hetq.am: «Նկատում ենք, որ արդեն Երևանում Հայ ազգային կոնգրեսի ընտրարշավը լուրջ արդյունքներ է տվել։ Գյումրիում և Վանաձորում տեսնում ենք, որ ժողովուրդը կարծես ուզում է դուրս գալ Նիկոլ-Ռոբերտ երկընտրանքից, որովհետև այդ երկընտրանքը Հայաստանը որևէ տեղ չի տանում։ Տեսնում ենք, որ աստիճանաբար ժողովուրդը թեքվում է դեպի Հայ ազգային կոնգրես և սրտին ավելի մոտ է ընդունում այն գաղափարը, որ երկրի կայունացման լավագույն կառավարիչը կարող է լինել պետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը»,- Կոտայքի մարզի Քաղսի համայնքում քարոզարշավի ժամանակ հայտնեց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Ըստ ՀԱԿ փոխնախագահի՝ Վանաձորում իրենք պարզել են, որ Նիկոլ Փաշինյանի հանրահավաքին վանաձորցիներից մասնակցել է 30-40 մարդ։
«Ե՛վ Փաշինյանը, և՛ Ռոբերտ Քոչարյանը խաբեությամբ են զբաղվում։ Իրենք կազմակերպում են, նույն մարդկանց տանում են միտինգից միտինգ և տպավորություն են ստեղծում՝ իբր ժողովրդի հետաքրքրություն կա։ Իրականում նման բան չկա»,- հայտնեց Զուրաբյանը։
Խոսելով Փաշինյանի այն հայտարարության մասին, որ 15 գերիները վերադարձել են ականների ռազմական քարտեզների հետ փոխանակման շնորհիվ՝ ՀԱԿ ներկայացուցիչն ասաց․ «Հիմնավորելով այդ գործարքը՝ նա բերեց Իսրայելի օրինակը։ Փաշինյանն ասում է՝ բա էդպես է, Իսրայելը մի հոգու բերելու համար կարող է 300 կամ 1000 պաղեստինյան տեռորիստ ազատի, որոնք Իսրայելի դեմ ահաբեկչություններ են կազմակերպել։ Շատ լավ ես արել, որ հիշել ես Իսրայելի օրինակը, բայց մի քիչ շուտ հիշեիր»։
Զուրաբյանը հիշեցրեց՝ Իսրայելն այն երկիրն է, որ 1978 թվականին գնացել է իր թշնամու՝ Եգիպտոսի հետ խաղաղ կարգավորման և որպես խաղաղ կարգավորման հիմք վերադարձրել է ընդամենը դրանից 5 տարի առաջ գրավված Սինայի թերակղզին, որը շատ կարևոր ստրատեգիական հող էր։
«Եթե Իսրայելում ղեկավարները լինեին Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և Նիկոլ Փաշինյանի նման մտածողներ, կասեին ոչ մի թիզ էլ չենք տա։ Իսրայելը ցույց տվեց՝ երբ քաղաքական իրավիճակը և սեփական ռեսուրսների հաշվարկը պարտադրում է, որ դու ինչ-որ բան վերադարձնես՝ ստանալով շատ ավելի կարևոր բան՝ խաղաղություն, զինվորների կյանք, բարեկեցություն, ուրեմն էդպես էլ պետք է վարվել։ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանի բանակցությունների սեղանին դրվել է նման մի փաստաթուղթ Ռուաստանի, Ֆրանսիայի և Միացյալ Նահանգների կողմից, և ասվել է՝ եթե էս 5 շրջանը վերադարձնում ես, պահում ես Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի ամբողջ տարածքը, նաև Լաչինն ու Քարվաճառը, և էդ ամենը մնում է հայկական վերահսկողության տակ սերունդներ շարունակ։ Փաշինյանը սա մերժել է, հանցավոր որոշում է ընդունել՝ իր ժողովրդին տանելով դեպի կործանարար պատերազմ»,- ասաց նա։
Անդրադառնալով նաև երեկ հրապարակված՝ Էջմիածնի քաղաքապետի և Սուրեն Պապիկյանի ձայնագրությանը՝ Զուրաբյանը նշեց՝ թե՛ Դիանա Գասպարյանը, թե՛ Սուրեն Պապիկյանը Փաշինյանի մտերիմ ընկերներն են։
«Պարզվում է՝ էն, ինչ մենք կասկածում էինք, իր մտերիմ շրջապատն ուղղակի գիտի։ Նրանք հասկանում են, որ նման հոգեպես անհավասարակշիռ ղեկավարի գոյությունն այդ պաշտոնում ուղիղ վտանգ է Հայաստանի պետական շահերի համար։ Եթե հունիսի 20-ին ընտրությունների գլխավոր արդյունքը չլինի այդ մարդու հեռացումն իշխանությունից, ուրեմն մենք շատ վատ վիճակի մեջ ենք լինելու»։
ՀԱԿ փոխնախագահը կոչ արեց հունիսի 20-ին կայանալիք ընտրությունները չդիտարկել որպես սովորական ընտրություններ։
«Սա սովորական ընտրություն չի, մրցավազք չի, խոսքը մեր երկրի ճակատագրի մասին է, հունիսի 20-ը մեր պետականության փրկության հատուկ օպերացիա է, և դուք բոլորդ պարտավոր եք մեր պետության փրկության հատուկ օպերացիային մասնակցել»,- նշեց Լևոն Զուրաբյանը։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)