Հայոց ցեղասպանություն

Էրդողանի խորհրդականը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ անցկացնել |ermenihaber.am|

Էրդողանի խորհրդականը շարունակում է Հայոց ցեղասպանությունը ժխտող կոնֆերանսներ անցկացնել |ermenihaber.am|

ermenihaber.am: style="font-weight: 400;">Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավոր խորհրդական, իրեն հայկական հարցի մասնագետ հռչակած Սեյիթ Սերթչելիքը շարունակում է Թուրքիայի տարբեր նահանգներում ժխտողական թեզերը ներկայացնող կոնֆերանսներ ու դասախոսություններ կազմակերպել։ Այս անգամ պրոֆեսոր Սերթչելիքը Հայոց ցեղասպանությունը ժխտող հերթական կոնֆերանսը կազմակերպել է Անկարայից ոչ հեռու գտնվող Քըրըքքալե նահանգի Յահշիհան շրջանում։  Ինչպես նախորդած կոնֆերանսներում, այս անգամ ևս Սերթչելիքը հայերին մեղադրել է 1-ին համաշխարհային պատերազմի ժամանակ Անտանտի երկրների ու մասնավորապես ռուսների հետ համագործակցության մեջ՝ ընդդեմ Օսմանյան կայսրության։ Սերթչելիքն այս անգամ հայերին բաց տեքստով մեղադրել է Օսմանյան կայսրությանը դավաճանելու մեջ, ինչ նախորդ կոնֆերանսներին հաճախ անուղղակի էր անում։  Թուրքիայի նախագահի խորհրդականի ժխտողական թեզերը լսելու ու ամենայն հավանականությամբ դրանց հետագա տարածման համար կոնֆերանսին մասնակցել են Յահշիհանի գավառապետ Ֆաթիհ Յըլմազը, քաղաքապետ Օսման Թուրքյըլմազը, Քըրըքքալե նահանգի ոստիկանապետ Գյունթեր Շենսեսը, ոստիկանական ակադեմիայի տնօրեն Մուսթաֆա Յողուրթչուն, Յահշիհանի շրջանային ոստիկանության պետ Էրդալ Աքքուշը, «Ազգայնական շարժում» կուսակցության Քըրըքքալերի նահանգային կառույցի ղեկավար Էրդալ Բալօղլուն և այլոք։ Ավելացնենք, որ Էրդողանի գլխավոր խորհրդական, նախագահի աշխատակազմի անվտանգության և արտաքին քաղաքականության խորհրդի անդամ պրոֆեսոր Սեյիթ Սերթչելիքը 2020-ին արդեն մի քանի անգամ Թուրքիայի տարբեր նահանգներում նմանատիպ կոնֆերանսներ կամ դասախոսություններ է կազմակերպել։
13:56 - 10 հուլիսի, 2020
Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան մեկուսացման մեջ է․ Թաներ Աքչամ |civilnet.am|

Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիան մեկուսացման մեջ է․ Թաներ Աքչամ |civilnet.am|

civilnet.am: Վերջերս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ տեղի ունեցած՝ Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստի ժամանակ որոշվել էր, որ պետք է Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ պայքարի համար նոր կառույց ստեղծել։ Թեմայի շուրջ խոսել է ԱՄՆ Մասաչուսեթսի Քլարք համալսարանի պրոֆեսոր, հայտնի թուրք ցեղասպանագետ Թաներ Աքչամը։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Բարձրագույն խորհրդակցական մարմնի նիստի ժամանակ հանձնարարել է «Հայոց ցեղասպանության պնդումներին պատասխանելու և ռազմավարություն մշակելու համար ստեղծել քաղաքացիական նոր անկախ մարմին»։ Այդ կապակցությամբ Ֆեյսբուքում ձեր բարձրացրած հարցը Ձեզ եմ ուղղում՝ ինչո՞ւ և ինչո՞ւ հիմա։ Կարծես թե, երկու պատճառ է նշմարվում։ Առաջին՝ չկա հատուկ պատճառ, գործ ունենք պետության ավանդական գործելաոճի հետ։ Բացի այդ, 2000-ականների սկզբին Ազգային անվտանգության խորհրդին կից ստեղծվել էր «Հայկական անհիմն պնդումների դեմ պայքարի համակարգող մարմինը» (ASİMKK)։ Կառավարման նախագահական համակարգի անցման հետ մեկտեղ այս կառույցը վերացվեց։ Այդպիսով, մնում էր երկու բան անել․ կամ ասել, որ նման կառույցի կարիք չկա, և փաստորեն հավանություն տալ ASİMKK-ի փակմանը կամ էլ փոխարենը փորձել ավելի լավ կառույց ստեղծել։ Նախընտրեցին երկրորդ տարբերակը։ Երկրորդ պատճառը և ըստ իս ամենակարևորը՝ 2023 թվականն է։ 2023-ը թե՛ Թուրքիայի հիմնադրման 100-ամյակն է, թե՛ ընտրությունների տարի է։ «Արդարություն ու զարգացում» և «Ազգայնական շարժում» կուսակցություններից բաղկացած կոալիցիան (ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիա) ինչ գնով էլ լինի՝ ձգտելու է հաղթել ընտրություններում։ Դրան տանող ճանապարհներից մեկն էլ 2023-ի ընտրություններին հանրապետության հիմնական խնդիրներն ընդգրկող «համակողմանի» ծրագրով հանդես գալն է։ Հայկական հարցը hանրապետության կարևոր խնդիրներից մեկն է․ ԱԶԿ-ԱՇԿ կոալիցիան փորձում է հարցի վերաբերյալ հանդես գալ համակողմանի ծրագրով և ցույց տալ, թե ընդդիմությունից ավելի լավն է։ Այդ պատճառով սխալ չի լինի այս նոր քայլը համարել «հայկական նախաձեռնություն»։  Կարևորը հետևյալ հարցն է․ ընդդիմությունը չի կարողանալու որևէ բան ասել այս «նախաձեռնության» դեմ, որովհետև կառավարությունն այն ներկայացնելու է որպես համազգային գործ, ինչի հետևանքով ընդդիմությունը հակադրվելու փոխարեն ստիպված է լինելու աջակցել դրան։ Իսկ դա իշխանության համար մեծ առավելություն է։  Ըստ ձեզ՝ ի՞նչ կարող է անել այս նոր կառույցը, Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ փոփոխություն սպասո՞ւմ եք։ Կախված է նրանից, թե ինչ եք հասկանում՝ փոփոխություն ասելով։ Կուզեի առանձնացնել երեք կետ։ Առաջին՝ նոր կառույց ստեղծելու որոշման հիմքում ընկած է հինգ համալսարանների պատրաստած համատեղ զեկույցը։ Չգիտենք, թե ինչ է այն պարունակում։ Սակայն կարող ենք ենթադրել, որ առնվազն մի շարք հարցերի շուրջ «մտածել են» ու որոշ «նոր նախաձեռնություններով» են հանդես գալու։ Երկրորդ՝ հենց նույն օրերին մամուլում տեղեկություն տարածվեց, որ Անիի ավերակների մոտ գտնվող հայտնի Մետաքսի ճանապարհի կամուրջը վերանորոգվելու է։ Անցած տարիներին հայ-թուրքական հաշտեցման փորձեր անող միջազգային մի շարք կառույցներ կամրջի վերանորոգման համար դիմել էին թուրքական կառավարությանը, սակայն այդ առաջարկները մերժվել էին։ Այժմ հենց Թուրքիան է որոշել նման նախաձեռնությամբ հանդես գալ, ինչը բազմանշանակ փաստ է։ Երրորդ՝ միջազգային հարթությունում Թուրքիայի փակուղային դրությունն է։ Ո՛չ ակադեմիական աշխարհում, ո՛չ քաղաքական հարթությունում չկա մեկը, որ Թուրքիայի թեզերը լուրջ ընդունի։ Սրանից 5-10 տարի առաջ ակադեմիական աշխարհում հետևյալ միտքը, թե «խնդիրը երկու կողմ ունի, և այս երկու կողմը տարբեր տեսակետներ ունեն, այդ պարագայում պետք է կողմերից հավասար հեռավորություն պահպանել ու հարգել նրանց տեսակետները», դեռ կողմնակիցներ ուներ։ Սակայն այսպես մտածող արդեն գրեթե չի մնացել։ Ակադեմիական հաստատություններում  թուրքական կառավարության թեզերը համարում են հերթական ժխտողական տեսակետն ու լուրջ չեն ընդունում։   Քաղաքական հարթությունում համանման իրավիճակ է։ Թուրքիան կորցրեց իր ամենակարևոր ամրոցը՝ ամերիկյան Կոնգրեսը։ Արևմուտքում կարծես թե չի մնացել մի երկիր, որը չի ընդունում Հայոց ցեղասպանությունը։ Նույնիսկ իսլամական երկրներն են սկսել ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Կարող ենք ասել, որ Ցեղասպանության հարցում Թուրքիան բոլոր տեսակետներից մեկուսացման մեջ է։ Այս ամենը նշանակում է, որ Թուրքիան փակուղային դրության մեջ է, և այս նոր նախաձեռնությունը կարող ենք համարել փակուղային դրությունից փրկվելուն միտված քայլերից մեկը։ Ժխտողական քաղաքականության էությունը չի փոփվելու, բայց հնարավոր է՝ նոր արտահայտություններ ու համանման բաներ շրջանառության մեջ դրվեն։ Ըստ իս՝ մենք կարծես մի տեսակ հոգեբանական պատերազմի նախաշեմին ենք։ Սփյուռքի հայկական որոշ թեթեր գրեցին, թե Էրդողանը փորձում է ահաբեկել Հայ դատի գործիչներին։ Եվրոպայի Հայ դատի հանձնախումբն էլ հայտարարում է, թե Էրդողանը թիրախավորում է Հայ դատի ակտիվիստներին։ Ինչպե՞ս կմեկնաբանեք այս հայտարարությունները։  Չեմ կարծում, թե Էրդողանը կարող է միջազգային հարթությունում որևէ մեկին սպառնալ։  Բանն այն է, որ ոչ ոք այս տեսակ սպառնալիքները լուրջ չի ընդունում։ Ըստ իս՝ Թուրքիայի հիմնական խնդիրը իրեն նորից լուրջ վերաբերվելն է։ Թուրքիան փնտրելու է նոր ճանապարհներ ու մեթոդներ, որ իր առաջ քաշած թեզերին լուրջ վերաբերվեն։ Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:53 - 09 հուլիսի, 2020
ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն |amerikayidzayn.com|

ԱՄՆ վարաչակազմի քաղաքականությունը Մեծ Եղեռնի հարցում փոփոխության չի ենթարկվել. Սպիտակ տուն |amerikayidzayn.com|

amerikayidzayn.com:  Դենվեր քաղաքի Հայոց ցեղասպանության հուշահամալիրին Քեյլի Մըքենանի անդրադարձը ակտիվորեն քննարկվեց մամուլում: Սպիտակ տունը իր պարզաբանումները տվեց այս առիթով: Երկուշաբթի օրը Սպիտակ տան մամլո խոսնակ Քեյլի Մըքենանն արտաբերեց «Հայոց ցեղասպանություն» արտահայտությունը՝ անդրադառնալով ամերիկյան Դենվեր քաղաքում վանդալիզմի զոհ դարձած Հայոց ցեղասպանության հուշահամալրին: Այն հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ ռասայական խտրականության դեմ բողոքի ցույցերի ընթացքում: «Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ»,- նշել էր Սպիտակ տան մամլո խոսնակը: Ի պատասխան Ամերիկայի Ձայնի հայկական ծառայության հարցմանը՝ Սպիտակ տունը հայտնել է, որ վարաչակազմի քաղաքականությունն այս հարցում փոփոխության չի ենթարկվել՝ հավելելով, որ ԱՄՆ նախագահը վերահաստատել է, որ «Մեծ Եղեռնը պատմական ոճրագծություն և ողբերգություն է, և ԱՄՆ կանգնած է հայ ժողովրդի կողքին»: Հիշեցնենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի վարչակազմի դիրքորոշումը տարբերվում է ԱՄՆ Կոնգրեսի դիրքորոշումից, որի երկու պալատները՝ Ներկայացուցիչների տունն ու Սենատը, անցած տարի ընդունեցին Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևեր: Վարչակազմը 1915 թվականի իրադարձությունները Օսմանյան կայսրության տարածքում խուսափում է որակել «ցեղասպանություն»՝ ապրիլի 24-ի նախագահի տարեկան ուղերձում այս առիթով օգտագործելով «Մեծ Եղեռն» եզրը: Սպիտակ տան մամլո խոսնակի խոսքերն ակտիվ քննարկումների առարկա դարձան մամուլում ու խնդրի հետ առնչվող շրջանակներում: Թուրքիան արձագանքել է մամլո խոսնակի խոսքերին՝ լրատվամիջոցներին հայտնելով, որ Թրամփի վարչակազմի դիրքորոշումն այս հարցի շուրջ լայնորեն հայտնի է: Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանությունը լրատվամիջոցներին հայտնել է, որ անընդունելի է որակում «Հայոց ցեղասպանություն» եզրի օգտագործումը՝ կարծիք հայտնելով, որ մամլո խոսնակի կողմից դրա կիրառումը «լեզվի ցավալի սայթաքման արդյունք է, որը խնդրին տվել է այլ բովանդակություն»: ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը, ֆեյսբուքյան իր գրառման մեջ մեկնաբանել է Դենվերում Հայոց ցեղասպանության հուշարձանի շուրջ զարգացումները՝ մատնանշելով ՀՀ ԱԳՆ-ի նախկինում արված մեկնաբանությունն այս առիթով: ՀՀ դեսպանությունը շեշտել է նաև, որ Հայաստանը գնահատում է Միացյալ Նահանգների իշխանությունների պատշաճ ուշադրությունն այս հարցի նկատմամբ: Ամերիկահայ կազմակերպությունները ևս արձագանքել են մամլո խոսնակի խոսքերին: Ամերիկայի հայկական համագումարը մամուլի միջոցով երախտագիտություն է հայտնել վարչակազմից Հայոց ցեղասպանության հուշահամալիրը հիշատակելու համար, իսկ Վաշինգտոնի Հայ դատի հանձնախումբը նշել է, որ Մըքենանի մեկնաբանությունը կարող է առաջին քայլը հանդիսանալ դեպի Հայոց ցեղասպանության ճանաչում ԱՄՆ-ի իշխանությունների բոլոր մարմինների կողմից:
09:14 - 08 հուլիսի, 2020
Սպիտակ տան խոսնակն արտաբերեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը |azatutyun.am|

Սպիտակ տան խոսնակն արտաբերեց Հայոց ցեղասպանություն արտահայտությունը |azatutyun.am|

azatutyun.am: Տասնամյակներ շարունակ խուսանավելուց ու զանազան եզրույթներ գործածելուց հետո` երեկ Սպիտակ տան խոսնակն արտաբերել է Հայոց ցեղասպանություն արտահայտությունը: Խոսելով Նահանգներում վանդալիզմի զոհ դարձած ու պղծված հուշարձանների մասին` Քեյլի ՄըքԷնանին ի թիվս այլ օրինակների վկայաբերել է նաև Դենվերի Հայոց ցեղասպանության հուշահամալիրը, որը հարձակման էր ենթարկվել մի քանի շաբաթ առաջ` ռասայական խտրականության դեմ ցույցերի ժամանակ: «Երբ պղծվում է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրը, որը ոգեկոչում է մարդկության դեմ կատարված բոլոր հանցագործությունների՝ այդ թվում ստրկության զոհերի հիշատակը, գործ ունենք գիտակցության և պատմական գիտելիքի պակասի հետ», - ասել է Սպիտակ տան խոսնակը: Ամերիկյան լրատվամիջոցներն այս խոսքերին կայծակնային արագությամբ են արձագանքել: «Սպիտակ տունը վերջապես, գուցե` ոչ միտումնավոր, վկայաբերեց Հայոց ցեղասպանությունը», - գրել է The Washington Post-ը` շարունակելով. - «Վարչակազմը թերևս կպնդի, թե խոսնակը պարզապես հուշարձանը կոչել է իր անունով, բայց նույնիսկ դա տևական ժամանակ արգելված էր Սպիտակ տանը»: Ամերիկահայ կազմակերպությունները շտապել են ողջունել վարչակազմի այս քայլը: «Մենք բարձր ենք գնահատում այն հանգամանքը, որ Սպիտակ տունն ուշադրության է արժանացրել Հայոց ցեղասպանության հուշարձանի վրա կատարված հարձակումն ու պատմական իրողություններն ավելի լավ ընկալելու անհրաժեշտությունը», - հայտարարել է Ամերիկայի Հայկական համագումարի գործադիր տնօրեն Բրայան Արդունին: Ամերիկյան մեկ այլ պարբերական` Business Insider-ը Պետդեպարտամենտից հետաքրքրվել է` արդյոք Սպիտակ տան խոսնակի հայտարարությունը նշանակում է, թե Դոնալդ Թրամփի վարչակազմն այլևս ճանաչում է Հայոց ցեղասպանությունը: Պետդեպարտամենտը հորդորել է պատասխանը ստանալ Սպիտակ տան խոսնակից: «Վերջինս դեռ չի արձագանքել մեր հարցմանը», - հաղորդում է Business Insider-ը, հավելելով` երեկ մեկնաբանություններից հրաժարվել է նաև Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունը:
09:27 - 07 հուլիսի, 2020
Արաբական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հարցազրույցին

Արաբական մամուլը լայնորեն անդրադարձել է Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի՝ Հայոց ցեղասպանության մասին հարցազրույցին

Արաբական ամենահեղինակավոր՝ 1875թ. հիմնադրված և օրական 1 մլն տպաքանակով լույս տեսնող «Ալ Ահրամ» (Եգիպտոս) օրաթերթում հունիսի 25-ին հրապարակված՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը լայն արձագանք է գտել արաբական աշխարհի այլ հայտնի լրատվամիջոցներում: Դրանցից ոմանք ոչ միայն անդրադարձել են հարցազրույցին, այլև՝ իրենք էլ վերատպել են այն, ևս մեկ անգամ բարձրաձայնելով Հայաստանի նախագահի խոսքը. «Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի և վերապրածների տառապանքները և նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա»: «Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրված հարցազրույցը մասնավորապես արտատպվել է քրդական հեղինակավոր ANF (Firat News Agency) լրատվական գործակալությունը: Հարցազրույցն ամբողջությամբ արտատպել է սիրիական հեղինակավոր «Ալազմենահ» պարբերականը: Հիշեցնենք, որ հարցազրույցում նախագահ Արմեն Սարգսյանը մասնավորապես խոսել էր Հայոց ցեղասպանության, ցեղասպանությունը ճանաչելու կարևորության և ցեղասպանության դասերի մասին: «Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանությունների,-հարցազրույցում մասնավորապես ասել էր նախագահ Սարգսյանը:  -Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանն՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը և այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային և միջազգային մակարդակներով»:
16:10 - 29 հունիսի, 2020
Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահի հարցազրույցը «Ալ Ահրամին»

Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. նախագահի հարցազրույցը «Ալ Ահրամին»

Արաբական աշխարհի ամենահեղինակավոր «Ալ Ահրամ» թերթը (Եգիպտոս) իր հունիսի 25-ի համարում զետեղել է Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի բացառիկ հարցազրույցը՝ «Հայոց Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի. Օսմանցիները իրականացրեցին պատմության մեջ ամենազարհուրելի Ցեղասպանությունը» վերնագրով: «Ալ Ահրամը» հիմնվել է 1875թ. և լույս է տեսնում օրական 1 մլն տպաքանակով: Ինչպես տեղեկացրին Հայաստանի Հանրապետության նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, հարցազրույցի նախաբանում թերթը գրում է. Եգիպտոսի և Հայաստանի պաշտոնական հարաբերություններն աչքի են ընկնում լավ և ամուր հատկանիշներով, որոնք սկիզբ են առել 1991 թ. Եգիպտոսի կողմից Հայաստանի անկախության ճանաչումից հետո: Այնուհետև, 1992թ. երկու երկրների միջև ստորագրվել է դիվանագիտական հարաբերությունների հաստատման վերաբերյալ պայմանագիր: 1992թ. սեպտեմբերին Կահիրեում սկսել է գործել ՀՀ դեսպանությունը, իսկ 1993թ. մայիսին Երևանում բացվել է Եգիպտոսի դեսպանությունը: Երկու երկրների քաղաքական հարաբերությունները խարսխված են փոխադարձ հարգանքի վրա: Հայաստանը բարձր է գնահատում Եգիպտոսի չեզոք դիրքորոշումը Արցախյան հակամարտության վերաբերյալ, ինչպես նաև արժևորում է կոտորածներից մազապուրծ հայերին ընդունելու ու նրանց եգիպտական հասարակության մեջ ինտեգրելու Եգիպտոսի պատմական դիրքորոշումը: 2013թ., երբ Եգիպտոսի նախագահի պաշտոնն ստանձնեց Ն. Գ. Նախագահ ալ-Սիսին եգիպտա-հայկական հարաբերությունները մեծ թափ ստացան: Միջկառավարական հանձնաժողովը ջանքեր է գործադրում երկու երկրների միջև տնտեսական տարբեր ոլորտներում համագործակցության զարգացման, ինչպես նաև մշակութային փոխանակման նպատակով միջոցառումների կազմակերպման ուղղությամբ: Ստորև ներկայացնում ենք բացառիկ հարցազրույց Ն. Գ. ՀՀ նախագահ դոկտոր Արմեն Սարգսյանի հետ, որտեղ նա անդրադառնում է 1915 թ. հայ ժողովրդի կոտորածներին առնչվող պատմական հիմնահարցերին եւ այդ ուղղությամբ Հայաստանի Հանրապետության վարած քաղաքականությանը: Անցած տարի, Մյունխենի Անվտանգության գագաթնաժողովում, այդ հարցին անդրադարձել է նաև նախագահ Սիսին, ընդգծելով, որ 100 տարի առաջ Եգիպտոսը հյուրընկալեց ջարդերի ենթարկված հայերին, «ուր նրանք գտան անվտանգություն, խաղաղություն ու կայունություն»: Երևան, բացառիկ «Ալ Ահրամ»-ի համար: ՀԱՐՑ. Պարոն նախագահ, ամեն տարի ապրիլի 24-ին հայ ժողովուրդը աշխարհով մեկ նշում է 1915թ. Հայոց ցեղասպանության 1,5 մլն զոհերի հիշատակը, որոնք Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում Օսմանյան կայսրությունում զոհ գնացին երիտթուրքական կառավարության կազմակերպած՝ հայ բնակչության տեղահանությունների, զանգվածային ջարդերի, բռնությունների, սովի և հիվանդությունների հետևանքով: Ի՞նչ կասեք այդ մասին: ՊԱՏԱՍԽԱՆ. Ավելի քան մեկ դար է անցել 1915-1923 թթ. մարդկության և քաղաքակրթության դեմ գործված այդ հանցագործությունից, սակայն այդ ոճրի հետևանքները մինչ օրս իրենց զգացնել են տալիս և կաշկանդում Հայաստանի բնականոն զարգացումը: Իրականում հայերի զանգվածային կոտորածներն Օսմանյան Թուրքիայում սկսվել են 1894-96թթ. սուլթան Աբդուլ-Համիդ 2-րդի օրոք, որոնց զոհ գնացին 300 հազ. հայ: Ժամանակի խոշոր տերությունները, համաշխարհային մամուլը և նշանավոր անհատները, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Ուիլյամ Գլադսթոնը, ֆրանսիացի քաղաքական գործիչ Ժան Ժորեսը, գրող Անատոլ Ֆրանսը, գերմանացի միսիոներ Յոհաննես Լեփսիուսը և ուրիշներ, թեև իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին այդ արարքի դեմ, և պահանջեցին խոստացված բարեփոխումներն իրականացնել Արևմտյան Հայաստանում, որոնցով պետք է ապահովվեին հայերի տարրական քաղաքացիական իրավունքների հարգումը, կյանքի և գույքի անձեռմխելությունը, սակայն չկարողացան կանգնեցնել սուլթան Աբդուլ-Համիդին: Անտանտի երկրները, Վատիկանն ու Թուրքիայում հավատարմագրված դիվանագետները, որոնց մեջ՝ հատկապես ԱՄՆ դեսպան Հենրի Մորգենթաուն, նույնպես կարողացան հետ պահել երիտթուրքերին, որոնք կատարելագործեցին հայերի ոչնչացման մեխանիզմը՝ հասցնելով այն պետականորեն ծրագրված և իրականացված Ցեղասպանության: Օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի ընձեռած հնարավորությունից՝ երիտթուրքական կառավարությունը 1915-16թթ. գործի դրեց Թուրքիայիում հայերին իսպառ վերացնելու ծրագիրը՝ ձեռնարկելով աննախադեպ ծավալի և աներևակայելի դաժանության տեղահանություններ, բռնություններ և սպանություններ: (Ռուսաստանը, Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան 1915թ. մայիսի 24-ի համատեղ հայտարարությամբ դրանք բնորոշեցին որպես «հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ»: Հետագայում, 1944 թվականին, Ռաֆայել Լեմկինը հենց 1915թ. հայերի ոչնչացումը հիմք ընդունեց, երբ միջազգային իրավունքում ներդրեց «ցեղասպանություն» տերմինը): Առաջին աշխարհամարտի ավարտից հետո իր նախորդների գործը շարունակեց Թուրքիայի նոր առաջնորդ Մուստաֆա Քեմալը՝ Կիլիկիայում և Արևմտյան Հայաստանում վերացնելով հայության վերջին մնացորդները և սանձազերծելով պատերազմ երիտասարդ Հայաստանի Հանրապետության դեմ: ՀԱՐՑ. Ինչո՞ւ և ինչպե՞ս կատարվեց դա: Չէ՞ որ օսմանահպատակ հայերը դարեր շարունակ օրինապաշտորեն ծառայել են այդ երկրին և նպաստել նրա զարգացմանը: Ինչո՞վ էին նրանք խանգարում թուրքերին: ՊԱՏԱՍԽԱՆ. Հարցն էլ այդ է: Թե ինչպե՞ս. Ցեղասպանության ակտի և այն մեխանիզմների մասին, որոնցով դա իրականացվել է, ականատեսները՝ դիվանագետներ, զինվորականներ, ռազմական բժիշկներ, միսիոներներ, քաղաքական գործիչներ, միջազգային մամուլ և այլն, անհերքելի վկայություններ են թողել: Հետագայում ակադեմիական շրջանակները, պատմաբանները և ցեղասպանագետները, հենվելով արխիվային փաստաթղթերի վրա, դա մանրամասն նկարագրել և հաստատել են: Աշխարհը քաջատեղյակ է դրան: Կուզենայի կենտրոնանալ Ցեղասպանության պատճառների և հետևանքների վրա: Առանձնացնեմ պատճառներից մի քանիսը: Առաջինը քաղաքական էր: 1878թ. Սան Ստեֆանոյի և Բեռլինի կոնֆերանսներում բարձրացված «Հայկական հարցն» իր տրամաբանական ավարտին պետք է հասցվեր պատմական Հայաստանի տարածքների վրա հայոց ինքնավարության հաստատմամբ, հիմք դնելով Հայաստանի հետագա անկախությանը, ինչն օսմանահպատակ մյուս ազգերի դեպքում Բալկանյան պատերազմից և Առաջին համաշխարհայինից հետո տեղի էր ունեցել կայսրության եվրոպական և միջինարևելյան հատվածներում: Հենց դրան էր դեմ սուլթանական, այնուհետև՝ հանրապետական Թուրքիան, որովհետև Հայաստանի անկախության դեպքում կայսրության մարմնից պոկվում էր ստրատեգիական գերկարևորություն ներկայացնող հատվածը, որը թուրքերի ճանապարհը փակում էր դեպի Կովկաս և միջինասիական երկրներ: Ի դեպ, այդպիսի տարածքների վրա հայերի նման ակտիվ ու ձեռներեց մի ազգի կողմից ինքնուրույն պետություն ստեղծելու հեռանկարի նկատմամբ հետաքրքրությունը կորցրեցին նաև ժամանակի գերտերությունները, այլապես նրանք 1923թ. Լոզանում չէին հրաժարվի 1920թ. օգոստոսի 10-ի Սևրի հաշտության պայմանագրի՝ Հայաստանին վերաբերող բաժնից, որով հայկական գերիշխանություն էր հաստատվում Օսմանյան Թուրքիայի հայկական նահանգների վրա՝ դեպի Սև ծով ելքով: Հայաստանի և հայ ժողովրդի շահերն անտեսվեցին նաև 1921թ. Մոսկվայի և Կարսի պայմանագրերով, որոնցով հայերին հատկացվեց չնչին տարածք: Հայաստանը մասնատվեց՝ Կարսի և Արդահանի նահանգները զիջվեցին քեմալականներին: Մյուս կողմից՝ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը կամայականորեն հանձնվեցին Խորհրդային Ադրբեջանի վարչական տնօրինությանը, որով տևական վեճի և կոնֆլիկտի օջախ էր ստեղծվում մեր տարածաշրջանում, որի ականատեսն ենք այսօր: Ցեղասպանության մյուս պատճառը գաղափարախոսական էր: Թուրքական նորածիլ ազգայնամոլությունը ցանկանում էր բազմազգ և բազմամշակույթ վիթխարի կայսրությունը վերածել միադավան և մոնոլիտ թուրքական պետության՝ աչքի առաջ ունենալով իր քաղաքական առաջխաղացումը դեպի Կովկասի և Միջին Ասիայի ընդարձակ և հարուստ տարածքները: Այդ ճանապարհի գլխավոր խոչընդոտները դարձյալ հայերն էին, որ ապրում էին այդ երկու տարածքների միջև, ինչպես նաև Փոքր Ասիան բնակեցնող հույներն ու այլ քրիստոնյաներ: Ուստի կայսրության գերակտիվ երկու տարրերի՝ հույների և հայերի էթնիկական զտումն այլընտրանք չուներ թուրք ազգայնամոլների համար: Այն երկու ժողովուրդների, որոնք կերտողն ու ժառանգորդն են բյուզանդական քաղաքակրթության, որոնք Օսմանյան կայսրության զարգացմանն ու ծաղկմանը նվիրել էին իրենց տաղանդն ու եռանդը: ՀԱՐՑ. Այնուհանդերձ, խոսվում է, թե հայերը բավարար ռեսուրսներ չունեին ինքնուրույն պետություն ստեղծելու համար, ինչպես, ասենք, անկախություն ձեռք բերած՝ կայսրության այլ ժողովուրդները: ՊԱՏԱՍԽԱՆ. Բոլորովին էլ այդպես չէ, և ամենից լավ դա գիտեին թուրքերը, և ոչ միայն նրանք: Դեռևս 17-18-րդ դարերից հայերն ունեին ինքնավարության հաստատման, ընդհուպ մինչև պետականության վերականգնման ծրագիր և սահմանադրություն: Այդ ժամանակներից սկսած ակտիվորեն գործում էին քաղաքական խմբակներ, որոնք 19-րդ դարի երկրորդ կեսին վերածվեցին քաղաքական կուսակցությունների: Դեռևս 16-րդ դարի սկզբներից ստեղծվել էին տպարաններ, գրահրատարակչություն, 18-րդ դարում՝ ազգային մամուլ, որտեղ ծավալվում էին լայն քննարկումներ Հայաստանի և հայ ժողովրդի քաղաքական ճակատագրի և ապագայի վերաբերյալ: Ռուսաստանում և Եվրոպայում պատրաստվում էին տարբեր ոլորտների ուսյալ կադրեր: Տնտեսության և առևտրի մեջ հայերը շատ ակտիվ և ազդեցիկ էին ոչ միայն Օսմանյան և Ռուսական կայսրությունների տարածքների վրա, որտեղ գտնվում էր նրանց պատմական հայրենիքը, այլև Արևմուտքից Արևելք, Հյուսիսից Հարավ ահռելի տարածքների, ուր նրանք իրենց ձեռներեցության շնորհիվ դարձել էին անշրջանցելի գործոն և մեծապես նպաստում էին համաշխարհային առևտրին ու Արևելք-Արևմուտք առևտրատնտեսական կապերի զարգացմանը: Հարավ-արևելյան Ասիայում բանկային համակարգի հիմնադիրներ Սարգիս ընտանիքը, Ռուսաստանում Լազարյան տոհմը, Միջին Արևելքում և Եվրոպայում նավթային մագնատ Գյուլբենկյանները և Եսայանները, Կովկասում Ալեքսանդր Մանթաշովը և ուրիշներ ժամանակի գործարար աշխարհի հայտնի դեմքեր էին: Նրանց ձեռքին էր կուտակվել վիթխարի կապիտալ: Այդ կապիտալը ֆինանսավորում էր հայկական ուսումնական հաստատությունների լայն ցանցը, հոգևոր-մշակութային կենտրոնները, հիվանդանոցներ, երիտասարդական և մարզական հաստատություններ: Հայերը, որպես պետականության ավանդույթներ ունեցող հին ժողովուրդ, ունեին արդյունավետ ինքնակառավարման մարմիններ, ոչ միայն այս երկու կայսրություններում, այլ նաև Արևելքից Արևմուտք իրենց բնակության երկրներում: Նրանցից շատերը զինվորական, դիվանագիտական և վարչական բարձրագույն պաշտոններ էին զբաղեցնում տարբեր երկրներում: Ապագա երկրի ներքին և արտաքին անդորրը պահպանելու համար հայերն ունեին նաև բալկանյան և կովկասյան մարտերում թրծված հմուտ սպայակազմ, զորահրամանատարներ, գեներալներ, շարքային զինվորներ և կամավորական գնդեր, որոնք հետագայում՝ 1-ին և 2-րդ աշխարհամարտերի ընթացքում ցուցաբերեցին իրենց ռազմական հմտությունները: Առկա էր նաև բավարար մարդկային ռեսուրս. ժողովրդագրական առումով հայերը Օսմանյան կայսրությունում և Կովկասում զգալի թիվ էին կազմում և համեմատելի էին մյուս ժողովուրդների հետ, որոնցից ոմանց նույնիսկ գերազանցում էին:Այսինքն, Առաջին համաշխարհային պատերազմից առաջ հայերն ունեին բոլոր նախադրյալները ինքնուրույն պետություն ձևավորելու համար:Դրա վառ ապացույցն այն է, որ 1915-1923թթ. ցեղասպանությունից հետո հայերը կարողացան ոտքի կանգնել և պատմական հայրենիքի մի կտորի վրա կառուցել ժամանակակից զարգացած երկիր: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում հայ զինվորները, գեներալներն ու մարշալներն իրենց անունը փառքով պսակեցին ֆաշիզմի դեմ պայքարի բոլոր ճակատներում: Մեր ժամանակներում նրանց թոռներն անձնուրացորեն պաշտպանում են Արցախի ազատ և անկախ ապրելու իրավունքը: Այսօր Հայաստանն Արցախի և հայկական կազմակերպված ու ազդեցիկ Սփյուռքի հետ միասնություն է կազմում՝ այն հայերի ժառանգները, որոնք 100 տարի առաջ կանգնած էին վերացման եզրին: ՀԱՐՑ. Պարոն Նախագահ, արդեն ավելի քան մեկ դար է անցել Ցեղասպանությունից, և ինչքան էլ կորուստները ծանր լինեն, ոմանք ասում են, որ դա անցյալ է, և պետք է նայել ապագային: ՊԱՏԱՍԽԱՆ. Մեր հայացքն ուղղված է դեպի ապագան, մենք երազում ենք ապագայի մասին, ծրագրում այդ ապագան, ամեն օր աշխատում ապագա կառուցելու վրա: Բայց հիշենք, որ ապագան երեկվա և այսօրվա շարունակությունն է: Մենք շատ հաճախ խոսում ենք մարդկային և նյութական վիթխարի կորուստների մասին: Եվ դա ճիշտ է: 1.5 մլն մարդկային կորուստն էապես ազդեց հայ ժողովրդի հետագա վերարտադրման վրա. նորմալ պայմաններում այսօր պետք է լինեինք ոչ թե 10-12 մլն, այլ առնվազն դրա կրկնակին: Մեկ այլ կարևոր կորուստ, ինչին ձգտում էին իրարահաջորդ թուրք կառավարությունները, հայկական տարրի իսպառ վերացումն էր պատմական հայկական տարածքներից: Այսօր այդ տարածքների վրա այլևս չկան համախումբ ապրող հայեր: Եվ եթե չկան մարդիկ, չկան ուրեմն նրանց լեզուն, սովորույթները, ապրելակերպը, մշակույթը, խոհանոցը, տունուտեղը, որոնցով ձևավորվում է ազգային միջավայրը, կազմվում հասարակություն ու ժողովուրդ: Այսինքն, հայերը Ցեղասպանության հետևանքով զրկվել են իրենց պապենական հողի վրա ապրելու և իրենց կյանքն ու սեփական ապագան տնօրինելու իրավունքից: Եվ նկատի առեք, հայերը նոր ձևավորվող էթնիկական խումբ չէին, այլ՝ աշխարհի հին պետականություն և քաղաքակրթություն ունեցող ժողովուրդ: Ցեղասպանությանը հաջորդած տասնամյակներում Թուրքիայում հետևողականորեն ոչնչացվել են հայերի և հայկական քաղաքակրթության հետքերը: Եվ եթե այսօր մենք արդարացիորեն դատապարտում ենք աշխարհի տարբեր կողմերում ծայրահեղականների կողմից առանձին պատմական հուշարձանների ավերումը, ապա որքա՜ն խստությամբ պետք է դատապարտենք և ժամանակին դատապարտած լինեինք, առնվազն հազարամյակների պատմություն ունեցող մի ողջ ժողովրդի նյութական և մշակութային հուշարձանների ոչնչացումը: Հիմա պատկերացրեք աշխարհով մեկ սփռված փրկված հայերի վիճակը, որոնցից շատերը տասնամյակներ շարունակ, նույնիսկ մինչև անցյալ դարի 40-50-ական թվականները մնացին անհայրենիք՝ ապատրիդ: Ի դեպ, Առաջին աշխարհամարտի ընթացքում թեև հայերը դաշնակից բանակների կազմում, պատվով և անձնազոհությամբ կռվեցին բոլոր ճակատներում՝ Վերդենից սկսած մինչև Պաղեստին, Բրեստից սկսած մինչև Տրապիզոն ու Կովկաս, պատերազմի ավարտից հետո չստացան իրենց երազած հայրենիքը: Այսօր հայերի գրեթե երեք-քառորդն ապրում է տարբեր երկրներում, ամենաբազմազան սովորույթների, հասարակական կարգերի և դավանանքների պայմաններում: Ամենուր հայերը մեծ ջանքեր են գործադրում իրենց ինքնությունը պահպանելու և իրենց իրավունքների մասին խոսելու համար, որից նրանք զրկվել են Ցեղասպանության հետևանքով: ՀԱՐՑ. Որո՞նք են, ըստ Ձեզ, Ցեղասպանության դասերը, և ի՞նչ անելիք ունի մարդկությունը: ՊԱՏԱՍԽԱՆ. Ցավալի է գիտակցել, որ մարդկությունը դասեր չքաղեց Հայոց ցեղասպանությունից, այն մոռացվեց, երկար ժամանակ մնաց չճանաչված ու չդատապարտված, ինչը կարող էր կանխել մարդկության պատմության ընթացքում հետագա նման ոճրագործությունները: Եվ մարդկությունը դրանից հետո նորից ականատես եղավ այլ ցեղասպանությունների: Իմ խորին համոզմամբ, Հայոց ցեղասպանության ճանաչումը ոչ միայն հայերիս համար է, այլ առաջին հերթին այն համամարդկային անանց արժեքների նկատմամբ մոտեցման հարց է, այդ չարիքը կանխարգելելու հարց: Հենց այս գիտակցությամբ է առաջնորդվում Հայաստանը՝ իր քաղաքականության առաջնահերթություններից մեկը սահմանելով ցեղասպանությունների կանխարգելումը և այս ուղղությամբ ակտիվորեն քայլեր ձեռնարկելով ազգային և միջազգային մակարդակներով: Հայաստանի նախաձեռնությամբ ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդը ավանդականորեն ընդունում է ցեղասպանությունների կանխարգելման բանաձևեր, իսկ 2015թ. ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի կողմից դարձյալ Հայաստանի նախաձեռնությամբ ընդունվեց դեկտեմբերի 9-ը Ցեղասպանության զոհերի հիշատակի և արժանապատվության և ցեղասպանության հանցագործության կանխարգելման միջազգային օր հռչակելու մասին բանաձևը: Ուստի Ցեղասպանության ճանաչման հարցը, որ հայերը բարձրացնում են միջազգային հանրության և Թուրքիայի առջև, խիստ այժմեական է: Այն մի քանի բաղադրիչ ունի. hիշողության պարտք, նման ոճրի կանխարգելում ևկրկնության բացառում, հետևանքների վերացում: Կես դար լռությունից հետո 1960-70-ական թվականներին աշխարհն սկսեց կրկին խոսել Հայոց ցեղասպանության մասին. 1965թ. Ուրուգվայն առաջինը ճանաչեց այն: Այսօր աշխարհի բազմաթիվ պետություններ ու միջազգային կազմակերպություններ ճանաչում են Հայոց ցեղասպանությունը, այդ թվում՝ Ֆրանսիան, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Գերմանիան, Իտալիան, Շվեյցարիան, Վատիկանն, արաբական աշխարհում՝ Լիբանանը, Սիրիան: Նրանց թիվը գնալով ավելանում է: Այսօր միջազգային հանրությունը բացարձակ մեծամասնությամբ չի կասկածում Ցեղասպանության եղելության մեջ: Միաժամանակ, անընդունելի է, երբ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը դիտարկվում է Անկարայի հետ տնտեսական կամ քաղաքական այսրոպեական շահերի տեսանկյունից:Այդ դեպքում մենք չենք կարող մի կողմից հայտարարել մարդատյացության, խտրականության, անհանդուրժողականության, հակասեմականության, Հայոց ցեղասպանության ժխտողականության և այլ համամարդկային չարիքների դեմ համատեղ արդյունավետ պայքարի մասին, և մյուս կողմից այդ հարցերի շուրջ «դիվանագիտություն բանեցնել»: Համոզված եմ, որ գլխավորապես հենց այդ սկզբունքներով են առաջնորդվել նաև Հայոց ցեղասպանությունը ճանաչած երկրները և միջազգային կազմակերպությունները, որի համար մենք երախտապարտ ենք նրանց: Երախտապարտ ենք այն երկրներին, որոնք Ցեղասպանությունից հետո իրենց դռները բացել և ապաստան են տվել այդ արհավիրքից փրկվածներին: Երախտապարտ ենք միսիոներներին, ռազմական բժիշկներին ու բուժքույրերին, դիվանագետներին, որբախնամ կազմակերպություններին, դժբախտության մեջ մեր եղբայրներին՝ հույներին, ասորիներին, հրեաներին ու եզդիներին, ինչպես նաև թուրք, քուրդ և արաբ այն ընտանիքներին ու անհատներին, որոնք հաճախ իրենց կյանքն ու ապահովությունը վտանգելով ջարդի դաժան այդ օրերին օգնության ձեռք մեկնեցին ու փրկեցին շատերին: Այլ հարց է Թուրքիայի իրարահաջորդ կառավարությունների դիրքորոշումը՝ խուսափել Ցեղասպանության ճանաչումից և պետական մակարդակով առաջ տանել ժխտողականության քաղաքականությունը: Այսօր միջազգային հանրությունը, քաղաքական և հասարակական գործիչներ, որոնց մեջ՝ նաև բազմաթիվ թուրք մտավորականներ և հանրային գործիչներ հարց են բարձրացնում Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ, հուսալով, որ Թուրքիայի իշխանությունները կառերեսվեն սեփական պատմության ողբերգական էջերի հետ և կշրջեն դրանք: Ցեղասպանության հանցագործությունը վաղեմության ժամկետ չունի: Հայոց ցեղասպանության ճանաչումը Թուրքիայի կողմից և դրա հետևանքների վերացումը անվտանգության երաշխիք են Հայաստանի և հայ ժողովրդի, ինչպես նաև տարածաշրջանի համար: Մենք չենք կարող մոռանալ Հայոց ցեղասպանությունը և չենք կարող հաշտվել դրա հետևանքների հետ: Մենք չենք կարող անտեսել զոհերի և վերապրածների տառապանքները և նրանց սերունդների համար պետք է ապահովենք անվտանգ ու արժանապատիվ ապագա:
11:43 - 27 հունիսի, 2020
Թուրքիայում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող հատուկ կառույց |ermenihaber.am|

Թուրքիայում ստեղծվելու է Հայոց ցեղասպանության հերքմամբ զբաղվող հատուկ կառույց |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի նախագահությամբ կայացած խորհրդատվական բարձրագույն կոմիտեի նիստում որոշում է կայացվել՝ ստեղծել հատուկ մարմին, որը պիտի զբաղվի Հայոց ցեղասպանության հերքմամբ։ Էրդողանի հրահանգավորմամբ նոր կառույցը պետք է զբաղվի Հայոց ցեղասպանության թեմայով նոր մարտավարության մշակմամբ, ինչպես նաև միջազգային հարթակներում այդ թեմայի շուրջ տեղի ունեցող զարգացումներին պատասխան քայլեր կազմելու գործառույթով։ Թուրքական մամուլի տեղեկացմամբ՝ նման գաղափար ծագել էր դեռ 3 ամիս առաջ, երբ ԱՄՆ-ի կոնգրեսի օրակարգ էր բերվել Հայոց ցեղասպանության բանաձևը, իսկ ամերիկյան դատարաններում սկսեցին քննվել Թուրքիայի դեմ հայերի ներկայացրած հայցերը։ Նշյալ կոմիտեի նիստում ընդգծվել է, որ մինչ օրս չկա մեկ միասնական մարմին, որը կզբաղվի Հայոց ցեղասպանության հերքմանն ուղղված փաստերի հավաքամամբ և միասնական քաղաքականության մշակմամբ։ Էրդողանը հրահանգել է հնարավորինս արագ ավարտել նախատեսվող կառույցի ստեղծման աշխատանքները։
11:36 - 23 հունիսի, 2020
Ժխտողականությունն ապագա չունի. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը |armenpress.am|

Ժխտողականությունն ապագա չունի. ՀՀ ԱԳՆ արձագանքը Թուրքիայում Հայոց ցեղասպանության հարցի քննարկմանը |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և ատելության խոսքի դրսևորումներ են, որոնք ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի ամրապնդման վրա: Այս մասին նշեց ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը` Թուրքիայի նախագահի աշխատակազմում Հայոց ցեղասպանության թեմայի արծարծման մասին հարցին ի պատասխան։  -Ինչպե՞ս կմեկնաբանեք այն փաստը, որ Թուրքիայի նախագահի աշխատակազմի բարձրագույն խորհրդատվական մարմինը նիստ է գումարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ, և պաշտոնական հաղորդագրության համաձայն` քննարկել այն գործողությունները, որոնք պետք է իրականացվեն ընդդեմ «1915թ. դեպքերի վերաբերյալ Թուրքիայի դեմ անհիմն պնդումների»։  -Թուրքիայի նախագահի կողմից Հայոց ցեղասպանության արդարացման և դրա զոհերին վիրավորելու հայտարարությունները նորություն չեն և իրենից ներկայացնում են ատելության խոսքի դրսևորումներ, որոնք իրենց ազդեցությունն են ունենում այդ երկրում հայերի հանդեպ այլատյացության մթնոլորտի պահպանման և ամրապնդման վրա: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման հարցը հայ-թուրքական խնդիր չէ, դա Թուրքայի և միջազգային հանրության խնդիրն է: Դա է վկայում Թուրքիայի բազմաթիվ հայտարարությունները և գործողությունները՝ այս կամ այն երկրի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ:Մեզ և միջազգային հանրության համար Հայոց ցեղասպանությունը իրողություն է, որը նաև հիմք է ծառայել Ցեղասպանության դատապարտման և կանխարգելման 1948թ․ կոնվենցիայի մշակման և դրա հիման վրա ներկայումս ցեղասպանությունների և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման մեխանիզմների ներդրման համար: Ժխտողականությունը ապագա չունի, անկախ՝ ով և ինչպես կփաթեթավորի այն։ Որքան էլ Թուրքիայի իշխանությունները ջանքեր գործադրեն ճնշելու ճշմարտությունը, ամեն դեպքում ճշմարտությունը հարթել և հարթելու է իր ճանապարհը։ 
09:30 - 18 հունիսի, 2020
Ուկրաինայի հայերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավոր տարբերակները |hetq.am|

Ուկրաինայի հայերը քննարկել են կորոնավիրուսի դեմ պայքարում Հայաստանին օգնություն ցուցաբերելու հնարավոր տարբերակները |hetq.am|

hetq.am: Օդեսայում կայացած համաժողովի ժամանակ Ուկրաինայի Հայերի միությունը քննարկել է ներքին կազմակերպչական եւ տարածաշրջանային համայնքների հարցերը, ինչպես նաեւ Հայաստանին օգնելու հնարավոր տարբերակները, հաղորդում է AnalitikaUA.net-ը։ Հունիսի 5-ին Օդեսայում կայացել է Ուկրաինայի Հայերի միության (ՈւՀՄ) համաժողովը՝ կազմակերպության ղեկավար Վիլեն Շատվորյանի մասնակցությամբ։ Միջոցառմանը մասնակցել է Հայ Առաքելական եկեղեցու Ուկրաինական թեմի ղեկավար եպիսկոպոս Մարկոս Հովհաննիսյանը, ՈւՀՄ նախագահի տեղակալները, հանձնաժողովների ղեկավարներ, կազմակերպության ներկայացուցիչներ, ինչպես նաեւ տարածաշրջանում հայ համայնքների ղեկավարներ։ Հիմնականում քննարկվել է պանդեմիայի կապակցությամբ հայտարարված կարանտինի պայմաններում տարածաշրջանային համայնքների գործառնությունը, կարիքավորներին հումանիտար օգնության ցուցաբերումը, բուժանձնակազմին եւ կորոնավիրուսի դեմ պայքարում ներգրավված այլ կառույցներին աջակցությունը։ Մասնակիցները մանրամասնորեն քննարկել են Երեւանում զբոսայգու կառուցումը, Կիեւ-Երեւան-Կիեւ ավիաթռիչքի կազմակերպումը, «Ուկրաինա-Հայաստան․ պատմություն, մշակույթ, զբոսաշրջություն» գիտական հավաքածուի հրատարակումը, Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված միջոցառումները։ ՈւՀՄ ղեկավար Վիլեն Շատվորյանը իրազեկել է ներկաներին համապատասխան կառույցների հետ Հայաստանին օգնություն ցուցաբերելու տարբերակների մասին խորհրդակցությունների վերաբերյալ նոր տիպի կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում։ Ինչպես հայտնի է, Ուկրաինայում Հայերի միությունը պարբերաբար անցկացնում է եռամսյակային եւ արտագնա հանդիպումներ երկրի տարբեր տարածաշրջանների ներկայացուցիչների հետ արդի խնդիրները քննարկելու համար։
19:12 - 07 հունիսի, 2020
Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ |armtimes.com|

Կոլորադոյի Ներկայացուցիչների պալատը միաձայն ընդունել է դպրոցներում Հայոց ցեղասպանության ուսուցման մասին օրինագիծ |armtimes.com|

armtimes.com: ԱՄՆ Կոլորադո նահանգի Ներկայացուցիչների պալատը հինգշաբթի միաձայն ընդունել է պետական դպրոցներում Հայոց ցեղասպանության և Հոլոքոստի ուսուցման վերաբերյալ 1336-րդ օրինագիծը, գրում է asbarez.com-ը։ Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA) շնորհակալություն է հայտնել Ներկայացուցիչների պալատի անդամներ Դաֆնա Ջենեթին և Էմիլի Սիրոտային, սենատորներ Սթիվ Ֆենբերգին և Դենիս Հիսեյին, ինչպես նաև պալատի անդամ Դանեյա Էսգարին և սենատոր Դոմինիկ Մորենոյին՝ այս օրինագծին աջակցելու և այդ գործընթացում հայ համայնքին ներգրավելու համար։ Կոլորադոյի նահանգի Ներկայացուցիչների պալատի դեմոկրատ անդամ Դանեյա Էսգարը Twitter-ում հայտնել է, որ «երբեք չէր լսել Հայոց ցեղասպանության մասին, մինչև որ այդ մասին իրեն պատմել է հայ ընկերը»։ Կարդալ ավելին՝ armtimes.com-ում։ 
14:36 - 06 հունիսի, 2020
Ուկրաինայի Ռադայի պատգամավորը կոչ է արել ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը |armenpress.am|

Ուկրաինայի Ռադայի պատգամավորը կոչ է արել ստորագրել Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրագիրը |armenpress.am|

armenpress.am: Ուկրաինայի Ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության պատգամավոր Արտյոմ Դմիտրուկը կոչ է արել ստորագրել 1915-1922թթ. Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ «Մոնս Պիուս» հասարակական կազմակերպության ղեկավար Սուրեն Պետրոսյանի նախաձեռնած խնդրագիրը: Ինչպես հայտնում է AnalitikaUA.net-ը, այս մասին Դմիտրուկը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում: «Հայոց ցեղասպանությունը ճանաչվել է աշխարհի մի շարք երկրների ու միջազգային կազմակերպությունների կողմից: Եվ ինձ համար անհասկանալի է, թե ինչու մեր երկիրը դրանց թվում չէ»,- գրել է Դմիտրուկը: Պատգամավորը նաև ընգծել է խնդրագրի կարևորությունը Ուկրաինայում բնակվող հայկական սփյուռքի համար: «Որպես Հայաստանի Հանրապետության հետ միջխորհրդարանական կապերի խմբի ղեկավար, ես մշտապես շփվում եմ հայ ժողովրդի ներկայացուցիչների և հետ հրաշալի հասկանում եմ, թե որքան կարևոր է Ուկրաինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը: Չի կարելի անտարբերության մատնել և փակել աչքերը մեր եղբայր ժողովուրդների պատմության նման արյունալի էջերի վրա»,- նշել է պատգամավորը:
17:31 - 30 մայիսի, 2020
Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Չեխիայի խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն ընդունել է Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձև․ այս մասին հայտնում է Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի վարչությունը։ «Մայիսի 20-ին Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատն իր լիագումար նիստում միաձայն ընդունեց Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխի կողմից ներկայացված բանաձև, որը նվիրված էր Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակին և երկու աշխարհամարտերի ընթացքում մարդկության դեմ գործած ոճրագործությունների, այդ թվում՝ Հայոց ցեղասպանության դատապարտմանը։ Բանաձևի հեղինակ, Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի փոխնախագահ Միլան Շտյեխը դեռևս 2019-ի մայիսի 6-ին Հայաստան կատարած այցի ընթացքում Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի ընդունելության ժամանակ էր շեշտել, որ Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումն իրենց օրակարգում է: «Ես վստահ եմ՝ այն, ինչ տեղի է ունեցել 1915 թվականին Օսմանյան կայսրությունում, ցեղասպանություն է»,-իր խոսքում նշել էր Միլան Շտյեխը` հավաստիացնելով, որ ջանքեր է գործադրելու` այդ փաստը Չեխիայի Սենատի կողմից ևս ընդունելու ուղղությամբ: 2019թ. հոկտեմբերին էլ Չեխիա կատարած այցի ժամանակ Ազգային ժողովի պատգամավոր, Հայաստան-Չեխիա խորհրդարանական բարեկամական խմբի ղեկավար Գայանե Աբրահամյանը ևս Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի կողմից Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունման հարցն էր բարձրացրել և հիմնական քննարկումը ծավալվել էր Հայոց ցեղասպանության փաստը Սենատի կողմից ընդունելու հարցի շուրջ և Սենատի փոխխոսնակները հայտնել էին, որ նախաձեռնելու են առաջիկա տարվա ընթացքում Ցեղասպանությունը դատապարտող բանաձևի ընդունումը»,- ասված է հաղորդագրությունում։
18:48 - 22 մայիսի, 2020
Իսպանիայում սենատորներ և օտարերկրացիներ են հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

Իսպանիայում սենատորներ և օտարերկրացիներ են հարգել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը |armenpress.am|

armenpress.am: Իսպանիայում Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված առցանց միջոցառումներին միացել են սենատորներ, ներկա և նախկին քաղաքական գործիչներ և օտարերկրացիներ։ Այս մասին ասաց Իսպանիայի Բարսելոն քաղաքի «Հայկական մշակութային միության» ատենապետ Տաթև Սուլյանը։ «Նախատեսված միջոցառումներին մասնակցել են հայեր և Իսպանիայում բնակվող այլ քաղաքացիներ։ 105-րդ ամյակի համար պատրաստված պաստառով նկարվողների թիվը գերազանցել է 450-ը, իսկ հեշթեգը տարածողների թիվը եղել է ավելի։ Առցանց միջոցառումներին ու արշավին միացել են սենատորներ, քաղաքական նախկին և ներկա գործիչներ։ Մեր հայրենակից Արա Մալիքյանը հայերենով և իսպաներենով ուղերձ է հղել և առցանց երաժշտական ելույթով հանդես եկել»,- ասաց Սուլյանը։ Տաթև Սուլյանը նշեց, որ միջոցառումներին միացել են նաև պաշտոնյաներ տարբեր երկրներից։ «Միլանից միացել էր պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն, իսկ Հայաստանից` ԱԺ Հայաստան-Իսպանիա բարեկամական խմբի ղեկավար Սոս Ավետիսյանը։ «Թվիթեր»-ով իրենց զորակցությունն են հայտնել Կատալունիայի ինքնավար մարզի նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնը, ինչպես նաև տարբեր գործիչներ, մտավորականներ, դասախոսներ և ակտիվիստներ։ Հատուկ ուղերձով հանդես եկավ ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը»,- նշեց Տաթև Սուլյանը։ Շարունակությունը՝ armenpress.am-ում։
20:04 - 25 ապրիլի, 2020
ՀՀ-ն պարտավորություն ունի ցեղասպանության կանխարգելման օրակարգում ներդրում ունենալու. Մնացականյան

ՀՀ-ն պարտավորություն ունի ցեղասպանության կանխարգելման օրակարգում ներդրում ունենալու. Մնացականյան

ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերության «Օրվա հերթապահը» հաղորդաշարին։ Հարց․ Պարո՛ն Մնացականյան, Դուք ասացիք, որ Ձեր պապը, տատը Վանից և Բիթլիսից են, և Դուք, ինչ-որ առումով, նաև ցեղասպանություն վերապրածների ժառանգ եք: Ինչպիսի՞ն են Ձեր զգացմունքները։ Զոհրաբ Մնացականյան. Զգացմունքները բավական շատ են: Եվ ամենակարևոր զգացումն ինձ համար, առավել ևս երբ մոտենում էր Ցեղասպանության 100-ամյակը, ավելի շատ հաղթողի զգացում էր: Այո՛, և դա ինձ համար պատգամներից մեկն է այսօր:  Իրականում, այս օրվա պատգամները շատ են: Առաջինը, որ 105 տարի անց արդեն ցեղասպանությունը վերապրածների չորրորդ-հինգերորդ սերունդներն են նույն վճռականությամբ պահանջում արդարություն: Մենք բոլորս՝ որպես մեկ միասնական ազգ, պահանջում ենք արդարություն, պահանջում ենք ճանաչում: Սա արտահայտում է ցեղասպանության այդ ոճրի խորությունը, մի ամբողջ ժողովրդի հասցված վնասի խորությունը, որովհետև ժխտված արդարությունը շարունակում է մնալ բավական խորը վերք և վնաս մի ամբողջ ժողովրդի համար:  Մյուս պատգամն այն է, որ 105 տարի առաջ ենթադրվում էր, որ հայ ժողովուրդը պետք է բնաջնջված լիներ: Այսօր ինքնավստահ, իր քաղաքակրթությունը, պատմությունը, իր ուժը, իր կարողությունն ի ցույց դնելով աշխարհին, վերապրել ենք մենք ցեղասպանությունը, վերապրել ենք բոլոր այն տեղերում, որտեղ մեր հայրենակիցներն ապրում են, և վերապրել ենք մեզ մոտ, այստեղ՝ մեր հայրենիքում՝ ևս ստեղծելով մեր պետականությունը, վերականգնելով մեր անկախությունը:  Երրորդ կարևոր պատգամն այն է, որ պետականությունը չափազանց կարևոր գործիք է մեր ազգային ինքնությունը պաշտպանելու համար, և պետությունը, պետության հզորությունն ամենակարևոր, հզոր զենքերից մեկն են մեր ձեռքում:  Պետրոս Ղազարյան. Պարո՛ն նախարար, ի՞նչ ենք մենք անում ազգային և միջազգային մակարդակով կանխարգելելու համար. սա ամենակարևոր խնդիրն է, որ «realpolitik»-ի ռեժիմով դրված է մեր առջև:  Զոհրաբ Մնացականյան. Գիտեք, և դա միգուցե նույնպես օրվա պատգամներից մեկն է, թե իր դաժանությամբ որքան խորն է ցեղասպանության այդ ոճիրը, այդ հանցագործությունը. Դա գուցե հանցագործություն է, որը շատ հաճախ չի իրագործվում, բայց դրա հետևանքներն այնքան խորն են, որ դրա կանխարգելումը չափազանց կարևոր ազգային և միջազգային օրակարգի հարց է: Եվ մենք՝ որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, ունենք այդ պարտավորությունը՝ առաջ տանելու այդ օրակարգը՝ որպես պետություն, որպես միջազգային համայնքի անդամ, որպես պետությունների ընտանիքի անդամ, ՄԱԿ-ի անդամ: Մենք պարտավորություն ունենք առաջ տանելու և մեր կողմից մեր ներդրումն ունենալու ցեղասպանության կանխարգելման օրակարգի մեջ: Եվ Հայաստանի Հանրապետության համար, Հայաստանի արտաքին քաղաքականության մեջ այդ հարցը կարևորագույն օրակարգային հարցերից մեկն է, և հետևողական աշխատանքի առարկա է:  Մենք արդեն քսաներկու տարի է, ինչ ՄԱԿ-ի շրջանակներում առաջ ենք տանում ցեղասպանությունների, ոճիրների, զանգվածային ոճրագործությունների կանխարգելման  օրակարգը: 1998թ. մեր լուսահոգի բարեկամ և գործընկեր Աշոտ Մելիք-Շահնազարյանն առաջին անգամ նախաձեռնեց, որ ՄԱԿ-ում ընդունվի բանաձև՝ նվիրված Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին կոնվենցիային... Պետրոս Ղազարյան. Ողջ աշխարհո՞ւմ..  Զոհրաբ Մնացականյան. Այո՛, բանաձև ընդունվեց, որը հիշատակում էր 1948թ. դեկտեմբերի 9-ին ընդունված կոնվենցիայի հիսունամյակը. այդ պահից է սկսում Հայաստանի դիվանագիտության աշխատանքը՝ խորացնելու, ամրապնդելու կանխարգելման օրակարգը միջազգային օրակարգում: Արդեն 2008թ. մենք բանաձևը վերադասավորում ենք այնպես, որ ուշադրությունը տրվում է կանխարգելման օրակարգին, սկսում ենք խորացնել այդ գաղափարախոսությունը և մեր ներդրումն ունենալ՝ ուժեղացնելու կարողությունները, միջազգային համագործակցության գործիքակազմը, իրավական, գործնական բոլոր այն հնարավոր գործիքակազմը, որն ուղղված է կոնկրետ ցեղասպանությունների կանխարգելմանը: «Այլևս երբեք» կարգախոսը բավական տարածված է, բայց քանի՞ անգամ պետք է ասենք՝ «Այլևս երբեք», որովհետև ցեղասպանությունները չեն վերացվել, ցեղասպանության վտանգը չի վերացվել. այն սկսում է ատելությունից, ատելության խոսքից, մարդու իրավունքների խախտումներից, խտրականությունից, և դրա ծավալումը բերում է ցեղասպանության հանցագործության իրականացմանը:  Ցեղասպանությունը հնարավոր է կանխարգելել, վաղ շրջանում տեսնել այն միտումները, որոնք եթե չկանխվեն, կարող են արդեն հանգեցնել ոճրագործության: Եվ այդ առումով է, որ մենք շարունակաբար աշխատում ենք միջազգային հանրության մեր բազմաթիվ գործընկերների հետ, լինեն դա պետություններ, փորձագիտական խմբեր, ՄԱԿ-ի հատուկ մեխանիզմներ, տարբեր մարմիններ, ակադեմիական շրջանակներ. մենք բոլորս միասին համախմբում ենք այդ աշխատանքը՝ ուժեղացնելու կարողությունները:  Կանխարգելումը սկսում է ազգային մակարդակից, բայց միջազգային համագործակցությունը չափազանց կարևոր է այդ առումով: Մենք այս տարիների ընթացքում այստեղ՝ Հայաստանում, ստեղծել ենք միջազգային համագորրծակցության համար հարթակ, որը ցեղասպանությունների կանխարգելմանը նվիրված գլոբալ ֆորումն է: Այս տարի մենք նախատեսում ենք անցկացնել չորրորդ ֆորումը, որը տեղի կունենա դեկտեմբերին: Մենք Մարդու իրավունքների խորհրդի անդամ ենք, և մենք նախատեսում ենք մեր նորոգված բանաձևը կրկին ընդունել Մարդու իրավունքների խորհրդում: Շատ շուտով այդ գործընթացը կավարտվի:     Պետրոս Ղազարյան. Պարո՛ն Մնացականյան, ցեղասպանության ճանաչումը, որպես կանխարգելման մի մաս, մենք դիտարկում ենք բարոյակա՞ն հարթակում, պատմակա՞ն արդարության հարթակում, զոհերի հիշատակը հարգելու հարթակում, թե՞ նաև որպես անվտանգության երաշխիքի: Այսինքն` քանի չի ճանաչվել, այդ թուրն այնտեղ կախված է: Զոհրաբ Մնացականյան. Այդ ամենը, միասին վերցրած, իմաստավորում է ճանաչման կարևորությունը, նշանակությունը: 2015թ. Մարդու իրավունքների խորհրդում, այնուհետև ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայում Հայաստանի կողմից նախաձեռնվեց և Գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև, որը հռչակեց դեկտեմբերի 9-ը` Կոնվենցիայի ընդունման օրը, որպես Ցեղասպանությունների զոհերի արժանապատվության և հիշատակի միջազգային օր: Դա շատ կարևոր է, որպեսզի ստեղծվեր ևս մեկ հնարավորություն, ևս մեկ հարթակ՝ անդրադառնալու կանխարգելման օրակարգին:  Զոհերի արժանապատվության և հիշատակի օրվա ամրագրումը շատ կարևոր է այն առումով, որովհետև սա վերաբերում է արդարությանը, որովհետև զոհերն արժանապատվություն ունեն, զոհերը մարդկանց հավաքական ինքնության այն հատվածն են, որը բնաջնջված է: Եթե մենք չենք հարգում զոհերին, եթե մենք ժխտում ենք արդարությունը, մենք ուժեղացնում ենք անպատժելիությունը: Անպատժելիությունը նշանակում է, որ նոր ցեղասպանությունը հնարավոր է: Հայոց ցեղասպանության չճանաչումը այդ առումով է, որ հանդիսանում է վտանգ մեզ համար, որովհետև անպատժելիությունը ներառում է ցեղասպանության կրկնման վտանգ:  Պետրոս Ղազարյան․ Պարո՛ն նախարար, Դուք նոր մի հետաքրքիր միտք ասացիք, որ աշխարհում այսօր էլ այդ վտանգը կա։ Շատ կարևոր է այս պարագայում պատմական հիշողությունը դիվերսիֆիկացնել ռեալ քաղաքականությամբ։ Մենք տեսանք Բեռլինի կոնֆերանսը, տեսանք շատ միջազգային երաշխիքներ այն ժամանակ, խոստումներ։ Երբ եկավ X պահը, մենք տեսանք, որ մենակ ենք կանգնած այդ արհավիրքի առջև։ Բոլոր գերտերություններն ունեն իրենց շահերը, այսօր էլ նրանք ունեն իրենց շահերը։ Այդ պատմական հիշողությունից մենք քաղաքական հետևություն, որպես էլի ռեալ քաղաքականության գործիք, արել ենք, թե՞ ոչ։  Զոհրաբ Մնացականյան․ Կարծում եմ, որ երբ Դուք անդրադարձաք երաշխիքներին նախանցյալ դարի՝ Բեռլինյան կոնֆերանսին, և երբ Դուք անդրադարձաք այդ երաշխիքներին, հիշենք, որ հայ ժողովուրդն այն ժամանակ պետականություն չուներ. այսօր մենք ունենք պետականություն։ Պետականությունն այսօր չափազանց հզոր գործիք է մեր ձեռքում՝ պաշտպանելու, ամրապնդելու մեր ինքնությունը՝ լինելով ինքնուրույն սուվերեն միավոր միջազգային հարաբերություններում։  Այդ հզոր գործիքակազմի օգտագործումը պաշտպանության կարևոր գործիք է։ Բայց նորից անդրադառնամ նրան, որ հզոր պետությունը, ուժեղ պետությունը, մեր ներքին հզորությունն էլ ավելի ամրապնդում է մեր կարողությունը՝ պաշտպան լինելու սուվերենությանը՝ որպես պաշտպանություն մեր ազգային ինքնության և մեր անվտանգության։ Բայց մենք նաև հասկանում ենք, որ, այո՛, միջազգային հարաբերություններում բավական տարբեր գործընթացներ են տեղի ունեցել, տեղի ունենում և տեղի ունենալու, և այդ առումով որպես միջազգային հանրության անդամ, որպես միջազգային պետությունների ընտանիքի անդամ, մեզ համար որպես պետություն, հաշվի առնելով մեր չափերը, համագործակցությունը չափազանց էական նշանակություն ունի։ Դիվանագիտությունը, միջազգային հարաբերություններում ներգրավումը, բազմակողմանիությունը, այս ամենը նույնպես չափազանց էական գործիքներ են մեզ համար՝ ապահովելու, համալրելու մեր անվտանգային կարողությունները։   Պետրոս Ղազարյան․ Ես ճի՞շտ հասկացա, որ, պետություն ասելով, Դուք նկատի ունեք, որ մենք գիտենք, որ այդ պահերին մենք ենք մեզ փրկելու։ Հզոր պետություն, հզոր բանակ. դրանք են մեր միակ կարևոր երաշխիքները։ Զոհրան Մնացականյան. Միանշանակ, հզոր բանակ, հզոր պետություն, հզոր պետական ինստիտուտներ, հզոր քաղաքացիական հասարակություն, հզոր համազգային համախմբվածություն. այս ամենը պետության, մեր համազգային կարողություններն են։ Մենք ունենք նաև բազմաթիվ այլ կարողություններ, բազմաթիվ այլ ազգային ինստիտուտներ՝ մեր պետության շրջանակներում: Չափազանց էական նշանակություն ունեն նաև մեր սփյուռքի կարողություններն ինստիտուցիոնալ առումով, որովհետև մեր սփյուռքը տարբերվում է հենց նրանով, որ դրանք ոչ միայն հավաքական գաղթօջախներ են, այլ ինստիտուցիոնալ կարողություններ ունեցող գաղթօջախներ են, որոնք է՛լ ավելի ամրապնդում են համախմբվածությունը։ Եվ այս ամենը արվում է մեր ներքին համազգային բանավեճի միջոցով, մեր ներուժը ներդնելու, մեր հավաքական կարողություններն ամրապնդելու միջոցով։ Կարծում եմ՝ սա բոլորիս համար համազգային օրակարգ է։   Պետրոս Ղազարյան. Պարո՛ն նախարար, երբ նայում ենք երկար տարիներ Հայաստան-Թուրքիա չեղած փոխհարաբերություններին, մեր դիրքորոշումը միշտ եղել է այսպիսին, որ մենք մի քիչ ավել, մի քիչ պակաս, բայց մոտավորապես, եթե ընդհանրացնենք ձևակերպումը, Հայաստանը պատրաստ է առանց նախապայմանների Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորել։ Թուրքիան օր օրի ավելացնում է նախապայմանները. է՛լ Արցախ, է՛լ պատմաբանների խումբ, մի օր՝ տարածքներ։ Օր օրի նրանց ախորժակը, այսպես ասած, ռեգլամենտը շատանում է, Հայաստանը միշտ շարունակում է պնդել, որ մենք պատրաստ ենք առանց նախապայմանների։ Եթե նայում ենք շարունակական այս քաղաքականությունը, որևէ դրական ձևով դա չի ազդում Թուրքիայի վարքագծի վրա։ Գուցե, ժամանակն է՝ Հայաստանը նույնպես փոխի այս երկար տարիների քաղաքականությունը, քանի որ արդյունավետության տեսանկյունից եթե նայում ենք, թուրքերը միայն խստացնում են իրենց դիրքորոշումները և փորձում են նաև այլ տեղեր, այլ հարցերի մեջ ներգրավվել։  Զոհրաբ Մնացականյան. Քաղաքականության մեջ յուրաքանչյուր քայլ սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկի արդյունք պետք է լինի, և այդ մոտեցմամբ էլ մենք մոտենալու ենք հարաբերություններին։ Բացի նրանից, որ մենք ապրում ենք այդ ժխտված արդարության պայմաններում, դրան ավելանում են նաև այլ քայլեր Թուրքիայի կողմից, որոնք էլ ավելի խորացնում են խնդիրը. դա և՛ փակված սահմանն է, և՛ անվերապահ աջակցությունն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարցում։ Բոլոր այս հանգամանքները միասին վերցրած մեզ համար հանդիսանում են սպառնալիք, և մենք այդ սպառնալիքին անդրադառնում ենք այնպես, ինչպես պետք է անդրադառնա պետությունը. սառնասիրտ և հավասարակշռված հաշվարկով մենք ապահովում ենք մեր ազգային անվտանգությունը։ Յուրաքանչյուր քայլ մենք անում ենք այնպես, ինչպես անհրաժեշտ է մեր ազգային շահի համար։ Պետրոս Ղազարյան․ Այսօր Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալըմն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին, կրկնել է իրենց ողջ բառամթերքը, որ այսքան տարի կրկնում են, ինչպես նաև անդրադարձել է 2009թ․ արձանագրություններին։ Նա ասել է, որ Արցախի հարցի լուծման քաղաքական-տնտեսական կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղությանը և կայունությանն ուղղված սա մեր կողմից քայլ էր, որ  Հայաստանը մերժեց։ Իրենք փորձում էին դա անել, այդ քայլը, և Հայաստանը մերժեց այդ առաջարկը։ Զոհրաբ Մնացականյան․ Գիտեք, այս խեղաթյուրված մեկնաբանությունը քննարկելը, կարծում եմ, նույնիսկ պատիվ չի բերում մեզ, որովհետև շատ լավ գիտենք պատմությունը: Հայաստանն իր կողմից ներդրում էր կատարել, որպես պետություն, որը ներկայացնում էր ցեղասպանություն վերապրած ժողովուրդ, իր կողմից ներդրում էր կատարել՝ այդ գործընթացը մինչև վերջ տանելով առաջ։ Եվ Դուք շատ լավ հիշում եք, որ դա շատ համազգային, խորը և շատ դժվար քննարկումների առարկա էր։ Եվ այդ ամենն իրականացնելով՝ մենք ինչի՞ն հանգեցինք։ Հանգեցինք նրան, որ Թուրքիան, իրականում, ուղղակի պատուհանից դուրս նետեց այդ ամենը։ Եվ սա նորից ի ցույց է դնում այն, որ այդ վտանգը խորքային է։ Եվ մնացած այդ մեկնաբանությունները, որ արվել են, արդեն համադրում են, ավելի են խորացնում ժխտողականությունը, որովհետև ժխտողականությանը նաև միանում է ցեղասպանության արդարացումը։ Այդ ամենը միասին դառնում է անպատժելիություն և վտանգ։ Պետրոս Ղազարյան. Դուք ասացիք, որ Հայաստանն աշխարհում, ՄԱԿ-ում, տարբեր միջազգային կառույցներում աշխատում է։ Պարո՛ն նախարար, մենք ապրում ենք 21-րդ դարում. տեխնոլոգիաներ, մարդու իրավունքներ, մարդիկ գրագետ են, ավելի լուսավոր են, մենք ունենք տարբեր միջազգային կառույցներ, գլոբալիզացիա և այլն, բայց Դուք ասում եք, որ նույնիսկ հիմա հնարավոր է ցեղասպանություն: Ինչպե՞ս, պարո՛ն նախարար։ Մենք ապրում ենք մարդու իրավունքների դարում, մենք ապրում ենք ինֆորմացիոն դարում, եթե առաջ շատ հեշտ էր կոծկել, և անհատների հերոսություն էր պետք, ինչպես մենք տեսանք 20-րդ դարի սկզբին, որոնք մարդկանց ասացին այդ մասին, ընդ որում ոչ միանգամից դա ստացվեց։ Հիմա առաջին ինֆորմացիան ողջ աշխարհը մի րոպե հետո իմանում է: Ինչպե՞ս է դա հիմա հնարավոր։  Զոհրաբ Մնացականյան։ Իհարկե, ողջունում եմ Ձեր լավատեսությունը, բայց մարդու իրավունքների պաշտպանությունը մնում է բավական կարևոր հարց ազգային և միջազգային օրակարգերում։ Մենք, եթե փոքր-ինչ հիշենք, Բալկաններում ցեղասպանություն եղել է մեր օրոք, Ռուանդայում ցեղասպանությունը եղել է մեր օրոք, որ տարբեր ցեղասպան միտումներ ունեցող զարգացումներ տեղի են ունեցել վերջերս։ Այդ ռիսկերը, այդ վտանգները, երբ մարդու իրավունքները հիմնվում են խոցելի խմբերին թիրախավորելու վրա, ազգային, կրոնական հիմքերի վրա հիմնված խտրականությունը, ատելությունը. այդ ամենը տեղի են ունենում, և օրինակները քիչ չեն։ Եթե չկանխվեն, դրանք կարող են հանգեցնել բուն ցեղասպանության հանցագործության իրագործմանը։ Նորից եմ կրկնում, չմոռանանք, որ եղել են ցեղասպանություններ, որոնք տեղի են ունեցել մեր օրոք։  Պետրոս Ղազարյան. Պարո՛ն նախարար, գաղտնիք չէ, որ աշխարհը շարժում են շահերը, բոլորը՝ գերտերությունները և փոքր տերությունները, շարժվում են շահերով, և հենց այդ տրամաբանության մեջ է, որ ցեղասպանությունները հնարավոր են լինում. մեկը լռում է, մեկը գաղտնի աջակցում է, մեկը զբաղված է: Վերջիվերջո, սա արժեքային համակարգի խնդիր է, և աշխարհն այսօր փոխվել է թե՞ ոչ: Զոհրաբ Մնացականյան. Առավել ևս հիմա, մենք վերապրում ենք մի շրջան, երբ մեկ համավարակ մարտահրավեր է ամբողջ աշխարհի համար և խարխլում է բավական հիմքեր, որոնց վրա մենք կառուցել ենք մեր միջազգային կյանքը, միջազգային համագործակցությունը: Այո՛, այդ առումով աշխարհն այսօր անցնում է բավական լուրջ փորձություն: Որքանով մենք կարող ենք աշխատել միասին համագործակցային ձևով այս համավարակի համատեքստում, ինչպես ենք մենք աշխատելու միասին համավարակից հետո, երբ իրավիճակը կվերադառնա քիչ թե շատ բնականոն պայմաններին: Մեր արտաքին քաղաքականության մեջ, մեր միջազգային օրակարգում հիմքում եղել և մնում է արժեքային, համագործակցային մոտեցումը: Ոչ մի երկիր միայնակ չի կարող աշխատել բազմաթիվ այն մարտահրավերների դեմ, որոնք գլոբալ բնույթի են: Առավել ևս մեր նման երկրների համար համագործակցությունն առավել քան կարևոր գործիք է: Սա փորձություն է, մարտահրավեր: Եվ այո՛, ճիշտ եք ասում, որ շահերի վրա հիմնված աշխարհն ունի իր տրամաբանությունը, որտեղ համագործակցությունը կարող է ստանալ այդ մարտահրավերը, երբ խարխլված է համագործակցային ոգին, և նեղ շահն ի հայտ է բերում լրացուցիչ մարտահրավերներ: Սա խնդիր է: Եվ սրան պետք է առերեսվել: 
12:48 - 25 ապրիլի, 2020
Ծիծեռնակաբերդում մոտ 180 լուսային սարք է օգտագործվել. ովքեր են հուշահամալիրի լուսային ձեւավորման գաղափարի հեղինակները |armtimes.com|

Ծիծեռնակաբերդում մոտ 180 լուսային սարք է օգտագործվել. ովքեր են հուշահամալիրի լուսային ձեւավորման գաղափարի հեղինակները |armtimes.com|

armtimes.com: Ծիծեռնակաբերդի լուսային ձեւավորումը, որի ականատեսը եղանք երեկ երեկոյան, հուզեց ու տպավորեց շատ քաղաքացիների: Մտահղացման հեղինակն ու իրակացնողը C-squared թիմն է: Անձրեւը, մթությունը, լուսային էֆեկտներն ու հուշահամալիրը նրանց մեջ խոր զգացմունքներ են առաջացրել: C-squared թիմի համար, այս աշխատանքը կատարելու հնարավորությունը փոքր երազանք էր, որին տարիներով են սպասել։ Երազանքը, որ տարիներ անց պիտի կատարվեր Աշխատանքը շատ պատասխանատու էր։ Այսօր մարդիկ զրկված են հուշահամալիր այցելելու հնարավորությունից, եւ անհրաժեշտ էր, որ արտակարգ իրավիճակի պայմանները չխախտվեին, միեւնույն ժամանակ ինչ-որ մի ձեւով անմեղ զոհերին հարգանքի տուրք մատուցվեր, ամեն ինչը հիշվեր, չմոռացվեր: Այդ օրն առաջացած զգացողությունների, աշխատանքի ու մտահղացման մասին մեզ հետ զրույցում պատմեց C-squared-ի հիմնադիր Կառլեն Մադոյանը։ «Պարտավորեցնող, էմոցիոնալ մեծ պատասխանատվություն կար մեզ վրա, ոնց որ ստացվեց այն, ինչ ուզում էինք»,- ասաց նա։ Եղանակն ամեն կերպ փորձել է խանգարել աշխատանքին: Ըստ Կառլեն Մադոյանի, մի քանի տասնյակ նվիրյալներ օր ու գիշեր աշխատել են՝ տեղադրել լուսային սարքերը։ Նրա խոսքով՝ թեեւ աշխատելիս եղանակային պայմանները խանգարեցին, սակայն լույսերը միացնելուն պես՝ ավելի տպավորիչ պատկեր ստեղծվեց։ Հետո էլ հետաքրքիր դրվագի ականատես եղան․ անձրեւի ժամանակ կարծես լույսի կաթիլներ իջնեին, շատ են տպավորվել տեսարանով։ «Նախորդ օրը փորձի ժամանակ էլ էր դժվար, բայց շատ գեղեցիկ էր․ ամպերը կուտակված էին, կայծակ կար կողքից»,- պատմեց Կառլենն՝ ընդգծելով, որ երեկ տեղի ունեցածը ոչ ստանդարտ նախագիծ էր, որ, փառք Աստծո, իրականացավ։ Մտահղացման հեղինակը Կարեն Վարդանյանն է։ C-squared-ն այն ցանկանում էր դեռեւս 2015 թվականին իրագործել՝ Հայոց ցեղասպանության հարյուրամյակի տարելիցին: Տարիներ առաջ չի հաջողվել իրագործել ու թիմակիցների համար երազանք է դարձել, ու վերջապես ստացվեց այն իրականացնել։ Շարունակությունը՝ armtimes.com կայքում։
00:09 - 25 ապրիլի, 2020