Մայիսի 23-ին՝ Առաջին ալիքի «Հանրային քննարկում» հաղորդման ընթացքում, «Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը, խոսելով պատերազմի հնարավոր սպառնալիքի մասին, հայտարարեց․ «Երբ որ Ալիևը և այս իշխանությունը խոսում են պատերազմից, սիրելի՛ ժողովուրդ, փորձում են բոլորին ցույց տալ, թե այլընտրանքը պատերազմն է, ես հարց եմ հնչեցնում․ ո՞ւմ դեմ պատերազմ։ ․․․․ էդ ո՞ւմ դեմ է պատերազմելու, օրինակ, Ադրբեջանը։ Ո՞ւմ դեմ․ Ռուսաստանի՞, որը ռազմական պայմանագրով պարտավորություն ունի ապահովելու մեր անվտանգությունը, ՀԱՊԿ անդամ պետությունների՞, որոնք Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակվելու դեպքում պարտավոր են անմիջապես լինել Հայաստանում»։
Բաբայանը նշեց, որ հավատում է այդ պայմանագրերին։ Նրան հակադարձեց քաղաքագետ Արեգ Քոչինյանը՝ նշելով․ «Հավատալուն զուգահեռ՝ հարգելի բանախոսը (Արսեն Բաբայանը- խմբ․) իր խոսքում նշեց, որ կան Հայաստանի օկուպացված տարածքներ»։
Բաբայանն արձագանքեց․
- Եվ չգիտեիք, հա՞, նոր իմացա՞ք դրա մասին»։
- Չէ, նոր չիմացանք, ոնց որ Դուք չգիտեք, որ»․․․
- Չի դիմում, իշխանությունը չի դիմում․․․
Բանավեճի ընթացքում լսվեց Բաբայանի խոսքը․ «Խորհրդակցական դիմում եք գրել»․․․ Նա խոսքը չավարտեց։
Քոչինյանը նշեց․
- Արգումնետը էն է, որ մենք գրավոր տեսքով չենք դիմել Ռուսաստանին, այ դրա համար չեն եկել։
Բաբայանը պատասխանեց․
- Այն հոդվածը, որով․․․
Այստեղ Բաբայանի խսքն ընդհատվում է, սակայն համատեքստից պարզ է, որ նա ցանկանում էր հիշեցնել, թե որ հոդվածով է Հայաստանը դիմել ՀԱՊԿ-ին։ Բանախոսները միմյանց մեղադրեցին սուտ խոսելու մեջ։ Բաբայանըը ևս մի անգամ փորձեց հիմնավորել իր խոսքը․ «Իշխանությունը չի դիմել, որպեսզի գան»։
Փորձենք հասկանալ՝ ինչի մասին է խոսքը, արդյո՞ք Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին կամ ՌԴ-ին, և ինչ իրադարձությունների համատեքստում է այդ ամենը տեղի ունեցել։
Ադրբեջանը ներխուժում է ՀՀ ինքնիշխան տարածք․ Հայաստանը որոշում է դիմել ՀԱՊԿ-ին
Անցյալ տարվա մայիսին Ադրբեջանը Սյունիքում ու Գեղարքունիքում հատեց Հայաստանի պետական սահմանն ու օկուպացրեց հայկական դիրքեր։ Մայիսի 13-ին՝ Անվտանգության խորհրդի նիստում, այն ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանին, Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վաղարշակ Հարությունյանին, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին հանձնարարում եմ միջոցներ ձեռնարկել Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածով նախատեսված խորհրդակցությունների մեկնարկի ուղղությամբ՝ ՀԱՊԿ անդամ երկրների դիրքորոշումները համակարգելու և ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով միջոցներ ձեռնարկելու համար։ Երկրորդ՝ միջոցներ ձեռնարկել՝ Հավաքական անվտանգության կազմակերպության՝ 2010-ի դեկտեմբերի 10-ի՝ ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերի մեկնարկի համար։ Սույն կարգով սահմանվում է ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծմանն ուղղված որոշումներ ընդունելու մեխանիզմը»։
Հավաքական անվտանգության պայմանագրի 2-րդ հոդվածը սահմանում է․ «Մեկ կամ մի քանի անդամ պետությունների անվտանգությանը, կայունությանը, տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը կամ միջազգային խաղաղությանն ու անվտանգությանը վտանգ սպառնալու դեպքում անդամ պետություններն անհապաղ գործի են դնում համատեղ խորհրդակցությունների մեխանիզմը՝ իրենց դիրքորոշումները համակարգելու նպատակով, մշակում և քայլեր են ձեռնարկում նման անդամ պետություններին օգնություն ցուցաբերելու համար, որ վերացնեն ծագած սպառնալիքը» (թարգմանությունը ոչ պաշտոնական է)։
Այս հայտարարությունից հետո խոսակցություններ կային, թե ինչու Հայաստանը ՀԱՊԿ-ին չի դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի 4-րդ հոդվածով, որը սահմանում է․ «Եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվի ագրեսիայի որևէ պետության կամ պետությունների խմբի կողմից, ապա անդամ պետությունների կողմից դա կհամարվի որպես ագրեսիա սույն Պայմանագրի բոլոր անդամ պետությունների դեմ: Անդամ պետություններից որևէ մեկի դեմ ագրեսիայի ակտի ի հայտ գալու պարագայում մնացած անդամ պետությունները կցուցաբերեն անհրաժեշտ օժանդակություն` ներառյալ ռազմական օգնությունը»:
Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, մեկնաբանելով այս խոսակցությունները, նշել էր․ «Հոդվածների մեջ խորանալ պետք չէ: ․․․․ Սպառնալիք է ստեղծվել անվտանգության, և այն չեզոքացնելու համար երկրորդ հոդվածով ենք դիմում ՀԱՊԿ-ին: Կառույցի պատմության մեջ առաջին անգամ է նման գործընթաց սկսվում, Ռուսաստանը անդամ է կառույցին, և մենք համոզված ենք, որ սա արդյունավետ մեխանիզմ է, մեծ հաշվով տարբերություն չկա»։
Մայիսի 14-ին Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես դիմեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահ Տաջիկստանի նախագահին։ Նույն օրը Տաջիկստանի ԱԳ նախարարն Արա Այվազյանին հայտնեց, որ Տաջիկստանի նախագահն արդեն տվել է համապատասխան կարգադրություններ։ ՀԱՊԿ մամուլի քարտուղարը «ՏԱՍՍ»-ին հայտնեց, որ Սյունիքի մարզում իրավիճակի շուրջ խորհրդակցությունները կանցկացվեն առաջիկա օրերին։
Մայիսի 19-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը հայտարարեց, որ ՀԱՊԿ արտգործնախարարները նախորդ օրը քննարկել են Հայաստանի խնդրանքը՝ Սյունիքի մարզում ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Մայիսի 26-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ գործողությունների արագությունը իրենց չի բավարարում։
Իրադարձությունների հետագա ընթացը
Հուլիսի 3-ին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարեց․ «Պետք է հասկանալ, որ ՀԱՊԿ ներուժն օգտագործվում է միայն [անդամ երկրներից մեկին ուղղված] ագրեսիայի, հարձակման դեպքում: Այստեղ գործ ունենք, ըստ էության, սահմանային միջադեպի հետ: Փա՛ռք Աստծո, զոհեր չկան, կրակոցներ չկան: Սա սահմանային միջադեպ է, այն պետք է լուծվի, և մենք կողմ ենք այն խաղաղ ճանապարհով լուծելուն»։
Այս հայտարարությանն արձագանքեց Ռուբեն Ռուբինյանը․ «ՀԱՊԿ-ն ունի պարտավորություն արձագանքել ոչ միայն ուղիղ ագրեսիային կամ, այսպես ասած, ռազմական գործողություններին, այլ նաև ՀԱՊԿ անդամի տարածքային ամբողջականությանը, ինքնիշխանությանը և անվտանգությանը առկա սպառնալիքի դեպքում: Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող վիճել, որ այն իրավիճակը, որը տիրում է մեր սահմաններին, 100 տոկոսով համապատասխանում է 2-րդ հոդվածին»:
Ռուբինյանը նաև հիշեցրեց, որ հայկական կողմը զոհ ունի։ ՀՀ ԱԽ քարտուղարն էլ համոզմունք հայտնեց, որ ստեղծված իրավիճակը չի կարելի որակել որպես միջադեպ։ Երկու օր անց էլ նա նշեց, որ քայլեր են ձեռնարկում ՀԱՊԿ քարտուղարության այցը Հայաստան կազմակերպելու ուղղությամբ։
2021-ի նոյեմբերին՝ ԱԺ նիստերից մեկի ժամանակ, Էդուրադ Աղաջանյանը հայտարարեց, որ Հայաստանը հանդես էր եկել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրադրության մոնիթորինգի նպատակով ՀԱՊԿ առաքելություն գործուղելու նախաձեռնությամբ, բայց նախաձեռնությունը կյանքի չի կոչվել։
Սահմանային իրավիճակի սրումը և ՌԴ-ին դիմելու հարցը
Նոյեմբերի 16-ին իրավիճակը հայ-ադբեջանական սահմանին սրվեց, ՀՀ ՊՆ-ն նաև հաղորդեց տեղային մարտերի մասին։ ՀԱՊԿ խոսնակը հայտնեց՝ ՀԱՊԿ քարտուղարությունը Հայաստանից պաշտոնական դիմում չի ստացել Ադրբեջանի հետ սահմանին սրման հետ կապված աջակցության համար։
Նոյեմբերի 16-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրայինի եթերում հայտարարեց․ «Քանի որ [Ադրբեջանի] հարձակումը եղել է Հայաստանի սուվերեն տարածքի վրա, ապա մենք դիմում ենք ՌԴ-ին ՀՀ և ՌԴ միջև գոյություն ունեցող 1997 թ․ պայմանագրի շրջանակներում Հայաստանի տարածքային ամբողջականությունը պաշտպանելու կոչով և համաձայնագրի շրջանակներում փոխադարձ պարտականությունները իրագործելու տրամաբանության շրջանակներում»։
Լրագրողը հարցրեց՝ դա բանավոր դիմո՞ւմ է, թե՞ համապատասխան ընթացակարգ կա։ Գրիգորյանը պատասխանեց․ «Սա բանավոր դիմում է, որը նաև գրավոր ընթացակարգ է ունենալու»։
ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը «ՏԱՍՍ»-ի հետ զրույցում չհաստատեց, որ ՌԴ-ին պաշտոնական դիմում է եղել․ «Եթե խոսքը պաշտոնական դիմում-նամակի մասին է [խնդրանքով, որ Պայմանագրի համաձայն օգնություն ցուցաբերվի], ապա դեռ չեմ կարող հաստատել»։
Նոյեմբերի 23-ի ասուլիսի ընթացքում Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով լրատվամիջոցներից մեկի՝ ՌԴ-ին ու ՀԱՊԿ-ին գրավոր ընթացակարգով դիմելու վերաբերկալ հարցին, հայտարարեց․ «Մենք մայիսի 12-ի իրադրության վերաբերյալ և՛ ՌԴ-ին, և՛ ՀԱՊԿ-ին դիմել ենք»։
Դիտարկմանը, թե հարցը հավանաբար նոյեմբերի 16-ի իրադարձություննների մասին է, Փաշինյանը պատասխանեց․ «Նոյեմբերի 16-ի իրադարձությունը մայիսի 12-ի իրադարձությունների շրջանակներում է տեղի ունենում»։
