Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ևս երկու գանգատ է ուղարկվել. մեկի հիմքում Նիկոլ Փաշինյանի ելույթն է
13:29 - 07 մարտի, 2019

Ռոբերտ Քոչարյանի գործով ՄԻԵԴ ևս երկու գանգատ է ուղարկվել. մեկի հիմքում Նիկոլ Փաշինյանի ելույթն է

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները ևս երկու գանգատ են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան: Այսպիսով, այս պահին ՄԻԵԴ-ում Քոչարյանի գործով 4 գանգատ կա:

Մեզ հետ զրույցում Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ գանգատներից մեկի համար հիմք է հանդիսացել կառավարության նիստի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած արտահայտությունը: 

«Նիկոլ Փաշինյանը, խոսելով կոռուցիայի մեջ կասկածվող անձանց մասին, ասել է՝ մենք պետք է իրենց ձերբակալենք, տանենք դատարան, խայտառակենք, բարոյապես ոչնչացնենք և ուղարկենք պատիժ կրելու: Այսինքն, Փաշինյանն ուզում է ասել, որ անձն, ով մեղադրվում է կոռուպցիայի մեջ, ոչ միայն կարող է ձերբակալվել, կալանավորվել, տարվել դատարան և պատիժ կրել, այլ իր խոսքից բխում է, որ բացի օրենքով նախատեսված ընթացակագից, նա նաև պիտի խայտառակվի, բարոյապես ոչնչացվի: Սա նշանակում է, որ Կոնվենցիայի 3-րդ հոդվածով արգելված վերաբերմունքի ենթարկելու սպառնալիքներ են հնչում»,- ասաց Հայկ Ալումյանը:

«Սա նշանակում է, որ երկրի բարձրագույն ղեկավարությունն ընտրել է այդ ուղղությունն ու գործելաոճը: Ըստ էության, սա նաև հրահանգ էր կառավարության անդամներին: Սա ուղղակի հակասում է Կոնվենցիայի 3-րդ հոդվածով պետության կողմից իր վրա վերցրած պարտավորություներին, քանի որ հենց պետության անունից է արվում հայտարարությունը»,- ասաց Ալումյանն ու նշեց, որ տեղի ունեցածը վտանգավոր ուղերձ է, ուստի իրենք չեն սպասել, մինչև Փաշինյանի ասած գործողություններն իրականանցվեն ու դիմել են ՄԻԵԴ` գիտակցելով նաև այն հանգամանքը, որ ներպետական պաշտպանության ոչ մի միջոց նման գործողությունների դեմ գոյություն չունի:

Քոչարյանի գործով ՄԻԵԴ ներկայացված չորրորդ գանգատը վերաբերում է նրա կալանքի ժամկետը երկարարցնելուն: Հայկ Ալումյանի խոսքով՝ կալանքը երկրարացնելու հարցը քննել է դատարանը, որն օրենքի հիման վրա չի ձևավորվել: Նշենք, որ կալանքի ժամկետը երկարացնելու միջնորդության քննության ժամանակ Քոչարյանի պաշտպանները դատավոր Արթուր Մկրտչյանին ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել, քանի որ, ըստ նրանց, պարզ չէր, թե ինչ եղանակով է գործը մակագրվել հենց Արթուր Մկրտչյանին: Նշենք, որ պաշտպանները տևական ժամանակ բարձրաձայնել են այս խնդրի մասին ու նշել, որ գործերը պետք է մակագրել համակարգչային եղանակով, այլ ոչ թե դատարանի նախագահի կողմից:

Գանգատում անդրադարձ է կատարվել նաև Քոչարյանի անձեռնմխելիության հետ կապված դատարանների հիմնավորումներին: Ալումյանի խոսքով` ՄԻԵԴ-ում իրենք ոչ թե դրել են երկրորդ նախագահի անձեռնմխելիության հարցը, այլ անդրադարձել են այն չափանիշներին, որոնցից ելնելով՝ դատարանները համարում են, որ նախագահն անձեռնմխելի չէ` այսպիսով անմեղության կանխավարկած խախտելով:

«Վճռաբեկ դատարանն ասում է, որ եթե նախագահն իր լիազորությունների շրջանակներում է գործել և ի շահ պետության, ուրեմն անձեռնմխելի է, իսկ եթե իր լիազորությունների անցմամբ կամ անձնական նպատակներից ելնելով է գործել, ուրեմն անձեռնմխելի չէ: Սա անձեռնմխելիության ինստիտուտի հետ ոչ մի կապ չունեցող գաղափար է, բայց այս փուլում գլխավոր խնդիրը դա չէ»,- ասաց Ալումյանն ու բացատրեց, որ նախագահն անձեռմխելի է, թե ոչ, պետք է որոշվի ամենաբարձր ապացուցողական չափանիշով:

«Այսինքն՝ ողջամիտ կասկածից վեր մակարդակով պետք է ապացուցված լինի, որ անձն անձեռնմխելի չէ: Մինչդեռ Վճռաբեկ դատարանն անձեռնմխելության չափանիշը դնում է այսպես. Քոչարյանն իր լիազորությունների շրջանակներից անցել է, թե ոչ, լիազորություներն իր անձնական նպատակին օգտագործել է, թե չէ, ու այդ ամենն ասում է ողջամիտ կասկածից վեր չափանիշով, որն այս փուլում չի կարելի: Այս փուլում որևէ դատարան իրավունք չունի ասել, որ ողջամիտ կասկածից վեր  չափանիշով դու անցել են քո լիազորություները կամ գործել ես քո անձնական նպատակներով»,- ասաց Հայկ Ալումյանը:

Փաստաբանի խոսքով՝ եթե Քոչարյանի մեղադրանքը վերաբերեր այնպիսի արարքի, որը ակնհայտորեն կապ չէր ունենա նրա լիազորությունների հետ, այդ դեպքում նա չէր լինի անձեռնմխելի, բայց նրան վերագրվող մեղադրանքից արդեն իսկ բխում է, որ, ըստ վարույթն իրականացնող մարմնի, նա իր լիազորությւոններն իրականացնելիս է հանցանք  կատարել, ուստի անձեռնմխելի է:

hetq.am


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել