ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Չինաստանը կոչ է անում «կանաչ միջանցք» ստեղծել Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար |armenpress.am|

Չինաստանը կոչ է անում «կանաչ միջանցք» ստեղծել Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար |armenpress.am|

armenpress.am: Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին հայտարարել է, որ ներկա պայմաններում անհրաժեշտ է ամենակարճ ժամկետում ձեւավորել «կանաչ միջանցք»՝ Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանումն ապահովելու համար: «Ներկա դրությամբ միջազգային հանրակցությունը որքան կարելի է շուտ պետք է նպաստի հրադադարին, որպեսզի կանաչ միջանցք ապահովի Ռուսաստանից եւ Ուկրաինայից հացահատիկի արտահանման համար»,- դիվանագետը հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Աննալենա Բերբոքի հետ տեղի ունեցած զրույցի ժամանակ, որն անցկացվել է տեսախորհրդաժողովի ձեւաչափով: Վան Ին նշել է, որ «Չինաստանը երբեք զերծ չի մնա այն հարցերը լուծելիս, որոնք առաջացնում են միջազգային հանրակցության մտահոգությունը»: Նա «պատրաստ է բոլոր կողմերի հետ կապ պահպանել» նաեւ հացահատիկի արտահանման հարցում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
12:31 - 25 մայիսի, 2022
Հայաստանն ինչպե՞ս է դիմել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին․ Բաբայան - Քոչինյան բանավեճի հետքերով

Հայաստանն ինչպե՞ս է դիմել ՀԱՊԿ-ին ու ՌԴ-ին․ Բաբայան - Քոչինյան բանավեճի հետքերով

Մայիսի 23-ին՝ Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, խոսելով պատերազմի հնարավոր սպառնալիքի մասին, հայտարարեց․ «Երբ որ Ալիևը և այս իշխանությունը խոսում են պատերազմից, սիրելի՛ ժողովուրդ, փորձում են բոլորին ցույց տալ, թե այլընտրանքը պատերազմն է, ես հարց եմ հնչեցնում․ ո՞ւմ դեմ պատերազմ։ ․․․․ էդ ո՞ւմ դեմ է պատերազմելու, օրինակ, Ադրբեջանը։ Ո՞ւմ դեմ․ Ռուսաստանի՞, որը ռազմական պայմանագրով պարտավորություն ունի ապահովելու մեր անվտանգությունը, ՀԱՊԿ անդամ պետությունների՞, որոնք Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակվելու դեպքում պարտավոր են անմիջապես լինել Հայաստանում»։ Բաբայանը նշեց, որ հավատում է այդ պայմանագրերին։ Նրան հակադարձեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նշելով․ «Հավատալուն զուգահեռ՝ հարգելի բանախոսը (Արսեն Բաբայանը- խմբ․) իր խոսքում նշեց, որ կան Հայաստանի օկուպացված տարածքներ»։ Բաբայանն արձագանքեց․  - Եվ չգիտեիք, հա՞, նոր իմացա՞ք դրա մասին»։ - Չէ, նոր չիմացանք, ոնց որ Դուք չգիտեք, որ»․․․ - Չի դիմում, իշխանությունը չի դիմում․․․  Բանավեճի ընթացքում լսվեց Բաբայանի խոսքը․ «Խորհրդակցական դիմում եք գրել»․․․ Նա խոսքը չավարտեց։ Քոչինյանը նշեց․ - Արգումնետը էն է, որ մենք գրավոր տեսքով չենք դիմել Ռուսաստանին, այ դրա համար չեն եկել։ Բաբայանը պատասխանեց․ -  Այն հոդվածը, որով․․․ Այստեղ Բաբայանի խսքն ընդհատվում է, սակայն համատեքստից պարզ է, որ նա ցանկանում էր հիշեցնել, թե որ հոդվածով է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին։ Բանախոսները միմյանց մեղադրեցին սուտ խոսելու մեջ։ Բաբայանըը ևս մի անգամ փորձեց հիմնավորել իր խոսքը․ «Իշխանությունը չի դիմել, որպեսզի գան»։ Փորձենք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, արդյո՞ք Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին, և ինչ իրադարձությունների համատեքստում է այդ ամենը տեղի ունեցել։   Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք․ Հայաստանը որոշում է դիմել ՀԱՊԿ-ին Անցյալ տարվա մայիսին Ադրբեջանը Սյունիքում ու Գեղարքունիքում հատեց Հայաստանի պետական սահմանն ու օկուպացրեց հայկական դիրքեր։ Մայիսի 13-ին՝ Անվտանգության խորհրդի նիստում, այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Երկրորդ՝ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության՝ 2010-ի դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված որոշումներ ընդունելու մեխանիզմը»։ Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է․ «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը վտանգ սպառնալու դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և քայլեր են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար, որ վերացնեն ծագած սպառնալիքը» (թարգմանությունը ոչ պաշտոնական է)։ Այս հայտարարությունից հետո խոսակցություններ կային, թե ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով, որը սահմանում է․ «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ: Անդամ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած անդամ պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը»: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով այս խոսակցությունները, նշել էր․ «Հոդվածների մեջ խորանալ պետք չէ: ․․․․ Սպառնալիք է ստեղծվել անվտանգության, և այն չեզոքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»։ Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահին։ Նույն օրը Տաջիկստանի ԱԳ նախարարն Արա Այվազյանին հայտնեց, որ Տաջիկստանի նախագահն արդեն տվել է համապատասխան կարգադրություններ։ ՀԱՊԿ մամուլի քարտուղարը «ՏԱՍՍ»-ին հայտնեց, որ Սյունիքի մարզում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։ Մայիսի 19-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ արտգործնախարարները նախորդ օրը քննարկել են Հայաստանի խնդրանքը՝ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։   Իրադարձությունների հետագա ընթացը Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց․ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։ Այս հայտարարությանն արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը․ «ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ, այսպես ասած, ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին»: Ռուբինյանը նաև հիշեցրեց, որ հայկական կողմը զոհ ունի։ ՀՀ ԱԽ քարտուղարն էլ համոզմունք հայտնեց, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ։ Երկու օր անց էլ նա նշեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։ 2021-ի նոյեմբերին՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ, Էդուրադ Աղաջանյանը հայտարարեց, որ Հայաստանը հանդես էր եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ, բայց նախաձեռնությունը կյանքի չի կոչվել։    Սահմանային իրավիճակի սրումը և ՌԴ-ին դիմելու հարցը Նոյեմբերի 16-ին իրավիճակը հայ-ադբեջանական սահմանին սրվեց, ՀՀ ՊՆ-ն նաև հաղորդեց տեղային մարտերի մասին։ ՀԱՊԿ խոսնակը հայտնեց՝ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել Ադրբեջանի հետ սահմանին սրման հետ կապված աջակցության համար։  Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարեց․ «Քանի որ [Ադրբեջանի] հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»։ Լրագրողը հարցրեց՝ դա բանավոր դիմո՞ւմ է, թե՞ համապատասխան ընթացակարգ կա։ Գրիգորյանը պատասխանեց․ «Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու»։ ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում չհաստատեց, որ ՌԴ-ին պաշտոնական դիմում է եղել․ «Եթե խոսքը պաշտոնական դիմում-նամակի մասին է [խնդրանքով, որ Պայմանագրի համաձայն օգնություն ցուցաբերվի], ապա դեռ չեմ կարող հաստատել»։ Նոյեմբերի 23-ի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի՝ ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին գրավոր ընթացակարգով դիմելու վերաբերկալ հարցին, հայտարարեց․ «Մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք»։ Դիտարկմանը, թե հարցը հավանաբար նոյեմբերի 16-ի իրադարձություննների մասին է, Փաշինյանը պատասխանեց․ «Նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում»։ «Infocom»-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու՝ Հայաստանն, ի վերջո, գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ՌԴ-ին, թե՞ ոչ։ ԱԳՆ-ից մեր հարցին ուղիղ պատասխան չէին տվել՝ նշելով միայն երկու կողմերի միջև հեռախոսազրույցների և քննարկումների մասին։ Դեկտեմբերին, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ին գրավոր պաշտոնական դիմում եղել է նոյեմբերի 16-ի սահմանային սրումից հետո, ԱԽ քարտուղարը նշեց, որ մայիսի 12-ից հետո արդեն դիմել էին, և «դիմելու գործընթացը պրոցեսի մեջ է»։ Ճշտող հարցին, թե երբ նոյեմբերին ասում էին, որ դիմում են ՌԴ-ին, նկատի ունեին մայիսի՞ դիմումը, Գրիգորյանը պատասխանեց․ «Նաև մայիսի դիմումը․ դա շարունակում է ուժի մեջ մնալ, մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, որովհետեւ մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է սա, հարցը չի լուծվել»։   Հայաստանը դժգոհ է Ադրբեջանական զինվորները մինչև օրս շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություննեից դատելով՝ ՀԱՊԿ մեխանիզմներն այդպես էլ գործի չեն դրվել հարցը լուծելու համար։ Մասնավորապես, այս տարվա ապրիլին Փաշինյանը հայտարարեց, որ այն, թե ինչպես ՀՀ սահմանին տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, «ձախողում էր կազմակերպության համար»․ «Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրկանացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»։ Իսկ մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ, Փաշինյանն ասաց․ «Ինչպես գիտեք, անցած տարի՝ հենց այս օրերին, Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թ․ դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր ՀՀ-ն: Այսպիսով, թե ով է ճիշտ Բաբայան - Քոչինյան բանավեճում, չենք կարող ասել։ Փաստացի, Հայաստանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիմել է՝ Հավաքական անվտանգության համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն։ Իսկ ՌԴ-ին դիմելու մասին ձևակերպումները լղոզված են, և որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, որ ՀՀ-ն գրավոր ընթացակարգով դիմել է ՌԴ-ին։ Նոյեմբերին Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ ասվում էր միայն, որ այդ դիմումը բանավոր է և գրավոր ընթացակարգ կստանա։   Գլխավոր լուսանկարը՝ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների վերջին հանդիպումից Աննա Սահակյան
10:58 - 25 մայիսի, 2022
Ռուսաստանը որպես զենք է օգտագործում պարենի պաշարները․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Ռուսաստանը որպես զենք է օգտագործում պարենի պաշարները․ Ուրսուլա ֆոն դեր Լյայեն

