Տավուշի նախկին մարզպետ, Բարձր տեխնոլագիական արդյունաբերության նախկին նախարար։
Հայկ Չոբանյանը ծնվել է 1973 թվականին, ՀՀ Տավուշի մարզի Տավուշ գյուղում: Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը: 1990-1995 թվականներին սովորել է Երեւանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում: Եղել է ԵՊՀ ուսանողական խորհրդի առաջին նախագահը: 1995-1999 թվականներին սովորել է ՀՀ կառավարման դպրոցում: 1995-1997 թվականներին ծառայել է Հայկական բանակում: 1997-1998 թվականներին աշխատել է «Պետական ծառայողի լրատու» ամսագրի խմբագրությունում, 1998-2001 թվականներին՝ ՀՀ կառավարության աշխատակազմում, ապա` ՀՀ արդարադատության նախարարությունում:
2001-2003 թվականներին աշխատել է հրատարակչության տնօրեն, 2003-2012 թվականներին՝ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Նորք տեղեկատվավերլուծական կենտրոնի տնօրեն, 2006-2013 թվականներին՝ Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն խորհրդի անդամ: 2012 թվականին հիմնադրել է «Արփի սոլար» ընկերությունը: Նույն թվականին ղեկավարել է Տավուշի հոգեւոր վերածնունդ հիմնադրամը: 2014-2017 թվականներին աշխատել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության փոխտնօրեն եւ «ՅուԱյԹի» ԷՔՍՊՈ ընկերության տնօրեն: 2016 թվականին հիմնել է Կայուն էներգիայի զարգացման հիմնադրամը, 2018 թվականին՝ «Ֆրիներջի» ընկերությունը: 2016 թվականից «Իրական» դպրոց հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն է, 2017 թվականից՝ Հայաստանի փառատոնների ասոցիացիայի նախագահ: