ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

ԱԳ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի առցանց նախարարական համաժողովին

ԱԳ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի առցանց նախարարական համաժողովին

ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Արտակ Ապիտոնյանը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 37-րդ առցանց նիստին, որի ընթացքում հանդես է եկել ելույթով: ԱԳ նախարարի տեղակալն իր ելույթում, մասնավորապես, անդրադարձել է աշխարհում տիրող Covid-19 համավարակի պայմաններում առկա մարտահրավերներին առողջապահական, տնտեսական, սոցիալական և կրթական ոլորտներում։ Վերջինս Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի ընթացքում ներկայացրել է Հայաստանի՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովում նախագահող երկրի առաջարկած բանաձևը, որ կրում է «Ապրել միասին Covid-19 համավարակի պայմաններում և հետկովիդյան աշխարհում» խորագիրը: Արտակ Ապիտոնյանն անդրադարձել է սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական ագրեսիային՝ ի հեճուկս՝ համաճարակի ընթացքում աշխարհում խաղաղության և անվտանգության պահպանման ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին։ ԱԳ նախարարի տեղակալը խոսել է նաև մեծաքանակ զոհերի, հազարավոր փախստականների, Արցախում քաղաքացիական ենթակառուցվածքների ավերման, հայկական մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգների, Ադրբեջանի կողմից իրականացված միջազգային հումանիտար իրավունքի խախտումների և պատերազմական հանցագործությունների մասին։ Նշվել է, որ նոյեմբերի 9-ին ստորագրված եռակողմ հայտարարությունը կոչված է նախ և առաջ դադարեցնելու ռազմական գործողությունները և ապահովելու անվտանգության միջոցառումների իրականացումը և ընդգծվել, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում շարունակվելիք բանակցությունների ընթացքում քննարկվելու է Արցախի ապագա կարգավիճակի հարցը՝ Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգմամբ և իրականացմամբ: Առցանց նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ահաբեկչության դեմ պայքարին առնչվող խնդիրներին, մասնավորապես՝ Արցախի դեմ սանձազերծված ագրեսիայի ընթացքում Թուրքիայի կողմից սիրիացի վարձկան ահաբեկիչների ներգրավմանը։
12:08 - 25 նոյեմբերի, 2020
Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը |armenpress.am|

Ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանում. Զոհրաբ Մնացականյանը հերքում է տարածված լուրերը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանն անդրադարձել է տարածված լուրերին, թե պատրաստվում է ընտանիքը դուրս բերել Հայաստանից և աշխատանք է խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարից: Անդրադառնալով տարածված լուրին, ՀՀ ԱԳ նախկին նախարարը հավաստիացրեց, որ իր ինքն ու ընտանիքն ապրում և շարունակելու են ապրել Հայաստանում: «Ստիպված էի նկատել դեղին մամուլի կողմից շրջանառվող բամբասանքը: Կեղծ լուրերի առուծախով զբաղվողներին հիասթափեցնեմ, որ ես և իմ ընտանիքը ապրում և շարունակելու ենք ապրել Հայաստանի Հանրապետությունում. ցանկացած ձևով կամ կարգավիճակով այն լքելու ոչ մտադրություն ունեմ, ոչ էլ՝ ցանկություն: Իսկ իմ անձով հետաքրքրվողներին պարզապես հորդորում եմ. այսօր շատ ավելի կարևոր հարցեր կան, քան իմ անձի, իմ ընտանիքի մասին բամբասանքերը»,- նշեց Մնացականյանը:
17:48 - 23 նոյեմբերի, 2020
Ադրբեջանցին «Վիքիպեդիայում» կեղծ տեղեկություն էր հավելել, թե ՀՀ նորանշանակ արտգործնախարարն արմատներով ադրբեջանցի է

Ադրբեջանցին «Վիքիպեդիայում» կեղծ տեղեկություն էր հավելել, թե ՀՀ նորանշանակ արտգործնախարարն արմատներով ադրբեջանցի է

Նոյեմբերի 18-ին ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով Արտաքին գործերի նախարար է նշանակվել Արա Այվազյանը: Նշանակումից մեկ օր անց «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանի ռուսերեն հարթակում հայտնվել է Արա Այվազյանի վերաբերյալ կենսագրական էջ, ըստ որի՝ նա ծնվել է Ադրբեջանի հանրապետությունում, եւ որ հայրը ազգությամբ Ադրբեջանցի է: էջը ջնջվել է, սակայն հանրության շրջանում որոշակի կասկածներ են առաջացել նյութի իսկության վերաբերյալ: Նախ նշենք, որ, ըստ պաշտոնական կենսագրության, Արա Այվազյանը ծնվել է Երեւանում՝ 1969 թվականին:   Բացի այս, աշխարհում ապրող յուրաքանչյուր մարդ, հասանելիություն ունենալով համացանցին, կարող է խմբագրել, սրբագրել կամ վավերացնել «Վիքիպեդիայի» հոդվածները և ցանկացած թեմայով նոր հոդվածներ գրել: Հետեւաբար, այս հարթակում հայտնված ցանկացած նյութ չէ, որի իսկությունը վստահելի է։ Արա Այվազյանի կենսագրական տվյալների վերաբերյալ «Վիքիպեդիա» ազատ հանրագիտարանում կեղծ տեղեկություն է մուտքագրել ոմն Էլսեվեր Նովրուզով, որն ազգությամբ Ադրբեջանցի է: Մուտքագրված տեղեկությունը տարածվել է մինչեւ դրա իսկության ստուգումը, իսկ ինֆորմացիայի անճշտությունը հայտնաբերվելուց հետո էջը հեռացվել է: Վերոնշյալ նկարից երեւում է, որ Էլսեվեր Նովրուզովը էջը խմբագրել է 4 անգամ: Առաջին անգամ «Министерство иностранных дел Армении» էջը խմբագրվել է նոյեմբերի 19-ին՝ ժամը 08:17-ին, Զոհրաբ Մնացականյան տողից հետո ավելացվել է Արա Այվազյան տողը: Սրանից հետո խմբագրվել է 08:28-ին եւ 08:30-ին: Այս խմբագրումներով ավելացվել է այն կեղծիքը, թե 2020 թվականի նոյեմբերից Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնը զբաղեցնող Արա Գուդրատովիչ Այվազյանը  ծնվել է Ադրբեջանի Հավիգաբուլի շրջանի Նավախի գյուղում: Ուսում է ստացել Բաքվի պետական ​​համալսարանում: Այս ամենից հետո Նովրուզովը եւս մեկ անգամ է խմբագրել էջը՝ ժամը 09:57-ին՝ ավելացնելով, իբր Այվազյանի հայրը եւ մայրը նույնպես ադրբեջանցիներ են: Արա Այվազյանի կենսագրությանը, նրա կրթությանն ու գործունեությանն առավել մանամասն կարող եք ծանոթանալ այստեղ: Նարեկ Մարտիրոսյան
12:19 - 22 նոյեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ

Նոյեմբերի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանի հետ: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ֆրանսիայի արտգործնախարարը շնորհավորել է Արա Այվազյանին արտաքին գործերի նախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով ամենայն հաջողություն այդ կարևոր առաքելությունում: ՀՀ ԱԳ նախարար Այվազյանը վերահաստատել է հայկական կողմի պատրաստակամությունը՝ համատեղ քայլեր ձեռնարկելու երկու երկրների միջև առանձնաշնորհյալ հարաբերությունների և բազմաոլորտ համագործակցության հետագա զարգացման ուղղությամբ։ ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել նոյեմբերի 9-ի հրադադարի հաստատման և Արցախում խաղաղապահների տեղակայման վերաբերյալ համատեղ հայտարարությանը հաջորդած զարգացումների և տարածաշրջանում ստեղծված իրադրության շուրջ։ Անդրադարձ է կատարվել Արցախում թուրք-ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ստեղծված հումանիտար իրավիճակին և դրա հասցեագրման ուղղությամբ ձեռնարկվող քայլերին։ Նախարար Այվազյանն այդ առնչությամբ կարևորել է միջազգային հանրության ներգրավվածությունն արցախահայության բնականոն կենսագործունեության վերականգման համար պայմանների ապահովման ուղղությամբ տեղում իրականացվող աշխատանքներին: Երկուստեք ընդգծվել է Արցախի հայկական պատմամշակութային ժառանգության կոթողների պահպանության առաջնայնությունը։ Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարներ Արա Այվազյանը և Ժան-Իվ Լը Դրիանը կարևորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների համագործակցությունը արցախահայության իրավունքների և շահերի լիարժեք հասցեագրման գործում:
21:23 - 21 նոյեմբերի, 2020
ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը

ԱԳ նախարար Արա Այվազյանն ընդունել է Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը

Նոյեմբերի 21-ին ՌԴ միջգերատեսչական պատվիրակության` Հայաստան կատարած այցի շրջանակներում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ  արտգործնախարարներ Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Այվազյանն ընդգծել է հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունների կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման գործում, հատկապես վերջին ժամանակաշրջանում։ Նախարարի խոսքով՝ վերջին զարգացումները նաև շատ բան են փոխել տարածաշրջանային կայունության և անվտանգության ընկալման մեջ։ Ի շարունակություն օրերս տեղի ունեցած հեռախոսազրույցի՝ ՀՀ և ՌԴ արտգործնախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի շուրջ: Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարները կարևորել են տարբեր մակարդակներում առկա երկխոսության դինամիկայի և ինտենսիվության պահպանումը, այդ թվում՝ փոխայցելությունների միջոցով: Նախարար Այվազյանն ընդունել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովի՝ մոտակա ժամանակներս Մոսկվա աշխատանքային այց կատարելու հրավերը:
20:39 - 21 նոյեմբերի, 2020
Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ. կայացել է վարչապետ Փաշինյանի հանդիպումը Սերգեյ Լավրովի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ: Ողջունելով Ռուսաստանի ԱԳ նախարարին՝ վարչապետ Փաշինյանը նշել է․«Հարգելի Սերգեյ Վիկտորի, թույլ տվեք ողջունել Ձեզ Երևանում։ Այսօր մենք ընդլայնված կազմով քննարկեցինք բոլոր այն հարցերը, որոնք կան մեր օրակարգում։ Իհարկե, մեզ համար հիմա ամենագլխավոր հարցն այն իրավիճակն է, որն ստեղծվել է Լեռնային Ղարաբաղում։ Մենք պետք է որոշումներ ընդունենք շատ հարցերի վերաբերյալ, և ամենագլխավորը հարցի հումանիտար կողմն է՝ մենք պետք է ապահովենք Արցախի բնակիչների վերադարձն իրենց տներ։ Իհարկե, արդեն հիմա նկատվում է Արցախի բնակիչների՝ իրենց տներ վերադառնալու բավական լավ դինամիկա։ Եվ փաստացի ռուսաստանցի խաղաղապահները գտնվում են բոլոր նախանշված վայրերում, նրանք արդեն ապահովում են անվտանգությունը։ Դա շատ կարևոր գործոն է, որն ապահովում է Լեռնային Ղարաբաղի բնակիչների անվտանգությունը։ Բայց կան նաև հարցեր, որոնք լուծված չեն, բաց են մնում՝ հետագայում ինչպե՞ս ենք ապահովելու մի քանի շրջանների բնակիչների վերադարձի իրավունքի կիրառումը, ո՞վ է ապահովելու մեր հայրենակիցների անվտանգությունը, ինչպե՞ս է դա իրագործվելու։ Դրանք, իհարկե, հարցեր են, որոնք գտնվում են մեր օրակարգում։ Մենք պետք է քննարկենք և որոշումներ ընդունենք այդ կապակցությամբ»։ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն իր խոսքում նշել է․ «Հարգելի Նիկոլ Վովայի, շնորհակալություն եմ հայտնում ջերմ ընդունելության համար։ Մեր պատվիրակությունը ժամանել է Երևան՝ Ձեր և նախագահ Վլադիմիր Պուտինի, վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ պայմանավորվածության շրջանակում, այն նպատակով, որպեսզի ամբողջական անդրադարձ արվի մեր համագործակցության, մեր դաշնակցային, ռազմավարական հարաբերությունների բոլոր ուղղություններին։ Եվ, իհարկե, առաջին պլանում այն հարցերն են, որոնք կապված են Լեռնային Ղարաբաղի շուրջ առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությամբ: Նոյեմբերի 9-ի հայտարարությունը հնարավորություն է տալիս լուծել այդ հարցերը այն պայմանավորվածությունների հիման վրա, որոնք արձանագրվել էին երեք ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթում։ Առաջին հերթին դա վերաբերում է փախստականների վերադարձին և ներկայիս իրավիճակի հումանիտար բոլոր հարցերի լուծմանը։ Մենք հավատարիմ ենք դրան, Դուք արդեն ասացիք։ Շնորհակալ ենք մեր խաղաղապահների կողմից իրականացվող դերակատարությանը Ձեր բարձր գնահատականի համար, որը կարևոր է ոչ միայն անվտանգության ապահովման տեսանկյունից՝ որպես նրանց մանդատի գլխավոր բաղկացուցիչ, այլ նաև մշտական աջակցության տեսանկյունից` այն մարդկանց, ովքեր վերադառնում են, ովքեր հումանիտար օժանդակության կարիք ունեն։ Եվ ի լրումն խաղաղապահների դերակատարությանը՝ միջգերատեսչական կենտրոնը, որն ստեղծվում է նախագահ Պուտինի հրամանով և արդեն սկսում է իր աշխատանքները, նույնպես կոնկրետ զբաղվելու է բոլոր այս հարցերով։ Ինչպես Ձեզ արդեն ներկայացրեցի, մենք ակտիվորեն ներգրավում ենք ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպություններին, խրախուսում ենք նրանց, որպեսզի ավելի ակտիվ, ավելի նախաձեռնողական կերպով օգտագործեն իրենց հնարավորություններն այդ տարածաշրջանի բնակիչների համար։ Ակտիվորեն պաշտպանում ենք նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին, որն աշխատում է, այդ թվում՝ Ղարաբաղում։ Այս այցի ընթացքում կդիտարկենք նաև մեր հարաբերությունների ողջ համալիրը՝ Ռուսաստանի կառավարության պրոֆիլային փոխվարչապետերի գծով, առողջապահության, արտակարգ իրավիճակների նախարարների գծով։ Դուք արդեն հանդիպել եք Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարի հետ, Երևանում է նաև «Ռուսաստանի երկաթուղիներ»-ի գլխավոր տնօրենը։ Համոզված եմ, որ այս ճյուղային բանակցությունների արդյունքներով կունենանք դրական և համալիր պատկեր, որն առաջ կմղի մեր հարաբերությունները և որը, ինչը և մենք անկեղծորեն ցանկանում ենք, կպաշտպանի Ձեր նախաձեռնությունները՝ ուղղված Հայաստանում իրավիճակի կայունացմանը և Լեռնային Ղարաբաղի հետ կապված խնդիրների լուծմանը»։ Նիկոլ Փաշինյանը և Սերգեյ Լավրովը քննարկել են Լեռնային Ղարաբաղում իրավիճակին, հայ-ռուսական հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր։
14:22 - 21 նոյեմբերի, 2020
Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ջանքերը

Արա Այվազյանը Լիտվայի ԱԳ նախարարին ներկայացրել է Արցախում հումանիտար ճգնաժամի հասցեագրման ջանքերը

 ՀՀ արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Լիտվայի արտգործնախարար Լինաս Լինկևիչուսի հետ: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Լիտվայի արտգործնախարարը շնորհավորել է իր պաշտոնակցին և մաղթել ամենայն հաջողություն իր պատասխանատու առաքելության իրականացման գործում։ Երկուստեք համոզմունք է հայտնվել, որ փոխադարձ ջանքերի գործադրմամբ հայ-լիտվական հարաբերություններում առկա ներուժը կարող է լիարժեքորեն իրացվել։ Արտգործնախարարները մտքեր են փոխանակել փոխադարձ կարևորություն ներկայացնող հարցերի շուրջ: Նախարար Այվազյանն իր գործընկերոջը ներկայացրել է Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի հետևանքով Արցախում առաջացած հումանիտար ճգնաժամի հասցեագրման ուղղությամբ գործադրվող ջանքերը՝ այդ համատեքստում առանձնահատուկ ընդգծելով միջազգային հանրության պատշաճ արձագանքի և աջակցության կարևորությունը:
13:13 - 20 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին

ՀՀ ԱԳՆ հայտարարությունը՝ Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների մասին

ՀՀ ԱԳՆ հայտարարություն է տարածել Ադրբեջանի ԶՈՒ կողմից բարբարոսության դրսևորումների վերաբերյալ։ Հայտարարությունը ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Կրակի դադարեցման վերաբերյալ նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո ադրբեջանական զինված ուժերը շարունակում են իրենց բնորոշ յուրատեսակ «պատերազմը» հայկական պատմամշակութային, կրոնական ժառանգության դեմ՝ ոչնչացնելով և անհարգալից վերաբերմունք ցուցաբերելով կրոնական վայրերի և հուշարձանների նկատմամբ: Ադրբեջանական կողմի թիրախավորման առարկա է դարձել նաև Արցախի Շուշի քաղաքում գտնվող Հայաստանի և Արցախի ազգային հերոս, Հայոց սպարապետ Վազգեն Սարգսյանի արձանը: Խստորեն դատապարտելի է նաև Արցախի զառամյալ քաղաքացու նկատմամբ ադրբեջանական զինվորների նվաստացուցիչ վերաբերումքը՝ պայմանավորված բացառապես նրա էթնիկ ծագմամբ: Այդ քայլը, ինչպես նաև դրա գովաբանումն ադրբեջանական հասարակության կողմից, պարզապես ընդունված բարոյական արժեհամակարգի մերժում է: Արցախի՝ ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում Ադրբեջանի ԶՈՒ կողմից իրականացվող պատերազմական հանցագործությունները գովաբանող տեսանյութերի հրապարակմամբ օրեցօր հարստացվում է Ադրբեջանի հայատյաց և ռասիստական քաղաքականության վերաբերյալ փաստական ապացույցների փաթեթը: Ընդգծենք, որ զինված ուժերի կողմից միջազգային հումանիտար իրավունքի հանդեպ հարգանքը և խաղաղ բնակչության հանդեպ դրսևորած հարգանքով են կանոնավոր զորքերը տարբերվում անկանոն ահաբեկիչներից, իսկ պետությունները՝ ահաբեկչական կազմակերպություններից։ Այս օրերին ադրբեջանական կողմի վայրագությունների հիմքն Ադրբեջանի ղեկավարության կողմից տասնամյակներ շարունակ հրահրված և խրախուսված հայատյաց քաղաքականությունն է, որը մշտապես, իսկ այսօր առավել ևս, ուղղված է արցախահայության նկատմամբ էթնիկ զտումների ու ցեղասպան նկրտումների իրականացմանը»:
21:49 - 19 նոյեմբերի, 2020
ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Նոյեմբերի 19-ին տեղի ունեցավ ՀՀ նորանշանակ արտգործնախարար Արա Այվազյանի հեռախոսազրույցը Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ:  ՌԴ ԱԳ նախարար Լավրովը շնորհավորեց նախարար Այվազյանին ԱԳ նախարարի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ: Այս համատեքստում ընդգծվեց փոխադարձ պատրաստակամությունը՝ շարունակելու զարգացնել հայ-ռուսական դաշնակցային հարաբերությունները բոլոր ոլորտներում, այդ թվում՝ տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ:   Զրուցակիցներն անդրադարձ կատարեցին նոյեմբերի 10-ի համատեղ եռակողմ հայտարարության գործնական կիրառման և Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության գործունեության մանրամասներին:  ԱԳ նախարարները քննարկեցին նաև Արցախում և տարածաշրջանում ստեղծված իրավիճակը: Այս համատեքստում անդրադարձ կատարվեց Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորմանն ուղղված ջանքերին, ինչպես նաև նախօրեին Մոսկվայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ կայացած հանդիպմանը:     Հեռախոսազրույցի ընթացքում մտքեր փոխանակվեցին հայ-ռուսական համագործակցության առաջիկա ժամանակացույցի շուրջ։
18:52 - 19 նոյեմբերի, 2020
Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին

Այժմ ամենակարևորը հենց դիվանագիտական ճակատն է. վարչապետը ներկայացրել է ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Արտաքին գործերի նախարարություն և աշխատակազմին ներկայացրել ԱԳ նորանշանակ նախարար Արա Այվազյանին: Վարչապետը շնորհակալություն է հայտնել նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանին այս դժվարին ժամանակաշրջանում կատարած աշխատանքի համար: «Իհարկե, մենք գտնվում ենք չափազանց բարդ և ծանր մի ժամանակահատվածում, երբ եթե համարենք, որ ինչ-որ առումով ռազմական ծանրաբեռնվածությունը նվազում է, հայտնի հանգամանքների բերումով, դիվանագիտական ծանրաբեռնվածությունը համապատասխանաբար մեծանում է ու հենց դիվանագիտական ճակատն է հիմա ամենակարևորն ու ծանրաբեռնվածը: Այս առումով, հույս ունեմ, որ նորանշանակ նախարարը կկարողանա ողջ դիվանագիտական համակարգը համախմբել և կենտրոնացնել մեր ազգային ու պետական խնդիրները լուծելու համար: Հույս ունեմ, որ պարոն Մնացականյանը, ով մեծ հարգանք և հեղինակություն է վայելում համակարգում, կաջակցի այդ հարցում»,- ասել է վարչապետը: Նիկոլ Փաշինյանը կարևորել է խնդիրների ձևակերպումը, որովհետև, նրա խոսքով, երբեմն դրանք ձևակերպելիս ենք խնդիր ունենում: «Այս ամենը պետք է վերլուծվի, պետք է հետևություններ արվեն, պետք է չվախենանք այդ հետևությունների մեջ լինել համաձակ, լինել դաժան ինքներս մեր նկատմամբ, որպեսզի այս ամենից կարողանանք դուրս գալ ուժեղացած»,- նշել է վարչապետը և Արա Այվազյանին մաղթել հաջողություն հետագա գործունեության մեջ: Զոհրաբ Մնացականյանը շնորհակալություն է հայտնել վարչապետին վստահության, համատեղ աշխատանքի համար և Արա Այվազյանին մաղթել հաջողություն: «Կասկած չունեմ, որ պարոն Այվազյանն ունի անհրաժեշտ ներուժ՝ ղեկավարելու ԱԳՆ-ն և առաջ տանելու մեր ազգային օրակարգն արտաքին քաղաքական ոլորտում: Նաև ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ՝ պարոն վարչապետ, համակարգի նկատմամբ վստահության և այս տարիների ընթացքում այն աջակցության համար, որը մեզ թույլ տվեց էլ ավելի ամրապնդելու, պրոֆեսիոնալիզացնելու համակարգը: Կասկած չունեմ, որ ԱԳՆ ներուժը չափազանց ուժեղ է, որպեսզի այս պատասխանատու շրջանում լավագույնս առաջ տանի Հայաստանի ազգային օարակարգն ու պետական շահը: Նաև պարոն վարչապետ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ձեզ այն կարևոր օրակարգի համար, որը Դուք առաջ եք տանում՝ Հայաստանի ժողովրդավարական հիմքերի ամրապնդման համար: Արտաքին քաղաքականությունն, ի վերջո, ներքինի շարունակությունն է և մեր դիվանագիտական ներուժն ու կարողություններն առավել հաջողված են, երբ մեր թիկունքն ամուր է ու մենք