Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է  «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով
12:13 - 07 մարտի, 2019

Հայաստանը ՄԻԵԴ-ում պարտվել է «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով

Հայաստանը Մարդու իրավունքների եվրոպական դատարանում պարտվել է  «Մուշեղ Սաղաթելյանն ընդդեմ Հայաստանի» գործով: Որպես փոխհատուցում դիմումատուին պետք է վճարի 20600 եվրոյին համարժեք դրամ: ՄԻԵԴ-ի այս որոշումը ևս վերաբերում է «Մարտի 1-ի» դեպքերին:

2008 թվականի փետրվարի 19-ին Հայաստանում տեղի են ունեցել նախագահական ընտրություններ, որոնց հաջորդել են ցույցեր և բախում ցուցարարների և ոստիկանների միջև: Դիմումատուն ցույցերի ակտիվ մասնակիցներից է եղել:

2008 թվականի մարտի 1-ին դեպքի վերաբերյալ հարուցվել են քրեական գործեր: Նույն օրը 2008 թվականի մարտի 1-2-ի իրադարձություններում ներգրավված ոստիկանության մի շարք ծառայողների, այդ թվում՝ Ա. Արշ.-ին և Ա. Առ.-ին քրեական գործի շրջանակներում տրվել է տուժողի կարգավիճակ:

Եվրոպական դատարանը նշել է, որ Կառավարությունը չի ներկայացրել ապացույցներ, ինչպես նաև չի տրամադրել բավարար և համոզիչ բացատրություն դիմումատուի՝ արձանագրված վնասվածքների վերաբերյալ: Կառավարության պնդումները հիմնված չեն եղել դիմումատուի վնասվածքների պատճառների որևէ պաշտոնական քննության վրա: ՄԻԵԴ-ի փոխանցմամբ՝ այն հնարավորություն կտար անկախ և անկողմնակալ քննության միջոցով հաստատել, որ դիմումատուն վնասվածքները ստացել է Ազատության հրապարակում տեղի ունեցած բախումների ժամանակ կամ այլ հանգամանքներում ոստիկանության կողմից օրինական և համաչափ ուժ գործադրելու արդյունքում:

ՄԻԵԴ-ը նշել է, որ առկա չեն բավարար և համոզիչ ապացույցներ, որոնք թույլ կտան եզրակացնել, որ Ազատության հրապարակում տեղի ունեցած հավաքի կազմակերպիչները և մասնակիցները, այդ թվում՝ դիմումատուն, բռնի մտադրություններ են ունեցել, և որ տվյալ հավաքը խաղաղ չի եղել։

Փաստերի ամբողջականությունը, որոնց հիման վրա իրականացվել է դիմումատուի քրեական հետապնդումն ու դատապարտումը, կարող է համարվել խաղաղ հավաքների ազատության իրավունքին «միջամտության» դեպք։
Եվրոպական դատարանը եզրակացրել է, որ տեղի է ունեցել դիմումատուի՝ խաղաղ հավաքների ազատության իրավունքին միջամտություն՝ և՛ ցույցի ցրման, և՛ դիմումատուի նկատմամբ քրեական հետապնդման, նրա կալանավորման և դատապարտման մասով։

Եվրոպական դատարանը եզրահանգել է, որ հավաքի ցրումը և դիմումատուի նկատմամբ կիրառված պատժամիջոցները չէին կարող նրա՝ քաղաքական հանրահավաքներին մասնակցությունը կանխող հետևանք ունենալ. «Անշուշտ, այդ միջոցներով նույնպես հնարավոր է եղել խոչընդոտել այլ ընդդիմադիր կողմնակիցներին և լայն հասարակությանը՝ մասնակցել ցույցերին և ընդհանրապես, մասնակցել բաց քաղաքական բանավեճերին»,-եզրակացրել է ՄԻԵԴ-ը:

hetq.am

 

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել