ՄԻԵԴ

Ստրասբուրգում 1959թ․ հիմնված միջազգային դատարան։ Դատավորների թիվը համապատասխանում է Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության եվրոպական կոնվենցիան վավերացրած Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների թվին։

Դատարանը գործադրում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան: Դրա խնդիրն է երաշխավորել կոնվենցիայում ամրագրված իրավունքների եւ երաշխիքների նկատմամբ հարգանքը անդամ պետությունների կողմից, ինչը Դատարանն իրականացնում է անհատների, երբեմն նաեւ պետությունների ներկայացրած բողոքները քննելու միջոցով։

Եթե այն գտնում է, որ անդամ պետությունը ոտնահարել է վերոնշյալ իրավունքներից եւ երաշխիքներից մեկը կամ ավելին, ապա որոշում է կայացնում։ Որոշումները պարտադիր իրավական ուժ ունեն։ Խնդրո առարկա պետությունները պարտավոր են ենթարկվել դրանց։

Դիմողին վճարվելու է շուրջ 140․000 եվրո գումար. ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ

Դիմողին վճարվելու է շուրջ 140․000 եվրո գումար. ՄԻԵԴ-ը վճիռ է կայացրել Հայաստանի դեմ

Փաստաբան Վահե Գրիգորյանը ֆեսյբուքի էր էջում գրում է, որ ՄԻԵԴ այսօրվա՝ Թադեւոսյանն ընդդեմ Հայաստանի վճռով ճանաչվել է Հյուսիսային եւ Գլխավոր պողոտաների ծրագրերի իրականացման արդյունքում սեփականազրկված եւս մեկ քաղաքացու իրավունքի խախտում։«Սա Հայաստանի դեռ արնահոսող վերքերից է եւ դեռ շարքով գալու են բազմաթիվ այսպիսի վճիռներ ՄԻԵԴ-ից եւ այս ընտանիքները դեռ շարունակելու են մի փոքր խումբ իշխանության հետ ուղղակիորեն սերտաճած կոռուպցիոն կոմբինատորների յուրացումների պատճառով Հայաստանի քաղաքացիներին եւ պետական բյուջեին պատճառված հսկայական նյութական եւ ոչ նյութական վնասի մասին գործընթացները։ Մինչեւ երբ պետք է հատ առ հատ այս վճիռները հրապարակվեն եւ դրանցով ակնհայտ խախտումները բարձրաձայնվեն, մինչեւ վերահսկողական եւ կոռուպցիոն հանցագործությունների քննությամբ զբաղվող համակարգը տեսնի, որ պետական կարիքների համար քաղաքացիների զանգվածային սեփականազրկման գործընթացները եղել են ոչ միայն խիստ կասկածելի ծագումով միջոցների հսկայական լվացքամեքենաներ, այլ նաեւ՝ հենց Հայաստանի քաղաքացիներից ունեցվածքը խլելու կատարյալ մեխանիզմներ "երկնիշ տնտեսական աճ"-ի գեղանկարչության, "օտարերկրյա ներդրումների" վիճակագրությունը ուռճացնելու, ․․․ բազում այլ "ձեռքբերումների" համար։Դատարանի վճռով Հայաստանը պարտավոր է դիմողին վճարել շուրջ 140․000 եւրո գումար՝ պատճառված վնասի եւ ծախսերի փոխհատուցման համար։ Շնորհավորում եմ դիմողին եւ իր ներկայացուցչին այս վճռի կապակցությամբ», - ասված է Գրիգորյանի գրառման մեջ։
12:23 - 16 մայիսի, 2019
Իրավապաշտպանների խումբը մանրամասներ է հայտնում Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գործերի վերաբերյալ |armenpress.am|

Իրավապաշտպանների խումբը մանրամասներ է հայտնում Ապրիլյան քառօրյայից հետո Ադրբեջանի դեմ ՄԻԵԴ ներկայացված գործերի վերաբերյալ |armenpress.am|

armenpress.am։ 2016 թ. ապրիլյան քառօրյա պատերազմի ընթացքում տեղի ունեցած մարդու իրավունքների խախտումների առնչությամբ Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության բնակիչների անունից Մարդու իրավունքների եվրոպական դատարան են ներկայացվել ընդհանուր առմամբ 385 գանգատներ: Նշվածից 22 գանգատներ ներկայացվել են զոհվածների մարմինները խոշտանգելու հետևանքով դիմումատուների հանդեպ դրսևորված անմարդկային վերաբերմունքի, զոհվածների անձնական կյանքի նկատմամբ հարգանքի, իրավական պաշտպանության միջոցի բացակայության, ինչպես նաև ազգային հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտման հիմքերով:Դրանցից երեքում բարձրացվել են զինծառայողների կյանքի իրավունքի և խոշտանգումների չենթարկվելու իրավունքի խախտման հարցեր: Մեկ գանգատ ներկայացվել է Թալիշի բնակիչների հարազատների անունից, որով վիճարկվում են նրանց սպանության և մարմինների նկատմամբ միջամտության, դիմումատուների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի, իրավական պաշտպանության միջոցի, ինչպես նաև ազգային պատկանելության հիմքով խտրականության չենթարկվելու իրավունքների խախտումներ։Ինչպես ներկայացրին իրավաբան-իրավապաշտպանների խմբի լրատվական ծառայությունից, Ադրբեջանի դեմ ներկայացված այս 22 գործերը ընդունելի են ճանաչվել և հաղորդակցվել են Ադրբեջանի կառավարությանը՝ առարկություններ ներկայացնելու համար։ Ադրբեջանի կառավարությունը ներկայացրել է առարկություններ, որոնց տրվել են պատասխաններ։ Ներկայումս բոլոր ընթացակարգերն ավարտվել են, և սպասվում են այդ գործերով վճիռներ: Եվրոպական դատարանը որևէ տեղեկություն վճռի հրապարակման օրվա վերաբերյալ չի հայտնել։«Անհրաժեշտ ենք համարում նաև նշել, որ նշված 22 գործերը քննվում են արագացված կարգով, քանի որ Եվրոպական դատարանը դրանց տվել է առաջնահերթություն՝ գանգատները ներկայացնելուց կարճ ժամանակ անց»,-տեղեկացնում են իրավաբան-իրավապաշտպանների խմբից:Մնացած 363 գանգատները վերաբերում են շփման գծին մոտ տեղակայված գյուղերի և քաղաքների հրետակոծության հետևանքով քաղաքացիական անձանց գույքի վնասմանը կամ ոչնչացմանը, ինչպես նաև կյանքի իրավունքի պոտենցիալ խախտումներին: Հայտնի է նաև, որ 2016 թվականի ապրիլյան դեպքերի հիմքով Ադրբեջանի բնակիչների կողմից գանգատներ են ներկայացվել Հայաստանի Հանրապետության դեմ։Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի դեմ ներկայացված գործերի երկու խմբաքանակից իր հայեցողությամբ ընտրել է մեկական գանգատ՝ Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի և Ամրահովն ընդդեմ Հայաստանի գործերը, և 2019 թ. փետրվարի 26-ին կայացված երկու առանձին որոշումներով դրանք ճանաչել է անընդունելի՝ համապատասխանաբար եզրահանգելով, որ թեև Ս․Խուդունցը ներկայացրել է տան և հողակտորի սեփականության վերաբերյալ փաստաթղթեր, սակայն չի կարողացել հիմնավորել, որ իր գույքը վնասվել է ռմբակոծության արդյունքում, իսկ Ամրահովը չի ներկայացրել իր սեփականության իրավունքը հիմնավորող փաստաթղթերը։ Դատարանը երկու գործերով էլ կիրառել է prima facie ապացույցի չափանիշ։«Անհրաժեշտ է փաստել, որ 2016 թ. ապրիլյան պատերազմի ընթացքում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ գործերը համանման են Հարավային Օսիայում և Ուկրաինայում հակամարտությունների առնչությամբ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ստացված մեծաքանակ գործերին, որոնց քննարկման արդյունքում արդեն իսկ դատարանի կողմից ձևավորվել են կիրառվող սկզբունքներ, այդ թվում՝ հակամարտության արդյունքում պատճառված վնասի ապացուցողական շեմի, ապացույցի չափանիշի վերաբերյալ։ Այս տեսանկյունից Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի գործով դատարանի որոշումը Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որդեգրած դատական քաղաքականության շրջանակում է և նպատակային շեղումներ չունի։ Հարկ է նշել նաև, որ վերոնշյալ երկու գանգատները անընդունելի ճանաչելը դեռևս չի նշանակում, որ մնացած բոլոր գործերը կարժանանան միևնույն ճակատագրին: Յուրաքանչյուր գործ Եվրոպական դատարանի կողմից քննության է ենթարկվում իր փաստական հանգամանքների և ապացույցների համադրության մեջ՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի հիմնարար սկզբունքները:Հաղորդակցված, ինչպես նաև դեռևս ընդունելիության փուլում գտնվող յուրաքանչյուր գանգատի հետագա զարգացումների վերաբերյալ աշխատանքային խումբը պարբերաբար կտրամադրի լրացուցիչ տեղեկություն»,-նշում են իրավաբան-իրավապաշտպանների խմբից:
09:41 - 13 մայիսի, 2019
ՄԻԵԴ 2 որոշումը չպետք է տարածել ապրիլյան պատերազմում խախտումների գործով 23 հայցերի վրա. Արցախի ՄԻՊ

ՄԻԵԴ 2 որոշումը չպետք է տարածել ապրիլյան պատերազմում խախտումների գործով 23 հայցերի վրա. Արցախի ՄԻՊ

Մեր վերլւոծությունն ու տարբեր փորձագետների հետ քննարկումները ցույց են տալիս, որ «Խուդունցն ընդդեմ Ադրբեջանի» եւ «Ամրահովն ընդդեմ Հայաստանի» գործերով ՄԻԵԴ–ի որոշումը վերաբերում է միայն սեփականության հետ կապված, գույքային վնասներ կրած անձանց հայցերին։ Այս մասին այսօր՝ ապրիլի 30-ին, ԱԺ Մարդու իրավունքների եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը։ «Հարյուրավոր նման հայցեր գնացել են Արցախից, նաեւ Ադրբեջանից են գնացել այդպիսի հայցեր ՀՀ–ի դեմ։ Այս երկու նախադեպով ՄԻԵԴ–ը կարծես որոշակի շեմ է դնում, որ այս շեմից ներքեւ չի իջնելու նմանատիպ հայցերով եւ նաեւ չափորոշիչներն է հստակեցնում, ինչը հիմք է տալիս մեզ կարծելու, որ նմանատիպ հայցերը մերժվելու են, միգուցե մի մասը կախված ապացույցներից, հանգամանքերից կարող են բավարարվել, բայց պետք է արձանագրել, որ սրանք չեն վերաբերում ապրիլյան պատերազմի ժամանակ արձանագրված ռազմական հանցագործություններին, մարդկության դեմ հանցագործություններին եւ ընդհանրապես այն հանցագործություններին, որոնք վերաբերել են կյանքի իրավունքին, խոշտանգումից զերծ լինելու իրավունքին»։ Արցախի ՄԻՊ–ը կարեւոր համարեց այս երկու որոշումը ապրիլյան պատերազմի ժամանակ մարդու իրավունքների խախտումների դեպքերի վրա չտարածելը. «Տեղյակ եք, որ 2016 թվականին տարբեր փուլերով այն ժամանակ Արցախի ՄԻՊ Ռուբեն Մելիքյանը բավականին համընդգրկուն զեկույց է հրապարակել՝ փաստերով ներկայացնելով, թե ինչ խախտումներ են իրականացրել Ադրբեջանի զինված ուժերը՝ հիմնականում անդրադառնալով այդ իրավունքներին։ Այդտեղ էլ նշված է, որ դրանք կրել են համակարգված, կազմակերպված բնույթ, քանի որ ադրբեջանական ԶՈՒ վերահսկողության տակ հայտնված 31 դեպքից 27-ի պարագայում արձանագրվել են տարբեր տիպի մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի խախտումներ, այդ թվում՝ գլխատման, դիակապտությունների, խոշտանգումների դեպքեր։ 23 դրվագով ՄԻԵԴ–ը 2017 թվականին ընդունել է արագացված քննարկման, հիմա կոմունիկացման փուլում է, այս վերջին որոշումները կարեւոր է, որ չտարածխենք այդ 23 հայցերի վրա, դրանք համոզված եմ, կբավարարվեն»։
08:38 - 30 ապրիլի, 2019
Ես այլևս պետական պաշտոնյա չեմ. Գևորգ Կոստանյանը նոր նախաձեռնություն է սկսում |armlur.am|

Ես այլևս պետական պաշտոնյա չեմ. Գևորգ Կոստանյանը նոր նախաձեռնություն է սկսում |armlur.am|

armlur.am: Երեկ Կենտրոն հեռուստաընկերության հյուրն է եղել ՀՀ նախկին գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանը, որը հաղորդման ժամանակ բավականին ուշագրավ հայտարարություն է արել: Նա հայտնել է՝ քանի որ այլևս պետական պաշտոն չի զբաղեցնում, որոշել է զբաղվել 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավունքների վերկանգման հարցով: Մասնավորապես Գեւորգ Կոստանյանը ներկայացրել է, որ պատրաստվում է անվճար իրավաբանական օգնություն ցույց տալ 1915 թվականի Հայոց ցեղասպանության հետեւանքով տուժած քաղաքացիների իրավահաջորդներին, հայցեր նախապատրաստել եւ դիմել Մարդու իրավունքների Եվրոպական դատարան, որպեսզի իրավական ճանապարհով հնարավոր լինի վերականգնել տուժած քաղաքացիների իրավահաջորդների ոտնահարված իրավուքները: Այս հնարավորությունը տրվեց Հայաստանին «Փերինչեքն ընդդեմ Շվեցարիայի» գործից հետո և հիմա՝ իրադարձություններից 104 տարի հետո, իրավաբանորեն կարելի է դիմել ՄԻԵԴ»։  
05:39 - 25 ապրիլի, 2019
Կառավարությունը կփոխհատուցի «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին |hetq.am|

Կառավարությունը կփոխհատուցի «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին |hetq.am|

hetq.am: Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտված «Ղուլյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին պետք է վճարի 3600 եվրոյին համարժեք դրամ։ Նման որոշում ընդունվեց կառավարության այսօրվա նիստին։ Փոխհատուցումը կտրամադրվի կառավարության պահուստային ֆոնդից։ ՄԻԵԴ-ի վճիռն օրինական ուժի մեջ է մտել հունվարի 24-ին, հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը ապրիլի 24-ն է: Գործի փաստական հանգամանքները Դիմումատուն, ամբողջ դրույքով անժամկետ պայմանագրային հիմունքներով աշխատելով Բրիտանական խորհրդի հայաստանյան գրասենյակում, ունեցել է 2 երեխա և 2009թ. մարտից սկսած յուրաքանչյուր վեց ամիսը մեկ պարբերաբար ներկայացրել է դիմում՝ իր բացակայության տևողությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդն երկարացնելու համար: 2011 թվականի դեկտեմբերի 1-ին Բրիտանական խորհրդի տնօրենի հրամանով՝ դիմումատուի աշխատանքային պայմանագիրը դադարեցվել է: 2012 թվականի հունվարի 11-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների դատարանի դատավոր Ա.Մ.-ն վարույթ է ընդունել դիմումատուի հայցադիմումը, որով վերջինս վիճարկում էր աշխատանքից ազատման հրամանը և պահանջում վերականգնում նախկին աշխատանքում: Հունվարի 12-ին Բրիտանական խորհուրդը լիազորել է Ար.Մ.-ին և «Պրուդենս» ընկերության մեկ այլ իրավաբան Կ.Բ.-ին միասին կամ առանձին ներկայացնել իր բոլոր շահերը Հայաստանի բոլոր ատյանների դատարաններում: 2012 թվականի հուլիսի 9-ին դատավոր Ա.Մ.-ն մերժել է դիմումատուի հայցը՝ գտնելով, որ նրա աշխատանքից ազատումը եղել է օրինական: Առաջին ատյանի դատարանի վարույթից հետո բացահայտվել է, որ դատավոր Ա.Մ.-ն և իրավաբան Ար.Մ.-ն երկվորյակ եղբայրներ են, իսկ «Պրուդենս» իրավաբանական ընկերությունը, որտեղ Ար.Մ.-ն և Կ.Պ.-ն հանդիսանում էին ավագ աշխատակիցներ, հիմնադրվել էր Ա.Մ.-ի և Ար.Մ.-ի ավագ քրոջ կողմից և ղեկավարվում էր նրա ամուսնու՝ Է.Մ.-ի կողմից: 2012 թվականի օգոստոսի 6-ին դիմումատուն ներկայացրել է վերաքննիչ բողոք՝ վիճարկելով, որ դատավոր Ա.Մ.-ն իր գործի վերաբերյալ որոշում կայացնելիս չի ցուցաբերել անկողմնակալություն՝ վարույթում պատասխանողի օրինական ներկայացուցիչների հետ սերտ ընտանեկան կապերի պատճառով: Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը՝ չանդրադառնալով դատավորի անկողմնակալության վերաբերյալ դիմումատուի փաստարկներին: Դիմումատուի վճռաբեկ բողոքը դատարանը հիմքերի բացակայության պատճառով անընդունելի է ճանաչել: Մարդու իրավունքների եվրոպական դատարանը, գործը քննելով, նշել է, որ այնպիսի իրավիճակում, երբ կարող է առաջանալ կողմնակալության ենթադրություն կամ արտաքին հատկանիշ, պետք է բացահայտվի վարույթի սկզբում, կատարվի գնահատում՝ որոշելու համար արդյոք դատավորին գործից հեռացնելն իսկապես անհրաժե՞շտ է, թե՝ ոչ: Սույն գործով որևէ նման բացահայտում տեղի չի ունեցել, և դիմումատուն պատասխանողի ներկայացուցչի և դատավորի միջև կապը բացահայտել է միայն առաջին ատյանի վճիռն ստանալուց հետո: «Այսպիսով ստեղծվել է կողմնակալության արտաքին հատկանիշ»,-նշել է դատարանը։ Այս գործով Վերաքննիչ դատարանն ընդհանրապես չի անդրադարձել առաջին ատյանի դատարանի վարույթի ժամանակ դատավոր Ա.Մ.-ի անկողմնակալության ենթադրյալ բացակայության վերաբերյալ դիմումատուի փաստարկներին, հետևաբար բողոքարկման վարույթի արդյունքում առաջին ատյանում կողմնակալության արտաքին հատկանիշը չի վերացվել: «Այսպիսով Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ դատավոր Ա.Մ.-ի մասնակցությունը գործին առաջին ատյանի դատարանի վարույթը դարձրել է կողմնակալ, և այդ թերությունը բողոքարկմամբ չի վերացվել»,- նշել է ՄԻԵԴ-ը:
07:32 - 29 մարտի, 2019
ՄԻԵԴ-ի վճռով կառավարությունը կփոխհատուցի 12 հազար եվրո |hetq.am|

