Իրաք

Իրաքը (պաշտոնական անվանումը՝ Իրաքի Հանրապետություն) պետություն է Արեւմտյան Ասիայում։ Ըստ պետական կառավարման համակարգի՝ դաշնային խորհրդարանական հանրապետություն է, որը կազմված է 19 նահանգներից եւ մեկ ինքնավար շրջանից (Իրաքի Քուրդիստան)։

Տարածքի մեծությամբ աշխարհում 58-րդն է՝ 438,317 կմ²։ Հյուսիսից սահմանակից է Թուրքիային, արեւելքից՝ Իրանին, հարավարեւելքից՝ Քուվեյթին, հարավից՝ Սաուդյան Արաբիային, հարավարեւմուտքից՝ Հորդանանին եւ արեւմուտքից՝ Սիրիային։

Մայրաքաղաքը եւ ամենախոշոր քաղաքը Բաղդադն է։ Իրաքում բնակվում են ամենատարբեր էթնիկ ծագում ունեցող ժողովուրդներ՝ արաբներ, քրդեր, ասորիներ, թուրքմեններ, շաբաքներ, եզդիներ, հայեր, մանդեյիներ, ադիգեներ, գնչուներ։ Պետության 37 միլիոն բնակչության 95%-ը մուսուլման է, սակայն կան նաեւ քրիստոնյաներ, յարսաններ, եզդիներ, մանդեականներ։ Իրաքի պետական լեզուներն են արաբերենն ու քրդերենը։

Իրանը զգուշացրել է իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին |armenpress.am|

Իրանը զգուշացրել է իրաքյան Քուրդիստանի ահաբեկչական խմբավորումների ուղղությամբ հարվածներ հասցնելու մասին |armenpress.am|

armenpress.am: Իրանի զինված ուժերը կարող են հարված հասցնել իրաքյան Քուրդիստանում ահաբեկչական խմբավորումներին, եթե դրանք սպառնան Իսլամական Հանրապետության անվտանգությանը: Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային ուժերի հրամանատար, բրիգադի գեներալ Մոհամմադ Պակպուրը: «Զինված ահաբեկչական խմբավորումները փորձում են Հյուսիսային Իրաքն օգտագործել Իրանի հետ սահմանի շրջանում անվտանգության սպառնալիքներ ստեղծելու համար»,- Պակպուրի խոսքը մեջբերել է IRNA գործակալությունը: Նրա խոսքով՝ նման իրադրության շարունակումն անընդունելի է Իրանի համար և Թեհրանը համապատասխան կերպով կպատասխանի ահաբեկիչներին, ուստի այդ շրջանի բնակիչները պետք է հեռու մնան ահաբեկչական խմբերի տեղակայման վայրից։ Երկրի արևմուտքում սահմանակից շրջանները լարվածության աղբյուրներից մեկն են Իրանի համար։ Իրաքի սահմանով Իրանի տարածք է ներկրվում մաքսանենգ ապրանքների զգալի մասը։ Բացի դրանից, իրաքյան Քուրդիստանի հետ սահմանին պարբերաբար բախումներ են տեղի ունենում իրանցի սահմանապահների և քրդական կազմակերպությունների անդամների միջև։
23:09 - 06 սեպտեմբերի, 2021
Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն |armenpress.am|

Ֆրանսիան շարունակելու է պայքարել ԻՊ սպառնալիքի դեմ. Մակրոն |armenpress.am|

armenpress.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման սպառնալիքը նախկինի նման շարունակում է պահպանվել: Իրաքի վարչապետ Մուստաֆա ալ-Քազըմի հետ մամուլի ասուլիսի ժամանակ Մակրոնը հավելել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել Իրաքին ԻՊ դեմ պայքարում «ԻՊ-ն 2017 թվականին տարածքներ կորցրեց՝ շնորհիվ իրաքյան զինված ուժերի քաջության և միջազգային կոալիցիայի աջակցության: Սակայն չի կարելի թուլացնել զգոնությունը, քանի որ ԻՊ-ն շարունակում է սպառնալիք մնալ, և ես գիտեմ, որ ձեր կառավարության համար առաջնային է ահաբեկիչների դեմ պայքարը»,- հայտարարել է Մակրոնը, ով ժամանել է Իրաք՝ մասնակցելու Համագործակցության և գործընկերության Բաղդադի կոնֆերանսին: Կոնֆերանսի մասնակիցների շարքում են Մերձավոր Արևելքի երկրների առաջնորդներ ու ներկայացուցիչներ, ինչպես նաև Ճապոնիան: Այցի շրջանակում Մակրոնը այցելել է Բաղդադի մզկիթ, լինելու է Մոսուլում՝ հանդիպելով քրիստոնյա համայնքի անդամներին, այցելելու է տեղի համալսարան: Այցի եզրափակիչ հատվածում նա Հյուսիսային Քրդստանի Էրբիլ քաղաքում կհանդիպի ինքնավար շրջանի ղեկավար Մասուդ Բարզանիի հետ:
15:15 - 28 օգոստոսի, 2021
Իրաքում ՀՀ դեսպանը քննարկել է Իրաքյան Քուրդիստանի և ՀՀ-ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Իրաքում ՀՀ դեսպանը քննարկել է Իրաքյան Քուրդիստանի և ՀՀ-ի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Օգոստոսի 23-25-ը Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանը Իրաքում իր դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ Իրաքյան Քուրդիստանում հանդիպումներ է ունեցել Իրաքյան Քուրդիստանի փոխնախագահ Մուստաֆա Սայիդ Քադերի, փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի, Ազգային ժողովի նախագահ Ռեվազ Ֆաիքի, արտաքին հարաբերությունների դեպարտամենտի ղեկավար Սաֆին Դիզայիի, ինչպես նաև Էրբիլի, Դհոկի, Զախոյի և Մոսուլի հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Այս մասին հայտնում է Էրբիլում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունը։   Զրուցակիցները բարձր են գնահատել ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև հարաբերությունների խորացման ուղղությամբ դեսպան Հր. Փոլադյանի ներդրած ջանքերը և հաջողություններ մաղթել հետագա դիվանագիտական առաքելության իրականացման մեջ: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև ՀՀ և Իրաքյան Քուրդիստանի միջև տարբեր ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարներին: Զրուցակիցները շեշտել են ս.թ. փետրվարին Էրբիլում ՀՀ գլխավոր հյուպատոսության բացումը, որը կարևոր ազդակ է երկու ժողովուրդների միջև քաղաքական և տնտեսական կապերի խորացման համար: Կարևորվել է նաև Էրբիլի հնամենի միջնաբերդում Հայկական մշակութային կենտրոնի բացումը:   Դեսպան Հ. Փոլադյանը շնորհակալություն է հայտնել Իրաքյան Քուրդիստանի իշխանություններին հայ համայնքի նկատմամբ ցուցաբերած բարյացակամ վերաբերմունքի համար: Հանդիպումների ընթացքում անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային զարգացումներին:   Դհոկ կատարած այցի ընթացքում ՀՀ դեսպանը այցելել է նաև եզդի ժողովրդի սրբատեղի Լալեշ, որտեղ հանդիպում է ունեցել աշխարհի եզդիների հոգևոր առաջնորդ Բաբա Շեյխի, եզդիական համայնքի ղեկավար Միր Միրայի հետ:   ՀՀ դեսպանին շնորհակալություն են հայտնել հայ և եզդի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման ուղղությամբ ներդրած անձնական ջանքերի համար և հաջողություններ մաղթել հետագա գործունեության մեջ:
19:58 - 26 օգոստոսի, 2021
Իրաքի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի ներկայացուցչին
 |1lurer.am|

Իրաքի արտգործնախարարությունը բողոքի նոտա է հղել Թուրքիայի ներկայացուցչին |1lurer.am|

1lurer.am: Իրաքի արտգործնախարարությունը երկուշաբթի Բաղդադում Թուրքիայի դիվանագիտական ​​ներկայացուցչին բողոքի նոտա է հանձնել Իրաքի հյուսիսային նահանգներում Անկարայի վերջին գործողությունների կապակցությամբ, գրում է ТАСС-ը: Խոսքը վերաբերում է Թուրքիայի պաշտպանության նախարարի՝ վերջերս Իրաք կատարած չհայտարարված այցին: Հուլուսի Աքարն Իրաքի տարածք է մտել առանց այդ երկրի իշխանությունների համաձայնության կամ նախնական հաստատման, ինչպես նաև Հյուսիսային Իրաքում հանդիպել է ապօրինաբար գտնվող թուրքական զորքերի հետ:   Իրաքի ԱԳՆ-ն նշել է, որ Բաղդադը «կտրականապես մերժում է Իրաքի ինքնիշխանության շարունակական ոտնահարումները, Թուրքիայի զինված ուժերի կողմից Իրաքի հողերի և օդային տարածքի անձեռնմխելիության խախտումները, և որ նման մոտեցումն անհամատեղելի է բարիդրացիական հարաբերությունների հետ, հակասում է միջազգային իրավունքին»: Անկարան Իրաքի հյուսիսում ռազմական գործողություններ է իրականացնում Քրդական աշխատավորական կուսակցության զինյալների դեմ պայքարի պատճառաբանությամբ:
21:30 - 03 մայիսի, 2021
Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Արա Այվազյանը հանդիպել է Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար  Արա Այվազյանը մայիսի 3-ին հանդիպել է  Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամմադ Սալեհի և նրա գլխավորած պատվիրակության հետ, որի կազմում է եղել նաև Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամության խմբի ղեկավար Ռեհան Հաննա Այուբը: Այս մասին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից:  Ողջունելով հյուրերին՝ Արա Այվազյանը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանականների նման ներկայացուցչական պատվիրակության այցը նոր էջ է բացելու դարավոր բարեկամության ավանդույթներով միահյուսված հայ-իրաքյան հարաբերություններում:  Զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են հայ-իրաքյան երկկողմ օրակարգի մի շարք հարցերի՝ երկուստեք ընդգծելով խորհրդարանական ձևաչափով համագործակցության կարևորությունը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում փոխգործակցության ամրապնդման գործում: Այս համատեքստում բարձր է գնահատվել իրաքահայ համայնքի դերը՝ որպես  միջպետական բարեկամության զարգացման ամուր օղակ: Մտքեր են փոխանակվել մերձավորարևելյան տարածաշրջանում ազգային և կրոնական փոքրամասնությունների իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող քայլերի շուրջ:  ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը և Իրաքի խորհրդարանականները հանգամանալից անդրադարձել են  տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերի լայն շրջանակի։ ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատարը մտահոգություն է հայտնել Թուրքիայի՝ հարևան տարածաշրջաններ անկայունություն սերմանելու և արտահանելու քաղաքականության առնչությամբ: 
17:47 - 03 մայիսի, 2021
Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Ազգային ժողով

Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են ՀՀ Ազգային ժողով

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Ռուբինյանը, հանձնաժողովի անդամներ Անուշ Բեղլոյանը, Արման Բաբաջանյանը, Գոռ Երանյանը, Սոս Ավետիսյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը, պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը մայիսի 1-ին հանդիպել են Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզի գլխավորած պատվիրակության անդամների հետ: Այս մասին տեղեկացնում է Ազգային ժողովի մամուլի ծառայությունը։ Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Ռուբեն Ռուբինյանը կարևորել է երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման դինամիկան և հույս հայտնել, որ թե՛ Հայաստանի և թե՛ Իրաքի օրենսդիր մարմինների գործունեությունն առաջիկայում ևս կլինի ավելի նպատակային՝ առկա հարաբերություններին նոր որակ ու արդյունավետություն հաղորդելու առումով: «Իրաքը կարևոր առաջնահերթություն է Հայաստանի համար: Մեզ համար կարևոր է տարածաշրջանային համագործակցությունը` հիմնված խաղաղ համագոյակցության վրա: Գաղտնիք չէ, որ վերջին տարին բավականին ծանր է եղել Հայաստանի համար»,- նշել է Ռուբինյանը՝ խոսելով համավարակի և Թուրքիայի աջակցությամբ հայ ժողովրդի դեմ Ադրբեջանի վարած ռազմական ագրեսիայի մասին: Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը շնորհակալություն է հայտնել Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի՝ իրաքյան կողմի նախագահին 2020 թվականի պատերազմի ժամանակ դրսևորած զուսպ հայտարարության և պատերազմական գործողություններն անհապաղ դադարեցնելու կոչի համար: Խոսելով հայ-իրաքյան կապերի, պատմական ավանդույթների մասին՝ Ռուբեն Ռուբինյանն անդրադարձել է հայ ժողովրդի դեմ կատարված ոճրագործություններին, Հայոց ցեղասպանությանը: Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար: Նա ևս հույս է հայտնել, որ երկուստեք իրականացվող արդյունավետ գործունեությունը կնպաստի միջխորհրդարանական կապերին, համագործակցության զարգացմանը: Անդրադառնալով տարածաշրջանային լարվածությանը՝ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշել է, որ Իրաքը կողմնակից է տարածաշրջանի հարևան երկրների հետ խաղաղ, կայուն, հավասարակշիռ հարաբերություններ հաստատելուն: Նա բարձր է գնահատել Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի աշխատանքն ու դերակատարումը: Իրաք-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի համանախագահ Ռիհան Հաննա Այուբը նշել է, որ Իրաքում ապրող հայերն ինքնատիպ ազգերից մեկն են, և ընդգծել Իրաքի խորհրդարանում հայազգի ներկայացուցչի՝ պատգամավորական մանդատ ունենալու անհրաժեշտության մասին: Իրաքի խորհրդարանի ներկայացուցիչներն ընդգծել են Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանի կատարած աշխատանքները երկու պետությունների միջև հարաբերությունների ամրապնդման գործում: Նշվել է, որ 1930-ից Հայաստանում հրատարակվող «Ռյա-Թազա» պարբերականը, քրդերեն հեռարձակվող ռադիոհաղորդումը հայ ժողովրդի հետ պատմական ջերմ հարաբերությունների խոսուն օրինակներից են: Հայաստան-Իրաք խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Ռուստամ Բաքոյանը կարևորել է միջխորհրդարանական հարաբերությունների հետագա զարգացումը և այդ հարցում բարեկամական խմբերի դերակատարությունը․ «Մերձավոր Արևելքը մեզ համար կարևոր տարածաշրջան է: Համոզված եմ, որ այս այցը նոր շունչ կհաղորդի երկկողմ հարաբերություններին, փոխշահավետ համագործակցությանը: Հայաստանը հետաքրքրված է Մերձավոր Արևելքի տարածաշրջանով, ինչպես նաև կողմնակից է Իրաքում խաղաղության հաստատմանը»: Նա տեղեկացրել է, որ 2021-ի փետրվարին այցելել է Իրաքի Հանրապետություն՝ մասնակցելու 2014 թվականին ցեղասպանության ենթարկված եզդիների վերահուղարկավորության ծեսին Բաղդադում և Սինջարում, Իրաքի Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Հրաչյա Փոլադյանի և գլխավոր հյուպատոս Արշակ Մանուկյանի հետ հանդիպումներ է ունեցել հոգևոր խորհրդի, եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ, այցելել է Սինջարի փախստականների եզդիների ճամբար: Նա ցավով արձանագրել է, որ շուրջ 8 տարի է անցել, սակայն եզդիները դեռևս փախստականների ճամբարում են և չեն կարողանում վերադառնալ հայրենի բնօրրան՝ Սինջար, կազմակերպելու իրենց բնականոն կյանքը: Ռուստամ Բաքոյանն անդրադարձել է Հայաստանում ազգային փոքրամասնությունների նկատմամբ վարվող քաղաքականությանը՝ ընդգծելով, որ առկա են բոլոր հնարավորությունները պահպանելու ազգային դիմագիծը, կրոնը, մշակույթն ու ինքնությունը: Արման Բաբաջանյանը նշել է, որ երկու պետությունների ժողովուրդները պատմական, ճակատագրական ընդհանրություններ ունեն. նրանք վերապրել են ցեղասպանություններ: Արման Բաբաջանյանն ընդգծել է, որ Իրաքի կառավարությունը և խորհրդարանը դիտարկեն Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: «Եթե մենք չենք դատապարտում Ցեղասպանությունը, մենք այսօր, ըստ էության, նոր ցեղասպանությունների համար դուռ ենք բացում և հնարավորություններ ստեղծում»,- նշել է նա՝ համոզմունք հայտնելով, որ հայ-իրաքյան հարաբերությունները հարատևելու են տարածաշրջանում խաղաղություն, կայունություն հաստատելու նպատակադրմամբ: Իրաքի խորհրդարանի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Շիրկո Մուհամադ Սալեհ Միրուեյզը նշել է, որ Իրաքն անցնում է բավականին դժվար շրջափուլ և կայունության անհրաժեշտություն ունի. «Կայունությունից հետո մենք կսկսենք նորովի վերակառուցել մեր երկիրը: Կվերանայվի մեր դերը միջազգային կառույցներում, կանդրադառնանք նաև պատմական դեպքերին: Լիահույս ենք, որ այս այցը նոր ազդակ կլինի հայ-իրաքյան հարաբերությունների ամրապնդման համար»: 
18:43 - 01 մայիսի, 2021
Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին

Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին

ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունեց Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ: Ողջունելով հյուրերին՝ Արարատ Միրզոյանը գոհունակություն հայտնեց, որ Հայաստանի եւ Իրաքի միջեւ քաղաքական լուրջ երկխոսություն է կայանում, նկատվում է նաեւ ակտիվացում երկու երկրների տնտեսական հարաբերություններում: ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրեց ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Ընդգծեց, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին եւ այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը: Ասածի նոր դրսեւորումն է վերջերս «պուրակի» բացումը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շիրկո Միրուեյզը բարձր գնահատեց հայկական կողմից Իրաքի վերաբերյալ հարցերում դիրքորոշման եւ միջազգային հարթակներում տրամադրած աջակցության համար: Հանձնաժողովի նախագահը նշեց, որ երկու երկրների միջեւ հարաբերությունների ակտիվացման շրջանակներում կարեւորագույն դեր ունեն տարբեր ոլորտներում համագործակցության մասին հուշագրերը, ինչի իրականացմանը վերահսկելու գործում խորհրդարանը կարեւոր դեր ունի: Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարբեր ոլորտներում համագործակցության հարցեր: Երկուստեք ընդգծվեց, որ իրաքցի խորհրդարանականների այցը կարող է լավ լիցք հանդիսանալ երկու երկրների խորհրդարանների միջեւ համագործակցության խորացման գործում: 
15:51 - 01 մայիսի, 2021
«Մասարաթ» կազմակերպությունը կոչ է անում Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան. հայտարարություն |armenpress.am|

«Մասարաթ» կազմակերպությունը կոչ է անում Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան. հայտարարություն |armenpress.am|

armenpress.am: Մշակութային և տեղեկատվական զարգացման «Մասարաթ» իրաքյան կազմակերպությունը հանդես է եկել Իրաքի համալսարաններում ցեղասպանության դասավանդման մասին հայտարարությամբ: Հայտարարության մեջ նշված է. «Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ «Մասարաթ» կազմակերպությունը կոչ է անում Իրաքի համալսարաններում դասավանդել Հայոց ցեղասպանություն առարկան: Երբ Իրաքի և Մերձավոր Արևելքի շատ երկրներում հայերը շարունակ պահանջում են ճանաչել Հայոց ցեղասպանությունը, «Մասարաթ» կազմակերպությունը, օգտվելով ցեղասպանության հիշատակը ոգեկոչելու առիթից, հաստատում է ցեղասպանության հիշատակի ոգեկոչման մեջ իր ներդրումն ունենալու պատրաստակամությունը՝ պատմությունից դասեր քաղելու և էթնիկ զտումների կրկնությունը կանխելու համար: Այս համատեքստում, «Մասարաթ» կազմակերպությունը հաստատում է, որ չնայած 1948թ. ստորագրված «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին» կոնվեցիային, ցեղասպանությունը շարունակվում է և կրկնվում։ Ըստ էության, ավելի քան հարյուր տարի առաջ աշխարհն ականատես եղավ Հայոց ցեղասպանությանը և դրան հաջորդեցին նացիստական Գերմանիայում, նախկին Հարավսլավիայում, Կամբոջայում, Ռուանդայում, Դարֆուրում, Իրաքում և Մյանմայում ցեղասպանությունները. սրանք ընդամները մի քանի օրինակներն են ամբողջից, որ տեղի ունեցան 20-րդ և 21-րդ դարերում լռության և ժխտման քաղաքականության հետևանքով: Նշենք, որ «Մասարաթ» կազմակերպությունն իր դերն ունի ցեղասպանությունների և նրանց դիմակայելու կարևորությունը քարոզելու գործում։ Այս առումով, «Մասարաթ» կազմակերպությունը մասնակցություն է ունեցել 2015թ. Հայոց ցեղասպանության ոգեկոչման 100-ամյա տարելիցին նվիրված համագումարի կազմակերպման գործում՝ նպատակ ունենալով հանրության ուշադրությանը հրավիրել ցեղասպանության շարունակականության վտանգի վրա: «Մասարաթը» կոչ է արել ստեղծել «Զոհերի միջազգային կոալիցիա»՝ ցեղասպանությունների կանխման գործում տարբեր կազմակերպությունների և անհատների ջանքերը համակարգելու նպատակով։ Միևնույն տարում կազմակերպությունը նախաձեռնել է նաև «Ցեղասպանությունը հարյուր տարի անց. հայերի ցեղասպանությունից մինչև եզդիների ցեղասպանություն» վերնագրով հետազոտական նախագիծ, որից երեք հատորներն արդեն հրատարակվել են։ Հետագա տարիներին մեր աշխատանքները նվիրված էին բռնությունների և զանգվածային ոճրագործությունների դեմ քաղաքականության կարևորությանը՝ հասարակությանն իրազեկելու և զարգացնելու և կրկնությունները կանխելու ուղղությամբ։ Կազմակերպել ենք նաև համագումարներ՝ հիշատակելով եզդիների ցեղասպանությունը, որոնք տեղի կունենան Բաղդադում և Էրբիլում: Աշխատանքներ են տարվել ցեղասպանության երկարաժամկետ հետևանքներն ավելի լավ հասկանալու համար. այդ նպատակով 2018թ. «Ատելության խոսքին հակազդելու ազգային կենտրոնը» անցկացրել է հետազոտություն, որը ներառում է ելույթների մեկնաբանություն՝ նախքան դրանց բռնության, խտրականության և էթնիկական զտումների քաղաքականության վերածվելը։ 2019թ. գիտելիքների տարածման և խտրականության և բռնության քաղաքականությունը մեղմացնելու նպատակով հիմնադրվել է «Կրոնական բազմազանության ուսումնասիրությունների ինստիտուտ», իսկ 2020թ. ստեղծվեց լրագրության աջակցության կենտրոն՝ միևնույն նպատակներն իրականացնելու նպատակով: Շարունակելով այս մոտեցումը՝ Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի կապակցությամբ «Մասարաթը» շեշտում է Իրաքի համալսարաններում ցեղասպանության դասավանդման կարևորությունը և դաշնային խորհրդարանի կողմից ատելության խոսքի քրեականացման համար օրինագիծ հրապարակելու անհրաժեշտությունը»:
21:27 - 25 ապրիլի, 2021
Իրաքի ՊՆ պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքներ և լուծումներ

Իրաքի ՊՆ պատվիրակությանն են ներկայացվել ՀՀ ռազմարդյունաբերական համալիրի արտադրանքներ և լուծումներ

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունում մարտի 25-ին նախարար  Հակոբ Արշակյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբի գլխավորած պատվիրակությանը։ Ինչպես տեղեկացրին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության լրատվական ծառայությունից, Իրաքի պաշտպանության նախարարության պատվիրակությանն են ներկայացվել Հայաստանի ռազմարդյունաբերական համալիրի առաջարկած մի շարք արտադրանքներ և լուծումներ: Ռազմարդյունաբերական համալիրի ընկերությունները ցուցադրել են հայկական զինատեսակների հնարավորությունները: Նախարար Արշակյանը ողջունել է իրաքցի գործընկերոջը և նշել, որ այս այցը փաստում է երկու երկների միջև եղած գործընկերային և բարեկամական հարաբերությունները: Արշակյանը պատրաստակամություն է հայտնել ակտիվացնել համագործակցությունը ռազմարդյունաբերության և նախարարության իրավասություններին վերաբերվող այլ ոլորտներում։ ՀՀ ԲՏԱ նախարարությունից նաև հայտնում են, որ Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարը նշել է, որ պատվիրակության այցը Հայաստան երկու հիմնական նպատակ է հետապնդում. երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների բարելավում ու զարգացում, ինչպես նաև ռազմատեխնիկական ոլորտում համագործակցության զարգացում: Հանդիպման ավարտին կողմերը փոխադարձ ցանկություն են հայտնել շարունակելու համագործակցությունը, Հակոբ Արշակյանը հատկապես կարևորել է հաջորդիվ կայանալիք Իրաքի ՊՆ աշխատանքային խմբի այցը Հայաստան:  
20:28 - 25 մարտի, 2021