Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան. Իտալիայում Հայաստանի դեսպան

 |armenpress.am|

Ադրբեջանը երկար ժամանակ է պլանավորել ագրեսիան. Իտալիայում Հայաստանի դեսպան |armenpress.am|

armenpress.am: Ադրբեջանի ագրեսիան նախապես ծրագրված է եղել: «Adnkronos»-ին տված հարցազրույցում նշել է Հռոմում Հայաստանի դեսպան Ծովինար Համբարձումյանը վերջին ժամերին երկու նախկին խորհրդային երկրների միջև բախումների վերաբերյալ: «Մենք նախազգուշացրել էինք միջազգային հանրությանը, որ Բաքվի բռնապետությունը նոր սադրանք է պատրաստում Հայաստանի և Արցախի (Լեռնային Ղարաբաղի ինքնահռչակ հանրապետություն) դեմ» և «համապատասխան արձագանքի բացակայության պարագայում այս հարձակումն անակնկալ չէր: Այս ագրեսիան նախապես ծրագրված է եղել, և ադրբեջանական կողմի` «հակահարվածի» մասին ցանկացած հղում միանգամայն կեղծ է»,- նշել է դեսպան Ծովինար Համբարձումյանը: Ըստ դեսպանի՝ «Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ սանձազերծված հարձակմանը տարիներ շարունակ նախորդել են ռազմատենչ հռետորաբանությունը և ադրբեջանական ղեկավարության կողմից ատելություն սերմանող ելույթները, որոնցից վերջինը` արված նախագահ Իլհամ Ալիևի կողմից ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանի ժամանակ, լի էր ատելությամբ և պարունակում էր հայ ժողովրդի դեմ հստակ ցեղասպան մտադրություններ»: Համբարձումյանբ ընդգծում է, որ Ղարաբաղի հայերի դեմ ագրեսիային նախորդել են Ադրբեջանի և Թուրքիայի լայնամասշտաբ զորավարժությունները, որոնցում ներգրավված են եղել հազարավոր զինվորականներ, հարյուրավոր ռազմատեխնիկա, հրետանի և ռազմական օդուժ, ներառյալ՝ ԱԹՍ-ներ: Մտահոգիչ էր այն փաստը, որ զորավարժություններից հետո թուրք զինվորականներն ու ռազմական տեխնիկան մնացին տեղակայված Ադրբեջանում: «Ադրբեջանը երբեք չի թաքցրել Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ուժի միջոցով լուծելու և շփման գծում ու հայ-ադրբեջանական պետական սահմանին լարվածության բարձր աստիճանի պահպանման իր ռազմավարական նպատակը»: Համբարձումյանի համար այն փաստը, որ Ադրբեջանը չի հետևել համավարակի բռնկումից հետո համընդհանուր զինադադարի հաստատման մասին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի կոչին, վկայում է պատերազմին պատրաստվելու նրա վճռական մտադրության մասին: «Իրոք,- շարունակում է դեսպանը,- վերջին տարիներին Ադրբեջանի կառավարությունը միլիոնավոր դոլարներ է ծախսել սպառազինություն ձեռք բերելու համար, այն պարագայում, երբ այդ գումարը կարող էր ուղղվել իր ժողովրդի բարեկեցությանը, և այժմ եկել է այդ ծախսերն արդարացնելու ժամանակը»: Դեսպանը նշում է, որ «Տարբեր առիթներով Ադրբեջանի նախագահը (Իլհամ Ալիևը) հրապարակայնորեն դատապարտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի (որը ներառում է Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն) ջանքերը՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը՝ այդպիսով բացահայտորեն գնալով պատերազմի»: «Կոչ ենք անում միջազգային հանրությանը խստորեն դատապարտել Ադրբեջանի ագրեսիան և վերահաստատել, որ հակամարտությունը չունի ռազմական լուծում: Մեր տարածաշրջանում շահագրգիռ կողմերից ակնկալում ենք ավելի վճռական դիրքորոշում՝ հորդորելու Ադրբեջանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ և քայլեր ձեռնարկել Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության վերականգման և պահպանմանն համար՝ կանխելու անսպասելի հետևանքները»,- ընդգծեց դեսպանը, հավելելով, որ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդն իր պատմական հողի վրա խաղաղ կյանքի և սեփական ճակատագիրը կերտելու իրավունք ունի: «Հայաստանը գնահատում է իտալական իշխանությունների և մեր միջազգային գործընկերների հավասարակշռված դիրքորոշումը, որոնք արտահայտել են իրենց աջակցությունը և կոչ են արել դադարեցնել ռազմական գործողությունները: Իտալիայի կառավարությունը քաջատեղյակ է, որ մեր տարածաշրջանում իրավիճակը շատ զգայուն է, և հույս ունենք, որ Իտալիան իր հայտարարություններում և գործողություններում կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում (որի կազմում են Ռուսաստանը, Ֆրանսիան և ԱՄՆ-ն)»,- ավելացնում է դեսպանը: «Հավաստի տեղեկություններ կան, որոնց համաձայն Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ օգտագործվել են նաև օտարերկրյա վարձկաններ ժամանած Սիրիայի այն հատվածներից, որոնք վերահսկվում են թուրքական զինված ուժերի կողմից»,- նշել է Ծովինար Համբարձումյանը «Adnkronos»-ին՝ մեղադրելով Թուրքիային Կովկասի տարածաշրջանի համար հակամարտությունում Ադրբեջանին ուղղակիորեն սատարելու մեջ: «Ներկայիս հարձակման ժամանակ,- հաստատում է դեսպանը,- ոչ միայն թուրքական արտադրության ԱԹՍ-ներ են գործի դրվել, այլև շփման գծի մոտակայքում նկատվել են նաև թուրքական F16 կործանիչներ»:
13:39 - 30 սեպտեմբերի, 2020
Ադրբեջանի արկածախնդրությունը մարդու միջազգային իրավունքի խախտում է․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ եւ նախագահներ

Ադրբեջանի արկածախնդրությունը մարդու միջազգային իրավունքի խախտում է․ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ եւ նախագահներ

Մենք խորապես անհանգստացած ենք եւ վշտացած Արցախի դեմ սանձազերծված լայնամասշտաբ հարձակումով եւ տարածաշրջանում զինված հակամարտության բռնկումով: Ադրբեջանի այս արկածախնդրությունը, որին աջակցում է Թուրքիան, մարդու միջազգային իրավունքի կոպիտ խախտում է: Մենք խստորեն դատապարտում ենք բռնության էսկալացիան՝  խոշոր տրամաչափի զենքերով խաղաղ բնակչության թիրախավորումը եւ հարձակումը քաղաքացիական ենթակառուցվածնքների վրա: Մենք հաստատապես համոզված ենք, որ հակամարտության կայուն կարգավորման հնարավոր է հասնել միայն խաղաղ բանակցությունների ճանապարհով: «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության հիմքում ընկած մեր համընդհանուր մարդկայնության ոգին սկիզբ է առնում 1915 թ. Հայոց ցեղասպանության ողբերգական իրադարձություններից: Մենք մեր պատմությունից եւ սեփական փորձից գիտենք, որ նույնիսկ ամենադժվարին պահերին լուսավոր ապագան այն մարդկանց ձեռքերում է, որոնք օգնում եւ հույս են պարգեւում այլոց: Այսօր, երբ ուժի գործադրումն ուղեկցվում է մարդկային կորուստներով, մենք կոչ ենք անում համաշխարհային հանրությանը՝ հանդես գալու հակամարտության էսկալացիայի անհապաղ թուլացման պահանջով եւ օգնելու խաղաղություն հաստատել Արցախի բնակչության համար: Աշխարհը չպետք է անտարբեր դիտորդ լինի: Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը ձեռնարկելու բոլոր անհրաժեշտ միջոցները՝ օգնելու անհապաղ վերականգնել խաղաղությունը տարածաշրջանում: Նուբար Աֆեյան, Վարդան Գրեգորյան, Ռուբեն Վարդանյան` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիրներ  
13:22 - 30 սեպտեմբերի, 2020
Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է․ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ

Նման նախադեպ, որ պետության դիմումի հիման վրա ՄԻԵԴ-ը կայացնում է միջանկյալ միջոց, եզակի է։ Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը՝ անդրադառնալով այն փաստին, որ ՄԻԵԴ-ը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այն կիրառելու որոշում է կայացրել։  «Սա երրորդ դեպքն է, առաջին երկուսը Ուկրաինայի դիմումի հիման վրա կայացրած որոշումներն են։ Եւ բոլոր դեպքերում էլ Դատարանն անդրադառնում է երկու կողմերին՝ ե՛ւ դիմում ներկայացրած պետությանը, ե՛ւ պետությանը, որի դեմ ներկայացվել է դիմումը։ Մեզ համար սա հաջողություն է, քանի որ որոշումը կայացվել է ՀՀ-ի ներկայացրած դիմումի հիման վրա, ՀՀ-ի ներկայացրած ապացույցների հիման վրա, եւ Դատարանը նույնիսկ հարկ չի համարել այն ուղարկել Ադրբեջանի կառավարությանը՝ լրացուցիչ մեկնաբանություն ստանալու համար»,- հայտնեց Եղիշե Կիրակոսյանը։ Կիրակոսյանը փոխանցեց, որ իրենք լրացուցիչ ապացույցներ ենք ներկայացրել ՄԻԵԴ՝ ի հավելումն  ներկայացված դիմումի, որով ցույց են տվել ընթացիկ իրավիճակը, շեշտադրումներ են արել կոնկրետ դեպքերին, քաղաքացիական բնակչության թիրախավորմանը, ՀՀ սահմանին ռմբակոծությանը։ «ՀՀ-ն առաջիկայում մեր գործընկերներին կներկայացնի մեր ձեռնարկած միջոցառումների մասին տեղեկություն, եւ կսպասենք նաեւ Ադրբեջանի կառավարության արձագանքին, հետո մեր դիրքորոշումը կլինի ըստ այդմ»,- նշեց նա։ Եղիշե Կիրակոսյանը հայտնեց, որ միջանկյալ միջոցը ժամանակավոր եւ հրատապ միջոց է, որը դատարանը կիրառում է այն դեպքում, երբ կա իրական, անդառնալի հետեւանքների վտանգ։ Խոսքը կյանքի իրավունքի, վատ վերաբերմունքի, խոշտանգումների, անձնական կյանքի անձեռնմխելիության մասին է՝ 2-րդ, 3-րդ, 8-րդ հոդվածներով։ «Մենք մեր դիմումի մեջ նշել էինք այս հոդվածները, բայց Դատարանն անդրադարձել է միայն 2-րդ, 3-րդ հոդվածներին։ Միջանկյալ միջոցը կողմերին պարտավորեցնում է ձեռնպահ մնալ կոնկրետ գործողությունների կատարումից, որոնք կառաջացնեն անդառնալի հետեւանքներ»,- ասաց նա։
13:10 - 30 սեպտեմբերի, 2020
Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանի կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար թուքական F-16-երն այնտեղ են․ Արծրուն Հովհաննիսյան

Մենք լավ գիտենք, որ Ադրբեջանի կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել ինչպես հարկն է, դրա համար թուքական F-16-երն այնտեղ են․ Արծրուն Հովհաննիսյան

Վաղ առավոտվանից հյուսիսային ուղղությամբ շարունակվում են մարտերը։ Հակառակորդը կիրառվում է բազում միջոցներ՝ այդ թվում հեռահար ճշգրիտ միջոցներ, ԱԹՍ-ներ, մեծ քանակությամբ հրետանի։ Մեր ԶՈՒ-երը հերոսաբար դիմակայում են, մենք էլ ունենք զոհեր, որոնց մասին լրացուցիչ կհայտնենք։ Այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում այս մասին հայտնեց ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հավհաննիսյանը։ «Դեռեւս օգոստոսին, երբ Ադրբեջանն ավարտեց զորավարժությունները, եւ F-16 կործանիչները չհանվեցին այնտեղից, ՀՀ-ն այս հարցը բարձրացրել է։ Մենք լավ գիտենք, որ իրենց կազմում եղած կործանիչները իրենց առաջադրված խնդիրները չեն կարող կատարել, ինչպես հարկն է, դրա համար F-16-երն այնտեղ են։ ՀՀ-ն տիրապետում է համապատասխան տեղեկությունների, այդ թվում՝ ռադիոտեխնիկական-հետախուզական միջոցների, եւ բոլոր նրանց, որոնք հերքում են եւ փորձում են լուրջ չվերաբերվել մեր պաշտոնական տեղեկություններին, համապատասխան անակնկալներ սպասվում են՝ ապացույցներով»,- ասաց Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելեով, որ F-16-երը գտնվել են եւ գործել են Գանձակի օդանավակայի հատվածից, ասել է թե՝ հիմնականում ՀՀ-ի եւ Արցախի հյուսիսային ուղղություններից։  Նա տեղեկացրեց, որ Թուրքիայի օդուժից բերվել են նաեւ այլ սարքեր, օրինակ՝ Բայրակթար եւ այլ ԱԹՍ-ներ։ «Մենք գիտենք, շատ լավ հասկանում ենք, որ F-16-ն օգնում է Բայրակթարին, զուգահեռ սահմանի մյուս կողմից ռադիոտեխնիկական կապի եւ կառավարման թուրքական ինքնաթիռ է թռչում, եւ բորտերով, համարներով գիտենք, որ փոխկապակցված աշխատում են։ Մենք շատ լավ գիտենք, որ միայն F-16-ը կարող էր տեսնել մեր ՍՈՒ25-ին, ոչ մի ՀՕՊ միջոց չէր կարող իրենց էդ պահին էդ տեղում հայտնաբերել»,- նշեց Արծրուն Հովհաննիսյանը։ Նա հավելեց, որ երեկ Վարդենիսին հասցված ավիացիոն հրթիռային հարվածներից հետո ՀՀ-ի ուղղությամբ ակտիվ մարտական գործողություններ չեն ընթացել։ Նախիջեւանի եւ Տավուշի հատվածում համեմատաբար հանգիստ է։ 
12:52 - 30 սեպտեմբերի, 2020
Երեկ խոցված գրոհիչի օդաչուն մայոր Վալերի Դանելինն է․ ԱԳՆ-ն՝ Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ

Երեկ խոցված գրոհիչի օդաչուն մայոր Վալերի Դանելինն է․ ԱԳՆ-ն՝ Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ

ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել Թուրքիայի ԶՈՒ ներգրավվածության վերաբերյալ, որը ներկայացնում ենք ստորև․ Սեպտեմբերի 29-ի առավոտյան, Ադրբեջանի «Գյանջա» օդանավակայանում տեղակայված Թուրքիայի Հանրապետության ռազմաօդային ուժերին պատկանող F-16 կործանիչներից մեկի կողմից խոցվել է ՀՀ տարածքում գտնվող ռազմական և քաղաքացիական օբյեկտների վրա ադրբեջանական հարձակումները հետ մղելու նպատակով ՀՀ օդային տարածքում՝ Վարդենիսի շրջանում, մարտական խնդիրները կատարող ՀՀ ԶՈւ ռազմաօդային ուժերի ՍՈւ-25 գրոհիչը: Զոհվել է ՀՀ ԶՈՒ օդաչու մայոր Վալերի Դանելինը:  Սա թուրքական օդուժի առաջին սադրանքը չէ: Ադրբեջանում հայտնվելուց ի վեր թուրքական օդուժը սադրիչ թռիչքներ է իրականացնում Արցախի և Ադրբեջանի միջև շփման գծի երկայնքով, իսկ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի ընթացքում փաստացիորեն Ադրբեջանի բանակի հարձակվող զինված ստորաբաժանումներին օդային աջակցություն է  ցուցաբերում: Հարկ է նշել, որ թուրքական սադրիչ թռիչքներ են իրականացվում նաև հայ-թուրքական սահմանի երկայնքով՝ առանձին դեպքերում հատելով և խախտելով Հայաստանի օդային տարածքը: Հայ-ադրբեջանական սահմանի նույն հատվածում սեպտեմբերի 27-ին թուրքական F-16 ինքնաթիռը խախտել է Հայաստանի օդային սահմանը և հռթիռներ արձակել Վարդենիսի շրջանի ուղղությամբ: Թուրքական օդուժը Ադրբեջանում հայտնվել է հուլիսի 29-ից օգոստոսի 13-ը տեղի ունեցած թուրք-ադրբեջանական լայնածավալ զորավարժությունների ժամանակ և մինչ օրս դուրս չի բերվել Ադրբեջանի տարածքից: Թուրքական զինուժի այս սադրիչ գործողությունները լրջորեն վտանգում են տարածաշրջանային անվտանգությունը և խոչընդոտում են մարտական գործողությունները դադարեցնելու ուղղությամբ միջազգային հանրության ջանքերը: Միջազգային հանրությունը կոչ է արել արտատարածաշրջանային ուժերին ձեռնպահ մնալ հակամարտությունը բորբոքելու քայլերից, և Թուրքիան պետք է անսա այս կոչերին: Խստորեն դատապարտում ենք Թուրքիայի սադրիչ գործողությունները և պահանջում թուրքական զինուժի, ներառյալ՝ օդուժի անհապաղ դուրսբերումը հակամարտության գոտուց:
12:26 - 30 սեպտեմբերի, 2020
Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ․ Մարիա Զախարովա |civilnet.am|

Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ․ Մարիա Զախարովա |civilnet.am|

civilnet.am: Անկարայի դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նորություն չէ, նախապես հայտնի էր նրա դիրքորոշումը, «Կոմսոմոլսկայա պրավդա»-ի հետ զրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Թուրքիայի հայտարարությունն այն մասին, որ կաջակցի Ադրբեջանին թե՛ բանակցությունների սեղանի շուրջ, թե՛ մարտի դաշտում։  «Բոլորովին չեմ պատրաստվում մեկնաբանել Թուրքիայի կամ այլ երկրի մեթոդաբանությունը։ Մեզ մոտ հռետորաբանությունը տարբեր է, և հայտարարությունները տարբերվում են»,- ասել է Զախարովան՝ հայտարարելով, որ Ռուսաստանը Թուրքիա չէ, և դա «բառիս բուն իմաստով դա պետք է հասկանալ»։ «Դա մեր պատմությունն է, հակամարտությունների կարգավորման մեր մեթոդներն էլ իրենց պատմությունն ունեն»,- հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը։ Շարունակությունը՝ civilnet.am-ում։
11:56 - 30 սեպտեմբերի, 2020
Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին

Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար. Նիկոլ Փաշինյանը՝ The Washington Post-ին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել The Washington Post-ին, որում անդրադարձել է Լեռնաիին Ղարաբաղում Ադրբեջանի սանձազերծած ագրեսիային և պատերազմական գործողություններին: ՀՀ վարչապետը խոսել է նաև Թուրքիայի ներգրավվածությւան մասին: Դեյվիդ Իգնեշիուսի հոդվածը ներկայացնում ենք ստորև. «Հայաստանի և Ադրբեջանի միջև սրվող հակամարտությունը նոր վտանգավոր շրջադարձ արձանագրեց երեքշաբթի՝ Թուրքիայի կողմից հայկական մարտական ինքնաթիռի խոցման հետ կապված: ՀՀ վարչապետը հարցազրույցի ժամանակ մտավախություն հայտնեց, որ արդյունքում Թուրքիան և Հայաստանն ավելի լայնածավալ պատերազմի մեջ կարող են ներքաշվել:Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույցի ժամանակ ասաց, որ Թուրքիան «անկայունություն է ստեղծում հարևան երկրներում, Միջերկրական ծովի արևելյան հատվածում, Մերձավոր Արևելքում և այժմ Հարավային Կովկասում: Դա ահագնացող սպառնալիք է համաշխարհային անվտանգության համար»: Նա ասաց, որ բացի հիշյալ F-16-ի դեպքից, կիրակի օրվանից հակամարտության վերսկսումից ի վեր Թուրքիան օգնում է Ադրբեջանին անօդաչու թռչող սարքերով և վարձկաններով: Միացյալ Նահանգները, Ռուսաստանը, Ֆրանսիան և Գերմանիան կողմերին կոչ են անում անցնել դիվանագիտության: Փաշինյանն ասաց, որ ինքը և իր գործընկերներն արդեն զրուցել են այդ բոլոր երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Սակայն առայժմ ակնհայտ առաջընթաց չի գրանցվել հրադադարի կամ կարգավորման բանակցությունների ուղղությամբ: Պետդեպարտամենտն ավելի ու ավելի է մտահոգվում ԱՄՆ կարևոր դաշնակցի (ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիա) և Ռուսաստանի դաշնակից Հայաստանի միջև դիմակայությամբ: Փաշինյանն ասաց, որ Թուրքիայի օժանդակությամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը բուն Հայաստանի վրա «այժմ իրականություն է դարձել» Հայաստանի մայրաքաղաք Երևանից արևելք գտնվող Վարդենիսի շրջանի հրետակոծմամբ: Նա ասաց, որ թուրքական F-16- ը, որն ըստ հաղորդումների խոցել է հայկական S-25 կործանիչը, աջակցում էր Վարդենիսի տարածքում ադրբեջանական հարձակմանը: Ռուսաստանի ՏԱՍՍ գործակալությունը երեքշաբթի օրը հաղորդում տվեց հայկական օդանավի խոցման մասին՝ վկայակոչելով Հայաստանի պաշտպանության նախարարության հայտարարությունը: «Այն, ինչ այսօր տեղի է ունենում, հայ ժողովրդի դեմ հայտարարված պատերազմ է», - պնդում է Փաշինյանը: Նա ասաց, որ Թուրքիայի հետ ունեցած պատմական հակամարտության պատճառով իր երկիրն այսօր կանգնած է «էքզիստենցիալ սպառնալիքի» առջև: Պատասխանելով Հայաստանի հարավ-արևմուտքում գտնվող ադրբեջանական Նախիջևանից հնարավոր հարձակման սպառնալիքի մասին, Փաշինյանն ասաց, որ նա ռազմական դրություն է հայտարարել և շեշտեց. «Մենք պետք է օգտագործենք բոլոր միջոցները մեզ պաշտպանելու համար»: Մասնավորելով թուրքական սպառնալիքի մասին ասվածը՝ Փաշինյանը վկայակոչեց Օսմանյան կայսրության մայրամուտին՝ 1915 թվականին ավելի քան 1 միլիոն հայերի կոտորածը, որը թեև ԱՄՆ Կոնգրեսի և շատ այլ երկրների կողմից ընդունված բանաձևերում որակվում է որպես «ցեղասպանություն», սակայն շարունակում է մերժվել Թուրքիայի կողմից: «Թուրքիայի նախագահը ժխտողականությունը վերածել է իր պետության պաշտոնական քաղաքականության», - ասաց Փաշինյանը՝ հավելելով. «Ժխտողականությունը նոր ցեղասպանության նախապայմաններից մեկն է»: Հայաստանի վարչապետն ասաց, որ կիրակի մարտերը վերսկսվելուց ի վեր Հայաստանն ունեցել է տասնյակ զոհեր և շուրջ 200 վիրավոր: Նա նշեց, որ ադրբեջանցիները կորցրել են մի քանի հարյուր զինվոր, գումարած ավելի քան 100 տանկ, մի քանի ուղղաթիռ և այլ տեխնիկա: Նա նաև ասաց՝ քանի որ հայկական ուժերը հետ են մղել հարձակումներն ինչպես Ղարաբաղի, այնպես էլ Հայաստանի ուղղությամբ, ապա «հուսով եմ, որ ի վերջո Ադրբեջանի նախագահը կհասկանա, որ Ղարաբաղի հարցը ռազմական լուծում չունի»: Փաշինյանի խոսքով՝ շաբաթվա ընթացքում հնարավոր դիվանագիտական կարգավորման մասին խոսել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ: Պետդեպարտամենտը կիրակի օրը հայտարարեց, որ Միացյալ Նահանգները «անհանգստացած են Ղարաբաղում լայնամասշտաբ ռազմական գործողությունների մասին հաղորդագրություններից» և նախազգուշացրել են «արտաքին ուժերին՝ զերծ մնալ սրվող հակամարտությանը մասնակցելուց»՝ անուղղակիորեն ակնարկելով Թուրքիային: Հայտարարության մեջ նշվում է, որ պետքարտուղարի տեղակալ Սթիվեն Բայգունը զանգահարել է Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարներին՝ «երկու կողմերին կոչ անելով անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները»: Փաշինյանը հայտնեց, որ նախատեսվում են հետագա բանակցություններ ԱՄՆ պաշտոնյաների հետ»: Վարչապետի հարցազրույցը՝ այստեղ:
11:40 - 30 սեպտեմբերի, 2020
Կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ դեսպան Արտաշես Թումանյան

Կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ դեսպան Արտաշես Թումանյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական TASNIM գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև․ - Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններ սկսվելու պատճառը:   Պատճառն Ադրբեջանի ծայրահեղ կոշտ դիրքորոշման, խաղաղ բանակցային գործընթացից հրաժարվելու և Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունն է:   - Նման բախումները, որպես կանոն, արագ կարգավորվել են և հրադադար է հաստատվել: Ինչու՞ է այս անգամ այն հասել այսպիսի լարվածության:   Ռազմական բախումներից հետո հրադադարի հաստատումը մշտապես կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ և երբեք այն դյուրությամբ տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է այս վերջին իրադարձություններին, ապա պետք է արձանագրել, որ ռազմական գործողությունների մասշտաբները, ընդգրկման սահմանները կանխորոշել է հարձակվող կողմը՝ Ադրբեջանը: Եվ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է փաստացիորեն դուրս գալ խաղաղ գործընթացից և փորձում է հակամարտությունը լուծել պատերազմի միջոցով: Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է և միջազգային հանրության համար ընդունելի՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը չունի ռազմական լուծում:   - Արդյո՞ք վերջին շաբաթների զարգացումները չեն նշանակում, որ կողմերը պատրաստվում են երկարատև պատերազմի:   Հայկական կողմը խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծման կողմնակից է, սակայն մենք պատրաստ ենք ընդունել մեզ պարտադրված մարտահրավերները և այս իմաստով Հայաստանի, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և ողջ հայության ներսում լիակատար միասնություն կա: Իհարկե պատերազմը մարդկային կյանքեր է խլում և սա մեր ամենամեծ և անդառնալի կորուստն է: Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու Ադրբեջան-Թուրքիա դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը: Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսել ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։   - Ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խումբը մինչ օրս հակամարտության կարգավորման հարցում հաջողություն չի ունեցել: Արդյո՞ք Դուք լավատես եք այս հարցում:   ԵԱՀԿ կողմից ստեղծված Մինսկի խումբը և դրա եռանախագահող երկրները Ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ միջազգային ձևաչափն է: Հայկական կողմն այսօր էլ համագործակցում է վերոնշյալ երկրների հետ: Ի հավելումն դրա՝ պետք է նշել, որ ՌԴ-ը մեր ռազմավարական գործընկերն է և Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) առանցքային անդամը, մի կազմակերպություն, որը Հայաստանի միջազգային անվտանգության ապահովման կարևորագույն կառույցն է:   - Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դերն այս զարգացումներում: Վերջերս Թուրքիան զորավարժություններ անցկացրեց Նախիջևանում և ըստ երևույթին՝ այդ ուժերը դուրս չի բերել այնտեղից: Արդյո՞ք Թուրքիայի նպատակը Նախիջևանում ռազմաբազա ստեղծելն է: Որքանո՞վ դա կարող է մեծացնել լարվածությունը կամ հակառակը՝ նպաստել խնդրի լուծմանը:   Ինչպես կարող է Ղարաբաղյան հակամարտության հարցում բացարձակ միակողմանի և Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք դրսևորող երկիրը նպաստել խնդրի լուծմանը: Ձեր նշած զորավարժությունները մեր և ձեր երկրի սահմանների մերձակայքում ուժի ցուցադրումից զատ այսօր արդեն դարձել են ռազմական բախմանը մասնակցության էական գործոն: Կարծում եմ՝ այս իրողությունները նաև անհանգստության պատճառ պետք է լինեն Իրանի համար: Ի դեպ, լրատվական դաշտում (այդ թվում նաև՝ իրանական) բազմաթիվ տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկչական խմբերի ներգրավման մասին: Արդյո՞ք իրանական կողմին չի մտահոգում, թե նրանք որտեղ կարող են հայտնվել ռազմական գործողությունների ավարտից հետո:   - Ո՞րն է Ձեր տեսակետն Իրանի միջնորդական առաքելության վերաբերյալ: Թվում է, թե իր պատմական կապերով, հարևանության հանգամանքով և անկողմնակալ դիրքորոշմամբ Իրանը կարող էր այս հակամարտության կարգավորման համար օգտակար լինել:   Չափազանց կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հատկապես, նկատի ունեմ խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու Իրանի անփոփոխ դիրքորոշումը: Մեզ համար խիստ դրական ուղերձ էր նաև այս օրերին հրապարակված ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրապարակումն՝ ուղղված հակամարտող կողմերին՝ խաղաղ բանակցությունների վերսկսմանն աջակցության պատրաստակամության մասին: Կապված Իրանի միջնորդական գործունեության հնարավորության հետ՝ պետք է նշել, որ ներկայումս գործող միջազգային միջնորդական հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է և այն որևէ կերպ փոխարինելու օրակարգ գոյություն չունի:   - Ո՞րն է ԱՄՆ-ի և ՌԴ-ի դերն այս վերջին զարգացումներում:   Երկու երկրներն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամներն են և հանդես են գալիս ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների անցնելու կոչով:   - Ձեր կարծիքով որքա՞ն կշարունակվեն ռազմական գործողությունները: Ինչպե՞ս եք տեսնում իրական և մնայուն լուծումը:   Շատ դժվար է որևէ կանխատեսում անել, երբ ընթանում են լայնածավալ մարտական գործողություններ, երբ Ադրբեջանը հարձակում է գործել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ:   Ցանկանում եմ ընդգծել, որ մենք՝ Հայաստանը և Արցախը վճռական ենք մեր ողջ կարողությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը:  
11:21 - 30 սեպտեմբերի, 2020