Ռուսաստանը պարենային մատակարարումները որպես զենք է օգտագործում՝ նույն մարտավարությունը կիրառելով, ինչ էներգետիկ ոլորտում, Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լյայենը Դավոսի Համաշխարհային տնտեսական համաժողովում ունեցած իր ելույթում։ Նա ընդգծել է, որ «գլոբալ համագործակցությունը» «Ռուսաստանի շանտաժի հակաթույնն է»։ «Ռուսաստանի օկուպացրած Ուկրաինայում Կրեմլի բանակն առգրավում է հացահատիկի պաշարներն ու տեխնիկան: [․․․] Իսկ ուսական ռազմանավերը Սև ծովում արգելափակում են ցորենով և արևածաղկի սերմերով բեռնված ուկրաինական նավերը», - հավելել է ֆոն դեր Լյայենը։ Եվրամիությունը խոստացել է այլընտրանքային լոգիստիկ երթուղիներ բացել՝ Ուկրաինայից հացահատիկի արտահաննմանն օգնելու համար։   Նորա Վանյան
19:35 - 24 մայիսի, 2022
Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 154 անդամների դեմ

Ռուսաստանը պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի 154 անդամների դեմ

Ռուսաստանը՝ որպես պատասխան միջոց, անհատական պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բիտանիայի Լորդերի պալատի 154 անդամների դեմ, «Ինտերֆաքսի» հաղորդմամբ՝ հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ «Ի պատասխան մարտին ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի գրեթե ողջ կազմը պատժամիջոցային ցանկում ներառելու մասին Բեծ Բրիտանիայի կառավարության ընդունած որոշման՝ փոխադարձության հիմքով անհատական սահմանափակումներ են կիրառվում բրիտանական խորհրդարանի Լորդերի պալատի 154 անդամների նկատմամբ», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։ Գերատեսչությունը նշել է, որ Լորդերի պալատի անդամները, որոնց արգելվում է Ռուսաստան մուտք գործել, «անմիջական ներդրում են ունեցել Լոնդոնի կողմից հակառուսական պատժամիջոցների մշակման գործում»։ Ռուսաստանի «սև ցուցակի» ընդլայնման աշխատանքը շարունակվելու է, ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։   Նորա Վանյան
18:27 - 24 մայիսի, 2022
Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը․ Ստոլտենբերգ

Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը․ Ստոլտենբերգ

Արևմյան երկրները չպետք է տնտեսական շահը գերադասեն անվտանգությունից, ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, գրում է Reuters-ը։ «Մենք պետք է գիտակցենք, որ մեր տնտեսական որոշումները հետևանքներ են թողնում մեր անվտանգության վրա։ Ազատությունն ավելի կարևոր է, քան ազատ առևտուրը, մեր արժեքների պաշտպանությունն ավելի կարևոր է, քան եկամուտը», - ասել է Ստոլտենբերգը շվեյցարական Դավոս քաղաքում անցկացվող Համաշխարհային տնտեսական համաժողովում ելույթ ունենալիս։ «Ես դեմ չեմ Չինաստանի հետ առևտրին, սակայն ասում եմ, որ, օրինակ, մեր 5G ցանցերի նկատմամբ վերահսկողությունն ավտանգության համար կենսական նշանակություն ունի», - ասել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն՝ անդրադառնալով 5G ցանցերում չինական տեխնոլոգիաների օգտագործման շուրջ քննարկումներին։ Ստոլտենբերգի խոսքով՝ ազատ առևտուրը բարեկեցության և բարգավաճման է բերել, սակայն դրա գինը շատ բարձր է։ «Որովհետև այդ առևտրի մի մասը, ավտորիտար ռեժիմների հետ այդ փոխգործակցության մի մասը խաթարում է մեր անվտանգությունը։ Եվ այս դեպքում մենք պետք է ընտրենք անվտանգությունն, այլ ոչ թե խոցելիությունն ու գերկախվածությունն ավտորիտր եռժիմներից», - ասել է նա։ Անդրադառնալով Ռուսաստանից գազ գնելուն՝ Ստոլտենբերգը նշել է, որ «դա Ռուսաստանին գործիք է տալիս՝ մեզ ահաբեկելու և դա մեր դեմ օգտագործելու»։ Նորա Վանյան
17:36 - 24 մայիսի, 2022
Ուկրաինայում Ռուսաստանի հարձակման դանդաղումը Շոյգուն բացատրել է խաղաղ բնակչության տարհանմամբ |tert.am|

Ուկրաինայում Ռուսաստանի հարձակման դանդաղումը Շոյգուն բացատրել է խաղաղ բնակչության տարհանմամբ |tert.am|

tert.am: Ռուսական զինված ուժերը դանդաղեցնում են Ուկրաինայում հարձակման տեմպերը: Դա արվում է, որպեսզի բոլոր խաղաղ բնակիչները կարողանան լքել շրջապատված բնակավայրերը։ Այս մասին հայտարարել է ՌԴ ՊՆ ղեկավար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն՝ ՀԱՊԿ-ի պաշտպանության նախարարների խորհրդի նիստում, գրում է life.ru-ն ։ «Որպեսզի բնակիչները լքեն շրջապատված բնակավայրերը, հայտարարվում են լռության ռեժիմներ և ստեղծվում են մարդասիրական միջանցքներ: Իհարկե, դա դանդաղեցնում է հարձակման տեմպերը, բայց դա արվում է միտումնավոր՝ քաղաքացիական զոհերից խուսափելու համար»,- ասել է Շոյգուն: Նա ընդգծել է, որ ռուսական բանակը, ի տարբերություն ուկրաինականի, չի հարվածում քաղաքացիական ենթակառուցվածքներին, որտեղ կարող են լինել քաղաքացիական անձինք։
16:22 - 24 մայիսի, 2022
Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Նավալնիի 9 տարի ազատազրկման դատավճիռը |azatutyun.am|

Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Նավալնիի 9 տարի ազատազրկման դատավճիռը |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկովյան դատարանն անփոփոխ թողեց Ալեքսեյ Նավալնիի՝ ֆինանսական մեքենայության և դատավորին վիրավորելու գործով վճիռը, որով ընդդիմադիր առաջնորդը 9 տարվա ազատազրկման է դատապարտվել խիստ ռեժիմի գաղութում և 1,2 միլիոն ռուբլի տուգանքի։ Ռուսաստանյան իրավապահների համաձայն՝ Նավալնին վիրավորել է վետերան Իգնատ Արտեմենկոյի թոռանը և դատավոր Վերա Ակիմովային, 2017 թվականի նախագահական ընտրարշավի համար հանգանակություններ է հավաքել՝ նախապես իմանալով, որ իր դեմ հարուցված քրեական գործերի պատճառով չի կարող նախագահ դառնալ։ Կրեմլի կոշտ քննադատը ձերբակալվել է 2021 թվականի հունվարին Գերմանիայից Ռուսաստան վերադառնալուց անմիջապես հետո։ Գերմանիայում նա բուժվում էր «Նովիչոկ» տեսակի քիմիական նյութով թունավորումից հետո: Նավալնին իր դեմ մահափորձի մեջ մեղադրում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին և Անվտանգության դաշնային ծառայության աշխատակիցներին:
15:37 - 24 մայիսի, 2022
Ռուսաստանը երբեք չի տնօրինել ինքնիշխան տերությունների ճակատագիրը. ՌԴ ԱԽ քարտուղար |tert.am|

Ռուսաստանը երբեք չի տնօրինել ինքնիշխան տերությունների ճակատագիրը. ՌԴ ԱԽ քարտուղար |tert.am|

tert.am: ՌԴ ԱԽ քարտուղար Նիկոլայ Պատրուշևը, քննարկելով Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողությունը, ասել է, որ «Ուկրաինայի ճակատագիրը որոշելու են նրա տարածքում ապրող մարդիկ»: Նա նշել է, որ Ռուսաստանը «երբեք չի տնօրինել ինքնիշխան տերությունների ճակատագիրը», այլ, ընդհակառակը, օգնել է տարբեր երկրներին պաշտպանել իրենց պետականությունը։ Նա այս մասին ասել է «Արգումենտի ի ֆակտի» թերթին տված հարցազրույցում:«Մենք աջակցել ենք ԱՄՆ-ին նրանց քաղաքացիական պատերազմի ժամանակ։ Ֆրանսիային բազմիցս օգնություն է ցուցաբերվել։ 1815 թվականին Վիեննայի կոնգրեսում թույլ չտվեցինք նրան նվաստացնել, իսկ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ երկու անգամ փրկեցինք Փարիզը։ ԽՍՀՄ-ն էր, որ թույլ չտվեց բրիտանացիներին և ամերիկացիներին 1945 թվականին Գերմանիան բաժանել բազմաթիվ մասերի։ Հայտնի է նաև Գերմանիայի միավորման գործում Մոսկվայի որոշիչ դերի մասին, որին ամենաշատը դեմ էին ֆրանսիացիներն ու անգլիացիները։ Ռուսաստանը ոչ պակաս կարևոր դեր է խաղացել Լեհաստանի պետականության պատմության մեջ»,- ասել է Պատրուշևը։
13:07 - 24 մայիսի, 2022
Լավրովն ու Բայրամովը քննարկվել են Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանգիր կնքելու հարցը |panarmenian.net|

