Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը երեկ այցելել է Արարատի մարզի մի քանի գյուղեր, որի ընթացքում հանդիպումներ է ունեցել գյուղի բնակիչների հետ։ Մրգավետ գյուղում բնակիչների հետ հանդիպման ժամանակ վարչապետի պաշտոնակատարը, ի թիվս այլ հարցերի, անդրադարձավ նաև իր և իր ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակին՝ նշելով, որ 2018 թվականից հետո իր ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակը վատացել է․
«Ես պատասխանատու ասում եմ՝ իմ ընտանիքի ֆինանսական վիճակը 2018 թվականից հետո, նյութական վիճակը վատացել ա, չի լավացել, և ես չեմ դժգոհում, ես ուրախ եմ, ես հպարտ եմ»,- բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետի պաշտոնակատարը, ինչպես նաև նրա ընտանիքի անդամները հայտարարատու պաշտոնատար անձ են, հետևաբար՝ ամեն տարի ներկայացնում են եկամտի, գույքի և շահերի հայտարարագիր։ Infocom-ն ուսումնասիրել է վարչապետի պաշտոնակատարի և նրա ընտանիքի անդամների ներկայացրած հայտարարագրերը՝ պարզելու՝ Նիկոլ Փաշինյանի այն պնդումը, թե նրա ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակը 2018 թվականից հետո վատացել է, ճի՞շտ է, թե՞ ոչ։
2016 թվականին Նիկոլ Փաշինյանը, երբ դեռ Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավոր էր, հայտարարագրել է 5000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, իսկ այդ տարվա աշխատանքից ստացած վարձատրությունը կազմել է 6 մլն 422 հազար ՀՀ դրամ։
Այն ժամանակ պատգամավոր Նիկոլ Փաշինյանի կին Աննա Հակոբյանը 2016 թվականին հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, իսկ այդ տարվա աշխատանքից ստացած վարձատրությունը կազմել է 5 մլն 98 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված չէ ստացված փոխառությունը (վարկը)։
Ընդհանուր առմամբ, 2016 թվականին Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը միասին հայտարարագրել են 6000 ԱՄՆ դոլար դրամական միջոց և 11 մլն 520 հազար ՀՀ դրամ աշխատավարձից ստացված եկամուտ։
2017 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ դրամական միջոց։ Աշխատավարձից ստացված եկամուտը կազմել է 7 մլն 542 հազար ՀՀ դրամ, որի մեջ ներառված չէ ստացված փոխառությունը (վարկը)։ Սակայն այս գումարից 1 մլն ՀՀ դրամը նվիրատվություն է։
Աննա Հակոբյանը 2017 թվականին հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար դրամական միջոց, իսկ տարվա ընթացքում աշխատավարձից և վարձակալության դիմաց ստացված վճարներից գոյացած եկամուտը կազմել է 11 մլն 745 հազար ՀՀ դրամ։
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի երեխաներից միայն Աշոտ Փաշինյանի ներկայացրած հայտարարագրում կար դրամական միջոց։ Վերջինս նվիրատվության կամ օգնության կարգով ստացել է 2350 եվրո գումար։
Ընդհանուր առմամբ, 2017 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հայտարարագրել է 2800 ԱՄՆ դոլար, 2350 եվրո և 20 մլն 77 հազար ՀՀ դրամ գումար։
2018 թվականին Նիկոլ Փաշինյանը հայտարարագրել է 1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ դրամական միջոց, իսկ աշխատանքից վարձատրությունը կազմել է 13 մլն 963 հազար ՀՀ դրամ։
Աննա Հակոբյանը 2018 թվականին հայտարարագրել է 1000 ԱՄՆ դոլար դրամական միջոց։ Աշխատանքից ստացված վարձատրությունը և վարձակալության դիմաց ստացված գումարները միասին կազմել են 11 մլն 509 հազար ՀՀ դրամ։ Աշոտ Փաշինյանը 2018 թվականին չի ներկայացրել հայտարարագիր։
Ընդհանուր առմամբ, 2018 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի եկամուտները կազմել են 2800 ԱՄՆ դոլար և 25 մլն 472 հազար ՀՀ դրամ։
Նիկոլ Փաշինյանը 2019 թվականին հայտարարագրել է 320 ԱՄՆ դոլար և 3 մլն 333 հազար ՀՀ դրամ բանկային հաշիվների մնացորդ։ Փաշինյանի կանխիկ դրամական միջոցները կազմել են 1800 ԱՄՆ դոլար և 790 հազար ՀՀ դրամ, իսկ աշխատավարձից և գրական ստեղծագործության վաճառքից ստացված եկամուտները կազմել են 14 մլն 52 հազար ՀՀ դրամ, որում ներառված չէ մեքենայի վաճառքից ստացված 4 մլն 550 հազար ՀՀ դրամը։
Աննա Հակոբյանը 2019 թվականին հայտարարագրել է 905 հազար ՀՀ դրամ բանկային հաշիվների մնացորդ, 1000 ԱՄՆ դոլար կանխիկ գումար, իսկ աշխատանքի դիմաց ստացված և վարձակալության դիմաց ստացված եկամուտը կազմել է 7 մլն 673 հազար ՀՀ դրամ, որում ներառված չեն ստացված փոխառությունները (վարկերը)։
Նիկոլ Փաշինյանի և Աննա Հակոբյանի դուստր Մարիամ Փաշինյանը 2019 թվականին հայտարարագրել է 2 մլն 83 հազար ՀՀ դրամ աշխատավարձից գոյացած եկամուտ։ Նրանց մյուս երեխաները հայտարարագիր չեն ներկայացրել։
Ընդհանուր առմամբ, 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքը հայտարարագրել է 3120 ԱՄՆ դոլար և 28 մլն 836 հազար ՀՀ դրամ։
Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի տարածած հայտարարության՝ հայտարարատու պաշտոնատար անձինք և նրանց հարազատները պետք է հայտարարագրերը ներկայացնեին մինչև հունիսի 5-ը ներառյալ, սակայն մինչ այս պահը և՛ Նիկոլ Փաշինյանի, և՛ նրա ընտանիքի անդամների՝ 2020 թվականի տարեկան հայտարարագրերը հրապարակված չեն, հետևաբար կդիտարկենք մինչև 2019 թվականը ներկայացված հայտարարագրերը։
Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի ընտնիքին պատկանող շարժական և անշարժ գույքին, ապա Նիկոլ Փաշինյանը վարչապետ դառնալուց հետո՝ 2019 թվականի հուլիսի 16-ին, վաճառել է իր «Hyundai Sonata» ավտոմեքենան։ Փաշինյանը հատուկ պետական պաշտպանության ենթակա անձ է, հետևաբար օգտվում է վարչապետի պաշտոնին հատկացվող տրանսպորտային միջոցից և պետական պահպանության տակ գտնվող կառավարական առանձնատնից։
Այսպիսով՝ եթե բոլոր տեսակի գումարային միջոցները վերածենք դրամի, ապա 2016 թվականին Նիկոլ Փաշինյանի ընտանիքի ընդհանուր եկամուտը եղել է 14 մլն 628 հազար ՀՀ դրամ, 2017 թվականին՝ 22 մլն 996 հազար, 2018-ին՝ 26 մլն 922 հազար, 2019-ին՝ 30 մլն 452 հազար ՀՀ դրամ։
Այսպիսով, կարող ենք փաստել, որ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, թե 2018 թվականից հետո նրա ընտանիքի ֆինանսական, նյութական վիճակը լավանալու փոխարեն վատացել է, իրականությանը չի համապատասխանում։
Նարեկ Մարտիրոսյան
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)