Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

Կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ դեսպան Արտաշես Թումանյան

Կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ԼՂ հակամարտության կարգավորման հարցում․ դեսպան Արտաշես Թումանյան

Իրանի Իսլամական Հանրապետությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արտաշես Թումանյանը հարցազրույց է տվել իրանական TASNIM գործակալությանը, որը ներկայացնում ենք ստորև․ - Ո՞րն է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններ սկսվելու պատճառը:   Պատճառն Ադրբեջանի ծայրահեղ կոշտ դիրքորոշման, խաղաղ բանակցային գործընթացից հրաժարվելու և Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու մտադրությունն է:   - Նման բախումները, որպես կանոն, արագ կարգավորվել են և հրադադար է հաստատվել: Ինչու՞ է այս անգամ այն հասել այսպիսի լարվածության:   Ռազմական բախումներից հետո հրադադարի հաստատումը մշտապես կապված է եղել բազմաթիվ դժվարությունների հետ և երբեք այն դյուրությամբ տեղի չի ունեցել: Ինչ վերաբերում է այս վերջին իրադարձություններին, ապա պետք է արձանագրել, որ ռազմական գործողությունների մասշտաբները, ընդգրկման սահմանները կանխորոշել է հարձակվող կողմը՝ Ադրբեջանը: Եվ դրա պատճառն այն է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը որոշել է փաստացիորեն դուրս գալ խաղաղ գործընթացից և փորձում է հակամարտությունը լուծել պատերազմի միջոցով: Հայկական կողմի դիրքորոշումը հստակ է և միջազգային հանրության համար ընդունելի՝ Ղարաբաղի հակամարտության կարգավորման խնդիրը չունի ռազմական լուծում:   - Արդյո՞ք վերջին շաբաթների զարգացումները չեն նշանակում, որ կողմերը պատրաստվում են երկարատև պատերազմի:   Հայկական կողմը խաղաղ բանակցությունների միջոցով խնդրի լուծման կողմնակից է, սակայն մենք պատրաստ ենք ընդունել մեզ պարտադրված մարտահրավերները և այս իմաստով Հայաստանի, Արցախի (Լեռնային Ղարաբաղ) և ողջ հայության ներսում լիակատար միասնություն կա: Իհարկե պատերազմը մարդկային կյանքեր է խլում և սա մեր ամենամեծ և անդառնալի կորուստն է: Հայաստանը և Արցախը վճռական են իրենց ողջ կարողություններով դիմակայելու և չեզոքացնելու Ադրբեջան-Թուրքիա դաշինքի մտադրությունները: Հայկական կողմերի այդ վճռականությունն այլընտրանք չունի, քանի որ արտահայտում է հայ ժողովրդի՝ իր պատմական հայրենիքում ապրելու անկոտրում կամքը: Հայաստանը ամբողջովին վստահ է, որ Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունը ձախողվելու է և Ադրբեջանը պարտադրված է լինելու հրաժարվել ռազմական ճանապարհով հիմնախնդրի կարգավորման իր մտադրությունից ու Արցախի ժողովրդի հետ խոսել ոչ թե հրանոթների լեզվով, այլ խաղաղ բանակցային սեղանի շուրջ։   - Ինչու՞ ԵԱՀԿ Մինսկի միջնորդական խումբը մինչ օրս հակամարտության կարգավորման հարցում հաջողություն չի ունեցել: Արդյո՞ք Դուք լավատես եք այս հարցում:   ԵԱՀԿ կողմից ստեղծված Մինսկի խումբը և դրա եռանախագահող երկրները Ղարաբաղյան խնդրի կարգավորման միակ միջազգային ձևաչափն է: Հայկական կողմն այսօր էլ համագործակցում է վերոնշյալ երկրների հետ: Ի հավելումն դրա՝ պետք է նշել, որ ՌԴ-ը մեր ռազմավարական գործընկերն է և Հավաքական անվտանգության պետությունների կազմակերպության (ՀԱՊԿ) առանցքային անդամը, մի կազմակերպություն, որը Հայաստանի միջազգային անվտանգության ապահովման կարևորագույն կառույցն է:   - Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայի դերն այս զարգացումներում: Վերջերս Թուրքիան զորավարժություններ անցկացրեց Նախիջևանում և ըստ երևույթին՝ այդ ուժերը դուրս չի բերել այնտեղից: Արդյո՞ք Թուրքիայի նպատակը Նախիջևանում ռազմաբազա ստեղծելն է: Որքանո՞վ դա կարող է մեծացնել լարվածությունը կամ հակառակը՝ նպաստել խնդրի լուծմանը:   Ինչպես կարող է Ղարաբաղյան հակամարտության հարցում բացարձակ միակողմանի և Հայաստանի նկատմամբ թշնամական վերաբերմունք դրսևորող երկիրը նպաստել խնդրի լուծմանը: Ձեր նշած զորավարժությունները մեր և ձեր երկրի սահմանների մերձակայքում ուժի ցուցադրումից զատ այսօր արդեն դարձել են ռազմական բախմանը մասնակցության էական գործոն: Կարծում եմ՝ այս իրողությունները նաև անհանգստության պատճառ պետք է լինեն Իրանի համար: Ի դեպ, լրատվական դաշտում (այդ թվում նաև՝ իրանական) բազմաթիվ տեղեկություններ կան Ադրբեջանի կողմից օտարերկրյա ահաբեկչական խմբերի ներգրավման մասին: Արդյո՞ք իրանական կողմին չի մտահոգում, թե նրանք որտեղ կարող են հայտնվել ռազմական գործողությունների ավարտից հետո:   - Ո՞րն է Ձեր տեսակետն Իրանի միջնորդական առաքելության վերաբերյալ: Թվում է, թե իր պատմական կապերով, հարևանության հանգամանքով և անկողմնակալ դիրքորոշմամբ Իրանը կարող էր այս հակամարտության կարգավորման համար օգտակար լինել:   Չափազանց կարևոր է Իրանի հավասարակշռված դիրքորոշումը Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Հատկապես, նկատի ունեմ խաղաղ ճանապարհով և բանակցությունների միջոցով խնդիրը լուծելու Իրանի անփոփոխ դիրքորոշումը: Մեզ համար խիստ դրական ուղերձ էր նաև այս օրերին հրապարակված ԻԻՀ ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆի հրապարակումն՝ ուղղված հակամարտող կողմերին՝ խաղաղ բանակցությունների վերսկսմանն աջակցության պատրաստակամության մասին: Կապված Իրանի միջնորդական գործունեության հնարավորության հետ՝ պետք է նշել, որ ներկայումս գործող միջազգային միջնորդական հարթակը ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահությունն է և այն որևէ կերպ փոխարինելու օրակարգ գոյություն չունի:   - Ո՞րն է ԱՄՆ-ի և ՌԴ-ի դերն այս վերջին զարգացումներում:   Երկու երկրներն էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի եռանախագահության անդամներն են և հանդես են գալիս ռազմական գործողությունների դադարեցման և խաղաղ բանակցությունների անցնելու կոչով:   - Ձեր կարծիքով որքա՞ն կշարունակվեն ռազմական գործողությունները: Ինչպե՞ս եք տեսնում իրական և մնայուն լուծումը:   Շատ դժվար է որևէ կանխատեսում անել, երբ ընթանում են լայնածավալ մարտական գործողություններ, երբ Ադրբեջանը հարձակում է գործել նաև Հայաստանի Հանրապետության տարածքի ուղղությամբ:   Ցանկանում եմ ընդգծել, որ մենք՝ Հայաստանը և Արցախը վճռական ենք մեր ողջ կարողությունների շրջանակներում պաշտպանելու Արցախի ժողովրդի անվտանգությունը, Արցախի անվտանգությունը, Հայաստանի անվտանգությունը:  
11:21 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից. Արցախի ԱԳՆ

Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից. Արցախի ԱԳՆ

Թուրքիան երկար ժամանակ ակտիվորեն փորձում է օգտագործել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը Հարավային Կովկասում իր ապակառուցողական արտաքին քաղաքական օրակարգն առաջ մղելու համար, ընդ որում՝ ոչ միայն հրապարակավ արտահայտելով անվերապահ համերաշխություն Ադրբեջանին, այլև այդ երկրին ցուցաբերելով իր անմիջական աջակցությունը, այդ թվում՝ ռազմական բնույթի: Այս մասին ասված է Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունում: «Եթե նախկինում Թուրքիան ստվերային տիկնիկավարի դեր էր խաղում, որն ուղղորդում էր Ադրբեջանի գործողությունները, ապա այժմ Անկարան անմիջական մասնակցություն ունի Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի իշխանությունների միջազգային հակաիրավական գործողություններին՝ խրախուսելով Բաքվի հանցավոր գործողությունները, ցուցաբերելով ռազմաքաղաքական և տեղեկատվական աջակցություն, տրամադրելով զենք, մասնավորապես՝ անօդաչու թռչող սարքեր և համազարկային կրակի հրթիռային համակարգեր, ուղարկելով ռազմական մասնագետներ և հավաքագրելով վարձկաններ Մերձավոր Արևելքից՝ Արցախի Հանրապետության դեմ պատերազմին մասնակցելու համար: Թուրքիայի այսօրինակ ագրեսիվ վարքագծի ցայտուն օրինակ է ՀՀ օդային տարածքում թուրքական F-16 կործանիչի կողմից հայկական ինքնաթիռի խոցումը: Թուրքիայի տարածաշրջանային դերի վտանգի աստիճանն աճում է թուրքական ղեկավարության ծավալապաշտական նկրտումների աճի ֆոնին՝ հիմնված կայսրության ֆանտոմային հիշողությունների վրա, որը, նախքան իր գոյությունը դադարելը, 1915թ. իրականացրել է 20-րդ դարի առաջին ցեղասպանությունը՝ 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը: Հավակնությունների հետ մեկտեղ, Թուրքիայի ներկայիս իշխանությունները մոռացության մատնված կայսրությունից ժառանգություն են ստացել ոչ միայն նրա քաղաքականությունը, այլև դրա իրականացման հանցավոր եղանակներն ու միջոցները: Հատկանշական է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը ծագել է 1918թ.-ին` հենց Հարավային Կովկասում թուրքական զորքերի ռազմական միջամտության արդյունքում: Շարունակելով 1915թ.-ի Հայոց ցեղասպանությունը, 1918թ.-ին թուրքական զորքերը ներխուժել են Արցախ և իրականացրել Շուշիի հայ բնակչության կոտորածը: Սակայն Արցախը անկախության կարճատև պատմություն ունեցած Ադրբեջանին հպատակեցնելու թուրքական զորքերի բոլոր փորձերն ավարտվել են լիակատար ձախողմամբ: Ավելի քան հարյուր տարի անց, Թուրքիան փորձում է հետ շրջել պատմության անիվը: Թուրքիայի էական դերը Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ կատարված հանցագործություններում ունի բավարար փաստագրական ապացույցներ և կասկածից վեր է: Անկարայի պատասխանատվությունը չի սահմանափակվում միայն Ադրբեջանի իշխանությունների ձեռքերով հանցագործությունների ուղղակի կատարմամբ, այլև ներառում է հանցավոր գործողությունների վերահսկում և ղեկավարում ինչպես նախապատրաստական փուլում, այնպես էլ դրանց կատարման ընթացքում: Թուրքիայի գործողությունները ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համատեքստում ավելին են, քան պարզապես օգնությունն ու Ադրբեջանին նոր հանցագործությունների դրդումը: Թուրքիայի ղեկավարների այս դիրքորոշումը հանցավոր վարքի բաղկացուցիչ մասն է և վկայում է Թուրքիայի և Ադրբեջանի միջև պայմանավորվածության առկայության մասին` համակարգված քայլերի և նրանց զավթողական ծրագրերի իրականացման վրա համատեղ վերահսկողության միջոցով ընդհանուր նպատակի հասնելու համար: Միջազգային հանրությունը պետք է լիովին գիտակցի, որ Թուրքիան, Ադրբեջանի հետ միասին, կրում է տարածաշրջանում խաղաղության և անվտանգության խախտման համար ողջ պատասխանատվությունը և պետք է հավասարապես էլ պատասխանատվության ենթարկվի միջազգային իրավունքի նորմերի և ՄԱԿ-ի կանոնադրության հետևողական խախտման համար: Այս բոլոր գործողություններից հետո Թուրքիան այլևս չի կարող համարվել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ, ինչպես նաև որևէ ձևով մասնակցել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ շրջանակներում միջնորդական առաքելության իրականացման հետ կապված գործողություններին: Թուրքիան պետք է բացառվի ԵԱՀԿ Մինսկի խմբի կազմից, քանի որ նրա ներկայությունը այս միջազգային միջնորդական կառույցում կնշանակի Արցախի Հանրապետության դեմ պատերազմ սանձազերծելուն ուղղված ապակառուցողական և հանցավոր գործողությունների խրախուսում: Մենք կրկին շեշտում ենք, որ այն պայմաններում, երբ Ադրբեջանը, Թուրքիայի ուղղորդմամբ, անտեսում է միջազգային հանրության կոչերը` անմիջապես դադարեցնել ռազմական գործողությունները, և հետևողականորեն հրաժարվում է լուծել ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով, Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը կդառնա համաշխարհային հանրության հավաքական ներդրումը տարածաշրջանում խաղաղության և անվտանգության վերականգնման, ինչպես նաև բանակցությունների միջոցով մնացած բոլոր հարցերի լուծման համար պայմաններ ստեղծելու գործում: Բացի այդ, կայուն իրավական հիմքերի և Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման անքակտելի իրավունքի իրացման օրինական արդյունքների ճանաչումը կդառնա արդյունավետ գործոն Արցախի Հանրապետության նկատմամբ թուրք-ադրբեջանական ցեղասպան քաղաքականությունը զսպելու համար, որից ոչ Բաքուն, ոչ էլ Անկարան չեն պատրաստվում հրաժարվել: Կարծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը լիովին տեղավորվում է քաղաքակիրթ աշխարհհ և առաջին հերթին այն երկրների քաղաքական և մարդասիրական պարտավորությունների շրջանակներում, որոնք ճանաչել և դատապարտել են 1915-1923 թթ. Հայոց ցեղասպանությունը»,-ասված է հայտարարության մեջ:
10:58 - 30 սեպտեմբերի, 2020
Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, Արցախի ՊՆ-ն, միայն նախկին բնագծերը վերականգնելով, չի բավարարվի․ ԱՀ նախագահի խոսնակ

Եթե Ադրբեջանը շարունակի ագրեսիան, Արցախի ՊՆ-ն, միայն նախկին բնագծերը վերականգնելով, չի բավարարվի․ ԱՀ նախագահի խոսնակ

Ողջ գիշեր շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվել են ինտենսիվ մարտերը՝ հատկապես հյուսիսային եւ հյուսիսարեւելյան  հատվածներում։ Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասել է Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ «Պաշտպանության բանակը կարողանում է ինտենսիվորեն կասեցնել հարձակողական բոլոր գործողությունները, որ իրականացնում են ադրբեջանական զինված ուժերը՝ թուրքական զինուժի աջակցությամբ։ Անցած գիշերվա հարձակողական բոլոր գործողությունները ձախողվել են, Ադրբեջանի բանակն այս պահի դրությամբ զինտեխնիկայի եւ կենդանի ուժի շատ մեծ կորուստներ ունի»,- ասել է խոսնակը։ Վահրամ Պողոսյանի խոսքով՝ այս պահին Արցախում ենթակառուցվածքների էական խնդիր չկա, բնականոն աշխատանքը շարունակվում է։  «Խնդիրներ հիմնականում ծագում են միայն այն հատվածներում, որոնք գտնվում են հակառակորդի հրետակոծության տակ, սակայն անմիջապես գործի են դրվում բոլոր հնարավորությունները՝ այդ խնդիրներն օպերատիվ լուծելու համար»,- հավելեց խոսնակը։ Վահրամ Պողոսյանը նաև նշեց, որ Արցախի պաշտպանության բանակը տարածաշրջանում խաղաղության և կայունության երաշխավորն է։ «Եթե Ադրբեջանը շարունակի իր ագրեսիան, մենք չենք բացառում, որ Արցախի պաշտպանության բանակը, միայն իր նախկին բնագծերը վերականգնելով, չի բավարարվի»,- ընդգծեց նա։
10:34 - 30 սեպտեմբերի, 2020
Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան

 |armenpress.am|

Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.am:  Հայաստանը դիտարկում է Լեռնային Ղարաբաղի անկախությունը ճանաչելու հնարավորությունը: ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում: Նա ավելացրել է, որ Հայաստանի գործողություններն ուղղված են Լեռնային Ղարաբաղում երկարաժամկետ կայունության հաստատմանը: «Այո, մեր օրակարգում կա Լեռնային Ղարաբաղի անկախության ճանաչման հարցը: Նաև դիտարկում ենք Ղարաբաղի հետ ռազմաքաղաքական դաշինք ձևավորելու հնարավորությունը»,-նշել է Նիկոլ Փաշինյանը: ՀՀ վարչապետի խոսքով, Հայաստանը կապահովի իր անվտանգությունը ՀԱՊԿ-ի մասնակցությամբ կամ առանց դրա: Նա նաև նշել է, որ Հայաստանը մշտապես կապի մեջ է ՀԱՊԿ-ի իր գործընկերների հետ: Փաշինյանը նաև հայտարարել է, որ Հայաստանը պատրաստ է Երևանում ընդունել հոկտեմբերի 9-ին սպասվող ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը:
10:19 - 30 սեպտեմբերի, 2020
Հակառակորդն ունի ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ․ ՊԲ

Հակառակորդն ունի ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ․ ՊԲ

Ամբողջ գիշերվա ընթացքում ճակատային գծի բոլոր ուղղություններով շարունակվել են մարտական գործողությունները: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի ՊԲ-ն։ Հաղորդագրությունում նշվում է, որ առավել ինտենսիվ մարտեր են ընթացել հյուսիսային և հյուսիս-արևելյան հատվածներում: Մարտավարական նախաձեռնությունը իր օգտին բարելավելու հակառակորդի բոլոր փորձերը ձախողվել են: Հակառակորդն ունի սպառազինության, ռազմական տեխնիկայի և մարդկային լուրջ կորուստներ: Կիրառելով հրթիռահրետանային համակարգեր, հետախուզական և հարվածային անօդաչու թռչող սարքեր՝ թշնամին թիրախավորել է նաև խաղաղ ազգաբնակչությանը: Օգտագործված հարվածային ԱԹՍ-ներից երկուսը ՊԲ ՀՕՊ ուժերի կողմից խոցվել է Ստեփանակերտի երկնքում: Այս պահին մարտական գործողություները շարունակվոմ են բոլոր ուղղություններով:
09:53 - 30 սեպտեմբերի, 2020
ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ

ԱԻՆ-ը հումանիտար օգնություն է տանում Արցախ

Թիկունքից՝ սահմանին. առաջին անհրաժեշտության պարագաներ՝ փաթեթավորված հոգատարությամբ, ջերմությամբ ու հաղթանակի վստահությամբ: Երևանի և մարզերի բնակիչների կողմից՝ Արցախ ուղարկելու համար տարբեր պարունակություն ունեցող արկղեր են պատրաստվել: Այս մասին հայտնում է ՀՀ ԱԻՆ-ը։ Դրանք վարչական շրջանների համայնքապետարանների և մարզպետարանների միջոցով փոխանցվում են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը, քանի որ ԱԻՆ-ը հումանիտար արձագանքման գործողությունների իրականացման համակարգող լիազոր մարմին է հանդիսանում: ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանի հանձնարարությամբ աշխատանքային խումբ է ստեղծվել: Ստացված օգնությունը տեսակավորվում և խմբավորվում է, որից հետո համապատասխան ստորաբաժանումները պատրաստվում են բեռը հանձնել Արցախի մեր հայրենակիցներին։ ԱԻՆ հումանիտար արձագանքման աշխատանքների համակարգող՝ ԱԻՆ ՓԾ տնօրենի տեղակալ, փ/ծ գնդապետ Արմեն Գրիգորյանը հավաքված բեռն անձամբ է տեղ հասցնելու: Արտակարգ իրավիճակների նախարարությունը շարունակում է խնդրել և հորդորել, որ Արցախի Հանրապետության ժողովրդին մարդասիրական օգնություն ցուցաբերել ցանկացողները համակարգված գործեն՝ կապ հաստատելով ՏԻՄ-երի, վերջիններս էլ՝ ԱԻՆ-ի հետ, որպեսզի գործընթացը լինի նպատակային և հասցեական: 
09:33 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի սադրանքները ձախողել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը. Թունիսում ՀՀ դեսպան

 |armenpress.am|

Թուրքիայի սադրանքները ձախողել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը. Թունիսում ՀՀ դեսպան |armenpress.am|

armenpress.am: Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տրամադրել է հարցազրույցի որոշ հատվածների թարգմանությունը, որ ներկայացվում է ստորև։ «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցավ արդբեջանական զինված ուժերի հարձակումը Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր հրթիռակիրների ու օդուժի կիրառմամբ: Արդյունքում՝ Հայաստանի կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք: Այժմ հայկական ուժերը կատաղի մարտեր են մղում առաջնագծում:Ադրբեջանը խեղաթյուրում է իրական փաստերը՝ մոլորեցնելով լրատվամիջոցներին, մինչդեռ շփման գծից եկող տեղեկատվությունը իրականում հստակ է: Ադրբեջանը ռմբակոծում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, դպրոցները, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտում՝ պատճառելով մարդկային կորուստներ խաղաղ բնակչության շրջանում:Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված այս պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի շոշափելի աջակցությամբ: Միջազգային լրատվամիջոցները, նախքան հարձակումը, հայտնում էին, որ սիրիացի զինյալ ծայրահեղականներ են տեղափոխվել Ադրբեջան: Մինչ այժմ ստացված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմից զոհվածների թվում կան Սիրիայից ժամանած վարձկաններ: Այժմ հայկական զորքերը, ինչպես նշեցինք, միակողմանիորեն հետ են մղում Ադրբեջանի թուրքական աջակցությամբ այս հուժկու հարձակումը: Հայաստանը բազմիցս նշել էր, որ պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը: Սակայն, պետք է արձանագրել, որ հակառակ կողմը շարունակաբար համառություն է ցուցաբերում. այս է խնդիրը: Տարիների ընթացքում Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշել է Թունիսում ՀՀ դեսպանը։:
09:24 - 30 սեպտեմբերի, 2020
Արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կարողությունն ունեն միայն հայկական զինված ուժերը․ Արցախի ՄԻՊ

Արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կարողությունն ունեն միայն հայկական զինված ուժերը․ Արցախի ՄԻՊ

Երևում է՝ արցախցիների իրավունքների պաշտպանության նպատակով «միջանկյալ միջոց» կիրառելու կամքն ու կարողությունն ունի միայն հայկական զինված ուժերը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ «Իհարկե, ողջունելի է, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանը միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ ՀՀ կառավարության դիմումի հիման վրա որոշում է կայացրել այն կիրառել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ստեղծված իրավիճակը կարող է հանգեցնել Կոնվենցիայի լրջագույն խախտումների: ՄԻԵԴ-ը կոչ է անում և Ադրբեջանին և Հայաստանին զերծ մնալ այնպիսի միջոցներից, մասնավորապես ռազմական գործողություններից, որոնք կարող են հանգեցնել քաղաքացիական բնակչության կոնվենցիոն իրավունքների խախտման, այդ թվում՝ վտանգել նրանց կյանքն ու առողջությունը։ Սակայն այդ վճռի հրապարակումից և ՄԱԿ-ում ու ԵԱՀԿ-ում քննարկումներից անմիջապես անց Ադրբեջանը հարվածային ԱԹՍ-ներ է ուղարկում Ստեփանակերտ, որոնք, բարեբախտաբար, խոցվեցին մեր ՀՕՊ ուժերի կողմից, դրանցից մեկը՝ տվյալ պահին իմ գտնվելու վայրից մետրերի հեռավորության վրա»,- հավելել է նա։
09:12 - 30 սեպտեմբերի, 2020
ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային բախումն Արցախից Հայաստան ընդլայնելու համար

 |armenpress.am|

ԱՄՆ կոնգրեսականները դատապարտել են Ադրբեջանին և Թուրքիային բախումն Արցախից Հայաստան ընդլայնելու համար |armenpress.am|

armenpress.am: Կոնգրեսի անդամների մի լայն զանգված՝ ինչպես Սենատից, այնպես էլ Ներկայացուցիչերի պալատից, հայտարարություններ են տարածել, որոնցով դատապարտում են Ադրբեջանին և Թուրքիային՝ ազատ և անկախ Արցախի Հանրապետության դեմ ռազմական հարձակման համար, հարձակում, որն ընդլայնվեց նաև դեպի Հայաստան: Այս մասին տեղեկացնում է ANCA-ն: «ANCA-ն ԱՄՆ Կոնգրեսին կոչ է անում անհապաղ քայլեր ձեռնարկել Բաքվում Ալիևի ռեժիմին տրամադրվող ԱՄՆ ռազմական օգնությունը դադարեցնելու և Թուրքիայի դեմ լայն ռազմական և տնտեսական պատժամիջոցներ կիրառելու համար»,-ասել է ANCA-ի նախագահ Րաֆֆի Համբարյանը: Հարձակումից հետո առաջին 48 ժամվա ընթացքում ANCA-ն և իր աջակիցները ավելի քան 100 000 նամակ են ուղարկել Սպիտակ տուն `հորդորելով, մասնավորապես, դադարեցնել ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին, պատժել ՆԱՏՕ-ի «դաշնակից» Թուրքիային:ԱՄՆ սենատոր Ռոբերտ Մենենդեսը հայտարարել է. «Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի վրա, մինչդեռ ագրեսիվ գործողությունները ստանում են Թուրքիայի աջակցությունը»: Նա շեշտել է, որ Թրամփի վարչակազմը պետք է դադարեցնի անվտանգության համար աջակցությունը Ադրբեջանին: ԱՄՆ սենատոր Էդ Մարկեյն էլ շեշտել է, որ կանգնած է Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի կողքին: «Թուրքիան քաջալերում է Ադրբեջանին՝ Հայաստանի դեմ ռազմական օգնությամբ և սադրիչ հայտարարություններով, որոնք խաթարում են միջնորդական ջանքերը: ԱՄՆ-ն պետք է աջակցի տարածաշրջանում խաղաղության հասնելու ջանքերին»-ասել է սենատորը: ԱՄՆ սենատոր Ջեք Ռիդն ասել է. «Հայերը իրավունք ունեն պաշտպանվել, երբ հարձակվում են: Ես խորապես մտահոգված եմ Լեռնային Ղարաբաղում ադրբեջանական ուժերի և հայկական զորքերի միջև ծանր մարտերի սրմամբ: Կոչ եմ անում զսպվածություն և քայլեր ձեռնարկել՝ կանխելու խաղաղ բնակչությանը հետագա վնասների կրումից: Նախագահ Թրամփը պետք է հետամուտ լինի ռազմական գործողությունների անհապաղ դադարեցմանը և նպաստի վեճի խաղաղ կարգավորումը»: Նա նաև նշել է, որ տարածաշրջանի բոլոր երկրները պետք է աշխատեն այս ճգնաժամը մեղմելու ուղղությամբ: Հայկական կողմին քաջալերող, աջակցող հայտարարություններով են հանդես եկել նաև կոնգրեսական Դոն Բեյերը, Թոնի Կարդենասը, սենատոր Քորի Բուքերը և մի խումբ այլ կոնգրեսականներ:
09:01 - 30 սեպտեմբերի, 2020
ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել |armenpress.am|