կարողանում ենք աշխարհում ներկայանալ որպես ամուր, ինքնավստահ պետություն և ժողովուրդ: Մենք այս շրջանում ևս անցնում ենք բավականին պատասխանատու շրջան և կասկած չունեմ, որ մեր ժողովրդի համար այս շրջանն անցնում է վճռականությամբ՝ մեր երկիրն ուժեղացնելու, ամրապնդելու և ապահովելու ազատ ու բարգավաճ կյանք Հայաստանում»,- ասել է Զոհրաբ Մնացականյանը: Իր հերթին, Արա Այվազյանը շնորհակալություն է հայտնել վարչապետ Փաշինյանին այս դժվարին պահին ԱԳ նախարարի պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար: «Լինելով կադրային դիվանագետ՝ ես Ձեր այս որոշումն ընկալում եմ նաև որպես վստահություն Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության նկատմամբ: Ձեր առաջարկի հիման վրա որոշումը կայացրել եմ որպես պետական ծառայող՝ լավ գիտակցելով պատասխանատվության ողջ բեռը, բայց միևնույն ժամանակ իմանալով, զգալով, որ մեր դիվանագիտական ընտանիքն անվերապահ աջակցություն է ցուցաբերելու և սատարելու է մեր այս նվիրական գործին»,- ասել է Այվազյանը: ԱԳ նորանշանակ նախարարի խոսքով՝ Արցախի հերոսական գոյամարտի շարունակությունը ռազմադաշտից հետզհետե տեղափոխվում է դիվանագիտական դաշտ և բոլորը լավ հասկանում են այն հսկայական պատասխանատվությունը, որ ունեն պետության, ժողովրդի և պատմության առաջ: «Դիվանագիտական բանակը, կենտրոնական ապարատը և մեր դիվանագտական առաքելությունները շարունակելու են առավելագույնս օգտագործել մեր ներուժը, 30-ամյա մասնագիտական փորձը, նվիրվածությունն ու վճռականությունը՝ ճակատագրական այս մարտհրավերներին դիմակայելու, ուղին հարթելու արժանապատիվ՝ արդյունավետ լուծումներ գտնելու համար: Ընդունված է ասել, որ դիվանագիտությունը հնարավորինի արվեստն է և երեկ, այսօր և վաղը մենք բոլորս արել ենք և անում ենք առավելագույնը, հնարավորինը: Վստահ եմ, որ այս փուլում էլ ձգտելու ենք անել անհնարինը: Պարոն վարչապետ, ուզում եմ Ձեզ, մեր ժողովրդին՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, Արցախին և Սփյուռքի մեր քույրերին ու եղբայրներին վստահեցնել՝ այստեղ յուրաքանչյուրը հասկանում է, որ իրենից է կախված մեր երկրի ներկան ու ապագան: Եվս մեկ անգամ շնորակալություն պարոն վարչապետ և Աստված մեզ օգնական»,- նշել է ԱԳ նախարարը: Ամփոփելով՝ վարչապետ Փաշինյանը բոլոր դիվանագետներին մաղթել է հաջողություններ հետագա գործունեության մեջ և ընդգծել պետական ինստիտուտների կայացման ու ամրապնդման կարևորությունը, որոնք կծառայեն պետության և ժողովրդի շահերին:
12:15 - 19 նոյեմբերի, 2020
ՀՔԾ-ն Արթուր Ղազինյանին, Արսեն Բաբայանին և Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրել |hetq.am|

ՀՔԾ-ն Արթուր Ղազինյանին, Արսեն Բաբայանին և Էդուարդ Շարմազանովին մեղադրանք է առաջադրել |hetq.am|

hetq.am: Հատուկ քննչական ծառայությունում (ՀՔԾ) քննվող քրեական գործի շրջանակներում ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով մեղադրանքներ են առաջադրվել Արթուր Ղազինյանին, Էդուարդ Շարմազանովին և Արսեն Բաբայանին: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը չհեռանալու մասին: Այս մասին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։ Նշենք, որ խոսքն օրենքով սահմանված կարգի խախտմամբ հավաքը դիտավորությամբ կազմակերպելու և անցկացնելու մեղադրանքի մասին է։ Նոյեմբերի 11-ին 17 կուսակցություն համատեղ հանրահավաք էր նախաձեռնել Ազատության հրապարակում։ Այդ կուսակցություններ են՝ «Ազատությունը», «Ազգային անվտանգությունը», «Ազգային օրակարգը», «Ազգային ժողովրդավարական միությունը», «Ազգային համաձայնությունը», «Ալյանս առաջադիմական ցենտրիստականը», «Բարգավաճ Հայաստանը», «Դեմոկրատական այլընտրանքը», «Երկիր Ծիրանին», «Հայ Յեղափոխական Դաշնակցությունը», «Համերաշխությունը», «Հայաստանի ժողովրդավարական ազատական միությունը», «Հայաստանի Հանրապետականը», «Հայաստանի քրիստոնեա-դեմոկրատական միությունը», «Հայրենիքը», «Մեկ Հայաստանը» և «Սահմանադրական իրավունք միությունը»: Ավելի ուշ «Ալյանսը» դուրս եկավ այս նախաձեռնությունից: Շարունակությունը՝ hetq.am-ում
16:25 - 18 նոյեմբերի, 2020