Արման Թաթոյան

Արման Հակոբի Թաթոյանը (դեկտեմբերի 18, 1981Երեւան) ՀՀ մարդու իրավունքների 4-րդ պաշտպանը։ Պաշտոնավարման ժամկետն ավարտվել է 2022թ․ հունվարի 24-ին։

1998-2007թթ. - սովորել եւ գերազանցությամբ ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը։ Իրավաբանական գիտությունների թեկնածու է, 1 մենագրության եւ 27 գիտական հոդվածների հեղինակ եւ համահեղինակ։ 2012-2013 թթ. ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանը։

  • 2010–2013 թթ. - ՀՀ Սահմանադրական դատարանի խորհրդական։
  • 2011 թվականից - Եվրոպայի խորհրդի Խոշտանգումների կանխարգելման եվրոպական կոմիտեում ՀՀ ներկայացուցիչ։
  • 2013 թ. նոյեմբերի 19-ին նշանակվել է ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ։
  • 2013 թվականից- ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության լիազոր ներկայացուցչի տեղակալ։
  • 2016 թ. փետրվարի 23-ին ՀՀ ԱԺ-ի կողմից 96 կողմ, 7 դեմ հարաբերակցությամբ ընտրվել է ՀՀ ՄԻՊ։
Հանրային հեուստաընկերությունը ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին․ Արման Թաթոյան |hetq.am|

Հանրային հեուստաընկերությունը ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին․ Արման Թաթոյան |hetq.am|

hetq.am: Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանը խոհրդարանում իր եզրափակիչ ելույթում վրդովվեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթից, որը հանդես էր գալիս խմբակցության անունից: Պատգամավորն իր ելույթում ընդգծեց` ՄԻՊ գրասենյակի բովանդակային ու մասնագիտական վերլուծություններին հետևում են, սակայն դրանց մեջ կան այնպիսիք, որոնք ունեն քաղաքական երանգավորում: «Մենք այստեղ հաճախ ենք լսում դասախոսություններ, որ ՄԻՊ-ը չպետք է պաշտպանի պաշտոնյաներին քաղաքացիներից, բայց ՄԻՊ-ը ընտանիքում բռնության համատեքստում իրազեկող  հայտարարություններ է անում․ դժվար թե պնդեք, որ պետություն-քաղաքացի հարաբերությունների մասին է սա, այլ ընդհանուր, մարդու իրավունքների պաշտպանության մասին է»,-ասաց Կարապետյանը: Պատգամավորը նաև հավելեց, որ նոյեմբերի 9-ի իրադարձությունները, խորհրդարանի նախագահի նկատմամբ մահափորձը, հեղաշրջման ձախողված փորձը, գրեթե ամենօրյա ռեժիմով հնչող  բռնության կոչերը իրենց արժանի մեկնաբանությունը չեն ստացել ՄԻՊ-ի կողմից: «Դուք զեկույցում փաստացի արդարացնում եք այն պնդմամբ, թե իբր կառավարող ուժը բաժանարար գիծ է քաշել նախկինների և ներկաների միջև, իսկ զեկույցում գրել եք, որ այդ գիշերը տեղի ունեցած հարձակումները մեր մեղավորությունն է: Պատճառաբանությունը, թե բավարար իրավական համակարգի աշխատակից չի եղել կանխելու այդ ամենը, քանի որ վերջիններս գտնվել են առաջնագծում, անընդունելի է: Այսինքն՝ ոչ թե բոլոր հնարավոր ուժերը պետք է ուղղեինք ճակատ, այլ պետական պաշտոնյաների պաշտպանությունն ամրացնեինք»,- ասաց Կարապետյանը: Պատգամավորը նաև նշել էր, թե սահմանազատումների վերաբերյալ ՄԻՊ-ի հայտարարությունները տագնապ են առաջացրել հանրության շրջանում: Թաթոյանն արձագանքեց` նման ելույթն անհարգալից վերաբերմունք է ՄԻՊ ինստիտուտի նկատմամբ: «Մեդիատեռորի մե՞ջ եք մեղադրում ՄԻՊ-ին, տիկի՛ն Կարապետյան, լու՞րջ եք ասում, բա ինչպես հասկանանք, որ տեղեկատվական բլոկադայի մեջ էր հանրությունը»,- ասաց Թաթոյանը: ՄԻՊ-ն անդրադարձավ Հանրային հեռուստաընկերության լուսաբանմանը` պնդելով, թե իր աշխատակազմի աշխատանքը գրեթե չի լուսաբանվում: «Հանրային հեուստաընկերությունը դատապարտելի վարքագիծ է ցուցաբերում, մենք հատուկ մոնիթորինգ ենք արել, իմ հայտարարությունները Սյունիքի հետ կապված, համարյա ոչինչ չի լուսաբանվում: Հանրայինն ամբողջությամբ դարձել է իշխանությանը քարոզող մարմին»,-ասաց նա: Արման Թաթոյանը տեղեկացրեց, որ Հանրայինի նոր ստեղծվող լրատվական ալիքն իր աշխատակազմը հատուկ մոնիթրինիգի է ենթարկելու, քանի որ Հանրայինի ֆինանսները ձևավորվում են հանրային աղբյուրներից, իսկ վերջինիս առաքելությունն օբյեկտիվ ինֆորմացիա հաղորդելն է: Հայաստանի ՄԻՊ-ը առաջարկեց պատգամավոր Մարիա Կարապետյանին միասին գնալ սահման և հետաքրքրվել մարդկանցից, թե ինչ խնդիրների առջև են հայտնվել: Թաթոյանն օրինակ բերեց, թե ինչ է լինելու այն դեպքերում, երբ սահմանային հատվածում ավտովթար լինի օրինակ հայկական և ռուսական պետհամարանիշներով մեքենաներով, միգուցե այդ անձինք հարցաքննվեն ադրբեջանական քննչական մարմիններում: Թաթոյանը նաև ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ սոցցանցերում հայհոյանքներ են հնչեցնում կամ նման գրառումներ հավանում: Թաթոյանը նման դեպքերի համար դիմել է գլխավոր դատախազին` քրեական գործ հարուցելու համար: «Նման մարդիկ պետական կառավարման համակարգի հետ գործ չպետք է ունենան»,-ասաց նա:
18:03 - 06 մայիսի, 2021
ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ. Թաթոյանն արձագանքեց Մարիա Կարապետյանին |armenpress.am|

ՄԻՊ-ը միշտ է եղել անկաշկանդ. Թաթոյանն արձագանքեց Մարիա Կարապետյանին |armenpress.am|

armenpress.am:  Մարդու իրավունքների պաշտպանը Արման Թաթոյանը վստահեցնում է, որ ՄԻՊ գրասենյակը միշտ է գործել անկաշկանդ: Թաթոյանն այս մասին ասաց՝ անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ելույթին, որում պատգամավորը ՄԻՊ-ի անկաշկանդ աշխատանքը համարել էր թավշյա հեղափոխության արդյունք, կառավարող ուժի ձեռբերում: «Տիկին Կարապետյան ձեր ասածը բացահայտ կեղծիք է, փաստերի կեղծում է և շատ վիրավորական է մարդու իրավունքների պաշտպանի սահմանադրական ինստիտուտի նկատմամբ՝ որպես կառավարող խմբակցության անունից ելույթ ունեցող անձի կողմից այդպիսի ուղերձներ հղելը: Մարդու իրավունքների պաշտպանը միշտ է եղել անկաշկանդ, եթե ՄԻՊ-ը անկաշկանդ չլիներ, 2018 թվականի ապրիլ- մայիս իրադարձությունների ժամանակ միջազգային բարձրադիր բոլոր ամբիոններից գնահատականի չէր արժանանա՝ այդ թվում ԵՄ-ի կողմից, որ օրինակելի կառույց է ՄԻՊ-ը»,-ասաց Թաթոյանը: Ըստ Թաթոյանի՝ Կարապետյանի ելույթում կային բացահայտ մանիպուլյատիվ հայտարարություններ:Անդրադառնալով Կարապետյանի՝ սահմանազատման և սահմանագծման աշխատանքների վերաբերյալ հայտարարությանը՝ ՄԻՊ-ն ասաց. « Իսկ դուք ի՞նչ գիտեք, որ մենք ԱԳՆ-ի հետ չենք աշխատել: Իմ ոչ բարոյականությունը, ոչ էլ իրավական կաշկանդվածության սահմանները թույլ չեն տալիս, որ ես անցնեմ ու քննարկումների գնահատականներ տամ: Մենք ամեն օր ենք մեր գործընկերների հետ կապի մեջ»,-ասաց Թաթոյանը: Նա վստահեցրեց, որ որևէ քայլ չի անում, որը կհակասի երկրի արտաքին քաղաքականությանը: «Ես ձեզ ասում եմ, որ ադրբեջանցիները սպառնում են, ինֆորմացիա եմ տարածում, կադաստրային փաստաթղթեր ունեցող մեր բնակիչները զրկվել են իրենց հողատարածքներից, դուք ինձ ասում եք՝ ամսի 15-ին ասել եմ սահմանազատում բառը, ամսի 17-ին՝ սահմանագծում բառը»,-ասաց Թաթոյանն ու առաջարկեց միասին գնալ ու նայել, թե սահմանին ինչ է կատարվում:
17:49 - 06 մայիսի, 2021
Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. Արման Թաթոյան |armtimes.com|

Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելում Ղարաբաղ. Արման Թաթոյան |armtimes.com|

armtimes.com: «Ես անընդհատ հարց եմ բարձրացնում. Ինչո՞ւ ոչ մի իրավապաշտպան կազմակերպություն չի այցելել եւ չի այցելում Ղարաբաղ»: Այսօր այս մասին հայտարարեց Արման Թաթոյանը, ՀՀ ՄԻՊ-ի տարեկան զեկույցը ներկայացնելիս: «Ես միջազգային կառույցներին բաց ասում եմ, որ իրենց լռությունն էր, որ բերեց սրան, քանի որ իրենք իրենց լռությամբ խաթարեցին մարդու իրավունքների հեղինակությունը՝ այդ թվում խնդիրներ առաջացնելով իմ աշխատանքում: Հիմա ի՞նչ. ստացվում է՝ քաղաքացին պարզ հասկացավ, որ պատերազմը, զինված հարձակումը դադարեց ոչ թե նրա համար, որ մարդու իրավունքների միջազգային կազմակերպությունը դա դադարեցրեց, այլ որ քաղաքական կոնկրետ ճանապարհներով էր լուծվում խնդիրը»,-ասաց Թաթոյանը: ՄԻՊ-ն ընդգծում է՝ միջազգային կառույցներն իրենց պահվածքով վնասել են մարդու իրավունքների համակարգը: «Լինելով միջազգային կառույց՝ պարտավոր եք մեր քաղաքացու իրավունքների պաշտպանության ուղղությամբ լիարժեք աջակցություն ցուցաբերել, որ չստացվի, թե մեր երկրում մարդու իրավունքներն ու ժողովրդավարությունը հակասում են անվտանգությունը: Իրականում մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու անվտանգությունը լրացնում են իրար: Որքան բարձր է անվտանգությունը, այնքան բարձր են մարդու իրավունքները և հակառակը»,-նշեց Արման Թաթոյանը:
16:33 - 06 մայիսի, 2021
Դատապարտում եմ վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են ժեխ, զոմբիներ․ Արման Թաթոյան |armtimes.com|

Դատապարտում եմ վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են ժեխ, զոմբիներ․ Արման Թաթոյան |armtimes.com|

armtimes.com: «Անթույլատրելի է հանրային ճանաչում ունեցող առանձին գործիչների կողմից հասարակության մի մասին վիրավորող այնպիսի արտահայտությունների գործածումը, ինչպիսիք են ժեխ, զոմբիներ: Նույն սկզբունքով դատապարտելի է իշխանության աջակից որոշ շրջանակների կողմից հանրային լայն կիրառություն ստացած այնպիսի բառապաշարի օգտագործումը, որն ավելի է նպաստում երկրում անհանդուրժողականության մթնոլորտի խորացմանը, օրինակ՝ պիցցայակերներ, ծախվածներ և այլն»: Այսօր ԱԺ-ում ՄԻՊ տարեկան զեկույցի ժամանակ հայտարարեց Արման Թաթոյանը: Թաթոյանը նշեց՝ ՄԻՊ աշխատակազմի դիտարկումները վկայում են, որ նման անթույլատրելի վիճակն ավելի է խորացնում այն հանգամանքը, որ թե՛ իշխանության և թե՛ ընդդիմության տարբեր շրջանակներին աջակցող կեղծ օգտահաշիվներ կան, որոնք խմբերով են գործում ու հնչեցնում են սպառնալիքներ ու բռնության կոչեր: Թաթոյանի գնահատմամբ՝ սոցիալական մեդիայի ողջ հայկական տիրույթը ողողվել է հայհոյախառն արտահայտություններով ու ատելության խոսքով: «Ցավոք, այս արատավոր երևույթները վերջին տարիներին ծավալների աճ ստացան, ձեռք բերեցին համակարգված ու ինստիտուցիոնալ բնույթ: Քաղաքականությունն իր հիմքում պետք է ունենա մարդու իրավունքները որպես ունիվերսալ բարձր արժեք»,- ասաց Արման Թաթոյանը: ՀՀ ՄԻՊ-ի խոսքով՝ երկրում ներդրվել ու շարունակվում է հանրային, հասարակական-քաղաքական հարթակ բերված նոր ու նախկին, սև ու սպիտակ պիտակավորմամբ դիսկուրսը, որը հասարակությանը խմբերի բաժանելու, խտրականություն սերմանելու անթույլատրելի օրակարգ է:
12:02 - 06 մայիսի, 2021
ՄԻՊ-ն ԱԺ-ում անդրադարձել է մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին՝ պայմանավորված 2020թ-ին արտակարգ և ռազմական դրությամբ |shantnews.am|

ՄԻՊ-ն ԱԺ-ում անդրադարձել է մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին՝ պայմանավորված 2020թ-ին արտակարգ և ռազմական դրությամբ |shantnews.am|

shantnews.am: ԱԺ-ն այսօր քննարկում է «2020 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի` որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2020 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը: Արման Թաթոյանն ԱԺ-ում ներկայացրել է մի շարք ոլորտներում տիրող իրավիճակն ու այս ուղղություններով կատարված քայլերը, զեկույցի սկզբում խոսել է դիմումների թվի աճի մասին, ապա անդրադարձել սոցիալ-տնտեսական ոլորտի խնդիրներին, խոսել է կորոնավիրուսային համավարակի պայմաններում առաջ եկած խնդիրների մասին: «2020թ-ին քիչ չեն եղել ահազանգերը նոր կորոնավիրուսային վարակով պացիենտներից՝ հոսպիտալացումները պատշաճ չկազմակերպելու խնդիրների վերաբերյալ»,-ասել է Թաթոյանը: Նա անդրադարձել է 2020թ-ին թե՛ արտակարգ, թե՛ ռազմական դրությամբ պայմանավորված մարդու իրավունքների անհարկի սահմանափակումներին ու առաջ եկած խնդիրներին: «Դրանք չեն նշանակում կառավարության բացարձակ հայեցողություն մարդու նկատմամբ»,-հայտարարել է Թաթոյանը: Արտակարգ դրության ժամանակ հիմնարար հարցերից մեկը կապված է եղել մեկուսացման ու ինքնամեկուսացման հետ։
11:33 - 06 մայիսի, 2021
ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ՄԻԵԴ վճիռների կատարման գործում ՀԿ-ների հետ համատեղ աշխատանքը համարվել է միջազգային առաջատար փորձ

ՀՀ ՄԻՊ-ի նախաձեռնությամբ ՄԻԵԴ վճիռների կատարման գործում ՀԿ-ների հետ համատեղ աշխատանքը համարվել է միջազգային առաջատար փորձ

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռների արդյունավետ կատարումը խթանելու գործում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնությամբ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների ներգրավմամբ համատեղ աշխատանքը Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI) համարել է միջազգային առաջատար փորձ այլ երկրների մարդու իրավունքների ազգային հաստատությունների համար։ Այս մասին տեղեկացնում է ՄԻՊ գրասենյակը: Մասնավորապես, ENNHRI-ին կարևորել է նման համագործակցությունը, որի արդյունքում, միավորելով տարբեր կողմերի ջանքերը, հնարավոր է դառնում էլ ավելի բարձրացնել ՄԻԵԴ վճիռների կատարման կարևորությունը և դրա վերաբերյալ իրազեկվածությունը: ENNHRI-ին նշել է, որ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը օժտված է առընթեր խորհուրդներ ստեղծելու լիազորությամբ, որոնց կարող են ներգրավվել ՀԿ ներկայացուցիչներ ու անկախ փորձագետներ։ Տարբեր ոլորտի մասնագիտացված ներկայացուցիչների ներգրավվումը խորհրդի կազմում կամ նիստերին հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ քննարկումներ ունենալ։ Խորհրդի օրակարգում Մարդու իրավունքների պաշտպանի արձանագրած խնդիրները քննարկելուց բացի, քննարկվում են նաև ՀԿ-ների բարձրացրած խնդիրները և առաջարկվում են համատեղ լուծման տարբերակներ։ Նման նիստերի կարող են հրավիրվել նաև պետական իրավասու մարմինների ներկայացուցիչներ։ Պաշտպանին առընթեր խորհրդատվական խորհրդի նիստերին քննարկման նպատակով ընդգրկվում են նաև ՄԻԵԴ-ում Հայաստանի դեմ կայացված, բայց դեռևս չկատարված վճիռները։ ENNHRI-ին արձանագրել է, որ նման քննարկումներից մեկի արդյունքում Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը ՀԿ-ի հետ համագործակցությամբ (Հելսինկյան կոմիտե) համատեղ հատուկ դիրքորոշում է ներկայացրել Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտե` կապված ազատությունից զրկված անձանց նվազագույն իրավունքների պաշտպանության հարցով «Պողոսյանն ընդդեմ Հայաստանի» Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի վճռի կատարման հետ: Մարդու իրավունքների ազգային հաստատությունների  եվրոպական ցանցը նշել է, որ նման համատեղ աշխատանքները հնարավորություն են տալիս քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հետ կառուցել կայուն համագործակցություն։ Ծանոթագրություն։ Մարդու իրավունքների ազգային հաստատությունների եվրոպական ցանցը (ENNHRI-ն) միավորում է Եվրոպայի 40-ից ավելի մարդու իրավունքների ազգային հաստատություններ։ ENNHRI- ի նպատակն է պաշտպանել և խթանել մարդու իրավունքները Եվրոպայի տարածաշրջանում՝ համագործակցում է մարդու իրավունքների ազգային ինստիտուտների հետ։
15:58 - 05 մայիսի, 2021
Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ․ ՄԻՊ

Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց վերաբերյալ․ ՄԻՊ

Այսօր ավարտեցինք 297 տեսանյութի և լուսանկարի վերլուծություն հայկական կողմի զինծառայողների և քաղաքացիական անձանց նկատմամբ ադրբեջանական վայրագությունների, հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության ոչնչացման ու անարգանքի վերաբերյալ: Այս մասին ֆեյսբուքյան իր պաշտոնական էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։ «Այդ տեսանյութերն ու լուսանկարները, մասնավորապես, վերաբերում են (լրացում` նույն մարդու կարող է մեկից ավելի տեսանյութ կամ լուսանկար վերաբերել) · 98-ը կենդանի վիճակում գերիներին խոշտանգելուն ու արժանապատվությունը նվաստացնելուն. · 17-ը գլխատումներին ու սպանություններին. · 32-ը զոհվածների մարմինների նկատմամբ անարգանքին և մարմնի մասերի անդամահատումներին (օրինակ՝ ձեռք կամ ականջ կտրել). · 54-ը գերեվարվածների սոցիալական ցանցերի էջերի կառավարմանը, այդ թվում՝ ատելության տարածմանը և գլխատված զինծառայողի լուսանկարը վերջինիս էջով տարածելուն. · 49-ը Արցախի քաղաքացիական բնակավայրերի ու անտառածածկ տարածքների դեմ արգելված, այդ թվում՝ քիմիական տարրեր պարունակող զանվածային ոչնչացման զինատեսակների կիրառությանը. · 26-ը հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգության, այդ թվում՝ հուշարձանների և եկեղեցիների ոչնչացմանն ու վանդալիզիմին. · 12-ը այն կայքերի ու սոցիալական ցանցերի (Տելեգրամ, Ինստագրամ և այլն) էջերի, որոնցով տարածվում էին ատելություն, թշնամանք բորբոքող, ինչպես նաև հայկական կողմի գերիների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների տեսանյութեր կամ լուսանկարներ. · 9-ը պատերազմին վարձկան ահաբեկիչների ներգրավմանը կամ մասնակցությանը: Տեսանյութերը թարգմանվել են անգլերեն, իսկ մի մասն այս փուլում արդեն՝ ռուսերեն: Կենդանի մարդկանց կամ զոհվածներին վերաբերող գրեթե բոլոր տեսանյութերում արված են նույնականացումները: Բոլոր տեսանյութերն ու լուսանկարների հավաստիությունը հաստատված է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնական լոգոյով: Հավաքագրված տեսանյութերի ու լուսանկարների ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից հայկական կողմի գերիների նկատմամբ խոշտանգումներն ու դաժանությունները, անմարդկային վերաբերմունքը կատարված են էթնիկ ատելության շարժառիթներով: Այսինքն՝ դրանք կատարվել են միայն այն պատճառով, որ զոհերը հայ են եղել: Նույն սկզբունքով ոչնչացվել ու վանդալիզիմի են ենթարկվել հայկական պատմամշակութային ու կրոնական ժառանգությունը, այդ թվում՝ հուշարձաններն ու եկեղեցիները: Ադրբեջանի իշխանության մարմինները պետք է հասկանան, որ չեն մնալու անպատիժ մարդու իրավունքների նշված կոպիտ խախտումների, պատերազմական հանցանքների, հայատյացության համակարգված քարոզի ու ցեղասպան քաղաքականության համար: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի ուսումնասիրություններն ու բողոքների քննության արդյունքները շարունակաբար հաստատում են, որ ադրբեջանական իշխանությունները, միջազգային հումանիտար իրավունքի ու մարդու իրավունքների պահանջների կոպիտ խախտմամբ, ձգձգում են հայկական կողմի գերիների ազատ արձակումն ու վերադարձը հայրենիք, դիտավորյալ չեն հայտնում գերիների իրական թիվը: Այս քաղաքականությամբ նրանք ոտնահարում են ոչ միայն Ադրբեջանում ապօրինի պահվող հայկական կողմի գերիների իրավունքները, այլ նաև հոգեկան տառապանքներ պատճառում նրանց ու անհայտ կորած համարվողների ընտանիքներին՝ մտադրված նպաստելով լարվածությանը հայկական հասարակությունում: Նշված բոլոր տեսանյութերն ու լուսանկարները կուղարկվեն միջազգային համապատասխան կառույցներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմիններին՝ անհրաժեշտ բնութագրություններով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է ադրբեջանական վայրագությունների վերաբերյալ ապացույցների հավաքագրումն ու հետազոտումը»,- գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:
22:33 - 03 մայիսի, 2021
Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի. ՄԻՊ

Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը`անդրադառնալով Ադրբեջանի նախագահի հայտարարություններին: «Ադրբեջանի նախագահը 2021թ. ապրիլի 27-ին հայտարարել է. «Աշխարհագրական առումով Զանգելանը Արևելյան Զանգեզուրի մաս է կազմում և գտնվում է Արևելյան Զանգեզուրում։ Արևմտյան Զանգեզուրը [նկատի ունի ՀՀ Սյունիքի մարզը] ևս մեր պատմական հողն է և այդ տարածքով անցնելու է Զանգեզուրի միջանցքը»: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը պարտադիր է համարում Ադրբեջանի նախագահի նման հայտարարությունները դիտարկել հայատյացության ադրբեջանական շարունակվող քաղաքականության, կյանքի ու հոգեկան անձեռնմխելիության, սեփականության ու այլ իրավունքների կոպիտ խախտումների, այն վայրագությունների լույսի ներքո, որ կատարել են ադրբեջանական զինված ուժերը 2020թ. սեպտեմբեր-նոյեմբեր ամիսների պատերազմի ընթացքում ու դրանից հետո:  Ակնհայտ է, որ այս հայտարարությունները լարվածություն են առաջացնում հայաստանյան հասարակությունում, խաթարում են խաղաղ բնակչության բնականոն կյանքն ու հոգեկան անդորրը, նպատակ ունեն ահաբեկել մարդկանց, հատկապես` սահմանային բնակավայրերում: Այս արձանագրումները բխում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին ուղղված քաղաքացիների ահազանգերից ու դիմումներից: Ադրբեջանի նախագահի պարբերական դարձած նման հայտարարությունները, որ վերաբերում են Հայաստանի ինքնիշխան Հանրապետությանը և պատմական փաստերի բացահայտ աղավաղում են, խաթարում են խաղաղության և անվտանգության հեռանկարները տարածաշրջանում: Դրանք պետք է արժանանան անհրաժեշտ արձագանքի, որպեսզի կանխվեն, և առաջ չգան մարդու իրավունքների համար ավելի ծանր հետևանքներ»: 
09:24 - 03 մայիսի, 2021
ՀՀ որևէ իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ատելության, ֆաշիզմի քաղաքականություն չի վարել ու չի վարում․ ՄԻՊ

ՀՀ որևէ իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի նկատմամբ ատելության, ֆաշիզմի քաղաքականություն չի վարել ու չի վարում․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի ելույթներին և վարվող քաղաքականությանը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը` անդրադառնալով Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազրույցին: «Մեջբերումներ Ադրբեջանի նախագահի 2021 թվականի ապրիլի 20-ի հարցազրույցից: «(…) անիծյալ թշնամին այս հողերում ամեն ինչ, բոլոր շենքերը ավերել է։ Հայկական բարբարոսությունը (…) չտեսնված բարբարոսություն է։ Համաշխարհային պատմության մեջ շատ պատերազմներ են եղել, բայց այս աստիճան դաժանություն, թշնամանք, ըստ իս, համաշխարհային պատերազմների պատմության մեջ չի եղել։ Նույնիսկ եթե համեմատենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, այն ժամանակ այսպիսի վայրագություն չէր կատարվում, կրոնական հուշարձանները չէին ավերվում։ Այս ամենը մենք շատ լավ գիտենք։ Հայկական ֆաշիզմը բոլոր երկրներում եղած ֆաշիզմի տեսակներից ամենազզվելի, ամենադաժան ֆաշիզմն է։ Հայկական ֆաշիզմը ոչնչացվել է, և այն ոչնչացնողը եղել է Ադրբեջանի ժողովուրդը։ Այսօր երբ Հայաստանում գլուխ են բարձրացնում որոշ ռևանշիստ ուժեր, պետք է իմանան, որ ցանկացած պահի, երբ պետք լինի իրենց գլուխը ճզմվելու է։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հայկական ֆաշիզմը կրկին գլուխ բարձրացնի։ Մենք չենք կարող թույլ տալ, որ Հայաստանը իր բանակը կրկին բերի-հասցնի այնպիսի վիճակի, որ վերջինս մեր համար որևէ սպառնալիք ներկայացնի։ Եթե մենք հնարավոր սպառնալիք նկատենք, դարձյալ ոչնչացնելու ենք։ Մենք բնականաբար երբեք չենք մոռանալու հայկական բարբարոսությունը։ Ռազմական ավարի պուրակը, որն այսօր Հայաստանում մեծ աղմուկ է բարձրացրել, մի հիմնական նպատակ ունի՝ Ադրբեջանի ժողովուրդը հայկական բարբարոսությունը երբեք չպետք է մոռանա։ Մենք դա երբեք չպետք է մոռանանք։ Մենք դա երբեք չենք մոռանալու։ Սա թող բոլորն իմանան»։ Ադրբեջանի նախագահի ապրիլի 20-ի հարցազույցով արմատավորվում է, որ Հայաստանում ու Արցախում ապրող սովորական մարդիկ, ողջ հայ ժողովուրդը բարբարոս են, ֆաշիստներ են, զզվելի են ու վայրագություններ կատարող են: Սա այն հարցազրույցն է, որով նա Հայաստանի ողջ բնակչության մասին խոսել է ուժի, պատերազմի բացահայտ սպառնալիքներով: Փոխարենը՝ նա իր ելույթներում մշտապես համեմատությամբ ի ցույց է դնում Ադրբեջանի ժողովրդի առավելությունները, նրանց համարում դասով, բարոյականությամբ ու հոգեբանությանբ առավել բարձր: Այս ամենն իրականացնում է ի հաշիվ պատմական փաստերի բացահայտ աղավաղման: Այս գիծը հատկապես ուժգնացել է վերջերս: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հրավիրում է միջազգային, հատկապես՝ մարդու իրավունքների պաշտպանության մանդատ ունեցող կառույցների ուշադրությունը Ադրբեջանի նախագահի այս ելույթներին և վարվող քաղաքականությանը: Ակնհայտ է, որ խոսքը պետական մակարդակով հայատյացության ու թշնամանքի քարոզի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականություն մասին է Հայաստանի ու Արցախի բնակչության, Հայ ժողովրդի նկատմամբ: Հենց այս ելույթներն ու քաղաքականությունն են ադրբեջանական վայրագությունների ու դաժանությունների պատճառը, խոշտանգումների հիմքերը: Դրանք սպառնալիք են խաղաղությանն ու համերաշխությանը տարածաշրջանում, խարխլում են մարդու իրավունքների համակարգի միջազգայնորեն ամրագրված հիմքերը: Հակառակ նշված ելույթների՝ ՀՀ որևէ ժամանակաշրջանի իշխանություն երբևէ Ադրբեջանի ժողովրդի, Ադրբեջանում ապրող սովորական մարդկանց նկատմամբ ատելության կամ թշնամանքի, ֆաշիզմի քաղաքականություն չեն վարել ու չի վարում»,- գրել է ՀՀ ՄԻՊ-ը:
10:40 - 02 մայիսի, 2021
Սոցցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Սոցցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով ՄԻՊ-ը դիմել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով

Դիմել եմ ՀՀ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով սոցիալական ցանցերում որոշ պաշտոնյաների վարքի հարցով: Այս մասին գրառում է կատարել Պաշտպան Արման Թաթոյանը՝ մանրամասնելով․   «Խոսքն այն պաշտոնյաների մասին է, որոնք`   1)սոցիալական ցանցերում հրապարակային հայհոյանքներ կամ այլ վիրավորանք են գրում կամ անում են գրառումներ, որոնք բռնությունն արդարացնող են կամ խրախուսող.   2) չեն հեռացնում իրենց էջերի հրապարակումների ներքո ծավալվող նշված բովանդակությամբ գրառումները.   3) հավանումներով (առնվազն Like) աջակցում են նման գրառումները կամ հրապարակայնորեն կիսվում են դրանցով.   4)արդարացնում են (այդ թվում` հրապարակայնորեն) իրենց ենթակաների հայհոյանքներ կամ այլ վիրավորանք կամ բռնությունն արդարացնող կամ խրախուսող գրառումները` պատճառաբանելով, թե կարևորն իրենք գոհ են նրանց աշխատանքային պարտականությունների կատարումից կամ էլ, թե դրանով զբաղվելն իրենց գործառույթը չէ:   Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով են ուղարկվել նաև կոնկրետ պաշտոնյաների արարքների օրինակներ:   Սոցիալական ցանցերում լարվածությունը վտանգավոր չափերի է՝ հատկապես հաշվի առնելով պատերազմին հաջորդած էմոցիոնալ լարվածությունը: Ակնհայտ է, որ նման իրավիճակում պետության ուղիղ պարտավորությունն է այս ամենը կանխելը, համերաշխության ու խաղաղության մթնոլորտ երաշխավորելը: Իսկ նշված պաշտոնյաներն իրենց պահվածքով խոչընդոտում են պետության այդ խնդրի լուծմանը, միայն նպաստում են լարվածության ավելացմանը, նրանց անօրինական պահվածքի պատճառով ավելանում է ագրեսիվությունը հասարակությունում:   Սրան էլ ավելանում է այն, որ նրանց գրառումները տեղադրվում են սոցիալական ցանցերի մեծաքանակ հետևորդներ ունեցող լրատվական կամ այլ բնույթի էջերում, որի պատճառով նշված գրառումները ստանում են առավել լայն տարածում ու վտանգավոր ազդեցություն ունենում լարվածության մթնոլորտի վրա:   Դա էլ իր հերթին վտանգավոր է, քանի որ իրական կյանք տեղափոխվելով՝ կարող է հանգեցնել բռնության դեպքերի:   Այս հաղորդումները ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի կողմից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ուղարկելը պայմանավորված է հատկապես նրանով, որ խոսքը պաշտոնյաների կողմից քաղաքացիների իրավունքները խախտող, երկրում մարդու իրավունքների համակարգը խարխլող արարքների մասին է:   Նման անօրինական վարքի տեր պաշտոնյաներն իրենց պահվածքով վնասում են մեր պետության մարմինների հեղինակությունը:   Այս հարցերով վերջերս դիմել էի նաև ՀՀ իրավապահ մարմիններին` Դատախազություն, Ազգային անվտանգության ծառայություն և Ոստիկանություն, այդ թվում` կապված հանցագործությունների դեմ պայքարի, դրանց կանխման ու նախականխման նրանց կարևոր գործառույթների հետ:   Պետական ու տեղական ինքնակառավարման մարմիններում, հանրային իշխանության ոլորտում պաշտոն զբաղեցող անձինք պետք է իրենց պահվածքով օրինակ լինեն համերաշխության համար, իրենք են առաջնահերթ պարտավոր բացառել մարդու արժանապատվությունը վիրավորող, բռնության հետ առնչություն ունեցող ցանկացած տեսակի խոսք, առավել ևս այդ արատավոր երևույթների արդարացում կամ խրախուսում»:
13:20 - 01 մայիսի, 2021
Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական. ՄԻՊ |tert.am|

Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և գերիների խնդիրն իրավականից դարձնել քաղաքական. ՄԻՊ |tert.am|

tert.am: Մենք ունենք Սյունիքում դեպքեր, երբ մարդը իր կադաստրային վկայականը ձեռքին կա՛մ հողատարածքից չի կարողանում օգտվել, կա՛մ տունն է բաժանվել երկու մասի, հիմա այդ մարդն ինչ մեղք ունի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը՝ անդրադառնալով սահմանային խնդիրներին: Նա նշեց, որ ԵԱՀԿ-ն ուղեցույցներ ունի, որոնք կադրային փաստաթղթերը դնում են այս հիմքի վրա, իսկ  Ադրբեջանը շարունակում է ցեղասպան քաղաքականության սպառնալիքները: «Ադրբեջանի իշխանությունները փորձում են աշխարհում կարծրատիպ ձևավորել, թե իբր ամեն ինչ նորմալ է և գնում են խաղաղության և դրանով փորձում են ծածկել խախտումները»,-ասաց նա: Արման Թաթոյանը նկատեց, որ Հայաստանի ոչ մի իշխանություն Ադրբեջանի ժողովորդի, սովորական մարդկանց նկատմամբ ատելություն երբեք չի տարածել, մինչդեռ Ադրբեջանում հակառակն է տեղի ունենում: Անդրադառնալով գերիների հարցին՝ Արման Թաթոյանն ասաց, որ Ադրբեջանը փորձում է մոլորության մեջ գցել միջազգային հանրությանը և այս խնդիրն իրավականից դարձնել քաղաքական: «Մենք պետք է միջազգային հանրությանը ասենք, որ այս հակամարտությունը չի ավարտվել և ցանկացած իրենց մոտ գնվող մարդ ռազմագերի է»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը մանիպուլատիվ հայտարարություններ է անում: Նա նշեց, որ ռազմագերու նկատմամբ չի կարելի քրեական գործ հարուցել, կալանավորեն, սակայն նրանք այս ամենն անում են: «Իրենք հատուկ են անում, որ մեր հասարակությունում վիճակը լարված պահեն, քանի որ գերիների հարցը տարբեր շահարկումներ տեղիք է տալիս, տառապանքներ է պատճառում ընտանիքներին»,-ասաց նա:
14:26 - 30 ապրիլի, 2021
Եթե անգամ եռակողմ հայտարարության 8-րդ կետը չլիներ, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել գերիներին. ՄԻՊ |armenpress.am|

Եթե անգամ եռակողմ հայտարարության 8-րդ կետը չլիներ, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել գերիներին. ՄԻՊ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ադրբեջանին հիշեցնում է միջազգային պահանջը. եթե անգամ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 8-րդ կետը չլիներ, միևնույն է, Ադրբեջանը պարտավոր է վերադարձնել հայ ռազմագերիներին: Թաթոյանն այս մասին սաց Ազգային ժողովի Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում: ՄԻՊ-ը նկատեց, որ Ադրբեջանը սկզբում գերիներին փորձեց ներկայացնել որպես ահաբեկիչներ: «Հետո փոխեցին քաղաքականությունը և հիմա ասում են, թե ընդհանրապես չունեն ահաբեկիչ: Սա միջազգային սկզբունքներին ակնհայտ հակասող դիրքորոշում է: Թեև նոյեմբերի 9-ից առաջ, թե հետո, թե պատերազմից առաջ ու հետո, մենք ունենք բաց, ընթացող ռազմական կոնֆլիկտ, այս կոնֆլիկտը չի ավարտվել: Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ ցանկացած մարդ, որը գերության մեջ է հայտնված այդ ժամանակաշրջանում, գերու կարգավիճակ ունի: Հետևաբար, հատկապես Ժնևի 3-րդ կոնվենցիայով արգելվում է որևէ տեսակի հետապնդում այդ մարդու նկատմամբ, ավելին՝ սա պատերազմական հանցագործության հանգեցնող քաղաքականություն է անգամ»,- ասաց Թաթոյանը: Նա նկատեց, երբ Ադրբեջանն անընդհատ հղում է անում նոյեմբերի 9-ի հայտարարության 8-րդ կետին՝ ասելով, թե կատարում են, այնպես չէ, որ դա իրենց լավությունն է կամ բարի կամքի դրսևորումը, դա իրենց պարտավորությունն է: «Եթե անգամ նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ այդ կետը չլիներ, ի՞նչ է, պետք է մեր գերիներին չվերադարձնեի՞ն: Դա միջազգային պահանջ է՝ անգամ, եթե կոնկրետ հակամարտությանը վերաբերող փաստաթղթում չկա այս կետը, նրանք պարտավոր են դա կատարել»,- ընդգծեց Թաթոյանը: ՄԻՊ-ի կարծիքով՝ միջազգային հանրությունը հիմա այդ առումով ճնշումներն ավելի է ուժեղացնում: «Քանի որ մենք կարողանում ենք համատեղ ուժերով ցույց տալ, որ այստեղ բոլորովին այլ խնդրի մասին է խոսքը»,- ասաց նա: Թաթոյանը նկատեց, որ Ադրբեջանն այդ առումով նաև քաղաքականացնում է խնդիրը՝ հոգեկան տառապանքներ պատճառելու նպատակով հատկապես գերիների և անհայտ կորածների ընտանիքի անդամներին:
13:33 - 30 ապրիլի, 2021
Պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ ոք չէր սպասում այդ հայտարարությունը, ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել. Արման Թաթոյանը՝ նոյեմբերի 9-ի իր հայտարարության մասին |tert.am|

Պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ ոք չէր սպասում այդ հայտարարությունը, ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել. Արման Թաթոյանը՝ նոյեմբերի 9-ի իր հայտարարության մասին |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում մարդու իրավունքների պաշտպանության մշտական հանձնաժողովում մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը հարց ուղղեց, թե նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված ՄԻՊ-ի հայտարարությունն ինչ ուղերձ էր տալիս քաղաքացիներին:«Այդ պահին բոլորիս հայացքն ուղղված էր առաջնագիծ, և քաղաքացիների անվտանգության և իրավունքների պաշպանության գլխավոր վայրը առաջնագիծն էր և այդ պահին բոլոր ռեսուրսները թիկունքից ուղղվում էին առաջնագիծ: Երբ դու պետությանը, որը հարձակման է ենթարկվել քաղաքացիների կողմից, դուք մեղադրում եք պետությանը, դա շատ նման է միջազգային հանրության որոշ դերակատարների հայտարարություններին, երբ կողմերին կոչ են անում պահպանել հրադադարը, այնինչ կողմերից մեկն է խախտել: Արդյո՞ք սա նշանակում է, որ քաղաքացիները միշտ կարող են, օրինակ, ահաբեկչական ակտեր անել և ասել, որ պետությունը լավ չի կանխել իմ ահաբեկչական ակտը»,-ասաց պատգամավորը:Արման Թաթոյանը նշեց, որ նոյեմբերի 9-ին, երբ հայտարարվեց եռակողմ հայտարարության մասին,  դրան հետևող իրադարձությունների առումով ՄԻՊ–ը դատապարտել է բռնությունը: Նա շեշտեց, որ Մարդու իրավունքների պաշտպանի խնդիրը պետության վերահսկումն է:«Այո՛, պետությունը կարող էր կանխատեսել ինֆորմացիոն շոկը, ոչ մեկ չէր սպասում այդ հայտարարությունը, և պետությունը պարտավոր էր կանխատեսել: Պետությունը իրավունք չունի արդարանալ այն իրավիճակով, որ ռեսուսրների սահմանափակ լինելու պատճառով վերուղղել է այս ուղղությամբ և ես ճիշտ եմ արել, որ պետությանն եմ այդ առումով քննադատել, քանի որ պետությունը պարտավոր էր կանխատեսել»,-հավելեց նա:
13:24 - 30 ապրիլի, 2021
Թշնամանքի ևս մեկ օջախ. ՄԻՊ-ն ուսումնասիրել է «պուրակի» ազդեցությունը Ադրբեջանի հասարակությունում |armenpress.am|

