Հայաստան

Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը |armenpress.am|

Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է վճռական աջակցությունը ՀՀ-ին և Արցախին օժանդակելու ԱՄՆ պատրաստակամությանը |armenpress.am|

armenpress.am: Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատի հատկացումների, արտաքին գործերի և հարակից ծրագրերի հանձնաժողով ապրիլի 22-ին ներկայացրած նամակում Ամերիկայի հայկական համագումարը վերահաստատել է իր վճռական աջակցությունն այն փաթեթին, որով առաջարկվում է 50 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն տրամադրել Արցախին, 100 միլիոն դոլար՝ Հայաստանին, և դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունը: Այս մասին հայտնում է Ամերիկայի հայկական համագումարը։  Ըստ աղբյուրի՝ Համագումարը հստակ հասկացրել է, որ «խորապես անհանգստացած է հերթական ցեղասպանության սպառնալիքով, ինչպես նաև պատերազմի հետևանքով առաջացած շարունակվող հումանիտար ճգնաժամով»՝ հայտարարելով, որ «ԱՄՆ-ն կարող է և պետք է ավելին անի Արցախի ժողովրդին պաշտպանելու համար»: Համագումարի՝ Կոնգրեսի հետ կապերի տնօրեն Մարիամ Խալոյանը կարևորել է «Արցախի հայությանը վերացնելու համառ օրինակն ու փորձը» և հիշեցրել, որ «անցյալ ամսվա սկզբին դաժան ձմռան կեսին Ադրբեջանը միտումնավոր դադարեցրել է Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտի գազամատակարարումը` մարդկանց թողնելով առանց ջերմության աղբյուրի»։ Համագումարը նամակով նաև կոչ է արել Կոնգրեսին և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին՝ «պահպանելու ժողովրդավարության հիմնարար սկզբունքները, ինքնորոշման իրավունքը և Արցախի ժողովրդի համընդհանուր մարդու իրավունքները»՝ նշելով, որ «Միացյալ Նահանգները չի կարող հակասական հայտարարություններ անել ժողովրդավարության և մարդու իրավունքների վերաբերյալ՝ Իլհամ Ալիև և Ռեջեփ Թայիփ Էրդողան դիկտատորներին աջակից երևալով»:   Համագումարը նաև հորդորել է կասեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին։    1972 թվականին հիմնադրված Ամերիկայի հայկական համագումարը Վաշինգտոնում գործող ամենամեծ համազգային կազմակերպությունն է, որը նպաստում է հայկական հարցերի հանրային ըմբռնմանը և իրազեկմանը: Համագումարը անկուսակցական, հարկերից ազատված կազմակերպություն է:
19:56 - 23 ապրիլի, 2022
Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ Փարիզի քաղաքապետի հրավերով տեղի է ունեցել ընդունելություն հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ ապրիլի 22-ին Փարիզի քաղաքապետարանի հանդիսությունների սրահում քաղաքապետ Անն Հիդալգոյի հրավերով տեղի ունեցավ ընդունելություն՝ բազմաթիվ խորհրդարանականների, Փարիզի քաղաքային խորհրդի անդամների և հարյուրավոր ֆրանսահայերի մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Ընդունելության մեկնարկին ելույթներով հանդես եկան Փարիզի քաղաքապետը, Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Հասմիկ Տոլմաջյանը, ինչպես նաև Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) երկու համանախագահները: Դեսպան Տոլմաջյանն անդրադարձավ Հայոց ցեղասպանության ժխտողականության դատապարտման անհրաժեշտությանը՝ ընդգծելով դրա կարևորությունն ինչպես համայն հայության համար, այնպես էլ ցեղասպանությունների կանխարգելման և մարդկության դեմ հանցագործությունների միջազգային պայքարի տեսանկյունից: Դեսպանը հիշեցրեց նաև այն կարևոր դերակատարման մասին, որ Ֆրանսիան ունեցել է ցեղասպանությունից փրկված հայ գաղթականներին ապաստանելու հարցում՝ շեշտելով, որ Ֆրանսիայում ապաստանած հայ գաղթականների սերունդները, պահպանելով իրենց ազգային ինքնությունը, միևնույն ժամանակ դարձել են Ֆրանսիայի լիիրավ և պատասխանատու քաղաքացիներ՝ մեծ ավանդ ունենալով Ֆրանսիայի զարգացման և հայ-ֆրանսիական հարաբերությունների խորացման գործում։ Եզրափակելով իր խոսքը՝ դեսպանը շնորհակալություն հայտնեց Փարիզի քաղաքային իշխանություններին, ի դեմս քաղաքապետ Հիդալգոյի, մշտապես Հայաստանի և Արցախի կողքին լինելու համար։ Նա հիշեցրեց, որ Փարիզի քաղաքային խորհուրդն առաջիններից էր, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից անմիջապես հետո ընդունեց բանաձև՝ կոչ անելով ճանաչել Լեռնային Ղարաբաղը։ Դեսպանը նաև շնորհակալություն հայտնեց քաղաքապետ Հիդալգոյին, ինչպես նաև փոխքաղաքապետ Առնո Նգաչային՝ Փարիզի սրտում Հայաստանի էսպլանադի բացման նախագծի կյանքի կոչման համար։
11:22 - 23 ապրիլի, 2022
Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գինեգործության բնագավառում զարգացման միտումներ ունի. ՍԱՏՄ

Հայաստանի և Ռուսաստանի համագործակցությունը գինեգործության բնագավառում զարգացման միտումներ ունի. ՍԱՏՄ

Ռուսաստանի մայրաքաղաքում ապրիլի 22-ին անցկացվել է «Նոր օրենսդրությունն ու նորմատիվ փոփոխությունները Ռուսաստանյան գինեգործության ոլորտում․ Ազգային կոնյակի կոդ ծրագիրը գինեգործական արտադրանքի որակի և հետագծելիության միասնական մոնիտորինգային համակարգում» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցել է նաև հայկական պատվիրակությունը՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գեորգի Ավետիսյանի գլխավորությամբ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից։ Կառույցի ղեկավարը ներկայացրել է խաղողագործության և գինեգործության արդի վիճակը երկրում, արտադրության ծավալները, արտահանման ու դրա նկատմամբ վերահսկողության մեխանիզմները՝ ներառյալ որակի և անվտանգության պահպանման ուղղությամբ ներդրված մեթոդները։ Գեորգի Ավետիսյանը նաև մանրամասնորեն անդրադարձել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև բավականին ակտիվ համագործակցությանն այս ոլորտում, խոսել արտահանման ծավալների, դրանց ավելացման ու զարգացման միտումների մասին։ «Այս պահին մենք բավականին ինտենսիվ համագործակցություն ենք ծավալել ՌԴ Սննդի որակի և տեխնոլոգիայի հիմնարար և կիրառական հետազոտությունների լաբորատորիայի հետ, որի գիտական ներուժը և տեխնիկական զարգացումները հետագայում ակտիվորեն կօգտագործվեն մեր կադրերի վերապատրաստման և Հայաստանի Հանրապետության իզոտոպային բանկի ստեղծման գործում»,- նշել է Գեորգի Ավետիսյանը։ Կոնֆերանսի շրջանակներում հայկական պատվիրակությունը հանդիպումներ և քննարկումներ է ունեցել նաև այլ երկրների ներկայացուցիչների հետ։
22:16 - 22 ապրիլի, 2022
ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարարը մասնակցել է ԱՄՀ և ՀԲ կառավարիչների խորհուրդների հանդիպումներին

ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը եւ նախարարի տեղակալ Վահե Հովհաննիսյանն ապրիլի 19-22-ը ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակում մասնակցել են Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) եւ Համաշխարհային բանկի (ՀԲ) կառավարիչների խորհուրդների 2022թ. գարնանային հանդիպումներին: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից։  Հանդիպումների ընթացքում քննարկումներ են ծավալվում համաշխարհային տնտեսության ընթացիկ իրավիճակի, միջազգային տնտեսական իրավիճակի զարգացման միտումների, գլոբալ մարտահրավերների ու դրանց հաղթահարման ուղիների, ֆինանսական շուկաներում տիրող իրավիճակի, համաշխարհային ֆինանսական կայունությանն առնչվող առանցքային այլ հարցերի շուրջ: «Այցի ընթացքում հանդիպումներ են տեղի ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի վարչության պետի, ԱՄՀ հայաստանյան առաքելության ղեկավարի հետ: Նախարար Խաչատրյանը հանդիպել է նաեւ Համաշխարհային բանկի՝ Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի հարցերով փոխնախագահի եւ Համաշխարհային բանկի Տնօրենների խորհրդում Հայաստանը ներկայացնող գործադիր տնօրենի հետ»,- ասվում է հաղորդագրությունում:
20:48 - 22 ապրիլի, 2022
Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ

 |factor.am|

Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ |factor.am|

factor.am: Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը հեռախոսազրույց է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Այս մասին Միշելը տեղեկացրել է թվիթերյան գրառմամբ։ «Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկել ենք Հարավային Կովկասի կայուն, խաղաղ և բարգավաճ ապագան առաջ մղելուն ուղղված հետագա աշխատանքի հեռանկարները»,- գրել է նա։ Շառլ Միշելը նաև նշել է, որ ԵՄ-ն հավատարիմ է մնում Հայաստանին և Ադրբեջանին իրենց երկխոսության գործում աջակցելու հարցում։ ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ու Շառլ Միշելը քննարկել են Հայաստանի վարչապետի, Եվրոպական խորհրդի նախագահի եւ Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, տարածաշրջանում ստեղծված իրավիճակին, Հայաստան-ԵՄ հարաբերությունների օրակարգին վերաբերող մի շարք հարցեր: Շառլ Միշելը եւս մեկ անգամ ընդգծել է ԵՄ հանձնառությունը՝ նպաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությանը:
20:21 - 22 ապրիլի, 2022
Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել ու տեղեկացրել է ՀՀ—ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին

Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է հրավիրել ու տեղեկացրել է ՀՀ—ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին

Ապրիլի 22-ին ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանն աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին մասնակցել են Անվտանգության խորհրդի անդամները և ԱՀ ԱԺ-ում ներկայացված քաղաքական ուժերի ներկայացուցիչներ: Այս մասին հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմից։  Նախագահ Հարությունյանը տեղեկություններ է հաղորդել ՀՀ-ՌԴ վերջին բանակցությունների արդյունքների մասին՝ Ադրբեջանի հետ հակամարտության կարգավորման և Արցախի Հանրապետության անվտանգության ապահովման գործընթացների համատեքստում: Արայիկ Հարությունյանը ևս մեկ անգամ շեշտել է Արցախի Հանրապետության դիրքորոշումը, այն է՝ շարունակել անկախության ճանապարհը՝ ուղեցույց ունենալով ժողովուրդների ինքնորոշման իրավունքը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև ներկա ռազմաքաղաքական իրավիճակից բխող հարցեր:
20:01 - 22 ապրիլի, 2022
Հակոբ Արշակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

Հակոբ Արշակյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԺ և ՌԴ ԴԺ միջխորհրդարանական հանձնաժողովի 34-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի և Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի հերթական նիստն այս անգամ նվիրված է Հայաստանի և Ռուսաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին, ինչպես նաև «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրի 25-ամյակին: Հայ և ռուս խորհրդարանականները հանձնաժողովի 34-րդ նիստն անցկացրել են ապրիլի  22-ին Ստեփանավանում: Այս մասին հայտնում է ՀՀ Ազգային ժողովը։ ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը բարձր է գնահատել երկու երկրների համագործակցությունը՝ ընդգծելով, որ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է: Նա կարևորել է տարածաշրջանում կայունության հաստատումը՝ նշելով, որ Ռուսաստանի առաջնահերթություններից է Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի կարգավորումը խաղաղ ճանապարհով: Վիկտոր Բոնդարևն անդրադարձել է միջխորհրդարանական նպաստավոր համագործակցությանը, մի շարք ոլորտներում կապերը խթանելուն ուղղված նախաձեռնություններին: ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, հայ-ռուսական համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանն իր հերթին կարևորել է ռուս խաղաղապահների դերը ԼՂ-ում խաղաղության պահպանման հարցում: Ողջույնի խոսքում նա նշել է, որ հանձնաժողովի նիստերի անցկացումը Հայաստանի և Ռուսաստանի տարբեր մարզերում և քաղաքներում թույլ է տալիս տեղում ծանոթանալու մարզերի հնարավորություններին, նախանշելու հետագա համագործակցության կոնկրետ քայլերը: «Մեր երկրների դաշնակցային և գործընկերային հարաբերությունները հիմնված են բարեկամության դարավոր ավանդույթների, եղբայրական սերտ կապերի, վստահության և փոխադարձ աջակցության վրա և համապատասխանում են մեր ժողովուրդների շահերին: Ուրախ եմ փաստել, որ երկու պետությունների միջպետական հարաբերություններն այսօր քաղաքական բարձր մակարդակի վրա են և շարունակում են ամրապնդվել բոլոր ուղղություններով»,- ասել է խորհրդարանի փոխնախագահը: Հակոբ Արշակյանն անդրադարձել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Ռուսաստանի Դաշնություն պաշտոնական այցին, որի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ համագործակցության հարցերի լայն շրջանակ, տարածաշրջանում կայունության ամրապնդմանն ու երկարաժամկետ խաղաղության և անվտանգության հաստատմանն ուղղված ջանքերին առնչվող հարցեր: ԱԺ փոխնախագահն անդրադարձել է միջազգային հարթակներում փոխգործակցությանը՝ նշելով, որ ռուս գործընկերների հետ արդյունավետ համագործակցություն կա ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի, ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակում և այլ խորհրդարանական կառույցներում: Խոսելով այսօրվա նիստի օրակարգային հարցերի մասին՝ Հակոբ Արշակյանը համոզմունք է հայտնել, որ կնախանշվեն արդյունավետ և կառուցողական փոխգործակցության նոր վեկտորներ: «Պետք է հետևողականորեն զարգացնել առկա ձեռքբերումները և ձգտել ավելի նշանակալի արդյունքների»,- ընդգծել է նա: Օրակարգային հարցերի շրջանակում անդրադարձ է եղել հայ-ռուսական միջխորհրդարանական համագործակցության ամրապնդմանը: Զեկուցողները բարձր են գնահատել քաղաքական երկխոսության առկա մակարդակը: Միջխորհրդարանական հանձնաժողովի անդամներ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Վլադիմիր Վարդանյանը և Գուրգեն Արսենյանը, անդրադառնալով երկկողմ հարաբերություններին, կարևորել են համատեղ ծրագրերի իրականացումը, տարբեր ոլորտներում ավանդական համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը: Անդրադարձ է եղել օրենսդրական մոտարկման, տարածաշրջանային համագործակցության ակտիվացման հարցերին, ընդգծվել է ԱՊՀ ՄԽՎ-ի և ՀԱՊԿ ԽՎ-ի շրջանակում համագործակցությունն ընդլայնելու անհրաժեշտությունը: Վլադիմիր Վարդանյանը բարձրացրել է հանձնաժողովի շրջանակում խմբի ստեղծման հնարավորության հարցը, որը ոլորտային ուղղություններով կքննարկի երկկողմ օրակարգի խնդիրները: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանը խոսել է տնտեսության, էներգետիկայի, նորագույն տեխնոլոգիաների ոլորտներում երկկողմ կապերի ու ծրագրերի մասին: Նա կարևորել է համատեղ կազմակերպությունների հիմնումը, անդրադարձել ապրանքաշրջանառության ծավալներին՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակում համագործակցությունը նպաստել է տնտեսության ոլորտում կապերի ընդլայնմանը: Խոսելով ապրանքաշրջանառության ծավալների մասին՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թևանյանն ընդգծել է, որ Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գործընկերների շարքում առաջին տեղն է զբաղեցնում: Պատգամավորն անդրադարձել է նաև միջազգային տարբեր հարթակներում փոխգործակցությանը, ռազմական ոլորտում համագործակցությանն ու ԼՂ հակամարտությանը: Ռուսական կողմից թեմայի շրջանակում երկկողմ հարաբերությունների զարգացման տեսլականին անդրադարձել են Վլադիմիր Ջաբարովը, Նատալյա Կոսիխինան և Օլեգ Մատվեյչևը: Օրակարգային հաջորդ հարցը վերաբերել է Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակին նվիրված համատեղ տոնակատարությունների անցկացմանը: Քննարկվել են երկկողմ իրականացվող ծրագրերին, հումանիտար համագործակցության հեռանկարներին, մեր երկրում ռուսաց լեզվի և Ռուսաստանում հայոց լեզվի տարածմանն աջակցելուն առնչվող հարցեր: Հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը խոսել է մշակութային միջոցառումների անցկացման մասին: Նա կարևորել է Լոռու մարզում գտնվող Սուրբ Նիկոլայ Հրաշագործ եկեղեցու վերականգնումը, որն իրականացվել է պետական միջոցների հաշվին: ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է ոլորտում իրականացվող քայլերը: Անհրաժեշտ է համարվել կրթական փոխանակման ծրագրերի իրականացումը, միջբուհական համագործակցությունը: Քննարկվել են միջխորհրդարանական հանձնաժողովի փորձագիտական խորհրդի գործունեությանն առնչվող հարցեր: Հաստատվել է խորհրդի կազմը, նշանակվել են համանախագահողները: Որոշվել է միջխորհրդարանական հանձնաժողովի 35-րդ նիստն անցկացնել Ռուսաստանի Կրասնոյարսկ քաղաքում այս տարվա հուլիսին: Հակոբ Արշակյանը և Վիկտոր Բոնդարևն ամփոփել են հանձնաժողովի նիստի աշխատանքները: ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Վիկտոր Բոնդարևը շնորհակալություն է հայտնել հայկական կողմին և անձամբ Հակոբ Արշակյանին` նիստը բարձր մակարդակով կազմակերպելու և ջերմ ընդունելության համար: ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանի գնահատմամբ` նիստի արդյունքները գոհացուցիչ էին, քննարկումներն ընթացել են կառուցողական մթնոլորտում: Նրա խոսքով` տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման և ծրագրերի իրականացման հստակ պայմանավորվածություն է ձեռք բերվել:
19:26 - 22 ապրիլի, 2022
Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

Երևանի քաղաքապետն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին

 Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսիին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։  Քաղաքապետն ու դեսպանն անդրադարձել են Երևանի քաղաքապետարանի և դեսպանատան միջև ձևավորված գործակցությանը, քաղաքապետն իր գոհունակությունն է հայտնել համատեղ ծրագրերի ընթացքից: Հանդիպման շրջանակում կողմերը մտքեր են փոխանակել նաև համատեղ նոր նախագծերի իրականացման, մասնագետների վերապատրաստման ու փորձի փոխանակման հարցերի շուրջ: Դեսպանին ներկայացնելով տրանսպորտային բարեփոխումների ընթացքը՝ երթևեկության արդյունավետ կառավարման հարցում քաղաքապետը կարևորել է Լոս Անջելեսի հաջողված փորձի կիրառումը Երևանում: Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպանն իր հերթին վերահաստատել է Երևանի քաղաքապետարանի հետ գործակցությունն ընդլայնելու պատրաստակամությունը: Լին Թրեյսին նաև նշել է, որ դեսպանատունը շարունակելու է աջակցել տարբեր ոլորտներում նախաձեռնվող նոր ծրագրերի իրականացմանը:
18:20 - 22 ապրիլի, 2022
Պուտինն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը
 |azatutyun.am|

Պուտինն ու Միշելը քննարկել են Լեռնային Ղարաբաղի հարցը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր հեռախոսազրույց են ունեցել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ի թիվս այլ հարցերի, կողմերն անդրադարձել են նաև Լեռնային Ղարաբաղում անվտանգության ապահովմանը: «Անդրադարձ է կատարվել նաև Լեռնային Ղարաբաղում կայունության և անվտանգության ապահովման թեմային, այդ թվում՝ հաշվի առնելով վերջերս Վլադիմիր Պուտինի և Շառլ Միշելի շփումները Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ»,- հաղորդում է Կրեմլի մամլո ծառայությունը։ Հաղորդագրությունում նաև ասվում է․ «Վերահաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, հունվարի 11-ին և 2021 թվականի նոյեմբերի 26-ին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի միջև եռակողմ համաձայնագրերի հետևողական իրականացման հիմնարար կարևորությունը։ Այս համատեքստում Ռուսաստանի նախագահը տեղեկացրել է տնտեսական և տրանսպորտային կապերի վերականգնման ծրագրերի իրականացման, ինչպես նաև հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մեկնարկի ուղղությամբ ձեռնարկվող քայլերի մասին»։ Եվրոպական խորհրդի նախագահի գրասենյակը հեռախոսազրույցի մասին մանրամասներ առայժմ չի հաղորդում: Պաշտոնական Մոսկվան նախօրեին հայտարարել է, թե Բրյուսելը ուզում է Ռուսաստանից խլել միջնորդությունը հայ-ադրբեջանական հաշտեցման գործընթացում։
17:26 - 22 ապրիլի, 2022
Հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ. Ֆրանսիայում ՀՀ դեսպան

Ֆրանսիայի Շարանտոն-լը-Պոն քաղաքի հայկական խաչքարի առջև ապրիլի 20-ին տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված հանդիսավոր արարողություն՝ մասնակցությամբ Վալ-դը-Մարն դեպարտամենտի ղեկավարության, բազմաթիվ քաղաքապետերի և Ֆրանսիայի Ազգային ժողովի ու Սենատի անդամների։ Այս մասին տեղեկանում ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության տարածած հաղորդագրությունից: Իր ելույթի ժամանակ դեսպան Տոլմաջյանը հիշեցրել է, որ սեփական հայրենիքում հայերի նկատմամբ ցեղասպան քաղաքականության դրսևորումները չեն սահմանափակվում միայն 1915 թվականի Հայոց ցեղասպանությամբ։ Դրանք սկիզբ են առել դեռևս 19-րդ դար վերջին՝ Օսմանյան կայսրությունում 1894-1895 թվականների հայկական ջարդերով, շարունակական բնույթ ստացել 20-րդ դարի ընթացքում և հասել ընդհուպ մինչև մեր օրեր, ինչի ամենավերջին դրսևորումներն էին պատերազմն Արցախում և այդտեղ Ադրբեջանի կողմից իրականացված էթնիկ զտումներն ու խաղաղ բնակչության սպանությունները։ Միջոցառման ընթացքում ելույթներով հանդես են եկել Շարանտոն-լը-Պոնի քաղաքապետ Էրվե Գիքելը, Ֆրանսիայի Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Միշել Էրբիյոնը և Վալ-դը-Մարն դեպարտամենտի նախագահ Օլիվիե Կապիտանյոն։ Արարողությանը ներկա են եղել և ծաղկեպսակներ տեղադրել Ֆրանսիայի Սենատի Արտաքին հարաբերությունների, պաշտպանության և զինված ուժերի հանձնաժողովի նախագահ Քրիստիան Կամբոնը, Սենատի մշակույթի և կրթության հանձնաժողովի նախագահ Լորան Լաֆոնը, Սեն Մորիսի քաղաքապետ Իգոր Սեմոն, Մեզոն-Ալֆորի քաղաքապետ Մարի-Ֆրանս Պարենը, ինչպես նաև մի շարք այլ քաղաքների ղեկավար ներկայացուցիչներ։   Միջոցառմանը ներկա են եղել նաև Ֆրանսիայի Հայոց թեմի նորընտիր առաջնորդ Տեր Գրիգոր վարդապետ Խաչատրյանը և Ալֆորվիլի հոգևոր հովիվ Տեր Տիրայր Քելեջյանը։ Հիշատակի արարողությանը մասնակցել է նաև ֆրանսիացի պատգամավոր Միշել Հերբիլլոն: Պատգամավորը Twitter-ի իր միկրոբլոգում գրառում է կատարել ու լուսանկարներ հրապարակել:  «Այսօր, ինչպես ամեն տարի, ներկա էի Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառմանը»,- գրել է ֆրանսիացի պատգամավորը:
17:08 - 22 ապրիլի, 2022
ՀՀ-ն պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը․ Փաշինյան |azatutyun.am|

ՀՀ-ն պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը․ Փաշինյան |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանը պատրաստակամ է օր առաջ մեկնարկել Արևելքն Արևմուտքին կապող երկաթգծի և ավտոճանապարհների շինարարությունը Հայաստանի Հանրապետության տարածքով, ասաց գործադիրի ղեկավարը՝ ամփոփելով մոսկովյան այցը։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումը արդյունավետ գնահատելով՝ Հայաստանի վարչապետը շեշտեց՝ կարևոր պայմանավորվածություններ են ձեռք բերել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման սկզբունքների հարցում՝ արձանագրելով Հայաստանի և Ռուսաստանի մոտեցումների նույնականությունը։ «Հույս ունեմ, որ այս հարցով զբաղվող եռակողմ աշխատանքային խումբը, Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի համանախագահությամբ, առաջիկայում կկարողանա պրոցեսը մեկնարկելու համար անհրաժեշտ փաստաթղթեր մշակել և համաձայնեցնել», - ասաց Փաշինյանը։
16:33 - 22 ապրիլի, 2022
Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. կողմերն անդրադարձել են ԼՂ խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Տոյվո Կլաարին. կողմերն անդրադարձել են ԼՂ խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրոպական միության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը: Այս մասին հայտնում են ՀՀ վարչապետի աշխատակազմից։  Վարչապետը,  կարևորելով  Հայաստան-Եվրամիություն համագործակցությունը, բարձր է գնահատել Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի՝ տարածաշրջանում կայունության հաստատմանը միտված ջանքերը, որոնք, միջազգային մյուս գործընկերների ջանքերի հետ համատեղ, նպաստում են տարածաշրջանային երկխոսությանը: Վերահաստատելով ՀՀ հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումների օրակարգին՝ Նիկոլ Փաշինյանը նաև գոհունակություն է հայտնել ԵՄ Արևելյան գործընկերության ծրագրի տնտեսական և ներդրումային  փաթեթի շրջանակում Հայաստանին 2.6 մլրդ եվրո հատկացնելու և մեր երկրում զարգացման ծրագրեր իրականացնելու կապակցությամբ: Տոյվո Կլաարը շնորհակալություն է հայտնել ՀՀ վարչապետին գնահատականների համար և վերահաստատել ՀՀ հետ գործընկերությունը խորացնելու, տարածաշրջանային խաղաղությանը միտված ջանքերը շարունակելու ԵՄ հանձնառությունը: Զրուցակիցները մտքեր են փոխանակել ԵԽ նախագահի, Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի՝ ապրիլի 6-ին Բրյուսելում տեղի ունեցած հանդիպմանը ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքի շուրջ: Արծարծվել են Լեռնային Ղարաբաղի խնդրին, Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծմանը և սահմանազատմանը, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր: Երկուստեք ընդգծվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո ԼՂ հիմնախնդրի համապարփակ կարգավորման անհրաժեշտությունը: Հանդիպմանը քննարկվել է ԱլԳ ներդրումային փաթեթով նախատեսված ծրագրերի իրականացման ընթացքը: Այս համատեքստում ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը ներկայացրել է ընթացիկ աշխատանքները և առաջիկա անելիքները: Ծրագրերն ուղղված են Հայաստանում ժողովրդավարության ամրապնդմանը, տնտեսության խթանմանը, փոքր և միջին բիզնեսի, էներգետիկայի, ենթակառուցվածքների ոլորտների զարգացմանը:
16:16 - 22 ապրիլի, 2022