Սյունիքի մարզ

Սյունիքի մարզ մարզի կարգավիճակ ունեցող վարչատարածքային միավոր Հայաստանի հարավում։ Սահմանակից է Իրանին, արևմուտքից՝ Նախիջևանին, արևելքից՝ Արցախին, որի՝ Սյունիքի մարզին սահմանակից տարածքը ժամանակավորապես Ադրբեջանի վերահսկողության տակ է, իսկ հյուսիսից՝ Վայոց ձորին։

Սյունիքի մարզի ամենամեծ գետը Որոտանն է։ Սյունիքի միջին բարձրությունը ծովի մակարդակից 2.200 մ է։ Ամենաբարձր լեռնագագաթներն են Կապուտջուղը (3.904), Ծղուկը (3.581), Մեծ Իշխանասարը (3.550) և այլն։ Սյունիքը կոչվում է նաև Զանգեզուր, Սիսական։

Մտահոգված լինելով Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով` մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան․ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներ

Մտահոգված լինելով Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով` մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում նրան․ Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանի դատավորներ

ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորները հայտարարություն են տարածել Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացների վերաբերյալ։ Հայտարարությունում ասված է․ «ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներս, մտահոգված լինելով նույն դատարանի դատավոր Բորիս Բախշիյանի նկատմամբ իրականացվող գործընթացներով, համոզված լինելով վերջինիս մասնագիտական, բարոյական և անձնական բարձր հատկանիշների վրա, մեր աջակցությունն ու զորակցությունն ենք հայտնում դատավոր Բորիս Բախշիյանին, ակնկալելով վերջինիս նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման գործընթացում օրինականության սկզբունքի խստիվ պահպանում, ՀՀ Սահմանադրությամբ, «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքով և ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված՝ անձի և դատավորի իրավունքների ու ազատությունների վերաբերյալ երաշխիքների լիակատար ապահովում։ ՀՀ Սյունիքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավորներ Նապոլեոն Օհանյան Անահիտ Թումանյան Ռոմեն Ահարոնյան Աշոտ Հովհաննիսյան Կարապետ Բադալյան Էմին Աբգարյան Լուսինե Սեփխանյան Գնել Գասպարյան»։
15:47 - 03 փետրվարի, 2022
Աշոտ Մինասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացվել
 |1lurer.am|

Աշոտ Մինասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում է կայացվել |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին երկու միլիոն դրամ գրավի դիմաց ազատ արձակվելու որոշում է կայացրել: Մինասյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար, իսկ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Մինչև որոշման հրապարակումը մեղադրող դատախազը նշել է, որ կալանքը անփոփոխ թողնելու պայմաններն ու հիմքերը շարունակում են պահպանվել: Ըստ նրա՝ առկա է մեղադրյալի կողմից վկաների վրա ազդեցություն գործադրելու ռիսկը, իսկ նրանցից շատերը մտերիմ են Աշոտ Մինասյանի հետ: Բացի դրանից՝ Միասյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչպես կարող էր մեծաքանակ զենքն ու ռազմամթերքը հայտնվել իր հսկողության ներքո գտնվող տարածքում: Պաշտպանական կողմն էլ պնդել է՝ չկան այնպիսի անձինք, որոնց վրա անօրինական ազդեցություն գործադրելով՝ Մինասյանը կխոչընդոտի քննությանը:
20:56 - 26 հունվարի, 2022
Սկսվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատական նիստը
 |1lurer.am|

Սկսվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատական նիստը |1lurer.am|

1lurer.am: Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր սկսվել է «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանի գործով դատական նիստը: Դատարանը քննարկել է նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու կամ փոփոխելու հարցը: Մինասյանը մեղադրվում է ապօրինի զենք պահելու համար, իսկ վարչապետի սպանության և իշխանության յուրացման նախապատրաստման դրվագներով քրեական հետապնդումը դադարեցվել է։ Մեղադրող դատախազը նշել է, որ կալանքը անփոփոխ թողնելու պայմաններն ու հիմքերը շարունակում են պահպանվել: Ըստ նրա՝ առկա է մեղադրյալի կողմից վկաների վրա ազդեցություն գործադրելու ռիսկը, իսկ նրանցից շատերը ըստ դատախազի՝ մտերիմ են Աշոտ Մինասյանի հետ: Բացի դրանից՝ Միասյանը ոչ մի բացատրություն չի տվել, թե ինչպես կարող են մեծաքանակ զենքն ու ռազմամթերքը հայտնվել իր հսկողության ներքո գտնվող տարածքում: Պաշտպանական կողմն էլ պնդել է՝ չկան այնպիսի անձինք, որոնց վրա անօրինական ազդեցություն գործադրելով՝ Մինասյանը կխոչընդոտի քննությանը, ուստի, հաշվի առնելով նրա առողջական վիճակը, խնամքի տակ գտնվող անչափահաս երեխաների առկայությունը, նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը ենթակա է վերացման կամ փոփոխման՝ երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ: Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ: Որոշումը կհրապարակվի այսօր:  
20:10 - 26 հունվարի, 2022
Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեւէ հրապարակային չեն հնչեցրել, թե Բաքուն հայկական է․ Ալիեւի հայտարարությունները հայելային չեն

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեւէ հրապարակային չեն հնչեցրել, թե Բաքուն հայկական է․ Ալիեւի հայտարարությունները հայելային չեն

Երեկ ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին պատասխանաելիս, խոսելով Բաքվի ագրեսիվ հայտարարությունների մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այդ հայտարարությունների մեջ տարբերակել ռացիոնալ եւ էմոցիոնալ կողմերը։ Նա ասաց, որ վերջերս մի վերլուծաբան դիտարկում է արել, թե Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո․ «Երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, էդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994-ից հետո տասնյակ տարիներ Հայաստանից եւ Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Շատ հաճախ հնչում են հայտարարություններ, ասենք, Երեւանն ադրբեջանական քաղաք լինելու մասին, եւ այլն, այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994-ից հետո շատ հայտարարություններ են հնչել էն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է»,- ասաց Փաշինյանը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել է, թե Երեւանն ադրբեջանական է։ Առանց շատ հեռու գնալու՝ դեռ 2016-ի դեկտեմբերին Ալիեւը, ասելով, թե աչք չեն դրել Հայաստանի հողերի վրա, միեւնույն ժամանակ շեշտել էր, որ միտք չունեն ռազմական ճանապարհով վերադառնալ ոչ Երեւան, ոչ Մեղրի, ոչ Գորիս՝ «իրենց պատմական հողեր»։ 2017-ի ամռանը Ալիեւը նորից հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ադրբեջանական պատմական հողեր են։  Արդեն 2018-ի փետրվարին Ալիեւը ադրբեջանական «պատմական հողեր» էր անվանել Երեւանը՝ այն կոչելով Իրեւանի խանություն, Սեւանը՝ կոչելով Գյոյչա, Սյունիքը՝ կոչելով Զանգեզուր․ «Ուզում եմ նշել, որ մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Հետագայում սա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են՝ Իրեւանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան, այս մասին պետք է իմանա ե՛ւ մեր երիտասարդ սերունդը, ե՛ւ ողջ աշխարհը»,- ասել էր Ալիեւը։ 2020թ․ դեկտեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Բաքվի կենտրոնում ռազմական շքերթի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները՝ Իլհամ Ալիեւը հասավ նաեւ Սյունիք, Երեւան, Սեւան՝ ասելով, թե դրանք նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։ Անցյալ տարի՝ 2021-ի ապրիլին, «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն» խորագրով խորհրդաժողովում Ալիեւն ասել էր, թե պատմական Երեւանում ապրել են ադրբեջանցիներ, այդ թվում՝ իր նախնիները․ «Այո, մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտվելու ենք այս ճանապարհից, ապա ինչու՞ չվերադառնանք Երեւան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»: 2021 թվականի հուլիսին Ալիեւը դարձյալ հայտարարել էր, որ թե Ադրբեջանի բնակչությունը վերադառնալու է իր նախնիների հողերը․ «Նոյեմբերի 10—ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան հայրենի հողեր։ Մեր հայրենի հողերըն են Զանգեզուրը, Երեւանը։ Մենք, իհարկե, վերադառնալու ենք»։ Նմանատիպ հայտարարություններն այսքանով չեն սահմանափակվում, դրանք Ադրբեջանի հայտնի հռետորաբանության մասն են։ Սակայն ասել, թե այս հայտարարությունները հայելային են՝ ի պատասխան Հայաստանից տարիներով հնչած պնդումների, մոլորեցնող են, ինչի մասին՝ ստորեւ։  Այն, որ Բաքվում ժամանակին հայեր են ապրել, գաղտնիք չէ։ CivilNet-ի՝ «Հայերը Բաքվի նահանգում» վերտառությամբ հրապարակումից տեղեկանում ենք, որ արխիվային տվյալների համաձայն՝ մոտ 200 տարի առաջ՝ 1820-ական թվականներին, Բաքու գյուղում հայերի թիվը կազմել է 277 հոգի կամ շուրջ 50 տուն, եւ որ 1886 թվականին Բաքու քաղաքի 86 611 բնակիչներից հայեր էին 24 490-ը։ Ըստ աղբյուրի՝ Ցարական Ռուսաստանի առաջին եւ վերջին՝ 1897 թվականի մարդահամար տվյալներով Բաքվի նահանգն ուներ շուրջ 183 հազար բնակչություն, որից հայերի թիվը 22 583 էր: 1970 թվականի ԽՍՀՄ մարդահամարի համաձայն, Բաքվում հայերի թիվը անցնում էր 207 հազարը: 1990 թվականի հունվարին կազմակերպված ջարդերից հետո Բաքուն զրկվեց հայ բնակչությունից: Քիչ չեն հրապարակումներն ու աշխատությունները նաեւ այն մասին, թե հայերը ինչ մեծ ներդրում են ունեցել Բաքվի ճարտարապետության մեջ։ Բայց Բաքվի հայկական լինելու մասին ոչ միայն բազմաթիվ չեն հայտարարությունները, այլ նաեւ, եթե այդպիսիք եղել են, երբեւէ չեն հնչել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության կողմից։ Իհարկե հանրային խոսույթում տարածված են եղել Բաքվում թեյ խմելու, Բաքու հասնելու, Բաքուն գրավելու մասին արտահայտությունները, սակայն դրանք Հայաստանի ղեկավարները չեն շրջանառել։ Հետեւաբար հանրային խոսույթի մակարդակում արված հայտարարությունները չեն կարող համեմատելի լինել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության պաշտոնական հռետորաբանության հետ։ Ուստի անանուն վերլուծաբանի դիտարկումների արդյունքում Փաշինյանի մոտ ձեւավորված համոզմունքը, թե Ադրբեջանի հռետորաբանությունը հայելային է՝ Հայաստանից տարիներով հնչած հայտարարությունների ֆոնին, մանիպուլյատիվ է։  Հայարփի Բաղդասարյան
17:49 - 25 հունվարի, 2022
Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է, Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը դժվարանցանելի է

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ է Արագածոտնի մարզում Ամբերդ ամրոցից դեպի Քարի լիճ տանող ավտոճանապարհը, իսկ Սյունիքի մարզի Տաթև-Շինուհայր ավտոճանապարհը՝ կցորդիչով բեռնատարների համար։ Վարդենյաց լեռնանցքը (անվաշղթաների կիրառման դեպքում) դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար։ Դժվարանցանելի է Շիրակի մարզի Եղնաջուր-Զարիշատ ավտոճանապարհը։ Վայոց ձորի և Գեղարքունիքի մարզերի ավտոճանապարհներին, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի տարածաշրջաններում, Արարատի մարզի Տիգրանաշենի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է։Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան և Տաթև-Շինուհայր ճանապարհահատվածներին բուք է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
11:57 - 22 հունվարի, 2022
Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ ամենագնացը չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ

Գորիսում ուսուցիչները չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով․ ամենագնացը չի կարողացել սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան․ ՄԻՊ

ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Ինչ-որ մեկը մտածում է, թե Ադրբեջանն այս ճանապարհները փակել է առանց իմանալու՝ մարդիկ ի՞նչ զրկանքների են ենթարկվելու ու մարդկանց կյանքը ինչ աստիճա՞ն է դժվարանալու: Ադրբեջանական զինված ծառայողները բացահայտ  հանցավոր արարքներով 2021թ. նոյեմեբերից փակել են Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները. ամեն օր, ամեն րոպե խախտված են Գորիսի և Կապանի բնակիչների՝ մեր մարդկանց իրավունքները: Գորիսի Բարձրավան, Շուռնուխ և Որոտան գյուղերում, Կապանի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Ծավ, Շիշկերտ գյուղերում մարդիկ կանգնել են հատկապես եղանակային պայմանների պատճառով մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Օրինակ` Գորիս համայնքում ուսուցիչները, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհով եղանակային պայմանների պատճառով չեն կարողացել աշխատանքի գնալ անգամ ռազմական Ուրալ մեքենայով: Բա սա կրթության ու աշխատանքային, ազատ տեղաշարժման իրավունքների խախտում չէ՞: Դժվարանցանելի է ու հատկապես վատ վիճակում է, օրինակ, Տաթև-Կապան ճանապարհի հատվածը, որ տանում է դեպի Բարձրավան: Բա սա մարդու ազատ տեղաշարժման ու դրա հետ կապված մյուս իրավունքների խախտում չէ: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն իր ամենագնաց մեքենայով չի կարողացել հունվարի 20-ին սնունդ ու հիգիենիկ պարագաներ հասցնել Բարձրավան գյուղ: Այս ամենն այսօր ճշտել ենք: ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի սահմանապահ զորքերի ծառայողներն են անձնվիրաբար աշխատանքով սնունդ հասցնում գյուղեր ու այն էլ շատ դժվար: Բա ինչպե՞ս է ապահովվելու շտապ բժշկական օգնության հասանելիությունը, հոսպիտալացումները և այլն: Բա սա առողջության պահպանման ու կյանքի իրավունքի հարց չէ՞: Այստեղ արժանապատվության հարցեր չկա՞ն: Սրան գումարած՝ թե՛ Գորիսի, թե՛ Կապանի դեպքում նշված գյուղեր տանող, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները դիտարկվում են ադրբեջանական զինված ծառայողների կողմից: Դիտարկվող է դարձել նաև Կապանի Գեղանուշ գյուղը, որով այդ ճանապարհը տանում է դեպի Ճակատեն ու մյուս գյուղերը: Այդ երկրի զինվորականների ուղիղ թիրախի ներքո են: Այսինքն՝ ապահովված չէ նաև անվտանգությունը: Ու ինչու՞ պետք է ադրբեջանական զինված ծառայողների, իշխանությունների որևէ հիմք չունեցող, պարզապես հանցավոր արարքների պատճառով մեր բնակիչները նման զրկանքներ կրեն: Բա սա չի նշանակու՞մ, որ դա արված է մեր խաղաղ բնակիչներին վնաս պատճառելու դիտավորությամբ, որ ատելության քաղաքականությունը շարունակվում է ու չի ավարտվել: Այս պայմաններում, Ադրբեջանի խաղաղասիրությունը կարող է ազնիվ կամ իրական լինե՞լ: Այս բոլոր հարցերը պետք է լինեն մեր երկրի պետական քաղաքականության հիմքում: Բա ո՞նց կարելի էր ասել, թե ճանապարհներին նրանց հայտնվելը «ադրբեջանական տարածք է ու մենք ոչինչ չենք կարող անել», ո՞նց կարելի էր զբաղվել այլընտրանքային ճանապարհների գովքով ու «արդարացնել» ադրբեջանական խախտումները և դեռ մի հատ էլ քաղաքականացնել նրանց, ովքեր բարձրացնում են մարդու իրավունքների հարցերը: Բա մարդկանց պատճառվող այսքան զրկանքները քաղաքական հարցե՞ր են: Բա անվտանգությունն ու մարդու իրավունքները կարելի՞ է մարդուց կտրել: Հակառակը՝ պետության ուղիղ պոզիտիվ պարտավորությունն է պաշտպանել այդ իրավունքները, ամեն ինչ անել, որ մարդուց անվտանգությունը չկտրվի ու չքաղաքականացվեն մարդու իրավունքների հարցերը: Հակառակ դեպքում ուղղակի անվտանգությունից էլ ամբողջությամբ կզրկվենք: Պետք է նրանց հեռացնելու ուղղությամբ աշխատել, որ մեր բնակիչների միջազգայնորեն երաշխավորված իրավունքները վերականգնվեն: Այնպես որ ելքը մեկն է՝ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռացվեն մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից և վերջ: Մեր քաղաքացիները, մեր ողջ երկրի խաղաղ բնակչությունը չպետք է զրկանքներ կրի տարիների խորքից եկող հայատյացության քաղաքականություն տանող ադրբեջանական իշխանությունների պատճառով: Մենք ունենք մեր իրավունքները պաշտպանելու, արժանապատիվ ապրելու օրինական իրավունքներ: Միջազգային կանոնները դա անել թույլ են տալիս. ԵԱՀԿ, ՄԱԿ-ի ու մյուս կառույցների կանոններ»:
10:34 - 22 հունվարի, 2022
Ադրբեջանցիները վերադարձրել են Տեղ համայնքի գերեվարված բնակչին

Ադրբեջանցիները վերադարձրել են Տեղ համայնքի գերեվարված բնակչին

Սյունիքի մարզի Տեղ համայնքի գերեվարված բնակչին ադրբեջանական կողմը երեկ երեկոյան վերադարձրել է։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց Տեղի համայնքապետ Դավիթ Ղուլունցը։ «Բնակիչը վերադարձվել է ռուսական կողմի միջնորդությամբ և մեր սահմանապահ զորքերի հրամանատարության կողմից և մեր ջանքերով»։ Համայնքապետի խոսքով՝ բնակչի վրա բռնության հետքեր չեն եղել։ Ըստ մարդու իրավունքների պաշտպանի հրապարակման՝ ադրբեջանցիները առևանգել էին  բնակչի ոչխարներին․ «Ոչխարները հետ չեն բերվել, բայց այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում են, ինձ թվում է՝ այսօր, վաղը հետ կբերենք»,-նշեց համայնքապետը։ Հիշեցնենք՝ երեկ երեկոյան մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին ահազանգ էր հասցեագրվել այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։ 
13:43 - 14 հունվարի, 2022
Ադրբեջանի 4 զինծառայող գերեվարել են Տեղ համայնքի բնակչին, ինչպես նաև 400-450 ոչխար․ ՄԻՊ Արման Թաթոյան

Ադրբեջանի 4 զինծառայող գերեվարել են Տեղ համայնքի բնակչին, ինչպես նաև 400-450 ոչխար․ ՄԻՊ Արման Թաթոյան

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է ահազանգ այն մասին, որ ադրբեջանական 4 զինված ծառայող այսօր հանցավոր արարքներով առևանգել է ՀՀ Սյունիքի մարզի Տեղ համայնքի Տեղ գյուղի բնակչին ու նրա ոչխարները։    «Ըստ ահազանգի տվյալների՝ ՀՀ բնակիչը Տեղ համայնքի Տեղ, Արավուս և Խնածախ գյուղերի հատման հատվածում գտնվող արոտավայրում արածեցրել է իր ոչխարներին: Ժամը 15:30-ի սահմաններում Ադրբեջանի 4 զինված ծառայող, նկատելով ՀՀ խաղաղ բնակչին, իջել են իրենց դիրքերից՝ մոտ 150մ., և նրա վրա գոռգոռալով, քաշքշելով, ուժի գործադրմամբ տարել են դեպի իրենց կողմը՝ Ծիծեռնավանքի ուղությամբ: Խոսքը նաև բնակչի հետ միասին 400-450 ոչխար առևանգելու մասին է: Ահազանգը ճշգրտվել է. այս հանգամանքները ականատեսի տվյալներ են:    Ըստ լրացուցիչ ճշտման՝ միջադեպի մասին տեղեկացված են ՌԴ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները, որոնք աշխատանքներ են տանում ՀՀ քաղաքացուն ու նրա ոչխարները վերադարձնելու ուղղությամբ:   Այս ահազանգը վկայում է ադրբեջանական զինված ծառայողների հանցավոր արարքներով ՀՀ խաղաղ բնակչի կյանքի, անձնական ազատության և սեփականության իրավունքների նկատմամբ հանցավոր ոտնձգության մասին:   ՀՀ քաղաքացիական բնակիչների նկատմամբ Ադրբեջանական զինված ծառայողների չդադարող հանցանքները, որոնք գրեթե ամեն օր են, անհնարին են դարձնում մարդկանց նորմալ կյանքը, զրկում են ընտանիքի եկամուտը վաստակելու, գյուղատնտեսությամբ զբաղվելու հնարավորությունից, պատճառում են սոցիալական խնդիրներ:   Այս միջադեպն ապացուցում է, որ ՀՀ գյուղերի հարևանությամբ ու ճանապարհներին ադրբեջանական որևէ ծառայող չպետք է լինի:   Այս հարցի լուծումը հրատապ է. դա անհրաժեշտ է մարդկանց իրավունքների պաշտպանության, նրանց անվտանգությունն ու բնականոն կյանքը վերականգնելու համար. պետք է լինի անվտանգության ապառազմականացված գոտի   ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի այս առաջարկն արդեն տեղ է գտել միջազգային կոնկրետ փաստաթղթում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) 2021թ. սեպտեմբերի 27-ի թիվ 2391 (2021) բանաձևում:   Այս միջադեպի փաստը կներառվի Մարդու իրավունքների պաշտպանի միջազգային հաղորդումներում: Նույնը պետք է անի Կառավարությունը. այս փաստը պետք է օգտագործվի մարդկանց իրավունքները հիմնարար պաշտպանելու նպատակի համար»,-ասված է գրառման մեջ։ 
19:45 - 13 հունվարի, 2022
ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

ՀՀ նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար

Ամանորի և Ծննդյան տոների նախաշեմին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմը տոնական միջոցառումներ է կազմակերպել Սյունիքի և Տավուշի մարզերի 16 սահմանամերձ բնակավայրերի երեխաների համար: Ինչպես հայտնում են նախագահի աշխատակազմից, Արմեն Սարգսյանի նախաձեռնությամբ, սահմանամերձ բնակավայրերի փոքրիկները տոների նախօրյակին ավանդաբար հյուրընկալվում են նախագահական նստավայրում: Այս անգամ փոքրիկների համար ամանորյա տոնական միջոցառումները կազմակերպվել էին տեղերում՝ հնարավորություն ընձեռելով գյուղերի բոլոր փոքրիկ բնակիչներին դիտելու ու նաև՝ մասնակից լինելու ներկայացումներին: Ձմեռ Պապի և հեքիաթների այլ հերոսների մասնակցությամբ ամանորյա շոու-ծրագրերը տոնական տրամադրություն են պարգևել երեխաներին: Նախագահի աշխատակազմի կողմից նշված բնակավայրերի երեխաներին նաև նվեր-փաթեթներ են տրամադրվել:
15:10 - 30 դեկտեմբերի, 2021
Կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը |armenpress.am|

Կառավարության նիստի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանի Հանրապետության կառավարության նիստը մեկնարկեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ Հայրենիքի համար կյանքը զոհաբերած նահատակների: Կառավարության նիստի մեկնարկին նման առաջարկով հանդես եկավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Արտաքին միջավայրում մենք շատ լուրջ խնդիրներ ունեցանք և շարունակում ենք ունենալ: 2021 թվականի մայիսից սկսած Սոթք-Խոզնավար հատվածում ադրբեջանական զինված ուժերի ներխուժման փաստը, դրա հետևանքները, նաև նոյեմբերի 16-ին տեղի ունեցած միջադեպն ավելի են ընդգծում անվտանգային միջավայրում մեր ունեցած խնդիրները: Ես առաջարկում եմ, որ մենք հիմա մեկ րոպե լռությամբ հոտնկայս հարգենք 2021 թվականին և նախկինում Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նահատակների հիշատակը»,- նշեց վարչապետը:
11:54 - 30 դեկտեմբերի, 2021
Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Որոտանում ադրբեջանցիների տեսախցիկներն անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը․ ՀՀ ՄԻՊ

Ադրբեջանական տեսախցիկները Որոտանում անօրինական վերահսկողության ներքո են պահում բնակիչների տներ, մարդկանց անձնական և ընտանեկան կյանքը: Այս մասին իր էջում գրառում է կատարել ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը։    «Սյունիքի մարզի Գորիս համայնքի Որոտան գյուղի այս սեփական տունը (խմբ․-լուսանկարը՝ ստորև) ադրբեջանական տեսախցիկների մշտական վերահսկողության ներքո է: Այս տան հետ ևս 3 տուն, ինչպես նաև ձկնաբուծարանը ադրբեջանական տեսախցիկների ուղիղ վերահսկողության ներքո են:   Սա խախտում է բնակիչների ոչ միայն անվտանգ ու խաղաղ ապրելու, կյանքի իրավունքը, այլ նաև անձնական և ընտանեկան կյանքի իրավունքը, այդ կերպ առանց որևէ իրավական հիմքի հավաքվում են մարդկանց անձնական տվյալներ:   Տան բնակիչների վկայությամբ՝ ադրբեջանական զինված ծառայողները տեսախցիկները պարբերաբար պտտում իրենց տան կողմը՝ վերահսկելու համար տան անցուդարձը: Տեսախցիկն իրենց տան ուղղությամբ են պահում հատկապես այն ժամանակ, երբ տեսնում են, որ տանը սովորականից ավելի մարդկանց շարժ կա (օրինակ՝ եթե հյուրեր ունեն)։ Ակնհայտ է, որ դիտարկվում է այն ամենն ինչ կատարվում է տանը՝ ոչ միայն բակում: Սյունիք վերջին այցի ընթացքում դրանում համոզվել եմ ինքս տեղում, երբ մեր աշխատակազմով այս տանն էինք և ինքներս տեսանք, որ ադրբեջանական զինված ծառայողները մեզ տեսնելուն պես տեսախցիկներից մեկն անմիջապես ուղղեցին դեպի մեզ:   Ի դեպ, այն տունը, որտեղ տեղակայված են ադրբեջանական զինված ծառայողներ և այնտեղից տեսախցիկներով վերահսկում են տան անցուդարձը, կադաստրային փաստաթղթով պատկանում է ՀՀ քաղաքացու (այս ապացույցը մենք արդեն հրապարակել ենք): Այսինքն՝ ՀՀ քաղաքացուն սեփականություն հանդիսացող տանը տիրացել են հանցավոր արարքներով: Ընդ որում, սա Գորիս-Կապան ճանապարհի այն հատվածն է, որտեղ ադրբեջանական զինված ծառայողները, ինչպես հայտարարված է, սահմանել են, այսպես կոչված, սահմանային ու մաքսային վերահսկողություն, ինչը զուրկ է որևէ իրավական հիմքից:   Ադրբեջանական զինված, այդ թվում՝ Սահմանապահ, Ոստիկանության ծառայողները մշտապես ներկա են անմիջապես տան դիմաց: Ըստ քաղաքացիների հաշվարկի՝ ընդհանուր առմամբ՝ բոլորը միասին կլինեն մոտ 150-200 ծառայողներ: Ընդ որում, այդ բոլոր ծառայողները զինված են, մեծ մասը հիմնականում դիմակավորված է: Նրանք բացահայտ, ցուցադրաբար կանգնում են ճանապարհին կամ քաղաքացիական տների ուղղությամբ, որպեսզի հատուկ տեսանելի լինեն քաղաքացիական բնակիչներին:   Մենք արել էինք հրապարակում այն մասին, որ Գորիս-Կապան ճանապարհի այս հատվածում կա առնվազն 10 տեսախցիկ, որոնք վերահսկում են քաղաքացիական բնակիչների տեղաշարժը, խախտում են մարդկանց անձնական ու ընտանեկան կյանքը, հանցավոր արարքներով հավաքում են անձնական տվյալներ:   Ադրբեջանական զինված ծառայողների այս արարքները ևս ապացուցում են, որ նրանց ներկայությունն ինքնին խաթարել է Հայաստանի քաղաքացիական բնակչության բնականոն կյանքը, առաջացնում է մարդկանց իրավունքների զանգվածային խախտումներ, խաթարել անվտանգ ու խաղաղ ապրելու իրավունքը: Ուստի, նրանք չպետք է լինի մեր գյուղերի հարևանությամբ և ճանապարհներին, որպեսզի հնարավոր լինի վերականգնել խաղաղ բնակիչների իրավունքներն ու բնականոն կյանքը: Այս փաստը ևս Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում վերլուծվել է և կներառվի ադրբեջանական զինված ծառայողների անօրինականությունները հաստատող ապացույցների թվում՝ համապատասխան միջազգային ատյաններ ուղարկելու նպատակով»,-ասված է գրառման մեջ։ 
21:57 - 29 դեկտեմբերի, 2021
Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն որոշակի վտանգներ է պարունակում, բայց նաև շատ մեծ հնարավորություններ. վարչապետ