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կրակն անհապաղ դադարեցնելու կոչ է արել |armenpress.am|

armenpress.am: ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում տեղի ունեցած փակ քննարկումից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնել է սեպտեմբերին ԱԽ-ում նախագահող, ՄԱԿ-ում Նիգերի մշտական ներկայացուցիչ Աբդու Աբարին։ «ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի անդամներն աջակցում են գլխավոր քարտուղարի՝ կողմերին ուղղված կոչին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, թուլացնել լարվածությունը և առանց հապաղելու վերադառնալ բանակցությունների»,- ասել է նա։ Նա նաև չի բացառել հակամարտության կողմերի ներկայացուցիչների հետ հանդիպման անցկացումը։ «Եթե դա անհրաժեշտություն լինի, մենք կխոսենք երկու դեսպանների հետ (խմբ․ Հայաստանի և Ադրբեջանի), որպեսզի նրանք կարողանան փոխըմբռնման գալ»,- հավելել է Աբարին։
03:03 - 30 սեպտեմբերի, 2020
Թուրքիայի սադրանքները ձախողել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը. Թունիսում ՀՀ դեսպան

Թուրքիայի սադրանքները ձախողել են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորումը. Թունիսում ՀՀ դեսպան

Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը։ Այս մասին BBC հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է Թունիսում ՀՀ դեսպան Արշակ Փոլադյանը։ ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունը տրամադրել է հարցազրույցի որոշ հատվածների թարգմանությունը, որ ներկայացվում է ստորև։ «Սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան տեղի ունեցավ արդբեջանական զինված ուժերի հարձակումը Արցախի և Ադրբեջանի շփման գծի ողջ երկայնքով՝ ծանր հրթիռակիրների ու օդուժի կիրառմամբ: Արդյունքում՝ Հայաստանի կառավարությունը հայտարարեց ռազմական դրություն և համընդհանուր զորահավաք: Այժմ հայկական ուժերը կատաղի մարտեր են մղում առաջնագծում:Ադրբեջանը խեղաթյուրում է իրական փաստերը՝ մոլորեցնելով լրատվամիջոցներին, մինչդեռ շփման գծից եկող տեղեկատվությունը իրականում հստակ է: Ադրբեջանը ռմբակոծում է քաղաքացիական բնակավայրերն ու ենթակառուցվածքները, դպրոցները, այդ թվում նաև մայրաքաղաք Ստեփանակերտում՝ պատճառելով մարդկային կորուստներ խաղաղ բնակչության շրջանում:Ադրբեջանի կողմից մեզ պարտադրված այս պատերազմը սանձազերծվել է Թուրքիայի շոշափելի աջակցությամբ: Միջազգային լրատվամիջոցները, նախքան հարձակումը, հայտնում էին, որ սիրիացի զինյալ ծայրահեղականներ են տեղափոխվել Ադրբեջան: Մինչ այժմ ստացված տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմից զոհվածների թվում կան Սիրիայից ժամանած վարձկաններ: Այժմ հայկական զորքերը, ինչպես նշեցինք, միակողմանիորեն հետ են մղում Ադրբեջանի թուրքական աջակցությամբ այս հուժկու հարձակումը: Հայաստանը բազմիցս նշել էր, որ պատրաստ է վերսկսել խաղաղ գործընթացը: Սակայն, պետք է արձանագրել, որ հակառակ կողմը շարունակաբար համառություն է ցուցաբերում. այս է խնդիրը: Տարիների ընթացքում Թուրքիայի սադրիչ դիրքորոշումները հիմնականում ձախողել են հայ-ադրբեջանական հակամարտության խաղաղ կարգավորումը»,- նշել է Թունիսում ՀՀ դեսպանը։: Հարցազրույցն ամբողջությամբ՝ այստեղ։
02:27 - 30 սեպտեմբերի, 2020