Ֆրանկոֆոնիա

Թունիսում կայացել է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը

Թունիսում կայացել է ՀՀ վարչապետի և Ֆրանսիայի նախագահի առանձնազրույցը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։«Զրուցակիցները բարձր են գնահատել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը և անդրադարձել Թունիսում անցկացվող գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցող քննարկումներին: Քննարկվել են կազմակերպության առաջնահերթություններին և հետագա ծրագրերին վերաբերող հարցեր:Նիկոլ Փաշինյանը և Էմանուել Մակրոնը մտքեր են փոխանակել նաև ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի, Ֆրանսիայի, Ադրբեջանի առաջնորդների և Եվրոպական խորհրդի նախագահի քառակողմ հանդիպման արդյունքների վերաբերյալ: Կարևորվել է Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդման ուղղությամբ քայլերի իրականացումը:Վարչապետ Փաշինյանը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:Հայաստանի և Ֆրանսիայի առաջնորդները քննարկել են նաև հայ-ֆրանսիական երկկողմ փոխգործակցության հետագա զարգացմանն առնչվող հարցեր», - նշված է հաղորդագրության մեջ:
22:58 - 19 նոյեմբերի, 2022
Վարչապետ Փաշինյանը Թունիսում հանդիպել է Մոնտենեգրոյի վարչապետի հետ

Վարչապետ Փաշինյանը Թունիսում հանդիպել է Մոնտենեգրոյի վարչապետի հետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Մոնտենեգրոյի վարչապետ Դրիտան Աբազովիչի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։«Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Մոնտենեգրոյի միջև հարաբերությունների ընդլայնմանը վերաբերող հարցեր:Երկուստեք նշվել է քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, որը լավ հենք է տնտեսական համագործակցության խթանման համար:Կողմերը մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի զարգացման հեռանկարների շուրջ: Հետաքրքրական է համարվել զբոսաշրջության, ավիահաղորդակցության, ինչպես նաև տնտեսության` փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ճյուղերում համատեղ ծրագրերի նախաձեռնումը: Այս առումով պայմանավորվածություն է ձեռք բերվել` շարունակել ակտիվ շփումները:Հայաստանի և Մոնտենեգրոյի վարչապետները նաև ընդգծել են` երկու երկրների և ժողովուրդների միջև առկա են հարուստ մշակութային կապեր, որոնք պետք է խորացնել և ամրապնդել:Երկուստեք կարևորվել է բարձր մակարդակի փոխայցելությունների իրականացումը», - նշված է հաղորդագրության մեջ:
18:59 - 19 նոյեմբերի, 2022
Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն քննարկել են հայ-կանադական հարաբերությունների հետագա զարգացմանը վերաբերող հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոյի հետ: Այս մասին հաղորդում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։Զրուցակիցները քննարկել են հայ-կանադական հաարբերությունների հետագա զարգացմանն առնչվող տարբեր հարցեր: Այս առումով, Նիկոլ Փաշինյանը և Ջասթին Թրյուդոն կարևորել են Հայաստանում Կանադայի դեսպանություն բացելու կանադական կառավարության որոշումը: Կողմերը վստահություն են հայտնել, որ Երևանում դեսպանատան գործունեությունը նոր թափ կհաղորդի երկկողմ քաղաքական ու տնտեսական կապերի ընդլայնմանն ու խորացմանը:Վարչապետ Փաշինյանը կարևորել է Հայաստանում ժողովրդավարության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված բարեփոխումների օրակարգին կանադական կողմի շարունակական օժանդակությունը:Ջասթին Թրյուդոն հայտնել է իր գլխավորած կառավարության պատրաստակամությունն ու շահագրգռվածությունը` նպաստելու մեր երկրում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունավետ իրականացմանն ու երկկողմ փոխգործակցության զարգացմանը:Հանդիպմանը քննարկվել են նաև ՀՀ-ում կանադական ներդրումների ընդլայնմանը վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը Ջասթին Թրյուդոյին է ներկայացրել Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ադրբեջանական ագրեսիայի հետևանքներն ու դրանց վերացման ուղղությամբ հայկական կողմի դիրքորոշումները: Մտքեր են փոխանակվել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի, Հարավային Կովկասում տեղի ունեցող գործընթացների, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր հարցերի շուրջ:
18:00 - 19 նոյեմբերի, 2022
Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Ջերբա քաղաքում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի և Շառլ Միշելի հանդիպումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Ջերբա քաղաքում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում է ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ: Այս մասին հաղորդում են վարչապետի աշխատակազմից։Զրուցակիցներն անդրադարձել են ս.թ. հոկտեմբերին Պրահայում կայացած Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի, ինչպես նաև Ֆրանսիայի ու Ադրբեջանի նախագահների հետ քառակողմ հանդիպման արդյունքներին: Ընդգծվել է Պրահայի հայտարարությամբ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման կարևորությունն ու տարածաշրջանում խաղաղության ու կայունության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը:Վարչապետը շեշտել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքների վերացման, ՀՀ սուվերեն տարածքից ադրբեջանական ստորաբաժանումների անհապաղ դուրսբերման անհրաժեշտությունը:Նիկոլ Փաշինյանը Շառլ Միշելը մտքեր են փոխանակել նաև Հայաստան-Եվրոպական միություն հետագա համագործակցության զարգացման շուրջ:
17:41 - 19 նոյեմբերի, 2022
Հայաստանը հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին․ Փաշինյանի ելույթը՝ Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի ժամանակ

Հայաստանը հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին․ Փաշինյանի ելույթը՝ Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի ժամանակ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թունիսի Հանրապետության Ջերբա քաղաքում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 18-րդ գագաթնաժողովին: Այս մասին հաղորդում է վարչապետի աշխատակազմը։ Հայաստանը վերջին չորս տարիներին նախագահում էր կազմակերպությունում:   Միջոցառման սկզբում երկրների առաջնորդներին, այդ թվում` վարչապետ Փաշինյանին դիմավորել են Թունիսի նախագահ Կայիս Սաիդը և Ֆրանկոֆոինիայի միջազգային կազմակերպության գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն: Գագաթնաժողովին մասնակցում են Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և կազմակերպության անդամ մի քանի տասնյակ այլ պետությունների առաջնորդներ: Այնուհետև տեղի է ունեցել գագաթնաժողովի մասնակիցների տեսալուսանկարահանման արարողություն, որից անմիջապես հետո մեկնարկել է գագաթնաժողովը: Իր ելույթում վարչապետ Փաշինյանը նշել է. «Ձերդ Գերազանցություն, մեծարգո նախագահ Կայիս Սաիդ,Հարգելի գործընկերներ՝ պետությունների և կառավարությունների ղեկավարներ,Տիկնայք և պարոնայք պատվիրակությունների ղեկավարներ,Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,Տիկնայք և պարոնայք,Նախ և առաջ, ցանկանում եմ իմ գոհունակությունը հայտնել այստեղ՝ Թունիսի Ջերբա քաղաքում ֆրանկոֆոն այդքան մտերմիկ և գնահատված միջավայրում գտնվելու կապակցությամբ։Շնորհակալություն եմ հայտնում նախագահ Սաիդին և Թունիսի ժողովրդին` այսքան կարևոր հանդիպումը կազմակերպելու և ջերմ հյուրընկալություն ցուցաբերելու համար։Ֆրանկոֆոնիայի այս գագաթնաժողովն առաջին անգամ Թունիսում անցկացնելով՝ մենք մեր հարգանքն ենք հավաստում Ֆրանկոֆոնիայի հիմնադիր հայրերից մեկին՝ նախագահ Հաբիբ Բուրգիբային։Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,Երևանում անցկացված Ֆրանկոֆոնիայի վերջին գագաթնաժողովից չորս տարի է անցել` ընթացիկ նախագահության բացառիկ երկար մի ժամանակաշրջան, որը, սակայն, Հայաստանի Հանրապետությունն իրականացրել է պատվով՝ անվերապահորեն կյանքի կոչելով ստանձնած բոլոր պարտավորությունները։Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին՝ թանկագին Լուիզ Մուշիկիվաբոյին, մեր կազմակերպությունն այս ընթաց¬քում այդչափ արդյունավետ կառավարելու, ինչպես նաև հաստատված որակյալ փոխհարաբերությունների համար։ Ուրախ եմ, որ կարողացել ենք համատեղ աշխատել լիակատար ներդաշնակության պայմաններում։Ցանկանում եմ նաև ողջունել նրա ջանքերը՝ ի նպաստ Ֆրանկոֆոնիայի նոր կերպարի կերտման և ՖՄԿ-ն դարձնելու` հաստատակամորեն ապագային միտված, աշխարհի առջև ծառացած մարտահրավերներին համարժեք հավակնություններ ստանձնած կազմակերպություն:Վերջին տարիների ընթացքում աշխարհը ենթարկվել է մեծ ցնցումների: Covid-19 սարսափելի համավարակը, կլիմայական արտակարգ դրությունը, պատերազմների վերսկսումն ու դրանց հետևանքները համաշխարհային պարենային և էներգետիկ մատակարարումների վրա՝ իրենց խորը հետքն են թողել միջազգային նոր միջավայրի ձևավորման գործում։Միևնույն ժամանակ, թվարկված մարտահրավերները եկել են բացահայտելու այն մոտեցումների ու արժեքների ճշգրիտ և տեղին լինելու հանգամանքը, որոնք հիմնավորում են մեր պատասխանները։Համավարակների և կլիմայական հրատապ մարտահրավերների պայմաններում մենք պետք է շարունակենք խթանել երկրների միջև ուժեղացված համագործակցությունը՝ ընդգծելով համերաշխության սկզբունքը։ Վերջինս պետք է ենթադրի, որ առաջարկվող ծրագրերն ու նախաձեռնությունները կարող են օգուտ բերել առավել խոցելի երկրներին, ինչպես նաև խոցելի իրավիճակներում գտնվող բնակչությանը։Առերեսվելով ատելության խոսքի և անհանդուրժողականության ակտիվացմանը՝ այսօր ևս համոզվում ենք Երևանի գագաթնաժողովի «Ապրել միասին» կարգախոսի արդիականության և մարդու իրավունքների, հավասարության և մշակութային բազմազանության նկատմամբ հարգանքը խթանելու անհրաժեշտության մեջ։Ի վերջո, դիմակայելով ճգնաժամերի և հակամարտությունների բազմապատկմանը՝ մենք ողջունում ենք Ֆրանկոֆոնիայի հանձնառությունն ի նպաստ բազմակողմանիության, որը երաշխավորում է իրավունքի և պետությունների ինքնիշխանության հարգանքի վրա հիմնված միջազգային համակարգի գոյությունը։Վերջին շրջանում, ցավոք, պետք է արձանագրենք, որ խախտվել են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, մասնավորապես՝ որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժ չկիրառելու սկզբունքը, որի վրա հիմնված է մեր բոլորի հավաքական անվտանգությունը՝ այդ կերպ աստիճա¬նաբար պարտադրելով ամենաուժեղի օրենքը։Ադրբեջանի կողմից գործադրված ագրեսիան, որի զոհը դարձավ Հայաստանի Հանրապետությունը ս.թ. սեպտեմբերի 13-14-ին, այս իրողության վառ դրսևորումն է։Ադրբեջանի՝ ոչնչով չարդարացված և չհրահրված ագրեսիան հանգեցրել է Հայաստանի տարածքների մի մասի օկուպացիային՝ մահ և տառապանք պատճառելով քաղաքացիական բնակչությանն ու հասցնելով զգալի ավերածություններ։Հաստատված զինադադարը, սակայն, դեռևս վերջ չի դրել Հայաստանի այլ տարածքների նկատմամբ այս երկրի նկրտումներին:Առերեսվելով նոր սպառնալիքներին՝ մենք ակնկալում ենք, որ միջազգային հանրությունն արդար գնահատական կտա այսօր մեր երկրում տիրող իրավիճակին՝ դատապարտելով հայկական տարածքի որոշ հատվածների օկուպացիան և պահանջելով ադրբեջանական ուժերի վերադարձը նախկին դիրքեր։ Հայաստանն իր հերթին հաստատակամորեն հանձնառու է նպաստել Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու պայմանագրի գործընթացին, ինչպես նաև ապահովել Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության իրավունքներն ու անվտանգությունը։Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար, Հայաստանը՝ որպես Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի գործող նախագահ, հետևողականորեն շարունակել է իր գործունեությունը Երևանի` միասին ապրելու ֆրանկոֆոն կոչի շրջանակներում՝ նախաձեռնելով Քովիդ-19 համա-վարակի ժամանակ միասին ապրելու վերաբերյալ բանաձևը, որն ընդունվել է 2020 թվականի նոյեմբերին՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի կողմից։Մեր երկիրն ուշադրությամբ հետամուտ է եղել թվային և տնտեսական տիրույթներում Ֆրանկոֆոնիայի գործունեությանն ու գլխավոր քարտուղարի ղեկավարությամբ ձեռք բերված զգալի առաջընթացին։ Այս առումով, մեր երախտագիտությունն ենք հայտնել ՖՄԿ-ին՝ ֆրանսախոս աշխարհի տարբեր տարածաշրջանների միջև տնտեսական համագործակցությունը զարգացնելու ուղղությամբ գործադրած ջանքերի համար։Կուզենայի ընդգծել նաև ֆրանսերենի մասին ընդունվելիք հռչակագրի կարևորությունը, որը կդառնա նշանակալի փաստաթուղթ ֆրանսերեն լեզվի վերաբերյալ՝ արձանագրելով ֆրանկոֆոն բոլոր երկրները շաղկապելու վերջինիս դերը։Վերջապես, Հայաստանն ուղեկցել և սատարել է գլխավոր քարտուղարին այդ բարեփոխումների իրականացման հարցում, և ողջունելի է, որ մեր կազմակերպությունն այժմ աշխատում է վերահաստատված և նոր ռազմավարական շրջանակներում իրականացվող Ֆրանկոֆոնիայի հիմնական առաջնահերթությունների վրա հիմնված ճանապարհային քարտեզի իրականացման ուղղությամբ:Հայաստանը համոզված է, որ հայտարարված այս համընդհանուր ձգտումը թույլ կտա ապահովել Ֆրանկոֆոնիայի ճանաչելիությունը միջազգային մակարդակով, ինչպես նաև նրա արժեքների ու գաղափարների տարածումը, որոնց իմ երկիրը շարունակում է խորապես հավատարիմ լինել։Ձերդ գերազանցություններ, հարգելի գործընկերներ,Ֆրանկոֆոնիայի տիկին գլխավոր քարտուղար,Եզրափակելով խոսքս՝ ցանկանում եմ կրկին երախտիքի խոսք հղել գլխավոր քարտուղարին՝ իր պատրաստակամության և ներգրավվածության համար։Այժմ ինձ մնում է Ձեզ հանձնել, պարոն նախագահ, Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահությունը՝ մաղթելով Ձեզ ամենայն հաջողություն:Շնորհակալություն ուշադրության համար»։Ելույթից հետո տեղի է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում նախագահության փոխանցումը Հայաստանից Թունիսին` ՀՀ վարչապետի և Թունիսի նախագահի ձեռքսեղման խորհրդանշական արարողությամբ:
15:26 - 19 նոյեմբերի, 2022
ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է ՀՀ նախագահությունը Ֆրանկոֆոնիայում և Երևանի հռչակագրով անդամների ստանձնած հանձնառությունների կատարումը

ՀՀ ԱԳ նախարարն ամփոփել է ՀՀ նախագահությունը Ֆրանկոֆոնիայում և Երևանի հռչակագրով անդամների ստանձնած հանձնառությունների կատարումը

Թունիսի Ջերբա քաղաքում նոյեմբերի 18-ին անցկացվող Ֆրանկոֆոնիայի 43-րդ նստաշրջանի աշխատանքների շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ամփոփել է 2018թ․ Երևանի գագաթնաժողովում անդամ-պետությունների ստանձնած հանձնառությունների կատարման ընթացքը և անցած չորս տարիների ընթացքում Հայաստանի նախագահությունը կազմակերպությունում։  Այս մասին տեղեկացրին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «Երևանյան գագաթնաժողովի արդյունքում բացի Երևանի հռչակագրից ընդունվել էին վեց բանաձևեր ֆրանսախոս աշխարհում ճգնաժամային, հետճգնաժամային և խաղաղության ամրապնդման իրավիճակների, Փարիզի սկզբունքների 25-ամյակի, քաղաքացիության և մարդու իրավունքների կրթության, անտեսված արևադարձային հիվանդությունների, մշակութային մասնակցության, գիտելիքների փոխանցման և հետազոտությունների խթանման հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Ըստ աղբյուրի՝ Արարատ Միրզոյանն ընդգծել է, որ Երևանի գագաթնաժողովի արդյունքում ընդունված Երևանի հռչակագրի առանցքային դրույթներն ու հանձնառությունները «Ապրել միասին» գաղափարի շուրջ էին՝ խարսխված մարդասիրական արժեքների, ֆրանկոֆոն համերաշխության և լեզվական ու մշակութային բազմազանությունը հարգելու վրա։ Անցած տարիների ընթացքում անհանդուրժողականության դրսևորումների, ատելության խոսքի և խտրական երևույթների տարածումը ցույց է տվել, թե որքան կարևոր է ստեղծել արդար հասարակություն, խթանել հանդուրժողականությունն ու մշակութային բազմազանությունը։ ՀՀ ԱԳ նախարարը նշել է, որ անցած չորս տարիների ընթացքում խաղաղությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, լավ կառավարումը և միասին ապրելու հանձնառություններն առավել քան երբևէ գտնվել են Ֆրանկոֆոնիայի ուշադրության կենտրոնում։ Անդամ երկրները հնարավորություն են ունեցել ՖՄԿ աջակցությամբ և մարդու իրավունքների ազգային հաստատությունների ներգրավմամբ մի շարք միջոցառումներ իրականացնել՝ ի նպաստ խաղաղության և ժողովրդավարության խթանման ու մարդու իրավունքների պաշտպանության: Նախարար Միրզոյանն առանձնահատուկ կարևորել է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գործադրած ջանքերը՝ ուղղված ֆրանկոֆոն աշխարհում խաղաղության ամրապնդմանը, միջազգային և տարածաշրջանային գործընկերների հետ ճգնաժամերի կանխարգելման ու հակամարտությունների կառավարման ուղղությամբ հետևողական աշխատանքը, ինչպես նաև կանխարգելիչ դիվանագիտություն և միջնորդություն իրականացնելուն ուղղված քայլերը՝ առաջնորդվելով հավաքական ֆրանկոֆոն համերաշխության գաղափարներով։ Նշվում է, որ հայկական կողմը ողջունել է ֆրանկոֆոն տարածքում լեզվական ու մշակութային բազմազանությունը ամրապնդելու շրջանակներում իրականացված «Ֆրանսերեն լեզու, մշակութային և լեզվական բազմազանություն» նախագիծը, ֆրանսերենի գործածությունը միջազգային հարաբերություններում խթանելուն միտված «Ֆրանսերենը միջազգային հարաբերություններում» ծրագիրը, ինչպես նաև՝ ֆրանսերենի վերաբերյալ Ջերբայում նախատեսված հռչակագրի ընդունումը։ ՀՀ ԱԳՆ տեղեկացմամբ՝ Արարատ Միրզոյանն անդրադարձել է նաև հակամարտությունների կանխարգելման գործում երիտասարդության դերի, կայուն զարգացման, շրջակա միջավայրի, կանանց ու տղամարդկանց հավասարության, արմատականացման ու ծայրահեղականացման դրսևորումների կանխարգելման ոլորտներում կատարված աշխատանքներին։
22:00 - 18 նոյեմբերի, 2022
ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Թունիս

ՀՀ վարչապետն աշխատանքային այցով մեկնել է Թունիս

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ, այսօր երեկոյան աշխատանքային այցով մեկնել է Թունիսի Հանրապետություն: Նոյեմբերի 18-19-ին Թունիսում՝ Ջերբա քաղաքում, կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) 18-րդ գագաթնաժողովը, որի ընթացքում Հայաստանը ՖՄԿ գագաթնաժողովի նախագահությունը փոխանցելու է Թունիսին: Գագաթնաժողովում վարչապետ Փաշինյանը հանդես կգա ելույթով: Այցի շրջանակում վարչապետը կունենա նաև երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների առաջնորդների հետ:Ջերբայում գործելու է Ֆրանկոֆոնիայի ավան։ Մասնակից երկրները, ՖՄԿ գործընկերներն ու գործակալությունները հնարավորություն կունենան ցուցադրել իրենց երկրների մշակութային բազմազանությունը. ձեռագործ աշխատանքների ցուցահանդես-վաճառք, մասնակից պետությունների զբոսաշրջային հնարավորությունների, արվեստի ու մշակույթի գործերի, ինչպես նաև ազգային խոհանոցի ներկայացում:Այս հարթակում Հայաստանի Հանրապետությունը ներկայանալու է «Մշակույթ և տեխնոլոգիա» խորագիրը կրող տաղավարով, որի ձևավորման առանցքում հայկական հարուստ գորգագործական մշակույթն է:
20:30 - 18 նոյեմբերի, 2022
Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ԼՂ բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. ԱԳ նախարար

Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել ԼՂ բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ. ԱԳ նախարար

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 43-րդ նստաշրջանին: Ելույթում մասնավորապես ասվում է. «Պարո՛ն նախագահ,  Ֆրանկոֆոնիայի տիկի՛ն գլխավոր քարտուղար, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Պարոն նախագահ, շատ ուրախ եմ մասնակցելու այս նախարարական համաժողովին Ձեր գեղեցիկ երկրում և ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ցուցաբերված հյուրընկալության համար։ Ցանկանում եմ նաև շնորհակալություն հայտնել Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին այս դժվարին ժամանակաշրջանում մեր կազմակերպության գործունեությունը պատշաճ կերպով ապահովելու, կարևոր բարեփոխումներ իրականացնելու և գալիք տարիներին սպասվող նախաձեռնություններն ուրվագծելու համար։ Հիրավի, Ֆրանկոֆոնիայի նոր ռազմավարական շրջանակով Ֆրանկոֆոնիայի համար սահմանվում են առաջնահերթություններ և հավակնություններ, որոնց մենք լիովին հավատարիմ ենք: Այսօր մենք այստեղ հավաքվել ենք բազմակողմանիության ճգնաժամի համատեքստում, որն ուղեկցվում է հակամարտությունների քանակի բազմապատկմամբ։ Մենք նկատում ենք, որ ՄԱԿ կանոնադրության սկզբունքների հարգման վրա խարսխված հավաքական անվտանգության մեխանիզմները, մասնավորապես՝ ինքնիշխան իրավահավասարությունը, որևէ պետության տարածքային ամբողջականության դեմ ուժի չկիրառումն այլևս չեն կարող երաշխավորել պետությունների անվտանգությունը որոշ պետությունների ագրեսիվ քաղաքականությունից։ Վերջինիս առաջին զոհերից էր Հայաստանը, որի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության դեմ սկսած անցած տարվա մայիսից, վերջին անգամ՝ այս տարվա սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանն իրականացրել է ագրեսիաներ, ինչը հանգեցրել է մեզ բոլորիս հայտնի հետևանքների. ՀՀ ինքնիշխան տարածքի օկուպացիա, հարյուրավոր զոհեր ու վիրավորներ, հազարավոր տեղահանվածներ և քաղաքացիական ենթակառուցվածքների ոչնչացում։ Չմոռանանք նաև միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտումների, ադրբեջանական զինուժի կողմից հայ գերիների, այդ թվում՝ կին զինծառայողների նկատմամբ իրականացված սոսկալի վայրագությունների մասին, որոնք սարսափեցրել են աշխարհը։ Լարվածությունն այսօր էլ պահպանվում է Ադրբեջանի հետ մեր սահմանին, և չնայած ուժ կամ ուժի սպառնալիք չկիրառելու վերաբերյալ ստանձնած պարտավորություններին՝ Ադրբեջանի նախագահը շարունակում է սպառնալիքներ հնչեցնել Լեռնային Ղարաբաղի բնակչության և Հայաստանի նկատմամբ ու ներկայացնել անհիմն տարածքային պահանջներ։ Այս առումով մենք ողջունում ենք, որ բազում երկրներ ճանաչել են Հայաստանի տարածքային ամբողջականության խախտման փաստը և պահանջել ադրբեջանական ուժերի դուրս բերումը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Հայաստանը հավատարիմ է մնում հակամարտության հետ կապված բոլոր հարցերի խաղաղ կարգավորմանը, ներառյալ՝ Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքների ու անվտանգության ապահովումը, և շնորհակալություն է հայտնում միջազգային այն գործընկերներին, որոնք ջանքեր են գործադրում դրան հասնելու համար։ Պարո՛ն նախագահ, հարգելի՛ գործընկերներ, Վերադառնալով մեր համաժողովի աշխատանքներին․ Հայաստանն իր աջակցությունն է հայտնում մեր հաստատմանը ներկայացված փաստաթղթերին, որոնք վերաբերում են Ֆրանկոֆոնիայի ռազմավարական շրջանակի նախագծին, ֆրանսերենի մասին հռչակագրին և անդամակցության ընթացակարգին վերաբերող կանոնակարգին։ Մենք նաև մեր համաձայնությունն ենք հայտնում Ջերբայի հռչակագրի նախագծին։ Այս կապակցությամբ ցանկանում ենք շնորհավորել Թունիսի նախագահությանը թվայնացումը մեր բոլորի ուշադրության կենտրոնում պահելու համար։ Ինչ վերաբերում է ֆրանսախոս տիրույթում ճգնաժամային իրավիճակների վերաբերյալ բանաձևի նախագծին, ցանկանում ենք շնորհակալություն հայտնել Հայաստանին վերաբերող պարբերությունների առնչությամբ։ Կարևոր է, որ Ֆրանկոֆոնիայի անդամ երկրներն ու կառավարությունները համերաշխություն են հայտնել Հայաստանին՝ իրենցը դարձնելով այն հիմնական խնդիրները, որոնք պայմանավորում են կողմերի միջև հակամարտության խաղաղ կարգավորումը։ Եզրափակելով խոսքս՝ վերջապես ցանկանում եմ վերադառնալ Ալբանիայի պատվիրակության դիմումին՝ վերաբացելու Հայաստանին վերաբերող պարբերությունների քննարկումը, ինչին Հայաստանի պատվիրակությունը համաձայն չէ հետևյալ մի քանի պատճառներով։ Առաջինը և ամենակարևորն այն է, որ այս պարբերությունները շատ հավասարակշռված են և փոխզիջումների արդյունք են հանդիսանում, որոնց ուղղությամբ Հայաստանը ջանքեր է գործադրել։ Երկրորդ պատճառն այն է, որ մենք պետք է հարգենք Փաստաթղթերի համաձայնեցման հանձնաժողովի, նրա նախագահի և անդամների աշխատանքը, որոնք երկար քննարկումներ են անցկացրել՝  խնդրահարույց տարբեր հարցերի վերաբերյալ բոլորի համար ընդունելի լուծումներ գտնելու ուղղությամբ։ Այս պարբերությունները նաև այդ աշխատանքի հանգուցալուծումն են հանդիսանում։ Ես կհավելեի ևս մեկ՝ վերջին պատճառը, այն է՝ այս համաժողովի աշխատանքների արդյունավետությունը։ Մենք չենք կարծում, որ Ալբանիայի պատվիրակությունը կարող է ներկայացնել, ինչպես քիչ առաջ հայտարարեց, պարբերությունների նախագիծ, որը կարող է կոնսենսուս գտնել մեր համաժողովի շրջանակներում։ Մենք համարում ենք ոչ արդյունավետ նոր քննարկումների վերսկսումը, որոնք կարող են հանգեցնել միայն փակուղու: Փաստաթղթերի համաձայնեցման հանձնաժողովի քննարկումների ընթացքում Հայաստանին վերաբերող կետերի առնչությամբ արդեն իսկ ձեռք է բերվել կոնսենսուս, և եթե Ալբանիայի պատվիրակությունը որոշակի դժվարություններ ունի այն հաստատելու առնչությամբ, կարող է վերապահում հայտնել այս պարբերություններին, ինչպես որոշ պատվիրակություններ արել են որոշման նախագծի այլ կետերի շուրջ, ։ Շնորհակալություն ուշադրության համար»։
18:43 - 18 նոյեմբերի, 2022
Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային համաժողովին

 |armenpress.am|

Մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում. Արման Եղոյանը՝ Ֆրանկոֆոնիայի տարածաշրջանային համաժողովին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովի Եվրոպայի տարածաշրջանի պատվիրակությունների նախագահների համաժողովին բարձրաձայնել է Հայաստանի, Արցախի անվտանգային և մարդասիրական ճգնաժամին վերաբերող հարցերը։ «2020 թ. սեպտեմբերի 27-ին, երբ աշխարհը պայքարում էր COVID-19 համավարակի դեմ, Ադրբեջանը, իր դաշնակիցների և վարձկան գրոհայինների օգնությամբ, լայնածավալ հարձակում սկսեց Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ։ Ու թեև, որոշ հումանիտար կազմակերպություններ և որոշ պետությունների ղեկավարներ շատ արագ տվեցին կատարվողի ճշգրիտ գնահատականը, կարծես թե դա բավարար չէր: Առաջիններից մեկը ստեղծված իրավիճակին արձագանքեց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով բացեիբաց հայտարարեց, որ Ադրբեջանը հայերի դեմ կռվելու համար Սիրիայից ջիհադիստների խմբեր է տեղափոխել Լեռնային Ղարաբաղ։ (Մեջբերում) «Համաձայն մեր հավաստի տեղեկատվության, 300 գրոհայիններ Սիրիայից Գազիանթեփով հասել են Բաքու։ Նրանք հայտնի են և նույնականացված, նրանք դուրս են եկել Հալեպի շրջանում գործող ջիհադիստների խմբերից»։ Human Rights Watch-ը հաստատել է, որ Ադրբեջանը պատերազմի ժամանակ օգտագործել է կասետային (կլաստերային) ռումբեր։ «Genocide Watch»-ը զգուշացրել է, որ Ադրբեջանը նպատակ ունի ոչնչացնել Լեռնային Ղարաբաղի հայկական բնակչությանը։ (Մեջբերում) «Ադրբեջանը ներխուժել է չճանաչված Լեռնային Ղարաբաղի հանրապետության կամ Արցախի տարածք և նպատակ ունի ոչնչացնել հայկական ներկայությունը օկուպացված տարածքներում»։ Բոլորովին վերջերս, Եվրախորհրդարանը ընդունել է բանաձև, որով դատապարտում է Լեռնային Ղարաբաղի հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը այն տարածքներում, որոնք անցել են Ադրբեջանի վերահսկողության տակ»,- նշել է Արման Եղոյանը։ Նա հիշեցրել է, որ միջազգային իրավունքի աղաղակող ոտնահարմամբ, Ադրբեջանը թիրախավորել էր քաղաքացիական բնակչությանն ու ենթակառուցվածքները, ռմբակոծում էր քաղաքները, օգտագործել է ֆոսֆորային ռումբեր և դաժան հաշվեհարդար է տեսել այն ծերերի նկատմամբ, ովքեր չեն հասցրել լքել իրենց տները ադրբեջանական առաջխաղացումից հետո: Արման Եղոյանն ընգծել է, որ մինչ օրս տասնյակ հայ ռազմագերիներ պահվում են Բաքվի բանտերում, և որոնց Ադրբեջանը հրաժարվում է վերադարձնել։ «Ու այս դժվար օրերին, հայ ժողովուրդը, որ հազարավոր տարիներ ապրել էր իր հայրենիքում` Լեռնային Ղարաբաղում, միջազգային հանրության կողմից չստացավ նույն աջակցությունը։ Ինչու՞։ Հարցն այստեղ աշխարհքաղաքականությու՞նն էր, թե՞ արժեքները։ Նույնիսկ եթե ենթադրենք, որ պատճառը աշխարհքաղաքականությունն էր, նույնիսկ այդ դեպքում, արդյո՞ք Լեռնային Ղարաբաղում պատերազմը այս կամ այն կերպ կապված չէր այսօր Ուկրաինայում տեղի ունեցողի հետ։ Ես սա թողնում եմ, որպես բաց հարց, որի շուրջ կարող եք մտածել։ Եվ ի՞նչ եք կարծում, ինչպե՞ս կարող է որևէ պետություն, որևէ կառավարություն, վտարել որևէ բնակչության իր հայրենի քաղաքից ու գյուղից, եվրոպական որ՞ պետությունը կարող է նման բան անել առանց եվրոպական արձագանքին արժանանալու։ Ո՛չ մեկը։ Բայց ինչու՞ սա հնարավոր եղավ Լեռնային Ղարաբաղում։ Սա մեկ այլ հարց է, որը ես թողնում եմ բաց ու առաջարկում մտածել դրա շուրջ»,-եզրափակել է Արման Եղոյանը:
21:26 - 04 ապրիլի, 2022
Տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը. Արարատ Միրզոյան

Տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը. Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն ուղերձ է հղել Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ։ «Այս տարի Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը Հայաստանի համար ունի առանձնահատուկ նշանակություն, քանի որ տոնում ենք Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը Հայաստանի լիիրավ անդամակցության տասնամյակը։ Հայաստանն ու Ֆրանկոֆոնիան միավորող մշակութային և պատմական կապերն ամուր են ու անքակտելի և բխում են ֆրանսախոս համայնքում գերակայող փոխադարձ համագործակցության ոգուց։ Այս տարիների ընթացքում մեր երկիրը մեծ ոգևորությամբ է կյանքի կոչել Ֆրանկոֆոնիայի արժեքներն առաջ մղելու իր հանձնառությունը՝ ի նպաստ մշակութային բազմազանության, ժողովրդավարության, մարդու իրավունքների և ազատությունների խրախուսման, և հանդես է գալիս այդ ուղղությամբ իր ջանքերը շարունակելու վճռականությամբ։ Հայաստանի համար մեծ պատիվ էր հյուրընկալել Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը, և մենք նույն եռանդով շարունակում ենք իրականացնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի՝ 2018 թվականին ստանձնած նախագահությունը: Այս նախագահության սահուն ընթացքը, Կազմակերպության արդյունավետ աշխատանքի ապահովումը, ինչպես նաև Ֆրանկոֆոնիայի գաղափարների տարածումը Հայաստանի կառավարության առաջնահերթություններից են։ Այս տարի ևս Հայաստանը եռանդուն կերպով ներգրավված է մշակութային և կրթական միջոցառումների կազմակերպման գործում՝ տոնելու ֆրանկոֆոն մշակույթի հարստությունն ու բազմազանությունը, ինչպես նաև մեր ընդհանուր արժեքները: Այս նպատակով Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում կկազմակերպվեն բազմաթիվ միջոցառումներ` երկրում գործող ֆրանկոֆոն հաստատությունների, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ու համայնքների մասնակցությամբ, որոնք իրենց նվիրվածությամբ և ստեղծագործ եռանդով ապահովում են Ֆրանկոֆոնիայի երկամսյակի հաջողությունը։ Համոզված եմ, որ այս նախաձեռնությունները թույլ կտան ամրապնդել ֆրանկոֆոն աշխարհը միավորող համերաշխության և բարեկամության կապերը՝ ամրապնդելով մեր նվիրվածությունը ֆրանկոֆոն մշակույթին: Ամփոփելով՝ բարեհաջող ընթացք եմ մաղթում Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա կապակցությամբ Հայաստանում կազմակերպվող միջոցառումներին»,- ասված է ուղերձում։  
15:40 - 20 մարտի, 2022
ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

ՀՀ-ն պատրաստ է Ադրբեջանի հետ առանց նախապայմանների բանակցություններին. ԱԳ նախարարը՝ Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովին

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մարտի 16-ին Փարիզում մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի 40-րդ արտահերթ նիստին, որտեղ հանդես է եկել ելույթով։ Այս մասին հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ ՀՀ ԱԳ նախարարը ներկաների ուշադրությունն է հրավիրել առկա աշխարհաքաղաքական իրողությունների պայմաններում Ադրբեջանի կողմից Հարավային Կովկասում իրավիճակի էսկալացիային ուղղված գործողություններին: Ներկայացվել են Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները, մասնավորապես՝ կենսական ենթակառուցվածքների վերականգնման հարցում խոչընդոտներ ստեղծելու, քաղաքացիական բնակչությանը թիրախավորելու, բնակչության նկատմամբ հոգեբանական ճնշումներ գործադրելու փաստերը։ «ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծել է Ֆրանկոֆոնիայի պետությունների և կառավարությունների ղեկավարների՝ Ադրբեջանի իշխանություններին ուղղված հստակ և հասցեական արձագանքի անհրաժեշտությունը՝ զերծ մնալու տարածաշրջանում իրավիճակի ապակայունացման փորձերից: Շեշտվել է, որ Հայաստանը հանձնառու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ ու տևական կարգավորմանը և պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ առանց նախապայմանների բանակցություններին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Իր ելույթում նախարար Միրզոյանն ընդգծել է, որ չնայած բազում մարտահրավերներին՝ կորոնավիրուսի համավարակից մինչև 2020թ. 44-օրյա պատերազմ՝ Հայաստանը հավատարիմ է մնում բարեփոխումների շարունակական գործընթացին՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության, կոռուպցիայի դեմ պայքարի արժեքների վրա։
19:39 - 16 մարտի, 2022
ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ԿԳՄՍ փոխնախարարն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի կրթական համակարգի զարգացմանը միտված հայ-ֆրանսիական համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ կրթության տարբեր մակարդակներում ֆրանսերենի ուսուցման բարելավմանը: Նախարարի տեղակալը նշել է, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանն անդամակցությունից ի վեր մեր երկրում բավականին տարողունակ կրթական ծրագրեր են իրականացվում, և այս հանդիպումը հերթական առիթն է քննարկելու համագործակցության ընդլայնման ներուժը և ուղենշելու զարգացման հեռանկարները: Դեսպան Անն Լույոն իր հերթին ընդգծել է երկկողմ և բազմաշերտ համագործակցության օրակարգի ընդլայնման ու խորացման անհրաժեշտությունը: Նա անդրադարձել է ՀՀ հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի խորացված ուսուցման կազմակերպման ծրագրին, որը, ըստ դեսպանի, կնպաստի Հայաստանում ֆրանսերենի զարգացմանը և հանրակրթական դպրոցներում ֆրանսերենի դասավանդման արդյունավետության բարձրացմանը: Որպես հաջողված օրինակ՝ դեսպանն ընդգծել է Երևանի թիվ 119 դպրոցում ֆրանսերենի ուսուցման փորձն այլ հաստատություններում տարածելու հնարավորությունը: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև ֆրանսերենի դասավանդման գնահատման կազմակերպմանը, որը հնարավորություն կտա բացահայտելու առկա խնդիրներն ու ուղենշելու գործնական քայլեր ֆրանսերենի ուսուցման բարելավման համար: Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման կազմակերպման շրջանակում նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել Կրթության զարգացման և նորարարությունների ազգային կենտրոնի հետ համագործակցության հնարավորությունը: Կողմերն անդրադարձել են նաև Հայաստանի նախնական և միջին մասնագիտական հաստատությունների կրթական ծրագրերի զարգացման համագործակցությանը: Ողջունելով այս ուղղությամբ արդեն իսկ կատարված առանձին քայլերը՝ Արթուր Մարտիրոսյանը շեշտել է երկկողմ ձևաչափով նմանօրինակ նախաձեռնությունների կյանքի կոչումը մի փուլում, երբ կրթություն-աշխատաշուկա կապի զարգացման համատեքստում գերակա է ՄԿՈՒ հաստատություններում նոր մասնագիտությունների ներդրումը, կրթական ծրագրերի վերափոխումը, մասնավորապես՝ դուալ կամ աշխատանքի վրա հիմնված կրթական ծրագրերի ներդրումը՝ կարևորելով ֆրանսիական փորձն ինչպես գյուղատնտեսության, այնպես էլ մասնագիտական կրթության այլ ոլորտներում: Կողմերը քննարկել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի՝ որպես կրթական և հետազոտական ներդրումային ծրագրեր իրականացնող բուհի գործունեությանն առնչվող հարցեր: Երկուստեք կարևորվել է մեր երկրում այդ համալսարանի գործունեության զարգացումը, այդ թվում՝ գիտահետազոտական բաղադրիչի զարգացման միջոցով: Հանդիպմանն անդրադարձ է եղել նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շրջանակում ԿԳՄՍ նախարարության համակարգման ոլորտներում իրականացվող ծրագրերի ընդլայնման և համագործակցության խորացման այլ հարցերի:
15:34 - 01 փետրվարի, 2022
Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Արարատ Միրզոյանը Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղարին է ներկայացրել տարածաշրջանային անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը դեկտեմբերի 9-ին հանդիպում է ունեցել Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության (ՖՄԿ) գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի հետ։ Ինչպես հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից, զրուցակիցները քննարկել են ՖՄԿ-ում Հայաստանի նախագահության շրջանակներում նախաձեռնությունների իրականացման ընթացքը։ Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն անդրադարձ են կատարել Հայաստան - Ֆրանկոֆոնիա համագործակցության ամրապնդման հեռանկարներին՝ մասնավորապես տնտեսության և երիտասարդության ոլորտներում ծրագրերի իրականացման միջոցով։ ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Հայաստանը աջակցում է ՖՄԿ գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոյի առաջարկած՝ Կազմակերպության բարեփոխումների օրակարգին։ ՖՄԿ գլխավոր քարտուղարը ՀՀ ԱԳ նախարարին է ներկայացրել ս․թ․ հունիսին Հայաստանում անցկացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամանակ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության կողմից իրականացված դիտորդական առաքելության ամփոփիչ զեկույցը։ Արարատ Միրզոյանը և Լուիզ Մուշիկիվաբոն մտքեր են փոխանակել նաև Թունիսում 2022 թվականին նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովին ընդառաջ Կազմակերպության նախապատրաստական աշխատանքներին վերաբերող հարցերի շուրջ։ Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանն իր գործընկերոջն է ներկայացրել նաև տարածաշրջանային կայունությանը և անվտանգությանն առնչվող մի շարք հարցեր։
12:09 - 10 դեկտեմբերի, 2021
ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստին

ԱԳ նախարարի տեղակալը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստին

Հոկտեմբերի 28-ին առցանց ձևաչափով կայացել է Ֆրանկոֆոնիայի նախարարների կոմիտեի 38-րդ արտահերթ նիստը՝ նվիրված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովի անցկացմանը: Այդ մասին հայտնում է ԱԳՆ պաշտոնական կայքը: Նիստին անդամ երկրները հավանություն են տվել Թունիսի առաջարկին՝ հետաձգել ս.թ. նոյեմբերին Թունիսում նախատեսված Ֆրանկոֆոնիայի 18-րդ գագաթնաժողովը հաջորդ տարի և այն անցկացնել 2022թ. նոյեմբերին:  Ֆրանկոֆոնիայի գլխավոր քարտուղար Լուիզ Մուշիկիվաբոն ներկայացրել է նաև կազմակերպության օրակարգը գալիք գագաթնաժողովին ընդառաջ: Գլխավոր քարտուղարն իր երախտագիտությունն է հայտնել Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի նախագահող երկիր Հայաստանին և ՀՀ կառավարությանը՝ կազմակերպությանը ցուցաբերվող շարունակական աջակցության համար։ Նիստին մասնակցել և ելույթ է ունեցել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը՝ հայտնելով հայկական կողմի աջակցությունը Թունիսին և Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությանը հաջորդ գագաթնաժողովի կազմակերպման հարցում:
10:15 - 29 հոկտեմբերի, 2021