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն որոշակի վտանգներ է պարունակում, բայց նաև շատ մեծ հնարավորություններ. վարչապետ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր տեղի է ունեցել Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խմբի ամփոփիչ նիստը: Այս մասին հաղորդում է կառավարությունը: Բացելով նիստը՝ վարչապետ Փաշինյանը նշել է. «Բարև ձեզ հարգելի գործընկերներ: Ինչպես գիտեք, սույն թվականի հունվարի 15-ին վարչապետի որոշմամբ ստեղծվեց Սյունիքի հարցերով միջգերատեսչական աշխատանքային խումբ, և մենք այսօր հավաքվել ենք՝ ամփոփելու աշխատանքային խմբի այս տարվա արդյունքները: Պիտի արձանագրեմ, որ 2021 թվականի ընթացքում Սյունիքի մարզում աշխատանքային խմբի խողովակով հատկացվել և իրականացվել է շուրջ 1.1 մլրդ դրամի ծրագիր: Այդ ծրագրերն ունեն բավական լայն ընդգրկում՝ գյուղատնտեսությունից մինչև սպորտ, և կարծում եմ, որ այս նոր միջավայրում կարևոր նշանակություն են ունեցել և ունեն Սյունիքի մարզի դիմակայունությունը բարձրացնելու ու ամրապնդելու նկատառումով: Ցանկանում եմ ընդգծել, որ այսօր էլ, իհարկե, հիմա այս պահին կարճ ժամանակով ընդհատված են մինչև ամանորյա տոների ավարտը, Սյունիքի մարզում լայն թափով ընթանում, իրականացվում է այլընտրանքային ճանապարհների շինարարություն: Սա նույնպես չափազանց կարևոր ծրագիր է: Ուզում եմ ասել նաև, որ մենք Սյունիքի մարզում միայն աշխատանքային խմբի խողովակով չէ, որ ծրագրեր ենք իրականացնում: Կուզենայի մի քանի ծրագրերի մասին խոսել: Մասնավորապես՝ կրթական ոլորտի: Հանրակրթության ոլորտում մեր ռազմավարական բարեփոխումները որոշել ենք սկսել հենց Սյունիքի մարզից, և այդ նոր մոդելն առաջինը փորձարկվում է Կապան խոշորացված համայնքում՝ Սյունիքի մարզկենտրոնում, որտեղ ծրագիր իրականացնելու համար Կառավարությունը 9 մլրդ դրամի հատկացում է իրականացնում: Այսպիսի ծրագրեր կներդրվեն նաև Սյունիքի մյուս խոշորացված համայնքներում: Ցանկանում եմ հիշեցնել նաև, որ Եվրամիության հետ համագործակցության արդյունքում նախատեսվում է շուրջ 80 մլն եվրոյի ծրագիր իրականացնել Սյունիքի մարզում՝ զուտ մարզի դիմակայունությունը բարձրացնելու ծրագրի շրջանակում: Այսօր մենք ակտիվ աշխատում ենք Հյուսիս-Հարավ ծրագրի իրականացման վրա՝ մասնավորապես, Սիսիան-Քաջարան և Քաջարան-Ագարակ հատվածների շինարարությունը: Հույս ունենք գործընթացն արդեն մեկնարկել 2022 թվականի ընթացքում: Դա շատ խոշոր ծրագիր է, ընդ որում, ներառում է մի քանի կամուրջներ, 2 թունել՝ 7 և 8 կմ երկարությամբ: Ծրագիրը նույնպես շատ էական ազդեցություն է ունենալու ոչ միայն Սյունիքի մարզի, այլև ընդհանրապես Հայաստանի Հանրապետության հետագա զարգացման համար: Ուզում եմ ընդգծել նաև, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման նույնպես էական գործոն է Սյունիքի մարզի հետագա զարգացման համար: Մենք արդեն հայտարարել ենք, որ մեկնարկում ենք Երասխ-Ջուլֆա-Օրդուբադ-Մեղրի-Հորադիզ երկաթուղու Մեղրիի հատվածի շինարարության նախապատրաստական աշխատանքները: Պիտի ընդգծեմ, որ այո, իհարկե, մեզ բոլորիս հայտնի հանգամանքների բերումով, տարածաշրջանային կոմունիկացիաների բացման թեման ակնհայտորեն և հանրահայտ ձևով նաև որոշակի խնդիրներ և վտանգներ է պարունակում, բայց պիտի ընդգծեմ նաև, որ շատ մեծ հնարավորություններ է պարունակում: Մենք պետք է հետևողականորեն և համբերատար աշխատենք, որպեսզի վտանգները կառավարենք, իսկ հնարավորություններն ընդգծենք և կարողանանք ծառայեցնել Հայաստանի Հանրապետության, այդ թվում՝ Սյունիքի մարզի հետագա բնականոն զարգացմանը»: Վարչապետի խորհրդական, աշխատանքային խմբի ղեկավար Ռոբերտ Ղուկասյանը, անդրադառնալով խմբի գործունեությանը, նշել է, որ առայսօր գումարվել է 17 նիստ՝ Սյունիքի տարբեր բնակավայրերում: Խումբը գործել է շուրջօրյա աշխատանքի ռեժիմով և փորձել հնարավորինս օպերատիվ արձագանքել խնդիրներին՝ շեշտը դնելով հատկապես սոցիալական, տնտեսական, անվտանգային բաղադրիչների վրա: Ապա աշխատանքային խմբի անդամ՝ պատկան գերատեսչությունների  ներկայացուցիչները զեկուցել են ըստ ոլորտների կատարված աշխատանքների մասին: Ներկայացվել են պաշտպանության, անվտանգ երթևեկության, ճանապարհաշինության, բնակարանաշինության, սոցիալական հարցերի լուծման, ենթակառուցվածքների բարելավման, շրջակա միջավայրի պահպանության ուղղությամբ միջոցառումները: Վարչապետին զեկուցվել է Սյունիքի մարզի այլընտրանքային ճանապարհների՝ Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-Իրանի սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Գորիս-Կապան տեղամասի առանձին հատվածներում երթևեկության անխափանությունն ապահովելու նպատակով Հ-46 (Քաշունի գյուղի խաչմերուկից) - Բարձրավան, Տանձավեր – Շուռնուխ, Որոտան - Խոտ և Տ-8-49, /Տ-8-48/ - Լծեն ճանապարհահատվածների կառուցման/վերակառուցման ընթացքի մասին: Նշվել է, որ ընթացքի մեջ են գրունտային վիճակի ապահովման աշխատանքները, որոնք կերաշխավորեն այս ճանապարհահատվածների երթևեկելիությունը բոլոր տիպի մեքենաների համար, տարվա բոլոր եղանակներին: Նախատեսվում է, որ 2022թ. դրանք ամբողջությամբ ասֆալտապատված կլինեն: Նիկոլ Փաշինյանը ևս մեկ անգամ ընդգծել է նշված ճանապարհների կարևորությունը և հանձնարարել հնարավորինս արագացնել շինարարության ընթացքը: Կառավարության ղեկավարին մանրամասներ են ներկայացվել Շուռնուխում կառուցվող թաղամասի շինարարության վերաբերյալ: Զեկուցվել է, որ աշխատանքները շարունակվում են, նախատեսվում է դրանք ավարտել պայմանագրով սահմանված ժամկետում՝ 2022 թ. առաջին կիսամյակում: Վարչապետը հետաքրքրվել է նաև Սյունիքում գյուղոլորտի ներուժի ուսումնասիրության ուղղությամբ քայլերով: Ներկայացվել են ջրարբիացման համակարգերի կառուցման, գյուղտեխնիկայի տրամադրման, բիզնես նախաձեռնությունների խթանման, մի շարք համայնքներում նոր ենթակառուցվածքների ձևավորման ուղղությամբ իրականացված միջոցառումները: Այս համատեքստում ընդգծվել է օժանդակություն ցուցաբերող փորձագիտական խմբի կարևոր դերը: Ռոբերտ Ղուկասյանը զեկուցել է, որ փորձագիտական խմբի կողմից ներկայում կատարվում է գյուղատնտեսական նշանակության հողերի թվայնացման աշխատանք, որը նախատեսվում է ավարտել մեկ ամսից:  Արդյունքում ակնկալվում է ունենալ տնտեսական ներուժի գնահատում ըստ համայնքների, որի հիման վրա էլ յուրաքանչյուր համայնքի համար մշակվելու է գյուղատնտեսական ապագայի ծրագիր:  Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է աշխատանքն ավարտելուց հետո արդյունքները քննարկել շահագրգիռ գերատեսչությունների հետ և, որպես արդյունավետ գնահատվելու դեպքում, այն իրականացնել նաև մյուս մարզերի համար: Մտքերի փոխանակության ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր և գաղափարներ, ներկայացվել են առաջարկներ: Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել աշխատանքային խմբի և փորձագիտական խմբի անդամներին կատարված աշխատանքի համար և ընդգծել՝ Սյունիքի մարզի զարգացման օրակարգը բավական ընդգրկուն է և պետք է համբերատար աշխատել նախանշված առաջնահերթությունների կյանքի կոչման ուղղությամբ:
16:50 - 29 դեկտեմբերի, 2021
Սյունիքում տեղակայված է ոստիկանական անվտանգության հատուկ ծառայություն

Սյունիքում տեղակայված է ոստիկանական անվտանգության հատուկ ծառայություն

ՀՀ վարչապետի 2021 թվականի հունվարի 15-ի որոշման համաձայն՝ Սյունիքի մարզում առկա և հնարավոր խնդիրների բացահայտման և օպերատիվ արձագանքման ուղղությամբ տարվող աշխատանքները համակարգելու նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ, որի մեջ ընդգրկված են պետական գերատեսչությունների ներկայացուցիչներ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ոստիկանությունը, նշելով, որ այն ներկայացնում է ոստիկանության պետի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը։ «Գլխավոր խնդիրը անվտանգությունն է։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ու ենթակա՝ Սիսիանի, Գորիսի, Կապանի, Քաջարանի, Մեղրիի, Ագարակի տարածքային բաժինների ու բաժանմունքների ծառայողները, համագործակցելով ուժային մյուս կառույցների աշխատակիցների հետ, Սյունիքի մարզի բնակավայրերում 24-ժամյա ռեժիմով ապահովում են քաղաքացիների անվտանգությունը»,- նշված է Ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: Հսկիչ-անցագրային կետերում ծառայություն են իրականացնում մարտական հանդերձավորմամբ ոստիկաններ։ Միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից դրական եզրակացության հիման վրա ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա տարածքային բոլոր բաժիններին տրամադրվել են ծառայողական ամենագնացներ, տեղադրվել են անհրաժեշտ բոլոր պայմաններն ապահովող ու կահավորված հենակետեր, տարածքային բաժինները վերազինվել են տեխնիկական միջոցներով։ Բացի այդ, ոստիկանական շրջիկ ծառայություն է իրականացվում Սյունիքի մարզի Խոզնավար, Խնածախ, Վաղատուր, Ճակատեն, Ծավ, Շիկահող, Ներքին Հանդ և այլ բնակավայրերում։ Հսկիչ-անցագրային կետեր են տեղակայված նաև Երևան-Կապան ճանապարհի մի քանի հատվածներում։ Այս կետերում տարածքային բաժինների ոստիկանների հետ ծառայություն են իրականացնում նաև ոստիկանության ՊՊԳՎ Գորիսի բաժնի ու ճանապարհային ոստիկանության երկրորդ սպայական գումարտակի և ուղեկցող հատուկ վաշտի ծառայողները։ Հսկիչ-անցագրային կետի ծառայողների կողմից իրականացվում է երթևեկության կարգավորում, ուղեկցումներ, ինչպես և վարորդներին նախազգուշացնում են սահմանային անցակետերի տեղակայման և այլընտրանքային ճանապարհների երթևեկության ուղղությունների վերաբերյալ։ Ճանապարհային ոստիկանների հատուկ ծառայության շնորհիվ ապահովվում է նաև տրանսպորտային միջոցների անվտանգ երթևեկությունն ու իրականացվում են ուղեկցումներ։ Նշվում է, որ մոտ ապագայում Ոստիկանության Մեղրիի բաժինը կունենա նոր, հարմարավետ ու որակյալ ծառայություններ մատուցելու համար անհրաժեշտ բոլոր պայմաններով հագեցած մասնաշենք, որտեղ կտեղակայվեն նաև ոստիկանական այլ ծառայություններ։ Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության փորձագիտական բաժանմունքը հնարավորություն կունենա անօդաչու թռչող սարքերի միջոցով զննելու հանցագործության դեպքի վայրը։ Բացի այդ, հնարավոր կլինի տրանսպորտային միջոցները համադրելով՝ հետազոտել ճանապարհատրանսպորտային պատահարի ծագման մեխանիզմը, պարզաբանել հետքերի ուղղությամբ տրանսպորտային միջոցների շարժման հետագծերը և այլն։  Սյունիքի փորձագետները կկարողանան գազային քրոմատոգրաֆով կատարել թմրանյութերի հետազոտություն և նյութերի քանակական հաշվարկ։ «Ոստիկանության Սյունիքի մարզային վարչությունն ու ենթակա ստորաբաժանումները այս պատվաբեր առաքելությունն իրականացնում են իրենց անմիջական պարտականություններին զուգահեռ՝ ոստիկանները կանխում և բացահայտում են հանցագործություններ, պահպանում հասարակական կարգն ու անվտանգությունը, ապահովում անվտանգ երթևեկություն և այլն։ Սյունիքը Հայաստանի ողնաշարն է, և ոստիկանության գերնպատակն է ապահովել բնակչության անվտանգությունը, կանխել անցանկալի միջադեպերի հնարավորությունը, իրենց ներկայությամբ ու ծառայությամբ հավաստել, որ ինչպես հանրապետության ողջ տարածքում, այնպես էլ սահմանային գոտիներում հանրության կենսագործունեությունն ու քաղաքացու ապահովությունը ոստիկանության ամենօրյա աչալուրջ պաշտպանության տակ է»,- նշված է ՀՀ ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
18:02 - 20 դեկտեմբերի, 2021