Լիբանան

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 30 մարդ է զոհվել

Իսրայելի հարվածների հետևանքով Լիբանանում առնվազն 30 մարդ է զոհվել

Իսրայելական բանակը հարվածներ է հասցրել Լիբանանի Բաալբեկ նահանգի ուղղությամբ․ առնվազն 20 արկ է արձակվել։  Շրջանի նահանգապետ Բաչիր Խոդրն ասել է, որ առնվազն 30 մարդ է զոհվել և 35-ը վիրավորվել հարձակման հետևանքով։ Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գրոհել են նաև Լիբանանի մայրաքաղաքի հարավային շրջանները, որոնք գտնվում են Ռաֆիկ Հարիրիի միջազգային օդանավակայանի մոտ։ Նշվում է, որ  Բեյրութի օդանավակայանը շարունակում է գործել։ Իսրայելի պաշտպանության բանակն էլ իր հերթին հաղորդում է, որ երկրի ուղղությամբ՝ Լիբանանի տարածքից արձակվել է 50 արկ։  «Վերին Գալիլեայի շրջանում որոշ ժամանակ առաջ հնչած օդային տագնապի ազդանշանից հետո արձանագրվել է Լիբանանից արձակված մոտ 50 արկի արձակում: Արկերի մի մասը որսացել է ՀՕՊ-ը, մյուսներն ընկել են բաց տարածքում»-ասվում է հաղորդագրության մեջ։  
20:51 - 06 նոյեմբերի, 2024
Իրանի նախագահը հայտարարել է, որ հրադադարը կարող է ազդել Իսրայելին Թեհրանի պատասխանի վրա |azatutyun.am|

Իրանի նախագահը հայտարարել է, որ հրադադարը կարող է ազդել Իսրայելին Թեհրանի պատասխանի վրա |azatutyun.am|

azatutyun.am: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ եթե Իսրայելը և Թեհրանի դաշնակից խմբավորումները հրադադար հաստատեն տարածաշրջանում, ապա դա «կարող է ազդել իրանական բանակի ցանկացած պատասխան հարվածի ուժգնության վրա»: Այս մասին հաղորդում է պետական IRNA գործակալությունը: «Եթե նրանք [իսրայելցիները] վերանայեն իրենց պահվածքը, ընդունեն հրադադարը և դադարեցնեն ճնշված և անմեղ մարդկանց սպանությունը տարածաշրջանում, դա կարող է ազդել մեր արձագանքի ինտենսիվության և բնույթի վրա»,- ասել է նա։ Սակայն, Իրանի նախագահը շեշտել է՝ Թեհրանը «անպատասխան չի թողնի իր ինքնիշխանության և անվտանգության դեմ ուղղված որևէ ագրեսիա»։ Վերջին մի քանի ամիսների ընթացքում Իսրայելը թիրախավորել է «Հեզբոլլահ»-ի ենթադրյալ թիրախները։ Խմբավորումը Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է ահաբեկչական կազմակերպություն, մինչդեռ Եվրամիությունն իր սև ցուցակում ներառել է նրա զինված թևը, բայց ոչ քաղաքական կուսակցությունը: «Հեզբոլլահ»-ը հարյուրավոր հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է արձակել Իսրայելի վրա՝ հայտարարելով, որ կշարունակի իր հարձակումները մինչև Գազայի հատվածում հրադադարի հաստատումը: Իրանի նախագահի այս խոսքերը հաջորդում են Իրանի ու Իսրայելի փոխադարձ օդային հարվածներին: Ի պատասխան Թեհրանի կողմից հոկտեմբերի 1-ի հրթիռակոծման՝ Իսրայելը մոտ 10 օր առաջ պատասխան հարվածներ հասցրեց։ Նախօրեին Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին սպառնացել էր Իսրայելին և Միացյալ Նահանգներին «ջախջախիչ պատասխան տալ»:
09:56 - 04 նոյեմբերի, 2024
Լիբանանի հայերը պարենի ու դեղորայքի խնդիր չունեն, նրանց հետ ամենօրյա կապը պահպանվում է
 |civilnet.am|

Լիբանանի հայերը պարենի ու դեղորայքի խնդիր չունեն, նրանց հետ ամենօրյա կապը պահպանվում է |civilnet.am|

civilnet.am: Լիբանանում պատերազմական իրավիճակ է։ 2023-ի աշնանը Իսրայելը, ի պատասխան «Համաս» խմբավորման հարձակման, ռազմական գործողություն սկսեց Գազայի հատվածում, ինչի հետևանքով իրավիճակը լարվեց նաև Իսրայել-Լիբանան սահմանին։ Հրթիռակոծության տակ են Լիբանանի ինչպես սահմանային գյուղերն, այնպես էլ սահմանից հեռու գտնվող մի շարք շրջանները։ Ի՞նչ իրավիճակ է Լիբանանի հայաբնակ թաղամասներում, ինչպե՞ս են ապրում հայերը պատերազմական իրավիճակում ու արդյոք քայլեր ձեռնարկվո՞ւմ են նրանց Հայաստան տեղափոխելու համար․ այս ու մի շարք այլ հարցերի շուրջ ՍիվիլՆեթի Գեղեցիկ Ոսկանյանը զրուցում է ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ռազմավարությունների մշակման բաժնի պետ Հովհաննես Ալեքսանյանի հետ։ – Պատերազմական այս օրերին ՀՀ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատարի գրասենյակն արդյոք կապի մե՞ջ է Լիբանանում Հայաստանի դեսպանատան հետ, ունե՞ք տեղեկություններ այն մասին, թե ինչ իրավիճակ է Լիբանանի հայաբնակ թաղամասերում։ – Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը մի քանի ամիս առաջ Լիբանանում սկսված ռազմական գործողություններից անմիջապես առաջ և հետո մշտական կապի մեջ է համայնքային կառույցների, անհատների, ինչպես նաև Բեյրութում գործող Հայաստանի Հանրապետության դեսպանության հետ։ Այդ կապը մշտական է, և ամենօրյա ռեժիմով մոնիթորինգ ենք իրականացնում՝ հասկանալու իրավիճակը և այն հնարավորություններն ու պայմանները, որոնց մեջ գտնվում է հայությունը։ Այս պահի դրությամբ ուզում եմ նշել, որ Լիբանանում հայության շրջանում և հայկական հաստատությունների շրջանում կորուստներ և ավերածություններ, փառք Աստծո, չկան։ Խնդրում ու հորդորում եմ բոլորին՝ ապատեղեկատվություն մի՛ տարածեք։ Այնտեղ բոլորն աշխատում են բնականոն ռեժիմով, պարենի և դեղորայքի պակաս ու խնդիր չկա, ավելին, օժանդակություններ տրվում են ինչպես հայության կարիքավոր խմբերին, այնպես էլ Լիբանանի այն քաղաքացիներին, ովքեր ազգությամբ հայ չեն, բայց ունեն դրա կարիքը։ – Այս օրերին կարծիքներ են հնչում նաև նրա մասին, որ Հայաստանը լիբանանահայերին հայրենիք վերադարձնելու ուղղությամբ քայլեր չեն ձեռնարկում։ Միգուցե արտակարգ չվերթներ են ակնկալվում։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս խոսակցությունները։ – Այո, շատերն ակնկալում էին, որ լինի արտակարգ չվերթ դեպի Բեյրութ՝ Լիբանանից դուրս գալ ցանկացողներին Հայաստան տեղափոխելու համար։ Այս հարցի շուրջ անմիջապես հետևյալ մեկնաբանությունը կարող եմ տալ․ նախ և առաջ Բեյրութի օդանավակայան չվերթներ կարող է իրականացնել միայն Middle East ընկերությունը՝ տեղական, մերձավոր արևելյան ավիաընկերությունը, ուրիշ որևէ ավիաընկերություն՝ կլինի ֆրանսիական, գերմանական, լեհական, հայկական, չի կարող վայրէջք կատարել այդ օդանավակայանում և չի կարող այնտեղից ուղևորներ տեղափոխել։ Բայց, միևնույն ժամանակ, շաբաթական երկու չվերթ է իրականացվում Երևան-Բեյրութ-Երևան ուղղություններով։ Մեկ ամսվա կտրվածքով, երբ սկսվեցին ակտիվ ռմբակոծությունները Բեյրութում, սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 29-ն ընկած ժամանակահատվածում իրականացվել է Բեյրութ-Երևան 10 չվերթ, ժամանել է 1 227 մարդ, իսկ Երևանից Բեյրութ մեկնել է 578 մարդ։ Այսինքն, Բեյրութից Երևան ժամանած ուղևորների դրական տարբերությունը 649 մարդ է կազմում՝ հիմնականում լիբանանահայություն, փոքր թվաքանակ է կազմում սիրիահայությունը և անշուշտ օտարերկրացիներ, այսինքն՝ Լիբանանի քաղաքացիները։ Օդային կապը երբեք չի խզվել Լիբանանի հետ, միևնույն ժամանակ, արտակարգ չվերթով Բեյրութ օդանավ ուղարկելու հնարավորություն որևէ երկրի կառավարություն չի ունեցել։ Ավելացնեմ նաև, որ վերջին երկու օդանավերում 15-20 նստատեղ ազատ է մնացել։ Ինչ վերաբերում է լիբանանահայությանը օժանդակելու հարցին՝ մարդասիրական օգնություն էլ հնարավոր չէ հասցնել իմ թվարկած պատճառներով, լրացուցիչ օդային կապ ստեղծել հնարավոր չէ, բայց կրկին նշեմ՝ մեր տեղեկատվությամբ բոլոր հայկական հաստատությունները աշխատում են, և պարենի ու դեղորայքի խնդիր այս պայմաններում դեռևս չկա և հուսանք՝ չի լինի։ – Կարո՞ղ եք ասել, թե որքան հայ է ապրում տվյալ պահին Լիբանանում։ – Ճշգրիտ տվյալներ նշելը շատ դժվար է, քանի որ Լիբանանում շատերը, բացի Հայաստանի հետ երկքաղաքացիությունից, ունեն այլ երկրների քաղաքացիություն, և մշտական շարժի մեջ են։ Ժամանակակից աշխարհում շատերը աշխատում են ինչպես քաղաքացիության երկրից, այնպես էլ դրա սահմաններից դուրս։ Սա դժվարացնում է առկա բնակչության հստակ թիվը նշելը, բայց, կարծում եմ, որ շուրջ 50 հազարի սահմաններում է այս պահի դրությամբ։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում
16:52 - 01 նոյեմբերի, 2024
Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձաններին |armenpress.am|

Իսրայելը հարվածել է Բեյրութի արվարձաններին |armenpress.am|

armenpress.am: Իսրայելը վաղ առավոտյան ավիահարվածներ է հասցրել Բեյրութի հարավային արվարձաններին, որից առաջ բնակիչներին տարհանման հրահանգ էր տրվել։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։  Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ թիրախավորում է «Հեզբոլլահ»-ի օբյեկտները։ Այս հարվածներից առաջ ԱՄՆ-ն հերթական ջանքերն էր նախաձեռնել Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի հաստատման համար։ Այնուամենայնիվ, ըստ Reuters-ի, Լիբանանի պաշտոնյաների և վերլուծաբանների մոտ հրադադարի հաստատման հույսերը նվազել են այն բանից հետո, երբ հոկտեմբերի 31-ին հաղորդվեց, որ Իսրայելում գտնվող Լիբանանի հարցով ԱՄՆ նախագահի հատուկ պատվիրակ Էմոս Հոխշտեյնը չի մեկնի Բեյրութ։  Լիբանանում հակամարտությունը սրվել է վերջին հինգ շաբաթների ընթացքում, երբ Իսրայելը սկսեց հարվածներ հասցնել «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին։ Վերջին մեկ տարվա ընթացքում, Գազայի հատվածում ընթացող ռազմական գործողություններին զուգահեռ, փոխադարձ գնդակոծություններ էին տեղի ունենում նաև Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև։ Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարվա ընթացքում իսրայելական հարվածներից երկրում զոհվել է ավելի քան 2800 մարդ, որոնց մեծ մասը՝ վերջին ավելի քան մեկ ամսվա ընթացքում։ Ավելի վաղ Լիբանանի վարչապետ Նաջիբ Միքաթին հույս էր հայտնել, որ առաջիկա օրերին կհայտարարվի հրադադարի մասին։
12:27 - 01 նոյեմբերի, 2024
Լիբանանում 3 լրագրող է զոհվել իսրայելական հարվածներից. Al Jazeera |armenpress.am|

Լիբանանում 3 լրագրող է զոհվել իսրայելական հարվածներից. Al Jazeera |armenpress.am|

armenpress.am: Լիբանանում իսրայելական հարվածներից գիշերը զոհվել է 3 լրագրող, որոնք լուսաբանում էին ռազմական գործողությունները։ Այս մասին հաղորդում է Al Jazeera-ն։ Ըստ հրապարակման՝ հարվածը հասցվել է Լիբանանի հարավային Հասբայա քաղաքում գտնվող նրանց կացարանին։  Լիբանանյան համաարաբական Al Mayadeen հեռուստաալիքը հաստատել է, որ լրագրողների կացարանի վրա իսրայելական ավիահարվածից զոհվել է իր օպերատորը։ Al Jazeera-ն նշում է, որ ավիահարվածը, որի հետևանքով ևս երկու լրագրող է զոհվել, ամենայն հավանականությամբ, թիրախավորում էր ԶԼՄ-ների աշխատակիցներին։  Լրատվամիջոցը հիշեցնում է, որ այս հարվածից երկու օր առաջ Իսրայելն ավիահարված էր հասցրել Al Mayadeen-ին պատկանող գրասենյակի վրա։ Ենթադրվում է, որ Al Mayadeen-ը կարող է կապված լինել «Հեզբոլլահ»-ի հետ։ Al Mayadeen-ի ևս երկու լրագրող, որոնք լուսաբանում էին Լիբանանի հարավային սահմանին ռազմական գործողությունները, իսրայելական հարվածից սպանվել էին 2023 թ. նոյեմբերի 21-ին։  Իսրայելը սեպտեմբերի 23-ից ավիահարվածներ է հասցնում Լիբանանին, իսկ հոկտեմբերի 1-ից ցամաքային գործողություն է սկսել «Հեզբոլլահ»-ի դեմ, որի հետևանքով շուրջ 2000 մարդ է զոհվել, հարյուր հազարավոր մարդիկ տեղահանվել են։   
10:28 - 25 հոկտեմբերի, 2024
Իսրայելական օդուժը կրկին հարվածել է Բեյրութին |azatutyun.am|

Իսրայելական օդուժը կրկին հարվածել է Բեյրութին |azatutyun.am|

azatutyun.am: Իսրայելը հերթական օդային հարվածն է հասցրել Բեյրութի ուղղությամբ։ Հրթիռներից մեկն ընկել է Իրանի դեսպանատան մոտ: Ուժեղ պայթյուններ են լսվել։ Լրատվական գործակալությունները հրապարակել են ուժգին հրդեհի կադրեր։Լիբանանյան Al-Mayadeen հեռուստաընկերությունն իր հերթին հաղորդել է, որ հարված է հասցվել այն գրասենյակին, որտեղ տեղակայված էր Al-Mayadeen-ի խմբագրությունը։ Հեռուստաալիքը հարձակումն անվանել է բարբարոսություն՝ տեղեկացնելով, որ Իսրայելի կողմից Լիբանանի կանոնավոր ռմբակոծությունների ֆոնին խմբագրության բոլոր աշխատակիցներն ավելի վաղ տարհանվել էին այլ վայր՝ աշխատանքը շարունակելու համար։Իսրայելի պաշտպանության բանակը դեռևս չի մեկնաբանել Բեյրութի հրթիռակոծումը։ Իսրայելական լրատվամիջոցները գրում են, որ հարձակումից առաջ Իսրայելի պաշտպանության բանակը լիբանանցիներին կոչ է արել լքել ծրագրված հարձակման շրջանը։Իսրայելական զինվորականները նաև հայտնել են, որ հոկտեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է մոտ 135 հրթիռ, մեծ մասը դեպի երկրի հյուսիս։Իսրայելական բանակը սեպտեմբերի վերջին սկսել է կանոնավոր հարվածել Լիբանանի տարածքին, ներառյալ մայրաքաղաք Բեյրութին։ Իսրայելը որպես հարձակումների թիրախ նշում է «Հեզբոլա» խմբավորման ենթակառուցվածքները։ «Հեզբոլա»-ն ահաբեկչական խմբավորում է ճանաչվել ԱՄՆ-ում, իսկ Եվրամիությունն ահաբեկչական է ճանաչել խմբավորման ռազմական թևը, բայց ոչ քաղաքական կուսակցությունը։
12:53 - 24 հոկտեմբերի, 2024
Լիբանանում օրական 63 մարդ է զոհվում իսրայելական ավիահարվածներից
 |shantnews.am|

Լիբանանում օրական 63 մարդ է զոհվում իսրայելական ավիահարվածներից |shantnews.am|

shantnews.am: Լիբանանում օրական զոհերի թիվը հասել է 63-ի, վիրավորներինը՝ 234-ի։ Այս մասին ասվում է Լիբանանի առողջապահության նախարարության արտակարգ իրավիճակների օպերատիվ կենտրոնի կողմից X-ում հրապարակված ամփոփագրում։ Ամենաշատ զոհերը գրանցվել են հարավային շրջաններում՝ Սաիդայում և Տյուրում՝ 24 սպանված և 85 վիրավոր, մայրաքաղաքում և Լեռնալիբանանում՝ 18 զոհ և 60 վիրավոր։ Բաալբեկ-Հերմել նահանգում՝ արևելյան Լիբանանի Բեքա հովտում, ռմբակոծության հետևանքով զոհվել է 11, վիրավորվել՝ 7 մարդ։ Բացի այդ, թարմացվել են 2023 թվականի հոկտեմբերին ռազմական էսկալացիայի մեկնարկից ի վեր իսրայելական ավիահարվածների և հրետանային հարձակումների հետևանքով քաղաքացիական անձանց կորուստների վերաբերյալ տվյալները։ Այսպիսով, զոհերի թիվը կազմել է 2546, վիրավորներինը՝ 11862։
21:03 - 22 հոկտեմբերի, 2024
Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան |arm.sputniknews.ru|

Գրեթե մեկ ամսում Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ․ Սինանյան |arm.sputniknews.ru|

arm.sputniknews.ru:Սեպտեմբերի 28-ից մինչև հոկտեմբերի 20-ը Բեյրութ-Երևան չվերթով Հայաստան է ժամանել 870 մարդ, Հայաստանից մեկնել՝ 470-ը։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց ՀՀ վարչապետին առընթեր սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը՝ անդրադառնալով Իսրայել-Լիբանան առճակատմանը։ Նրա խոսքով՝ հակամարտության սրացման առաջին օրից իրենք հետևում են զարգացումներին և փորձում հասկանալ լիբանանահայ համայնքում առկա տրամադրվածությունները։ «Վերջին զարգացումներն իհարկե լարվածություն են առաջացրել համայնքում, բայց չի հասել այն մակարդակին, որ մարդիկ տրամադրվեն հապճեպ երկիրը լքելու։ Բեյրութը լքելու, Հայաստան գալու մտադրություններ համայնքում դեռ չկան։ Մարդիկ ապրում են իրենց ռեժիմով, որն ի սկզբանե լավը չի եղել՝ անկայուն էլեկտրամատակարարում, ջրամատակարարում, տնտեսական խորագույն ճգնաժամ, բայց նաև այն հույսով, որ լավ կլինի»,-ասաց Սինյանյանը։ Նա նշեց, որ չկա հստակ տեղեկություն, թե Հայաստան ժամանած, այնուհետև այստեղից դուրս եկած քաղաքացիները վերադարձել են Լիբանա՞ն, թե՞ մեկնել այլ երկրներ, քանի որ չեն կարող անհատապես հետևել մարդկանց տեղաշարժին։ «Հստակ է, որ Հայաստան ժամանածների թիվը 2 անգամ շատ է, քան մեկնողներինը։ Մենք կապ ենք պահում Լիբանանի հայ համայնքի տարբեր կազմակերպությունների և անհատների հետ, որպեսզի հնարավորինս իրատեսական պատկեր ունենանք, թե տեղում ինչ է կատարվում»,-ասաց նա։ Սինանյանի խոսքով՝ Հայաստան ժամանած լիբանանահայերի մի մեծ մասն ունի ՀՀ քաղաքացիություն, մի մասն էլ դիմել է քաղաքացիություն ստանալու համար։ Ինչ վերաբերում է հրետակոծությունների հետևանքով մահացած, տուժած քաղաքացիներին, ապա այդ թվում հայեր չկան, քանի որ ռազմական գործողություններն ընթանում են հայաբնակ թաղամասերից հեռու։ Հարցին, թե արդյոք Հայաստանը պատրաստ է ընդունել լիբանանահայերին, եթե դրա կարիքը լինի, Զարեհ Սինանյանը հստակ չպատասխանեց, նշելով, որ իր կարծիքը շատ սուբյեկտիվ կլինի։ Միաժամանակ պաշտոնյան նշեց, որ Հայաստանն այսօր շատ ավելի մեծ հնարավորություններ ունի լիբանանահայերին ընդունելու, քան կարող էր ընդունել 2011-12 թվականին՝ սիրիահայերին։Հիշեցնենք` Իսրայելը հոկտեմբերի 1-ից Լիբանանի հարավում ցամաքային գործողություն է իրականացնում «Հեզբոլլահի» ուժերի դեմ և շարունակում հրթիռակոծել հարևան երկիրը, որտեղ արդեն ավելի քան 2 հազար մարդ է զոհվել, ավելի քան մեկ միլիոն անձ փախստական է դարձել: Չնայած կորուստներին (այդ թվում՝ հրամանատարական կազմում)` «Հեզբոլլահը» ցամաքային մարտեր է մղում և չի դադարեցնում Իսրայելի տարածքի հրթիռակոծումը:  
09:11 - 22 հոկտեմբերի, 2024