ՀՀ վարչապետի տիկին, «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների նախագահ Աննա Հակոբյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 30-ին Կառավարության ամառանոցում տեղի ունեցավ հանդիպում Արցախյան պատերազմում գերեվարված, անհետ կորած ժամկետային զինծառայողների մայրերի հետ:
Տիկին Հակոբյանն իր զորակցությունը հայտնեց հայ մայրերին. «Ե՛վ ես, և՛ մեր ընտանիքը կիսում ու կրում ենք ձեր ապրումները, ցավը: Ամենաբարձր մակարդակով արվում է հնարավորն ու անհնարինը իրավիճակից ելք գտնելու, մեր տղաներին ընտանիք վերադարձնելու համար»:
Հանդիպմանը մայրերն իրենց ունեցած տեղեկությունները, անհանգստությունները, բողոքը հայտնեցին վարչապետի տիկնոջը: Տիկին Հակոբյանը մայրերին հայտնեց, որ ուժերի ու լիազորությունների սահմաններում կփորձի մայրերի բարձրացրած հարցերն ուղղել համապատասխան կառույցներին:
Զրույցի ընթացքում ի հայտ եկավ նաև ընտանիքների կրտսեր անդամներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելու անհրաժեշտություն, ուստի «Իմ քայլը» հիմնադրամի սոցիալական հարցերով պատասխանատուները կանեն կարիքների գրանցում ու կկազմակերպեն մասնագետների հանդիպումներ երեխաների, ինչպես նաև մեծահասակների հետ:
Հոգեբանական աջակցությունը կկազմակերպվի Հայկական Կարմիր Խաչի ընկերության հետ համագործակցությամբ:
comment.count (0)