«Պատիվ ունեմ» դաշինք

«Պատիվ ունեմ» դաշինքը ստեղծվել է 2021 թ․ մայիսի 15-ին՝ «Հայաստանի Հանրապետական» և «Հայրենիք» կուսակցությունների միավորմամբ՝ 2021 թ․ հունիսի 20-ի խորհրդարանական արտահերթ ընտրություններին մասնակցելու նպատակով։ Ընտրությունների արդյունքում քաղաքական ուժը ձեւավորել է «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ 7 պատգամավորով։

Դաշինքի նախընտրական ցուցակը գլխավորում էր «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

Բարձր եկամուտներ, ցածր հաշվետվողականություն․ ինչպե՞ս են ծախսվում պատգամավորական գումարները

«Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքը 2021 թվականի հուլիսի 15-ին ԱԺ 71 կողմ, 0 դեմ ձայների հարաբերակցությամբ ենթարկվեց փոփոխության, համաձայն որի` ԱԺ պատգամավորների պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար հատկացվող ամսական գումարի չափը 50․000 դրամից դարձավ 250․000 դրամ։ Օրենքի նախագծում որպես հիմնավորում ասվում է, որ օրենքն ուժի մեջ է մտել 2013 թվականին, որից հետո մինչ օրս չի վերանայվել, սակայն այս ժամանակահատվածում տեղի է ունեցել համապատասխան ծախսերի էական ավելացում։ Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ պատգամավորների թիվը նվազել է, և նոր ձևավորված Ազգային ժողովում 132 պատգամավորի փոխարեն կա 107 պատգամավոր, պետության ծախսերը ոչ թե ավելանում են, այլ նվազում։ Օրենքի նախագծի հիմնական զեկուցող Վիկտոր Ենգիբարյանը զեկուցման ժամանակ հիմնավորումներ ներկայացնելիս ասաց, որ այս օրենսդրական փոփոխությունը բխում է հանրային լավագույն շահից: «Ե՛վ 2,5 տարիների ընթացքի մեր պատգամավորական փորձը ցույց է տվել, որ պատգամավորին նյութատեխնիկական ապահովման տարբեր ծառայություններից օգտվելու, հիմնականում՝ սպասարկման կամ վառելիքի ծախսերից օգտվելու համար 50 հազար դրամը բավարար չէ, և՛ այս օրենսդրական փոփոխությունը միտված է ուժեղացնելու պատգամավորի ինստիտուտը»,- ելույթում ասաց Վիկտոր Ենգիբարյանը: Հարցուպատասխանից հետո՝ եզրափակիչ ելույթի ժամանակ, Ենգիբարյանը հավելեց․ «Մենք պատգամավորների նյութատեխնիկական հնարավորություններն ավելացնում ենք ոչ թե նրա համար, որ պատգամավորները սկսեն այցելել մարզեր, այլ հակառակը․ այդ ավելացումը տեղի է ունենում այն պատճառով, որ մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ պատգամավորներն իրենց աշխատավարձի զգալի մասը ծախսում են պատգամավորությունից բխող իրենց գործունեության վրա․․․ Նշվեց, որ պատգամավորն իր աշխատավարձը տրամադրում է այս կամ այն բարեգործական նպատակների։ Ես առաջարկում եմ բոլոր այն պետական պաշտոնյաներին, որոնք կարծում են, որ եկել են ԱԺ բարեգործություններ անելու համար, վերընթերցեն Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը։ Մեր աշխատանքից բխում է մեր քաղաքացիների և ժողովրդի շահերի ներկայացումը և հանուն մեր ժողովրդի օրենքների ընդունումը և պատգամավորի պարտականությունից բխող գործունեությունը։ Բարեգործությունների համար կարելի է բացել բարեգործական հիմնադրամներ և զբաղվել բարեգործությամբ»։ Օրենքում կատարված այս փոփոխությունը մեծ դժգոհությունների և քննարկումների առիթ դարձավ թե՛ համացանցում, թե՛ լրատվամիջոցներում։ Այս առնչությամբ, լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ՔՊ պատգամավոր Հովիկ Աղազարյանը կենցաղային օրինակ բերեց, որը նույնպես քննադատությունների ենթարկեց։ Աղազարյանն ասաց․ «Պարտադիր էլ չի, որ մարզ գնանք, ինչի Երևան քաղաքում չի՞ լինում ընտրողների հետ շփումներ․․․ Մի անգամ քեզ հրավիրում են սրճարան, վերջում հաշիվն իրանք են փակում, հետո հաջորդ անգամ էլ, որ իրանք հաշիվը փակեն, գեղեցիկ չի, մի անգամ էլ դու պետք ա հաշիվը փակես․․․»։ Հարցին, թե ինչքանով էր անհրաժեշտ 50․000 դրամը 250․000 դարձնելու նախագծի ընդունումը, և ինչպիսի հաշվետվողականություն ունեին 7-րդ գումարման ԱԺ պատգամավորները, անդրադարձել ենք առանձին հոդվածով. Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներից 62-ը մեր հարցումն անպատասխան էին թողել՝ այդպիսով հաշվետու չլինելով իրենց գործունեության վերաբերյալ։ Այս պատգամավորների մեծ մասը ներկայացված են նոր ձևավորված Ազգային ժողովում։ Այս անգամ էլ «Հետք մեդիա գործարանի» հետ համատեղ փորձել ենք ստուգել պատգամավորների հաշվետվողականությունը և իմանալ օրենքի նոր փոփոխությամբ ավելացված գումարով իրականացված ծախսերը։ Infocom-ը գրավոր հարցմամբ դիմել է խորհրդարանի բոլոր 107 պատգամավորներին՝ խնդրելով ներկայացնել, թե սեպտեմբեր ամսվա ընթացքում քանի մարզ են այցելել, որ բնակավայրերում են եղել և առհասարակ ինչ ծախսեր են իրականացրել պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված ամսական 250 հազար դրամով։ Հարցմանը պատասխանել են պատգամավորներից 60-ը։ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Պատգամավորների տրամադրած պատասխաններին անդրադառնանք՝ ըստ խմբակցությունների։   «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն Ազգային ժողովում Քաղաքացիական պայմանագիրն ունի 71 պատգամավոր։ Մեր հարցմանը իշխող խմբակցության պատգամավորներից պատասխանել է միայն 27-ը։ Սա խմբակցության պատգամավորների միայն 38%-ն է։ Սակայն պատասխանների մի մասը զուտ տեխնիկական էին․ բովանդակային առումով մեր հարցերից և ոչ մեկի պատասխանը տրված չէր։ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության պատգամավոր, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մեր գրության պատասխանում նշել է, որ սեպտեմբերին կատարել է մարզային մեկ այց։ Վերջինս այցելել է Գյումրի` քաղաքի օրվան նվիրված միջոցառումներին մասնակցելու համար։ Համաձայն գրության՝ սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարի փոխհատուցումն ստացել է հոկտեմբերին՝ 170 հազար ՀՀ դրամի չափով։ Մեր հարցին, թե կոնկրետ ինչ ծախսեր են կատարվել նշված գումարով, և որքան է ծախսել, Սիմոնյանը պատասխանել է, որ գործող օրենսդրությամբ ծախսերի հաշվետվողականություն սահմանված չէ, և ծախսերի առանձնացված հաշվառում չի իրականացվում։ Պատգամավոր Հովիկ Աղազարյանը գրությամբ նշել է, որ սեպտեմբերին այցելել է 3 մարզեր՝ 3 անգամ Արարատի, 1 անգամ Արմավիրի և 1 անգամ Կոտայքի մարզեր։ Քանի որ օրենքն ուժի մեջ է մտել 2-րդ նստաշրջանից՝ սեպտեմբերի 13-ից, Աղազարյանը սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ և ըստ պատասխանի՝ երեք մարզերի այցելության համար ծախսել է ավելի շատ գումար, քան ստացել է։ Համաձայն պատասխանի՝ Աղազարյանը նշված գումարով կատարել է ճանապարհային ծախսեր և նյութական օգնություն է հատկացրել տարբեր համայնքների բնակիչների։ Պատգամավոր Սերգեյ Բագրատյանը, համաձայն պատասխանի, սեպտեմբերին այցելել է 3 մարզ։ Եղել է Արարատի մարզի Երասխ գյուղում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է ոռոգման ջրին վերաբերող հարցեր։ Եղել է Վայոց ձորի մարզի Վայք քաղաքում, որտեղ քաղաքացիների հետ քննարկել է սոցիալական խնդիրներ, ինչի արդյունքում գրությամբ դիմել է ՀՀ առողջապահության նախարարություն։ Եղել է նույն մարզի Զառիթափ համայնքում, որտեղ հանդիպել է զոհված զինծառայողների ընտանիքի անդամներին։ Եղել է Եղեգիս խոշորացված համայնքի Շատին և Արտանբույք բնակավայրերում և այցի ընթացքում քաղաքացիների հետ քննարկել է ապօրինի շինություններին և ճանապարհին վերաբերող դժգոհությունները։ Եղել է Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ քննարկել են պայմանագրային զինծառայողների սոցիալական խնդիրները: Այս այցերի ընթացքում, ըստ Բագրատյանի, նա ծախսել է 280 հազար դրամ՝ ամեն այցին միջինում 35 հազար դրամ։ Պատգամավոր Զարուհի Բաթոյանը նշել է, որ սեպտեմբերին հանդիպումներ է ունեցել Երևանում՝ Ազգային ժողովում և դրանից դուրս։ 4 այց է կատարել Երևանի հանրակրթական դպրոցներ՝ մատչելիության մոնիթորինգ իրականացնելու և մանկավարժների հետ հանդիպումներ ունենալու նպատակով։ Բաթոյանի պատասխանի համաձայն՝ նա սեպտեմբեր ամսվա համար ստացել է 170 հազար դրամ, որին ավելացրել է ևս 65 հազար դրամ, և հոգացել է հատուկ կահավորված մեքենայի և վարորդի ծախսերը։ Բաթոյանը տեղաշարժվում է անվասայլակի օգնությամբ, և հատուկ կահավորված մեքենայից օգտվելն անհրաժեշտություն է իր ամենօրյա գործունեությունն իրականացնելու համար։ Պատգամավոր Անուշ Բեղլոյանը, թեև պատասխանել է մեր հարցերին, սակայն նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտնում երկրորդ գումարումից, այսինքն՝ հոկտեմբերից։ Պետք է նշել, որ 8-րդ գումարման Ազգային ժողովի երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից և ոչ հոկտեմբերից։ Բեղլոյանը սեպտեմբերին 2 անգամ այցելել է Կոտայքի մարզ, հանդիպումներ է ունեցել ընտողների հետ Եղվարդում և Հրազդանում, մի շարք գործնական հեռախոսային զանգեր է կատարել արտասահման և նախաճաշել է արտասահմանցի դիվանագետների հետ, ինչի համար վճարել է ինքը։ Բացի այդ՝ Բեղլոյանը հանդիպումներ է ունեցել նաև Երևանում, այցելել է մի շարք պետական հաստատություններ և իրավապահ մարմիններ՝ ընտրողների բարձրացրած խնդիրների լուծման նպատակով։ Պատգամավոր Վահե Ղալումյանը նշել է, որ սեպտեմբերին բազմաթիվ այցելություններ է կատարել տարբեր համայնքներ և բնակավայրեր, այցելությունների ընթացքում քննարկվել են հիմնականում համայնքային խոշորացմանը վերաբերող հարցեր։ Ըստ Ղալումյանի՝ պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված գումարն ինքը ծախսել է նպատակային՝ ճանապարհածախսի, օրապահիկի, գիշերակացի, հանդիպումների կազմակերպման և ներկայացուցչական ծախսերի համար։ Պատգամավոր Սերգեյ Մովսիսյանը պատասխանում նշել է, որ մեր մատնանշած օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ նստաշրջանի բացման օրվանից, այսինքն՝ հոկտեմբերից։ Այս դեպքում ևս պետք է նշենք, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է սեպտեմբերի 13-ից, իսկ պատգամավորը մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրն ստացել է 170 հազար դրամ սեպտեմբեր ամսվա համար։ Հատկանշական է, որ Մովսիսյանը հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 12-ին, հետևաբար նա մինչև մեր հարցմանը պատասխանելը պետք է որ ստացած լիներ սեպտեմբերի համար նախատեսված գումարը։ Պատգամավորը նաև չի պատասխանել մեր մյուս հարցերին: Պատգամավորը խուսափել է պատասխանել նաև մեր գործընկերների հարցերին․ երբ զանգահարել են Մովսիսյանին, վերջինս խնդրել է, որ ավելի ուշ կապ հաստատեն իր հետ, որից հետո, սակայն, զանգերին չի պատասխանել Տառացի նույն պատասխանն է տվել նաև պատգամավոր Մարիամ Պողոսյանը։ Պատգամավորը մեր հարցմանը պատասխանել է հոկտեմբերի 8-ին, հետևաբար հնարավոր է, որ հարցմանը պատասխանելու օրվա դրությամբ նա դեռևս սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարը ստացած չի եղել։ Սակայն պատգամավորը մեր անպատասխան է թողել նաև մեր հարցերն այն մասին, թե որ մարզերի որ բնակավայրեր է այցելել։ Նույնաբովանդակ պատասխան է տրամադրել պատգամավոր Լիլիթ Ստեփանյանը։ Վերջինս նույնպես տեղյակ չէ, որ երկրորդ նստաշրջանը մեկնարկել է ոչ թե հոկտեմբերից, այլ սեպտեմբերի 13-ից։ Պատգամավորն ասում է, որ հնարավոր չէ այս պահին պատասխանել ծախսերի վերաբերյալ հարցերին։ Սակայն պետք է հաշվի առնենք, որ այս գումարները տրամադրվում են յուրաքանչյուր հաջորդ ամսվա սկզբում՝ որպես նախորդ ամսում իրականացված ծախսերի փոխհատուցում, հետևաբար պատգամավորներն, անկախ այն հանգամանքից՝ արդեն ստացել են այդ գումարները, թե դեռ ոչ, պետք է կարողանան պատասխանել, թե ինչ ծախսեր են իրականացրել, որի համար ստանում են փոխհատուցումը։ Լիլիթ Ստեփանյանը չի պատասխանել մեր մյուս հարցերին, որոնք վերաբերում էին մարզեր և համայնքներ իրականացված այցելություններին։ Պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը, թեև նշել է, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ից, սակայն հարցման պատասխանում գրել է, որ պատգամավորական գումարների ծախսման վերաբերյալ մեր հարցերը հարցման պահին ժամանակավրեպ են։ Մեր հարցումը ոչ միայն պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարի ծախսմանն էր վերաբերում, այլև մարզային և համայնքային այցելություններին։ Նշված հարցերին նույնպես պատգամավորն անդրադարձ չի կատարել։ Մեր գործընկերների հետ զրույցում, սակայն, Տիգրանյանն ասել է, որ պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը չի առանձնացվում աշխատավարձից, և հաշվետվություն ներկայացնելու պարտավորություն չկա։ «...Հետևաբար դա ընդհանուր աշխատավարձ է, և պատգամավորը ծախսում է իր գործունեության հետ կապված. կլինի մարզային այց, հյուրեր, խմբեր դիմավորել, ճանապարհել»,- մեկնաբանել է Տիգրանյանը, որը, սակայն, չի հիշել, թե սեպտեմբերին մարզային ինչ այցեր է ունեցել։ Պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը, թեև պատասխանել է հարցմանը, սակայն չի պատասխանել հարցերին։ Այսինքն՝ պատգամավորը տեխնիկապես կատարել է օրենքով սահմանված պարտականությունը և պատասխանել է մեր գրավոր հարցմանը, սակայն հարցերին բովանդակային անդրադարձ չի եղել։ Վերջինս նշել է, որ պատգամավորը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում՝ եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում: Իսկ գործունեության վերաբերյալ նշել է, որ տեղեկությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական կայքում, առցանց այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Էդուարդ Աղաջանյանը հարցման պատասխանում խոսում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով ներկայացվող հայտարարագրերից, որոնց տեղը լրատվամիջոցների ներկայացուցիչներն անշուշտ գիտեն, սակայն ներկայացվող հայտարարագրերով նախ հնարավոր չէ պարզել, թե ստացած գումարով ինչ ծախսեր են իրականացրել, և հետո այս տարի ստացած եկամուտներն արտացոլվելու են մյուս տարի ներկայացվող հայտարարագրում, այսինքն՝ պրակտիկորեն անհնար է պատգամավորի ներկայացրած հայտարարագրով պարզել, թե որքան գումար են ստացել, օրինակ, սեպտեմբեր ամսվա համար և ինչ նպատակով են ծախսել։ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատասխան տրամադրած մյուս պատգամավորները հարցմանը պատասխանել են տառացի նույն կերպ, և այս դեպքում նույնպես բացակայում են մեր հարցերի պատասխանները։ Պատգամավորներ Ռուբեն Ռուբինյանը, Նարեկ Բաբայանը, Ռուստամ Բաքոյանը, Տաթևիկ Գասպարյանը, Նարեկ Զեյնալյանը, Բաբկեն Թունյանը, Արմեն, Խաչատրյանը, Վիգեն Խաչատրյանը, Արթուր Հովհաննիսյանը, Ալխաս Ղազարյանը, Լիլիթ Մինասյանը, Էմմա Պալյանը, Գևորգ Պապոյանը, Խաչատուր Սուքիասյանը, Վլադիմիր Վարդանյանը և Հայկ Ցիրունյանը տառացի նույն պատասխանն են տրամադրել, որը վերցված է Ազգային ժողովի կանոնակարգից։ Պատգամավորների «միասնական» պատասխանը կարող եք կարդալ ստորև։ «․․․Պատգամավորական գործունեությունն իրականացվում է օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու, Ազգային ժողովի քննարկմանն Ազգային ժողովի որոշման, հայտարարության, ուղերձի նախագիծ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, խմբակցությունների աշխատանքներին մասնակցելու, օրենքների նախագծերի վերաբերյալ գրավոր և բանավոր առաջարկներ ներկայացնելու, Ազգային ժողովի, նրա հանձնաժողովների, աշխատանքային խմբերի նիստերում, ինչպես նաև խորհրդարանական լսումներում ելույթներ ունենալու, հարցեր տալու և առաջարկներ ներկայացնելու, Կառավարությանը գրավոր հարցեր ուղղելու, Կառավարության անդամներին բանավոր հարցերով դիմելու, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին ու պաշտոնատար անձանց հարցումներով, առաջարկներով դիմելու և իր բարձրացրած հարցերի քննարկումներին մասնակցելու, ընտրողների հետ կապն ապահովելու, ընդ որում' քաղաքացիների ընդունելություն կազմակերպելու, համայնքներ այցելելու, քաղաքացիների գրավոր առաջարկներին պատասխանելու, ինչպես նաև այլ միջոցներով: Նշված գործունեության վերաբերյալ տեղեկատվությունը պարբերաբար հրապարակվում է Ազգային ժողովի պաշտոնական ինտերնետային կայքում, ինտերնետային այլ աղբյուրներում, մամուլի և զանգվածային լրատվության մյուս միջոցներով: Միաժամանակ տեղեկացնում եմ, որ պատգամավորը «Հանրային ծառայության մասին» օրենքով սահմանված կարգով Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողով է ներկայացնում հայտարարագրեր, այդ թվում` եկամուտների և ծախսերի հայտարարագրեր, որոնք հրապարակվում են Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի պաշտոնական կայքէջում»: Պատգամավորներից միայն Ռուբեն Ռուբինյանն է այս պատասխանին հավելել, որ օրենքն ուժի մեջ է մտել սեպտեմբերի 13-ին, և սեպտեմբերի 1-ի դրությամբ բոլորն ստացել են 50 հազարական դրամ։ Սակայն մենք պատգամավորին նման հարց չէինք ուղղել․ մենք հարցրել էինք սեպտեմբեր ամսվա համար նախատեսված գումարից, որը պատգամավորները, այդ թվում՝ Ռուբինյանը, ստացել են մինչև հոկտեմբերի 7-րդ աշխատանքային օրը։ Ինչպես երևում է տրամադրված «միասնական» պատասխանից, պատգամավորները խուսափել են հարցերին հստակ պատասխան տալուց և տրամադրել են ԱԺ կանոնակարգից վերցված և ոչինչ չասող պատասխան։ Նույնաբովանդակ պատասծան տրամադրած պատգամավորներից 3-ի հետ կարողացել են զրուցել «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերները։  Ռուստամ Բաքոյանը նշել է, որ չգիտի՝ ավելացված գումարը ստացե՞լ է, թե՞ ոչ. «Ուշադրություն չեմ դարձնում, չգիտեմ նաև՝ երբ եմ ստանալու այդ 250 000 դրամը»։ Բաբկեն Թունյանը խնդրել է ավելի ուշ կապ հաստատել իր հետ, ինչից հետո զանգերին չի պատասխանել։ Գևորգ Պապոյանը համարել է, որ սա կարևոր թեմա չէ, և արդեն իսկ ամեն ինչ ասված է։  Այսպիսով՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության 71 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել էր միայն 27-ը, որոնցից մեր հարցերին մասամբ կամ ամբողջությամբ պատասխանել էր միայն 6-ը, այսինքն՝ խմբակցության պատգամավորների 8,5%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են խմբակցության պատգամավորներից միայն 10-ը։ «Հայաստան» խմբակցություն «Հայաստան» խմբակցության պատգամավորներին ուղղված հարցումներին պատասխանել է 4 պատգամավոր, ինչից հետո մնացած բոլոր պատգամավորների փոխարեն մեզ միասնական պատասխան է տրամադրել Ագնեսա Խամոյանը։ Վերջինս նշել է, որ լիազորված է պատասխանել բոլորի անունից։ Սակայն մեր նպատակն էր հարցումների միջոցով լուսաբանել բոլոր պատգամավորների գործունեությունն անհատապես և ոչ թե խմբակցության գործունեությունն ընդհանրական։ Պատգամավոր Անդրանիկ Թևանյանը սեպտեմբերին այցելել է 1 մարզ։ Եղել է Շիրակի մարզի Գյումրի քաղաքում։ Ըստ պատասխանի՝ հանդիպել է համակիրների և շահագրգիռ այլ անձանց հետ։ Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար տրամադրվող ամսական գումարին, Թևանյանը նշել է, որ ստացել է 170 հազար դրամ, որը, սակայն, չի օգտագործել։ Պատասխանում նշված է, որ «Հայաստան» խմբակցությունը որոշում ունի օրենքի փոփոխությունը վիճարկելու Սահմանադրական դատարանում։ Պատգամավոր Արթուր Խաչատրյանը մեր հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, մասնակցել է անկախության հռչակման 30-ամյակի միջոցառմանը: Պատգամավորը նշել է, որ սեպտեմբերի 30-ին չի ստացել 250 հազար դրամ։ Նա իրավացի է, քանի որ մեր հարցմանը պատասխանելու հաջորդ օրն է ստացել սեպտեմբեր ամսվա համար նախատեսված 170 հազար դրամը։ Սակայն «Հայաստան» խմբակցության միասնական պատասխանում նշվում է, որ այդ գումարների առնչությամբ իրենք դիմել են Սահմանադրական դատարան։ Իսկ նախորդ ամիս ստացած 50 հազար դրամը Խաչատրյանն օգտագործել է Արցախ այցի նպատակով։  Պատգամավոր Արեգնազ Մանուկյանը նշել է, որ սեպտեմբերին որևէ մարզ չի այցելել, իսկ ստացած գումարն էլ չի օգտագործել, ինչպես խմբակցության մյուս անդամները։ Պատգամավոր Գեղամ Մանուկյանը սեպտեմբերին այցելել է Արագածոտնի մարզի Մաստարա և Թալին համայնքներ։ Պատգամավորը հարգելի պատճառներով չի կարողացել ավելի շատ մարզեր կամ համայնքներ այցելել։ Համաձայն Մանուկյանի պատասխանի, ըստ խմբակցության գրաֆիկի, հոկտեմբերին պատրաստվում է այցելել Արմավիրի և Արագածոտնի մարզեր։  «Հայաստան» խմբակցության մյուս պատգամավորները տվել են միասնական պատասխան, որով հնարավոր չէ տարանջատել նրանցից յուրաքանչյուրի գործունեությունը։ Միասնական պատասխան են տրամադրել Հայաստան խմբակցության 25 պատգամավորներ․ պատասխանին կարող եք ծանոթանալ ստորև։ ««Հայաստան» խմբակցության անդամներն օգոստոս-սեպտեմբեր ամիսներին այցելել են ՀՀ բոլոր մարզեր և Երևանի վարչական շրջաններ, կազմակերպվել են հանդիպումներ տարբեր համայնքներում հարյուրավոր ՀՀ քաղաքացիների հետ, ծանոթացել նրանց խնդիրներին և առաջարկներին, ինչով պայմանավորված՝ ընթանում են օրենսդրական նախաձեռնությունների ստեղծման և պատգամավորական գործունեության աշխատանքների կազմակերպման այլ լայնածավալ աշխատանքներ: Նշված այցերը կատարվել են խմբակցության պատգամավորների միջոցներով: Այցերին չեն մասնակցել մինչ օրս ապօրինաբար, Սահմանադրության պահանջների խախտմամբ կալանավորված պատգամավորները: Ինչ վերաբերում է պատգամավորական գործունեության համար նախատեսված 250 հազար ՀՀ դրամին, ապա հարկ ենք համարում նշել, որ սեպտեմբեր ամսվա համար «Հայաստան» խմբակցության յուրաքանչյուր պատգամավորի աշխատավարձային հաշվին փոխանցվել է 170 հազար ՀՀ դրամ: Հարկ ենք համարում նշել նաև, որ ինչպես հայտարարավել էր, «Հայաստան» խմբակցությունը պատգամավորական գործունեության հետ կապված ծախսերի ավելացման վերաբերյալ ընդունված օրենքը, ինչպես նաև պատգամավորներին և քաղաքական այլ պաշտոնյաներին պարգևատրելու հարցը վիճարկում է Սահմանադրական դատարանում (05.10.2021թ. դիմումը մուտքագրվել է ՍԴ)»: Այսպիսով, թեև խմբակցության պատգամավորները չեն անտեսել մեր պաշտոնական գրությունը, սակայն միասնական պատասխան տրամադրելով՝ չեն ներկայացրել յուրաքանչյուր պատգամավորի գործունեությունն անհատապես։ Համաձայն պատասխանների՝ մեր հարցերին պատասխան են տրամադրել խմբակցության պատգամավորներից միայն 4-ը՝ խմբակցության 13․8%-ը։ Սակայն պետք է նշել, որ պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարին առնչվող հարցի պատասխանը բոլորի դեպքում նույնն է, հետևաբար կարող ենք ընդունել, որ խմբակցության բոլոր պատգամավորներն այս հարցին տվել են պատշաճ պատասխան։ Ինչ վերաբերում է «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանելուն, ապա խմբակցությունից հարցերին պատասխանել են միայն 7-ը։ «Պատիվ ունեմ» խմբակցություն «Պատիվ ունեմ» խմբակցության 7 պատգամավորներից մեր հարցմանը պատասխանել է 4-ը, մնացած 3-ը հարցումը թողել է անպատասխան։ Պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերին այցելել է Արցախի Հանրապետություն, եղել է Սյունիքի, Գեղարքունիքի, Վայոց ձորի և Արարատի մարզերում։ Արցախի Հանրապետությունում մասնակցել է Հանրապետության 30-ամյակի միջոցառմանը և հանդիպումներ է ունեցել Արցախի 3 ընդդիմադիր ուժերի ներկայացուցիչների, հասարակական և ռազմական գործիչների հետ։ Սյունիքի մարզում այցելել է Գորիս և Կապան համայնքներ՝ ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզում ստեղծված իրավիճակով պայմանավորված։ Պատգամավորն ուսումնասիրություններ է իրականացրել Գորիս-Կապան ավտոճանապարհի տարբեր հատվածներում, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Աբրահամյանն այցելել է Վայոց ձորի մարզ, որտեղ դիտարկել է ռազմավարական ճանապարհների առկա վիճակը՝ հետագայում խնդրի վերաբերյալ առաջարկություններ ձևակերպելու նպատակով։ Արարատի մարզ այցելության ժամանակ եղել է Երասխավանից Պարույր Սևակ տանող հատվածում և դիտարկումներ է իրականացրել սահմանին մոտ հատվածներում։ Համաձայն պատասխանի՝ Աբրահամյանը պատգամավորական գործունեությանն առնչվող ծախսերի համար նախատեսված հաշվարկ չի իրականացրել, սակայն, ըստ նրա, հիմնական ծախսերը կապված են եղել մարզեր այցելության հետ՝ հյուրանոցի ծառայություններ, վառելիքի և սննդի ծախսեր և այլն։  Պատգամավոր Հայկ Մամիջանյանը սեպտեմբերին այցելել է Արարատի, Արագածոտնի և Լոռու մարզերի շուրջ 15 բնակավայրեր, ինչպես նաև Երևան քաղաքի վարչական շրջաններ, հանդիպումներ է ունեցել քաղաքացիների հետ։ Պատգամավորական գործունեության համար նախատեսված գումարի մի մասը ծախսել է տրանսպորտի և կազմակերպչական ծախսերի համար, իսկ մի մասը պատրաստվում է ուղղել բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Տարոն Մարգարյանը նշել է, որ այցելություններ է ունեցել տարբեր մարզեր և Երևան քաղաքի վարչական շրջաններ։ Գումարի մի մասն ուղղել է հանդիպումների կազմակերպչական ծախսերի ապահովմանը, մյուս մասը՝ բարեգործական ծրագրերին։ Պատգամավոր Թագուհի Թովմասյանը հարցման պատասխանում նշել է, որ սեպտեմբերի 1-ին ահազանգ է ստացել, որ ադրբեջանցիները այրում են Գեղարքունիքի մարզի Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ համայնքներին մոտ գտնվող խոտածածկույթները: Այցելել է սահմանամերձ համայնքներ, ուսումնասիրել և բարձրաձայնել խնդիրը ինչպես ԱԺ լիագումար նիստերի ժամանակ, այնպես էլ գրավոր ընթացակարգով: Խորհրդարանում հանդիպել է Ադրբեջանի կողմից գերեվարված և Հայաստան վերադարձած ՀՀ ՊՆ հատուկ ստորաբաժանման աշխատակից Արմեն Բուդոյանին, ինչից հետո, բարձրացրած խնդիրների քննարկման անհրաժեշտությունից ելնելով, սեպտեմբերի 3-ին եղել է Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում: Վարդաշեն քրեակատարողական հիմնարկում այցելել է կալանքի տակ գտնվող իրենց գործընկերներին՝ Մեղրիի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Մխիթար Զաքարյանին և Սիսիանի նախկին քաղաքապետ, այժմ պատգամավոր Արթուր Սարգսյանին: Հաջորդ օրն այցելել է Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոն՝ տեսակցելու ԱԺ պատգամավոր Արմեն Չարչյանին։  ԱԺ-ում նախաձեռնել է հանդիպում ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանի, ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանի, ինչպես նաև Արցախի նախկին ՄԻՊ Ռուբեն Մելիքյանի հետ, հանդիպումների ընթացքում քննարկել են ՀՀ և ԱՀ բնակչության իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Խորհրդարանում հանդիպել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Թիերի Ռիբոյի և Հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունու հետ: Սեպտեմբերի 11-12-ին այցելել է Գեղարքունիքի մարզի սահմանամերձ բնակավայրեր՝ Գեղամասար, Տրետուք, Սոթք, Կութ, Նորաբակ, Ազատ, Շատջրեք, Ավազան: Հանդիպում է ունեցել  տեղի բնակիչների հետ, քննարկել են փոխհատուցմանն առնչվող խնդիրները, դրանց լուծման շրջանակները: Թագուհի Թովմասյանի պնդմամբ՝ կառավարությունը մինչ օրս գյուղացիներին չի փոխհատուցել ադրբեջանցիների հափշտակված անասունների, ինչպես նաև այրված խոտհարքերի համար:  Սեպտեմբերի 16-ին խորհրդարանում հյուրընկալել է Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆֆին: Քննարկել են պարտադիր քրեակատարողական հիմնարկներում և փակ տարածքներում գտնվող մարդկանց առողջությանը, իրավունքներին վերաբերող խնդիրներ: Սեպտեմբերի 17-ին մի խումբ դատապարտյալների՝ անձնական ընդունելություն ստանալու խնդրանքի հիման վրա այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Սեպտեմբերի 18-19-ին այցելել է Գեղարքունիքի մարզ՝ Գավառ, Վարդենիս: Պատգամավորը «Կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումների, մարդու իրավունքների վրա դրանց ազդեցության» թեմայով աշխատանքային քննարկում է կազմակերպել ԱԺ-ում: Սեպտեմբերի 23-ին խորհրդարանում նախաձեռնել է հանդիպում ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի, ԱՀ նախագահի խորհրդական-հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Ազատուհի Սիմոնյանի մասնակցությամբ: Քննարկել են հայրենադարձության, ինչպես նաև պատերազմի հետևանքով անտուն մնացած քաղաքացիների խնդիրները:  Սեպտեմբերի 24-25-ին այցելել է Արմավիրի և Արարատի մարզեր և հանդիպել օրեր շարունակ բողոքի տարբեր ակցիաներ իրականացնող խաղողագործներին, լսել խաղողի մթերման մասին բարձրաձայնած խնդիրները: Զբաղվել է նրանց խնդիրներով, ինչի արդյունքում օրեր անց ստացել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի պատասխան գրությունը, համաձայն որի՝ կմթերվի խաղողի ամբողջ քանակությունը: Սեպտեմբերի 26-ին կրկին եղել է Գեղարքունիքի մարզում, քանի որ ահազանգ է ստացել Վերին Շորժա, Ներքին Շորժա և Այրք գյուղերի վարելահողերի հրդեհման մասին: Սեպտեմբերի 28-ին խորհրդարանում ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի տնօրեն Ջեյմս Դե Ուիթի գլխավորած պատվիրակությանը: Քննարկել են համագործակցությանը, համատեղ աշխատանքին, արդի խնդիրներին և դրանց լուծման ուղղությամբ անհրաժեշտ քայլերին վերաբերող հարցեր:  Սեպտեմբերի 29-ին Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ ՀՀ-ում ԱՀ մշտական ներկայացուցիչ Սերգեյ Ղազարյանի հետ անցկացվել է «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով աշխատանքային քննարկում: Ըստ Թովմասյանի՝ մի շարք հարցերի լուծման ուղիներ գտնելու առնչությամբ արդեն իսկ տարվում են աշխատանքներ: Այս պահին շրջանառության մեջ է դրված պատգամավորի հեղինակած՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը:  Ինչ վերաբերում է ներկայացուցչական ծախսերին, ապա Թագուհի Թովմասյանի պնդմամբ այս ողջ աշխատանքը իրականացնելիս ծախսվել է ոչ միայն ներկայացուցչական ծախսերի համար նախատեսված գումարը, այլ շատ ավելին: Այսպիսով՝ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներից մեր հարցերին պատասխանել էր 4-ը՝ խմբակցության 57,1%-ը, իսկ «Հետք մեդիա գործարանի» մեր գործընկերների հարցերին պատասխանել են 2-ը։ Հարցումով դիմել էինք նաև ԱԺ նախագահին և խնդրել տրամադրել տեղեկություն, թե կոնկրետ երբ են պատգամավորները ստանում նշված գումարը, և արդյոք բոլորը ստանում են նույն օրը և նույն չափով։ Հարցման պատասխանում Ազգային ժողովից հավաստիացրին, որ օրենքն ուժի մեջ է մտել երկրորդ գումարման մեկնարկից, պատգամավորները նշված գումարը ստանում են մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 7-րդ աշխատանքային օրը և ստանում են նույն չափով։ Պատգամավորները սեպտեմբեր ամսվա համար ստացել են 170 հազար դրամ Ընդհանուր առմամբ, խորհրդանի 107 պատգամավորներից մեր հարցումներին պատասխանել էր 60-ը, սակայն նրանցից լիարժեք և ըստ էության պատասխան էր տրամադրել միայն 14-ը։ Այսինքն՝ մեր հարցերին պատասխանել է խորհրդարանի պատգամավորների 13․1%-ը։ Իսկ «Հետք մեդիա գործարանը» կարողացել է զրուցել պատգամավորներից 40-ի հետ, որոնցից միայն 19-ն են պատրաստակամություն հայտնել ներկայացնելու, թե ինչպես են ծախսել պատգամավորական ծախսերի համար նախատեսված գումարը։  Հիշեցնենք նաև, որ օրենքի փոփոխությամբ նախկին 50 հազար դրամին ավելացվեց ևս 200 հազար դրամ, քանի որ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավորները դժգոհում էին, որ 50 հազար դրամը չի բավարարում խորհրդարանի անդամներին լիարժեք գործունեություն ծավալելու համար։ Չնայած սրան՝ պատգամավորների մի մասը  ԱԺ ընտրությունների ժամանակ բավականին շռայլ է գտնվել և նվիրաբերել է հարյուր հազարավոր և միլիոնավոր դրամներ իրենց կուսակցությանը/դաշինքին՝ նախընտրական քարոզարշավի ծախսերը հոգալու համար, ինչի մասին առավել մանրամասն կարող եք կարդալ «Հետք մեդիա գործարանի» հոդվածում։   Նարեկ Մարտիրոսյան
20:19 - 03 նոյեմբերի, 2021
«Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հանդիպել է ՀՀ-ում ՌԴ դեսպանի հետ

«Պատիվ ունեմ» դաշինքի ֆեյսբուքյան էջից տեղեկանում ենք, որ այսօր՝ նոյեմբերի 2-ին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հանդիպել են Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ Հանդիպման ընթացքում պատգամավորները քննարկել են ԼՂ հակամարտության բանակցային գործընթացը, ԵԱՀԿ Մինսկի համանախագահների գործունեության կարևորությունը, Ադրբեջանում մինչ օրս պահվող գերիների վերադարձը, Հայաստանի առջև ծառացած խնդիրները, ինչպես նաև ներքաղաքական կարևոր հարցեր։ Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
16:53 - 02 նոյեմբերի, 2021
Ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված․ Տիգրան Աբրահամյան

Ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Մինչ դռնփակ նիստում պաշտպանության նախարարը «պարզաբանում էր», թե ինչո՞ւ է արգելվում ինձ՝ որպես պաշտպանության և անվտանգության հարցերով հանձնաժողովի մշտական անդամ, այցելել սահմանագիծ, պարզվեց, որ նույն հանձնաժողովի իշխանությունը ներկայացնող անդամները նախորդ շաբաթ հնարավորություն ունեցել են այցելելու։ Նախարարի պարզաբանումը փակ նիստում էր՝ չեմ հանրայնացնի, բայց նույն «խնդիրները» ենթադրում է, որ խաղի կանոնները պետք է գործեն բոլորի համար։ Եվս մեկ անգամ համոզվեցի՝ ընդդիմության համար առաջնագիծը փակ է, որովհետև նման քաղաքական որոշում է «վերևից» իջեցված։ Մնացածը թեմաներին դեռ կանդրադառնամ»։   Հարգելի՛ ընթերցողներ, մենք հետազոտություն ենք իրականացնում՝ պարզելու ձեր նախասիրությունները և առաջարկելու ձեր կարիքներին առավել համապատասխան մեդիա բովանդակություն։ Խնդրում ենք տրամադրել 5-10 րոպե այս առցանց հարցմանը մասնակցելու համար։ Ձեր տրամադրած տեղեկությունն անանուն է և կօգտագործվի միայն հետազոտական նպատակներով։
16:50 - 01 նոյեմբերի, 2021
«Պատիվ ունեմ»-ը վերահաստատում է՝ վարչապետի հետ կհանդիպի միայն մեկ օրակարգով |armenpress.am|

«Պատիվ ունեմ»-ը վերահաստատում է՝ վարչապետի հետ կհանդիպի միայն մեկ օրակարգով |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցությունը վերահաստատում է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կհանդիպեն միայն մեկ օրակարգով՝ նրա հրաժարականի հարցով: Այս մասին ասաց խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ ճեպազրույցներում: «Կառավարության հետ հարցուպատասխանին «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղարը ներկայացրել է մեր խմբակցության դիրքորոշումն առ այն, որ Նիկոլ Փաշինյանի հետ կա հանդիպման մեկ օրակարգ, և դա կարող է լինել միայն նրա հրաժարականի շուրջ»,- ասաց Տիգրան Աբրահամյանը: Լրագրողը նկատեց՝ ընդդիմադիրները պահանջում էին, որ առաջին դեմքերը գային, իրենց հարցերին պատասխանեին, բայց երբ Փաշինյանը հրավիրում է փակ հանդիպման, խմբակցությունն իր պահանջը փոխում է՝ շեշտելով, որ միայն հրաժարականի թեմայի շուրջ կհանդիպեն, նա հետաքրքրվեց՝ սա ինչպե՞ս հասկանալ: Աբրահամյանն արձագանքեց՝ խոսում են տարբեր երևույթների մասին: «Կա օրակարգերի խնդիր, ինչ օրակարգով է տեղի ունենում այդ հանդիպումը: Օրինակ՝ վերջին մեկ ամսվա ընթացում եղել են պահանջներ՝ ամենատարբեր հարցերի շուրջ ամենատարբեր պաշտոնյաներին խորհրդարան հրավիրելու և տարբեր ձևաչափերով նրանցից պարզաբանումներ ստանալու համար: Այն պաշտոնյաները, որոնք ասում էին, որ միշտ պատրաստակամ են, սակայն մի օր առաջ, օրինակ, հրատապ օրակարգով նախատեսված նիստին չէին ներկայացել: Օրինակ՝ դելիմիտացիայի հարցի իրավասու անձանցից մեկը հենց Արտգործնախարարն է, սակայն ԱԳ նախարարությունը ներկայացված չէր այդ քննարկմանը»,- ասաց պատգամավորը: Նա շեշտեց՝ կա քննարկումների մի քանի ձևաչափ, կան քննարկումների ձևաչափեր, որոնք չեն սահմանափակում հարց տվողի հնարավորությունները, օրինակ՝ կառավարության հարցուպատասխանի ժամանակ կա սահմանափակում:  Աբրահամյանը դժգոհեց՝ այն օրակարգերով, որոնցով տարբեր պաշտոնատար անձանց հրավիրել են խորհրդարան, նրանք չեն ներկայացել:
13:51 - 29 հոկտեմբերի, 2021
Նիկոլ Փաշինյանին ուղղված  հարցադրումների պատասխանները հնարավորություն են տալու գործեր հարուցելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցադրումների պատասխանները հնարավորություն են տալու գործեր հարուցելու, պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար․ Տիգրան Աբրահամյան |tert.am|

tert.am: Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը անդրադարձավ քառօրյայի ընթացքում դռնփակ նիստին։ Նա նշեց, որ այդ ֆորմատով նիստ տեղի ունեցավ այն պատճառով, որ իշխանությունները ունեն մտահոգություններ, որ հանրությունը կարձանագրի այն իրական իրավիճակը, որը պատերազմի ժամանակ ներկայացնում էր սահմանապահ զորքերի հրամանատարը,  Զինված ուժերի շտաբի տեղակալը։ «Սա նշանակում է, որ հանրության համար կարևոր հետաքրքրություն և մտահոգություն առաջացնող դելիմիտացիայի գործընթացի հետ կապված խնդիրը շարունակում է օդում կախված մնալ, առաջնագծում ստեղծված իրավիճակը, գոնե այն մասով, որ գաղտնիության խնդիր չի առաջացնում, շարունակում է թաքցվել հանրությունից»,–ասաց նա։ Պատգամավորը նշեց, որ Նիկոլ Փաշինյանին ուղղված իր հարցադրումներն ունեն կոնկրետ նպատակ։ «Դա նրա հետ պոպուլիզմի առումով մրցավազքի մեջ մտնելը չէ, ծաղրանքի կամ այլ ժանրի մեջ մրցավազքի մեջ մտնելը չէ, սրանք այն հարցադրումների պատասխանն են, որոնք մեզ, եթե ոչ այսօր, ապա վաղը հնարավորություն են տալու կոնկրետ գործեր հարուցելու, կոնկրետ պատասխանատուներին պատասխանատվության ենթարկելու համար»,–ասաց նա։
12:24 - 29 հոկտեմբերի, 2021
«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածուին մեղադրանք է առաջադրվել ընտրակաշառք տալու համար

2021թ. հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչը ընտրակաշառք է տվել նույն համայնքի Գլաձոր բնակավայրի մի բնակչուհու, որպեսզի վերջինիս ընտանիքի անդամները 2021թ. հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկեն «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում 2021թ. հունիսի 26-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: Ըստ քննչական ենթակայության՝ քրեական գործը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ ԱԺ արտահերթ ընտրություններին մասնակցող «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի պատգամավորի թեկնածուների ցուցակում ընդգրկված Գ.Ա.-ն 2021թ. հունիս ամսվա ընթացքում ծնողների հետ այցելել է իր ընտանիքի հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող՝ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքում հաշվառված, բնակվող և ընտրելու իրավունք ունեցող Ա. Վ.-ի տուն, վերջինիս և նրա ընտանիքի անդամներին հայտնել «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքով որպես պատգամավորի թեկնածու իր առաջադրվելու մասին և խնդրել կայանալիք ընտրություններում քվեարկել 6-րդ համարի քվեաթերթիկում նշված դաշինքի օգտին: Միաժամանակ, նպատակ ունենալով ընտրության արդյունքների ամփոփման, այն է՝ քվեաթերթիկների հաշվարկի ընթաքցքում ստուգել նշված անձանց կողմից «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին քվեարկելու հանգամանքը՝ առաջարկել է ընտրված քվեաթերթիկի վերին աջ անկյունային հատվածը ծալելու, այնուհետև ուղղելու միջոցով, թողնել այդ փաստը հաստատող՝ ծալվածքի տեսքով հատուկ նշան, ինչի մասին հետագայում կրկին հայտնել է հեռախոսազրույցի ընթացքում:   Այնուհետև՝ 2021թ. հունիսի 17-18-ն ընկած ժամանակահատվածում՝ ժամը 18-19-ի սահմաններում, Գ. Ա.-ն միայնակ գնացել է Ա. Վ.-ի տան բակ և «Պատիվ ունեմ» կուսակցությունների դաշինքի օգտին կողմ քվեարկելու համար վերջինիս առձեռն տվել 20.000 ՀՀ դրամ կաշառք:  Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա որոշում է կայացվել Վայոց Ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչ, «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորության թեկնածու Գ Ա.-ին ՀՀ քրեական օրենսգրքի 154.2-րդ հոդվածի 2-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու մասին: Վարույթ իրականացնող մարմնի որոշմամբ Գ. Ա.-ի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտվել ստորագրություն չհեռանալու մասին: Պատշաճ դատախազական հսկողության պայմաններում ձեռնարկվում են միջոցներ գործի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունն ապահովելու, դեպքին առնչվող այլ անձանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ։ Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
11:44 - 28 հոկտեմբերի, 2021
Ընդդիմադիր պատգամավորը 2022-ի ռազմական բյուջեի նախատեսվող ավելացումը բավարար չի համարում |armenpress.am|

Ընդդիմադիր պատգամավորը 2022-ի ռազմական բյուջեի նախատեսվող ավելացումը բավարար չի համարում |armenpress.am|

armenpress.am: ՀՀ ազգային ժողովի ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ հետպատերազմական շրջանակում 2022 թվականի համար ռազմական բյուջեի 11 տոկոսով ավելացումը ցածր ցուցանիշ է: Աբրահամյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ հայտարարությունների ժամին՝ անդրադառնալով ԱԺ հանձնաժողովների նիստում ներկայացված 2022 թվականի պետբյուջեի նախագծին, որով նախատեսվում է, որ ռազմական բյուջեն 2021-ի համեմատ աճելու է 11 տոկոսով՝ կազմելով 345 մլրդ դրամ: «Անկախ բովանդակությունից՝ հետպատերազմական ժամանակահատվածում ռազմական բյուջեի 11 տոկոս աճը բավականին ցածր տեմպ է՝ անվտանգության համակարգի վերականգնման, վերակազմավորման և ռեֆորմներ իրականացնելու համար»,-ասաց Աբրահամյանը: Ըստ պատգամավորի՝ կառավարությունը Զինված ուժերի բարեփոխումների հարցում դանդաղկոտություն է ցուցաբերում, ինչը նա անհասկանալի է համարում: «Ենթադրվում է, որ դրանք մինչև 2022 թվականի բյուջեի նախագծի խորհրդարան բերվելը պետք է հաստատվեին, որ հնարավորություն ունենային հայեցակարգային առաջնահերթությունները ներառել ռազմական բյուջեում»,-ասաց Աբրահամյանը: Պատգամավորը կարևորեց հաշվի առնել այն հանգամանքը, որ ռազմական բյուջեի մի մեծ հատված ուղղվում է գնումների գործընթացին, իսկ երկրում տարբեր ծառայությունների և ապրանքների գները անկանխատեսելի տեմպերով աճում են: «Եվ, ըստ էության, ռազմական բյուջեի պլանավորված աճի մի զգալի մաս ուղղվելու է գնաճային խնդիրների չեզոքացմանը, այլ ոչ թե որակական և բովանդակային փոփոխությանը»,-նշեց պատգամավորը:
17:42 - 26 հոկտեմբերի, 2021
ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստը հագին, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի. Թովմասյանը փակ քննարկումը անիմաստ համարեց |tert.am|

ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստը հագին, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի. Թովմասյանը փակ քննարկումը անիմաստ համարեց |tert.am|

tert.am: ԱԺ-ում այս պահին իրականացվող փակ քննարկումը իրականցվում է ընդդիմադիր խմբակցությունների նախաձեռնությամբ։ Երկու խմբակցությունները հրավիրել են հրատապ նիստ, որպեսզի պարզաբանումներ ստանան, թե  ինչ է կատարվում ՀՀ պետական սահմանին, ինչ դեմարկացիոն գործընթացներ կան այսօր և ամենակարևորը` որքանով են պաշտպանված ՀՀ սահմանները։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը։ «Ես խորը հիասթափված եմ և դուրս եկա քննարկումից, որովհետև չեմ ցանկանում լսել այս խեղկատակությունը։ Որևէ հարցի պատասխան չի տրվում, ինչ հարցնում ենք, ասում են պետական գաղտնիք է, նույնիսկ սահմանի երկայնքի չափը չեն ասում, ասում են պետական գաղտնիք է։ Սա արհամարհանք է Խորհրդարանի նկատմամբ։ Ես պարզ հարցեր եմ հնչեցրել։ Առաջինը` ինչու պատերազմից մեկ տարի անց կահավորված չեն սահմանները և ինչն էր մեզ խանգարում։ Երկրորդ հարցը` ինչու ՀՀ պետական սահմանը կարողացավ հատել ադրբեջանական զինուժը այն պայմաններում, երբ պետք է ունենայինք դիմադրություն։ Ինչու է հովիվը դիմավորել ադրբեջանական զինուժին։ Ես չստացա այս երկու կարևոր հարցերի պատասխանները»,-ասաց նա։ Թովմասյանը քննարկումը անիմաստ համարեց ընդգծելով, որ հիմնական հարցերին պատասխան չի տրվում։ «Ստացվում է, որ մեր երկրի անվտանգային կարևոր հարցերին չունենք պատասխան։ ԳՇ պետի տեղակալը, գեներալի հագուստով կանգնած, չի պատասխանում մեր երկրի համար ճակատագրական որևէ հարցի։ Իրենք մտադրություն ունեն 90 րոպե ջուր ծեծել, անցնի, գնա։ Մենք պատրաստ ենք լսել դաժան ճշմարտությունը, բայց լսել։ Խոսում են , որ ցանկացած քաղաքացի իրավատեր է մեր երկրում,  բայց քաղաքացիների թիկունքում իրականացնում են գործարքներ, պայմանավորվածություններ, որոնք չեն բխում ՀՀ պետական շահից»,-ասաց պատգամավորը։
16:50 - 26 հոկտեմբերի, 2021
Օրենքի խախտմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել․ ավելի ուշ պատասխանել է ԱԳ նախարարը, որը շատ պայմանական կարելի է «պատասխան» համարել․ Տիգրան Աբրահամյան

Օրենքի խախտմամբ՝ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել․ ավելի ուշ պատասխանել է ԱԳ նախարարը, որը շատ պայմանական կարելի է «պատասխան» համարել․ Տիգրան Աբրահամյան

ԱԺ Պատիվ ունեմ խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Սեպտեմբերի 27-ին, Հայաստանի ու Արցախի համար մեծ կարևորություն ներկայացնող խնդրի վերաբերյալ պաշտոնական գրություն էի ուղարկել Նիկոլ Փաշինյանին՝ ուղղելով մի խումբ հարցադրումներ։ Օրենքի խախտմամբ Նիկոլ Փաշինյանը ժամանակին գրությանս չի արձագանքել, ավելի ուշ՝ հոկտեմբերի 25-ին, պատասխանել է ԱԳ նախարարը, որը շատ պայմանական կարելի է «պատասխան» համարել։ Հարցադրումս հետևյալն էր. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀՀ իշխանությունները պատրաստակամություն են հայտնում Արցախի հարցով պաշտոնական Բաքվի հետ բանակցությունները վերսկսելու, իսկ Ադրբեջանը շարունակում է Հայաստանի հետ խոսել սպառնալիքի ու շանտաժի լեզվով, ապա անհրաժեշտություն է առաջանում մեկնաբանություն ստանալ հետևյալ հարցադրումների շուրջ։ 1․ 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, 2020 թ. դեկտեմբերի երկրորդ կեսին, ՀՀ իշխանությունների քաղաքական որոշմամբ, հայկական զորքերը դուրս են բերվել Կովսականի և Սանասարի շրջաններից՝ դրանով անմիջականորեն վտանգելով նաև Սյունիքի անվտանգությունը: Դրա արդյունքում Գորիս-Կապան միջպետական ճանապարհի երկու հատված գտնվում է ադրբեջանական զորքերի վերահսկողության ներքո, իսկ ճանապարհի մի շարք տեղամասերի հարակից հատվածներում ադրբեջանական զորքեր են տեղակայվել։ Հայկական զորքերի դուրս բերման արդյունքում ադրբեջանական վերահսկողության տակ է անցել նաև Կապան-Ճակատեն ճանապարհի մի մասը։ Քանի որ զորքերի դուրս բերումն այդ շրջաններից ուղղակիորեն հակասում է 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 1-ին կետին, ըստ որի կողմերը «կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում», ապա հարցադրումներս հետևյալն են՝  1. Եթե այդ քայլն արվել է Ադրբեջանի սպառնալիքի ներքո, ապա ի՞նչ քայլեր են կատարել ՀՀ իշխանությունները 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետին համապատասխան նման քայլից խուսափելու համար: 2. Արդյո՞ք ՀՀ իշխանությունները այդ հարցով դիմել են ՌԴ-ին որպես հայտարարության 3-րդ կողմի, այլ պետությունների և միջազգային կազմակերպությունների: Եթե այո, ապա ինչ պատասխաններ են ստացվել։ 3. Ըստ ՀՀ վարչապետի, զորքերի դուրսբերումը եղել է «բանավոր ըմբռնման» արդյունք: Ե՞րբ է ձեռք բերվել այդ «բանավոր ըմբռնումը» և ի՞նչ պատճառով է այն բանավոր եղել: Ովքե՞ր են եղել այդ «բանավոր ըմբռնման» կողմերը: Արդյո՞ք, ըստ կառավարության, «բանավոր ըմբռնումը» կարող էր իրավական հիմք հանդիսանալ զորքերի դուրսբերման համար: Եթե եղել է միայն «բանավոր ըմբռնում», ապա ե՞րբ և ո՞վ է կոնկրետ պայմանավորվածություններ ձեռք բերել ադրբեջանական կողմի հետ զորքերի դուրսբերման ժամկետի և հետքաշման գծի վերաբերյալ: Եղել է միայն «բանավոր ըմբռնում», թե՞ եղել է նաև գրավոր համաձայնագիր: 4. ՀՀ իշխանությունները բազմիցս հերքել են այդ հարցով որևէ գրավոր փաստաթղթի առկայությունը, չնայած մամուլում բազմիցս շրջանառվել է նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանին ռուսական սահմանապահ ուժերի սպայի կողմից Սյունիքում 2021 թ. փետրվարին հանձնված փաստաթղթի տեքստը: Կա՞ արդյոք նման փաստաթուղթ:   ա. Եթե այո՝ ապա բ) Ե՞րբ են տեղի ունեցել այդ փաստաթղթի վերաբերյալ բանակցությունները: գ) Ի՞նչ մակարդակով են տեղի ունեցել բանակցությունները, ովքե՞ր են բանակցել հայկական կողմից: դ) Ո՞վ է ստորագրել հայկական կողմից այդ փաստաթուղթը և ի՞նչ լիազորագրի հիման վրա: ե) Ի՞նչ կարգով է այն ուժի մեջ մտել: Ինչո՞ւ այն չի վավերացվել Միջազգային պայմանագրերի մասին օրենքով սահմանված կարգով: զ) Ինչո՞ւ այն չի հրապարակվել: 5. Ըստ մամուլում հրապարակված փաստաթղթի 2-րդ կետի, Գորիս-Դավիթ-Բեկ և Կապան-Ճակատեն ճանապարհների նշված կորդինատներով ճանապարհային հատվածներում անձանց, ավտոմեքենաների և ապրանքների անվտանգ տեղաշարժն ապահովելու նպատակով Հայաստանի Հանրապետության Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը հայկական տարածքում, իսկ Ադրբեջանական Հանրապետության պետական սահմանային ծառայությունը՝ ադրբեջանական տարածքում, տեղադրում են սահմանային ուղեկալներ: ա) Ի՞նչն է հիմք հանդիսացել հենց նշված կոորդինատներն ամրագրելու համար: բ) Արդյո՞ք ՀՀ իշխանությունները «ադրբեջանական տարածքում» արտահայտությունը համարում են որպես Ադրբեջանի Հանրապետության տարածք: գ) Եթե այո, ապա որն է նման ճանաչման անհրաժեշտությունը և իրավական հիմքը: դ) Ինչո՞ւ է փաստաթղթի բուն տեքստում Կապան տեղանունը ադրբեջանական ձևով տառադարձվել: Կարելի՞ է ենթադրել, որ հայկական կողմը նախագծի մշակմանը չի մասնակցել, այլ միայն վերապահում է արել այնտեղ, որտեղ դա չանել չէր կարող։ Խնդրում եմ, որպեսզի գրությանը պատասխանելիս յուրաքանչյուր հարցին անդրադառնաք առանձին։ ԱԳ նախարարի ոչինչ չասող, իրավիճակը խճճող և խնդրի վտանգավորությունը քողարկող պատասխանը ստորև՝         «Ի պատասխան Ձեր՝ ՀՀ վարչապետին ուղղված սեպտեմբերի 27-ի թիվ N 107/4275-2021 գրավոր հարցման և հիմք ընդունելով ՀՀ վարչապետի համապատասխան հանձնարարականը՝ ԱԺ կանոնակարգ օրենքի 119-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն պատգամավորի գրավոր հարցմանը պատասխանելու վերաբերյալ, հայտնում ենք, որ սեպտեմբերի 15-ին կառավարության անդամների հետ ԱԺ պատգամավորների հարցուպատասխանի ընթացքում ՀՀ վարչապետն անդրադարձել է Գորիս-Կապան ավտոճանապարհի խնդրին՝ ներկայացնելով նաև հայկական կողմի դիրքորոշումը և մոտեցումները խնդրի առնչությամբ: Ինչ վերաբերում է նշված ճանապարհահատվածի շուրջ բանավոր ըմբռնման վերաբերյալ ՀՀ վարչապետի հայտարարությանը, Ձեր կողմից հիշատակվող հարցազրույցում վարչապետի կողմից հանգամանորեն ներկայացվել է այն համատեքստը և տվյալ պահին ի հայտ եկած այն անվտանգային իրողությունները, որոնց առկայության պարագայում նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրած կողմերի միջև ձեռք է բերվել նման պայմանավորվածություն»»։
13:13 - 26 հոկտեմբերի, 2021
Զինված ուժերը իրավիճակին համահունչ վերակազմավորելու խնդիրը  բարդ է․ չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը, որը մեզ կտանի այդ ճանապարհով․ Աբրահամյան

Զինված ուժերը իրավիճակին համահունչ վերակազմավորելու խնդիրը բարդ է․ չեմ տեսնում իշխանության իրական ցանկությունը, որը մեզ կտանի այդ ճանապարհով․ Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն այսօր հրավիրված ասուլիսի ընթացքում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, ըստ որի ՀՀ-ն զինված ուժերը վերափոխելու է ոչ թե ագրեսիայի, այլ ագրեսիայից պաշտպանվելու համար։ «Կարծում եմ՝ Նիկոլ Փաշինյանը դրանով արձագանքում էր Ադրբեջանից հնչող այն հայտարարություններին, որ Հայաստանը ռևանշի գնալու նպատակ ունի, և փորձում է ցույց տալ, որ նրանք որևէ պարագայում Արդբեջանի համար չեն կարող վտանգ ներկայացնել»։ Նրա խոսքով՝ գոնե մինչև 2018 թ․-ը հայկական զինուժը առաջնորդվել է այն սկզբունքով, որ տարածաշրջանում կարող են տեղի ունենալ սցենարային տարբեր զարգացումներ և հայկական զինուժը պետք է պատրաստ լինի իրավիճակի զարգացման բոլոր սցենարներին։ Պատգամավորի դիտարկմամբ՝ երբ Նիկոլ Փաշինյանը խոսում է զինված ուժերի բարեփոխումների, պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու հայտարարությունների մասին, դրանք չպետք է լինեն հայտարարություններ, որոնք գրված են թղթի վրա․ «Պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու, և առհասարակ իրավիճակին, եղած սպառնալիքներին համահունչ զինված ուժերը վերակազմավորելու խնդիրը բավականին բարդ է և ես չեմ տեսնում այն հնարավորությունը, ես չեմ տեսնում իշխանության այն իրական ցանկությունը, որը մեզ հնարավորություն է տալու գնալու այդ ճանապարհով»։
13:15 - 25 հոկտեմբերի, 2021
Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունը նախատեսում է օրակարգ բերել երկու քննիչ հանձնաժողով ստեղծելու հարցը

Խորհրդարանական ընդդիմությունն ասուլիս է հրավրել՝ խոսելու կառավարող ուժի դեմ պայքարելու իրենց գործիքակազմի մասին՝ հիշեցնելով, որ իրենք մշտապես հայտարարել են, որ օգտագործելու են խորհրդարանական եւ արտախորհրդարանական գործիքակազմերն ու հնարավորությունները։ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը նշեց, որ Ազգային ժողովի՝ վաղն սկսվող նիստերի օրակարգում երկու կարեւոր հարցեր են ներառվելու։ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախաձեռնել են երկու քննիչ հանձնաժողովների ստեղծում․ մեկը վերաբերելու է «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործմանը, մյուսը՝ արդարադատության ոլորտին։ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը, խոսելով «Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցների օգտագործման վերաբերյալ քննիչ հանձնաժողով ստեղծելու մասին, նախ հիշեցրեց, որ պատերազմի օրերին մեր հայրենակիցները ոչինչ չէին խնայում՝ Հիմնադրամին փոխանցումներ կատարելու համար։ Այնինչ, ըստ պատգամավորի, շրջանառվող լուրերի համաձայն՝ հիմնավոր կասկած կար, որ թե՛ բուն Հիմնադրամի ծախսային հատվածը, թե՛ պետբյուջե կատարած փոխանցումը անհասկանալի եւ կասկածելի պայմաններում եւ նպատակներով իրականացվել է չարաշահումներով․ «Մամուլում նորություններ եղան, ըստ որոնց՝ նոր գրանցված ՍՊԸ-ներով կանխիկացումներ են եղել, գնումների մեծ մասն իրականացվել է նորմալ ընթացակարգը, ՊՆ-ն, իսկ գնումների որոշ պարագաներում թե՛ գնման գինը, թե՛ ապրանքի արյդունավետությունը մեծ կասկածներ է առաջացրել։ ՀՀ հիմնադրամը պարտավորվել է իրականացնել աուդիտ եւ արդյունքը ներկայացնել հանրությանը։ Այդ աուդիտի արդյունքները Հիմնադրամի կայքում չեն եղել, իսկ իմ գրավոր հարցմանը պատասխանել են, որ աուդիտի արդյունքները պետք է հաստատվեն Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից, նոր հրապարակվեն»,- ասաց Մամիջանյանը՝ որոշակի կասկած հայտնելով նաեւ աուդիտ իրականացրած կազմակերպության մասով։ Ուստի, «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախաձեռնել են քննիչ հանձնաժողովի ստեղծում, որը կուսումնասիրի պետբյուջե փոխանցման օրինականությունը, եւ, հաշվի առնելով քննիչ հանձնաժողովների գործիքակազմը, առհասարակ ծախսվող գումարների արդյունավետությունը։ Խորհրդարանական ընդդիմությունը համատեղ նախաձեռնում է նաեւ արդար դատաքննության իրավունքի վերաբերյալ քննիչ հանձնաժողովի ստեղծում։ Ըստ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանի՝ վերջին երեք տարիների ընթացքում այս ոլորտում բազմաթիվ խնդիրներ են եղել․ «Հիշում եք, 2021-ի հուլիսին դատավորներին գործերի մակագրման տեխնիկական համակարգը իշխանությունները խլեցին, որոշեցին, որ այլեւս չեն կարող թույլ տալ, որ պատահականությունը որոշի՝ որ դատավորը որ գործը քննի, ու խլեցին։ Մինչ օրս այդ համակարգը խլված է։ Ոնց է ստացվում, որ 21-րդ դարի տեղեկատվական տեխնոլոգիաների լուծումների դարում այդ համակարգը չի գործում, այն տարիներով գործել է։ Այդ համակարգը 2013 թվականին միջազգային կազմակերպությունների օժանդակությամբ ներդրվեց, այն դատարանների անկախության երաշխավորման կարեւոր գործիօքներից մեկն էր, ողջունվել էր ԵԽ-ի, ԱՄՆ դեսպանատան կողմից, բայց այսօր այդ կազմակերպությունները որեւէ մտահոգություն չունեն»,- ասաց Վարդեւանյանը՝ նշելով, որ քննիչ հանձնաժողովի ուսումնասիրման տիրույթում քննության առաջին առարկան սա է լինելու։ Քննիչ հանձնաժողովն ուսումնասիրելու է նաեւ Արդարադատության նախարարության կողմից դատավորների նկատմամբ հարուցված կարգապահական վարույթները․ «Դրանք մեծ թափ ստացան 2020-ի նոյեմբերից։ Այդ ժամանակվանից իշխանության համար սկզբունքային էր կալանավորումների ֆետիշացումը։ Այն դատավորներների նկատմամբ, որոնք չեն հանդուրժել այդ իրավիճակը, հարուցվել են կարգապահական վարույթներ»,- նշեց պատգամավորը։ Նա ասաց, որ նախատեսում են երեք ամսում ավարտել աշխատանքները եւ մանրամասն ներկայացնել խնդիրների վերաբերյալ իրավիճակը, ապա հանդես գալ զեկույցով։
13:12 - 25 հոկտեմբերի, 2021
Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն․ Նիկոլ Փաշինյան

Եկեք հաշվենք՝ ինչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ՝ Բադեն-Բադենում, տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն․ Նիկոլ Փաշինյան

ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի՝ Լիտվա կատարած այցի ժամանակ հայ համայնքի հետ ունեցած հարց ու պատասխանին։ Աբրահամյանը ցիտեց Փաշինյանի խոսքերը․ «Շուշիի մասին, որ այդքան խոսում են, 30 տարվա ընթացքում Շուշիում քանի՞ բնակելի շենք է կառուցվել, ինչի՞ ոչ մեկը հարց չի տալիս՝ ինչո՞ւ չի կառուցվել, տրամաբանությունը ո՞րն է եղել, փող չե՞ն ունեցել»։  Աբրահամյանը շարունակեց, որ պատերազմից հետո Շուշիում որեւէ շինություն չի եղել, որ վնասված չլինի։ Նրա խոսքով՝ ովքեր գնացել են Շուշի, թանգարաններ են տեսել, հյուրանոցներ, վարչական շենքեր, դեպի Ղազանչեցոց գնալիս՝ համալսարաններ, արհեստագործական դպրոց, դեպի Կանաչ ժամ գնալիս՝ բազմաբնակարան շենքեր, առնձնատներ, ԿԲ մասնաճյուղ, մանկապարտեզներ, մշակույթի պալատ, սպայական շենքեր, եւ այլն․ «Վերջապես, պաշտոնական տեղեկություններով Շուշիում ապրում էր մոտ  4000 բնակիչ։ Ուզում եմ հարցնել Նիկոլ Փաշինյանին՝ արդյոք եղել է Շուշիշում, արդյոք չէ՞ր արձանագրել այդ շինությունները, որոնց մի մասը ես նկարագրեցի»։ Փաշինյանն արձագանքեց, որ ինքը խոսել է բնակելի տների մասին։ Նա ասաց, որ ինչ տեսնելու էր, տեսել է, եւ այն, ինչ ասել է, որեւէ կասկածի տակ դրվել չի կարող․ «Օրինակ էսօր Իջեւանում կառուցվում եւ ասֆալտապատվում են ճանապարհներ, որոնք 40-50 տարի չեն նորոգվել։ Իջեւանում անկախությունից ի վեր առաջին անգամ առաջնային բնակարանային ֆոնդ է ձեւավորվել, որը հիմա վաճառվում է Իջեւանում։ Ինչ վերաբերում է Լիտվայում իմ արած հայտարարություններին, ես դրան հավելելու բան չունեմ»,- ասաց Փաշինյանը։ Աբրահամյանը պատասխանեց, որ ինքն այնքան էլ լավ չհասկացավ, որ եթե իր նկարագրածների մի մասը Փաշինյանը տեսել է, ապա տարօրինակ է ստացվում հարց ու պատասխանը Լիտվայում․ «Դուք Լիտվայում իրավիճակն այլ կերպ եք ներկայացրել, որ Շուշիում ոչ մի ներդրում արված չի եղել, բնակելի շենքեր չեն եղել, ի սկզբանե նախապատրաստված է եղել հանձնման համար, բայց իրականում դուք այս դահլիճում ուղղակի կամ անուղղակի հնչեցնում եք, որ իրավիճակը մոտավորապես այնպիսին էր, ինչպես ես եմ ներկայացնում»։ Փաշինյանը դարձյալ ասաց, որ ինքը խոսել է բնակելի շենքերի կառուցման մասին, եւ ինքը շարունակում է մնալ այդ տեսակետին․ «Հիմա դուք նշում եք ցանկեր, բայց եթե էդ ցանկը դնենք, դա կարող է մի էջի վրա չտեղավորվել։ Իսկ ի՞նչ ծավալ ա դա։ Եկեք հաշվենք՝ ի՞նչ ծավալի ներդրումներ են արվել Շուշիում, ինչ ծավալի ներդրումներ են արվել Բադեն-Բադենում։ Տեսնենք՝ իրար հետ համեմատության եզր ունե՞ն։ Ձեզ թվում է՝ մենակ դուք կամ ես եմ եղել Շուշիում, այլ մարդիկ չեն եղել, չեն տեսել ինչ իրավիճակ է էնտեղ տիրո՞ւմ։ Ես տպավորություն ունեմ, որ զուգահեռ իրականության մեջ ենք։ Էն, ինչ հայտարարել եմ, ճիշտ եմ հայտարարել»,- ասաց Փաշինյանը։ 
17:35 - 06 հոկտեմբերի, 2021
Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թ․-ին՝ հայտնի իրադարձություններից հետո․ Տիգրան Աբրահամյան

Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թ․-ին՝ հայտնի իրադարձություններից հետո․ Տիգրան Աբրահամյան

«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր՝ Ազգային ժողովի հայտարարությունների ժամին ասաց՝ մեկ տարի առաջ այս օրը ՀՀ Զինված ուժերը համառ մարտեր էին մղում Հայաստանի ու Արցախի անվտանգության համար, իսկ Հայաստանի իշխանությունները հիմնավորումներ էին փնտրում, մեղավորներ նշանակում, կեղծ թիրախներ հնարում․ «Խնդիրը մեկն էր․ ինչ էլ լիներ, պետք է հայտարարվեր, որ մեղավոր են բոլորը՝ միջին վիճակագրական քաղաքացին, զինվորը, հրամանատարը, կամավորականը, մի խոսքով՝ բոլորը՝ բացի մեկ մարդուց՝ Նիկոլ Փաշինյանից»։ Աբրահամյանի խոսքով՝ իշխանությունը քանդում էր նույնիսկ խաղաղ պայմանների համար նախատեսված մեխանիզմները, խափանում առաջին գծի համար նախատեսված առաջնային համալրումները․ «Սխալվում կամ դիտմամբ մոլորեցնում են բոլոր այն անձինք, ովքեր պնդում են, որ պատերազմը կանխելու կամ կանգնեցնելու հնարավորություն չի եղել։ Պատերազմի մեկնարկը տրվել էր 2018 թվականին՝ հայտնի իրադարձություններից հետո։ Դրանք առավել արագ փուլ մտան հետագա տարիներին։ Բնականաբար, դրան նպաստեց իշխանության նախաձեռնությամբ մեկնարկած Հայաստանի զինվորական հրամանատարության և ռազմական ներուժի գլխատման արշավը, երկրի կենսունակ ուժերի, դեմքերի մեկուսացումը, հասարակական խորը պառակատումները և ժողովրդին խաղաղության, այլ ոչ թե պատերազմի նախապատրաստելու քայլերը»։ Պատգամավորի խոսքով՝  Ադրբեջանում ռազմական գործողություններ սկսելու քաղաքական որոշման հիմքում Հայաստանում ստեղծված այդ իրավիճակն էր։ Աբրահամյանը նաև ասաց՝ իշխանությանը խանգարող մարդիկ դեռ ամբողջությամբ չեզոքացված չեն․ «Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի, ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի անվտանգությունը պետք է լիարժեքորեն ապահովվի։ Ինձ համար առաջնային չէ, թե իշխանությունը սեփական պարտությունը կամ դրա պատասխանատվությունը ում վրա է փորձում գցել, ինձ համար կարևոր է, որպեսզի նշածս մարդկանց անվտանգությունը ապահովված լինի, որովհետև իշխանությունը վաղ թե ուշ փոխվելու է, և հասարակությունը պետք է հնարավորություն ունենա այս մարդկանցից լսելու այն իրականությունը, այն «ինչուների» պատասխանները, ինչն այսօրվա իշխանության պայմաններում գրեթե բացառելի է»։
17:18 - 05 հոկտեմբերի, 2021
Համայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ

Համայնքների խոշորացման գործընթացի օրինականության հարցով «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները նախագահ Արմեն Սարգսյանին առաջարկել են դիմել ՍԴ

ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարություն են տարածել․ «2021 թվականի սեպտեմբերի 24-ի Ազգային ժողովի արտահերթ նիստում, առանց որևէ այլ կողմի, այդ թվում Ազգային ժողովում ներկայացված ընդդիմության կարծիքը լսելու, քննարկելու և հաշվի առնելու, հապճեպ և ակնհայտ շտապողականությամբ ընդունվել է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը։ Համայնքների խոշորացման այս վիճահարույց գործընթացի հետ կապված՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմել են նախագահ Արմեն Սարգսյանին՝ առաջարկելով օգտվել Հայաստանի Հանրապետության Սահմանադրության հոդված 129-ի 1-ին մասով սահմանված իրավունքից ու հնարավորությունից և դիմել Սահմանադրական դատարան՝ հիշյալ օրենքների Սահմանադրության հետ համապատասխանությունը որոշելու հարցով։ Շուրջ 8 էջում շարադրված հիմնավորումներում նշված են այն գործոններն ու փաստարկները, որոնք կարող են հիմք հանդիսանալ նախագահի կողմից՝ ՍԴ դիմելու համար: Նշենք, որ ի տարբերություն Սահմանադրական դատարան դիմելու իրավասություն ունեցող մյուս սուբյեկտների՝ ՀՀ նախագահը լիազորված է նախնական սահմանադրական վերահսկողությամբ՝ այն է՝ մինչև ԱԺ կողմից ընդունված օրենքի ստորագրումը այն ՍԴ-ում վիճարկել, որը թույլ է տալիս կանխել առերևույթ հակասահմանադրական օրենքի ներմուծումը ՀՀ իրավական համակարգ՝ դրանից բխող բազմաթիվ բացասական դրսևորումներով»:
15:20 - 28 սեպտեմբերի, 2021
ՊՆ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կներկայացնի ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ |armenpress.am|

ՊՆ-ն ԱԺ պաշտպանության հանձնաժողովում կներկայացնի ԶՈՒ բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգ |armenpress.am|

armenpress.am: Պաշտպանության նախարարության պաշտոնյաները ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովում աշխատանքային քննարկման ֆորմատում կներկայացնեն Զինված ուժերի բարեփոխումների վերաբերյալ հայեցակարգային տեսակետները: Հանձնաժողովի նիստում  «Պատիվ ունեմ» խմբակցությունից Տիգրան Աբրահամյանը առաջարկեց. «Առաջիկա ամենամոտ ժամանակում, արտահերթի թե մեկ այլ ֆորմատի շրջանակում, այստեղ հրավիրենք պաշտոնատար անձանց, որոնք բոլորիս մանրամասներ կներկայացնեն ԶՈՒ բարեփոխումների հայեցակարգի մասին, առհասարակ նաև հասկանալու համար՝ հայեցակարգ կա, թե չկա»: Հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը պատասխանեց. «ՊՆ-ն, բարեփոխումների հետ կապված, կգա հանձնաժողով և կներկայացնի իրենց հայեցակարգային տեսակետները: Մենք աշխատանքային քննարկում կունենանք: Դա նախատեսվում է մոտակա 10-12 օրվա ընթացքում»:
14:05 - 28 սեպտեմբերի, 2021
Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու․ Արթուր Վանեցյան

Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու․ Արթուր Վանեցյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ուղերձ է հղել 44-օրյա պատերազմի տարելիցի կապակցությամբ․ «2020 թ. սեպտեմբերի 27-ին տեղի ունեցավ այն, ինչը կանխատեսելի էր, ինչի մասին խոսում էինք ամիսներ առաջ, ինչը փորձում էինք կանխել: Վաղ առավոտյան տեղեկացանք Արցախի Հանրապետության սահմանների ողջ երկայնքով սկսված Ադրբեջանի լայնամասշտաբ ագրեսիայի մասին: «Հայրենիք» կուսակցության անունից հայտարարեցինք Հայաստանի և Արցախի պետականությունների և հայկական բանակի շուրջ անմնացորդ համախմբման և ողջ կարողությամբ հաղթանակին նպաստելու մասին՝ մի կողմ թողնելով քաղաքական բոլոր տարաձայնությունները։ Ցավոք, ունեցանք այն, ինչ ունենք՝ հազարավոր զոհեր, հայրենիքի խոշոր հատվածների կորուստ և երկփեղկված հասարակություն։  Այսօր համոզմունքս մեկն է՝ պետք է բոլորս միասին և յուրաքանչյուրս իր հերթին ապրենք և գործենք այնպես, որպեսզի փոքրիշատե արժանի լինենք այն տղերքի գործին, որոնք նահատակվեցին հայրենիքի պաշտպանության համար: Պետք է անենք նույնիսկ մեր ուժերի ներածից ավելին, լինենք հաստատակամ, շրջահայաց և չնահանջենք մեր նպատակներից այնպես, ինչպես տղերքը, որոնք մինչև վերջ ամուր կանգնեցին հանուն մեր սուրբ հողի։ Որպես ազգ և պետություն, մեր փրկությունը հզոր երկրի և միասնական հասարակության կառուցման մեջ է, որի ուղղությամբ էլ ջանք ու եռանդ չենք խնայելու:  Սա է լինելու տղերքի հիշատակը վառ պահելու և նրանց հանդեպ մեր պարտքը գոնե փոքր-ինչ հատուցելու միակ ճանապարհը։ Մնացածը ածանցյալ է և երկրորդական։ Հ.Գ. Գործ ունենք անելու․․․»։
17:16 - 27 սեպտեմբերի, 2021