Հայաստան

Հայաստան է ժամանել Կանզասի Ազգային Գվարդիայի ղեկավարությունը. տեղի կունենան հանդիպումներ ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հայաստան է ժամանել Կանզասի Ազգային Գվարդիայի ղեկավարությունը. տեղի կունենան հանդիպումներ ՀՀ ՊՆ, ԱԻՆ և ՊԵԿ բարձրաստիճան պաշտոնյաների հետ

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունն ընդունել է Կանզաս նահանգի ազգային գվարդիայի հրամանատար (ադյուտանտ գեներալ) Դեյվիդ Վայսհաարին, որն այս պաշտոնում նշանակվելուց հետո իր առաջին այցով գտնվում է Երևանում։ Ինչպես տեղեկացնում ենք Հայաստանում Ամերիկայի դեսպանության տարածած հաղորդագրությունից, գեներալ-մայոր Վայսհաարը Կանզասի ազգային գվարդիայի այլ ղեկավարների հետ միասին կհանդիպի ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների և ՀՀ պետական եկամուտների կոմիտեի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Նա կայցելի 12-րդ խաղաղապահ բրիգադ, Զինվորական հոսպիտալ, Պաշտպանական ազգային հետազոտական համալսարան և Ռազմական համալսարան։ Հայաստանի Հանրապետությունը 2003թ. երկկողմ համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի և Կանզաս նահանգի հետ, որի ներքո ձևավորվել է Հայաստան-Կանզաս գործընկերության ծրագիրը։ Այս ծրագրի ներքո Կանզասի ազգային գվարդիան սերտորեն գործակցում է ՀՀ պաշտպանության և արտակարգ իրավիճակների նախարարությունների, ինչպես նաև այլ պետական կառույցների ու գերատեսչությունների հետ։ Համագործակցության շրջանակում իրականացվում են զինվորական-զինվորական, զինվորական-քաղաքացիական և քաղաքացիական-քաղաքացիական նախաձեռնություններ։ Այս փոխգործակցության մեկնարկից ( 2003թ) ի վեր Հայաստանի Հանրապետությունը և Կանզաս նահանգը իրականացրել են մի շարք փոխայցեր ու ծրագրեր` միտված ռազմական համագործակցությանը, արտակարգ իրավիճակների արձագանքմանը, իրավապահ, բժշկական և հանրային առողջապահության, ուսումնակրթական և մարդասիրական հարցերին։ «Անչափ հպարտ եմ  Հայաստանի և Կանզաս նահանգի վերջին 20 տարիների ակտիվ փոխգործակցությամբ։ Յուրաքանչյուր այցի և համագործակցության արդյունքում մեր կապերը դարձել են առավել ամուր ու անքակտելի։ Մեր հայ բարեկամների հետ կողք-կողքի աշխատելը, միասին սովորելն ու կատարելագործվելը մշտապես պատիվ է մեզ համար», - ասել է գեներալ-մայոր Վայսհաարը։
12:23 - 03 մայիսի, 2022
Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է հայ-վրացական իրավաբանական ֆորումին

Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը Թբիլիսիում մասնակցել է հայ-վրացական իրավաբանական ֆորումին

Մայիսի 2-ին Թբիլիսիում կայացել է հայ-վրացական իրավաբանական ֆորումը, որին մասնակցել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են արդարադատության փոխնախարար Արփի Սարգսյանը, «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի տնօրեն Տիգրան Դադունցը, Պրոբացիայի ծառայության տնօրեն Գևորգ Սիմոնյանը, Նոտարական պալատի նախագահ  Լիլիթ Մուրադյանը և ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի տեղակալ Արթուր Վարդանյանը: Ֆորումի կազմակերպմանն աջակցել է Ասիական զարգացման բանկը: Միջոցառմանը բացման խոսքով հանդես են եկել արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանն ու Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն։ Ֆորումի ժամանակ երկու երկրների նախարարները խոսել են իրավական ոլորտում համագործակցության կարևորության մասին։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Ռատի Բրեգաձեին՝ հրավերի համար և ընդգծել, որ հայ-վրացական ֆորումը կարևոր քայլ է երկու երկրների միջև գործընկերությունը խորացնելու համար։ «Մեզ համար շատ կարևոր է երկու բարեկամ երկրների միջև փորձի փոխանակումը՝ սկսած պրոբացիայի փայլուն գաղափարից, որը նպաստում է պրոբացիոն համակարգի զարգացմանը, ինչպես նաև շատ կարևոր մի փորձ, որի մասին կցանկանայի խոսել՝ դրանք արդարադատության տներն են»,- նշել է նախարար Անդրեասյանն իր ելույթում: Նախարար Կարեն Անդրեասյանը կարևոր է համարել նաև արբիտրաժային կենտրոններ ստեղծելու գաղափարը, որն այս պահին Հայաստանում գտնվում է ստեղծման սկզբնական փուլում, իսկ Վրաստանում այն արդեն իրագործվել է։ Երկու երկրների արդարադատության նախարարները ֆորումի ընթացքում քննարկել են նաև արդիական հարցեր՝ նոտարական ծառայությունների հասանելիության, էլեկտրոնային հանրային ծառայությունների մատուցման, քրեակատարողական և պրոբացիոն համակարգերի բարեփոխման, դատապարտյալների վերասոցիալականացման ծրագրերի, ֆորմալ և ոչ ֆորմալ իրավաբանական կրթության մասին։ Վրաստանի արդարադատության նախարար Ռատի Բրեգաձեն ընդգծել է, որ Վրաստանի և Հայաստանի գործընկերային հարաբերությունները կտեղափոխվեն նոր փուլ, և երկու երկրների արդարադատության նախարարների համագործակցությունն էլ ավելի կամրապնդվի։ Հայ-վրացական իրավական ֆորումը կավարտվի այսօր։ Այցի ընթացքում Հայաստանի արդարադատության նախարարը կայցելի Ազգային արխիվ, Արդարադատության տուն, Քրեակատարողական ծառայություն և կծանոթանա նրանց աշխատանքների վրացական մոդելին։
12:06 - 03 մայիսի, 2022
Միրզոյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Միրզոյանն ու Բլինքենը մտքեր են փոխանակել խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը մանրամասներ է ներկայացրել ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպման վերաբերյալ:  «Մայիսի 2-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Արարատ Միրզոյանը շնորհավորել է գործընկերոջը Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ և գոհունակություն հայտնել Հայաստանի և ԱՄՆ միջև քաղաքական երկխոսության առկա մակարդակի կապակցությամբ: Ընդգծվել է, որ անցած տարիների ընթացքում կողմերն ամուր գործընկերություն են հաստատել՝ հիմնված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և օրենքի գերակայության ընդհանուր արժեքների հիման վրա։ Արարատ Միրզոյանը կարևորել է Միացյալ Նահանգների կողմից ժողովրդավարության ամրապնդման, կայուն զարգացման և կոռուպցիայի դեմ պայքարի նպատակով Հայաստանին տրամադրած աջակցությունը։ Էնթոնի Բլինքենն իր հերթին բարձր է գնահատել Հայաստանում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումները և շեշտել է ամերիկյան կողմի շարունակական աջակցությունն այդ գործընթացին։ Երկուստեք ընդգծվել է Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության շրջանակներում համատեղ աշխատանքների վերսկսման նշանակությունը, որի ամփոփիչ նիստն անցկացվելու է մայիսի 3-ին Վաշինգտոնում։ Քննարկվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարները։ ՀՀ ԱԳ նախարարը կարևորել է ԱՄՆ հետ առևտրատնտեսական կապերի խորացումը և ընդգծել, որ զգալի հնարավորություններ կան նաև բարձր և տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, ֆինանսաբանկային, քաղաքացիական ավիացիայի, կանաչ տնտեսության և այլ ոլորտներում հայ-ամերիկյան փոխգործակցության ընդլայնման համար։ Արարատ Միրզոյանը բարձր է գնահատել Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ սկզբունքային դիրքորոշումը՝ կարևորելով այս տարի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ հայտարարությունը, որը վերահաստատում է մարդու իրավունքների պաշտպանության և մարդասիրության սկզբունքներին ԱՄՆ հանձնառությունը։ Կողմերը նաև անդրադարձ են կատարել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանն առնչվող հարցերի։ Հայկական կողմը ներկայացրել է հարավկովակասյան տարածաշրջանում ստեղծված իրավիճակը և Հայաստանի դիրքորոշումը՝ տարածաշրջանային խաղաղության ու կայունության հաստատմանն ուղղված գործընթացների վերաբերյալ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել համապարփակ խաղաղության պայմանագրի շուրջ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններ սկսելու վերաբերյալ: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։ Արարատ Միրզոյանն Էնթոնի Բլինքենին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Արցախում հումանիտար ճգնաժամ ստեղծելուն ուղղված գործողությունները։ Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրների համատեքստում կարևորվել է հայ ռազմագերիների, պատանդների և այլ պահվող անձանց հայրենադարձման անհրաժեշտությունը, ադրբեջանական վերահսկողության տակ անցած տարածքներում հայկական մշակութային և կրոնական ժառանգության պահպանումը։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ պայմանավորվածությունների իրականացման ընթացքին: Նախարար Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները։ Պետքարտուղար Բլինքենը նշել է, որ ԱՄՆ լիովին աջակցում է Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորմանը և կարևորում Հայաստանի ներդրած կառուցողական ջանքերը այդ գործընթացում: Հանդիպման ավարտին Արարատ Միրզոյանն ու Էնթոնի Բլինքենը ստորագրել են Հայաստանի և ԱՄՆ-ի միջև «Քաղաքացիական միջուկային էներգիայի ոլորտում համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագիր»:
10:10 - 03 մայիսի, 2022
Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին |azatutyun.am|

Միացյալ Նահանգներն ու Հայաստանը քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագիր ստորագրեցին |azatutyun.am|

azatutyun.am: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենն ու Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Վաշինգտոնում ստորագրել են փոխըմբռման հուշագիր՝ քաղաքացիական միջուկային բնագավառում ռազմավարական համագործակցության վերբերյալ։ Փաստաթուղթը ստորագրելուց առաջ նրանք հանդես եկան կարճ հայտարարություններով, որն ուղիղ հեռարձակվեց Պետդեպարտամենտի կայքով։ Էնթոնի Բլինքենը գոհունակություն հայտնեց հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության նիստերը վերականգնելու կապակցությամբ, որն ընդհատվել էր քովիդի համավարակի պատճառով։ «Սա շատ կարևոր երկխոսություն է, որի միջոցով կարող ենք խորացնել և ամրապնդել մեր հարաբերությունները և փնտրել նոր հարթակներ համագործակցության և փոխգործակցության համար»,- ասել է ԱՄՆ-ի պետքարտուղարը, մասնավորապես, որպես նոր ուղիներից մեկը նշելով քաղաքացիական միջուկային փոխըմբռման հուշագրի ստորագրումը։ Բլինքենը գովեստով է խոսել ժողովրդավարական բարեփոխումները շարունակելու Հայաստանի վարչապետի, կառավարության ջանքերի մասին և նշել, որ առաջընթացը պետք է շարունակական լինի։ ԱՄՆ-ի պետքարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը․ - «Ցանկանում եմ ողջունել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությունը և երախտագիտություն հայտնել տեսլականի, խիզախության և ճկունության համար, որը վարչապետը և Հայաստանը ցուցաբերում են տևական խաղաղության հասնելու գործընթացում, ինչը բոլորիս նպատակն է»,- նշել է Բլինքենը։ Արարատ Միրզոյանն ասել է, որ 2018 թվականի թավշյա ժողովրդավարական հեղափոխությունից հետո համախմբված ուժերով ու համատեղ ջանքերով հայ-ամերիկյան համագործակցության աստիճանը բարձրացել է ռազմավարական երկխոսության մակարդակի։ Միրզոյանն անդրադարձել է ԱՄՆ-ի աջակցությանը Հայաստանի էներգետիկ ոլորտի զարգացմանն, իր համար պատիվ է համարել քաղաքացիական միջուկային համագործակցության հուշագարի ստորագրումը։ Հայաստանի արտգործնախարարը բարձր է գնահատել տարածաշրջանի խաղաղությանն ու կայունությանն ուղղված ԱՄՆ-ի ջանքերը, նաև որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի, որը միջազգային հանրության մանդատ ունի Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման համար։ Միրզոյանը նաև շնարհակալություն է հայտնել Հայաստան-Թուրքիա հարաբերությունները նորմալացնելու ԱՄՆ-ի ջանքերի համար և բարձր գնահատել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու և դատապարտելու ԱՄՆ-ի ամուր դիրքորոշումը, որը ցուցաբերվեց նաև այս տարի։ Մայիսի 2-6-ը աշխատանքային այցի ընթացքում նախատեսված են նաև Արարատ Միրզոյանի հանդիպումներ վարչակազմի պաշտոնյաների, Կոնգրեսի անդամների և ելույթ Ատլանտյան խորհուրդ կենտրոնում։
09:15 - 03 մայիսի, 2022
ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

ՀՀ ԱԺ փոխնախագահն ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական ԱԳ նախարարի տեղակալի գլխավորած պատվիրակությանը

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մայիսի 2-ին ընդունել է Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալ Տարո Հոնդայի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը ներկա են եղել Հայաստան-Ճապոնիա բարեկամական խմբի ղեկավար Բաբկեն Թունյանը, խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը եւ Հակոբ Ասլանյանը: Այս տարի լրանում է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը: Այս մասին հայտնում են ՀՀ Ազգային ժողովից։ Հակոբ Արշակյանն ընդգծել է, որ երկու երկրների միջեւ ձեւավորված են սերտ, բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: ԱԺ նախագահի տեղակալի խոսքով՝ Հայաստանը բարձր է գնահատում Ճապոնիայի ներդրումն աշխարհում խաղաղության հաստատման, ժողովրդավարական ինստիտուտների զարգացման, աղետների կանխարգելման եւ մարդասիրական նախաձեռնությունների իրականացման գործում: «Խոսելով միջխորհրդարանական կապերի ամրապնդման մասին՝ ԱԺ փոխխոսնակը համոզմունք է հայտնել, որ խորհրդարանական բարեկամական խմբերն արդյունավետ կհամագործակցեն եւ նոր լիցք կհաղորդեն երկկողմ հարաբերություններին: Անդրադարձ է եղել միջազգային կազմակերպություններում արդյունավետ համագործակցությանը: Տարածաշրջանային խնդիրների համատեքստում Հակոբ Արշակյանը նշել է, որ Հայաստանը ողջունում է Ճապոնիայի հավասարակշռված մոտեցումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցում եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերին աջակցելու հանձնառությունը: Նա շեշտել է, որ ադրբեջանական կողմը շարունակում է խախտել հրադադարի ռեժիմը եւ խաթարել կայունությունը տարածաշրջանում. ադրբեջանական զինված ուժերը շարունակում են մնալ Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշ հատվածներում: Չլուծված է մնում Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների եւ պահվող այլ անձանց խնդիրը: ԱԺ փոխնախագահը խոսել է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի մասին: ԱԺ նախագահի տեղակալն անդրադարձել է երկու երկրների միջեւ իրավապայմանագրային դաշտի կատարելագործմանը, տնտեսական կապերի աշխուժացմանը, հայ եւ ճապոնացի ժողովուրդների մշակութային երկխոսության ամրապնդմանն ուղղված քայլերին»,- ասվում է հաղորդագրության մեջ: Ըստ աղբյուրի՝ բարեկամական խմբի ղեկավարը եւս պատրաստակամություն է հայտնել նպաստելու հայ-ճապոնական միջխորհրդարանական հարաբերությունների ամրապնդմանը, արժեւորել տնտեսական ոլորտում կապերի ընդլայնումը: Մշակութային կապերի սերտացման համատեքստում Բաբկեն Թունյանը կարեւորել է ապրիլի 15-ին Ազգային ժողովի այգում Հանամիի տոնը նշելը, ինչը հայ եւ ճապոնացի ժողովուրդների բարեկամությունն ու մշակութային երկխոսությունը հավաստող եւս մեկ վկայություն է: Ճապոնիայի խորհրդարանական արտաքին գործերի նախարարի տեղակալն իր հերթին շեշտել է, որ Հայաստանն իրենց համար կարեւոր գործընկեր է եւ՛ երկկողմ, եւ՛ միջազգային համագործակցության համատեքստում: Անդրադառնալով տարածաշրջանային խնդիրներին՝ Տարո Հոնդան նշել է, որ իր երկիրը 44-օրյա պատերազմի օրերին կողմերին խնդիրը բանակցությունների միջոցով լուծելու կոչ էր արել: Նա ընդգծել է ԼՂ հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում կարգավորելու կարեւորությունը: ՀՀ ԱԺ տեղեկացմամբ՝ զրուցակիցները երկուստեք գոհունակությամբ են արձանագրել Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ երկկողմ կապերի զարգացման դրական դինամիկան, անդրադարձել առեւտրատնտեսական, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ոլորտներում հարաբերությունների խորացման հնարավորություններին: Նշվել է, որ հատկապես տնտեսության, բարձր տեխնոլոգիաների եւ թվայնացման ոլորտներում առկա են համագործակցության լայն հնարավորություններ:
18:28 - 02 մայիսի, 2022
Նախարար Կարեն Անդրեասյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում

Նախարար Կարեն Անդրեասյանը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Թբիլիսիում

Այսօր՝ մայիսի 2-ին, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարբաշվիլին ընդունել է Հայաստանի արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանին։ Արդարադատության նախարարության հաղորդագրության համաձայն՝ Վրաստանի վարչապետն իր ջերմ ողջույններն է փոխանցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կարևորելով վարչապետ Փաշինյանի հետ ամուր գործընկերային հարաբերությունները: Հանդիպման ընթացքում ընդգծվել է Հայաստանի և Վրաստանի արդարադատության նախարարների միջև սույն թվականի հունվարին ստորագրված համագործակցության հուշագրի կարևորությունը։ Վրաստանի վարչապետը կարևորել է երկու երկրների արդարադատության նախարարների պայմանավորվածությունն՝ ամրապնդել արդարադատության, մարդու իրավունքների և հանրային ծառայությունների մատուցման ոլորտում համագործակցությունը։ Նախարար Անդրեասյանը Վրաստանի վարչապետին ներկայացրել է հարկադիր կատարման ծառայության, արբիտրաժային կենտրոնի, արդարադատության տների և պրոբացիայի ոլորտներում երկու երկրների միջև ձեռքբերված համագործակցության և փորձի փոխանակման վերաբերյալ պայմանավորվածությունն, ինչպես նաև արդարադատության ոլորտին առնչվող այլ հարցեր։ Ընդգծվել է տարածաշրջանում խաղաղության ու կայունության պահպանման և առկա մարտահրավերների հաղթահարման ուղղությամբ համատեղ աշխատանքի կարևորությունը։ Արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանի և Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Վրաստանի վարչապետի «Հարավային Կովկասում խաղաղ հարևանության» նախաձեռնությունը։ Այս համատեքստում հաստատվել է վրացական կողմի պատրաստակամությունը՝ նպաստելու տարածաշրջանում խաղաղության ամրապնդմանը։
16:28 - 02 մայիսի, 2022
Չավուշօղլուն ակնարկել է հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին
 |hetq.am|

Չավուշօղլուն ակնարկել է հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպման ժամանակ կքննարկվեն տարբեր քայլեր, որոնք կձեռնարկվեն առաջիկայում։ Այս մասին թուրքական Hurriyet-ի փոխանցմամբ հայտարարել էԹուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Նա ակնարկել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Թուրքիայի սահմանի սահմանազատման մասին։ Բացի այդ, Չավուշօղլուն հիշեցրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների սահմանազատման համատեղ հանձնաժողովի ստեղծման պայմանավորվածությունների մասին։ «Սահմանները կրկին որոշելու հարցում համաձայնություն է կայացվել: Ինչպե՞ս է սա արվելու: Համատեղ հանձնաժողո՞վ է հիմնվելու: Ադրբեջանի հետ նման հանձնաժողով ստեղծելու որոշում է կայացվել»,- ասել է Չավուշօղլուն: Հայ-թուրքական սահմանի հնարավոր սահմանազատման մասին Չավուշօղլուն այլ մանրամասներ չի հայտնել։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը հայտարարել էր, որ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հաջորդ հանդիպումը տեղի կունենա մայիսի 3-ին` Վիեննայում։   Լուսանկարը՝ AP File Photo-ի
14:33 - 02 մայիսի, 2022
Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին
 |factor.am|

Չավուշօղլուն՝ Ուրուգվայում հայ համայնքին «Գորշ գայլերի» ժեստը ցուցադրելու մասին |factor.am|

factor.am: Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է ապրիլի 24-ի նախօրեին Ուրուգվայում հայ համայնքի ներկայացուցիչներին «Գորշ գայլեր» ծայրահեղ ազգայնական կազմակերպության ժեստը ցուցադրելուն։Թուրքական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Չավուշօղլուն նշել է, որ Ուրուգվայի հետ Անկարան որևէ խնդիր չունի։ Նա ասել է, որ պետք է ծաղկեպսակ դնեին հուշարձանին, սակայն Ուրուգվայի իշխանությունները հորդորել են դա չանել։ «Ուրուգվայի իշխանություններն ասել են՝ մենք երախտապարտ կլինենք, եթե հնարավոր ցույցի դեպքում չեղարկեք ծաղկեպսակ դնելու փուլը, մենք էլ չեղարկել ենք։ Մեր շենքի բացման ժամանակ նրանք վստահեցրել են մեր դեսպանին, որ այդ խմբին թույլ չեն տա մոտենալ։ Սխալ էր խմբին այնտեղ բերելը, թեև նրանք խոստացել էին։ Ցուցարարները տգեղ վերաբերմունք դրսևորեցին։ Այդ տգեղ վերաբերմունքից հետո մենք տվեցինք անհրաժեշտ պատասխանը»,- ասել է Չավուշօղլուն։
14:30 - 02 մայիսի, 2022
Երևանում նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի ԱԱԾ

Երևանում նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում․ Արցախի ԱԱԾ

Երևանում նախատեսված հավաքին մասնակցելու համար Արցախից մեծաթիվ մեկնողների մասին լուրերը իրականությանը չեն համապատասխանում։ Այս մասին հայնում է Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը։   «Այսօր տարբեր լրատվամիջոցներով և սոցիալական ցանցերի տարբեր օգտատերերի կողմից լուրեր են տարածվել այն մասին, որ իբր արցախցիները ևս մեկնում են Երևան՝ այսօր նախատեսված հավաքին մասնակցելու համար:   Թեև Արցախից Հայաստանի Հանրապետություն մեկնելու որևէ արգելք Արցախում սահմանված չէ, այդուհանդերձ ԱՀ ազգային անվտանգության ծառայությունը հայտարարում է, որ վերջին օրերին Արցախից ՀՀ մեկնող տրանսպորտային միջոցների և անձանց թվի որևէ նշանակալի փոփոխություն չի արձանագրվել»,- ասված է հաղորդագրության մեջ։ 
14:52 - 01 մայիսի, 2022
Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հետ

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր հանդիպում է ունեցել Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի հետ: Արայիկ Հարությունյանը շնորհավորել է Վահագն Խաչատուրյանին Հայաստանի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ և վստահություն հայտնել, որ Վահագն Խաչատուրյանն իր ողջ ուժն ու եռանդը, փորձն ու գիտելիքները կծառայեցնի Հայաստանի զարգացման գործին: Վահագն Խաչատուրյանը շնորհակալություն է հայտնել բարեմաղթանքների համար և իր աջակցությունը հայտնելով Արցախին՝ կարևորել բոլոր հայերի միասնականությունն ու նվիրվածությունը։ Նախագահ Խաչատուրյանը ողջունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում երեկ տեղի ունեցած խորհրդակցությունը, որը նվիրված է եղել Արցախում իրականացվող ծրագրերի և առկա խնդիրների լուծման ուղիներին: Հայաստանի և Արցախի նախագահներն անդրադարձել են ներքին և արտաքին քաղաքական հարցերին, արցախահայության առջև ծառացած մարտահրավերներին, Արցախի անվտանգ ու կայուն ապագային միտված ծրագրերին, Արցախի հայության իրավունքների պաշտպանությանը, անվտանգության խնդիրներին և մի շարք այլ հարցերին:
17:09 - 30 ապրիլի, 2022