են տեղի ունենում, որոնք կարող են հանգեցնել այդպիսի եզրակացության, որ մենք այս հանրաքվեից հետո շատ արագ, հանրաքվե հնարավոր է եւ չիրականացնենք, որովհետեւ մենք, հնարավոր է, օրակարգը լինի ոչ թե սահմանադրական փոփոխությունները, այլ նոր Սահմանադրության ընդունումը: Ընդ որում՝ դե ֆակտո լինեն դրանք սահմանադրական փոփոխություններ, բայց դե յուրե լինեն նոր Սահմանադրություն։ Ինչո՞ւ։ Որովհետեւ, այնուամենայնիվ, էս ողջ համատեքստում անընդհատ բարձրացվում է հետեւյալ հարցը, որ «ժողովուրդ ջան, 95 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2005 թվականի սահմանադրական հանրաքվեն եղել է կասկածելի, 2015 թվականի հանրաքվեն եղել է կասկածելի, եւ ընդհանրապես՝ Սահմանադրության լեգիտիմության պրոբլեմը կա», - ասաց Փաշինյանը։  2020 թվականի հունվարի 25-ին՝ ասուլիսի ժամանակ, Փաշինյանն անդրադարձավ «սուպերվարչապետական կոստյումին»՝ հայտարարելով, որ իրենը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից, եւ որ այն երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ․ «Ես հիմա ապրում եմ այն տանը, որտեղ ժամանակին ապրել է Սերժ Սարգսյանը: Ժողովրդավարության պայմաններում սուպերվարչապետական համակարգ գոյություն ունենալ չի կարող: Իմ կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի կոստյումից նրանով, որ իմ գրպաններում միլիարդներ չկան, իմ գրպաններում 20-25 լրատվամիջոցներ չկան, դրանք ինչպես եղել են, այնպես էլ շարունակում են մնալ նախկին կոռումպացված պաշտոնյաների գրպաններում: Այն երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ»,- ասաց Փաշինյանը։ Այս տարվա հունիսի 15-ին Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի ունեցավ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նիստ, որի ժամանակ նա նշեց, որ ոչ միայն պետք է իրականացնել Սահմանադրական փոփոխություններ, այլ հարկավոր է դե յուրե նոր Սահմանադրություն ընդունել․ «Հիմա եկել եմ այն համոզման, որ ոչ թե քաղաքական անհրաժեշտություն կա՝ նոր Սահմանադրություն փոխելու, այլ կա պետական անհրաժեշտություն՝ նոր Սահմանադրություն ընդունելու»,- ասաց գործադիրի ղեկավարը։  Փաշինյանն այդ նիստի ժամանակ արձանագրել է, որ կառավարման համակարգի փոփոխություն անել պետք չէ։ Նա նշել է, որ խորհրդարանական կառավարման համակարգը դեռ պետք է Հայաստանում կայանա եւ նույնիսկ դեռ պետք է հասկանալ՝ ի՞նչ նկատի ունենք խորհրդարանական կառավարման համակարգ ասելով:  Գործող Սահմանադրության խնդիրներից մեկն, ըստ Փաշինյանի, դրանում կայուն մեծամասնության առկայության հարցն է: Մի կողմից, վարչապետի համոզմամբ, սա հնարավորություն է ստեղծում ընդդիմության համար ավելի լայն ներկայացվածություն ունենալ խորհրդարանում, բայց, մյուս կողմից, պետք է հաշվի առնել նաեւ այն քննադատությունը, որ կայուն մեծամասնության ինստիտուտը որոշակիորեն դեֆորմացնում է ընտրողների կամքի ուղիղ արտահայտությունը խորհրդարանական տեղերի բաշխվածության վրա:  Հաջորդ խնդիրը, որին անդրադարձել է վարչապետը, Սահմանադրության մեջ օտարերկրյա ներդրումների եւ ներդրողների համար առավել հարմարավետ պայմաններ ստեղծելու հարցն է։ Մյուս խնդիրն էլ Փաշինյանը դիտարկել է անկախ դատական համակարգ ունենալու հարցը։ Համավարակային այս շրջանում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը քննարկումներն անցկացրել է հեռավար տարբերակով: Ըստ հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանի՝ դիտարկվել են միջազգային գործընկերների հետ համագործակցության, խորհրդատվական օժանդակության հարցերը, հանձնաժողովն էլ շարունակում է ակտիվ քննարկումներն օրակարգային հարցերի շուրջ, եւ ակնկալվում է մինչեւ 2020թ. դեկտեմբերի ավարտն ունենալ հանրային քննարկումների փուլն անցած հայեցակարգ, իսկ մինչեւ 2021թ. հունիս՝ Սահմանադրական բարեփոխումների նախագիծ: Այսպիսով, երկու տարվա քննարկումների ընթացքում կառավարող ուժի ղեկավարն ու այլ ներկայացուցիչներ բազմիցս խոսել են սահմանադրական փոփոխությունների խիստ անհրաժեշտության մասին, արձանագրել են գործող Սահմանադրության բացերը, նախանշել են հայեցակարգի վերջնական տարբերակի պատրաստ լինելու ժամանակահատված՝ մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի մեկը։ Սակայն հետագա քննարկումների արդյունքում պարզվեց, որ Սահմանադրական բարեփոխումների նախագիծը պատրաստ պետք է կլինի 2021 թվականի հունիսին՝ մեկ տարի անց։ Ըստ ամենայնի՝ մշակվում է ծավալուն նախագիծ, որտեղ ներառված կլինեն Փաշինյանի հիշատակած խնդիրները, սակայն սուպերվարչապետական համակարգին անդրադարձ, հավանաբար, չի լինի, քանի որ Փաշինյանն այժմ վստահեցնում է՝ այսօրվա Հայաստանում իր կոստյումը տարբերվում է Սերժ Սարգսյանի սուպերվարչապետական կոստյումից, եւ երկրում, որտեղ ամեն օր կոռուպցիայի դեմ պայքար է տարվում, չի կարող լինել սուպերվարչապետական համակարգ, չնայած նրան, որ 2 տարի առաջ հայտարարել էր՝ սուպերվարչապետական համակարգը օրենսդրության առումով արդեն ստեղծված է, եւ ինքը միանշանակ հանձնառու է համարում իրեն՝ այդ խնդիրը շտկելու եւ իշխանությունը հավասարակշռված դարձնելու հարցում։  Հայարփի Բաղդասարյան
11:10 - 05 հուլիսի, 2020
Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում․ ՀԿ-ները՝ ոստիկանների՝ «Արմնյուզ» եւ «5-րդ ալիք» այցելության մասին

Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում․ ՀԿ-ները՝ ոստիկանների՝ «Արմնյուզ» եւ «5-րդ ալիք» այցելության մասին

Մի քանի հասարակական կազմակերպություններ հայտարարություն են տարածել, որում ասվում է․ «Երեկ՝ հուլիսի 3-ին, ոստիկաններն այցելել են «Արմնյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ՝ նպատակ ունենալով վարչական վարույթ հարուցել հեռուստաեթերում դիմակ չկրելու համար։ Նույնիսկ հաշվի առնելով կորոնավիրուսի համավարակի հետ կապված արտակարգ դրության պահանջները՝ տեղի ունեցածը դիտարկում ենք իրավապահ մարմնի կողմից լիազորությունների չարաշահում։ Հասարակության մեջ առկա քաղաքական և հոգեբանական լարվածության պայմաններում իշխանությունները պետք է առավել նրբանկատություն ցուցաբերեն և խուսափեն անհարկի խիստ քայլեր ձեռնարկելուց։ Համոզված ենք, որ եթերում դիմակ կրելու կամ չկրելու հարցը հնարավոր է լուծել այլ ճանապարհով՝ քննարկումների, պարզաբանումների և փոխհամաձայնությունների միջոցով։ Մենք՝ ներքոստորագրյալ կազմակերպություններս, Կառավարությունից և Պարետատնից պահանջում ենք. չօգտագործել ուժային կառույցներն իրենց ոչ բնորոշ գործողություններում և բացառել նրանց միջամտությունը լրատվամիջոցների գործունեությանը, հաշվի առնելով լրատվական, հատկապես հեռուստատեսային գործունեության առանձնահատկությունները՝ վերանայել և հստակեցնել համաճարակի հետ կապված՝ ԶԼՄ-ներին վերաբերող աշխատանքային պայմանների սահմանափակումները։ Մենք նաև հորդորում ենք լրատվամիջոցներին՝ զերծ մնալ Պարետատան որոշումների հնարավոր խախտումներից՝ գիտակցելով սեփական պատասխանատվությունը համաքաղաքացիների, այդ թվում իրենց իսկ աշխատակիցների առողջության համար։   ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ ԻՆՖՈՐՄԱՑԻԱՅԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ «ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ»
18:35 - 04 հուլիսի, 2020
Կառավարությունն առաջարկում է երկարացնել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը |hetq.am|

Կառավարությունն առաջարկում է երկարացնել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը |hetq.am|

hetq.am: Կառավարությունը երկու տարով առաջարկում է երկարաձգել աշխատանքային գրքույկների թվայնացման գործընթացը: Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն առաջարկում է փոփոխություններ Աշխատանքային օրենսգրքում` հնարավորություն ընձեռելով գործատուներին աշխատակիցների գրքույկները տրամադրել լիազոր մարմնին: Ըստ նախագծի` սահմանվում են գրքույկները ներկայացնելու տարբերակված ժամկետներ` ըստ գործատուների մոտ աշխատող անձանց թվաքանակի: Գրքույկները հանձնվելու ծանուցվելուց հետո երեք ամսվա ընթացքում՝ 1000 և ավելի աշխատող ունեցող գործատուների դեպքում։ 300-ից 1000 աշխատող ունեցող գործատուները` Կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո վեց ամսվա ընթացքում: 100-ից 300 աշխատող ունեցող գործատուները` ծանուցվելուց հետո ինը ամսվա ընթացքում: 50-ից 100 աշխատող ունեցող գործատուները` ծանուցվելուց հետո տասներկու ամսվա ընթացքում, մինչև 50 աշխատող ունեցող գործատուները` Կառավարության սահմանած կարգով ծանուցվելուց հետո տասնհինգ ամսվա ընթացքում: Նշվում է նաև, որ նշված ժամկետներում աշխատանքային գրքույկները չներկայացրած գործատուների վրա գրքույկները ներկայացնելու պարտականությունը կարող է դրվել դատական կարգով: 2015 թվականի հունիսի 22-ին Ազգային Ժողովն ընդունել է Աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որով նախատեսվել է 2017 թվականի հունվարի 1-ից դադարեցնել աշխատանքային գրքույկների կիրառությունը աշխատանքային հարաբերություններում: Սահմանվել է գործատուների` իրենց մոտ վարվող աշխատանքային գրքույկները 2017 թվականի հունվարի 1-ից հետո` երկու տարվա ընթացքում լիազոր մարմին հանձնելու, այնուհետև` աշխատանքային գրքույկում առկա տեղեկատվությունը պետական կենսաթոշակային համակարգի տվյալների շտեմարան ներառելուց հետո աշխատողներին վերադարձնելու օրենսդրական պարտավորությունը: Նախագծում նշվում է, որ 2017 և 2018 թվականների ընթացքում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարածքային բաժինների կողմից հավաքագրվել, կապալառու կազմակերպությունների միջոցով տեսաներածվել և «Աշխատանքային գրքույկներ» ենթահամակարգ են մուտքագրվել շուրջ 270 հազար աշխատանքային գրքույկ: 2018 թվականին աշխատանքների կատարման ընթացքում պարզ է դարձել, որ տեսաներածման համար սահմանված ժամկետը` 2017 թվականի հունվարից մինչև 2019 թվականը, աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար բավարար չէ: Պետական եկամուտների կոմիտեի տվյալների շտեմարանի տեղեկատվության համաձայն` առկա է շուրջ 320 հազար աշխատող, ում գրքույկները դեռևս տեսաներածված չեն, բացի այդ գրքույկները տեսաներածելու համար տարածքային բաժիններ են դիմում նաև չաշխատող անձինք: Նշված հանգամանքով պայմանավորված` ընդունվեց «Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» 2018 թվականի նոյեմբերի 22-ի ՀՕ-416-Ն օրենքը, որի համաձայն, փոխվեց աշխատանքային գրքույկները գործատուի կողմից հանձնելու` նախկինում սահմանված ժամկետը եւ նոր կարգավորումների շրջանակներում սահմանվեց, որ աշխատանքային գրքույկները հանձնվում են լիազոր մարմնի տարածքային ստորաբաժանում` Ծառայության տարածքային բաժիններ, 2017 թվականի հունվարի 1-ից հետո երեք տարվա ընթացքում:
14:52 - 03 հուլիսի, 2020
Կառավարության 9-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման արդյունքները

Կառավարության 9-րդ միջոցառման վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի դիտարկման արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժինը տեղեկացնում է, որ ՄԻՊ-ը Հայաստանում նոր տեսակի կորոնավիրուսի (COVID-19) տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառման վերաբերյալ ստացել է 254 դիմում-բողոք, որից 116 թեժ գծին ահազանգերի թիվը կազմել է 93։ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ինչպես բանավոր, այնպես էլ գրավոր տարբերակով քննարկել է քաղաքացիների բարձրացրած խնդիրները, ինչպես նաև իրականացրել է զանգվածային լրատվության միջոցների մշտադիտարկում: Կորոնավիրուսի տնտեսական և սոցիալական հետևանքների չեզոքացմանն ուղղված միջոցառումներով Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները կներկայացվեն առանձին-առանձին։ Կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառում Միջոցառմամբ շահառու են եղել մինչև 18 տարեկան երեխա ունեցող ընտանիքները, որտեղ երկու ծնողներն էլ չեն ունեցել գրանցված աշխատանք և համապատասխանել են մի շարք այլ պայմանների։ Միջոցառման մեկնարկից, այսինքն՝ ապրիլի 14-ից մինչև հունիսի 25-ն ընկած ժամանակահատվածում Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունները վեր են հանել խնդիրներ, որոնք հիմնականում կապված են՝ միջոցառման շահառուների համար համացանցի և տեխնիկական միջոցների ոչ լիարժեք հասանելիության հետ․ համացանցից օգտվելու հմտությունների բացակայության հետ․ համակարգից օգտվելու ծրագրային խնդիրների, շահառուների կողմից տվյալներ մուտքագրելու դժվարությունների հետ․ ակնհայտ շահառու համարվող անձանց համակարգի մերժելու հետ․ միանվագ դրամական աջակցության փոխանցման ուշացումների հետ և այլն։ Օրինակ՝ Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված մի շարք բողոքների համաձայն՝ քաղաքացիները համակարգում մուտքագրել են իրենց երեխաների վերաբերյալ պահանջվող տվյալները, սակայն համակարգը մերժել է բնակչության պետական ռեգիստրում հաշվառում չունենալու պատճառաբանությամբ: Բողոքների համաձայն՝ իրականում, երեխաները գտնվել են Հայաստանում և ունեցել են հաշվառում իրենց մշտական բնակության հասցեում։ Մեկ այլ դեպքում քաղաքացիները տեղեկացրել են, որ հաշվառված են նպաստառու ընտանիքի բնակության վայրի հասցեում (օրինակ՝ հայրական տանը), բայց փաստացի բնակվում են այլ հասցեում։ Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգն այդ պարագայում դիմողներին դիտարկել է որպես նպաստառու ընտանիքի անդամ, չնայած նրան, որ ընտանիքների անապահովության գնահատման համակարգում տվյալ դիմողները նշված են որպես «բացակա անդամներ»։ Արդյունքում, դիմողները մեխանիկորեն զրկվել են աջակցությունից օգտվելու հնարավորությունից։ Արձանագրվել են նաև դեպքեր, երբ երեխայի ծնողները Հայաստանի Հանրապետություն ավտոմեքենա ներմուծելու պատճառով զրկվել են պետության աջակցությունից։ Խնդիրն այն, որ ավտոմեքենա ներմուծելիս ծնողի անվամբ հարկային մարմնում հարկային հաշիվ է բացվել, արդյունքում համակարգը ծնողին որպես անհատ ձեռնարկատեր կամ վարձու աշխատող է դիտարկել, ինչի պատճառով ընտանիքը չի կարողացել օգտվել միջոցառումից: Մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրված բողոքների ուսումնասիրությունը վկայում է, որ մարդիկ հաճախ միջոցառումից օգտվել են մասնակի: Ծրագիրը ոչ բոլոր երեխաների տվյալներն է հաստատել կամ բոլորինը հաստատել է, սակայն դրամական աջակցությունը փոխանցվել է բանկին ոչ բոլոր երեխաների հաշվարկով: Պաշտպանը քննարկել է նաև բողոքներ, որով կոնկրետ ընտանիքը 9-րդ միջոցառման շահառու է եղել, ընտանիքի անդամն ամիսներ առաջ սահմանված կարգով դիմում է մուտքագրել Սոցիալական ապահովության ծառայության առցանց դիմումների համակարգ, դիմումը հաստատվել է, սակայն դրամական աջակցությունն ընտանիքին չի տրամադրվել բանկին փոխանցված չլինելու պատճառաբանությամբ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Կառավարության ընդունած հակաճգնաժամային տնտեսական և սոցիալական միջոցառումների հետ կապված անհատական բողոքների քննարկման շրջանակներում արձանագրված յուրաքանչյուր խնդրով ցուցաբերել է անհատական մոտեցում: Դրանք օպերատիվ կարգով բարձրացվել և լուծում են ստացել պետական համապատասխան մարմինների հետ համագործակցությամբ: Այդպիսի մոտեցումը հնարավորություն է տվել արդյունավետ աջակցություն ցուցաբերել ինչպես միջոցառումներից օգտվելու դժվարություններ ունեցող կոնկրետ անձանց, այնպես էլ համակարգային առումով պետությանը խնդիրների լուծման հարցում: Մարդու իրավունքների պաշտպանի և պետական համապատասխան մարմինների հետ համագործակցության արդյունքում համակարգային լուծում են ստացել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 9-րդ միջոցառումից օգտվելու անհնարինության հետ կապված խնդիրների զգալի մասը: Հատկանշական է, որ 9-րդ միջոցառման  մեկնարկի սկզբնական փուլում միջոցառումը սահմանող Կառավարության որոշումը երեխաների նկատմամբ խնամակալ ճանաչված անձանց շահառու չի դիտարկել: Թե՛ մշտադիտարկման, թե՛ բողոքների քննարկման արդյունքները պարբերաբար ամփոփվել և ներկայացվել են ՀՀ կառավարություն՝ այդ միջոցառումների կատարելագործման և մարդկանց համար առաջ եկող խնդիրների լուծման նպատակով: Պաշտպանի առաջարկների հիման վրա կատարվել են անհրաժեշտ  համապատասխան փոփոխություններ, որոնք հնարավորություն են տվել վերացնել վերը նշված խոչընդոտները։ Մարդու իրավունքների պաշտպանը դրական է համարում այն, որ միջոցառման իրավական կարգավորում պահանջող խոչընդոտներն հնարավոր սեղմ ժամանակահատվածում վերացել են: Սրա հետ մեկտեղ, սակայն, մտահոգիչ է, որ մինչ օրս ՀՀ-ում հայտարարված արտակարգ դրությամբ պայմանավորված բազմաթիվ սոցիալական խնդիրների բախված քաղաքացիների համար թիրախում երեխային դիտարկող միջոցառումից օգտվելու կազմակերպական և տեխնիկական խոչընդոտներն ամբողւությամբ վերացած չեն: Պետությունը պետք է բոլոր միջոցառումներն իրականացնի մարդկանց համար հնարավոր բարենպաստ լուծումներով:
12:10 - 03 հուլիսի, 2020
Կառավարությունը ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ է սահմանել |hetq.am|

Կառավարությունը ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ է սահմանել |hetq.am|

hetq.am: Կառավարության կողմից սուբսիդավորվող ծրագրային ուսանողական վարկերի հասանելիության բարձրացման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ կառավարությունն այսօր ընդունել է համապատասխան որոշում։ Առաջարկվում է սահմանել ուսանողական ծրագրային վարկերի տրամադրման ավելի բարենպաստ պայմաններ: Մասնավորապես՝ ուսանողական վարկերի տրամադրման համար վարկառու ուսանողի ծնողի կամ խնամակալի երաշխավորությանից բացի հնարավոր է նաև այլ անձանց երաշխավորությունների տրամադրումը։ Նախաձեռնության արդյունքում 4 տարուց ավելի տևողությամբ ուսումնառող սովորողների համար կստեղծվի հնարավորություն ուսումնառության ընթացքում ստանալու 4-ից ավելի մասնաբաժին վարկ, ընդ որում յուրաքանչյուր մասնաբաժնի գումարը` ոչ ավելի, քան 800 հազ. դրամ՝ հաշվի առնելով, որ բուհերում բարձրացել են վարձավճարների չափերը: Գործադիրը նիստում մի քանի այլ որոշումներ էլ է ընդունել։ Մասնավորապես՝ թույլատրել է «ՍՋՆ Ռոլլմեն վորլդ» ՍՊԸ-ին օգտվել գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում մաքսատուրքից ազատելու արտոնությունից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է արդյունաբերական նշանակության էլեկտրական շարժիչների առանցքակալների պատրաստման համար (ք. Երևան)՝ իրականացնելով 624 մլն դրամի ներդրում ցանկում ներկայացված ապրանքների և այլ սարքավորումների ձեռքբերման համար: Ներկայումս առկա է 3 աշխատատեղ, կստեղծվի 20 նոր աշխատատեղ` 120,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 720 մլն դրամ, որից 120 մլն դրամի արտադրանքը կիրացվի ՀՀ տարածքում, 240 մլն դրամի արտադրանքը` ՌԴ տարածքում, 360 մլն դրամի արտադրանքը՝ ԱՄԷ տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 458 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունը կազմում է 35.4 մլն դրամ: Մաքսատուրքի ազատման արտոնությունից կօգտվի նաև «Երևանի քիմիա դեղագործական ֆիրմա» ԲԲԸ-ն: Նրմուծվող ապրանքներն ընկերությունն օգտագործելու է դեղամիջոցների արտադրության համար՝ իրականացնելով 25 մլն դրամի ներդրում: Ընկերությունը 2017 թ-ին ՀՀ կառավարության որոշմամբ ստացել է մաքսատուրքից ազատման արտոնություն, որի արդյունքում փաստացի իրականացրվել է 86 մլն դրամի ներդրում և ստեղծվել է 18 նոր աշխատատեղ: Ներկայում առկա է 195 աշխատատեղ, կստեղծվի ևս 15-20-ը՝ 150,000 դրամ միջին աշխատավարձով։ Ծրագրով նախատեսված արտադրանքի ընդհանուր ծավալը կկազմի 1.5 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կիրացվի ԵԱՏՄ այլ անդամ երկրների տարածքում: Արտոնություն ստանալու համար ներկայացված ապրանքների արժեքը կազմում է 464 մլն դրամ: Մաքսատուրքից ազատման արտոնությունը կազմում է 23.2 մլն դրամ: Կառավարության մեկ այլ որոշմամբ «Ափսթարթ լաբ» ՍՊԸ-ն ներառվել է «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտու շահագործողների ռեեստրում՝ բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեության իրականացման համար: Ծրագրի շրջանակում (2020-2024թթ.) իրականացվելիք ներդրումները կկազմեն շուրջ 110 000 000 դրամ: Ծրագրի ընթացքում կստեղծվի 15 նոր աշխատատեղ` 300 000 դրամից (առաջին տարում) մինչև 650 000 դրամ (հինգերորդ տարում) միջին ամսական աշխատավարձով: Ընկերություն գործունեության առաջին տարում ունենալու է մոտ 12 քմ գրասենյակային տարածք «ԷԿՈՍ» ազատ տնտեսական գոտում, որն ընդլայնվելու է՝ հասնելով 90 քմ մակերեսի հինգերորդ տարում: «ԷԿՈՍ» ՍՊԸ համաձայն է տրամադրել վերոնշյալ տարածքն ընկերությանը 5 տարի ժամկետով և ապահովել համապատասխան ենթակառուցվածքով:
17:14 - 02 հուլիսի, 2020