ՄԻԵԴ-ի վճռով կառավարությունը կփոխհատուցի 12 հազար եվրո |hetq.am|

Մարդու իրավունքների եվրոպական դատարանի վճռի համաձայն՝ Հայաստանի կառավարությունը «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործով դիմումատուին կփոխհատուցի 12 000 եվրոյին համարժեք դրամ: Նման որոշում կառավարությունը կայացրեց այսօրվա նիստին: Գործով դատարանի վճիռն օրինական ուժի մեջ է մտել հունվարի 11-ին, և հատուցման գումարի վճարման վերջնաժամկետը ապրիլի 11-ն է: Գործի փաստական հանգամանքները 2007 թվականին կառավարությունն ընդունել է «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Շնողի և Թեղուտի գյուղական համայնքների վարչական սահմաններում որոշ տարածքներում բացառիկ՝ գերակա հանրային շահ ճանաչելու և հողերի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին որոշում: Որոշման համաձայն՝ դրա հավելվածներում թվարկված հողատարածքների ձեռք բերող է համարվել «Թեղուտ» ՓԲԸ-ն։ Դիմումատուներին պատկանող հողամասը եղել է այն հողատարածքների շարքում, որոնք համարվել են օտարման ենթակա գոտիներ։ «Թեղուտ» ՓԲԸ-ի կողմից վարձված «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ի գնահատման գործակալությունը ներկայացրել է դիմումատուների հողամասի վերաբերյալ գնահատման եզրակացություն, որի համաձայն՝ դիմումատուների հողամասի շուկայական արժեքը գնահատվել է 188 000 դրամ: «Թեղուտ» ՓԲԸ-ն դիմումատուներին առաջարկել է գնել նրանց հողամասը 188 000 դրամով՝ գումարած լրացուցիչ 15 %, ինչպես պահանջվում է օրենքով՝ վերջնական առաջարկի գումարը դարձնելով 216 000 դրամ: Դիմումատուները չեն արձագանքել առաջարկին, քանի որ նրանց չի գոհացրել առաջարկվող փոխհատուցման գումարի չափը։ 2008 թվականին «Թեղուտ» ՓԲԸ-ն դիմումատուների դեմ հայց է ներկայացրել Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով նրանց պարտավորեցնել, որ ստորագրեն պետության կարիքների համար իրենց գույքը վերցնելու մասին համաձայնագիրը։ Վարույթի ընթացքում «Թեղուտ» ՓԲԸ-ն ներկայացրել է դիմումատուների գույքի վերաբերյալ գնահատման եզրակացության ուղղված տարբերակը՝ նշելով, որ «Օլիվեր գրուպ» ՍՊԸ-ն կատարել է որոշ ուղղումներ: Այսպիսով, փոխհատուցման վերջնական գումարը՝ օրենքով պահանջվող լրացուցիչ 15 %-ի հետ, կազմում էր 223 100 դրամ: Առաջին ատյանի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի պահանջը՝ դիմումատուներին տրամադրելով ընդհանուր 223 100 դրամ փոխհատուցում։ Դիմումատուները ներկայացրել են վերաքննիչ բողոք՝ նշելով, որ փոխհատուցման գումարը բավարար չէ՝ պնդելով նաև, որ առաջին ատյանի դատարանը պետք է իրացներ փորձաքննություն նշանակելու իր հայեցողական լիազորությունը։ Վերաքննիչ քաղաքացիական դատարանը բեկանել է առաջին ատյանի դատարանի վճիռը՝ նշելով, որ այն պետք է բավարարեր դիմումատուների պահանջը՝ նշանակելով դատական փորձաքննություն՝ գույքի շուկայական արժեքը որոշելու համար։ Գործը վերադարձվել է առաջին ատյանի դատարան։ 2010 թվականի հունվարին առաջին ատյանի դատարանը նշանակել է դատական փորձաքննություն՝ դիմումատուների հողամասի, այդ թվում՝ անշարժ գույքի կամ, առկայության դեպքում, բարելավումների շուկայական արժեքը որոշելու համար։ «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետը ներկայացրել է եզրակացություն, որի համաձայն՝ գույքի շուկայական արժեքը գնահատվել է 230 000 դրամ: 2010 թվականի նոյեմբերին առաջին ատյանի դատարանը նշանակել է լրացուցիչ դատական փորձաքննություն։ Այս անգամ «Փորձաքննությունների ազգային բյուրո» ՊՈԱԿ-ի փորձագետի կողմից ներկայացվել է եզրակացություն, որով դիմումատուների հողամասի շուկայական արժեքը գնահատվել է 209 100 դրամ: Այսպիսով՝ 2011 թվականի ապրիլին առաջին ատյանի դատարանը բավարարել է «Թեղուտ» ՓԲԸ-ի պահանջը՝ դիմումատուներին շնորհելով 264 500 դրամ: Դիմումատուները ներկայացրել են վերաքննիչ բողոք, սակայն դատարանը անփոփոխ է թողել առաջին ատյանի դատարանի վճիռը։ Այնուհետ դիմումատուները ներկայացրել են վճռաբեկ բողոք, որը ճանաչվել է անընդունելի՝ հիմքերի բացակայության պատճառով։ ՄԻԵԴ-ը՝ «Օսմանյանը և Ամիրաղյանն ընդդեմ Հայաստանի» գործի մասին Եվրոպական դատարանը նշել է, որ ցանկացած միջամտություն պետք է ողջամտորեն համաչափ լինի հետապնդվող նպատակին: Ըստ դատարանի՝ համապատասխան օրենսդրությամբ նախատեսված փոխհատուցման պայմանները հատուկ նշանակություն ունեն գնահատելու՝ արդյոք վիճարկվող միջոցառմամբ ապահովվում է անհրաժեշտ արդարացի հավասարակշռությունը և արդյոք այն անհամաչափ բեռ է առաջացնում դիմումատուների համար: Եվրոպական դատարանը համարել է, որ կարող են լինել այնպիսի իրավիճակներ, երբ տվյալ անշարժ գույքի շուկայական գինն արտահայտող փոխհատուցումը՝ նույնիսկ օրենքով սահմանված լրացուցիչ տոկոսի ավելացմամբ, չհամարվի բավարար փոխհատուցում՝ գույքից զրկելու դիմաց։ Ըստ ՄԻԵԴ-ի, նման իրավիճակ կարող է առաջանալ այն դեպքում, երբ անձը զրկվում է իր եկամտի հիմնական, եթե ոչ միակ աղբյուրից, և առաջարկվող փոխհատուցումը չի համապատասխանում այդ կորստին: Այս գործում դիմումատուները նշել էին, որ որպես ընտանիք՝ իրենք տնտեսապես կախված են եղել օտարվող այդ հողից, որը չի հերքվել կառավարության կողմից: Եվրոպական դատարանի եզրակացմամբ՝ հողերի օտարման հետևանքով դիմումատուները կորցրել են իրենց եկամտի հիմնական աղբյուրը. «Դատարանները որոշել են, որ անկախ հանգամանքներից, դիմումատուներին պետք է տրամադրվի փոխհատուցում, որի չափը որոշվել է օտարման ենթակա տարածքում գտնվող անշարժ գույքի գների հիման վրա։ Նրանք չեն դիտարկել այն հարցը, թե արդյոք տրամադրվող փոխհատուցումը կծածկի դիմումատուների՝ ապրուստը հոգալու միջոցներից զրկվելու հետ կապված փաստացի կորուստը, կամ արդյոք այն բավարար էր, որպեսզի նրանք ձեռք բերեն համարժեք հող այն տարածքում, որտեղ նրանք ապրում էին»: Եվրոպական դատարանը գտել է, որ դիմումատուները ստիպված են եղել ավելորդ բեռ կրել: hetq.am
08:57 - 14 մարտի, 2019
Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ևս երկու գանգատ է ուղարկվել. մեկի հիմքում Նիկոլ Փաշինյանի ելույթն է

Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ևս երկու գանգատ է ուղարկվել. մեկի հիմքում Նիկոլ Փաշինյանի ելույթն է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ևս երկու գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այսպիսով, այս պահին ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործով 4 գանգատ կա: Մեզ հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ գանգատներից մեկի համար հիմք է հանդիսացել կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը:  «Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոռուցիայի մեջ կասկածվող անձանց մասին, ասել է՝ մենք պետք է իրենց ձերբակալենք, տանենք դատարան, խայտառակենք, բարոյապես ոչնչացնենք և ուղարկենք պատիժ կրելու: Այսինքն, Փաշինյանն ուզում է ասել, որ անձն, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ոչ միայն կարող է ձերբակալվել, կալանավորվել, տարվել դատարան և պատիժ կրել, այլ իր խոսքից բխում է, որ բացի օրենքով նախատեսված ընթացակագից, նա նաև պիտի խայտառակվի, բարոյապես ոչնչացվի: Սա նշանակում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ենթարկելու սպառնալիքներ են հնչում»,- ասաց Հայկ Ալումյանը: «Սա նշանակում է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն ընտրել է այդ ուղղությունն ու գործելաոճը: Ըստ էության, սա նաև հրահանգ էր կառավարության անդամներին: Սա ուղղակի հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պետության կողմից իր վրա վերցրած պարտավորություներին, քանի որ հենց պետության անունից է արվում հայտարարությունը»,- ասաց Ալումյանն ու նշեց, որ տեղի ունեցածը վտանգավոր ուղերձ է, ուստի իրենք չեն սպասել, մինչև Փաշինյանի ասած գործողություններն իրականանցվեն ու դիմել են ՄԻԵԴ` գիտակցելով նաև այն հանգամանքը, որ ներպետական պաշտպանության ոչ մի միջոց նման գործողությունների դեմ գոյություն չունի: Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացված չորրորդ գանգատը վերաբերում է նրա կալանքի ժամկետը երկարարցնելուն: Հայկ Ալումյանի խոսքով՝ կալանքը երկրարացնելու հարցը քննել է դատարանը, որն օրենքի հիման վրա չի ձևավորվել: Նշենք, որ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ժամանակ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, քանի որ, ըստ նրանց, պարզ չէր, թե ինչ եղանակով է գործը մակագրվել հենց Արթուր Մկրտչյանին: Նշենք, որ պաշտպանները տևական ժամանակ բարձրաձայնել են այս խնդրի մասին ու նշել, որ գործերը պետք է մակագրել համակարգչային եղանակով, այլ ոչ թե դատարանի նախագահի կողմից: Գանգատում անդրադարձ է կատարվել նաև Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված դատարանների հիմնավորումներին: Ալումյանի խոսքով` ՄԻԵԴ-ում իրենք ոչ թե դրել են երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը, այլ անդրադարձել են այն չափանիշներին, որոնցից ելնելով՝ դատարանները համարում են, որ նախագահն անձեռնմխելի չէ` այսպիսով անմեղության կանխավարկած խախտելով: «Վճռաբեկ դատարանն ասում է, որ եթե նախագահն իր լիազորությունների շրջանակներում է գործել և ի շահ պետության, ուրեմն անձեռնմխելի է, իսկ եթե իր լիազորությունների անցմամբ կամ անձնական նպատակներից ելնելով է գործել, ուրեմն անձեռնմխելի չէ: Սա անձեռնմխելիության ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեցող գաղափար է, բայց այս փուլում գլխավոր խնդիրը դա չէ»,- ասաց Ալումյանն ու բացատրեց, որ նախագահն անձեռմխելի է, թե ոչ, պետք է որոշվի ամենաբարձր ապացուցողական չափանիշով: «Այսինքն՝ ողջամիտ կասկածից վեր մակարդակով պետք է ապացուցված լինի, որ անձն անձեռնմխելի չէ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն անձեռնմխելության չափանիշը դնում է այսպես. Քոչարյանն իր լիազորությունների շրջանակներից անցել է, թե ոչ, լիազորություներն իր անձնական նպատակին օգտագործել է, թե չէ, ու այդ ամենն ասում է ողջամիտ կասկածից վեր չափանիշով, որն այս փուլում չի կարելի: Այս փուլում որևէ դատարան իրավունք չունի ասել, որ ողջամիտ կասկածից վեր  չափանիշով դու անցել են քո լիազորություները կամ գործել ես քո անձնական նպատակներով»,- ասաց Հայկ Ալումյանը: Փաստաբանի խոսքով՝ եթե Քոչարյանի մեղադրանքը վերաբերեր այնպիսի արարքի, որը ակնհայտորեն կապ չէր ունենա նրա լիազորությունների հետ, այդ դեպքում նա չէր լինի անձեռնմխելի, բայց նրան վերագրվող մեղադրանքից արդեն իսկ բխում է, որ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, նա իր լիազորությւոններն իրականացնելիս է հանցանք  կատարել, ուստի անձեռնմխելի է: hetq.am
13:29 - 07 մարտի, 2019
Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է  «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է  «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Որպես փոխհատուցում դիմումատուին պետք է վճարի 20600 եվրոյին համարժեք դրամ: ՄԻԵԴ-ի այս որոշումը ևս վերաբերում է «Մարտի 1-ի» դեպքերին: 2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց հաջորդել են ցույցեր և բախում ցուցարարների և ոստիկանների միջև: Դիմումատուն ցույցերի ակտիվ մասնակիցներից է եղել: 2008 թվականի մարտի 1-ին դեպքի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր: Նույն օրը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններում ներգրավված ոստիկանության մի շարք ծառայողների, այդ թվում՝ Ա. Արշ.-ին և Ա. Առ.-ին քրեական գործի շրջանակներում տրվել է տուժողի կարգավիճակ: Եվրոպական դատարանը նշել է, որ Կառավարությունը չի ներկայացրել ապացույցներ, ինչպես նաև չի տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն դիմումատուի՝ արձանագրված վնասվածքների վերաբերյալ: Կառավարության պնդումները հիմնված չեն եղել դիմումատուի վնասվածքների պատճառների որևէ պաշտոնական քննության վրա: ՄԻԵԴ-ի փոխանցմամբ՝ այն հնարավորություն կտար անկախ և անկողմնակալ քննության միջոցով հաստատել, որ դիմումատուն վնասվածքները ստացել է Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ կամ այլ հանգամանքներում ոստիկանության կողմից օրինական և համաչափ ուժ գործադրելու արդյունքում: ՄԻԵԴ-ը նշել է, որ առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, այդ թվում՝ դիմումատուն, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել։ Փաստերի ամբողջականությունը, որոնց հիման վրա իրականացվել է դիմումատուի քրեական հետապնդումն ու դատապարտումը, կարող է համարվել խաղաղ հավաքների ազատության իրավունքին «միջամտության» դեպք։Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն՝ և՛ ցույցի ցրման, և՛ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման, նրա կալանավորման և դատապարտման մասով։ Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ հավաքի ցրումը և դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չէին կարող նրա՝ քաղաքական հանրահավաքներին մասնակցությունը կանխող հետևանք ունենալ. «Անշուշտ, այդ միջոցներով նույնպես հնարավոր է եղել խոչընդոտել այլ ընդդիմադիր կողմնակիցներին և լայն հասարակությանը՝ մասնակցել ցույցերին և ընդհանրապես, մասնակցել բաց քաղաքական բանավեճերին»,-եզրակացրել է ՄԻԵԴ-ը: hetq.am        
12:13 - 07 մարտի, 2019