Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում
17:55 - 10 հունվարի, 2022

Բացակայող սկզբնաղբյուրներ․ Ղազախստանի դեպքերի լուսաբանումը հայկական մի քանի լրատվամիջոցներում

2022-ի առաջին օրերին Ղազախստանում գազի գնի թանկացման դեմ բողոքի ակցիաներ սկսվեցին։ Ցույցերը շարունակվեցին գազի գնի իջեցումից և կառավարության հրաժարականից հետո։ Երկրում արտակարգ դրություն հայտարարվեց, կան զոհեր, վիրավորներ և ձերբակալվածներ։ Ղազախստանի նախագահի՝ ՀԱՊԿ-ին դիմելուց հետո Հայաստանի վարչապետ, ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ  Հավաքական անվտանգության խորհուրդը որոշել է Ղազախստան ուղարկել ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր։ Խաղաղապահ ուժերն այս պահին Ղազախստանում են։ Ղազախստանի Ազգային անվտանգության կոմիտեի մամուլի ծառայությունն այսօր հայտնել է, որ երկրում իրավիճակը կայունացել է։

Այս օրերին հայաստանյան լրատվամիջոցները Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը հաղորդում են՝ հղում անելով մեծամասամբ ռուսական լրատվամիջոցներին, որոնց աղբյուրներն էլ Ղազախստանի պաշտոնական գերատեսչություններն են և ղազախական լրատվամիջոցները։

Սակայն երբեմն կարելի է հանդիպել դեպքերի, երբ հայաստանյան լրատվամիջոցները ներկայացնում են Ղազախստանում կատարված այս կամ այն դեպքը՝ առանց հստակ նշելու, թե որն է լուրի սկզբնաղբյուրը։ Այդպիսի դեպքերում դժվար է որոշել՝ հավաստի՞ է լուրը, թե՞ ոչ, կամ ինչ շրջանակներ են այն տարածել։

Infocom-ն ուսումնասիրել է հունվարի 5-ից 8-ը ներառյալ հայաստանյան մի քանի լրատվամիջոցներում (1lurer.am, armenpress.am, news.am, auroranews.am) Ղազախստանի դեպքերի վերաբերյալ բոլոր հրապարակումները և առանձնացրել նրանք, որտեղ բացակայում են կամ ոչ լիարժեք են ներկայացված լուրերի սկզբնաղբյուրները։

Հանրային հեռուստաընկերության 1lurer.am կայքը հունվարի 6-ին հրապարակել է «Աքթոբեի օդանավակայանի հսկողությունը վերականգնվել է» վերտառությամբ հոդված, որտեղ, հղում անելով ռուսական «ՏԱՍՍ» լրատվական գործակալությանը, նշում է․ «Աքթոբեի օդանավակայանն ազատել են հանցագործներից և վերադարձրել Ժամբիլի շրջանի ղեկավարության հսկողությանը»։

«ՏԱՍՍ»-ում Աքթոբեի օդանավակայանի վերաբերյալ լուրն իսկապես հրապարակված է, սակայն այլ ձևակերպմամբ։ Գործակալությունը հայտնում է, որ Ղազախստանում իրավապահ մարմինները ցուցարարներից ազատել են օդանավակայանը և նշում, որ այդ տեղեկությունը փոխանցում է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքը՝ հղում անելով տեղի վարչակազմին։

Այնուհետև «ՏԱՍՍ»-ը մեջբերում է հեռուսաալիքի մեկնաբանի խոսքերը․ «Աքթոբեի օդանավակայանն ազատագրել են հանցագործներից»։ 

Փաստորեն, «ՏԱՍՍ»-ը չի տալիս «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումը, այլ պարզապես նյութում մեջբերում է ղազախական հեռուսատնկերության մեկնաբանի խոսքերը։ 1lurer.am-ը, սակայն, այս ձևակերպումը ներկայացնում է որպես գործակալության ձևակերպում։

Նույն նյութում, կրկին հղում անելով «ՏԱՍՍ»-ին, նշվում է, որ Ալմաթիում ցուցարարները շրջափակել են երկու կլինիկական հիվանդանոց և թույլ չեն տալիս հիվանդներին ու բուժանձնակազմին ներս մտնել։

«Ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա, ավելի քան 10 բուժաշխատող տուժել է հանցագործների գործողություններից, հաղորդում է գործակալությունը («ՏԱՍՍ»-ը- խմբ․)։ Հիմնականում ծանրաբեռնված են վիրաբուժական և վերակենդանացման բաժանմունքները»,- ասվում է 1lurer.am-ի հոդվածում։

«ՏԱՍՍ»-ում այս լուրը ևս հրապարակվել է։ Գործակալությունը նշում է, որ լուրը հաղորդվել է  «Խաբար 24»-ի ուղիղ եթերում՝ հղում անելով Ալմաթիի պարետատան տեղեկություններին։

1lurer.am-ի հոդվածում նաև նշվում է, որ Ալմաթիում կողոպտիչները հարձակման են ենթարկվել «Միր», «Ղազախստան», «Խաբար», «Եվրասիա» և KTK հեռուստաընկերությունների գրասենյակները։ 

«ՏԱՍՍ» գործակալությունն, ինչպես նախորդ լուրերի դեպքում, այս լուրը ևս հրապարակել է՝ հղում անելով «Խաբար 24» հեռուստաընկերությանը։  

Այսպիսով, Ղազախստանում կատարվող իրադարձությունների մասին լուրերը 1lurer.am-ի հոդվածում ներկայացնում են «ՏԱՍՍ» գործակալությանը վերագրվող որակումներով, սակայն գործակալությունը «ավազակային կազմավորումները հարձակվում են բժիշկների վրա», «օդանավակայանն ազատագրվել է հանցագործներից» ձևակերպումները մեջբերել է ղազախական «Խաբար 24» հեռուստաալիքի մեկնաբանից։

Հունվարի 7-ին auroranews.am-ը հրապարակել է «Ղազախստանի իշխանությունները դադարել են օգտագործել «Նուր-Սուլթան» անունը» վերտառությամբ հոդված՝ հղում չանելով որևէ աղբյուրի։ Նյութի սկզբնաղբյուրը «Դոժդն» է, որի եթերում  նման հայտարարություն է արել ղազախական լրատվամիջոցներից մեկի լրագրողը։ Ղազախստանի պաշտոնական հայտարարություններում, սակայն, Նուր-Սուլթան անունը կարելի է հանդիպել հունվարի 7-ին արված այս հայտարարությունից հետո (1, 2)։ Նշենք, որ Ղազախստանի գերատեսչությունների կայքերը երբեմն կարող են անհասանելի լինել։

Auroranews.am-ը հրապարակել է «Նազարբաևն ու իր դուստրերն ընտանիքներով լքել են երկիրը» վերտառությամբ նյութ՝  նշելով, որ այդ մասին հայտնում են տելեգրամյան ալիքները։ Իսկ սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, Orda.kz ալիքն է, որը տեղեկությունը հայտնել է՝ հղվելով իր աղբյուրներին։ Նազարբաևի խոսնակն, ի դեպ, հերքել է այս լուրը։ 

Կայքը հրապարակել է «ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ես ցուցարարներին հաց ու ջուր էի տարել, եկա ու խանութս թալանված գտա». ղազախ կինը ցուցադրել է ավերված խանութը» վետառությամբ հոդված և նշել, որ սկզբնաղբյուրը «Риа Новости»-ին է: «Риа Новости»-ի կայքում և տելեգրամյան ալիքում, սակայն, իր թալանված խանութի մասին պատմող ղազախ կնոջ մասին հրապարակում չկա: Սկզբնաղբյուրն, ամենայն հավանականությամբ, riafan.ru-ն է, որտեղ նման բովանդակությամբ լուր է հրապարակվել հունվարի 6-ին։

Ղազախստանում ոստիկանները նույնպես սկսել են կրակել ցուցարարների ուղղությամբ նյութում auroranews.am-ը կրկին սկզբնաղբյուր չի նշում: Այս դեպքում նյութի աղբյուրն, ամենայն հավանականությամբ, տելեգրամյան ալիքներից մեկն է։

Այսպիսով, մեր առանձնացրած հրապարակումներում լրատվամիջոցները ներկայացրել են Ղազախստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին տեղեկություններ՝ առանց նշելու, թե կոնկրետ որ լրատվամիջոցը, պաշտոնյան կամ անձն է հայտնել լուրը։ Եղել են դեպքեր, երբ լուրը հաղորդվել է միջնորդավորված՝ առանց սկզբնաղբյուրին հղում տալու։ Այս ամենը տեղեկատվական մեծ հոսքի մեջ դժվարացնում է տարբերակել հավաստի և ոչ հավաստի տեղեկությունները։ Բացի այդ՝ ընթացող գործընթացներն ըմբռնելու համար կարևոր է ոչ միայն այն, թե ինչ է հաղորդվում, այլ նաև՝ թե ով է հաղորդում տվյալ լուրը և ինչ համատեքստում։ 

Գլխավոր լուսանկարը՝ ria.ru-ից
Աննա Սահակյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել