ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Վահան Կոստանյանն ու Պավել Բուսիակիևիչը քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ծրագրի մշակմանն առնչվող հարցեր

Վահան Կոստանյանն ու Պավել Բուսիակիևիչը քննարկել են ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման ծրագրի մշակմանն առնչվող հարցեր

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահան Կոստանյանն ընդունել է ՀՀ-ԵՄ մուտքի արտոնագրերի ազատականացման շուրջ երկխոսության շրջանակներում Հայաստան ժամանած Եվրոպական հանձնաժողովի միգրացիայի և ներքին գործերի գլխավոր տնօրինության միջազգային հարաբերությունների բաժնի ղեկավար Պավել Բուսիակիևիչի գլխավորած պատվիրակությանը: ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մուտքի արտոնագրերի ազատականացման գործողությունների ծրագրի մշակմանն առնչվող հարցեր, ինչպես նաև ԵՄ հետ մուտքի արտոնագրերի ոլորտում համագործակցության շրջանակը:  ԵՄ գործընկերները տեղեկացրել են այցի շրջանակներում տվյալների և փաստաթղթերի անվտանգության, մարդու իրավունքների, կազմակերպված հանցավորության, կոռուպցիայի և ֆինանսական հանցագործությունների կանխարգելման ու դրանց դեմ պայքարին առնչվող ոլորտներում ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շուրջ ՀՀ շահագրգիռ գերատեսչությունների հետ ունեցած քննարկումների վերաբերյալ:
17:30 - 25 հունիսի, 2025
Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը

 |factor.am|

Բաքուն արձագանքել է ՀՀ ԱԳՆ-ի հայտարարությանը |factor.am|

factor.am: Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ ԱԳՆ հայտարարությանը, որով հայկական կողմը հիասթափություն էր արտահայտել Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Բաքվի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ «Մենք կտրականապես մերժում ենք ՀՀ Արտաքին գործերի նախարարության 2025 թվականի հունիսի 23-ի անհիմն հայտարարությունը «Ստամբուլի հռչակագրի» և Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) Արտաքին գործերի նախարարների խորհրդի 51-րդ նստաշրջանում ընդունված բանաձևերի վերաբերյալ»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն: Նա նշել է, որ իբր այս «փաստաթղթերի բովանդակությունը խեղաթյուրելու և պատմական փաստերը կեղծելու Հայաստանի փորձը խաղաղության գործընթացը խաթարելու և միջազգային հանրությանը շփոթեցնելու նրա ջանքերի ևս մեկ օրինակ է»։ «ԻՀԿ-ի կողմից ընդունված բանաձևերը, այդ թվում՝ «Հայաստանի ներկա տարածքից բռնի և համակարգված կերպով վտարված ադրբեջանցիների վերադարձի իրավունքը» վերնագրով բանաձևը, արտացոլում են պատմական փաստերը և հիմնված են միջազգային իրավունքի և արդարադատության սկզբունքների վրա։ Հակառակ Հայաստանի պնդումներին, ներկայիս Հայաստանից ադրբեջանցիների համակարգված վտարումը կամավոր չի եղել, այլ ուղեկցվել է բռնությամբ, սպառնալիքներով և մարդու իրավունքների կոպիտ խախտումներով։ ԻՀԿ-ի կողմից ադրբեջանցիների վերադարձի իրավունքի աջակցությունը Հայաստանի կողմից ներկայացված անհիմն «տարածքային պահանջ» չէ, այլ արդարադատության և նրանց հիմնարար իրավունքների վերականգնման կոչ», – ասվում է հայտարարության մեջ։ Նշվում է, թե Հայաստանի պնդումը 2023 թվականի «հակաահաբեկչական միջոցառումների վերաբերյալ նույնքան անհիմն է»(նկատի ունի Արցախում էթնիկ զտումը)։ «ԻՀԿ-ի բանաձևը, որը մերժում է Խոջալուի ցեղասպանության Հայաստանի աղավաղված մեկնաբանությունը, ևս մեկ անգամ հաստատում է անհերքելի ճշմարտությունը 1992 թվականի փետրվարին Խոջալուում 613 խաղաղ բնակիչների, այդ թվում՝ կանանց և երեխաների դաժան կոտորածի ժամանակ հայկական զինված ուժերի կողմից կատարված վայրագությունների մասին։ Մարդկության դեմ այս հանցագործությունը փաստաթղթավորվել է միջազգային մարդու իրավունքների կազմակերպությունների կողմից և ճանաչվել է բազմաթիվ երկրների կողմից։ Հայաստանի կողմից այս և այլ պատերազմական հանցագործությունների, այդ թվում՝ օկուպացիայի ընթացքում Ադրբեջանի մշակութային ժառանգության ոչնչացման համար իր պատասխանատվությունը չճանաչելը, ավելի է խաթարում նրա հեղինակությունը խաղաղության գործընթացում», – ասել է Հաջիզադեն։ Նա նշել է, թե, իբր, Հայաստանի կողմից խաղաղությանը նվիրվածության մասին պնդումը անհամատեղելի է նրա գործողությունների հետ. «Մինչդեռ Ադրբեջանը մշտապես պաշտպանել է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության փոխադարձ հարգանքի վրա հիմնված համապարփակ խաղաղության համաձայնագիրը, Հայաստանը բազմիցս խոչընդոտել է առաջընթացը՝ կարևորագույն հարցերի շուրջ ցուցաբերելով ոչ կառուցողական դիրքորոշում»։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
21:15 - 23 հունիսի, 2025
ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է ԻՀԿ-ի կողմից ընդունված «Ստամբուլի հռչակագրում» խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ․ հայտարարություն

ՀՀ ԱԳՆ-ն խորապես հիասթափված է ԻՀԿ-ի կողմից ընդունված «Ստամբուլի հռչակագրում» խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ․ հայտարարություն

ՀՀ ԱԳ նախարարությունը խորապես հիասթափված է Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական վերջին համաժողովի շրջանակներում ընդունված «Ստամբուլի հռչակագրում» և Ադրբեջանի նախաձեռնությամբ ներկայացված բանաձևերում տեղ գտած խեղաթյուրված և ծայրահեղ միակողմանի ձևակերպումների առնչությամբ։ Տվյալ փաստաթղթերում արտահայտված շեշտադրումները հակասում են տարածաշրջանում տևական խաղաղության հաստատման շահերին և տրամաբանությանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ԱԳՆ-ն։  «ԻՀԿ անդամ պետությունների ուշադրությունը հրավիրում ենք այն փաստին, որ «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթը մարդու իրավունքների քողի ներքո Ադրբեջանի կողմից հստակ տարածքային պահանջ է ՀՀ ինքիշխան տարածքի նկատմամբ, ինչը փաստվում է անգամ այդ նպատակով արհեստականորեն ձևավորված «կազմակերպության» հիմնադիր փաստաթղթերում։ Օգտակար ենք համարում հիշեցնել, որ արևմտյան Ադրբեջանը Ադրբեջանի արևմտյան շրջաններն են՝ Ղազախը, Թովուզը, Աղստաֆան, Գեդաբեյը, Դաշքեսանը, Քելբաջարը, Լաչինը, Կուբաթլուն, Զանգելանն ու Նախիջևանը: Հայաստանի Հանրապետության տարածքում չկա և չի կարող լինել այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջան»։ Ինչ վերաբերում է Խորհրդային Հայաստանում բնակվող ադրբեջանցիներին, ապա նրանք ԽՍՀՄ գոյության վերջին տարիներին Հայաստանից հեռացել են կամավոր, կարողացել են վաճառել կամ փոխանակել իրենց գույքը կամ ստացել են փոխհատուցում Հայաստանի կառավարությունից։ Ցավոք, նույնը չի եղել հայերի ճակատագիրն Ադրբեջանում՝ Բաքվում, Սումգայիթում և այլ վայրերում, որտեղ տեղի են ունեցել հայերի կոտորածներ և բռնի տեղահանում, իսկ նույնօրինակ վերջին դրսևորմանը մեր տարածաշրջանում աշխարհն ականատես եղավ 2023թ. աշնանը, երբ ավելի քան 115.000 հայեր ստիպված եղան լքել Լեռնային Ղարաբաղը՝ ենթարկվելով էթնիկ զտման։ ԻՀԿ կողմից նմանօրինակ վարքագծի անուղղակի խրախուսումը տրամանաբանական խզում է առաջացնում վերջին երկու տարիների ընթացքում Մերձավոր Արևելքում առկա ճգնաժամի նկատմամբ ԻՀԿ դիրքորոշման հետ: Զարմանք է առաջացնում նաև Խոջալուի դեպքերի թյուր մեկնաբանությունը: Մարդկության դեմ ուղղված հանցագործությունների իրական պատմությունը քաջ հայտնի է և ուղղակիորեն ժխտում է Հայաստանի Հանրապետությանն ուղղված ցանկացած մեղադրանք։ Ափսոսանք է առաջացնում այն, որ ընդունված հռչակագիրը, շեղվելով ԻՀԿ անդամների կողմից ս.թ. մարտին և հաջորդիվ արված՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների հաստատման և խաղաղության մասին համաձայնագրի կնքման վերաբերյալ հայտարարություններից, պարունակում է համաձայնագրի ստորագրման ճանապարհին առկա նախապայմանների վերաբերյալ միակողմանի արձանագրումներ։ ԻՀԿ անդամների ուշադրությունն ենք հրավիրում այն հանգամանքին, որ Հայաստանը հայտարարել է համաձայնագիրն առանց որևէ հետաձգման ստորագրելու պատրաստակամության մասին՝ առաջարկելով խորհրդակցություններ սկսել դրա ստորագրման վայրի և ժամկետի շուրջ, ինչպես նաև առաջարկել է կառուցողական լուծումներ գտնել Ադրբեջանի կողմից բարձրացվող մի շարք հարցերի կապակցությամբ: Տարածաշրջանում խաղաղության հաստատմամբ հետաքրքրված գործընկերների կողմից առավել տրամաբանական կլիներ հորդորել Ադրբեջանին առանց անհարկի հետաձգման ստորագրել համաձայնագիրը՝ զերծ մնալով այդ ճանապարհին արհեստական խնդիրներ հարուցելուց։ Խոր ափսոսանք է առաջացնում նաև մշակութային արժեքների պաշտպանության վերաբերյալ ընդունված բանաձևը. անտեսնելով Ադրբեջանի հսկողության ներքո հայկական մշակութային ժառանգության շարունակական ոչնչացումն ու դրա նկատմամբ համակարգված վանդալիզմը՝ բանաձևը հարցին փորձում է հաղորդել կրոնական երանգավորում՝ սնելով  թյուր և վտանգավոր թեզեր։ Հայաստանի հարգանքը և հոգատար վերաբերմունքը իսլամական  մշակութային ժառանգության նկատմամբ հայտնի է և հեշտությամբ ապացուցելի: ԱԳ նախարարությունը կոչ է անում վերոնշյալ հռչակագրին և բանաձևերին միացած Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրներին՝ վերանայել և վճռականորեն հրաժարվել Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թիրախավորող և Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացը վտանգող կողմնակալ նախաձեռնություններից:  Հարավային Կովկասում առկա է խաղաղության հաստատման իրական  հնարավորություն, որևէ միջազգային կազմակերպության նման գործելաոճը չի նպաստում այդ հնարավորության արդյունավետ իրացմանը։ Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է խաղաղության օրակարգին իրացման ռազմավարությանը և միջազգային գործընկերներին, այդ թվում Իսլամական Համագործակցության կազմակերպությունից ակնկալում է աջակցություն Հայաստանի և Ադրբեջանի միջև տևական և կայուն խաղաղություն հաստատելու ջանքերին»,- նշված է հայտարարության մեջ։  Նշենք, որ հունիսի 21-22-ը Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղի է ունեցել Իսլամական համագործակցության կազմակերպության (ԻՀԿ) անդամ պետությունների Արտաքին գործերի նախարարների խորհրդի (ԱԳԽ) 51-րդ նստաշրջանը։ Նստաշրջանի ավարտին ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը»։ Հռչակագրով անդամ երկրները կոչ են արել Հայաստանին «հաղթահարել խաղաղության համաձայնագրի ստորագրմանը խոչընդոտող իրավական ու քաղաքական արգելքները՝ այդպիսով դադարեցնելով ու զերծ մնալով Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը խաթարելուց»։ Հռչակագրով պետությունները խոր մտահոգություն են հայտնել ««Արևմտյան Ադրբեջան» համայնքի ճակատագրի վերաբերյալ, վերահաստատել տեղահանված ադրբեջանցիների հայրենադարձության իրավունքը, դատապարտել Հայաստանի հրաժարումը «Արևմտյան Արդբեջան համայնքի հետ երկխոսությունից»։ 
16:35 - 23 հունիսի, 2025
Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի. Անի Բադալյան
 |1lurer.am|

Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի. Անի Բադալյան |1lurer.am|

1lurer.am: Իրանում և Իսրայելում ՀՀ դեսպանությունները շարունակում են մշտական կապի մեջ լինել այդ երկրներում գտնվող ՀՀ քաղաքացիների հետ:  Ինչպես հայտնում է 1lurer.am՝ ասել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը: «Այս պահի դրությամբ՝ հունիսի 13-ից ի վեր, Իսրայելում ՀՀ դեսպանություն է դիմել 15 ՀՀ քաղաքացի, որոնց տրամադրվել է հայցվող տեղեկատվությունը: Ընդհանուր առմամբ Իսրայելից տարհանվել է երկու տասնյակ ՀՀ քաղաքացի, այդ թվում՝ Բեթղեհեմում գտնվող զբոսաշրջիկների խումբը, որը տեղափոխվել էր Եգիպտոոս: Իրանում ՀՀ դեսպանություն է դիմել շուրջ երեք տասնյակ ՀՀ քաղաքացի` հիմնականում ՀՀ տեղափոխմանն առնչվող հարցերով. դեսպանությունը տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, ըստ իրավիճակի և անհրաժեշտության՝ աջակցություն: 2025 թ. հունիսի 13-ից սկսած ՀՀ ԱԳ նախարարությունը ստացել է նաև օտարերկրյա քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հայտեր։ Դա վերաբերում է ինչպես ԻԻՀ-ում գործող օտարերկրյա պետությունների դիվանագիտական անձնակազմի անդամներին և նրանց ընտանիքի անդամներին, այնպես էլ այլ քաղաքացիների։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հրատապ կարգով ցուցաբերել է անհրաժեշտ աջակցությունը՝ ներառյալ անհրաժեշտության դեպքում վիզայի տրամադրման հարցերում։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
19:43 - 21 հունիսի, 2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Կայա Կալասի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից։ Զրուցակիցները քննարկել են իրադրությունը տարածաշրջանում՝ այդ թվում նաև անդրադառնալով Իրանին: Մտքեր են փոխանակվել տարածաշրջանային կայունության ապահովմանն ուղղված ջանքերի շուրջ: Հումանիտար հարցերի համատեքստում անդրադարձ է կատարվել երրորդ երկրների քաղաքացիների՝ Իրանից ՀՀ տարածքով տարհանման հնարավորությանն ու արձանագրված ցուցանիշներին: ՀՀ ԱԳ նախարարը և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչն անդրադարձ են կատարել նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում վերջին քննարկումներին: Անդրադառնալով ՀՀ-ԵՄ փոխգործակցությանը՝ Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը մտքեր են փոխանակել առաջիկայում նախատեսվող շփումների օրակարգի շուրջ։
13:30 - 21 հունիսի, 2025
Իրանում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն տարածաշրջանային կայունությունը, այլ նաև գլոբալ խաղաղությունը․ ԱԳ փոխնախարար

Իրանում ստեղծված իրավիճակը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն տարածաշրջանային կայունությունը, այլ նաև գլոբալ խաղաղությունը․ ԱԳ փոխնախարար

Հունիսի 20-ին ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով է հանդես եկել Փախստականների համաշխարհային օրվա կապակցությամբ ՄԱԿ Փախստականների գերագույն հանձնակատարի երևանյան գրասենյակի կողմից Կոմիտասի անվան թանգարան-ինստիտուտում կազմակերպված միջոցառմանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալն իր խոսքում նշել է. «Ձե՛րդ գերազանցություններ, Հարգելի՛ հյուրեր, Տիկնա՛յք և պարոնա՛յք, 2000 թվականի դեկտեմբերի 4-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 55/76 բանաձևով որոշեց, որ 2001 թվականից հունիսի 20-ը նշվում է որպես Փախստականների համաշխարհային օր։ Այսօր՝ հունիսի 20-ին, մեր աջակցությունն ու համերաշխությունն ենք հայտնում բոլոր փախստականներին: Ներկայումս աշխարհը բախվում է մի շարք բարդ մարտահրավերների՝ շարունակական հակամարտություններից և քաղաքական անկայունությունից մինչև կլիմայի փոփոխություն, նորագույն տեխնոլոգիների չարաշահում, անդրազգային հանցագործությունների աճ: Այս մարտահրավերները, ստեղծում են մի միջավայր, որտեղ տեղահանությունը դառնում է չափազանց տարածված իրականություն: Ցավոք, մեր տարածաշրջանը ևս բացառություն չէ այս երևույթներից: Այս համատեքստում, չեմ կարող չարտահայտել իմ խորը մտահոգությունն Իրանում ստեղծված իրավիճակի կապակցությամբ, ինչը սպառնալիքի տակ է դնում ոչ միայն տարածաշրջանային կայունությունը, այլ նաև գլոբալ խաղաղությունը: Հարգելի՛ ներկաներ, Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակն այս դաժան իրականության ևս մի վառ օրինակ էր: 2023 թվականին ավելի քան 115.000 մարդ ստիպված եղավ լքել իր տունը՝ անվտանգություն և պաշտպանվածություն փնտրելու նպատակով: Սա պարզապես վիճակագրություն չէ: Խոսքը ընտանիքների, կանանց, երեխաների և ծերերի մասին է, որոնց կյանքն անդառնալիորեն փոխվել է բռնության և անկայունության պատճառով։ Օգտվելով այս հնարավորությունից՝ կցանկանայի իմ անկեղծ երախտագիտությունը հայտնել բոլոր միջազգային կազմակերպություններին, գործընկեր և դոնոր երկրներին, որոնք կանգնած են Հայաստանի կողքին այս դժվարին մարտահրավերները հաղթահարելու գործում։ Առանձնահատուկ կցանկանայի ընդգծել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի դերը, որի ներգրավվածությունը կարևոր է եղել փախստականների հրատապ կարիքները հասցեագրելու համար։ Մենք բարձր ենք գնահատում ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի աջակցությունը Հայաստանում ներկայումս իրականացվող ծրագրերին՝ ուղղված փախստականների հոսքի ազդեցությունը մեղմելուն՝ վերջիններիս ինտեգրելով մեր երկրի զարգացման ռազմավարության մեջ։ Մենք հաստատակամ ենք փախստականներին աջակցելու և նրանց իրավունքները պաշտպանելու մեր հանձնառության մեջ՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում: Այս համատեքստում ցանկանում եմ նշել, որ փախստականների կարիքները հասցեագրելու համար Հայաստանը ստանձնել է մի շարք կարևոր հանձնառություններ Փախստականների համաշխարհային ֆորումի շրջանակներում և արդեն իսկ զգալի առաջընթաց է գրանցել դրանց կիրարկման գործում։ Հիմնական հաջողություններից մեկը քաղաքացիության մասին ազգային օրենքի փոփոխությունն է, որը հանգեցրել է քաղաքացիություն չունեցող անձանց 50%-ով կրճատմանը։ Հայաստանն ակտիվորեն մասնակցում է նաև ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի հետ քննարկումներին և մի շարք նախաձեռնությունների մշակմանը՝ ուղղված երկարաժամկետ ծրագրերի իրագործմանը, որոնք կհասցեագրեն ինչպես Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների մարդասիրական կարիքները, այնպես էլ նրանց ինտեգրումը հյուրընկալող համայնքներում։ Միջազգային գործընկերների հետ համատեղ արդեն իսկ մշակվել են մի շարք հայեցակարգային փաստաթղթեր, մասնավորապես՝ «Փախստականների արձագանքման և համակարգման վերաբերյալ քաղված դասեր», «Հումանիտար-զարգացման կապի գործառնականացումը Հայաստանում», ինչպես նաև «Փախստականների և ընդունող համայնքների համար ներառական կենսապահովման ազգային շրջանակը», որոնք ուրվագծում են ընդունող համայնքների արձագանքման և փախստականների՝ այդ համայնքներում ինտեգրման հեռանկարները, սոցիալական համախմբվածության ապահովման ուղիները։ Ներկայումս փախստականների համար երկարաժամկետ առաջնահերթություններից մեկը նրանց ներառումն է Հայաստանի սոցիալական, մշակութային և տնտեսական զարգացման օրակարգում՝ իրենց սոցիալական և տնտեսական իրավունքներից լիարժեք օգտվելով, սոցիալական բնակարանային և զբաղվածության ծրագրերի իրականացմամբ, այդպիսով ուշադրությունը տեղափոխելով արտակարգ իրավիճակներին արձագանքելուց երկարաժամկետ կարիքները հոգալու վրա՝ լրացնելով մարդասիրական կարիքների և զարգացման միջև բացը։ Հարգելի՛ ներկաներ, Մեր առջև ծառացած մարտահրավերներն անհաղթահարելի չեն, դրանք սակայն պահանջում են համակարգված և համագործակցային ջանքեր: Միջազգային հանրությունն ունի սրբազան պարտավորություն՝ պահպանելու 1951 թվականի Փախստականների մասին կոնվենցիայի և դրա՝ 1967 թվականի արձանագրության սկզբունքները, որոնք ամրագրում են փախստականների հիմնարար իրավունքները: Մենք ունենք առաքելություն՝ պայքարել մարդատյացության և խտրականության դեմ՝ խթանելով մեր հասարակություններում համակրանքի և փոխըմբռնման միջավայրը։ Ցանկանում եմ մեջբերել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի խոսքերը՝ «Մենք չպետք է հայացքներս թեքենք։ Մենք չպետք է անտարբեր լինենք»։ Մեր համատեղ գործողությունները պետք է հանգեցնեն շոշափելի արդյունքների՝ ի նպաստ նրանց, որոնք ստիպված են փախչել։ Եզրափակելով խոսքս՝ կոչ եմ անում միասնական լինենք փախստականներին աջակցելու մեր վճռականության մեջ՝ գիտակցելով, որ նրանց դժվարին վիճակը համատեղ մարտահրավեր է, որը պահանջում է մեր անսասան նվիրվածությունն ու կարեկցանքը։ Միասին մենք կարող ենք ճանապարհ հարթել դեպի ապագա, որտեղ յուրաքանչյուր անհատ, անկախ հանգամանքներից, կարող է ապրել արժանապատիվ և անվտանգ: Շնորհակալություն»:
10:00 - 21 հունիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանում Լյուքսեմբուրգի դեսպանին

Հունիսի 17-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լյուքսեմբուրգի դեսպան Ալեն դը Մյույզեին: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև առկա ամուր քաղաքական երկխոսությունը՝ հիմնված ընդհանուր արժեքների, փոխադարձ հարգանքի և համատեղ շահերի վրա։ Մտքեր են փոխանակվել Հայաստանի և Լյուքսեմբուրգի միջև համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ հարթակներում ամրապնդելու հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ գործընկերությանն առնչվող մի շարք հարցերին և նոր հավակնոտ օրակարգի զարգացման ուղղությամբ իրականացվող աշխատանքներին։ Դավիթ Կարապետյանը զրուցակցին է ներկայացրել Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացների ներկա ընթացքը՝ ընդգծելով հարևանների հետ հարաբերությունները կարգավորելու հարցում Հայաստանի քաղաքական կամքը:
20:32 - 17 հունիսի, 2025
Խաղաղության համաձայնագրի տեքստը չտրամադրելու համար ԻՊԱՍ-ը դատի է տվել ՀՀ ԱԳՆ-ին |factor.am|

Խաղաղության համաձայնագրի տեքստը չտրամադրելու համար ԻՊԱՍ-ը դատի է տվել ՀՀ ԱԳՆ-ին |factor.am|

factor.am: «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դատական հայց է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարարության դեմ՝ խաղաղության համաձայնագրի տեքստը չտրամադրելու համար։2025-ի մարտի 13-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Արտաքին գործերի նախարարությունը հայտարարեցին, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է և պատրաստ է ստորագրման։ Այս հայտարարություններից հետո «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը դիմել է Արտաքին գործերի նախարարություն՝ խնդրելով տրամադրել պայմանագրի տեքստը։ ԱԳՆ-ից առաջարկել են լսել Ազգային ժողովում խաղաղության համաձայնագրի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հարցուպատասխանի ելույթը՝ կցելով ելույթի հղումը։ «Մենք դա համարեցինք մերժում, բայց զուգահեռ դիմել էինք նաև Կառավարություն՝ հայցելով համաձայնագրի տեքստը։ Կառավարությունը հարցումը վերահասցեագրել էր ԱԳՆ։ Այդ ժամանակ արդեն, ի պատասխան Կառավարությունից ստացված գրության, արդեն պաշտոնապես մերժվել էր տրամադրել համաձայնագրի տեքստը՝ հղում անելով «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետին»,- Factor TV-ի հետ զրույցում ասաց կազմակերպության իրավապաշտպան, ծրագրերի համակարգող Աննա Մելիքյանը։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
14:01 - 14 հունիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը Մեքսիկայի ԱԳ նախարարի տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ

Հունիսի 13-ին Նիցցայում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Մեքսիկայի ԱԳ նախարարի՝ բազմակողմ հարաբերությունների և մարդու իրավունքների հարցերով տեղակալ Էնրիկե Խավիեր Օչոա Մարտինեսի հետ: Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից: Հանդիպմանը քննարկվել են Հայաստան-Մեքսիկա երկկողմ օրակարգային հարցեր՝ անդրադառնալով քաղաքական երկխոսության խթանման հեռանկարներին: Զրուցակիցները գոհունակությամբ արձանագրել են բազմակողմ ձևաչափերում Հայաստանի և Մեքսիկայի միջև ձևավորված դրական համագործակցությունը՝ երկուստեք պատրաստակամություն հայտնելով ընդլայնել փոխգործակցության շրջանակը: Մտքեր են փոխանակվել «ՄԱԿ80» նախաձեռնության հեռանկարների շուրջ: Անդրադարձ է կատարվել 2026թ. Հայաստանում կայանալիք ՄԱԿ Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին (COP17) ընդառաջ տարվող աշխատանքներին: Հանդիպմանը զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային հրատապ հարցերին: Գործընկերոջ խնդրանքով՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը ներկայացրել է Հարավային Կովկասի տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման համաձայնագրի ստորագրման կարևորությունը:
20:14 - 13 հունիսի, 2025
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

«Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։ «Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությանը, և դրա հիմքերը բազում են»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։ Նախարարները գոհունակություն են հայտնել «Ռաիսինա» և «Երևանյան երկխոսություն» համաժողովներին երկուստեք ներգրավածության կապակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի: Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:
17:46 - 13 հունիսի, 2025