Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինն է, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, «Իմ Քայլը» հիմնադրամի հիմնադիրը, «Ժպիտների քաղաք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահը։

Աննա Հակոբյանը ծնվել է 1978 թվականի փետրվարի 1-ին Երևանում: Ավարտել է Երևանի թիվ 119 ֆրանսիական թեքումով դպրոցը, ապա՝ Երևանի պետական համալսարանի լրագրության ֆակուլտետը: Կարևորելով շարունակական կրթությունը` 2001 թվականին Աննա Հակոբյանն ավարտել է մի շարք դասընթացներ Ամերիկյան համալսարանում: Աշխատելուն զուգահեռ, լրագրողական հմտություններն ու կարողությունները զարգացնելու նպատակով, մասնակցել է Հայաստանում և արտերկրում մի շարք դասընթացների:

2003-2008 թթ. աշխատել է «Հայկական ժամանակ» օրաթերթում՝ որպես լրագրող, լուսաբանել է արտաքին և ներքին քաղաքականության ոլորտները: 2008 թվականի մարտի 1-ին Հայաստանում տեղի ունեցած իրադարձություններից հետո, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ընդհատակյա գործունեության, այնուհետև կալանավայրում անցկացրած տարիներին Աննա Հակոբյանը ստանձնել է թերթի գլխավոր խմբագրի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները:

2013 թվականից Աննա Հակոբյանը ստանձնել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի պաշտոնը:

Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարին

Փաշինյանը տիկնոջ հետ ներկա է գտնվել «ՀՀ վարչապետի գավաթ» սեղանի թենիսի մրցաշարին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այսօր Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքում ներկա են գտնվել «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի եզրափակիչ փուլին: Արդեն երկրորդ անգամ անցկացվող սեղանի թենիսի մրցաշարով մեկնարկում են «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2023թ. սիրողական մրցաշարերը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը հետևել են մրցաշարի 4 եզրափակիչ խաղի ընթացքին, որոնք անցկացվել են Չարենցավանի Արա Մանուկյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցում: Մրցումների ավարտից հետո տեղի է ունեցել պարգևատրման հանդիսավոր արարողություն: Սեղանի թենիսի սիրողական մրցաշարն անցկացվել է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում, 2 փուլով, մասնակցել է 2 տարիքային խումբ՝18-40 տարեկան ու 41 և բարձր տարիքի կանայք և տղամարդիկ: Եզրափակիչ փուլում մրցել են առաջին փուլում 2 տարիքային խմբում 1-3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցները: 2 տարիքային խմբում 1-10-րդ տեղը գրաված մասնակիցները պարգևատրվել են Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հավաստագրերով, մեդալներով և դրամական մրցանակներով: 1-ին տեղի համար դրամական պարգևատրման չափը կազմել է 1.000.000 ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 500.000 ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 300.000 ՀՀ դրամ, 4-րդ տեղ՝ 100.000 ՀՀ դրամ, 5-10-րդ տեղ՝ 50.000-ական ՀՀ դրամ: 1-ին տեղը գրաված մասնակիցներին այս տարի շնորհվել են նաև խորհրդանշական գավաթներ: Վարչապետը պարգևներ է հանձնել տղամարդկանց 18-40 տարիքային խմբի 1-3-րդ տեղերի հաղթողներին, ինչպես նաև հուշանվերներ և դիպլոմներ՝ տարիքով ամենաավագ 2 մասնակիցներ Էմմա Առաքելյանին և Կարեն Բեգլարյանին, որոնք ներկայացնում էին Սյունիքի մարզը: Մյուս մրցանակները հանձնել են ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանը: Պարգևատրումից հետո երկրի վարչապետը հանդես է եկել ելույթով, որում նշել է. «Հարգելի ներկաներ, Նախ ևս մեկ անգամ շնորհավորում եմ մեր գավաթակիրներին: Սեղանի թենիսի Վարչապետի գավաթն արդեն երկրորդ տարին է անցկացվում: Մենք այս մրցաշարը նախ իրականացնում ենք սպորտը և ֆիզկուլտուրան զանգվածային դարձնելու համար: Գիտեք, որ ամեն անգամ մենք կոնկրետ թենիսի մրցաշարի համար լրիվ նոր գույք ենք ձեռք բերում, մրցաշարից հետո այդ գույքը փոխանցվում է մարզային մարզադպրոցներին, որպեսզի այս մարզաձևը՝ սեղանի թենիսը զարգանա, առողջ ապրելակերպը զարգանա, մրցակցության ոգին զարգանա, հաղթանակի կամքը զարգանա և այդպիսով նաև՝ միասնության, ամբողջականության ոգին զարգանա: Երևի նկատեցիք, որ այս տարի մրցաշարի խորհրդանիշների փոփոխություն ենք իրականացրել: Արդեն հատուկ Վարչապետի գավաթի համար արտադրված մեդալներ և խորհրդանիշներ ունենք: Սա նաև ցույց է տալիս այս գաղափարի, նախաձեռնության զարգացումը: Այն, ինչ տեսնում ենք մրցահարթակում, շատ բաների մասին է պատմում և խոսում: Մենք տեսնում ենք հաղթանակի կամքը, ոգին, մենք տեսնում ենք հաջողություն, անհաջողություն: Նաև տեսնելով, մասնակցելով է, որ պիտի կարողանանք ապրել այդ ամեն ինչի հետ, հաղթահարել անհաջողությունները, հուսահատությունը, ձևավորել հաղթանակի կամքը և որոշում ունենալ, որ անպայման պետք է հասնենք մեր նպատակին: Իսկ մեր նպատակը ուժեղ, հզոր, բարեկեցիկ պետություն ունենալն է՝ Հայաստանի Հանրապետություն ունենալն է, որ, ահա, այս կարգի մարզադահլիճները Հայաստանի Հանրապետությունում լինեն սովորական, լինեն մեր բոլոր բնակավայրերում, բոլոր գյուղերում, բոլոր թաղամասերում: Հազարավոր, տասնյակ հազարավոր երեխաներ, մեծահասակներ մտնեն այս սպորտդահլիճներ՝ իրենց կամքն ամրացնելու և դաստիարակելու, մեծահասակներն իրենց կամքով օրինակ ծառայեն երիտասարդությանը: Եվ մենք, ի վերջո, կարողանանք առողջացնել ինքներս մեզ՝ ֆիզիկապես, հոգեբանորեն և բարոյապես: Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր մասնակիցներին: Այս տարվա մրցահարթակին մենք, իհարկե, նախորդ տարվա մրցաշարից ծանոթ դեմքեր տեսանք: 3 ձևերում այս տարի արդեն ունենք կրկնակի գավաթակիրներ, բայց մրցահարթակին և պարգևատրման հարթակին նաև նոր դեմքեր տեսանք: Եվ ես ուզում եմ նրանց էլ առանձնահատուկ շնորհավորել՝ մեր կրկնակի մրցանակակիրներին և հույս հայտնել, որ մասնակիցների թվի, ենթակառուցվածքների աճի հետ նաև մրցակցությունը կուժեղանա, և մենք կունենանք նոր չեմպիոններ: Բայց, իհարկե, նրանք, ովքեր հաղթում են, կարևոր է, որ հաղթում են արդար մրցապայքարում և հաղթում են, առաջին հերթին, իրենց կամքի շնորհիվ: Վարչապետի գավաթը մարդկային կյանքը և մարդկային կամքը փառաբանելու մասին է: Վերջում ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր կազմակերպիչներին, Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը: Մենք տեսնում ենք, որ ամեն անգամ մեր կազմակերպչական նրբությունների նկատմամբ առանձնահատուկ նախանձախնդրություն ենք ցուցաբերում, և դա առաջին հերթին մեր հարգանքի տուրքն է մասնակիցների, մարզաձևի և հանդիսատեսի նկատմամբ: Շնորհակալություն եմ հայտնում բոլորիդ և հաջողություն եմ մաղթում բոլորիս»: * * * «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» 2023թ. սեղանի թենիսի երկրորդ սիրողական մրցաշարին այս տարի մասնակցել է 2069 անձ՝ նախորդ տարվա շուրջ 1620 մասնակցի համեմատ: Մասնակիցների թվով առաջին տեղում Երևան քաղաքն է (600), 2-րդ տեղում Գեղարքունիքի մարզը՝ (235), 3-րդում՝ Շիրակի մարզը (205): «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» սիրողական մրցաշարերն անցկացվում են 2022թ.-ից և շարունակական բնույթ են կրում: 2022թ. անցկացվել է 5 մրցաշար՝ սեղանի թենիս, դպրոցականների թիմային խճուղավազք, խճուղային հեծանվավազք, լող Սևանա լճում և խճուղավազք՝ ընդհանուր շուրջ 5300 մասնակցով:
19:11 - 02 ապրիլի, 2023
Աննա Հակոբյանն Իրանում բարձրաձայնել է Արցախում առաջացած հումանիտար ճնաժամի հարցը

Աննա Հակոբյանն Իրանում բարձրաձայնել է Արցախում առաջացած հումանիտար ճնաժամի հարցը

Հայաստանի Հանրապետության վարչապետի տիկին Աննա Հակոբյանը և ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Իրանի Իսլամական հանրապետությունում մասնակցել են «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարին»: Հունվարի 20-ին անցկացվող ֆորումի առաջին հատվածում Թեհրանում գտնվող առաջին տիկինները հանդես են եկել ելույթներով և քննարկել համագումարի ավարտին հուշագիր կնքելու մանրամասները: Աննա Հակոբյանը ևս ելույթով է հանդես եկել և գործընկերներին ներկայացրել է Հայաստանում կանանց ներգրավածությանը մակարդակը` քաղաքական ոլորտից մինչև առողջապահություն, կրթություն և անգամ Զինված ուժեր: Վարչապետի տիկինը ներկաներին վստահեցրել է, որ այսօրինակ միջոցառումներն ավելի են կարևորվում ժամանակակից աշխարհում, որտեղ մեծապես արժևորվում է կնոջ դերը: Նման համագունարները նպաստում են նաև տարբեր գործունեություն ծավալող կանանց հավաքվել, քննարկել, լուծումներ գտնել: Աննա Հակոբյանը գործընկերներին է ներկայացրել նաև խաղաղություն հաստատելու նպատակով իր ստեղծած «Կանայք հանուն արդարության» նախաձեռնությունը, որի նպատակն է պայքարել պատերազմների դեմ, միավորել և բարձր հնչեցնել կանանց ձայնը: Նախաձեռնությանը խանգարեց Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմը: Ներկայացնելով Հայաստանի առաջ ծառացած խնդիրները` 44-օրյա պատերազմից մինչև Ադրբեջանի կողմից հայկական տարածքների օկուպացիա, պահվող գերիներ, անհետ կորածներ, չդադարող հարձակումներ, հերոսների պղծված մարմիններ, հողին չհանձնված նահատակներ, վարչապետի տիկինը ներկաների ուշադրությունը հրավիրել է վերջին օրինախախտմանը` ադրբեջանցի կեղծ բնապահպանների կողմից Արցախը Հայաստանին կապող միակ կյանքի ճանապարհի փակմանը, 120.000 հայի զրկելով առողջապահական, կրթական և անհրաժեշտ կենսական տարրական պայմաններից: Մեկ ամսից ավելի է երեխաները զրկված են ծնողներից, կանայք իրենց ամուսիններից` իր խոսքում ընդգծել է Աննա Հակոբյանը: Վարչապետի տիկնոջ խոսքով՝ այս ամենը հետապնդում է Արցախում ապրող հայերին էթնիկ զտման ենթարկելու մտադրություն: Իսկ այս ամենը կանխելու համար, ըստ վարչապետի տիկնոջ, անհրաժեշտ է ողջ միջազգային հանրության հասցեագրված ու դատապարտող արձագանքը: Աննա Հակոբյանը ներկաների ու աշխարհի բոլոր կանանց առաջարկել է միանալ խաղաղություն հաստատելու արշավին և միասնականության կոչ արել: Ելույթի ավարտին Աննա Հակոբյանը ողջունել է նախատեսվող հուշագրի կնքման ու ասոցիացիա կազմելու նախաձեռնությունը, հույս հայտնել, որ փաստաթուղթը շուտով սեղանին կլինի և դետալային քննարկման հնարավորություն կտա բոլորին: Համագումարի առաջին մասում ելույթ են ունեցել մասնակից բոլոր առաջին տիկիններն ու բարձրաստիճան կին պաշտոնյաները, այդ թվում նաև համագումարի նախաձեռնող կողմը, ի դեմս ԻԻՀ առաջին տիկին Ջամիլե Սադաթ Ալամոլհոդայի: Իրանի առաջին տիկինն իր խոսքում ընդգծել է, որ համագումարի և կանանց նպատակը տղամարդկանց հետ մրցակցելը չէ, այլ գործակցելը: Նրա խոսքով, ի վերջո այդ գործակցության արդյունքում է կայանում «Ազդեցիկ կանանց միջազգային առաջին համագումարը»: Դոկտոր Ալամոլհոդան նշել է, որ իրենց նպատակը խտրականության դեմ պայքարն է, իսկ գլխավոր ցանկությունը աշխարհում արդարության, խաղաղության, բարեկամության և բարոյականաության հաստատումն է: Համագումարի առաջին հատվածից հետո վարչապետի տիկին Աննա Հակոբյանն այցելել է նաև Թեհրանի միջազգային ցուցահանդեսների սրահ։ Այս օրերին այնտեղ ներկայացված են բացառապես կանանց ներգրավվածությամբ պատրաստված ապրանքնատեսակներ։ Աննա Հակոբյանը շրջել է տաղավարներով, որտեղ յուրաքանչյուր վաճառող անհատական ներկայացրել է իր արտադրանքը։ Իրանցի կանանց ձեռքբերումների ցուցահանդեսում ներկայացված են գյուղատնտեսական, արդյունաբերական, ձկնաբուծական արտադրանքներ, սնունդ և այլ սարքավորումներ։ Աննա Հակոբյանը շրջայցի ընթացքում պատասխանել է նաև իրանական ԶԼՄ-ների հարցերի և կիսվելի ցուցահանդեսից ստացած տպավորություններով։
14:18 - 21 հունվարի, 2023
Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից․ Աննա Հակոբյան

Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից․ Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․   «Երեկ հյուրընկալվել էի Ելիսեյան պալատում, սիրելի Բրիջիտ Մակրոնի կողմից։ Տիկին Մակրոնին ներկայացրեցի, թե որքան է փոխվել Երեւանը 2018 թվականի հոկտեմբերից հետո, երբ տեր եւ տիկին Մակրոնները վայելեցին մեր քաղաքի տաք հյուրընկալությունը։ Ասացի՝ որ միայն պատկերացնել կարելի է, թե այս չորս տարվա ընթացքում դեռ որքան կզարգանար Հայաստանը, եթե չլիներ 2020 թվականի դավադիր պատերազմը։ Այդ դեպքում Եվրոպան մեր տարածաշրջանում արդեն իսկ կունենար հզոր, ժողովրդավար, ազատ եւ ուժեղ գործընկեր՝ ի դեմս Հայաստանի։   Բայց սա մի դժվար ճանապարհ է, որ Հայաստանը եւ հայ ժողովուրդը հաստատատակամ է անցնել, եւ մենք շնորհակալ ենք բոլոր բարեկամ երկրներին, ովքեր մեր կողքին կլինեն այդ ընթացքում»։
12:19 - 22 հոկտեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նյութական վիճակը 2018 թվականից հետո չի վատացել. Փաշինյանի պնդումը սխալ է

Նիկոլ Փաշինյանի ընտանիքի նյութական վիճակը 2018 թվականից հետո չի վատացել. Փաշինյանի պնդումը սխալ է

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արարատի մարզի մի քանի գյուղեր, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել գյուղի բնակիչների հետ։ Մրգավետ գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև իր և իր ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակին՝ նշելով, որ 2018 թվականից հետո իր ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակը վատացել է․ «Ես պատասխանատու ասում եմ՝ իմ ընտանիքի ֆինանսական վիճակը 2018 թվականից հետո, նյութական վիճակը վատացել ա, չի լավացել, և ես չեմ դժգոհում, ես ուրախ եմ, ես հպարտ եմ»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետի պաշտոնակատարը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձ են, հետևաբար՝ ամեն տարի ներկայացնում են եկամտի, գույքի և շահերի հայտարարագիր։ Infocom-ն ուսումնասիրել է վարչապետի պաշտոնակատարի և նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերը՝ պարզելու՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե նրա ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակը 2018 թվականից հետո վատացել է, ճի՞շտ է, թե՞ ոչ։ 2016 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր էր, հայտարարագրել է 5000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, իսկ այդ տարվա աշխատանքից ստացած վարձատրությունը կազմել է 6 մլն 422 հազար ՀՀ դրամ։ Այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը 2016 թվականին հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, իսկ այդ տարվա աշխատանքից ստացած վարձատրությունը կազմել է 5 մլն 98 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված չէ ստացված փոխառությունը (վարկը)։ Ընդհանուր առմամբ, 2016 թվականին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միասին հայտարարագրել են 6000 ԱՄՆ դոլար դրամական միջոց և 11 մլն 520 հազար ՀՀ դրամ աշխատավարձից ստացված եկամուտ։ 2017 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ դրամական միջոց։ Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 7 մլն 542 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված չէ ստացված փոխառությունը (վարկը)։ Սակայն այս գումարից 1 մլն ՀՀ դրամը նվիրատվություն է։ Աննա Հակոբյանը 2017 թվականին հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, իսկ տարվա ընթացքում աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարներից գոյացած եկամուտը կազմել է 11 մլն 745 հազար ՀՀ դրամ։ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի երեխաներից միայն Աշոտ Փաշինյանի ներկայացրած հայտարարագրում կար դրամական միջոց։ Վերջինս նվիրատվության կամ օգնության կարգով ստացել է 2350 եվրո գումար։ Ընդհանուր առմամբ, 2017 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հայտարարագրել է 2800 ԱՄՆ դոլար, 2350 եվրո և 20 մլն 77 հազար ՀՀ դրամ գումար։ 2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ դրամական միջոց, իսկ աշխատանքից վարձատրությունը կազմել է 13 մլն 963 հազար ՀՀ դրամ։ Աննա Հակոբյանը 2018 թվականին հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար դրամական միջոց։ Աշխատանքից ստացված վարձատրությունը և վարձակալության դիմաց ստացված գումարները միասին կազմել են 11 մլն 509 հազար ՀՀ դրամ։ Աշոտ Փաշինյանը 2018 թվականին չի ներկայացրել հայտարարագիր։ Ընդհանուր առմամբ, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի եկամուտները կազմել են 2800 ԱՄՆ դոլար և 25 մլն 472 հազար ՀՀ դրամ։ Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարագրել է 320 ԱՄՆ դոլար և 3 մլն 333 հազար ՀՀ դրամ բանկային հաշիվների մնացորդ։ Փաշինյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ, իսկ աշխատավարձից և գրական ստեղծագործության վաճառքից ստացված եկամուտները կազմել են 14 մլն 52 հազար ՀՀ դրամ, որում ներառված չէ մեքենայի վաճառքից ստացված 4 մլն 550 հազար ՀՀ դրամը։ Աննա Հակոբյանը 2019 թվականին հայտարարագրել է 905 հազար ՀՀ դրամ բանկային հաշիվների մնացորդ, 1000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, իսկ աշխատանքի դիմաց ստացված և վարձակալության դիմաց ստացված եկամուտը կազմել է 7 մլն 673 հազար ՀՀ դրամ, որում ներառված չեն ստացված փոխառությունները (վարկերը)։ Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դուստր Մարիամ Փաշինյանը 2019 թվականին հայտարարագրել է 2 մլն 83 հազար ՀՀ դրամ աշխատավարձից գոյացած եկամուտ։ Նրանց մյուս երեխաները հայտարարագիր չեն ներկայացրել։ Ընդհանուր առմամբ, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հայտարարագրել է 3120 ԱՄՆ դոլար և 28 մլն 836 հազար ՀՀ դրամ։ Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարածած հայտարարության՝ հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց հարազատները պետք է հայտարարագրերը ներկայացնեին մինչև հունիսի 5-ը ներառյալ, սակայն մինչ այս պահը և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ նրա ընտանիքի անդամների՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրերը հրապարակված չեն, հետևաբար կդիտարկենք մինչև 2019 թվականը ներկայացված հայտարարագրերը։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ընտնիքին պատկանող շարժական և անշարժ գույքին, ապա Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 16-ին, վաճառել է իր «Hyundai Sonata» ավտոմեքենան։ Փաշինյանը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ է, հետևաբար օգտվում է վարչապետի պաշտոնին հատկացվող տրանսպորտային միջոցից և պետական պահպանության տակ գտնվող կառավարական առանձնատնից։ Այսպիսով՝ եթե բոլոր տեսակի գումարային միջոցները վերածենք դրամի, ապա 2016 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ընդհանուր եկամուտը եղել է 14 մլն 628 հազար ՀՀ դրամ, 2017 թվականին՝ 22 մլն 996 հազար, 2018-ին՝ 26 մլն 922 հազար, 2019-ին՝ 30 մլն 452 հազար ՀՀ դրամ։ Այսպիսով, կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 2018 թվականից հետո նրա ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակը լավանալու փոխարեն վատացել է, իրականությանը չի համապատասխանում։ Նարեկ Մարտիրոսյան
10:14 - 05 հունիսի, 2021
Հյուրընկալել ենք պատերազմի ընթացքում մարտնչած ու վիրավորում ստացած մեր զինվորների հերթական խմբին. Աննա Հակոբյան

Հյուրընկալել ենք պատերազմի ընթացքում մարտնչած ու վիրավորում ստացած մեր զինվորների հերթական խմբին. Աննա Հակոբյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ հյուրընկալել է պատերազմի մասնակից զինվորների հերթական խմբին: «Այսօր հյուրընկալել ենք պատերազմի ընթացքում տարբեր ռազմաճակատներում մարտնչած ու վիրավորում ստացած մեր զինվորների հերթական խմբին։   Նրանցից ոմանք ժամկետային զինծառայողներ էին, երբ պատերազմ սկսվեց։ Ոմանք էլ աշխարհազորայիններ ու կամավորներ՝ որոնք Ադրբեջանի սանձազերծած ռազմական գործողությունների սկսելուն պես մեկնեցին ռազմաճակատ։ Այս երիտասարդներից յուրաքանչյուրի պատմությունն իսկապես հերոսական է։ Նրանք անցել են բազմաթիվ դժվարությունների միջով, սակայն չեն կոտրվել։ Մեզ համար կարևոր էր նրանց հետ ծանոթանալը, նրանց պատմությունները լսելը, ապագայի ծրագրերի մասին իմանալը։ Պատերազմով անցած երիտասարդները անկաշկանդ մթնոլորտում կարողացան հարցեր ուղղել ՀՀ վարչապետին, ստանալ պատասխաններ։ Զրույցի ընթացքում նաև արձանագրեցինք մի շարք խնդիրներ, որոնց լուծմանը հետամուտ կլինենք։ Փոխանակվեցինք տվյալներով՝ հետագայում էլ կապ պահպանելու համար»,- տեղեկացրել է Աննա Հակոբյանը։        
19:54 - 21 մարտի, 2021
Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով
 |fip.am|

Ալիևների անշարժ գույքի փաթե՞թն է, թե՞ գազի անդորրագիրը. Աննա Հակոբյանին վերագրվող «գույքի» հետքերով |fip.am|

fip.am: Համացանցում և լրատվական կայքերում տարածվում է մի «սենսացիոն փաստաթուղթ», որով, իբրև, ապացուցվում է, որ առաջին տիկին Աննա Հակոբյանին է փոխանցվել Դուբայում Ալիևների ընտանիքին պատկանող անշարժ գույքի սեփականության փաթեթը։ Փաստաթուղթը համապատասխան գրառումով տարածել է տելեգրամյան Mediaport ալիքը, որը պարբերաբար աչքի է ընկնում իրականությանը չհամապատասխանող և կեղծ լուրերի տարածմամբ։ Ըստ ալիքի՝ փաստաթուղթն Աննա Հակոբյանին է փոխանցվել հունվարի 15-ին Մոսկվայում։ «Փաստաթղթում երևում է, որ Աննա Հակոբյանին է փոխանցվել Ալիևների ընտանիքին պատկանող՝ ավելի կոնկրետ Լեյլա Ալիևայի անունով գրանցված անշարժ գույքի սեփականության փաթեթ և կից փաստաթղթեր՝ Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում»,- նշված է գրառման մեջ։ «Սենսացիոն փաստաթուղթը» կից գրառման հետ տարածել են Politik.am-ը, Antifake.am-ը, Panorama.am-ը, 7or.am-ը, iravunk.com-ը և այլ լրատվականներ։  Սակայն փաստաթղթի ուսումնասիրությունից պարզ է դառնում, որ այն ընդամենը գազի վճարման անդորրագիր է։ Փաստաթղթի վրա նշված է Lootah GAS P.J. այս ընկերությունը գազամատակարարում է իրականացնում նաև Դուբայում։ Փաստաթղթի վրա նշված է սպառված գազի քանակը, վճարման ժամանակահատվածը և այլն։ Այսպիսով, տելեգրամյան ալիքն ու լրատվականները հերթական կեղծ լուրն են տարածում, քանի որ գազի վճարման անդորրագիրը, չի կարող լինել սեփականության փոխանցման փաստաթուղթ։
13:20 - 17 հունվարի, 2021
Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինծառայողների մայրերի հետ

Աննա Հակոբյանը հանդիպել է Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած զինծառայողների մայրերի հետ

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:   Տիկին Հակոբյանն իր զորակցությունը հայտնեց հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինը իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»:   Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքը հայտնեցին վարչապետի տիկնոջը: Տիկին Հակոբյանը մայրերին հայտնեց, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:   Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ:   Հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ:  
19:06 - 30 նոյեմբերի, 2020
Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան
 |pastinfo.am|

Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը. Տարոն Սիմոնյան |pastinfo.am|

pastinfo.am: Վարչապետի յուրաքանչյուր միտք, ըստ էության, ավելի են խորացնում քաղաքական անհանդուրժողականությունը հասարակության շրջանում և ավելի է վնասում մեր ազգային և պետական շահերին,-այս մասին ասաց ՀՀ ԱԺ ԼՀԿ խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը՝ անդրադառնալով վարչապետի այսօրվա տեսաուղերձում արտահայտած այն մտքին, որ երկրում կան քաղաքական խմբեր, որոնք պատերազմը ցանկանում են տեղափոխել Հայաստան և երկրում քաոս ստեղծել: Նշենք, որ վարչապետն այսօր անդրադարձել էր նաեւ իր կնոջ՝ Աննա Հակոբյանի հրամանատարական կետ այցելությանը՝ նշելով, որ դա տեղի է ունեցել իր հանձնարարությամբ։ Ավելին՝ Նիկոլ Փաշինյանի կարծիքով արտառոց ոչինչ չկա ու ոչ էլ քաղաքական քննարկումների առարկա պետք է դառնա այդ հարցը՝ ասելով. «ինչ ցոփության մասին է խոսքը, երբ վարչապետի ընտանիքի անդամը վարչապետի հանձնարարությամբ գնում է հրամանատարական կետ, կարող է Բադեն-Բադեն է գնացել»։ Ըստ նրա՝ Աննա Հակոբյանը գնացել էր բարոյական աջակցություն ցույց տալու։ «Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի գործողություններին որևէ անձ չի կարող միջամտել, այդ թվում՝ վարչապետի կինը, այս դեպքում երկրի ղեկավարին, որը նման բան է թույլ տվել պետք է ենթարկել առնվազն քաղաքական պատասխանատվության »,-ասաց Սիմոնյանը:      
22:01 - 27 նոյեմբերի, 2020
Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին

Աննա Հակոբյանն այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնում բուժում ստացող տղաներին

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը նոյեմբերի 27-ին այցելել է Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոն, շրջել կենտրոնի հիվանդասենյակներով, մարզասրահներով, ծանոթացել պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և կենտրոնում վերականգնողական բուժում ստացող տղաների հետ: Այս մասին հայտնում է «Իմ քայլը» հիմնադրամը։ Կենտրոնի ընթերցասրահում տեղի է ունեցել նաև անկեղծ զրույց, որի ընթացքում տղաները պատմել են իրենց մարտական ուղու մասին, բարձրացրել իրենց հուզող հարցերը, դիտարկումներ արել ինչպես բանակի ու պատերազմի, այնպես էլ երկրի առաջ ծառացած խնդիրների մասին: Կենտրոնում վերականգնվող արցախցի զինվորական Արթուր Աբրահամյանը պատմել է, որ աներկբա որոշում ունի՝ վերադառնալ Արցախ ու զրոյից սկսել կառուցել իր տունը, բանակը, երկիրը, միասնական, համերաշխ ու հաստատակամ լինել նորից հաղթելու համար: Աննա Հակոբյանը լսել է բոլորին, պատասխանել հարցերին և, ի դեմս հանդիպման ներկաների, հավաստիացրել, որ բոլոր վիրավորներն ու տուժածներն իրենց կյանքի որակի բարձրացման համար ստանալու են անհրաժեշտ բուժօգնություն, բոլորը լինելու են հոգածության տակ: «Ինձ համար կարևոր է ինչպես զինվորների ֆիզիկական, այնպես էլ հոգեկան ամրությունը: Օր առաջ սկսելու ենք ձեր վերականգնումը, դրանում չկասկածե՛ք»,- նշել է Հակոբյանը: «Զինվորները շնորհակալություն հայտնեցին կենտրոնի անձնակազմի, բժիշկների մասնագիտական ու մարդկային որակների, ստացած ջերմության համար: ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը և վերականգնողական կենտրոնի աշխատանքները համակարգող «Աջակցություն վիրավոր զինվորներին և զինվորական հաշմանդամներին» ՀԿ նախագահ Հայկուհի Մինասյանը ներկայացրեցին կատարված և ընթացիկ աշխատանքը, բարձրացրեցին խնդիրներ, որոնք ենթակա են կարգավորման:  
19:05 - 27 նոյեմբերի, 2020
Աննա Հակոբյանը շրջայցեր է կատարում հումանիտար օգնության կայաններում

Աննա Հակոբյանը շրջայցեր է կատարում հումանիտար օգնության կայաններում

ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Աննա Հակոբյանը հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուների ուղեկցությամբ այս օրերին շրջայց է կատարում ՀՀ-ում ԱՀ կառավարության օպերատիվ շտաբին կից, ՀՀ ԱԻՆ-ի վերահսկողությամբ և վարչական շրջանների միջոցով կազմակերպված, ինչպես նաև անհատ բարերարների, կամավորների ջանքերով գործող հումանիտար օգնության կայաններում:   Տեղում ծանոթանալով կատարված աշխատանքին՝ գնահատվում են այս պահին խիստ անհրաժեշտության կարիքները, որ կազմակերպվեն դրանց ձեռքբերումն ու հասցեական բաշխումը:   Այսօրվա համար պարզ դարձավ, որ առաջացել է մանկական տակդիրների, կերերի և մսամթերքի պակաս, որի լրացումն արագ կազմակերպվեց: Բացի այդ, հիմնադրամի սոցիալական ոլորտի աշխատակիցները կապ են հաստատում Երևանի վարչական շրջաններում ժամանակավոր բնակություն հաստատած արցախցի ընտանիքների հետ, լսում նրանց, ուսումնասիրում ստացած օգնության բավարարությունը, գրանցում կարիքները, որ առավել արդյունավետ կազմակերպվեն հումանիտար աջակցությունը և դրա շարունակականության ապահովումը:   Շրջայցերը շարունակական են լինելու, մինչև տրվի ապրելու համար առաջին անհրաժեշտության բոլոր կարիքների լուծումը:   Տիկին Հակոբյանն իր երախտիքն է հայտնում այն անհատներին, կազմակերպություններին, որ պատերազմի թեժ օրերին՝ թշնամու առաջին կրակոցից սկսած, ինքնակազմակերպվեցին, բռունցք դարձան ու սատար կանգնեցին արցախցուն:   «Կեցցե՛ք, շնորհակալ ենք»,- այսպես է տիկին Հակոբյանն ավարտում իր զրույցը կամավորների հետ հանդիպումների ժամանակ:
20:16 - 26 նոյեմբերի, 2020
Իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը․ Աննա Հակոբյան |armtimes.com|

Իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը․ Աննա Հակոբյան |armtimes.com|

armtimes.com: «Ես ոչ մի տեղ չեմ գնացել, մենք մեր ջոկատով շարունակում ենք պահել մեզ վստահված դիրքը: Մեզ հանձնարրաված է վերահսկել այն ձորը, որտեղից հնարավոր է թշնամու դիվերսիոն խմբերի սողոսկում լինի դեպի մեր տարածք: Մեզ վստահված էր հսկել և անհրաժեշտւթյան դեպքում չեզոքացնել»: Այս մասին քիչ առաջ ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանը տեղեկացրեց Ֆեյսբուքի ուղիղ եթերում: «Գիտեմ, որ այս ընթացքում մեծ քննարկում է եղել, թե ինչու եմ ես զինվորագրվել հայրենիքի պաշտպանությանը: Քննարկման մեխն է եղել, որ դա կնոջ տեղ չէ, վարչապետի տիկինն այլ գործեր ուներ անելու: Հիմա հենց այն պահն է, որ պետք է այդ հարցի պատասխանները փնտրենք. թե ինչու այդպես եղավ, ինչ անհրաժեշտությունից ելնելով ես այդ քայլին գնացի: Մենք, իհարկե, սահմանված ժամկետներում կվերադառնանք, ինչպես և մեզ հետ բոլոր կամավորները: Բայց ես ուզում եմ բոլորն իմանան, որ իմ առաջին անելիքը վերադառնալուց հետո լինելու է իմ ջոկատի կազմը համալրելը, և շատ ավելի երկար ժամկետներում, և շատ ավելի պրոֆեսիոնալ զինվորական հմտություններին տիրապետելը: Իմ քայլը լինելու է հետևյալը. լինել այնպիսին, որ անհրաժեշտության դեպքում մենք, զենք վերցրած կանայք այնքան ուժեղ լինենք, որ ոչ միայն հոգեբանական բեկման համար ցանկանանք գնալ առաջին գիծ՝ պաշտպանելու մեր հայրենիքը, այլ իրական ռազմական նպատակով»,-ասաց վարչապետի տիկինը:    
09:48 - 13 նոյեմբերի, 2020