Լավրովն ու Բայրամովը քննարկվել են Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղ պայմանգիր կնքելու հարցը |panarmenian.net|

panarmenian.net: ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը մայիսի 23-ին տեղի ունեցած հեռախոսազրույցում քննարկել են հետագա համատեղ քայլերը գերակա ուղղություններում, այդ թվում Բաքվի և Երևանի միջև խաղաղ պայմանագիր կնքելու հարցը։ Քննարկվել են նաև տրանսպորտային և տնտեսական կապերի ապաշրջափակումը Հարավային Կովկասում, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատումն ու սահմանագծումը, տեղեկացնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Կողմերը հաստատել են հավատարմությունը բարձ մակարդակի բոլոր եռակողմ հայտարարությունների (2020-ի նոյեմբերի 9-ի, 2021թ․ հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի) անվերապահ կատարմանը, որոնք կոչված են ապահովելու հարաբերությունների երկարաժամկետ կարգավորումը ՀՀ և Ադրբեջանի միջև։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև մի շարք տարածաշրջանային և միջազգային հարցերի շուրջ։
11:52 - 24 մայիսի, 2022
Զելենսկին ասել է, որ Պուտինից բացի ՌԴ-ից ոչ մեկի հետ չի հանդիպի |tert.am|

Զելենսկին ասել է, որ Պուտինից բացի ՌԴ-ից ոչ մեկի հետ չի հանդիպի |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել միայն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և միայն այն դեպքում, եթե բանակցություններին քննարկվի հակամարտության դադարեցման հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։«Ես չեմ ընդունում որևէ հանդիպում Ռուսաստանի Դաշնությունից որևէ մեկի հետ, բացառությամբ Ռուսաստանի Դաշնության նախագահի։ Եվ միայն այն դեպքում, եթե սեղանին լինի միայն մեկ հարց՝ պատերազմի ավարտը։ Վերջ։ Այլևս խոսելու բան չկա», - ասել է Զելենսկին երկուշաբթի՝ Դավոսում տեսակապի միջոցով պատասխանելով հարցերին։Սակայն նա շեշտել է, որ նման հանդիպում կազմակերպելը գնալով ավելի դժվար է դառնում։«Ամեն քայլի հետ գնալով ավելի ու ավելի է դժվարանում նախագահների մակարդակով մեր երկրների միջև հանդիպում կազմակերպելը... Այնուամենայնիվ, մենք պետք է փորձենք վերջ տալ հակամարտությանը»,- հավելել է նա։
10:13 - 24 մայիսի, 2022
Ռուսաստանը ցանկանում է, որ ԵԱՏՄ երկրները տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար․ «Կոմերսանտ»

Ռուսաստանը ցանկանում է, որ ԵԱՏՄ երկրները տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար․ «Կոմերսանտ»

Չնայած Ռուսաստանում 2022 թ-ին ցորենի ակնկալվող ռեկորդային բերքին՝ երկիրը փորձում է շարունակել հացահատիկի արտահանման նկատմամբ խիստ վերահսկողությունն, այս անգամ՝ ԵԱՏՄ մակարդակով, գրում է «Կոմերսանտը»։ Հոդվածը ներկայացնում ենք ամբողջությամբ․ ««Կոմերսանտի» տվյալներով՝ վերաարտահանումից խուսափելու համար Ռուսաստանն ուզում է, որ ԵԱՏՄ բոլոր անդամ երկրները քվոտաներ և տուրքեր սահմանեն հացահատիկի արտահանման համար, նա կարող է երկարաձգել նաև ԵԱՏՄ-ին մատակարարումների սահմանափակումները, որոնք գործում են դեռևս մինչև հունիսի 30-ը։ Դրան դեմ է Ղազախստանը, որը շահագրգռված է դեպի արտասահման մատակարարումների զարգացմամբ։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նիստին մայիսի 20-ին Ռուսաստանը պնդել է, որ ԵԱՏՄ բոլոր անդամները քվոտաներ և տուրքեր սահմանեն երրորդ երկրներ հացահատիկի արտահանման համար, ասել են «Կոմերսանտի» աղբյուրները։ Նրանց խոսքով՝ ՌԴ գյուղատնտեսության նախարարությունն այս միջոցն անհրաժեշտություն է համարում սահմանափակումների շրջանցմամբ ԵԱՏՄ միջոցով ռուսական հացահատիկի վերաարտահանման կանխարգելման համար։ Նախարարությունում և Եվրասիական տնտեսական հանձնաժողովում «Կոմերսանտի» հարցումներին չեն պատասխանել։ Ռուսաստանում 2021 թ-ի հունիսից լողացող տուրք է գործում ցորենի, գարու և եգիպտացորենի արտահանման համար՝ գնային ինդիկատորների միջին արժեքի և բազային մասի միջև տարբերության 70%-ի չափով։ Այսպես, մայիսի 20-ից զորենի արտահանման տուրքը սահմանվել է մեկ տոննայի դիմաց $110,5, գարունն ու եգիպտացորենինը՝ մեկ տոննայի դիմաց $76,5։ Փետրվարի 15-ից մինչև հունիսի 30-ը հացահատիկի արտահանումը նույնպես սահմանափակված է 11 մլն տոննա քվոտայով, որից 8 մլն տոննան ցորենն է։ Այս գարուն Ղազախստանի կողմից Սիբիրում ցորենի գնման ակտիվացման ֆոնին Ռուսաստանն արգելել է հացահատիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ մինչև հունիսի 30-ը։ Սա Ղազախստանի դժգոհությունն է առաջացրել, որը ՌԴ-ին կասկածում է խտրականության համար։ Ի պատասխան՝ նա նույնպես քվոտաներ է սահմանել ցորենի և ալյուրի արտահանման համար։ «Կոմերսանտի» աղբյուրների խոսքով՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդակցության ժամանակ ռուսական կողմը նշել է, որ ընդունված միջոցները բավարար չեն, քանի որ Ղազախստանում գարու և եգիպտացորենի արտահանման քվոտաներ չկան և բացակայում են արտահանման տուրքերը։ Արդյունքում՝ երկու երկրների ներքին գների միջև զգալի տարբերություն է գոյացել։ «Կոմերսանտի» զրուցակցի խոսքով՝ սիբիրյան ցորենն այսօր վաճառվում է տոննայի դիմաց միջինում 18 հազար ռուբլով՝ ներառյալ ԱԱՀ-ն, ինչը շուրջ 5 հազար ռուբլով ավելի էժան է ղազախականից։ ԵԱՏՄ անդամները դեռևս 2021 թ-ի օգոստոսին էին պլանավորում միասնական մոտեցում ներդնել ցորենի, գարու, եգիպտացորենի, արևածաղկի սերմերի և մի շարք այլ ապրանքների արտահանման սահմանափակման վերաբերյալ։ Սակայն այս գաղափարն այդպես էլ կյանքի չկոչվեց։ Այսօրվա դրությամբ ցորենի արտահանման լիակատար արգելք է սահմանել Բելառուսը։ Հայաստանն ու Ղրղզստանը որոշումներ են նախապատրաստում տուրքերի և քվոտաների վերաբերյալ, ասել է «Կոմերսանտի» աղբյուրը։ Իսկ Ղազախստանը դեմ է տուրքերին, քանի որ դրանք կարող են խանգարել գյուղատնտեսական ապրանքների արտադրողներին կատարել միջազգային պարտավորությունները, հավելել է «Կոմերսանտի» զրուցակիցը։ Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Հայաստանի համապատասխան նախարարություններից չեն պատասխանել թերթի հարցմանը։ Ագրարային շուկայի կոնյունկտուրայի ինստիտուտի տնօրեն Դմիտրի Ռիլկոն ասում է, որ «վերացական տեսակետից» ԵԱՏՄ արտաքին ուրվագծով հացահատիկային կուլտուրաների արտահանման կարգավորումը ճիշտ միջոց է։ Սակայն մոտեցման ներդրման հարցում կարող են խնդիրներ առաջանալ առանձին պետությունների անհամաձայնության պատճառով, ընդգծում է փորձագետը։ Ռուսաստանի հացահատիկային միության նախագահ Արկադի Զլաչևսկին կարծում է, որ դեմ կարտահայտվի միայն Ղազախստանը։ «Սովէկոնի» տնօրեն Անդրեյ Սիզովը Ղազախստանի համար պատճառներ չի տեսնում ռուսական կողմի պայմաններն ընդունելու։ Նրա կարծիքով՝ դա չի համապատասխանելու երկրի ֆերմերների շահերին, երկիրը խոշոր արտահանող է․ ալյուրի հետ միասին հացահատիկի մատակարարման ընդհանուր ծավալը սեզոնին հասնում է 7-8 մլն տոննայի։ Ինչպես նշում է փորձագետը, ԵԱՏՄ նպատակը հենց ազատ առևտուրն է, և Ղազախստանը կարող էր դառնալ ռուսական հացահատիկի կարևոր գնորդը հավանական ռեկորդային բերքի նախաշեմին՝ աշնանացանի գերազանց վիճակի և գարնանացանի ցանքատարածությունների ավեացման ֆոնին։ 2021 թ-ին ցորենի բերքը Ռուսաստանում կազմել է 76 մլն տոննա։ «Կոմերսանտի» աղբյուրը վստահ է, որ համանման միջոցներ ձեռնարկելու հարցում Ղազախստանի հավանական մերժումը ՌԴ գյուղատնտեսության նախարարությանը կդրդի երկարաձգել հացահատիկի ՝ ԵԱՏՄ արտահանման ժամանակավոր արգելքը։ Մինչդեռ, «Կոմերսանտի» զրուցակցի խոսքով, Ղազախստանի համար կարևոր է ռուսական հացահատիկը ստանալ հուլիսից․ երկիրն աճեցնում է գարնանացան ցորեն, որի բերքահավաքն ակտիվանում է միայն օգոստոսին»։   Նորա Վանյան
20:36 - 23 մայիսի, 2022
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ

Մայիսի 23-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Հայտնում է ՀՀ ԱԳՆ-ն։ Հեռախոսազրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել 2020թ. նոյեմբերի 9-ի, 2021թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների դրույթների իրականացման ընթացքին: Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման ու սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ձևավորմանն առնչվող հարցեր: Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանում տնտեսական կապերի և տրանսպորտային կոմունիկացիաների ապաշրջափակմանը: Նախարար Միրզոյանը վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատման և Հայաստանի ու Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացի վերաբերյալ: Քննարկվել են նաև հայ-ռուսական համագործակցության երկկողմ և բազմակողմ օրակարգին վերաբերող հարցեր, մտքեր են փոխանակվել դաշնակցային հարաբերությունների առավել ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ:
17:39 - 23 մայիսի, 2022
Զելենսկին Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցների կոչ է արել Դավոսի համաժողովում

Զելենսկին Ռուսաստանի դեմ ավելի շատ պատժամիջոցների կոչ է արել Դավոսի համաժողովում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական համաժողովում տեսակապով ունեցած իր ելույթում միջազգային հանրությանը կոչ է արել «առավելագույն» պատժամիջոցները կիրառել Ռուսաստանի դեմ, որը ներխուժել է իր երկիր։ Այդ միջոցներն, ըստ նրա, պետք է ներառեն նավթային էմբարգո, բոլոր ռուսական բանկերի արգելափակում և Ռուսաստանի հետ առևտրի լիակատար դադարեցում, գրում է DW-ն։ Զելենսկին ասել է, որ բոլոր օտարերկրյա ընկերությունները պետք է լքեն ՌԴ-ն, որպեսզի անուղղակիորեն չաջակցեն ռուսական ռազմական ագրեսիային։ Նա հայտնել է նաև, որ Կիևը դիտարկում է բալթյան նավահանգիստների օգտագործման հնարավորությունն՝ Ուկրաինայից սերմնահատիկի արտահանման համար։ Ուկրաինայում ստեղծված իրավիճակը Դավոսի գլխավոր թեմաներից մեկն է լինելու։ Համաժողովը տևելու է մինչև մայիսի 26-ը։ Դրան մասնակցում է շուրջ 2 հազար մարդ, այդ թվում՝ համաշխարհային 50 առաջնորդ։ Ռուսաստանը համաժողովին այս տարի չի մասնակցում։ Նորա Վանյան
17:15 - 23 մայիսի, 2022