«Infocom»-ը հարցում էր ուղարկել ՀՀ ԱԳՆ՝ պարզելու՝ Հայաստանն, ի վերջո, գրավոր ընթացակարգով դիմե՞լ է ՌԴ-ին, թե՞ ոչ։ ԱԳՆ-ից մեր հարցին ուղիղ պատասխան չէին տվել՝ նշելով միայն երկու կողմերի միջև հեռախոսազրույցների և քննարկումների մասին։
Դեկտեմբերին, պատասխանելով հարցին, թե արդյո՞ք ՀԱՊԿ-ին գրավոր պաշտոնական դիմում եղել է նոյեմբերի 16-ի սահմանային սրումից հետո, ԱԽ քարտուղարը նշեց, որ մայիսի 12-ից հետո արդեն դիմել էին, և «դիմելու գործընթացը պրոցեսի մեջ է»։
Ճշտող հարցին, թե երբ նոյեմբերին ասում էին, որ դիմում են ՌԴ-ին, նկատի ունեին մայիսի՞ դիմումը, Գրիգորյանը պատասխանեց․ «Նաև մայիսի դիմումը․ դա շարունակում է ուժի մեջ մնալ, մեր դիմումները շարունակում են ուժի մեջ մնալ, որովհետեւ մայիսի 12-ին ստեղծված ճգնաժամի շարունակությունն է սա, հարցը չի լուծվել»։
Հայաստանը դժգոհ է
Ադրբեջանական զինվորները մինչև օրս շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքում։ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություննեից դատելով՝ ՀԱՊԿ մեխանիզմներն այդպես էլ գործի չեն դրվել հարցը լուծելու համար։
Մասնավորապես, այս տարվա ապրիլին Փաշինյանը հայտարարեց, որ այն, թե ինչպես ՀՀ սահմանին տեղի ունեցածին արձագանքեց ՀԱՊԿ-ը, «ձախողում էր կազմակերպության համար»․ «Ի հեճուկս գոյություն ունեցող ընթացակարգերի՝ ՀԱՊԿ-ը մինչ օրս խնդրո առարկա հատվածում մոնիթորինգ իրկանացնելու որոշում չի կայացրել՝ արդարացնելով երկար տարիներ հայ հանրության շրջանում առկա մտահոգությունը, թե ՀՀ անվտանգության համակարգի համար կարևորագույն դեր ունեցող այդ կազմակերպությունը անհրաժեշտ պահին ոչինչ չի ձեռնարկի՝ մնալով դիրտորդի կարգավիճակում: Փաստն այն է, որ ՀԱՊԿ-ը մինչ օրս նույնիսկ դիտորդի կարգավիճակով որևէ ձևով այս իրավիճակը չի հասցեագրել»։
Իսկ մայիսի 16-ին՝ ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպման ժամանակ, Փաշինյանն ասաց․ «Ինչպես գիտեք, անցած տարի՝ հենց այս օրերին, Ադրբեջանի զորքերը ներխուժել են Հայաստանի ինքնիշխան տարածք: Հայաստանը դիմել է ՀԱՊԿ-ին, որպեսզի գործադրվեն 2010 թ․ դեկտեմբերի 10-ին հաստատված Ճգնաժամային իրավիճակներին արձագանքման կանոնակարգով նախատեսված ընթացակարգերով մեխանիզմները: Ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունը արձագանքել է այնպես, ինչպես սպասում էր ՀՀ-ն:
Այսպիսով, թե ով է ճիշտ Բաբայան - Քոչինյան բանավեճում, չենք կարող ասել։ Փաստացի, Հայաստանը հայտարարել է, որ ՀԱՊԿ-ին դիմել է՝ Հավաքական անվտանգության համաձայնագրի 2-րդ հոդվածի համաձայն։ Իսկ ՌԴ-ին դիմելու մասին ձևակերպումները լղոզված են, և որևէ պաշտոնական հայտարարություն չի եղել այն մասին, որ ՀՀ-ն գրավոր ընթացակարգով դիմել է ՌԴ-ին։ Նոյեմբերին Արմեն Գրիգորյանի հայտարարության մեջ ասվում էր միայն, որ այդ դիմումը բանավոր է և գրավոր ընթացակարգ կստանա։
Աննա Սահակյան
comment.count (0)