Ընտրությունների հետաձգումը մեր կողմ կամ դեմ լինելով չէ, իշխանությունները պետք է որոշեն․ ՀՅԴ Արցախ կուսակցության նախագահի թեկնածուի շտաբի պետ Արթուր Մոսյան
Մարտի 31-ին կայանալիք Արցախի ընտրությունների հետաձգման թեմայով զրուցել ենք «ՀՅԴ Արցախ» կուսակցության կողմից առաջադրված նախագահի թեկնածու Դավիթ Իշխանյանի շտաբի պետ Արթուր Մոսյանի հետ։
- Պարո՛ն Մոսյան, ձեր կուսակցությունը կողմ է ընտրությունների հետաձգմանը, թե ոչ։
- Ընտրությունների հետաձգումը մեր կողմ կամ դեմ լինելով չէ։ Կա Սահմանդրություն, կա օրենք և իշխանություններն օրենքի սահմաններում պետք է որոշեն՝ հետաձգում են, թե չեն հետաձգում։ Եթե, իհարկե, թույլ է տալիս Սահմանադրությունը։
Սահմանադրությամբ արտակարգ դրություն հայտարարվում է մի դեպքում, երբ պատերազմ է կամ սահմանադրական կարգի տապալման վտանգ կա։ Ուրիշ այլ դեպք Սահմանադրությունը չի նախատեսում։
Բայց կա արտակարգ իրավիճակ հասկացությունը, որ նման աղետների դեպքում հայտարարվում է արտակարգ իրավիճակ։ Սակայն արտակարգ իրավիճակի դեպքում ընտրությունները չեն չեղարկվում։
Ամբողջ խնդիրը սա է։ Համենայն դեպս իշխանությունները պետք է որոշեն։ Մենք ընդունում ենք իշխանությունների ցանկացած որոշում։
- Ռիսկեր չե՞ք տեսնում ընտրողների մասնակցայնությունն ապահովելու հետ կապված։
- Հնարավոր է, որ մի որոշ մասը վտանգից ելնելով չգան։ Միայն դիտորդները չէ, որ գալիս են։ Հարյուրավոր մարդիկ են գալիս և վտանգները միշտ էլ կան։
Կապված դիտորդների հետ՝ Հայաստանի վարչապետը հայտարարել է, որ դիտորդական առաքելության շրջանակում Արցախ եկողները պետք է թեստավորվեն։
- Ընտրությունների կայացման և հետագայում կորոնավիրուսի հետևանքով Արցախում անցանկալի զարգացումների դեպքում արդյո՞ք ձեր կուսակցությունը պատրաստ է կիսել՝ ընտրությունները չհետաձգելու իշխանությունների որոշման քաղաքական պատասխանատվությունը։
- Իշխանությունների հետ կիսել-չկիսելու հարց չի։ Իշխանությունները պետք է որոշեն՝ արտակարգ իրավիճակ սահմանել։ Մեզ մոտ, իմիջիայլոց, ասեմ, որ խստացում կա՝ կառավարության որոշմամբ։ Առ այսօր Արցախում կորոնավիրուսով վարակված մարդ չկա։ Ես հիմնվում եմ պաշտոնական տեղեկության վրա։
18:44 - 27 մարտի, 2020