Թշնամանքի ևս մեկ օջախ. ՄԻՊ-ն ուսումնասիրել է «պուրակի» ազդեցությունը Ադրբեջանի հասարակությունում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը նոր զեկույց կհրապարակի, որում ապացույցներով վեր է հանվում, որ Բաքվում բացված «պուրակը» Ադրբեջանի՝ հայերի նկատմամբ ատելության քաղաքականության վառ դրսևորում է և թշնամանքի լրացուցիչ օջախ: Նման համոզմունք հայտնեց ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «2020 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդման ներկայացմանը: Ադրբեջանում հայերի նկատմամբ ատելության, թշնամաքնի քաղաքականությունը ներկայումս նույնպես շարունակվում է: Դրա վառ դրսևորումը ՄԻՊ-ը համարում է Բաքվում բացված «պուրակը»: ՄԻՊ-ը լրացուցիչ արտահերթ զեկույց է մշակել, որը կհրապարակվի 1-2 օրվա ընթաքում: «Ուսումնասիրել ենք այդ «պուրակի» ազդեցությունը ադրբեջանական հասարակությունում: Ապացույցներով վեր ենք հանել, ցույց ենք տալիս, որ դա ատելության, թշնամանքի լրացուցիչ օջախ է, և դա արվում է մտադրված՝ նաև տառապանքներ պատճառելու հայ հասարակությանը»,-նշեց Թաթոյանն ու հիշեցրեց, որ Ադրբեջանում կան էթնիկ պատկանելիությամբ սպանություններ, դաժանություններ, ինչն ապացուցված, հաստատված է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճիռներով: Նա բացատրեց, թե ինչու է նշում, որ Ադրբեջանի այդ քաղաքականությունը ֆաշիզմի հասնող է: Ադրբեջանի նախագահը իր՝ հատկապես ապրիլի 12-ի և 13-ի ելույթներում արձանագրել է, իր կարծիքով, ադրբեջանական ժողովրդի առավելությունները՝ հայ ժողովրդի նկատմամբ՝ դա անելով արժանապատվությունը նվաստացնելու հաշվին: «Դա ենթադրում է, որ ազգային պատկանելիության հիմքով մարդը վատն է»,-նշեց ՄԻՊ-ը: ՄԻՊ-ը ուսումնասիրել է նաև թուրքական աղբյուրները և նկատել, որ նույն ատելությունը նույնությամբ տարածվում է նաև թուրքական աղբյուրներով:
13:00 - 30 ապրիլի, 2021
ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներին ներկայացրել է Բաքվի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

ՀՀ ՄԻՊ-ը Ֆրանսիայի ԱԺ պատգամավորներին ներկայացրել է Բաքվի պատերազմական հանցագործություններն ու գերիների վերադարձի հրատապությունը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 29-ին ընդունել է Ֆրանսիայի Հանրապետության խորհրդարանական պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Գի Տեսիեի գլխավորած պատվիրակության կազմում են եղել սենատոր, Ֆրանսիայի Սենատի Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Վալերի Բուայեն, Ֆրանսիայի ԱԺ Հայաստան-Ֆրանսիա բարեկամության խմբի փոխնախագահ Ժան-Պիեր Կյուբերտաֆոնը, պատգամավորներ Մարգրիտ Դըպրե-Օդըբեր և Քսավիե Բրըտոնը: «Արման Թաթոյանը ներկայացրել է 2020 թվականի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Արցախում տեղի ունեցած պատերազմի ընթացքում ադրբեջանական զինված ուժերի կողմից իրականացված պատերազմական հանցագործությունները: Նա մանրամասն անդրադարձել է Ադրբեջանում պահվող հայ գերիների վերադարձի հրատապությանը՝ նշելով, որ ադրբեջանական իշխանությունների պահվածքը կոպտորեն խախտում է միջազգային պահանջները՝ գերիներին ներկայացնելով «ահաբեկիչներ» կամ «դիվերսանտներ»»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ Պաշտպանը նշել է, որ հայկական կողմի բոլոր զինծառայողները և քաղաքացիական անձինք ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարվել են ընթացիկ, շարունակվող զինված հակամարտության պայմաններում, հետևաբար՝ նրանք բոլորն էլ կարգավիճակով գերիներ են, պետք է անհապաղ ազատ արձակվեն և վերադարձվեն հայրենիք՝ առանց որևէ քաղաքական կամ այլ նախապայմանի: «Ադրբեջանական իշխանություններն արհեստական ձգձգում, քաղաքականացնում են գործընթացը՝ կոպտորեն ոտնահարելով գերիների և նրանց ընտանիքների իրավունքները, նրանց պատճառելով տառապանքներ և առաջացնելով լարվածություն հասարակությունում»,- հայտնում են ՀՀ ՄԻՊ-ի աշխատակազմից՝ հավելելով՝ Պաշտպանը շեշտել է, որ ադրբեջանական իշխանության բարձրագույն մարմինները շարունակում են Ադրբեջանում պետական հովանավորչությամբ հայատյացության ու թշնամանքի, ռասիզմի և ֆաշիստական քաղաքականությունը: Դրա ապացույցներից է նաև Բաքվում 2020 թվականի սեպտեմբեր-նոյեմբերի պատերազմին վերաբերող, այսպես կոչված, «ցուցահանդես-պուրակի» բացումը: Նա ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ այդ վայրում հայ զինվորների մանեկենները հատուկ ներկայացված են նվաստացած վիճակում, իսկ պուրակը բաց է անգամ մանկահասակ երեխաների համար: Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել համագործակցել մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում։
21:30 - 29 ապրիլի, 2021