Դանիա

Դանիան, Իտալիան ու Շվեդիան հայտարարել են ռուս դիվանագետներին վտարելու մասին

Դանիան, Իտալիան ու Շվեդիան հայտարարել են ռուս դիվանագետներին վտարելու մասին

Մի շարք եվրոպական երկրներ այսօր հայտարարել են ռուսաստանցի դիվանագետներին վտարելու մասին։ Դանիայի արտգործնախարար Եպե Կուֆուդը հայտարարել է, որ իր երկիրը վտարում է 15 ռուսաստանցի դիվանագետների։ Դանիան միանում է Եվրամիության մյուս երկրներին, որոնք համանման քայլեր են ձեռնարկել ուկրաինական Բուչա քաղաքում խաղաղ բնակիչների սպանության մասին հաղորդագրությունների ֆոնին։ Այս մասին գրում է Reuters-ը՝ հիշեցնելով, որ տարեսկզբին Դանիայի Անվտանգության և հետախուզության ծառայությունն իր զեկույցում հայտնել էր, որ ռուսական դեսպանատան աշխատակիցներից ոմանք լրտեսությամբ են զբաղվում։ Իտալիայի ԱԳՆ-ն հայտարարել է ռուսաստանցի 30 դիվանագետների վտարելու մասին, գրում է «Կոմերսանտը»։ Երկրի արտգործնախարար Լուիջի դի Մայոն ասել է, որ այս քայլն անհրաժեշտ էր երկրի ազգային անվտանգության հետ կապված պատճառներով և ուկրաինական ճգնաժամի համատեքստում։ Շվեդիան նույնպես միացել է եվրոպական մյուս երկրներին և լրտեսության համար վտարել ռուսաստանցի երեք դիվանագետի։ «Պատճառն այն է, որ նրանք հավատարիմ չեն Վիեննային կոնվենցիային և հետախուզական տվյալների հավաքագրման ապօրինի գործունեություն են իրականացնում», - Reuters-ի փոխանցմամբ՝ ասել է Շվեդիայի արտգործնարար Ան Լինդեն։   Նորա Վանյան
16:10 - 05 ապրիլի, 2022
Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

Հայաստանի և Դանիայի ԱԳ նախարարությունները քաղաքական խորհրդակցություններ են անցկացրել

 Երևանում hոկտեմբերի 11-ին տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության և Դանիայի Թագավորության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև: Հայկական պատվիրակությունը գլխավորել է ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Տիգրան Սամվելյանը, դանիականը՝ երկրի ԱԳՆ պետքարտուղարի տեղակալ, քաղաքական տնօրեն Քրիստինա Մարկուս Լասսենը։ Խորհրդակցությունների ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-դանիական երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ՝ արժևորելով երկու երկրների միջև ձևավորված քաղաքական հարաբերությունները։ Անդրադարձ է կատարվել տնտեսական կապերին՝ ուրվագծելով դրանց ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը։ «Կողմերն անդրադարձան Հայաստանի և Դանիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ կազմակերպվելիք միջոցառումների շրջանակին։ Խորհրդակցությունների ընթացքում մտքեր փոխանակվեցին երկուստեք հետաքրքրություն ներկայացնող միջազգային և գլոբալ օրակարգի մի շարք հարցերի շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ: Կողմերը ծանոթացել են տարածաշրջանային խնդիրների շուրջ միմյանց դիրքորոշումներին, անդրադարձել նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում համագործակցությանն ու փոխադարձ աջակցությանը։ Կարևորվել է երկկողմ քաղաքական խորհրդակցությունների շարունակականության ապահովման անհրաժեշտությունը: ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ այցի ընթացքում դանիական պատվիրակությանն ընդունել է ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը։ Զրույցի ընթացքում հայկական կողմը Դանիայի պետքարտուղարի տեղակալին ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ ստեղծված ներկա իրավիճակը։ Այս համատեքստում կարևորվել է Ղարաբաղյան խաղաղ գործընթացի լիարժեք վերսկսման անհրաժեշտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում։ Նշվում է, որ այցի շրջանակներում դանիական պատվիրակությունը ծաղկեպսակ է զետեղել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում։
19:54 - 11 հոկտեմբերի, 2021