Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեւէ հրապարակային չեն հնչեցրել, թե Բաքուն հայկական է․ Ալիեւի հայտարարությունները հայելային չեն
17:49 - 25 հունվարի, 2022

Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները երբեւէ հրապարակային չեն հնչեցրել, թե Բաքուն հայկական է․ Ալիեւի հայտարարությունները հայելային չեն

Երեկ ԶԼՄ-ների եւ հասարակական կազմակերպությունների հարցերին պատասխանաելիս, խոսելով Բաքվի ագրեսիվ հայտարարությունների մասին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկեց այդ հայտարարությունների մեջ տարբերակել ռացիոնալ եւ էմոցիոնալ կողմերը։ Նա ասաց, որ վերջերս մի վերլուծաբան դիտարկում է արել, թե Ադրբեջանից շատ հաճախ հնչում են հայտարարություններ, որոնք հայելային են այն հայտարարություններին, որոնք Հայաստանում հնչել են 1994 թվականից հետո․

«Երբ Ադրբեջանից հնչում է հայտարարություն, որ Ղարաբաղի հարցը լուծված է, էդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց այն փաստի վրա, որ 1994-ից հետո տասնյակ տարիներ Հայաստանից եւ Արցախից հնչել են հայտարարություններ, որ Ղարաբաղի հարցը լուծված է։ Շատ հաճախ հնչում են հայտարարություններ, ասենք, Երեւանն ադրբեջանական քաղաք լինելու մասին, եւ այլն, այդ վերլուծաբանն իմ ուշադրությունը հրավիրեց, որ 1994-ից հետո շատ հայտարարություններ են հնչել էն մասին, որ Բաքուն հայկական քաղաք է»,- ասաց Փաշինյանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի շուրթերից մեկ անգամ չէ, որ հնչել է, թե Երեւանն ադրբեջանական է։ Առանց շատ հեռու գնալու՝ դեռ 2016-ի դեկտեմբերին Ալիեւը, ասելով, թե աչք չեն դրել Հայաստանի հողերի վրա, միեւնույն ժամանակ շեշտել էր, որ միտք չունեն ռազմական ճանապարհով վերադառնալ ոչ Երեւան, ոչ Մեղրի, ոչ Գորիս՝ «իրենց պատմական հողեր»։

2017-ի ամռանը Ալիեւը նորից հայտարարել էր, թե Լեռնային Ղարաբաղն ու Հայաստանը ադրբեջանական պատմական հողեր են։ 

Արդեն 2018-ի փետրվարին Ալիեւը ադրբեջանական «պատմական հողեր» էր անվանել Երեւանը՝ այն կոչելով Իրեւանի խանություն, Սեւանը՝ կոչելով Գյոյչա, Սյունիքը՝ կոչելով Զանգեզուր․ «Ուզում եմ նշել, որ մենք չպետք է մոռանանք մեր պատմական հողերի մասին։ Հետագայում սա պետք է լինի մեր գործունեության ուղղություններից մեկը։ Մեր պատմական հողերն են՝ Իրեւանի խանությունը, Զանգեզուրը, Գյոյչան, այս մասին պետք է իմանա ե՛ւ մեր երիտասարդ սերունդը, ե՛ւ ողջ աշխարհը»,- ասել էր Ալիեւը։

2020թ․ դեկտեմբերի 10-ին՝ 44-օրյա պատերազմի ավարտից հետո, Բաքվի կենտրոնում ռազմական շքերթի ժամանակ, որին մասնակցում էր նաեւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, թվարկելով Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի տարածքային ձեռքբերումները՝ Իլհամ Ալիեւը հասավ նաեւ Սյունիք, Երեւան, Սեւան՝ ասելով, թե դրանք նույնպես ադրբեջանական պատմական հողեր են, որտեղ դարերով ադրբեջանցիներ են բնակվել։

Անցյալ տարի՝ 2021-ի ապրիլին, «Նոր հայացք Հարավային Կովկասում. Հետկոնֆլիկտային զարգացում եւ համագործակցություն» խորագրով խորհրդաժողովում Ալիեւն ասել էր, թե պատմական Երեւանում ապրել են ադրբեջանցիներ, այդ թվում՝ իր նախնիները․ «Այո, մենք կվերադառնանք այնտեղ: Ես չեմ ասել, որ մենք տանկերով կվերադառնանք: Եթե վերադառնում ենք Զանգեզուրի միջանցք, եթե օգտվելու ենք այս ճանապարհից, ապա ինչու՞ չվերադառնանք Երեւան: Ժամանակը կգա, մենք կանենք դա: Ես ներկայացնում եմ իմ դիրքորոշումը»:

2021 թվականի հուլիսին Ալիեւը դարձյալ հայտարարել էր, որ թե Ադրբեջանի բնակչությունը վերադառնալու է իր նախնիների հողերը․ «Նոյեմբերի 10—ի եռակողմ հայտարարության մեջ նշված է՝ բոլոր փախստականները պետք է վերադառնան հայրենի հողեր։ Մեր հայրենի հողերըն են Զանգեզուրը, Երեւանը։ Մենք, իհարկե, վերադառնալու ենք»։

Նմանատիպ հայտարարություններն այսքանով չեն սահմանափակվում, դրանք Ադրբեջանի հայտնի հռետորաբանության մասն են։ Սակայն ասել, թե այս հայտարարությունները հայելային են՝ ի պատասխան Հայաստանից տարիներով հնչած պնդումների, մոլորեցնող են, ինչի մասին՝ ստորեւ։ 

Այն, որ Բաքվում ժամանակին հայեր են ապրել, գաղտնիք չէ։ CivilNet-ի՝ «Հայերը Բաքվի նահանգում» վերտառությամբ հրապարակումից տեղեկանում ենք, որ արխիվային տվյալների համաձայն՝ մոտ 200 տարի առաջ՝ 1820-ական թվականներին, Բաքու գյուղում հայերի թիվը կազմել է 277 հոգի կամ շուրջ 50 տուն, եւ որ 1886 թվականին Բաքու քաղաքի 86 611 բնակիչներից հայեր էին 24 490-ը։ Ըստ աղբյուրի՝ Ցարական Ռուսաստանի առաջին եւ վերջին՝ 1897 թվականի մարդահամար տվյալներով Բաքվի նահանգն ուներ շուրջ 183 հազար բնակչություն, որից հայերի թիվը 22 583 էր: 1970 թվականի ԽՍՀՄ մարդահամարի համաձայն, Բաքվում հայերի թիվը անցնում էր 207 հազարը: 1990 թվականի հունվարին կազմակերպված ջարդերից հետո Բաքուն զրկվեց հայ բնակչությունից:

Քիչ չեն հրապարակումներն ու աշխատությունները նաեւ այն մասին, թե հայերը ինչ մեծ ներդրում են ունեցել Բաքվի ճարտարապետության մեջ։

Բայց Բաքվի հայկական լինելու մասին ոչ միայն բազմաթիվ չեն հայտարարությունները, այլ նաեւ, եթե այդպիսիք եղել են, երբեւէ չեն հնչել Հայաստանի Հանրապետության բարձրաստիճան ղեկավարության կողմից։ Իհարկե հանրային խոսույթում տարածված են եղել Բաքվում թեյ խմելու, Բաքու հասնելու, Բաքուն գրավելու մասին արտահայտությունները, սակայն դրանք Հայաստանի ղեկավարները չեն շրջանառել։

Հետեւաբար հանրային խոսույթի մակարդակում արված հայտարարությունները չեն կարող համեմատելի լինել Ադրբեջանի բարձրաստիճան ղեկավարության պաշտոնական հռետորաբանության հետ։ Ուստի անանուն վերլուծաբանի դիտարկումների արդյունքում Փաշինյանի մոտ ձեւավորված համոզմունքը, թե Ադրբեջանի հռետորաբանությունը հայելային է՝ Հայաստանից տարիներով հնչած հայտարարությունների ֆոնին, մանիպուլյատիվ է։ 

Հայարփի Բաղդասարյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել