Ինֆոքոմ

ՌԴ դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների խզման․ Պեսկով

ՌԴ դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների խզման․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ում առաջարկվող նոր պատժամիջոցները, որոնք ներառում են նաև ՌԴ ղեկավարության անդամների նկատմամբ սահմանափակումներ, կարող են հանգեցնել երկու երկրների միջև հարաբերությունների խզման, ինչը չի բխում ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա Նովոստի»-ն, ասել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Նման պատժամիջոցները կարող են հանգեցնել մեր երկրների միջև հարաբերությունների խզմանը, ինչը չի բխի ո՛չ Մոսկվայի, ո՛չ Վաշինգտոնի շահերից»,- ասել է Պեսկովը։ Նա ընդգծել է, որ ԱՄՆ-ի նման քայլը «մեծ սխալ» կլինի։ Այս առնչությամբ Պեսկովը դիմել է պաշտոնական Վաշինգտոնի ներկայացուցիչներին՝ հարց ուղղելով՝ կարո՞ղ են նրանք «հիշել իրավիճակի գոնե մի օրինակ, երբ պատժամիջոցներն օգնել են լուծել իրենց խնդիրը»։
21:44 - 16 հունվարի, 2022
2021թ․ հոկտեմբերի դրությամբ թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցված գործերով 13 անձ է տուժող ճանաչել, 4-ն` անչափահաս․ ամփոփ տվյալներ

2021թ․ հոկտեմբերի դրությամբ թրաֆիքինգի դեպքերի առթիվ հարուցված գործերով 13 անձ է տուժող ճանաչել, 4-ն` անչափահաս․ ամփոփ տվյալներ

2021 թվականի հունվար-հոկտեմբեր ամիսներն ընդգրկող ժամանակահատվածում ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը 25 անձի է նույնականացրել որպես մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհ, նրանցից 8-ն անչափահաս են։ ՀՀ ոստիկանությունը նույն ժամանակահատվածում ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով հարուցված քրեական գործերի շրջանակներում (մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը) 13 անձի է տուժող ճանաչել, 4-ն՝ անչափահաս։ Այս մասին Infocom-ի գրավոր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են նախարարությունց եւ Ոստիկանությունից։ Նույնացման հանձնաժողովի կողմից անձին թրաֆիքինգի զոհ ճանաչելը եւ իրավապահ մարմինների կողմից քրեական գործի շրջանակում տուժող ճանաչելն իրարից անկախ գործընթացներ են, չեն պայմանավորում մեկը մյուսին, այդ իսկ պատճառով, տրամադրված թվերի միջեւ առկա է որոշակի տարբերություն։ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի համաձայն՝ մարդու թրաֆիքինգը շահագործման նպատակով մարդուն հավաքագրելը, տեղափոխելը, փոխանցելը, թաքցնելը կամ ստանալն են, ինչպես նաեւ մարդուն շահագործելը կամ շահագործման վիճակի մեջ դնելը կամ պահելը՝ կյանքի կամ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելով կամ դա գործադրելու սպառնալիքով կամ հարկադրանքի այլ ձեւերով, առեւանգման, խաբեության կամ վստահությունը չարաշահելու, իշխանությունը կամ վիճակի խոցելիությունը օգտագործելու կամ նրան վերահսկող անձի հետ համաձայնություն ձեռք բերելու նպատակով նյութական կամ այլ օգուտ տալու կամ ստանալու կամ այդպիսիք խոստանալու միջոցով։ Մարդու թրաֆիքինգը կամ շահագործումը պատժվում է 5-14 տարի ազատազրկմամբ՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա, որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա։ Վերջին տասնամյակում չափահաս անձանց թրաֆիքինգի ամենաշատ դեպքերը Ոստիկանությունն արձանագրել է 2012-ին, 2013-ին, 2014-ին եւ անցյալ՝ 2021 թվականին։ 2012-ի համեմատ, այդուհանդերձ, դեպքերը նվազել են։  Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե չափահասների թրաֆիքինգի դեպքերի առթիվ 2012-2021թ․ հոկտեմբերը քանի քրեական գործեր են հարուցվել 2012-ին հարուցված 13 քրեական գործերից մեկը մինչ օրս նախաքննության փուլում է, եւս մեկը՝ 2019-ին հարուցված քրեական գործերից։ Նախաքննության փուլում են նաեւ 2020-ին հարուցված վեց քրեական գործերից հինգը, մինչեւ այս տարվա հոկտեմբերը հարուցված յոթ քրգործերից 4-ը։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե չափահասների թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ինչ ճակատագրի են արժանացել 2012-ին Ոստիկանությունը տուժող է ճանաչել 14 չափահաս անձի, 2013-ին՝ յոթ, 2014-ին՝ յոթ, 2015-ին՝ չորս անձի, 2016-ին՝ տասնմեկ անձի, 2017-ին՝ 3 անձի, 2018-ին՝ մեկ անձի, 2019-ին՝ չորս անձի, 2020-ին՝ վեց անձի, 2021-ի հունվարից հոկտեմբերը՝ ինն անձի։  Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերով տուժող ճանաչված չափահասներից քանիսն են իգական, քանիսը՝ արական սեռի ներկայացուցիչ ՀՀ ոստիկանությունը վերջին տասնամյակում անչափահասների թրաֆիքինգի ամենաշատ դեպքեր արձանագրել է 2013 թվականին։ Նման դեպքերը, Ոստիկանության տվյալների համաձայն, 2013-ի համեմատ չեն աճել։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե անչափահասների թրաֆիքինգի դեպքերի առթիվ 2012-2021թ․ հոկտեմբերը քանի քրեական գործեր են հարուցվել   2012-ին եւ 2013-ին հարուցված քրգործերն ուղարկվել են դատարան։ Դատարան են ուղարկվել նաեւ 2015-ին, 2017-ին, 2018-ին հարուցված գործերը, իսկ 2019-ին, 2020-ին, 2021-ին հարուցված քրեական գործերը հոկտեմբերի դրությամբ դեռեւս նախաքննության փուլում են գտնվել։ Կարճված եւ կասեցված գործեր չկան։   Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե անչփահասների թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրեական գործերն ինչ ճակատագրի են արժանացել 2012-ին Ոստիկանությունը տուժող է ճանաչել 4 անչափահաս անձի, 2013-ին՝ դարձյալ 4, 2015-ին՝ մեկ անչափահասի, 2017-ին՝ դարձյալ մեկ անչափահասի, 2018-ին՝ երկու, 2019-ին՝ չորս անձի։ Թեեւ 2020-ին երեք քրգործ է հարուցվել, որեւէ անչափահաս հոկտեմբերի դրությամբ չի ունեցել տուժողի կարգավիճակ, 2021-ին տուժող է ճանաչվել չորս անչափահաս։ Ինֆոգրաֆիկայում ցուցադրված է, թե թրաֆիքինգի դեպքերի առնչությամբ հարուցված քրգործերով տուժող ճանաչված չափահասներից քանիսն են իգական, քանիսը՝ արական սեռի ներկայացուցիչ Հայաստանի Հանրապետությունում 2014 թվականին ընդունվել է «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքը։ Այն նպատակ ունի հայտնաբերել թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձանց, պատշաճ նույնացնել նրանց, արդյունավետ ապահովել աջակցությամբ, պաշտպանությամբ եւ հասարակությանը սոցիալական վերաինտեգրմամբ՝ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների միջեւ, ինչպես նաեւ հասարակական, միջազգային կազմակերպությունների, քաղաքացիական հասարակության հետ ռազմավարական համագործակցության ընթացակարգերի ձեւավորմամբ:  Օրենքը սահմանում է, որ մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված է համարվում այն անձը, որն այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։ Իսկ հավանական զոհի նույնացման համար հարկավոր է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված լինելը հավաստող կամ հերքող տեղեկությունները, փաստերը, ապացույցները եւ այլ նյութեր ներկայացնել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողով: Նույնացման հանձնաժողովը կազմավորվում է մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման զոհերին նույնացնելու գործում փորձառու հասարակական կազմակերպությունների, ՀՀ գլխավոր դատախազության, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ՀՀ ոստիկանության ներկայացուցիչներից, որոնք նույնացման հանձնաժողովում հանդես են գալիս հավասար իրավունքներով: Հասարակական կազմակերպությունները եւ պետական մարմինները նույնացման հանձնաժողովում ներկայացված են անդամների հավասար քանակով: Նույնացման հանձնաժողովի նախագահն է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչը:  Քանի որ «Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց նույնացման եւ աջակցության մասին» օրենքն ընդունվել է 2014-ին, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն, օրենսդրությամբ նախատեսված կարգով, մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման գործընթացն իրականացրել է 2015 թվականից սկսած՝ ինչպես տեղեկանում ենք նախարարություն ուղարկած մեր հարցման պատասխանից։ Ըստ նախարարության տրամադրած տեղեկության՝ 2015 թվականին նույնացվել է 7 անձ, 2016թ․-ին՝ 17 անձ, 2017թ․-ին՝ 11 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2018 թ․-ին՝ 9 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2019թ․-ին՝ 8 անձ, որից 2-ն՝ անչափահաս, 2020թ․-ին՝ 9 անձ, որից 5-ն՝ անչափահաս, եւ նախորդ տարվա սկզբից մինչեւ հոկտեմբերը, ինչպես նշեցինք, 25 անձ, որից 8-ն՝ անչափահաս։ Նախարարությունը մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին, այդ թվում՝ հատուկ կատեգորիայի զոհ* հանդիսացող անչափահասներին տրամադրում է հիմնական աջակցության տեսակները, այդ թվում՝ կացարանի ապահովում, բնաիրային օգնություն, հոգեբանական, իրավաբանական խորհրդատվություն, օժանդակում՝ անհրաժեշտ փաստաթղթերի վերականգնման գործընթացում, թարգմանչական ծառայությունների մատուցում, օժանդակում աշխատանքի տեղավորման եւ հիմնական կրթության ապահովման հարցում։ Աջակցության այս տեսակների մատուցումն ապահովվում է պետական բյուջեի ֆինանսավորմամբ՝ Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց սոցիալ-հոգեբանական վերականգնում ծրագրի շրջանակում, որն իրականցվում է դրամաշնորհային մրցույթում հաղթող ճանաչված հասարակական կազմակերպության կողմից։ Գերատեսչությունից մեր հարցմանն ի պատասխան՝ հայտնել են, որ նախարարության կողմից իրականացվող մյուս ծրագրի շրջանակում առաջնային կարիքները հոգալու համար միանվագ դրամական աջակցություն է տրամադրվում թրաֆիքինգի եւ շահագործման զոհերին (այդ թվում՝ հատուկ կատեգորիա հանդիսացող զոհերին)՝ 250,000 դրամի չափով։ «Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության կողմից 2019 -2020թ. մշակվել եւ շրջանառության մեջ է դրվել «Թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ՝ 2020-2022 թթ. ազգային ծրագիրը», որն ընդունվել է ՀՀ կառավարության 2020 թվականի N 909-Լ որոշմամբ։ Թրաֆիքինգի եւ մարդկանց շահագործման դեմ պայքարի վեցերորդ ծրագրով ներկայացված գործողություններն ուղղված են մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի արդյունավետ կազմակերպմանը եւ ներառված են 6 հիմնական բաժնում`  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի օրենսդրության կատարելագործում,  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելում, երեխաների թրաֆիքինգի եւ շահագործման կանխարգելում,  մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման ենթարկված անձանց հայտնաբերում,  պաշտպանություն եւ աջակցություն,  միջազգային համագործակցություն,  ուսումնասիրությունների կատարում, մշտադիտարկում եւ գնահատում»: Նախարարությունից հարցման պատասխանում նշել են, որ Ազգային ծրագրով առանձնացված գործողություններով նախատեսվում է առավել ընդգրկուն ու համապարփակ դարձնել մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարը, համախմբել ներգրավված կողմերի ուժերը, նպաստել մասնագետների կարողությունների հզորացմանն ու որակավորման բարձրացմանը, երեւույթի առավել արդյունավետ կանխարգելմանը, զոհերի նույնացմանը, բարելավել աջակցությունը եւ հստակեցնել պաշտպանության մեխանիզմները՝ հաշվի առնելով նաեւ երեխայի լավագույն շահը: Ինչ վերաբերում է Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի հարցերով խորհրդին, նախարարությունն ընդգծել է, որ այն ՀՀ-ում մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարի գործընթացում կարեւոր դերակատարում ունի։ «Այն ղեկավարում է ՀՀ փոխվարչապետը․ պարբերաբար հրավիրվող նիստերում քննարկվում են ոլորտի խնդիրները, քաղաքականության առաջնահերթ ուղղությունները»։  Գերատեսչությունից ընդգծել են, որ 2021 թվականի հուլիսի 30-ից մինչեւ դեկտեմբերի 2-ը հայտարարվել է Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման դեմ պայքարին ուղղված տեղեկատվական եւ կանխարգելման արշավ, որի շրջանակում կազմակերպվել են բազմաթիիվ քննարկումներ, իրականացվել են մարզային այցելություններ, կազմակերպել վերապատրաստման դասընթացներ։ Ինչ վերաբերում է ՀՀ ոստիկանության եւ նախարարության տրամադրած տվյալների որոշակի տարբերությանը, ապա նախարարությունից մեր հարցին ի պատասխան հայտնել են, որ, օրինակ, դեպքը կարող է բացահայտված լինել ավելի շուտ, բայց նույնացման գործընթացը տեղի ունենա ավելի ուշ։  * Հատուկ կատեգորիայի զոհ - մարդկանց թրաֆիքինգի եւ (կամ) շահագործման ենթարկված անձ, որը հայտնաբերման պահին եղել է երեխա կամ հոգեկան խանգարման հետեւանքով իր արարքի բնույթն ու նշանակությունն ամբողջությամբ կամ մասամբ գիտակցելու կամ դա ղեկավարելու հնարավորությունից զրկված անձ եւ այդպիսին է ճանաչվել Մարդկանց թրաֆիքինգի եւ շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի որոշմամբ։ Ի հավելումն նշենք, որ ՀՀ ոստիկանությունը կենտրոնացված հաշվառում չի իրականացնում, թե չափահաս կամ անչափահաս անձանց թրաֆիքինգի համար քանի անձ է դատապարտվել։ Հայարփի Բաղդասարյան
15:01 - 13 հունվարի, 2022
Եղիպատրուշցիների չլսվող ձայնը․ հանրային գերակա շահի ճանաչման որոշում՝ մեկ ընկերության տրամադրած տվյալների հիման վրա

Եղիպատրուշցիների չլսվող ձայնը․ հանրային գերակա շահի ճանաչման որոշում՝ մեկ ընկերության տրամադրած տվյալների հիման վրա

Այս տարվա հուլիսի 29-ին ՀՀ կառավարությունը 1246-Ա որոշմամբ հավանություն տվեց «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության ներկայացրած ներդրումային ծրագրին, որ պետք է իրականացվի Արագածոտնի մարզի Ապարան համայնքի տարածքում՝ 2080 հեկտար ընդհանուր մակերեսով հողամասում։ Հետագայում՝ հոկտեմբերի 7-ին, կառավարությունը մեկ այլ որոշմամբ այդ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչեց։  ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ (≈ 580 հա, կանաչ նշումով) Կանաչով ընդգծված հողամասերը Ապարան համայնքի Եղիպատրուշ բնակավայրի վարչական սահմաններում են։ Այս համայնքի բնակիչները, սակայն, անհամաձայնություն ունեն կառավարության որոշումների հետ։ Հողամասերը հանրային գերակա շահ ճանաչելուց հետո՝ հոկտեմբեր ամսին, գյուղի բնակիչները ստորագրահավաքով դիմում են ուղարկել ՀՀ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին՝ նշելով, որ հանրային գերակա շահ են ճանաչվել նաեւ համայնքի բնակիչների սեփականություն հանդիսացող տնամերձ հողամասեր եւ վարելահողեր։ Նրանք մտահոգություն ունեն, որ այդ որոշման ընդունման եւ հետագայում իրագործման հետեւանքով բազմաթիվ ընտանիքներ ունեզրկվելու են՝ կորցնելով իրենց հողատարածքների ծանրակշիռ մասը, իսկ որոշ դեպքերում նաեւ ամբողջ անշարժ գույքից՝ բացառությամբ բնակելի տների:    «ՄԱՅԼԵՌ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունը, ինչպես վերը նշեցինք, նախատեսում է Ապարանում կառուցել լեռնային հանգստավայր։ Տեղանքի՝ Ընկերության ներկայացրած քարտեզը Ընկերության ներկայացրած նախագծից, որը կառավարության հավանությանն է արժանացել, տեղեկանում ենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» վստահեցրել է՝ կազմակերպությունն իր վրա է վերցնելու ենթակառուցվածքային այնպիսի ներդրումներ, ինչպիսիք են՝ ճոպանուղու, սահուղիների կառուցումը, արհեստական ձնագոյացման համակարգի ձեռքբերումը եւ տեղադրումը, որոնք, Ընկերության պնդմամբ, առհասարակ իրականացվում են պետության կամ համայնքի կողմից՝ փոխարենը ակնկալելով պետական աջակցություն կոնկրետ ուղղություններով․ «Ծրագրի շրջանակներում նախատեսված ենթակառուցվածքներն իրենց շուրջ են կենտրոնացնելու հյուրանոցային եւ ժամանցային ոլորտներում այլ ներդրողների, որոնք, ներդրումներ կատարելով, նպաստելու են ոլորտի շարունակական զարգացմանը՝ ապահովելով լրացուցիչ աշխատատեղեր տվյալ համայնքի բնակիչների եւ ՀՀ այլ քաղաքացիների համար»,- գրել է ընկերությունը՝ վստահեցնելով, որ այդպիսի ենթակառուցվածքներից ամենակարեւորը ճոպանուղին է: Ընկերության հավաստիացմամբ՝ ճոպանուղիները լինելու են եվրոպական ամենաարդիական տեխնոլոգիաներով հագեցած՝ փակ հոնդոլային տիպի ու արագընթաց։ Ծրագրով նախատեսված ճոպանուղու նախանշված տեսքը Ծրագրի առավելություններ բաժնում «Մայլեռ Մաունթայն Ռեզորթը» գրել է, որ լեռնային համալիրի կառուցման ընթացքում ներգրավված կլինեն շինարարության ոլորտի շուրջ 250 աշխատողներ, իսկ ծրագիրն իրականացնելուց հետո կստեղծվի շուրջ 1500 հիմնական աշխատատեղ՝ միջինը 180,000 դրամ աշխատավարձով։  Նշված է, որ կառուցվող համալիրը հնարավորություն է ունենալու սպասարկելու օրական 6000 հաճախորդի։ Ծրագրի իրականացման համար տարեկան միջին ծանրաբեռնվածությունը գնահատվում է շուրջ 200 հազ. հաճախորդ։ Կանխատեսվում է, որ համալիրի շահագործմամբ կստեղծվի տարեկան 12.6 մլրդ դրամ լրացուցիչ ավելացված արժեք, որը կնպաստի ՀՆԱ-ի աճին մոտ 0.2 տոկոսային կետով։ Ծրագիրն իրականացնող կազմակերպությունը պատրաստվում է շուրջ 15 միլիարդ ՀՀ դրամ ներդնել ճոպանուղու եւ սահուղիների կառուցման համար, 15 միլիարդ դրամի ներդրումներ էլ՝ հյուրանոցային հատվածում։ Ընդհանուր առմամբ 30 մլրդ ՀՀ դրամի ծրագիրն իրականացնելու համար Ընկերությունը ՀՀ կառավարությունից աջակցություն է ակնկալում մի շարք հարցերում, մասնավորապես՝  ճանապարհի եւ ավտոկայանատեղիի կառուցում,  կոմունիկացիաների (գազ, ջուր, հոսանք) անցկացում,  գյուղատնտեսական նշանակության հողերի տարածքում գերակա հանրային շահի ճանաչում (Ընկերությունը նշել է, թե բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում), ազատ տնտեսական գոտու կարգավիճակի տրամադրում,  Զբոսաշրջային կենտրոնի սահմանում եւ պետական ֆինասավորմամբ ծրագրերում եւ գովազդներում ներառում, Խաղատան լիցենզիայի տրամադրում, 580 հա տարածքի տրամադրում` հողատարածքի նպատակային նշանակության փոփոխությունն անհրաժեշտության դեպքում ըստ հատվածների իրականացմամբ։ Մասնավորապես, Ընկերկությունը գրել է, որ, օրինակ, եթե գյուղատնտեսական նշանակության հողատարածքում իրականացվելու է հյուրանոցի կառուցում, համապատասխան փոփոխությունը կատարել միայն այդ հատվածում, եւ այսպես շարունակ։ Ընկերությունը նախատեսում է համապատասխան վճարումներն իրականացնել ծրագրով նշված հողատարածքի կամ դրա հատվածների օտարման դեպքում։  Նշված 580 հա-ին կից 1500 հա տարածքի վարձակալություն (ցանկացած պահի եւ ցանկացած հատված գնելու իրավունքով (նշված 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների եւ շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով), Ծրագիրն իրականացնողի մասնակցությունը քաղաքաշինական փաստաթղթերի հաստատմանը։ Ծրագրի շրջանակում անտառահատումներ են նախատեսվում հետաքրքրություն ներկայացնող հատվածներում (մասնավորապես՝ սահուղու եւ ճոպանուղու համար)։ Փոխարենն ընկերությունը խոստացել է վերականգնել նոր անտառներ։ Ընկերությունը նշել է, որ քանի որ ծրագիրն ունի շարունակական բնույթ, հնարավոր չէ նախօրոք հաշվարկել անտառահատումների ծավալը: Այնուամենայնիվ, կազմակերպությունը պարտավորվում է ապահովել անտառահատման ծավալից մի քանի անգամ ավելի ծավալով անտառի տնկման ֆինանսավորում՝ անկախ վերջինիս ծավալից:  Տարածքը, որ պետք է անտառահատվի (10 հա)  Նախագծի քննարկման ընթացքում «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» նախագծի վերաբերյալ կարծիք հայտնելով՝ Արագածոտնի մարզպետարանն իր պատրաստակամությունն է հայտնել՝ իր լիազորությունների եւ իրավասությունների շրջանակներում աջակցելու նշված ներդրումային ծրագրի իրականացմանը մարզի տարածքում։ Միաժամանակ, մարզպետարանը նշել է, որ Ծրագրի նկատմամբ հստակ դիրքորոշում ձեւավորելու նպատակով անհրաժեշտ է ծրագրի ներկայացում եւ քննարկումներ կազմակերպել ինչպես մարզպետարանում, այնպես էլ այն համայնքի բնակչության հետ, որի վարչական տարածքում ենթադրվում է ծրագրի իրականացումը։ Այս առաջարկը մասամբ է ընդունվել՝ նշումով, որ նախագծի քննարկման փուլում նախատեսվում է Կառավարության կողմից հաստատել ներդրումային նախագիծը, որը ներկայացնում է հիմնական ծրագրի հայեցակարգային մոտեցումները։ Վստահեցրել են, որ հետագայում օրենքով սահմանված կարգով իրականացվելու անհրաժեշտ բոլոր քննարկումները եւ հանրային լսումները։  Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը նշել է, որ ներկայացված Ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ոչ բովանդակային հագեցվածության, ոչ էլ կառուցվածքի առումով։ Ներկայացված փաստաթուղթն, ըստ նախարարության, ընդամենը արտացոլում է Ընկերության մտադրությունները եւ ցանկությունները, եւ բավականին լուրջ ակնկալիքները կառավարությունից։ Այս համատեքստում նախարարությունն առաջարկել է հիմնովին վերանայել Ծրագիրը եւ այն համապատասխանեցնել ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին։ Առաջարկը մասամբ է ընդունվել՝ մեկնաբանությամբ, որ Ծրագրում ամրագրվել է ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի մասով անհրաժեշտ տեղեկատվությունը։ Չի բացառվել ծրագրում փոփոխություններ անելու հնարավորությունը։ ՀՀ ֆինանսների նախարարությունը, նշելով, որ Ծրագրով նախատեսվում է խաղատան լիցենզիաների տրամադրում՝ Ջերմուկ քաղաքի համար սահմանված սակագնով, կարծիք է հայտնել, որ ենթադրվում է՝ ՀՀ կառավարությունը պետք է հրաժարվի խաղային բնագավառում արդեն իսկ որդեգրած եւ շարունակաբար իրականացվող քաղաքականությունից: Այն է՝ նախ գործունեությունը պետք է իրականացնել օրենքով նախատեսված 4 վայրերում՝ Ծաղկաձոր, Ջերմուկ, Սեւան, Մեղրի համայնքների վարչական սահմաններում, ինչը նաեւ օրենսդրական շարունակական փոփոխությունների արդյունքում աստիճանաբար իրականացվելու է նաեւ շահումով խաղերի եւ վիճակախաղերի դեպքում, եւ երկրորդ մասնավորի սեփական նախընտրությամբ այլ վայրերում գործունեության գրավչությունը նվազեցնելու համար նախատեսվել է բարձր պետական տուրք եւ 40 մլրդ դրամ ներդրումների պահանջ: Ելնելով վերոշարադրյալից՝ նախարարությունը հայտնել է, որ գրությամբ ներկայացված առաջարկությունը չի համապատասխանում նշված բնագավառի քաղաքականությանը։ Ավելին, ըստ նախարարության, այն հակասում է ոլորտի քաղաքականության տրամաբանությունը, հետեւաբար նման աջակցության տրամադրումը համարում են ոչ նպատակահարմար: Խաղատան լիցենզիա, այդուհանդերձ, տրամադրվել է։  Ի դեպ՝ նախարարությունը նշել է նաեւ, որ Նախատեսվում է Ծրագրի իրականացման շրջանակներում տարածքի նկատմամբ հանրային շահի ճանաչում, սակայն պարզ չէ, թե ով է հանդիսանալու բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող` Հայաստանի Հանրապետությունը, թե՞ ներդրող կազմակերպությունը: Եթե ձեռքբերողը, ըստ նախարարության, հանդիսանալու է Հայաստանի Հանրապետությունը, ապա այն պետության համար կարող է առաջացնել լրացուցիչ ֆինանսական պարտավորություն։ Պատասխան է ստացվել, որ հանրային շահ ճանաչվող տարածքների ձեռքբերող հանդիսանալու է ներդրող կազմակերպությունը (ինչի մասով վերջինիս կողմից լրացում է կատարվել ներկայացված ծրագրում), հետեւաբար պետության համար լրացուցիչ ֆինանսական պարտավորությունների առաջացման ռիսկը բացակայում է։  Գերատեսչությունների կարծիքների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ «ՀՀ Արագածոտնի մարզի Ապարան համայնքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելու մասին» որոշման նախագծի քննարկումների ընթացքում ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ մինչ տվյալ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ ճանաչելն անհրաժեշտ է քննարկել «Հայաստանի Հանրապետության Արագածոտնի մարզում լեռնային հանգստավայրի կառուցման «Մայլեռ» ներդրումային ծրագրին հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որի վերաբերյալ նախարարությունը վերը ներկայացված դիրքորոշումն էր հայտնել։ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունն այս նախագծի վերաբերյալ առարկություններ եւ առաջարկություններ չի ունեցել։  Գերատեսչությունների կարծիքների առավել մանրամասն կարող եք ծանոթանալ այստեղ։ Բնակիչները մտահոգ են՝ զրկվելու են իրենց հողատարածքներից Եղիպատրուշ համայնքի բնակիչները գրավոր դիմել են Էկոնոմիկայի նախարարին՝ տեղեկացնելով, որ որոշումը կայացնելուց առաջ հանրային լսումներ չեն եղել, նրանք իրենց մտահոգությունն են հայտնել նաեւ, որ իրենց կամքին հակառակ եւ դեռ անհայտ գումարի դիմաց զրկվելու են իրենց հողատարածքներից ու դրանք մշակելու հնարավորությունից։ Բնակիչները նախարարին տեղեկացրել են, որ համայնքի այն բնակիչները, որոնք նշված տարածքներում ունեն սեփական հողատարածքներ, արդեն ստացել են ծանուցագրերը, որտեղ առկա է նաեւ արբանայակային նկար. դրա վրա արված նշումների համաձայն՝ հանրության գերակա շահ են ճանաչվել նաեւ այնպիսի վայրեր, որտեղ գտնվում են Եղիպատրուշ գյուղը սնուցող խմելու եւ ոռոգման ջրերի ակունքները, ինչպես նաեւ դրանց գյուղ մտնող ուղիները:  Նրանք նախարարից պահանջել են իրենց տրամադրել տեղեկություն հանրային լսումների ձեւաչափի, անցկացման ժամանակահատվածի, ինչպես նաեւ հանձնաժողովի կազմի վերաբերյալ, եթե այդպիսին եղել է: Բացի դրանից՝ կառավարության որոշման մեջ նախաձեռնել փոփոխություն, որի համաձայն հանրության գերակա շահ ճանաչված հողատարծքների ցանկից բացարձակապես կհանվեն տնամերձ հողամասերն ու այն վայրերը, որտեղ գտնվում են խմելու եւ ոռոգման ջրի ակունքները, ինչպես նաեւ դրանց՝ գյուղ մտնող ուղիները: «Պահանջում ենք հանրային գերակա շահ ճանաչված վարելահողերի վերաբերյալ կատարել որոշակի վերապահումներ՝ հաշվի առնելով, որ դրանց մի մասը բազմաթիվ տնային տնտեսությունների համար եկամտի հիմնական կամ միակ աղբյուրն է, ինչպես նաեւ վարելահողերի օտարման գների վերաբերյալ տրամադրել հստակ տեղեկատվություն, եւ դա ի վերջո համաձայնեցնել համայնքի բնակիչների հետ` սահմանելով այնպիսի գներ, որոնք կկոմպենսացնեն տնային տնտեսությունների հետագա տարիների կորուստները»,- ասված է բնակիչների դիմումի մեջ՝ նշումով, որ վերոհիշյալ պահանջները քննարկելու նպատակով անհրաժեշտ է Եղիպատրուշ գյուղում ՀՀ կառավարության ներկայացուցիչների եւ գյուղի բնակչության հետ հրատապ կերպով հանդիպում կազմակերպել: Բնակիչներն իրենց դիմումի մեջ նշել են, որ եթե նշված հարցերի շուրջ ՀՀ կառավարությունը ցուցաբերի անտարբեր վերաբերմունք, ապա համայնքի բնակչությունն իր իրավունքների պաշտպանության նպատակով կկատարի բողոքի ակցիաներ, եւ կառավարության որոշումը կբողոքարկի տարբեր ատյանների դատարաններում՝ ընդհուպ մինչեւ Մարդու իրավունքների եվրոպական դատարան:   Նախարարության անորոշ պատասխանն՝ Infocom-ին Infocom-ն այս տարվա նոյեմբերի 15-ին գրավոր հարցմամբ դիմել էր ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը՝ խնդրելով տեղեկություններ տրամադրել այն մասին, թե արդյոք ՀՀ կառավարությունը համապատասխան որոշման ընդունումից առաջ Եղիպատրուշ գյուղի բնակիչների հետ հանդիպումներ եղե՞լ են, հանրային լսումներ կազմակերպվե՞լ են, նրանց կարծիքները որոշումն ընդունելուց առաջ քննարկվե՞լ են։ Ի թիվս այլնի՝ խնդրել էինք նշել, թե Եղիպատրուշ գյուղի քանի՞ բնակիչ «Հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում ունի սեփական հողատարածքներ, եւ թե «Հանրային գերակա շահ» ճանաչված հողատարածքների ո՞ր մասն է հանդիսանում վարելահող՝ մասնավորապես Եղիպատրուշ գյուղի վարչական տարածքում։ Նախարարությունը մեր հարցմանը պատասխանեց օրենքով սահմանված ժամկետների խախտումով՝ դեկտեմբերի 6-ին։ Հարցման պատասխանում նախարարությունը վստահեցրել է, որ մինչ որոշման ընդունումը՝ եղել են բազմաթիվ քնարկումներ շահագրգիռ մարմինների, այդ թվում' Ապարան համայնքի ներկայացուցիչների հետ, սակայն չի նշել, թե որ ներկայացուցիչների մասին է խոսքը․ «Միաժամանակ, ներդրող ընկերության կողմից իրականացվել են մի շարք հանդիպումներ Եղիպատրուշ գյուղի բնակիչների հետ: Որոշման ընդունումից հետո կազմակերպվել է առաջին հանրային լսումը սույն թվականի նոյեմբեր ամսին»,- գրել են նախարարությունից: Թե Եղիպատրուշ գյուղի քանի բնակիչ «Հանրային գերակա շահ» ճանաչված տարածքում ունի սեփական հողատարածքներ, եւ թե հողատարածքների ո՞ր մասն է հանդիսանում վարելահող, նախարարույթունից ըստ էության չեն պատասխանել՝ նշելով միայն, որ Արագածոտնի մարզի Ապարան համայնքի վարչական սահմաններում գտնվող հողամասերի ցանկը եւ սխեման, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ, հաստատված են հիշատակված որոշմամբ։ Գերատեսչությունից հավելել են նաեւ, որ այդ որոշման հավելված 1-ով հաստատվել են համայնքի վարչական սահմաններում գտնվող այն հողամասերի ցանկը եւ կադաստրային ծածկագրերը, որոնց նկատմամբ ճանաչվել է հանրության գերակա շահ: Այդ հողամասերի ծածկագրերն, ի դեպ, 745-ն են։ Առավել մանրամասն տեղեության ստացման նպատակով նախարարությունն առաջարկել է դիմել Կադաստրի կոմիտեին եւ/կամ ներդրող ընկերությանը: Ինչ վերաբերում է գներին, որոնցով օտարվելու են «Հանրային գերակա շահ» ճանաչված հողատարածքները, վարելահողերը, նախարարությունից այսպես են պատասխանել․  «Որոշմամբ հանրային գերակա շահ ճանաչված հողատարածքները օտարվելու են օրենսդրությամբ սահմանված դրույթներով: ՀՀ հողային օրենսգրքի 104-րդ հոդվածի 1- ին մասի համաձայն՝ հանրության գերակա շահերի ապահովման նպատակով հողամասի սեփականության օտարումն իրականացվում է օրենքով սահմանված բացառիկ դեպքերում եւ կարգով՝ միայն նախնական եւ համարժեք փոխհատուցմամբ:  Մասնավորապես, «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ օտարվող սեփականության դիմաց սեփականատիրոջը վճարվում է համարժեք փոխհատուցում:  Նույն օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ եւ 3-րդ մասերի համաձայն՝ օտարվող սեփականության շուկայական արժեքը բաց եւ մրցակցային շուկայում սեփականություն հանդիսացող գույքի վաճառողի եւ գնորդի գիտակցաբար, արդարացի առեւտրի պայմանների պահպանմամբ եւ օրինական գործողությունների արդյունքում ձեւավորվող, գույքի վաճառքի առավել հավանական գինն է: Եթե օտարվող սեփականության համար առկա չէ համապատասխան բաց եւ մրցակցային շուկա, ապա սեփականության շուկայական արժեքը որոշվում է այնպիսի հաշվարկման մեթոդով, որն արդարացի կհամարի դատարանը:  Անշարժ գույքի կամ անշարժ գույքի նկատմամբ գույքային իրավունքների շուկայական արժեքի գնահատումն իրականացվում է «Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով: Հետեւաբար, որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներն օտարվելու են վերը նշված գնահատման գործընթացի արդյունքում ձեւավորված գնով»,- ասված է մեր հարցման պատասխանում: Ի հավելումն՝ նախարարությունից վստահեցրել են, որ Եղիպատրուշ գյուղի այն բնակիչները, որոնք նշված տարածքում ունեն սեփականություն հանդիսացող հողատարածք, օրենդրության համաձայն ստանալու են համարժեք փոխհատուցում՝ համաձայն հիշատակված՝ «Հանրության գերակա շահերի ապահովման նպատակով սեփականության օտարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի․ այդ հոդվածը սահմանում է նաեւ, որ համարժեք է համարվում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարը:   Էկոնոմիկայի նախարարությունը ավելի քան մեկ ամիս հետո է պատասխանել բնակիչների դիմումին Էկոնոմիկայի նախարարությունից բնակիչների դիմումին արձագանքել են ավելի քան մեկ ամիս անց, ընդ որում՝ միայն մեր հարցադրումներից հետո։ Ի պատասխան եղիպատրուշցիների գրության՝ նախարարությունից մեկնաբանել են, որ կառավարության որոշմամբ հավանություն ստացած՝ «Մայլեռ» լեռնային հանգստավայրի կառուցման ներդրումային ծրագրի իրականացման շահը գերակայում է օտարվող սեփականության սեփականատերերի շահերից, քանի որ՝ ա. ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ Հանրապետության համար, բ. ծրագրի իրականացումը կունենա նաեւ բնապահպանական, առողջության, սպորտի, մշակույթի զարգացման նշանակություն։ Նախարարությունից շեշտել են, որ ծրագրի արդյունավետ իրագործումը չի կարող ապահովվել առանց հիշատակված անշարժ գույքի միավորների օտարման: Նախարարությունից բնակիչներին էլ են հայտնել, որ Որոշման նախագիծը բազմիցս քննարկվել է շահագրգիռ մարմինների, այդ թվում՝ Արագածոտնի մարզպետարանի հետ: Գերատեսչությունն իր պատասխանում նշել է, որ որոշման նախագծին հավանություն տալու հանձնաժողովի մասով տեղեկատվություն առկա չէ:  «Բացի դրանից՝ ըստ ներդրող «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության տրամադրած տեղեկատվության՝ մինչ որոշման ընդունումը եղել են բազմաթիվ հանդիպում-քննարկումներ Արագածոտնի մարզի Ապարան խոշորացված համայնքի Եղիպատրուշ վարչական բնակավայրի բնակիչների հետ, որոնց ընթացքում վերջիններս ներկայացրել են իրենց կարծիքները, ինչպես նաեւ ընդհանուր առմամբ դրական տրամադրվածությունը Ընկերության կողմից իրականացվելիք ներդրումային ծրագրի մասով՝ հաշվի առնելով, որ ծրագրի իրականացման արդյունքում կներգրավվեն նոր ներդրումներ, կստեղծվեն նոր աշխատատեղեր, կբարձրանա մարզի նկատմամբ գրավչությունը, կբարելավվի զբոսաշրջությունը, ինչը բնականաբար կունենա սոցիալ-տնտեսական բարձր նշանակություն մարզի եւ ամբողջ հանրապետության համար»,- գրել են նախարարությունից: Այսինքն՝ նախարարությունը միայն ՓԲԸ-ի տրամադրած տեղեկության վրա հիմնվելով է արձանագրել, որ բնակիչների հետ հանդիպումներ են եղել, իսկ ահա բնակիչներն իրենց դիմումի մեջ հակառակն են պնդել։ Պատմելով, թե ինչ է նախատեսվում ներդրումային ծրագրով, քանի աշխատատեղ է խոստացվել, որքան ներդրում է արվելու՝ նախարարությունը գրել է, թե որոշման ընդունման արդյունքում հիշյալ համայնքում բնակչության զբաղվածության մակարդակը ոչ միայն կտրուկ անկում չի ապրել եւ որեւէ ընտանիք չի զրկվել իր հողատարածք/ների ամբողջ մասից, այլեւ նախատեսվում է, որ առաջիկայում Ծրագրի իրականացման արդյունքում կբարելավվեն մարզի եւ տվյալ բնակավայրի սոցիալ-տնտեսական ցուցանիշները: Ի դեպ, նախարարությունը, դարձյալ հղում անելով միայն Ընկերությունից ստացած տեղեկությանը, բնակիչների դիմումին ի պատասխան նշել է, թե որոշմամբ հանրության գերակա շահ ճանաչված տարածքներում խմելու եւ ոռոգման ջրի ակունքներ առկա չեն: Ինչ վերաբերում է հողատարածները կորցնելու դեպքում ենթադրվող փոխհատուցման վերաբերյալ բնակիչների հարցադրումներին՝ նախարարությունը դիմումի պատասխանում հիշատակել է այն օրենսդրական կարգավորումները, որոնք նշել էր նաեւ մեր հարցման պատասխանում․ «ՀՀ Եղիպատրուշ գյուղի այն բնակիչները, որոնք նշված տարածքում ունեն սեփականություն հանդիսացող հողատարածք, օրենսդրության համաձայն ստանալու են համարժեք փոխհատուցում օտարվող գույքի շուկայական արժեքից տասնհինգ տոկոս ավելի գումարի չափով: Միաժամանակ, ըստ Ընկերությունից ստացված տեղեկատվության՝ որոշակի դեպքերում հողի օգտագործման տեսանկյունից կկատարվեն վերապահումներ՝ համաձայներված համայնքի բնակիչների հետ»,- գրել են նախարարությունից՝ պատրաստակամություն հայտնելով իրենց լիազորությունների շրջանակում հանդիպելու եւ աջակցելու Եղիպատրուշ վարչական բնակավայրի բնակիչներին: Վերջիններս, սակայն, նշում են, որ գուցե այդ փոխհատուցումները համարժեք են կառավարության եւ Ընկերության համար, բայց աղետալի են իրենց համար։ Բնակիչներին նախարարությունից տեղեկացրել են նաեւ, որ հաջորդ հանրային լսումը նախատեսված է իրականացնել եկող տարվա ընթացքում:   Բնակիչներն առարկություններով գրություն են ուղարկել ՄԻՊ գրասենյակ Նշենք, որ ՄԻՊ գրասենյակ կատարած մեր զանգից հետո միայն Եղիպատրուշի բնակիչներին Պաշտպանի աշխատակազմից տեղեկացրել են, որ իրենք գյուղացիների դիմումի վերաբերյալ նախարարությունից նույնաբովանդակ պատասխան են ստացել։ Գրասենյակից բնակիչներին առաջարկել են իրենց առարկությունները ներկայացնել, եթե այդպիսիք կան։ Առարկությունները ներկայացվել են։ ՄԻՊ ուղարկած իրենց գրության մեջ բնակիչներն առանձնացրել են Ընկերության ծրագրի այն կետերը, որոնք, իրենց պնդմամբ, կեղծիք են պարունակում։ Ընկերությունը նշել էր, որ տարածքի նկատմամբ գերակա հանրային շահ է ճանաչվում միայն գյուղատնտեսական նշանակության հողերի հատվածում, պնդումով, որ բոլոր հողերը դեռ 90-ականներին անվճար հիմունքներով տրամադրվել են գյուղացիներին եւ ներկայումս չեն օգտագործվում:  Բնակիչներն այս պնդումը կեղծիք են համարում՝ նշելով, որ ՀՀ Կառավարության 07.10.2021թ. թիվ 1661-Ա որոշմամբ գերակա շահ են ճանաչվում ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողամասեր, այլեւ առնվազն 115 տնամերձ հողամասեր, որոնք ոչ միայն գյուղատնտեսական նշանակության հողամասեր չեն, այլեւ հանդիսանում են բնակավայրերի հողեր: Եղիպատրուշցիները բացահայտ սուտ են համարում նաեւ այն պնդումը, թե այդ հողերը ներկայում չեն օգտագործվում։ Նրանք իրենց առարկության մեջ նշել են, որ այդ հատվածում գտնվող, 90-ական թվականներին սեփականաշնորհված, սեփականության իրավունքով իրենց պատկանող, ինչպես նաեւ իրենց կողմից վարձակալված համայնքային սեփականություն հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողամասերում տարիներ շարունակ ցանել են տարբեր հացահատիկային եւ կերային մշակաբույսեր ու հիմնականում լավ բերք են ստացել, վատագույն դեպքում, երբ որոշ տնտեսություններ ինչ-որ մի տարի կամ տարիներ ոչինչ չեն ցանել, այնուամենայնիվ այդ տարածքներից հնձել են խոտ, իսկ հնձելը եւ որոշակի քանակությամբ անասնակեր հայթաթելը, նրանց խոսքով, նույնպես նշանակում է մշակել: Բնակիչները շեշտել են, որ գերակա շահ ճանաչված այդ հողամասերն իրենց վարչական տարածքի ամենաբերքատու հողատարածքներն են: Նրանք վստահեցնում են, գերակա շահի մեջ հայտնված տնամերձ հողամասերը 90-ականներին չեն տրվել գյուղացիներին, դրանք' որպես տնամերձ հողամասեր, իրենց սեփականությունն են հանդիսացել դեռեւս խորհրդային տարիներից: Ընկերության ներկայացրած նախագծում նշված էր նաեւ, որ 1500 հա տարածքից այն հատվածները, որոնք կհանդիսանան ճոպանուղիների ենթակառուցվածքների եւ շինությունների տեղակայման հողամասեր, ընկերությունը դրանք ձեռք կբերի, իսկ մնացած հատվածները կօգտագործի վարձակալական հիմունքներով: Այս դրույթը բնակիչների համար անհասկանալի է։ Նրանք իրենց գրության մեջ մեկնաբանել են, որ 1500 հա մակերեսով տարածքի մեջ են մտնում իրենց վարչական տարածքի արոտավայրերի ծանրակշիռ մասը, անտառներն ամբողջությամբ, խմելու եւ ոռոգման ջրերի ակունքները ամբողջությամբ, ինչպես նաեւ դրանց գյուղ մտնող ուղիները գրեթե ամբողջությամբ, նշված տարածքի մեջ են մտնում նաեւ մոտ 100 հա ընդհանուր մակերեսով, սեփականության իրավունքով իրենց պատկանող գյուղատնեսական նշանակության հողամասեր: Նրանք հարցեր են բարձրացնում՝ Ծրագիրն իրականացնողներն օգտագործելո՞ւ են իրենց ջրային ռեսուրսները, թե՞ ոչ, իրենց հողամասերը պարտադրված վաճառելո՞ւ են, թե՞ ոչ, պարտադրված վարձակալությամբ տալո՞ւ են, թե՞ ոչ, իրենց արոտավայրերը օգտագործել կարողանալո՞ւ են, թե՞ ոչ։ Ինչ վերաբերում է ջրային ավազաններին՝ բնակիչները ենթադրում են, որ նշված տարածքներում սեփականատեր կամ վարձակալ դարձած ընկերությունը կամ ընկերությունները իրենց գործունեության ընթացքում հնարավոր է կուտակիչ ավազաններ կառուցեն եւ ջուրն օգտագործեն իրենց կարիքների համար' ջրազրկելով մի ամբողջ բնակավայր, որն աղետալի հետեւանքներ կունենա Եղիպատրուշ գյուղի համար: Ի դեպ, Եղիպատրուշ բնակավայրի ղեկավար Մարզպետ Գրիգորյանն Infocom-ի հետ զրույցից հետո չհամաձայնեց հրապարակել իր պատասխանները՝ առաջարկելով դիմել այլ մարմինների։   Ընկերության նախաձեռնություններից մեկը մի անգամ արդեն ձախողվել է Ինչպես նշեցինք, ներդրումային ծրագիրը «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերությունն է ներկայացրել։ Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մայլեռ Մաունթայն Ռեզորթ» փակ բաժնետիրական ընկերության տնօրենը Մհեր Բաղդասարյանն է։ Այս ներդրումային ծրագիրը, սակայն, «Մայլեռ Մաունթայն Ռեզորթի» համար առաջինը չէ։ Դեռեւս 2018-ին այս ընկերությունը կոչվում էր «Մայմեխ սկի ռեզորթ», այն նախատեսում էր Լոռու մարզում՝ Մայմեխ լեռան լանջին, լեռնադահուկային համալիր ստեղծել։ Այդ ժամանակ, ինչպես եւ այս անգամ, Ընկերությունը հայտարարում էր, որ Մայմեխի ծրագիրը նախադեպը չունի Հայաստանում։  2018 թվականի մարտի 6-ին գործադիրը «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ին թույլատրել էր 584 հեկտար մակերեսով տարածքում օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն անել` չափագրումներ, նկարահանումներ կատարել ու կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները: 2019թ․ հոկտեմբերի 10-ին՝ մեկուկես տարի անց, կառավարությունն ուժը կորցրած ճանաչեց վերոնշյալ որոշումը։ Բանն այն է, որ հողերի նախնական ուսումնասիրության ընթացքում պարզվել էր, որ օտարման ենթակա հողերի վրա գործում են հասարակության եւ պետության կարիքների համար նախատեսված սեփականութուններ, որոնց օտարումն օրենքով սահմանափակված է։ Ի դեպ, Անտառաշեն գյուղի բնակիչներից շատերը դեմ էին այդ ծրագրի իրականացմանը, քանի որ լեռնադահուկային սահուղին անցնելու էր համայնքի վարչական տարածքով, մարդկանց տների ու արոտավայրերի տեղով: Ի վերջո, Մայմեխի լանջին լեռնադահուկային համալիրի կառուցման ծրագիրը չիրականացավ։  Իրավաբանական անձանց պետական ռեգիստրից տեղեկանում ենք, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ՓԲԸ-ն ստեղծվել է 2017-ի դեկտեմբերի վերջին։ Հետք-ի մեր գործընկերներն այս տարվա մայիսին գրել էին, որ «Մայմեխ սկի ռեզորթ» ընկերության կանոնադրությունից պարզ է դառնում, որ ՓԲԸ-ի հիմնադիրը «Միկշին» ՍՊԸ-ն է, որի սեփականտերը Տիգրան Հարությունյանն է՝ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՀՀԿ-ական Վահան Հարությունյանի եղբայրն է, ԴԱՀԿ ծառայության նախկին պետ Միհրան Պողոսյանի քեռու՝ Միխաիլ Հարությունյանի որդին։   Եղիպատրուշցի Սամվելը վստահեցնում է՝ կգնա մինչեւ Եվրոդատարան Եղիպատրուշ համայնքի բնակիչ Սամվել Մաթեւոսյանն Infocom-ի հետ զրույցում պատմեց՝ իրենք են հանդիպումներ պահանջել, Ընկերությունը կամ նախարարությունն իրենց կամքով ոչ մի անգամ չեն հանդիպել բնակիչներին։ Մաթեւոսյանի խոսքով՝ միայն մի անգամ են Ընկերության ներկայացուցիչները լսել բնակիչներին, այն էլ միայն իրենց հարմար ժամանակ․ «Մոտ մի քսան օր իրենց էդ հանդիպումը չարեցին, մինչեւ հարմարացրեցին իրենց, ուրիշ հանդիպում չի եղել։ Մի անգամ են եկել՝ մեր՝ գյուղացիների պահանջով»։ Մաթեւոսյանի խոսքով՝ տեղացիները ծրագրին դեմ չեն, իրենց մտահոգությունն իրեն հողերի վերաբերյալ է․ «Մեր սեփականություն հանդիսացող հողերը, առանց ժողովրդի կարծիքը հաշվի առնելու, գերակա շահ են ճանաչել։ Էդտեղ մարդկանց տնամերձ հողամասերն են, անմիջապես տներին կպած, որոնով գյուղացին ապրում է։ Թե չէ դեմ չենք ծրագրին, ուղղակի մեզ ճիշտ չի հասկանում էս պետությունը, կառավարությունը»,- նշեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ իրականությանը չի համապատասխանում Ընկերության այն պնդումը, թե այդ հողերը տարիներով չեն օգտագործում։ Տեղացիներն Ընկերության ներկայացուցիչներին առաջարկել են գնալ ու իրենց աչքով տեսնել, որ այդ հողերը մշակվում են, սակայն առաջարկին չեն անսացել․ «Իմ տան հետեւը մենակ 35 ծառ կա, մեզ սնող էդ մի կտոր հողն է, դրանով է գյուղացին ապրում»։ Եղիպատրուշի բնակչի խոսքով՝ այդ ամբողջ հատվածում ոռոգման ցանց է քաշած, մոտ 800 հա։ «Ապարանի ջրամբարից ցանցը պատրաստ է, օգտագործվում է, մարդկանց սեփականությունից զրկեն, վրան բան կառուցե՞ն։ Խմելու ջրի, ոռոգման ջրի ակունքների հատվածն ընկնում է էդ գերակա շահ ճանաչված հատվածում։ Եթե ջուրը չկարողանան կտրեն, էսօր գյուղացուն հացից են կտրում»,- մտահոգություն հայտնեց մեր զրուցակիցը։ Նրա խոսքով՝ կառավարություն են գնացել՝ հանդիպելու վարչապետի հետ ու քննարկելու հարցը, սակայն իրենց հայտնել են, որ վարչապետն ընդունելություն չունի։ Մաթեւոսյանի խոսքով՝ ՄԻՊ գրասենյակից նույնպես պատասխան չեն ստացել, թեպետ Պաշտպանին նույնպես գրավոր դիմում են ներկայացրել։ «Ես մինչեւ վերջ գնալու եմ։ Անձամբ ես Վարչական դատարան եմ դիմել։ Մինչեւ Եվրոպական դատարան գնալու եմ։ Ես ասել եմ՝ հող չեմ զիջի»,- եզրափակեց Եղիպատրուշի բնակիչ Սամվել Մաթեւոսյանը։ Այսպիսով, ՀՀ կառավարությունը հավանության է արժանացրել ներդրումային մի ծրագիր, որի վերաբերյալ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը որոշակի վերապահումներ ու նկատառումներ է ունեցել՝ նշելով, որ Ծրագիրը բոլորովին չի համապատասխանում ներդրումային ծրագրերին առաջադրվող պահանջներին՝ ոչ բովանդակային հագեցվածության, ոչ էլ կառուցվածքի առումով։ Բացի դրանից՝ կառավարության որոշման հիմքում դրվել են բացառապես կազմակերպության տրամադրած տեղեկությունները։ Եւ չնայած կառավարությունը նախագծի քննարկման ընթացքում խոստացել էր հանրային լսումներ ու քննարկումներ կամակերպել, Եղիպատրուշի բնակիչները պնդում են, որ այդպիսիք չեն եղել, այլ միայն մեկ հանդիպում է եղել Ընկերության որոշ ներկայացուցիչների հետ, որին գյուղապետն անգամ չի մասնակցել։  Հայարփի Բաղդասարյան
13:31 - 13 հունվարի, 2022
Հանրային վայրերը, որոնցում շուտով  կգործեն սահմանափակումներ, ընտրվել են՝ հաշվի առնելով ռիսկայնությունը և միջազգային փորձը․ Ռոմելլա Աբովյան

Հանրային վայրերը, որոնցում շուտով կգործեն սահմանափակումներ, ընտրվել են՝ հաշվի առնելով ռիսկայնությունը և միջազգային փորձը․ Ռոմելլա Աբովյան

Հունվարի 22-ից հանրային վայրեր մուտքի սահմանափակումները կորոնավիրուսի տարածումը կանխնելուն է միտված։ Այս մասին Infocom-ի հետ զրույցում ասաց ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։ «Ամբողջ աշխարհում, բացի «Դելտա» շտամից, «Օմիկրոն» շտամն է շրջանառվում, որը ավելի մեծ վարակելիություն ունի, քան «Դելտա» շտամը։ Մեր համաճարակային իրավիճակն էլ է ցույց տալիս, որ մենք շատ արագ տեմպերով կարծես թե աճ ենք արձանագրում։ Այս սահմանափակումը շատ տեղին է վարակի շղթան կոտրելու համար այնպիսի վայրերում, որտեղ ցուրտ եղանակին օդափոխանակությունը շատ դժվար է իրականացնել, և չի բացառվում, որ անվտանգության կանոնները, սոցիալական հեռավորությունը չի գործում։ Գոնե այդտեղ մուտք կգործեն պատվաստված անձինք կամ թեստի բացասական արդյունքով անձինք։ Մենք այդ կազմակերպություններում  կնվազեցնենք վարակի տարածման ռիսկը»։ Ըստ մասնագետի՝ հանրային վայրերը, որոնցում առաջիկայում գործելու են սահամանափակումները, ընտրվել են՝ ուսուսմնասիրելով միջազգային փորձը և հաշվի առնելով ռիսկայնությունը․ «Առավել ռիսկային կազմակերպություններն են ընտրվել, որտեղ ավելի շատ կուտակումներ են լինում, և շատ ավելի երկար ժամանակ են անցկացնում այդ ժամանցի վայրերում»։ Դիտարկմանը, որ ոչ բոլոր հանրային վայրերն են ընտրվել (օրինակ, խաղատները չեն ներառվել ԱՆ-ի սահմանած ցանկում), Աբովյանն ասաց․ «Գրադարաններ, թանգարաններ, ռեստորաններ ավելի շատ մարդիկ են հաճախում, և այս փուլով ընտրվել են այդ կազմակերպությունները»։ Ըստ Աբովյանի՝ թեստավորման կամ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պարտադիր պահանջը հնարավոր է՝ գործի նաև բարձրագույն ուսումնական հաստատություններում․ «Առաջին փուլով որոշվեց հոկտեմբերի 1-ից միայն տնտեսական գործունեություն իրականացնող կազմակերպությունների և պետական կառավարման մարմինների աշխատողների համար սահմանել, բայց ուսանողների վերաբերյալ քննարկվել են և քննարկման փուլում են, դեռևս կայացված որոշում չկա։ Մենք այս գործընթացը փուլային ենք իրականացրել, չի բացառվում, որ այդ հարցը կարող է նորից քննարկվել»։ Նա նշեց, սակայն, որ բուհերում նմանատիպ սահմանափակումներ մտցնելու շուրջ հստակ ժամկետներ չկան․ «Այդ ամենը կախված է համաճարակային իրավիճակից, նաև միջազգային փորձի ուսումնասիրությունից, թե ուր կգնանք մենք։ Նոր շտամ ունենք, նոր շտամի տեմպերի տարածման հետ կապված ամեն ինչ հնարավոր է»։ Հանրային վայրեր մուտքի սահմանափակումները, ըստ Ռոմելլա Աբովյանի, վերահսկելու են տեսչական մարմինները՝ յուրաքանչյուրը իր լիազորությունների շրջանակում։ Հունվարի 22-ից ուժի մեջ կմտնի առողջապահության նախարարի նոր հրամանը, որի համաձայն հանրային սննդի օբյեկտների, հյուրանոցային տնտեսության օբյեկտների և մարզասրահի հաճախորդները, գրադարանների և թանգարանների այցելուները, թատերահամերգային, կինոյի և այլ մշակութային գործունեություն իրականացնող կազմակերպությունների հանդիսատեսները մուտք են գործում միայն, եթե ներկայացնում են կամ ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող առավելագույնը 72 ժամ վաղեմության սերտիֆիկատ, կամ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից նախաորակավորված COVID-19 հարուցչի հակածնի հայտնաբերման արագ ախտորոշիչ թեստի 24 ժամյա վաղեմության բացասական արդյունքը հավաստող տեղեկանք՝ արտածված ԱՐՄԵԴ համակարգից, կամ պատվաստման սերտիֆիկատ, բջջային հավելվածի արագ արձագանքման ծածկագրի (QR կոդ) միջոցով կամ բջջային հավելվածից արտածված թղթային տարբերակով։ Նշված պահանջը չի վերաբերում մինչև 18 տարեկան անձանց՝ անձը հաստատող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, հղիներին՝ հղիության մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, փաստագրված բացարձակ հակացուցում ունեցողներին՝ բացարձակ հակացուցման մասին բժշկական փաստաթուղթ ներկայացնելու դեպքում, նախկինում COVID-19-ով հիվանդացածներին՝ ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքից հաշված 90 օրվա ընթացքում՝ COVID-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության առաջին դրական արդյունքը հավաստող Էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական ԱՐՄԵԴ համակարգից արտածված սերտիֆիկատ ներկայացնելու դեպքում։   Լուսանկարը՝ ՀՀ կառավարության ֆեյսբուքյան էջից Նանե Ավետիսյան
12:20 - 13 հունվարի, 2022
Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաեւ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել․ քննարկվել է նաեւ ԼՂ շուրջ ստեղծված իրավիճակը

Կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույցը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։ «Հաշվի առնելով Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը՝ մտքերի փոխանակում է տեղի ունեցել Ղազախստանում ՀԱՊԿ խաղաղապահ գործողության ընթացքի վերաբերյալ։ Նշվել են խաղաղապահ կոնտինգենտի արդյունավետ համակարգված գործողությունները՝ նպաստելով Ղազախստանում իրավիճակի կարգավորմանը։ Քննարկվել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակը եւ պայմանավորվածությունների կատարման հետ կապված որոշ հարցեր, որոնք արձանագրված են Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի եւ 2021 թվականի նոյեմբերի 26-ի հայտարարություններում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել շփումները տարբեր մակարդակներով»,- նշված է Կրեմլի տարածած մամուլի հաղորդագրությունում։
13:21 - 12 հունվարի, 2022
Անհանգստացած եմ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդագրություններից․ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Անհանգստացած եմ ՀՀ եւ Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդագրություններից․ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ

Խորապես անհանգստացած եմ Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին նոր միջադեպերի ու զոհերի մասին հաղորդագրություններից։ Այս մասին իր թվիթերյան էջում գրել է Հարավային Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը: «Կողմերի համար կարեւոր է լարվածությունը թուլացնելը եւ ամբողջությամբ օգտագործելը առկա մեխանիզմները, մասնավորապես՝ ՊՆ-ների միջեւ թեժ գիծը, որը ստեղծվել է ԵՄ հովանու ներքո 2021 թվականի նոյեմբերին»,- գրել է Կլաարը։ Նա նաեւ հավելել է, որ ԵՄ-ն պատրաստ է աշխատել կողմերի հետ՝ ուժերը հեռացնելու համար, ինչպես նաեւ վերահաստատում է պատրաստակամությունը՝ լրացուցիչ աջակցություն ցուցաբերելու Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման հարցում։ Հիշեցնենք, որ երեկ՝ հունվարի 12-ին, Ադրբեջանը հերթական սադրանքն է սկսել հայ-ադրբեջանական սահմանի արեւելյան հատվածում։ Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության օգտագործվել են հրետանի եւ անօդաչու թռչող սարքեր։ Ըստ այժմ առկա տեղեկության՝ հայկական կողմն ունի երեք զոհ, կան վիրավորներ։
13:10 - 12 հունվարի, 2022
Եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից. Արման Թաթոյան

Եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից. Արման Թաթոյան

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում անդրադարձավ ՀՀ արտաքին գործերի նախարարության երեկվա հայտարարությանը, որում նշվում էր հայ-ադրբեջանական սահմանագծից զորքերի հայելային հետքաշման և սահմանագծի երկայնքով միջազգային մոնիթորինգի մեխանիզմի գործարկման մասին։ «ԱԳՆ կայքում նորից կար հայելային հետքաշման գաղափարը։ Ես ուզում եմ ասել, որ դա մարդու իրավունքներն անտեսող առաջարկ է։ Ես ԱԳՆ գործընկերներին մշտապես հարգանքով եմ վերաբերվեր և վերաբերվում եմ, հարգում եմ նրանց աշխատանքը, բայց ես կարծում եմ՝ սա քաղաքական մոտեցում է՝ սխալ կենսագործվող, որը մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին հակադրվում է, որովհետև հարց է առաջանում՝ մենք ուր պետք է քաշվենք, որտեղից պետք է քաշվենք, ամբողջ շփման գիծը շատ տեղերում անցնում է մեր քաղաքացիների տների միջով, մեր քաղաքացիներին պատկանող հողերի միջով։ Մարդիկ չեն կարողանում իրենց հողերը մշակեն, օգտագործեն, գյուղատնտեսությամբ զբաղվել այն պատճառով, որ ադրբեջանական զինված ծառայողները ֆիզիկապես ներկա են իրենց պատկանող հողերում։ Մենք ունենք օրինական փաստաթղթեր, որոնք հաստատում են սեփականության իրավունքը, հետևաբար այս մոտեցումը չի ապահովում, հաշվի չի առնում մարդու իրավունքները»։ Թաթոյանի խոսքով՝  ռազմական ու քաղաքական պաշտոնյաները պետք է դադարեն սահմանային անվտանգության, բնակիչների իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցերը դիտարկել միայն ռազմական ու քաղաքական տեսանկյունից։ «Բավական է, չի կարելի ռազմական ու քաղաքական տեսանկյունից բացառապես այս հարցերին մոտենալ։ Չի կարելի մարդուց կտրել իր անվտանգության հարցը»։ Մարդու իրավունքների պաշտպանն ասաց՝ եթե շարունակենք կտրել անվտանգությունը մարդուց, մարդու իրավունքներից, կզրկվենք նաև անվտանգությունից։ «Մեր պետական քաղաքականությունը պետք է ընթանա մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներով։ Դրանից բացի՝  այս մոտեցումները նաև հնարավորություն կտան պաշտպանել մեր զինվորներին, մեր զինված ուժերի ծառայողներին, սահմանապահներին, ոստիկանության ծառայողներին, արտակարգ իրավիճակների նախարարության ծառայողներին, և այն ծառայողներին, ովքեր նաև զինված տանում են այդ ծառայությունը։ Չէ՞ որ նրանք պաշտպանում են մեր բնակչությանը, եթե մենք բոլորին հետ քաշենք (զորք ասելով նկատի են ունեցել բոլորին), ո՞վ է մեր իրական երաշխիքը լինելու, այդ միջազգային մոնիթորինգը առանց մերոնց եթե եկավ, մեր իրավունքների հաշվին ներկա գտնվեց այդտեղ, մեր քաղաքացիները կարողանալո՞ւ են իրենց իրավունքները իրականացնել։ Կամ նրանք խախտում թույլ տվեցին, ինչպե՞ս ենք մեր պետական, մեր պետության ներսի մեխանիզմները ինչպես են ապահովվելու»։ Նրա խոսքով՝  այս հարցերը ռազմական տեսանկյունից դիտարկելը մեզ կտրելու է մարդու իրավունքների պաշտպանության միջազգային մեխանիզմներից։
12:56 - 12 հունվարի, 2022
ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասին Տոկաևի հայտարարությունը

ԱՄՆ-ը ողջունում է Ղազախստանում ՀԱՊԿ ուժերի առաքելության ավարտի մասին Տոկաևի հայտարարությունը

Մենք ողջունում ենք Ալմաթի քաղաքում հանգստության մասին հաղորդումները, որոնք մենք լսել ենք վերջին ժամերին եւ վերջին օրվա ընթացքում: Այս մասին երեկ հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության ներկայացուցիչ Նեդ Փրայսը։ «Մենք նաեւ ողջունում ենք նախագահ Տոկաեւի հայտարարությունը, որ ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը ավարտել են իրենց առաքելությունը։ Քանի դեռ այդ գործընթացը չի ավարտվել, մինչեւ ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը դուրս բերվեն, մենք կշարունակենք կոչ անել հավաքական անվտանգության պայմանագրի բոլոր կազմակերպություններին, հավաքական խաղաղապահ ուժերին՝ հարգելու մարդու միջազգային իրավունքները եւ հաստատելու իրենց հանձնառությունը ու անհապաղ հեռանալու Ղազախստանից, ինչպես առաջարկել է Ղազախստանի նախագահը»,- ասել է նա։ Փրայսը նաեւ հույս է հայտնել, որ իրավիճակը կարող է լուծվել խաղաղ ճանապարհով։ Հիշեցնենք, որ երեկ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը հայտարարել է, որ Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից։ 
11:33 - 12 հունվարի, 2022
Խառնաշփոթ իրավիճակ է, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի․ Դավիթ Շահնազարյանը՝ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին

Խառնաշփոթ իրավիճակ է, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի․ Դավիթ Շահնազարյանը՝ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետո ստեղծված իրավիճակի մասին

Անհասկանալի, խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի։ Վարդենիսի ՏԻՄ ընտրություններից հետով ստեղծված իրավիճակի վերաբերյալ մամուլի ասուլիսի ընթացքում ասաց «Միասնական Վարդենիս» կուսակցությունների դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Շահնազարյանը։ Շահնազարյանը հիշեցրեց, որ դեկտեմբերի 5-ին Վարդենիս խոշորացված համայնքի ՏԻՄ ընտրություններում երեք քաղաքական ուժ էր մասնակցում՝ «Ահարոն Խաչատրյան» և «Միասնական Վարդենիս» դաշինքները և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը․ «Ընտրությունների արդյունքում ձևավորվեց մի իրավիճակ, որտեղ 10 մանդատ ստացավ «Ահարոն Խաչատրյան» դաշինքը, նախնական արդյունքներով 5 մանդատ ստացավ «Միասնական Վարդենիս» դաշինքը, և 12 մանդատ՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։ Կասկածելի վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիս» դաշինքի մեկ մանդատը պակասեցվեց և «Միասնական Վարդենիս» դաշինքը ունեցավ 4 մանդատ։ Իհարկե, կասկածելի եմ ասում այն պատճառով, որ այստեղ մեկ մանդատը արժեցավ ընդամենը մեկ քվե, և այս մեկ քվեն որոշիչ եղավ, այդ իսկ պատճառով մեր մանդատների թիվը մեկով պակասեց»։ Նրա խոսքով՝ ընտրական հանձնաժողովներին դիմելուց հետո նաև վարչական դատարան են դիմել․ «Վարչական դատարանը վճիռ կայացրեց և անփոփոխ թողնվեց ընտրական հանձնաժողովի արդյունքները, ինչը, մեր կարծիքով, իրավաչափ  չէր, որովհետև հայերեն «բ» տառը, չգիտես ինչու, նմանեցվեց լատինական V տառին և վավեր համարվեց համապատասխան քվեաթերթիկները, այսինքն՝ ակնհայտ շեղումով քվեաթերթիկները, որոնք անվավեր պետք է ճանաչվեին, վավեր ճանաչվեցին, և որևէ փոփոխություն տեղի չունեցավ։ Մեր դաշինքի առաջատարին՝ Արամ Հարությունյանին, ինչպես հայտնի է, կանչեցին քննչական բաժանմունք, ձերբակալեցին, այնուհետև ենթարկեցին երկամսյա կալանքի, ինչը մեր տեսակետից խիստ քաղաքական որոշում էր, որովհետև եթե այն տեղավորովում է քրեական իրավունքի դաշտում, ապա մարդը քրեական դատավարության տեսակետից տարիներ շարունակ որևէ ուշադրության չարժանացավ, և այդ անհրաժեշտությունը առաջացավ այն դեպքում, երբ նա հրաժարվեց կոալիցիոն հուշագիր ստորագրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հետ, և սրանից հետո անհրաժեշտություն առաջացավ, որպեսզի նրան ձերբակալեն»։ Նրա խոսքով՝ բոլոր որոշումները, որոնք կայացվել են, խիստ քաղաքական որոշումներ են և չեն տեղավորվում իրավական հարթության մեջ․ «Բոլորդ էլ ականատես եղաք Վարդենիս համայնքի ավագանու առաջին նիստին, որտեղ երկու խմբակցությունների ավագանիներին դուրս բերեցին ավագանիների նիստերի դահլիճից, աննախադեպ մի երևույթ, որը երբիցե ՀՀ պատմության մեջ տեղի չէր ունեցել, և այս ամենով հանդերձ դեռ որևէ բան ավարտված չէ, անհասկանալի մի խառնաշփոթ իրավիճակ է ստեղծվել, որը պետք է իր վերջնական հանգուցալուծումը գտնի։ Մենք ակնկալում ենք իրավաչափ և իրավական լուծումներ, և ակնկալում ենք, որ այս հարցը ի վերջո իրավական հարթության մեջ իր ճիշտ և համապատասխան գնահատականը կստանա»։ Դեկտեմբերի 5-ին կայացած ՏԻՄ ընտրություններին Վարդենիս խոշորացված համայնքում երեք քաղաքական ուժ է մասնակցել՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, «Միասնական Վարդենիս» և «Ահարոն  Խաչատրյան» դաշինքները։ Ընտրությունների արդյունքում 2 ընդդիմադիր խմբակցությունները միասին  ունեցել են 15 մանդատ, ՔՊ-ն՝ 12 մանդատ։ Վերահաշվարկի արդյունքում «Միասնական Վարդենիսից» մեկ մանդատ տրվել է  ՔՊ-ին։ Արդյունքում ավագանու կազմում 14 մանդատ ունեցան երկու դաշինքները, 13 մանդատ՝ ՔՊ։ Անցած տարվա դեկտեմբերի 30-ին տեղի էր ունեցել Վարդենիսի ավագանու առաջին նիստը, որտեղ ընդդիմադիր խմբակցությունները համայնքապետ էին ընտրել Ահարոն Խաչատրյանին։ «Քաղաքացիական պայամանագիր» կուսակցության համայնքապետի թեկնածու Արամ Մելքոնյանը, սակայն, հայտարարել էր, որ դիմելու են վարչական դատարան՝ պահանջելով ավագանու այդ նիստը չեղյալ համարել։
17:26 - 11 հունվարի, 2022
Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ Տոկաև

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից․ Տոկաև

Ղազախստանից ՀԱՊԿ ուժերի դուրսբերումը կսկսվի երկու օրից։ Այս մասին, ինչպես փոխանցում է «Ռիա նովոստի»-ին, այսօր իր ելույթի ժամանակ հայտարարել է երկրի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը։ «ՀԱՊԿ խաղաղապահ ուժերի հիմնական առաքելությունը հաջողությամբ ավարտվել է, երկու օրից կսկսվի ՀԱՊԿ խաղաղապահների միավորված կոնտինգենտի փուլային դուրսբերումը: Գործընթացը կտևի ոչ ավելի, քան տասը օր»,- ասել է նա։ Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ Տոկաևը դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը` երկրում անկարգությունների հետևանքով աջակցության համար: ՀԱՊԿ անդամ երկրնեը՝ Հայաստանի Հանրապետության նախագահությամբ, խաղաղապահներ են ուղարկել Ղազախստան, որոնց առաջադրանքները ներառում են պետական, ռազմական և սոցիալական նշանակության օբյեկտների պաշտպանությունը։
10:57 - 11 հունվարի, 2022
Ալիխան Սմաիլովը՝ Ղազախստանի նոր վարչապետ

Ալիխան Սմաիլովը՝ Ղազախստանի նոր վարչապետ

Ղազախստանի նոր վարչապետ է դարձել Ալիխան Սմաիլովը։ Այս պաշտոնում նա փոխարինել է Ասկար Մամինին։ Այս մասին հայտնում է Sputnik Kazakhstan-ը։ Հիշեցնենք, որ հունվարի 5-ին Ղազախստանի նախագահն ընդունել է կառավարության հրաժարականը, որը շարունակում րէր կատարել պարտականությունները մինչեւ նախարարների կաբինետի նոր կազմի նշանակումը: Այսօր՝ հունվարի 11-ին, Մեջիլիսի՝ երկրի խորհրդարանի պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել Սմաիլովի թեկնածությանը, որն առաջադրել էր Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաեւը։ Նիստին մասնակցել է107 պատգամավորներից 89-ը։ Երեք խմբակցություններն էլ պաշտպանել են Սմայիլովի թեկնածությունը։  Տոկաևը ստորագրել Ալիխան Սմայիլովին Ղազախստանի վարչապետի պաշտոնում նշանակելու մասին հրամանագիրը։ Ալիխան Սմաիլովը 12-րդ վարչապետն է անկախ Ղազախստանի պատմության մեջ։ Մինչ այս Սմաիլովը զբաղեցնում էր երկրի առաջին փոխվարչապետի պաշտոնը։
09:44 - 11 հունվարի, 2022
Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

2022-ի առաջին օրերին Ղազախստանում գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին։ Ցույցերը շարունակվեցին գազի գնի իջեցումից և կառավարության հրաժարականից հետո։ Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, կան զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ։ Ղազախստանի նախագահի՝ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։ Խաղաղապահ ուժերն այս պահին Ղազախստանում են։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ երկրում իրավիճակը կայունացել է։ Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցները Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը հաղորդում են՝ հղում անելով մեծամասամբ ռուսական լրատվամիջոցներին, որոնց աղբյուրներն էլ Ղազախստանի պաշտոնական գերատեսչություններն են և ղազախական լրատվամիջոցները։ Սակայն երբեմն կարելի է հանդիպել դեպքերի, երբ հայաստանյան լրատվամիջոցները ներկայացնում են Ղազախստանում կատարված այս կամ այն դեպքը՝ առանց հստակ նշելու, թե որն է լուրի սկզբնաղբյուրը։ Այդպիսի դեպքերում դժվար է որոշել՝ հավաստի՞ է լուրը, թե՞ ոչ, կամ ինչ շրջանակներ են այն տարածել։ Infocom-ն ուսումնասիրել է հունվարի 5-ից 8-ը ներառյալ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներում (1lurer.am, armenpress.am, news.am, auroranews.am) Ղազախստանի դեպքերի վերաբերյալ բոլոր հրապարակումները և առանձնացրել նրանք, որտեղ բացակայում են կամ ոչ լիարժեք են ներկայացված լուրերի սկզբնաղբյուրները։ Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը հունվարի 6-ին հրապարակել է «Աքթոբեի օդանավակայանի հսկողությունը վերականգնվել է» վերտառությամբ հոդված, որտեղ, հղում անելով ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, նշում է․ «Աքթոբեի օդանավակայանն ազատել են հանցագործներից և վերադարձրել Ժամբիլի շրջանի ղեկավարության հսկողությանը»։ «ՏԱՍՍ»-ում Աքթոբեի օդանավակայանի վերաբերյալ լուրն իսկապես հրապարակված է, սակայն այլ ձևակերպմամբ։ Գործակալությունը հայտնում է, որ Ղազախստանում իրավապահ մարմինները ցուցարարներից ազատել են օդանավակայանը և նշում, որ այդ տեղեկությունը փոխանցում է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի վարչակազմին։ Այնուհետև «ՏԱՍՍ»-ը մեջբերում է հեռուսաալիքի մեկնաբանի խոսքերը․ «Աքթոբեի օդանավակայանն ազատագրել են հանցագործներից»։  Փաստորեն, «ՏԱՍՍ»-ը չի տալիս «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումը, այլ պարզապես նյութում մեջբերում է ղազախական հեռուսատնկերության մեկնաբանի խոսքերը։ 1lurer.am-ը, սակայն, այս ձևակերպումը ներկայացնում է որպես գործակալության ձևակերպում։ Նույն նյութում, կրկին հղում անելով «ՏԱՍՍ»-ին, նշվում է, որ Ալմաթիում ցուցարարները շրջափակել են երկու կլինիկական հիվանդանոց և թույլ չեն տալիս հիվանդներին ու բուժանձնակազմին ներս մտնել։ «Ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա, ավելի քան 10 բուժաշխատող տուժել է հանցագործների գործողություններից, հաղորդում է գործակալությունը («ՏԱՍՍ»-ը- խմբ․)։ Հիմնականում ծանրաբեռնված են վիրաբուժական և վերակենդանացման բաժանմունքները»,- ասվում է 1lurer.am-ի հոդվածում։ «ՏԱՍՍ»-ում այս լուրը ևս հրապարակվել է։ Գործակալությունը նշում է, որ լուրը հաղորդվել է  «Խաբար 24»-ի ուղիղ եթերում՝ հղում անելով Ալմաթիի պարետատան տեղեկություններին։ 1lurer.am-ի հոդվածում նաև նշվում է, որ Ալմաթիում կողոպտիչները հարձակման են ենթարկվել «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» և KTK հեռուստաընկերությունների գրասենյակները։  «ՏԱՍՍ» գործակալությունն, ինչպես նախորդ լուրերի դեպքում, այս լուրը ևս հրապարակել է՝ հղում անելով «Խաբար 24» հեռուստաընկերությանը։   Այսպիսով, Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը 1lurer.am-ի հոդվածում ներկայացնում են «ՏԱՍՍ» գործակալությանը վերագրվող որակումներով, սակայն գործակալությունը «ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա», «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումները մեջբերել է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքի մեկնաբանից։ Հունվարի 7-ին auroranews.am-ը հրապարակել է «Ղազախստանի իշխանությունները դադարել են օգտագործել «Նուր-Սուլթան» անունը» վերտառությամբ հոդված՝ հղում չանելով որևէ աղբյուրի։ Նյութի սկզբնաղբյուրը «Դոժդն» է, որի եթերում  նման հայտարարություն է արել ղազախական լրատվամիջոցներից մեկի լրագրողը։ Ղազախստանի պաշտոնական հայտարարություններում, սակայն, Նուր-Սուլթան անունը կարելի է հանդիպել հունվարի 7-ին արված այս հայտարարությունից հետո (1, 2)։ Նշենք, որ Ղազախստանի գերատեսչությունների կայքերը երբեմն կարող են անհասանելի լինել։ Auroranews.am-ը հրապարակել է «Նազարբաևն ու իր դուստրերն ընտանիքներով լքել են երկիրը» վերտառությամբ նյութ՝  նշելով, որ այդ մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ Իսկ սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, Orda.kz ալիքն է, որը տեղեկությունը հայտնել է՝ հղվելով իր աղբյուրներին։ Նազարբաևի խոսնակն, ի դեպ, հերքել է այս լուրը։  Կայքը հրապարակել է «ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ցուցարարներին հաց ու ջուր էի տարել, եկա ու խանութս թալանված գտա». ղազախ կինը ցուցադրել է ավերված խանութը» վետառությամբ հոդված և նշել, որ սկզբնաղբյուրը «Риа Новости»-ին է: «Риа Новости»-ի կայքում և տելեգրամյան ալիքում, սակայն, իր թալանված խանութի մասին պատմող ղազախ կնոջ մասին հրապարակում չկա: Սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, riafan.ru-ն է, որտեղ նման բովանդակությամբ լուր է հրապարակվել հունվարի 6-ին։ Ղազախստանում ոստիկանները նույնպես սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ նյութում auroranews.am-ը կրկին սկզբնաղբյուր չի նշում: Այս դեպքում նյութի աղբյուրն, ամենայն հավանականությամբ, տելեգրամյան ալիքներից մեկն է։ Այսպիսով, մեր առանձնացրած հրապարակումներում լրատվամիջոցները ներկայացրել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ՝ առանց նշելու, թե կոնկրետ որ լրատվամիջոցը, պաշտոնյան կամ անձն է հայտնել լուրը։ Եղել են դեպքեր, երբ լուրը հաղորդվել է միջնորդավորված՝ առանց սկզբնաղբյուրին հղում տալու։ Այս ամենը տեղեկատվական մեծ հոսքի մեջ դժվարացնում է տարբերակել հավաստի և ոչ հավաստի տեղեկությունները։ Բացի այդ՝ ընթացող գործընթացներն ըմբռնելու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է հաղորդվում, այլ նաև՝ թե ով է հաղորդում տվյալ լուրը և ինչ համատեքստում։  Գլխավոր լուսանկարը՝ ria.ru-իցԱննա Սահակյան
17:55 - 10 հունվարի, 2022
Ղրղզստանի խորհրդարանը քննարկում է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու հարցը

Ղրղզստանի խորհրդարանը քննարկում է Ղազախստան խաղաղապահներ ուղարկելու հարցը

Ղրղզստանի նախարարների կաբինետի փոխնախագահ, ազգային անվտանգության պետական ​​կոմիտեի ղեկավար Կամչիբեկ Տաշիևի խոսքով՝ երկիրը մտադիր է Ղազախստան ուղարկել 150 զինծառայող։ Այս մասին հայտնում է K-News-ը։ Տաշիևի խոսքով՝ ՀԱՊԿ համագործակցության շրջանակներում Ղրղզստանը որոշել է մասնակցել Ղազախստանում խաղաղապահ գործողությանը։ «Մեր երկրից կուղարկենք 150 անձնակազմ, 8 զրահամեքենա, 11 մեքենա»,- ասել է Կամչիբեկ Տաշիևը։ Մի շարք պատգամավորներ մտահոգություն են հայտնել, որ ղրղզ զինվորականներին կարող են մեղադրել ղազախների դեմ զենք կիրառելու մեջ։ Եվ դա կարող է դառնալ ղազախների թշնամանքի պատճառը ղրղզների նկատմամբ։ Ղազախստանում զանգվածային բողոքի ակցիաները սկսվել են հունվարի 2-ից։ Սկզբում Ժանաօզեն և Ակտաու քաղաքների բնակիչներն են դուրս եկալ փողոց՝ իրենց բողոքի ձայնը բարձրացնելու գազի թանկացման հետ կապված։ Ավելի ուշ բողոքի ակցաները տարածվել են ամբողջ երկրով մեկ։ Իշխանությունները հայտնել են, որ կվերանայեն գազի գինը, սակայն երկրում իրավիճակը չի կայունացել։ Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը, բողոքի ցույցերի համատեքստում, հայտարարել է, որ այսուհետ ինքն է Ղազախստանի Անվտանգության խորհրդի ղեկավարը։ Հիշեցնենք, որ ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի 2022 թվականի հունվարի 6-ին ընդունված որոշման համաձայն՝ Ղազախստանի Հանրապետությունում իրավիճակի կայունացման և կարգավորման հաստատման նպատակով սահմանափակ ժամանակահատվածով այդ երկիր են ուղարկվել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերը:
10:25 - 07 հունվարի, 2022
Ղազախստանի նախագաը հայտնել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում

Ղազախստանի նախագաը հայտնել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում, և տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը։ Այս մասին, ինչպես փոխանցում է TACC-ը, ուրբաթ օրը հայտնել է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը՝ ներկայացնելով հակաահաբեկչական շտաբի նիստի արդյունքները։ «Սկսվել է հակաահաբեկչական գործողություն: Իրավապահ ուժերը քրտնաջան աշխատում են: Սահմանադրական կարգը հիմնականում վերականգնվել է երկրի բոլոր շրջաններում: Տեղական իշխանությունները վերահսկում են իրավիճակը: Բայց ահաբեկիչները շարունակում են զենք օգտագործել և վնասել քաղաքացիների գույքը: Ուստի հակաահաբեկչական գործողությունները պետք է շարունակվեն մինչև զինյալների լիակատար ոչնչացումը»,- ասել է Տոկաևը։ Նիստին մասնակցել են նաև ՆԳ և պաշտպանության նախարարների պաշտոնակատարները, ինչպես նաև Ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահը։ «Ինչպես հաղորդել են անվտանգության գերատեսչությունների ղեկավարները, ՀԱՊԿ-ի միացյալ խաղաղապահ զորամիավորման ստորաբաժանումները սկսել են ժամանել Ղազախստան՝ օգնելու կարգի բերելու գործը: օբյեկտներ»,- պարզաբանել են մամուլի ծառայությունից։ Ղազախստանի նախագահը նաև մի շարք հրամաններ է արձակել երկրում իրավիճակի հետագա կայունացման համար։
09:41 - 07 հունվարի, 2022