Նիկոլ Փաշինյան

Նիկոլ Վովայի Փաշինյան, ՀՀ գործող վարչապետն է։ ՀՀ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։

Ծնվել է 1975 թվականի հունիսի 1-ին՝ Իջեւան քաղաքում։ 1999-2012 թվականներին եղել է քաղաքական ուղղվածության «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիրը, 2012 թվականի մայիսի 6-ից մինչեւ վարչապետի պաշտոնում ընտրվելը՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր` ընդդիմադիր «Ելք» խմբակցությունից։ Որպես կուսակցական գործիչ համարվում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, ինչպես նաեւ «Իմպիչմենտ» եւ «Ելք» դաշինքների համահիմնադիր։

2018 թվականին Սերժ Սարգսյանի երրորդ պաշտոնավարման դեմ պայքարող Նիկոլ Փաշինյանը սկսում է «Իմ քայլը» նախաձեռնությունը եւ իր համախոհների հետ միասին Գյումրուց քայլարշավով ուղեւորվում Երեւան։  Գործողությունների արդյունքում ապրիլի 23-ին Սերժ Սարգսյանը հրաժարական է տալիս։

Մայիսի 8-ին Փաշինյանն ընտրվում է Հայաստանի Հանրապետության 16-րդ վարչապետ։ Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանը վերընտրվում է 2018-ի դեկտեմբերի և 2021-ի հունիսի խորհրդարանական արտահերթ ընտրությունների ժամանակ;

Պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ. Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի հարցին |armenpress.am|

Պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ. Փաշինյանն անդրադարձավ Ամուլսարի հարցին |armenpress.am|

armenpress.am: Կառավարության խնդիրն է Ամուլսարի հանքի շահագործման հարցում Հայաստանի Հանրապետության շահերին համապատասխանող, հավասարակշռված որոշման հանգել: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը Ջերմուկում քաղաքացիների հետ հանդիպմանը:  «Մենք գիտենք, որ առերեսվում ենք Ամուլսարի հետ կապված իրադրությանը: Եվ մենք շարունակում ենք այդ թեմայով աշխատել, մեր խնդիրն է՝ Հայաստանի Հանրապետության հավասարակշռված շահերին համապատասխանող որոշման հանգել»,-ասաց Փաշինյանը: Նա ամենաառաջնային թեմաներից մեկը համարեց ազդակիր համայնքների շահերը լիարժեք պաշտպանելը: Փաշինյանը նկատեց՝ կան մարդիկ, որոնք պնդում են, որ Ամուլսարը պետք է անպայման աշխատի, կան մարդիկ, որոնք ասում են, որ Ամուլսարը չպետք է աշխատի: «Բայց մենք պետք է կարողանանք հավասարակշռված որոշման գալ: Երբ կառավարությունը որևէ կոնկրետ առաջարկ կվերջնականացնի, ես անձամբ կգամ, կնստենք, եթե պետք լինի, երկար կխոսենք, եթե պետք լինի, կարճ կխոսենք, այդ հարցը մենք միասին պետք է լուծենք՝ հասկանալով այդ հարցի յուրաքանչյուր դետալը»,-ասաց նա:
14:40 - 16 հունիսի, 2021
1000 դոլար ենք խոստանում ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

1000 դոլար ենք խոստանում ընտրակաշառքի մասին վկայող տեսանյութի համար. Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Լսե՞լ եք, որ ընդդիմությունն ընտրակաշառք է բաժանում և այս աբսուրդներից մեկն է, բայց տեսեք, կա նաև լավ նորություն: Այս պահի դրությամբ արդեն հինգ անձ կալանավորված է, ոչ թե ձերբակալված է, այլ կալանավորված է ընտրակաշառքների հարցով: Այսօր Վայոց ձորում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը:Նիկոլ Փաշինյանը նշեց, որ 55 անձ ընտրակաշառք բաժանելու գործով է անցնում և շեշտեց, որ իրավապահ մարմինները բավականին մեծ «բերքահավաք» են խոստացել:Այդ «բերքահավաքն» ավելի առատ դարձնելու համար Փաշինյանը ցանկություն հայտնեց հայտարարություն անելու: «ՔՊ-ն ընտրակաշառքի մասին վկայող, ապացուցող տեսանյութի համար խոստանում է 1000 ԱՄՆ դոլարին համարժեք, 500 հազար դրամ պարգև, այն քաղաքացիներին, որոնք ընտրակաշառք տալու, ստանալու փորձ կնկարահանեն»:
14:08 - 16 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում արոտավայրերի կառավարման խնդիր է տեսնում |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում արոտավայրերի կառավարման խնդիր է տեսնում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ընտրական ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը ՀՀ-ում արոտավայրերի կառավարման խնդիր է տեսնում: Այս մասին նա հայտնեց Սյունիքի մարզի Գորայք համայնքում տեղի ունեցած քարոզարշավի ժամանակ: «Սյունիքում շատ է խոսվում և քննարկվում արոտավայրերի տարածքի կրճատման մասին, բայց ես խորապես համոզված եմ, որ հանրապետությունում մենք դրա խնդիրը չունենք: Մեզ մոտ արոտավայրերի կառավարման խնդիր կա: Այսօր ՀՀ-ում 1 մլն հա-ից ավելի արոտավայր կա, և դրանք կարող են եռակի անգամ շատ ապահովել մեր այսօր եղած անասունների գլխաքանակը: Մեր երկրում Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի մարզերն ամենաշատ արոտավայրերն ունեն, խնդիրը, կարծում եմ, մեկն է՝ այդ տարածքներ հասնելու խնդիրներ են հաճախ լինում»,- նշեց Փաշինյանը և հավելեց, որ պետք է հասկանալ, թե ինչ է հարկավոր անել: Նա ընդգծեց, որ անհրաժեշտ է խնդիր դնել և դրան լուծում տալ, ինչպես օրինակ իրականացվում են ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները: Փաշինյանն ընդգծեց, որ նախատեսում են դեպի արոտավայրեր տանող գրունտային ճանապարհներ կառուցել: Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում ամենահրատապ խնդրին` վարչապետի պաշտոնակատարն ասաց, որ դա վարկերն են: «Ստեղծվում է այնպիսի խնդիր, որ վարկերի պատճառով գյուղացին պարտքեր է կուտակում: Այսօր ունենք «խելացի» գոմերի, ջերմատների լիզինգի ծրագրեր, որոնք գյուղացու մոտ զարգացում պետք է ապահովեն: Խնդիրը կայանում է նրանում, որ գյուղացիները ծանրաբեռնված են վարկային պարտավորություններով: Լուծումներից մեկն այն է, որ պետք է գյուղացիները հավաքվեն և ձևավորեն գյուղատնտեսական կոոպերատիվ և լիզինգի այդ վարկերից կկարողանան օգտվել»,- նշեց Փաշինյանը:
12:55 - 16 հունիսի, 2021
ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին. Փաշինյան |armenpress.am|

ԱՄՆ նախագահի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումն ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Թուրքական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ վերջին 150 տարում փոփոխություն չի կրել, շարունակում է մնալ ագրեսիվ և ցեղասպան: Այս մասին Սյունիքի մարզի Կապան քաղաքում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ հանրահավաքին հայտարարեց կուսակցության ղեկավար, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի և Թուրքիայի կողմից հնչեցվող ագրեսիվ ու ապակառուցողական հայտարարություններին: «Շատ լեգենդներ են պատմում, թե ինչպես եղավ, որ ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը: Դա ԱՄՆ ուղիղ արձագանքն էր 44-օրյա պատերազմին, որովհետև մենք անընդհատ մոռանում ենք, որ մենք միայն Ադրբեջանի դեմ չենք պատերազմել, այլ թուրք-ադրբեջանա-պակիստանյան դաշինքի դեմ: Բայց ուզում եմ նաև ձեզ ասել, որ մենք Ադրբեջանից եկող ագրեսիվ քաղաքականությանը պետք է հակադրենք միջազգային զսպման գործիքները՝ իհարկե, այդ ընթացքում լրջորեն բարեփոխելով մեր զինված ուժերը, խորացնելով մեր ռազմավարական հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ և շարունակելով ռազմավարական երկխոսությունը ԱՄՆ հետ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության ներգրավումն ապահովելով մեր տարածաշրջանի անվտանգային հարցերին»,- ասաց Փաշինյանը:
21:21 - 15 հունիսի, 2021
Դիանա Գասպարյանն անդրադարձել է գաղտնալսված հեռախոսազրույցին

Դիանա Գասպարյանն անդրադարձել է գաղտնալսված հեռախոսազրույցին

Որոշել էի առհասարակ չանդրադառնալ անձնական կյանքի անձեռնմխելիությունը ոտնահարող և ապօրինի ճանապարհով ձեռք բերված ձայնագրությանը, սակայն որոշումս փոխեցի, քանի որ ձայնագրության շուրջ նորանոր լեգենդներ են հյուսվում, և լրագրողները չեն դադարում իմ թիմակիցներին պրովոկացիոն հարցեր տալ դրա վերաբերյալ: Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանն անդրադարձել է երեկ տարածված իր եւ ՏԿԵ նախարար Սուրեն Պապիկյանի հեռախոսազրույցի գաղտնալսման ձայնագրությանը։ «Եվ այսպես, հատվածներով կտրտած և մոնտաժված խոսակցությունը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 16-ի ուշ երեկոյան, այն բանից հետո, երբ Վարչապետը դիրքերում գտնվող մեր տղաներին կոչ արեց հավաքվել Երևանում: Այդ կոչը միանշանակ չընդունվեց շատերիս կողմից, և դա էր պատճառը, որ նախարար Պապիկյանը հորդորում էր սպասել, ոչինչ չանել, մինչև կպարզվի, թե հայտարարությունն իրականում ինչ էր նշանակում: Հենց հաջորդ օրը Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ բռնությունը կամ բռնության (առավել ևս՝ զինված) հրահրումը որևէ կերպ չի կարող տեղ ունենալ Կառավարության գործիքակազմում: Թիմում ծավալված առողջ քննարկման արդյունքում բոլոր հարցերը ստացան իրենց պատասխանները: Իրականում անգամ մոնտաժված լինելու պարագայում ձայնագրությունից պարզ երևում է, որ այն կապված է կոնկրետ իրադարձության հետ, որն իր պարզաբանումն է ստանալու առավոտյան: Բացի այդ, ակնհայտ է, որ ձայնագրությունը չի վերաբերում քարոզարշավի փուլին, երբ ԿԸՀ-ում արդեն գրանցված են ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերը, դրանց համամասնական ցուցակների առաջին դեմքերը և պրակտիկորեն պարզապես անհնար է որևէ մեկի, տվյալ դեպքում՝ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին փոխարինել որևէ այլ քաղաքական գործչով:   Պատահական չեմ համարում, որ ձայնագրությունը հրապարակվել է հենց քարոզարավի ընթացքում. ակնհայտ է, որ դա հետապնդում է հանրությանը մոլորության մեջ գցելու, թիմի ներսում պառակտվածության տպավորություն ստեղծելու, մեր կուսակցության վարկանիշի վերելքի պայմաններում ձեր ուշադրությունը մեր բուն անելիքներից ու նպատակներից շեղելու համար: Ես հպարտ եմ, որ մի թիմի անդամ եմ, որտեղ կա խոսքի ազատություն, որտեղ կարող է ծավալվել առողջ քննարկում ցանկացած հարցի շուրջ և որտեղ դրա համար ոչ թե պատժում ու հալածում են, այլ ըմբռնումով և գրկախառնությամբ ընդունում: Վերջին օրերին իմ դեմ ծավալված այս կեղտոտ արշավը ոչ թե կոտրելու կամ վհատեցնելու է ինձ, այլ տասնապատկելու է իմ եռանդը կերտելու այն ապագան, որտեղ սուտն ու կեղծիքը տեղ չունեն»,- ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է Գասպարյանը։ Նա նաեւ նշել է, որ հունիսի 20-ին ազատագրված էջմիածնեցին փաստելու է, որ մեր երկրում ու քաղաքում «Ապագա կա»։ Էջմիածնի քաղաքապետը տեղադրել է նաեւ լուսանկարներ, որոնք արված են երեկվա երթի տեսաձայնագրությունից, որտեղ ինքը վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կողքին է:
16:48 - 15 հունիսի, 2021
Փաշինյանը Գորիսում ներկայացրեց սահմանային անվտանգությանն ուղղված անելիքները |armenpress.am|

Փաշինյանը Գորիսում ներկայացրեց սահմանային անվտանգությանն ուղղված անելիքները |armenpress.am|

armenpress.am: Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գորիսում բնակիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց արցախցիներին ցուցաբերած աջակցության համար: Նա նշեց, որ ամեն քաղաքացի, հյուրանոցի կամ հյուրատների սեփականատերեր իրենց դռներն են բացել պատերազմի հետևանքով տեղահանված արցախցիների համար, հերոսաբար կանգնած են եղել Գորիսի բժիշկներն ու շտապ օգնության ծառայության վարորդները: « Իմացեք սիրելի ժողովուրդ, մենք դժվարին պահերին ձեզ մենակ չենք թողնի: Մենք պարտք ունենք ձեզ վերադարձնելու, մեր խոնարհումն ունենք ձեզ մատուցելու, մենք տուրք ունենք ձեզ տալու: Շնորհակալ եմ, որ հզոր եք ու հաղթական»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Դիմելով Գորիսի գործարարներին՝ Նիկոլ փաշինյանը նշեց, որ գիտեն նրանց ծառայությունների, զոհողությունների և նվիրատվությունների մասին: Նա ընդգծեց, որ դժվար պահին նրանց մենակ չեն թողնի, և որ յուրաքանչյուրի ծառայությունն ու վաստակը նկատված է, և դա արժանի է պետական ամենաբարձր մակարդակով գնահատանքի: «Այսօր միասնության ավտոերթ ենք կազմակերպել Երևանից դեպի Սյունիքի մարզ: Եվ դա արել ենք երկու նպատակով: Առաջին հերթին ցույց տալ, որ թույլ չենք տա, որ որևէ մեկը Սյունիքը հակադրի մնացած Հայաստանին կամ հակառակը, ցույց տալ, որ Հայաստանը միասնական է, ցույց տալ, որ միասնականությունն է մեր բոլոր խնդիրների լուծման ճանապարհը: Չկա առանձին վերցրած շիրակցի, տավուշցի, լոռեցի… Մեր երակներում միևնույն արյունն է հոսում: Մենք մի օջախ ենք, մի ընտանիք, թույլ չենք տա, որ մեզ միմյանց դեմ հանեն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Անդրադառնալով մարզի խնդիրներին՝ Նիկոլ Փաշինյանն առանձնացրեց արոտավայրերի սակավությունը: Ներկայացնելով վիճակագրական տվյալներ՝ նա նշեց, որ ՀՀ-ում կա 1 մլն հա արոտավայր, որից օգտագործվում է ուղիղ կեսը: Այսինքն՝ երկրում առկա է 500 հազար հա արոտավայր, որը չի օգտագործվում: Եվ այսօր խնդիր կա ճիշտ կառավարել եղած ռեսուրսները: Նիկոլ Փաշինյանը նկատեց, որ չօգտագործման պատճառներից է արոտավայրեր տանող ճանապարհների բացակայությունը: Կառավարությունը, ուշադրության կենտրոնում պահելով խնդիրը, առաջիկայում նախատեսում է բարենպաստ պայմաններ ստեղծել այդ ուղղությամբ: Ապագայի ծրագրերից զատ, Նիկոլ Փաշինյանը նշեց նաև, որ հրատապ անելիքների անհրաժեշտություն են տեսնում: Սյունիքի մարզի այն ֆերմերային տնտեսությունները, որոնք ունեն խնդիր արոտավայրերի ու խոտհարքների կորստի հետ կապված, կստանան աջակցության ծրագրեր: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև սահմանային անվտանգությունից: «Մեր դիրքորշումն աներկբա է, և այն պաշտպանում են մեր մյուս գործընկերները ևս: Ադրբեջանի զորքերը պետք է դուրս գան մեր սահմաններից: Այլ կարծիք լինել չի կարող: Մենք սերտորեն աշխատում ենք ՌԴ-ի, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահող երկրների հետ: Ռուսաստանյան սահմանապահները կտեղակայվեն սահմանի երկայնքով մոտ մեկ տասնյակ սահմանային կետերում, որից հետո կլինի զինված ուժերի ետքաշում մշտական տեղակայման վայրեր: Այնուհետև նախատեսված է միջազգային հովանու ներքո սահմանի դեմարկացիա, դելիմիտացիա Սոթք-Խոզնավար հատվածում: Գորիս-Մեղրի հատվածի սահմանային պահպանության խնդիրների առնչությամբ էլ ասեմ, որ Կառավարությունը 2,5 մլրդ դրամ է հատկացրել, որպեսզի սահմանապահ ուղեկալներ կառուցվեն և սահմանայաին պահպանությունը լինի բարձր մակարդակով:  Առաջիկայում այս սահմանային հատվածը կլինի լիարժեք վիճակում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
14:39 - 15 հունիսի, 2021
Փաշինյանը կատարյալ անհեթեթություն անվանեց ականապատ դաշտերի քարտեզները ՌԴ-ից թաքցնելու մասին լուրերը |armenpress.am|

Փաշինյանը կատարյալ անհեթեթություն անվանեց ականապատ դաշտերի քարտեզները ՌԴ-ից թաքցնելու մասին լուրերը |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, հունիսի 14-ին Արարատի մարզում քարոզարշավը եզրափակեց Արտաշատում:  Նիկոլ Փաշինյանը բնակիչների հետ հանդիպմանը շնորհակալություն հայտնեց իրենց աջակցելու համար: Նա վստահություն հայտնեց, որ քաղաքացիները հունիսի 20-ին հաստատելու են սեփական իշխանությունը: Նիկոլ Փաշինյանն, անդրադառնալով  օրեր առաջ հայ ռազմագերիների վերադարձին Հայաստան, նշեց, որ նրանցից մի քանիսը Արարատի մարզից են: «Կան ուժեր, որոնք ոչ միայն չեն ուրախացել, այլև տխրել են այդ կապակցությամբ ու այս քանի օրն ինչ բամբասանք ասես տարածում են: Վերջին ամենաթարմ բամբասանքն այն է, որ իբր մենք Ռուսաստանի մեր գործընկերներից թաքցրել ենք ականապատ դաշտերի քարտեզները: Դա կատարյալ անհեթեթություն է: Մինչ այս մենք ադրբեջանական կողմին ականապատ քարտեզներ փոխանցել ենք, դա արել ենք մեր ռուս գործընկերների միջոցով: Ես ինքս էլ ասել եմ, որ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ ուղարկել ենք այդ քարտեզներից օրինակներ: Նաև ուզում եմ ընդգծեմ, որ այս հարցի հետ կապված ոմանք ցանկանում են ՀՀ-ի և ՌԴ-ի միջև հարաբերություններում սեպ խրել, ասեմ, որ դա չի ստացվի: Մենք շնորհակալ ենք ոչ միայն ԱՄՆ-ի, Վրաստանի, ԵՄ-ի մեր գործընկերներին, որոնք 15 ռազմագերիների վերադարձի հարցում մեծ գործ են ունեցել, բայց ես ուզում եմ հիշեցնել, որ դրանից առաջ Ռուսաստանի ներկայացուցիչներն են շատ մեծ արդյունավետությամբ աշխատել: Նախկինում ավելի քան 50 գերիների վերադարձը ՌԴ իշխանությունների ջանքերի շնորհիվ է: Համոզված եմ, չեմ կասկածում, որ մեր ռուս գործընկերները ոչ մի րոպե չեն մոռանում գերիների հարցը»,-ասաց Նիկոլ Փաշինյանը: Նրա խոսքով, նախորդ տարվա նոյեմբերի 9-ից հետո տասնյակից ավելի հեռախոսային խոսակցություններ է ունեցել ՌԴ նախագահի հետ: Նա նշեց, որ այս տարի երկու անգամ դեմ առ դեմ հանդիպում է եղել ՌԴ նախագահի հետ, և քննարկումների առանցքային հարցը  գերիների վերադարձն էր: Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ Վլադիմիր Պուտինն անձամբ է այս հարցով զբաղվել: Անդրադառնալով ականապատ քարտեզների հարցի շահարկմանը՝ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այնպես չէ, որ ունեցած բոլոր քարտեզները վերադարձրել են: Տրվել է մի փոքր մասը՝ գերիների վերադարձին ի պատասխան: Նա ընդգծեց, որ խոսքը չի գնում այն հատվածի քարտեզների մասին, որոնք բաժանում են Հայաստանին ու Ադրբեջանին: Խոսքն այն տարածքների մասին է, որոնք ցավալի իրադարձություններով պայմանավորված գտնվում են ադրբեջանցիների թիկունքում: «Մենք այսօր կարող ենք արձանագրել, որ գերիների վերադարձի գործընթացը վերսկսվել է:  Այսօր Ադրբեջանում դատական գործընթացներ են տեղի ունենում, չեմ բացառում, որ մեր գերիները դատապարտվեն, բայց ես ուզում եմ ձեզ բերել Կարեն Ղազարյանի օրինակը, ով դատապարտվեց, սակայն այսօր նա Բերդավանի իրենց տանն է: Այնպես, որ մենք մեր ճանապարհից որևէ կերպ չպետք է շեղվենք»,-հավելեց Նիկոլ Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Արտաշատում անցկացրած հանդիպումը եզրափակվեց երթով: 
18:43 - 14 հունիսի, 2021
Ադրբեջանը պատերազմն սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին |armenpress.am|

Ադրբեջանը պատերազմն սկսել է՝ վախենալով Հայաստանի հետագա հզորացումից. Փաշինյանը խոսեց պատերազմի պատճառի մասին |armenpress.am|

armenpress.am: ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ Ադրբեջանը պատերազմը սկսել է հենց 2020-ի սեպտեմբերին՝ հասկանալով, որ, եթե սպասի, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին: Փաշինյանը նման տեսակետ հայտնեց քարոզարշավի շրջանում Մասիսում քաղաքացիների հետ հանդիպմանը: «Անվտանգությունը երկրի ամենակարևոր օրակարգն է, սակայն մենք անվտանգություն ասելով հայացքները միշտ հառնում ենք դեպի սահման, սակայն անվտանգությունը սահմանին կանգնած զինվորով ոչ թե սկսվում է, այլ ավարտվում է: Անվտանգությունը սկսվում է ամենափոքր կրպակից. մեզնից ամեն մեկը առևտուր անելիք ՀԴՄ վերցնո՞ւմ է, թե ոչ, աշխատողը կտրոն տալիս է, թե ոչ»,-ասաց Փաշինյանը: Թե ինչ կապ ունի ՀԴՄ կտրոնը սահմանի զինվորի հետ՝ նա պարզաբանեց՝ կապն ուղղակի է: «Որովհետև անվտանգությունն առաջին հերթին բյուջետային ծախս է: Որքան մեծ են վճարվող հարկերը, այնքան մեծ է բյուջեն, որքան մեծ է բյուջեն, այնքան ավելի մեծ հնարավորություններ կան ԶՈՒ-ում փոփոխություններ մտցնելու»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ 2018-2019-ին հենց այդ տրամաբանությամբ ռազմական ծախսերն ավելացրել են 48 տոկոսով, իսկ պետբյուջեի եկամուտները՝ 1 մլրդ դոլարով: «Գործարարներին ասել ենք ՝հարկ վճարեք պետբյուջե, որ կառավարությունը գործելու, խնդիրներ լուծելու հնարավորություն ունենա: Եվ մենք չենք հասցրել այդ գործն ավարտին հասցնել, որովհետև Ադրբեջանն իր համար ֆիքսել է, որ եթե 7 կամ 10 տարի առաջ ինքը կարող էր սպասել՝ ակնհայտ տեսնելով, որ 5 տարի հետո իր համար պատերազմը շատ ավելի հեշտ է լինելու, ապա 2020-ի սեպտեմբերին հասկացել է՝ եթե սպասի, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին»,-ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց՝ 2019-ին ՀՀ-ն եվրասիական տարածաշրջանում ամենամեծ տնտեսական աճն է ապահովել, պետբյուջեի եկամուտներն ավելացել են:  2019-ին Հայաստանը ձեռք է բերել 2011- 2020 թվականներին ՀՀ-ի ձեռք բերած սպառազինության 62 տոկոսը: Փաշինյանը շեշտեց, որ 2018-2020 թվականներին 10 տարվա սպառազինության ձեռքբերումների 75 տոկոսն է տեղի ունեցել, դրանից հետո վրա է հասել կորոնավիրուսը: «Նրանք հասկացել են, որ դա է պատերազմի ամենաճշգրիտ ժամանակաշրջանը, որովհետև հասկացել են՝ եթե էլի սպասեն, ամեն հաջորդ տարի Հայաստանն ավելի դիմակայուն է լինելու, քան նախորդ տարիներին: Սա է եղել պատերազմի պատճառը, նրանք տեսել են, որ 1998 թվականից մինչև 2018 թվականը մեր երկրի հանրային դիմակայության անկում է տեղի ունենում»,-ասաց Փաշինյանը: Նա ներկայացրեց ՀՀ նախորդ ղեկավարների օրոք ձեռք բերված զենք-զինամթերքների ծավալները՝ հավելելով, որ իր վարչապետության օրոք ձեռք բերված զենք-զինամթերքը կրկնակի ավելի է, քան Ռոբերտ Քոչարյանի ժամանակ ձեռքբերվածը և 1 մլն դոլարով ավելի,  քան Սերժ Սարգսյանի 10 տարվա կառավարման ընթացքում ձեռքբերվածը:
17:46 - 14 հունիսի, 2021
Ե՛վ Փաշինյանը, և՛ Քոչարյանը նույն մարդկանց միտինգից միտինգի են տանում. Լ․ Զուրաբյան |hetq.am|

Ե՛վ Փաշինյանը, և՛ Քոչարյանը նույն մարդկանց միտինգից միտինգի են տանում. Լ․ Զուրաբյան |hetq.am|

hetq.am: «Նկատում ենք, որ արդեն Երևանում Հայ ազգային կոնգրեսի ընտրարշավը լուրջ արդյունքներ է տվել։ Գյումրիում և Վանաձորում տեսնում ենք, որ ժողովուրդը կարծես ուզում է դուրս գալ Նիկոլ-Ռոբերտ երկընտրանքից, որովհետև այդ երկընտրանքը Հայաստանը որևէ տեղ չի տանում։ Տեսնում ենք, որ աստիճանաբար ժողովուրդը թեքվում է դեպի Հայ ազգային կոնգրես և սրտին ավելի մոտ է ընդունում այն գաղափարը, որ երկրի կայունացման լավագույն կառավարիչը կարող է լինել պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- Կոտայքի մարզի Քաղսի համայնքում քարոզարշավի ժամանակ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։ Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ Վանաձորում իրենք պարզել են, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին վանաձորցիներից մասնակցել է 30-40 մարդ։ «Ե՛վ Փաշինյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը խաբեությամբ են զբաղվում։ Իրենք կազմակերպում են, նույն մարդկանց տանում են միտինգից միտինգ և տպավորություն են ստեղծում՝ իբր ժողովրդի հետաքրքրություն կա։ Իրականում նման բան չկա»,- հայտնեց Զուրաբյանը։ Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որ 15 գերիները վերադարձել են ականների ռազմական քարտեզների հետ փոխանակման շնորհիվ՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց․ «Հիմնավորելով այդ գործարքը՝ նա բերեց Իսրայելի օրինակը։ Փաշինյանն ասում է՝ բա էդպես է, Իսրայելը մի հոգու բերելու համար կարող է 300 կամ 1000 պաղեստինյան տեռորիստ ազատի, որոնք Իսրայելի դեմ ահաբեկչություններ են կազմակերպել։ Շատ լավ ես արել, որ հիշել ես Իսրայելի օրինակը, բայց մի քիչ շուտ հիշեիր»։  Զուրաբյանը հիշեցրեց՝ Իսրայելն այն երկիրն է, որ 1978 թվականին գնացել է իր թշնամու՝ Եգիպտոսի հետ խաղաղ կարգավորման և որպես խաղաղ կարգավորման հիմք վերադարձրել է ընդամենը դրանից 5 տարի առաջ գրավված Սինայի թերակղզին, որը շատ կարևոր ստրատեգիական հող էր։ «Եթե Իսրայելում ղեկավարները լինեին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի նման մտածողներ, կասեին ոչ մի թիզ էլ չենք տա։ Իսրայելը ցույց տվեց՝ երբ քաղաքական իրավիճակը և սեփական ռեսուրսների հաշվարկը պարտադրում է, որ դու ինչ-որ բան վերադարձնես՝ ստանալով շատ ավելի կարևոր բան՝ խաղաղություն, զինվորների կյանք, բարեկեցություն, ուրեմն էդպես էլ պետք է վարվել։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի բանակցությունների սեղանին դրվել է նման մի փաստաթուղթ Ռուաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից, և ասվել է՝ եթե էս 5 շրջանը վերադարձնում ես, պահում ես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ տարածքը, նաև Լաչինն ու Քարվաճառը, և էդ ամենը մնում է հայկական վերահսկողության տակ սերունդներ շարունակ։ Փաշինյանը սա մերժել է, հանցավոր որոշում է ընդունել՝ իր ժողովրդին տանելով դեպի կործանարար պատերազմ»,- ասաց նա։ Անդրադառնալով նաև երեկ հրապարակված՝ Էջմիածնի քաղաքապետի և Սուրեն Պապիկյանի ձայնագրությանը՝ Զուրաբյանը նշեց՝ թե՛ Դիանա Գասպարյանը, թե՛ Սուրեն Պապիկյանը Փաշինյանի մտերիմ ընկերներն են։ «Պարզվում է՝ էն, ինչ մենք կասկածում էինք, իր մտերիմ շրջապատն ուղղակի գիտի։ Նրանք հասկանում են, որ նման հոգեպես անհավասարակշիռ ղեկավարի գոյությունն այդ պաշտոնում ուղիղ վտանգ է Հայաստանի պետական շահերի համար։ Եթե հունիսի 20-ին ընտրությունների գլխավոր արդյունքը չլինի այդ մարդու հեռացումն իշխանությունից, ուրեմն մենք շատ վատ վիճակի մեջ ենք լինելու»։ ՀԱԿ փոխնախագահը կոչ արեց հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները չդիտարկել որպես սովորական ընտրություններ։ «Սա սովորական ընտրություն չի, մրցավազք չի, խոսքը մեր երկրի ճակատագրի մասին է, հունիսի 20-ը մեր պետականության փրկության հատուկ օպերացիա է, և դուք բոլորդ պարտավոր եք մեր պետության փրկության հատուկ օպերացիային մասնակցել»,- նշեց Լևոն Զուրաբյանը։
16:42 - 14 հունիսի, 2021
Նիկոլ Փաշինյանը խոսել է «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացումից սպասելիքների մասին |armenpress.am|

Նիկոլ Փաշինյանը խոսել է «Հոկտեմբերի 27»-ի գործի վերաբացումից սպասելիքների մասին |armenpress.am|

armenpress.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակը գլխավորող, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն Արարատ համայնքի բնակիչների հետ հանդիպմանը հայտարարել է, որ հունիսի 20-ի արտահերթ ընտրություններում քաղաքացիները հնարավորություն կունենան իրենց քվեարկությամբ ստիպել «Հոկտեմբերի 27-ի» գործի կազմակերպիչներին պատասխան տալ:  Նիկոլ Փաշինյանը նշեց, որ նախորդ տարվա փետրվարից «Հոկտեմբերի 27-ի» գործի նախաքննությունը տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Անահիտ Բախշյանի դիմումի հիման վրա վերաբացվել է, սակայն, հետագայում կորոնավիրուսի և պատերազմի պատճառով դեռևս գործը չի քննվել: «Նախաքննությունը բացված է, և Ազգային անվտանգության ծառայությունը վարում է այդ քննությունը: Բայց նաև ձեր քվեարկությամբ կարող եք առանձնահատուկ պարտավորություն և պատասխանատվություն դնել մեր դատաիրավական մարմինների վրա՝ ասելով, որ այդ գործերը պետք է ամենայն խորությամբ քննվեն և բոլոր հնարավոր միջոցները գործադրվեն այդ գործը բացահայտելու համար: Դուք կարող եք ձեր քվեարկությամբ այդ հանրային պահանջը հստակ ձևակերպել»,- ընդգծեց Փաշինյանը:
16:15 - 14 հունիսի, 2021
Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո․ Նիկոլ Փաշինյան |tert.am|

tert.am: Մենք գտնվում ենք մի գյուղում, տարածքում, որը մեր քրիստոնեական հավատքի էպիկենտրոնն է, որովհետև այստեղ է գտնվում Խոր Վիրապը, որը կառուցվել է Լուսավորչի գբի վրա, որտեղ նա պահվել է։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության՝ Արարատի մարզի Փոքր Վեդի համայնքում կայացած քարոզարշավին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նշեց՝ Տրդատ թագավորը խոզանման կերպարանք էր ստացել, և Գրիգոր Լուսավորիչը նրան վերադարձրել է մարդկային կերպարանքը, ապա հայտարարեց․ «Ես կարծում եմ՝ այս պատմության մեջ շատ մեծ սիմվոլ կա, և մեր իրականության ամենամեծ պրոբլեմներից մեկը խոզակերպ իշխանությունն է։ Խոզակերպ իշխանությունը ընդհանրապես ամենամեծ պրեբլեմն է մեր երկրի, և մեր խնդիրն է  եղել, և 2018-ի հեղափոխությունը դրա համար է տեղի ունեցել, որ ՀՀ-ում խոզակերպ իշխանության էջը փակվի»,- ասաց նա՝ նշելով, թե այդտեղ շատ մեծ քրիստոնեական սիմվոլ կա։ «Ես պատահական չէի ասում, որ 2018-ին մեր հեղափոխությունը հենված էր հենց քրիստոնեական արժեքների վրա, և հենց այս համեմատությամբ կարելի է տեսնել այդ արժեքը։ Խոսքը տեսքի մասին չէ, մի մարդ կարող է ավելի սիրունատես լինել, մյուսը կարող է ավելի ոչ այնքան լավ արտաքին ունենալ, խոսքը ներքին բովանդակության և ժողովրդի հետ հարաբերությունների մասին։ Մենք Հայաստանում հաստատել ենք քրիստոնյա իշխանություն, որովհետև մեր իշխանությունը հենվել է բազմաց ձայնի վրա, իսկ ձայն բազմաց՝ ձայն Աստծո»,-ասաց նա։ Շարունակությունը՝ tert.am-ում։
13:43 - 14 հունիսի, 2021
Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց այդ մանդատի ժամկետն ավարտվեց. Փաշինյան |armenpress.am|

Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց այդ մանդատի ժամկետն ավարտվեց. Փաշինյան |armenpress.am|

armenpress.am: Գործող իշխանությունը հասկանում է, որ 2018-ի հեղափոխությամբ ստացած թավշյա մանդատի ժամկետն ավարտվել է: Այս մասին ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ցուցակը գլխավորող Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի շրջանակում Արարատի մարզում Այնթապում քաղաքացիների հետ հանդիպմանը: Անդրադառնալով թավիշին՝ Փաշինյանը նկատեց, որ ժողովուրդն էլ է դժգոհ, իրենք էլ են դժգոհ: «Դրա պատճառն այն է եղել, որ մենք պարտավոր ենք զգացել հավատարիմ լինել մեր տված խոստումին: Մենք 2018-ին, երբ հեղափոխություն ենք արել, ասել ենք՝ սա սիրո և համերաշխության հեղափոխություն է, կադրային ջարդ չի լինելու: Հեղափոխության արդյունքում մենք ստացել ենք թավշե մանդատ, բայց մենք հասկանում ենք նաև, որ այդ մանդատի ժամկետն ավարտվեց»,-ասաց Փաշինյանը: Նա հավելեց, որ դա էլ իր օգուտներն է բերել, հասկացել են, թե ով ով է: Փաշինյանը կրկին խոսեց թավշյա մանդատը պողպատե մանդատով փոխարինելու մտադրության մասին:  «Այս ընտրություններում հարցն այն չէ՝ մենք կմնա՞նք իշխանության, թե՞ չենք մնա, այս ընտրություններում հարցն այն է՝ դուք կմնա՞ք իշխանության, թե՞ չեք մնա, որովհետև իշխանությունն այսօր ձեր ձեռքին է»,-ասաց Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ ինքը վարչապետի պաշտոնակատար է, հրաժարական է տվել, կառավարությունն էլ հրաժարական տված է, ԱԺ-ի լիազորությունները դադարեցված են և իշխանությունը ժողովրդի ձեռքին է: «Եվ հետևաբար ես ասում եմ, որ ընտրություններում գնաս և քվեարկես ոչ թե իմ օգտին, այլ ասում եմ՝ գնա և քվեարկիր քո օգտին»,-ասաց նա: Փաշինյանը հավելեց, որ 3-րդ քվեաթերթիկի վրա ֆորմալ առումով 3 անուն է գրված՝ Փաշինյան, Միրզոյան, Մակունց, բայց իրականում այդ քվեաթերթիկի վրա քաղաքացիներից յուրաքանչյուրի անունն է գրված: «Եվ այս ընտրություններում դուք պետք է որոշեք՝ դուք ՀՀ-ում մնու՞մ եք իշխանության, թե՞ կորցնում եք»,-ասաց նա:
11:27 - 14 հունիսի, 2021
Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին քարոզարշավի վերջին շաբաթը գնալ տնետուն և իր ուղերձը փոխանցել |hetq.am|

Փաշինյանը կոչ արեց քաղաքացիներին քարոզարշավի վերջին շաբաթը գնալ տնետուն և իր ուղերձը փոխանցել |hetq.am|

hetq.am: Վարչապետի պաշտոնակատար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանն ու թիմակիցները քարոզարշավի շրջանակում այսօր` հունիսի 13-ին Կոտայքի մարզում են: Փաշինյանը  պատմեց, որ Եղվարդի մուտքի մոտ հեծանվորդների շարասյան են հանդիպել, և սա առիթ է հանդիսացել, որ բարձրաձայնի իր գաղափարը` ամեն տարի կազմակերպել ոչ պրոֆեսիոնալ հեծանվորդների հեծանվավազք: Նա հավելեց` Սուրեն Պապիկյանն էլ առաջարկել է այն կազմակերպել Սևանա լճի շուրջ: «Ես առաջարկում եմ օգոստոսի մեկին Սևանա լճի շուրջ հեծանվային մրցույթ իրականացնենք 15 միլիոն դրամ պարգևատրման ֆոնդով: Սա իրականացնենք որպես Հայաստանում առողջ ապրելակերպի հիմնադրման գործողություն»,-ասաց նա: Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև անվտանգության խնդրի մասին: Հիշեցնենք, որ արդեն մեկ ամիս Գեղարքունիքի մարզի Սոթք-Խոզնավար սահմանային հատվածում տեղակայվել են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչներ և հրաժարվում են դուրս գալ Հայաստանի սահմանից: Փաշինյանը խոսեց իր առաջարկի մասին, որի մասին արդեն բազմիցս խոսել է, ըստ որի թե´հայկական, թե´ ադրբեջանական ստորաբաժանումները հայելային տարբերակով  դուրս են գալիս այդ հատվածից, այնտեղ տեղակայվում են ռուս սահմանապահներ, ապա միջազգային հովանու հերքո սկսվում է սահմանի այդ հատվածի դեմարկացիա և դելիմիտացիա: Փաշինյանի համոզմամբ` այս բառերով փորձելու են վախեցնել հանրությանը, ուստի կոչ արեց դեմարկացիա և դելիմիտացիա բառերից չվախենալ, քանի որ «դեմարկացված ու դելիմիտացված սահման նշանակում է պարիսպ երկրի շուրջ»:  «Այդ պարիսպը պետք է կառուցենք, և դա կապ չունի ԼՂ հարցի բովանդակային կարգավորման հետ»,-պնդեց նա: Անդրադառնալով ընդդիմախոսների ակնկալիքներին Փաշինյանը վստահեցրեց` Հայաստանում իշխանություն չի փոխվելու, և դա ոչ թե ինքն է ասում, այլ` ժողովուրդը: Ըստ նրա, եթե ժողովուրդը որոշի, որ իշխանությունը պետք է փոխվի, կառավարությունը հինգ րոպեում կփոխվի, իրենք ժողովրդի կայացրած կայացրած որոշմանը ենթակա են: Փաշինյանը կոչ արեց գնալ ընտրատեղամասեր ու թավշե մանդատը փոխարինել պողպատե մանդատով: «Երկրում պետք է հաստատենք օրենքի և իրավունքի դիկտատուրա, պետք է ավարտին հասցնենք դատաիրավական համակարգի բարեփոխումները»,-ասաց նա: Վարչապետի պաշտոնակատարը հիշեցրեց`քարոզարշավի վերջին շաբաթն է մեկնարկում, ուստի կոչ արեց քաղաքացիներին այդ շաբաթվա ընթացքում ակտիվորեն ներգրավվել քարոզարշավին` որպես քարոզարշավի ակտիվիստ: Նա կոչ արեց գնալ հարազատների, բարեկամների տները և փոխանցել իր ուղերձը: «Վերջին շաբաթը վճռական շաբաթ է, եթե ուզում ենք անառարկելի կայունություն հաստատվի երկրում, պողպատե մանդատ է անհրաժեշտ, իսկ դրա համար Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը պետք է առնվազն 63% ձայնի հավաքի ընտրություններում»,-ասաց նա: Հիշեցնենք, որ ի սկզբանե Փաշինյանը 60%-ի մասին էր հայտարարում, սակայն Սպիտակում նրան ուղղեցին` ասելով, որ հարկավոր է 63% քվե, ինչից հետո նա այդ թիվն է կիրառում: Հավաքվածներն արձագանքեցին` թող 70% լինի, Փաշինյանն էլ պատասխանեց` որքան շատ լինի` քաղաքացիների պատիվն է:Ավելին՝ Hetq.am-ում։
14:05 - 13 հունիսի, 2021