Հայաստան

Փաշինյանը դարձյալ ներկայացրեց՝ ինչ է հայելային հետքաշումը |1lurer.am|

Փաշինյանը դարձյալ ներկայացրեց՝ ինչ է հայելային հետքաշումը |1lurer.am|

1lurer.am: Հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կայունացման համար հայկական կողմը հանդես է եկել զորքերի հայելային հետքաշման առաջարկությամբ: ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Վահագն Ալեքսանյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարցրեց, թե ինչ է նշանակում «հայելային հետքաշում»: «Տեղյակ եք, որ 2021 թվականի նոյեմբերի 26-ին Սոչիում ընդունված եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրված է ՌԴ նախագահի, Ադրբեջանի նախագահի և իմ կողմից, արձանագրված է, որ կողմերը պայմանավորվել են քայլեր ձեռնարկել հայ-ադրբեջանական սահմանին անվտանգության և կայունության բարձրացման ուղղությամբ, և գործը տանել դեպի դեմարկացիայի և դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի ձևավորում: Այս առումով քանի որ շահագրգռված ենք և պետք է տեր կանգնենք մեր իսկ պայմանավորվածությանը, առաջարկ ենք արել, և մեր պատկերացումը հետևյալն է, որ զինված ուժերը պետք է հայելային հետ քաշվեն: Դա նշանակում է, որ հայ-ադրբեջանական սահմանային գծից հավասար հեռավորության վրա պետք է հետ քաշվեն, որից հետո սահմանի պահպանությունը պետք է հանձնվի սահմանափակ թվով սահմանապահ ծառայության ծառայողների, և արդյունքում պետք է հընթացս տեղի ունենա միջազգային մոնիթորինգ՝ ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու իմաստով»,- ասաց Փաշինյանը: Արդյոք Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունի՞ պետական սահման: Փաշինյանի խոսքով՝ այս հարցի պատասխանը միանշանակ դրական է, քանի որ դեռևս խորհրդային ժամանակներում գոյություն է ունեցել սահման, որը դելիմիտացիայի է ենթարկվել: «1991 թվականի Անկախ պետությունների համագործակցության կազմակերպություն ստեղծելու մասին համաձայնագրով, որը վավերացվել է և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի խորհրդարանների կողմից, այդ սահմանները ճանաչվել են: Հետևաբար, մենք կարծում ենք, որ այս պայմանավորվածությունները պետք է իրագործվեն այս տրամաբանությամբ»,- ասաց Փաշինյանը: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ հայկական կողմը պատրաստ է լսել նաև այլ առաջարկներ: «Մեր խնդիրն է, որ միջազգային հանրությունը, հայ հանրությունը տեղեկանան, թե ինչի մասին է խոսքը, քանի որ այս թեմայով կան բազմաթիվ անհիմն շահարկումներ այն մասին, որ գյուղեր անպաշտպան են մնալու և այլն: Չկա նման բան: Բայց պետք է նաև խոստովանել, որ այդ առաջարկը, որ անում ենք, այնպես չէ, որ 100 տոկոսով համապատասխանում է կամ կոմֆորտ է Հայաստանի համար կամ դիսկոմֆորտ Ադրբեջանի համար»,- ասաց Փաշինյանը: Վարչապետն արձանագրեց, որ սա չի կանխորոշում հետագա դեմարկացիայի արդյունքները: Դա պետք է լինի համապատասխան բանակցությունների առարկա:
17:19 - 09 փետրվարի, 2022
Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու 95,5 մլրդ եվրո ֆինանսավորմամբ ԵՄ համագործակցության ծրագրից |1lurer.am|

Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք կստանան օգտվելու 95,5 մլրդ եվրո ֆինանսավորմամբ ԵՄ համագործակցության ծրագրից |1lurer.am|

1lurer.am: Ազգային ժողովն ընդունեց ««Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև Միության «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագրին Հայաստանի Հանրապետության մասնակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը: «Հորիզոն Եվրոպա» հետազոտությունների և նորարարության շրջանակային ծրագիրը 2014-2020 թվականներին  իրականացվող «Հորիզոն-2020» շրջանակային ծրագրի շարունակությունն է:  «Հորիզոն 2020» ծրագրի շրջանակներում հայաստանյան գիտական խմբերի մասնակցությամբ ներկայացվել է 312 հայտ, որոնցից վավեր են ճանաչվել 271-ը, իսկ ֆինանսավորման երաշխավորվել է 35 հայտ: Համաձայնագրով Հայաստանի գիտական շրջանակների ներկայացուցիչներն իրավունք են ստանում օգտվելու 95,5 մլրդ եվրո ընդհանուր ֆինանսավորմամբ ԵՄ ամենամեծ գիտական համագործակցության ծրագրի ընձեռած լայն հնարավորություններից:
17:06 - 09 փետրվարի, 2022
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԱՄՆ դեսպանին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին: Հանդիպմանը ներկա էր նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջոն Ալելոն: Այս մասին տեղեկացնում են Կառավարության լրատվական ծառայությունից: Զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին: Այս համատեքստում երկուստեք կարևորվել է տարածաշրջանային կայունության և երկարատև խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Մտքեր են փոխանակվել Կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների վերաբերյալ, մասնավորապես՝ հանրային կառավարման, թվայնացման, հակակոռուպցիոն, ոստիկանության, կրթության և առողջապահության ոլորտներում: Փոխվարչապետն ու ԱՄՆ դեսպանը ընդգծել են Հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության հարթակի աշխատանքների ակտիվացման կարևորությունը և ողջունել են գարնանը նախատեսվող հերթական նիստի անցկացումը: Քննարկմանն անդրադարձ է կատարվել նաև ԱՄՆ ՄԶԳ հետ համագործակցության շրջանակներում իրականացվող ծրագրերի ընթացքին:
16:53 - 09 փետրվարի, 2022
Առաջարկում ենք քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը․ Սաղաթելյան

Առաջարկում ենք քրեականացնել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը․ Սաղաթելյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան էջում գրել է նոր օրենսդրական նախաձեռնության մասին․ «Հետպատերազմյան ժամանակաշրջանում Հայաստանի տարածքային ամբողջականությունը և ինքնիշխանությունը վտանգված են, և Հայաստանի Հանրապետության թիվ մեկ առաջնահերթությունը պետք է լինի իր տարածքի ամբողջականությունը երաշխավորելը և թշնամական պետության կողմից որդեգրված հակահայկական քաղաքականության և դրա իրագործման կանխելը։ Իմ գործընկերներ Արամ Վարդևանյանի ու Աղվան Վարդանյանի հետ հանդես ենք եկել նոր օրենսդրական նախաձեռնությամբ։ Մենք առաջարկում ենք քրեականացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը»: Վերը նշված հանցանքների համար  առաջարկում ենք տուգանք՝ նվազագույն աշխատավարձի հազարապատիկից երկուհազարապատիկի չափով, կամ ազատազրկմում՝ երկուսից չորս տարի ժամկետով, իսկ Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունից հրաժարվելուն կամ այն սահմանափակելուն ուղղված հրապարակային արտահայտությունները, նշված հանցանքի կատարումը հրապարակայնորեն արդարացնելու կամ քարոզելու համար սահմանել տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից երեքհազարապատիկի չափով, կամ կամ ազատազրկմամբ՝ երեքից հինգ տարի ժամկետով: Քրեական օրենսգրքում նախագծով ներկայացված համապատասխան արարքների կոնկրետացումը և քրեականացումը  կնպաստի նմանատիպ արարքների պարտադրված կամ անգամ կամավոր դրսևորման կանխարգելմանը»։
14:52 - 09 փետրվարի, 2022
Ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին |tert.am|

Ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը՝ հայ-ադրբեջանական սահմանի իրավիճակի մասին |tert.am|

tert.am: Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել է Հարավային Կովկասում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման նոր հեռանկարների մասին, գրում է EADaily-ն։ Այսօր՝ փետրվարի 9-ին, «Վալդայ» միջազգային քննարկման ակումբի շրջանակում «Հավաքական անվտանգությունը նոր դարաշրջան. ՀԱՊԿ-ի փորձն ու հեռանկարները» համաժողովում ելույթ ունենալով, ռազմական դաշինքի վարչական ղեկավարը մատնանշել է «որոշ զգուշավոր լավատեսությունը» հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորման հարցում։ «Լարվածության օջախներ, իհարկե, կան, դրանք հայ-ադրբեջանական սահմանին են։ Ես եղել եմ այնտեղ, իմ աչքով եմ տեսել՝ ինչ է կատարվում այնտեղ։ Բայց, ըստ էության, սահման, որպես այդպիսին, չկա, կա շփման գիծ, հենակետեր, դիտակետեր։ Ժամանակ առ ժամանակ կրակոցներ են լինում։ Այսպես չպետք է լինի»,- շեշտել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։ «Զգուշավոր լավատեսություն կա, որ պատերազմի մի ամբողջ դարաշրջան ավարտվում է, և սկսվում է մեկ այլ դարաշրջան: Ես կարող եմ սխալվել նման լավատեսության առումով, բայց ամեն դեպքում, մենք պետք է ողջունենք այն քայլերը, որոնք այժմ արվում են խաղաղության հաստատման համար»,- ասել է Զասը։
13:08 - 09 փետրվարի, 2022
Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում խստագույնս արձագանքել Բաքվի մշակութային անթաքույց եղեռնագործությանը

Մայր Աթոռը միջազգային հանրությանը կոչ է անում խստագույնս արձագանքել Բաքվի մշակութային անթաքույց եղեռնագործությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարությամբ դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային անթաքույց եղեռնագործությանը։ «Ֆեյսբուք»-ում Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի էջում հրապարակված հայտարարության մեջ նշվում է. «Օրերս Ադրբեջանի իշխանությունները, ի դեմս մշակույթի նախարարի, հանդես են եկել հերթական հակահայկական նախաձեռնությամբ: Համաձայն վերջինիս հայտարարության՝ Ադրբեջանում ձևավորվել է տեղի և արտերկրյա մասնագետներից կազմված «Աղվանական պատմության և ճարտարապետության մասնագետների աշխատանքային խումբ», որի նպատակն է, այսպես կոչված, աղվանական կրոնական տաճարներից հեռացնել «հայերի թողած կեղծ հետքերը»: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խստորեն դատապարտում է ադրբեջանական իշխանությունների սույն նախաձեռնությունը և այն որակում է որպես հակամարդկային ու հակաքաղաքակրթական գործողություն՝ Հայաստանի, Արցախի և հայ ժողովրդի նկատմամբ շարունակական թշնամանքի ու ատելության ընդգծված դրսևորումներով: Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի քրիստոնեական սրբավայրերի հայկական ինքնությունը գիտականորեն հաստատված իրողություն է և չի կարող վիճարկման առարկա դառնալ խելամիտ ու առարկայական մտածողության շրջանակներում: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը դիմում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ ներգրավված բոլոր երկրներին, առաջին հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություններին, քույր եկեղեցիներին ու կրոնական կառույցներին, միջազգային մասնագիտացված կազմակերպություններին՝ խստագույնս արձագանքելու Ադրբեջանի կողմից իրականացվող մշակութային եղեռնագործության անթաքույց այս փաստին՝ կասեցնելու և կանխելու համար վանդալիզմի այս ու նմանօրինակ դրսևորումները»:  
21:15 - 08 փետրվարի, 2022
Վիեննայում հանդիպման անցկացման գաղափարը հայկական կողմինն է․ Մևլյութ Չավուշօղլու |hetq.am|

Վիեննայում հանդիպման անցկացման գաղափարը հայկական կողմինն է․ Մևլյութ Չավուշօղլու |hetq.am|

hetq.am: Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների երկրորդ հանդիպման վայրը Վիեննան ընտրելը հայկական կողմի նախաձեռնությունն է։ Այդ մասին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։ Թուրքական դիվանագիտության ղեկավարի խոսքով՝ Հայաստանն առաջարկել է հանդիպումն անցկացնել կամ Ավստրիայում, կամ էլ Շվեյցարիայում։ «2009 թվականին արդեն իսկ եղել են անհաջող բանակցություններ Ժնևում, այդ իսկ պատճառով որոշում է ընդունվել հանդիպումն անցկացնել Վիեննայում»,- հայտարարել է Չավուշօղլուն։ Նա նշել է, որ Անկարան Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին և հայկական կողմի հատուկ ներկայացուցիչ, ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանին պաշտոնապես հրավիրել է մասնակցելու Անթալիայի դիվանագիտական ֆորումին, որը կկայանա մարտի 11-13-ը։  Հայկական կողմը հայտարարել է, որ դեռևս վերջնական որոշում չունի մասնակցության առումով։
20:55 - 08 փետրվարի, 2022
Միրզոյանն ու Ռուբինյանը Անթալիայում կարող են հայտնվել ծուղակում․ ով է նրանց խորհուրդ տվել մասնակցել ֆորումին, մնում է անհայտ. Գեղամ Մանուկյան
 |tert.am|

Միրզոյանն ու Ռուբինյանը Անթալիայում կարող են հայտնվել ծուղակում․ ով է նրանց խորհուրդ տվել մասնակցել ֆորումին, մնում է անհայտ. Գեղամ Մանուկյան |tert.am|

tert.am: Արդեն տևական ժամանակ է` արծարծվում է միջազգային հարթակներում Թուրքիայի արտաքին քաղաքական նոր նախաձեռնությանը` Անթալիայի դիվանագիտական համաժողովին Հայաստանի պաշտոնական ներկայացուցիչների մասնակցության հարցը։ Չավուշօղլուի հրավերին Հայաստանը իր կարծիքով տվել է խուսափողական պատասխան`առայժմ չհաստատելով վերջնական մասնակցությունը։ Այս մասին ԱԺ ամբիոնից հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ «Պաշտոնական Երևանի կողմից իբր դիվանագիտություն խաղալը, ո՛չ այո, ո՛չ ոչ գործելաձևը, Փաշինյանի ու Արարատ Միրզոյանի հայտարարությունները ամբողջովին բավարարում են թուրքական կողմին, որն էլ արտաքին հարթակներում ու միջազգային մամուլում այն օգտագործում է սեփական նպատակների համար»,– ասաց նա։«Վերջին օրինակը Թուրքիայի փոխնախագահ Ֆուաթ Օքթայի կողմից «A Haber» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում այն հայտարարությունն էր, թե Փաշինյանը ընդունել է Անթալիայի դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը, ու այս հայտարարությունը` «Փաշինյանը  մարտին գալիս է Թուրքիա» գլխագրում լուր դարձավ ինչպես թուրքական, այնպես էլ միջազգային լրատվամիջոցներում։ Գրոշի արժեք չուներ հաջորդ օրը ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի հերքումը, թե Փաշինյանի այցը չի նախատեսվում։ Հարց է առաջանում` «ջուրը չտեսած, ինչո՞ւ են բոբիկանում Երևանում», ո՞ւր են գնում Արարատ Միրզոյանն ու Ռուբեն Ռուբինյանը»,– հավելեց Գեղամ Մանուկյանը։Պատգամավորը նշեց, որ 2021-ին թուրքական այս ֆորումը եվրոպացիներն արհամարհեցին, Ռուսաստանը բոյկոտեց։ «Ո՞վ է Միրզոյանին ու Ռուբինյանին խորհուրդ տվել մասնակցել թուրքական նախագծին, մնում է անհայտ»,- ասաց նա։ Գեղամ Մանուկյանի կարծիքով՝ Միրզոյանն ու Ռուբինյանը կարող են ծուղակում հայտնվել այդ ֆորումի ժամանակ։ «Հանկարծ միջանցքներից մեկում նրանց կարող է մոտենալ նախորդ ֆորումի մասնակից Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր, Արցախի  ադրբեջանական համայնքի ղեկավար Թուրալ Գյանջալիևը, ո՞վ է դրա քարոզչական հարվածին դիմագրավելու, սրանց պատասխանները հայ պաշտոնյաները չունեն վստահաբար»,– ընդգծեց նա։ 
18:52 - 08 փետրվարի, 2022
Անդրանիկ Քոչարյան. «Տևական խաղաղության համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը» |hetq.am|

Անդրանիկ Քոչարյան. «Տևական խաղաղության համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը» |hetq.am|

hetq.am: Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը: Ազգային ժողովի հայտարարությունների ժամին նման տեսակետ հայտնեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: «Ներկայիս աշխարհաքաղաքական դինամիկ վտանգավոր զարգացումների պայմաններում մեր պետությունը չի կարող դիմակայել առանց ռազմավարական գործընկերների և հարևան պետությունների հետ հստակ կանոնակարգված հարաբերություններ ձեռք բերելու: Ակնհայտ է, որ դարեր շարունակ կայսերական նկրտումներ ունեցած պետության գենետիկ հիշողությունը ժամանակ առ ժամանակ հարմար միջավայր ստեղծվելուն պես գլուխ է բարձրացնում, սակայն մեզ համար կարևոր է նման դեպքերում արժանի դիմադրություն կազմակերպելը»,- ասաց նա: Ըստ բանախոսի` Հայաստանի խնդիրն է Կովկասի տարածաշրջանի հիմնական խաղացողների քայլերը հասկանալ, դրանք վերլուծել, և ամենակարևորը` լինել իրատես: «Տևական խաղաղության հասնելու համար անխուսափելի է հարևանների հետ կոմունիկացիոն գործընթացի սկսումը, որքան էլ պարտված լինելու հանգամանքը մեզ համար խոչընդոտներ է ստեղծելու»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը: Անդրանիկ Քոչարյանի խոսքով` անցյալում կատարվածից դասեր քաղելով՝ Հայաստանը կկենտրոնացնի իր ազգային, գիտական ներուժը, կփորձի սկիզբ դնել տեղական մրցունակ սպառազինության արտադրությանը: Նա նաև կարևորեց երկիրը ներքին ցնցումներից և բզկտումներից զերծ պահելը՝ շեշտը դնելով արտաքին հավասարակշռված քաղաքականության ձևավորման և կայունության ամրապնդման վրա: «Երկարատև խաղաղության հաստատման և պետության անվտանգության լիակատար ապահովման համար մեզ պետք է միասնականություն, սառը բանականություն և խոհեմություն ցուցաբերել՝ չմոռանալով անցյալը: Սա է առաջ շարժվելու և նշանակալի հաջողություններ գրանցելու ամենաարդյունավետ ճանապարհը»,- եզրափակեց իշխանական պատգամավորը:
18:02 - 08 փետրվարի, 2022
Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը․ Սոնա Ղազարյան |hetq.am|

Ուզում եմ հարցնել միջազգային գործընկերներին` ո՞ւմ են նրանք ուղղում 2,1 միլիարդ դոլարը․ Սոնա Ղազարյան |hetq.am|

hetq.am: Խորհրդարանի հերթական նիստում իշխանական պատգամավոր Սոնա Ղազարյանն անդրադարձավ Ադրբեջանի հայատյաց քաղաքականությանը և մասնավորապես Ադրբեջանի մշակույթի նախարար Անար Քերիմովի հայտարարությանը` հայկական մշակութային ժառանգության հետքերը մաքրելու վերաբերյալ: «Ուզում եմ միջազգային հանրությանը դիմել և ասել, որ Ադրբեջանի կողմից վարվող այս քաղաքականությունը մարտահրավեր է ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանի կողմից 2021-ի դեկտեմբերի 7-ին ընդունված հրատապ միջոցներ կիրառելու վերաբերյալ որոշմանը: Ինչպես նաև հիշեցնեմ, որ 2,1 միլիարդ դոլար է ուղղվում մի երկրի, որը ոչ միայն աչքի է ընկնում ավտորիտար ռեժիմով, այլև հարևանների հանդեպ վարվող վանդալիզմի և պատմամշակութային հուշարձաններն ավիրելու քաղաքականությամբ»,-ասաց նա: Ղազարյանը նշեց, որ ԵԽԽՎ-ում նույնպես ընդունվել են բանաձևեր, որտեղ խոսվում է հայկական պատմամշակութային հուշարձանները կեղծ ալբանական հուշարձաններով փոխարինելու փորձի մասին: Պատգամավորը հիշեցրեց արցախյան երկրորդ պատերազմի ընթացքում Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու երկու անգամ ռմբակոծվելը` ասելով, որ դա պատականություն չի եղել: «Ինչպես նշում է ավտորիտար ռեժիմի ներկայացուցիչը, դա հստակ մարտավարություն է հայկական հետքերը մաքրելու: Եւ ես ուզում եմ հարցնել մեր միջազգային գործընկերներին` ում են նրանք ուղղում այդ միլիարդները և ինչ նպատակներով են դրանք օգտագործվելու»,-ասաց պատգամավորը:
15:25 - 08 փետրվարի, 2022
Կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ. ՀՀ վարչապետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ. ՀՀ վարչապետն ընդունել է Ճապոնիայի դեսպանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ֆուկուշիմա Մասանորիին: Վարչապետը կարևորել է Հայաստանի և Ճապոնիայի միջև բոլոր ոլորտներում համագործակցության զարգացումն ու ընդլայնումը: Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանն ընդգծել է առևտրատնտեսական կապերի խորացման անհրաժեշտությունը և նշել, որ ՀՀ կառավարությունը շահագրգռված է մեր երկիր ճապոնական ներդրումների ներգրավմամբ: Բարձր գնահատելով արտակարգ իրավիճակների և առողջապահության ոլորտներում մեր երկրին մինչ այժմ ցուցաբերված տեխնիկական օժանդակությունը՝ վարչապետը հույս է հայտնել, որ այն կկրի շարունակական բնույթ ու կնպաստի այդ ուղղություններով իրականացվող բարեփոխումների արդյունավետ կյանքի կոչմանը: Դեսպան Մասանորին նշել է, որ Ճապոնիայի կառավարության համար Հայաստանի հետ քաղաքական, տնտեսական և հումանիտար ոլորտներում հարաբերությունների զարգացումը մեծ կարևորություն ունի: Դեսպանը հավելել է, որ ճապոնական կողմը ևս հետաքրքրված է տնտեսական համագործակցության ընդլայնմամբ ու պատրաստ է հայաստանյան գործընկերների հետ ինտենսիվ աշխատանք տանել այդ նպատակով: Ֆուկուշիմա Մասանորին վարչապետին է ներկայացրել Ճապոնիայի դեսպանության կողմից մեր երկրում իրականացվող ծրագրերը, որոնք միտված են տարբեր ոլորտներում տեխնիկական հագեցվածության ապահովմանը: Զրուցակիցները քննարկել են նաև կրթության ոլորտում ուսանողների փոխանակման ծրագրերի իրականացմանը, բարձր տեխնոլոգիաների, առողջապահության և այլ ուղղություններով համագործակցությանը, ինչպես նաև 2025 թվականին Օսակայում նախատեսվող էքսպո ցուցահանդեսին Հայաստանի մասնակցությանը վերաբերող հարցեր:
13:22 - 08 փետրվարի, 2022
Ադրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով․ ՄԻՊ-ը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանի հետ հանդիպմանը

Ադրբեջանում հայ գերիները պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով․ ՄԻՊ-ը՝ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի դեսպանի հետ հանդիպմանը

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Գալագերի հետ: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասաենյակից։ Հանդիպմանը քննարկվել են մարդու իրավունքներին առնչվող մի շարք հարցեր: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել դատական համակարգում արձանագրված խնդիրները՝ կապված դատական նիստերի անհիմն ձգձգումների, ողջամիտ ժամկետների խախտումների, կալանքների չարաշահման դրսևորումների հետ և այլն: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև կանանց և երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր, այդ թվում՝ Մարդու իրավունքների պաշտպանի կողմից կարծրատիպերի հաղթահարմանն ուղղված իրազեկման արշավները: Արման Թաթոյանը նշել է, որ նոր կորոնավիրուսի (COVID-19) դեմ պայքարի հիմքով հայտարարված արտակարգ դրության սահմանափակումների ընթացքում Պաշտպանի աշխատակազմում ստեղծվել է աշխատանքային խումբ, որը զբաղվել է կանանց, երեխաների իրավունքների պաշտպանության ու ընտանիքում բռնության կանխարգելմանը վերաբերող հարցերով, քանի որ հատկապես այդ ժամանակահատվածում դիմումների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ մեծացել է կանանց, երեխաների և տարեցների նկատմամբ բռնության ռիսկը: Պաշտպանն անդրադարձել է նաև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու ու մեծանալու, կրթության, անկախ ու ներառական կյանքով ապրելու իրավունքների իրացման կարևորությանը։ Հանդիպման ժամանակ կարևորվել է լրագրողների դերը խոսքի ազատության երաշխավորման և ատելության խոսքի բացառման հարցերում: Մարդու իրավունքների պաշտպանը շեշտել է, որ լրագրողի օրինավորության և բարեխղճության կանխավարկածն է այն առանցքը, որի շուրջ պետք է ձևավորվի նրա մասնագիտական գործունեության նկատմամբ հարգանքն ու բարձր վերաբերմունքը: Արման Թաթոյանը դեսպանին է ներկայացրել ադրբեջանական զինված ծառայողների կողմից Հայաստանի սահմանային բնակիչների իրավունքների խախտումները՝ կոնկրետ օրինակներով ու փաստերով։ Ներկայացրել է Ադրբեջանում ապօրինի պահվող հայ գերիների վերադարձի հրատապությունը, ինչպես նաև այն, որ մարդիկ պահվում են քաղաքական ու ռազմական շահերի համար՝ առևտրի նպատակով: Նա շեշտել է, որ ադրբեջանական զինված ծառայողները պետք է հեռանան հայկական գյուղերի, շատ դեպքերում մարդկանց տների մոտից ու ճանապարհներից, պետք է ստեղծվի անվտանգության ապառազմականացված գոտի: Այս ամենին ավելանում է ադրբեջանական իշխանությունների հայատյացության հովանավորչության ու թշնամանքի քարոզի քաղաքականությունը: Արման Թաթոյանը կարևորել է Մեծ Բրիտանիայի դերը մարդու իրավունքների ոլորտում, ինչպես նաև համագործակցությունը այդ երկրի մարդու իրավունքների հաստատությունների հետ: Դեսպան Ջոն Գալագերը բարձր է գնահատել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հետ համագործակցության բարձր որակը պաշտոնավարման ողջ ընթացքում, ինչպես նաև հայտնել հետագա համատեղ աշխատանքի պատրաստակամություն:
10:26 - 08 փետրվարի, 2022
Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը |1lurer.am|

Պուտին-Մակրոն հանդիպմանը քննարկվել է նաև ԼՂ շուրջ իրավիճակը |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում երեկ կայացած Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների հանդիպումից հետո կայացել է երկու երկրի ղեկավարների համատեղ մամուլի ասուլիսը: Վլադիմիր Պուտինի ու Էմանուել Մակրոնի ելույթների հիմնական մասը վերաբերել է ռուս-ուկրաինական ճգնաժամին, անդրադարձ է եղել նաև միջազգային կարևորություն ունեցող այլ հարցերի: Պուտինն ու Մակրոնն անդրադարձել նաև Լեռնային Ղարաբաղի խնդրին, շեշտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կարևոր դերակատարությունը: Վլադիմիր Պուտին, ՌԴ նախագահ - Լեռնային Ղարաբաղի շուրջ իրավիճակի քննարկման ընթացքում նշել ենք ռուսաստանցի խաղաղապահների դրական դերը, որոնք ապահովում են հրադադարի ռեժիմի պահպանումն ու օգնում են խաղաղ կյանքի հաստատմանը: Մենք հաստատել ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության գործունեության կարևոր նշանակությունը, այդ թվում՝ տարածաշրջանում հրատապ հումանիտար և սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման հարցում: Ֆրանսիայի նախագահը տեղեկացրել է Եվրոպական խորհրդի նախագահի, Ադրբեջանի նախագահի և Հայաստանի վարչապետի հետ վերջերս կայացած համատեղ տեսակոնֆերանսի արդյունքների մասին: Էմանուել Մակրոն, Ֆրանսիայի նախագահ - Մենք նաև անդրադարձել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությանը: Ուզում եմ ուրախությամբ հայտնել, որ 8 ձերբակալված է ազատ արձակվել: Ֆրանսիական ճգնաժամային կենտրոնն ինքնաթիռ է տրամադրել նրանց տեղափոխման համար: Նախորդ ուրբաթ մենք նախագահ Ալիևի և վարչապետ Փաշինյանի հետ տեսակոնֆերանս ենք անցկացրել, որի ընթացքում հենց անդրադարձ է եղել անհետ կորածների, փախստականների և մի շարք այլ հարցերի, որոնք նույնպես կայունության տարրեր են հանդիսանում: Նախագահ Պուտինի հետ մեր բանակցության ընթացքում ընդհանուր մոտեցումներ ենք հայտնել մի շարք հարցերի վերաբերյալ: Ցանկանում եմ ողջունել այն դերը, որը սահմանին ունեցել են ձեր զինվորականները՝ Հայաստանի և Ադրբեջանի համար բարդ ժամանակաշրջանում: Մինսկի խմբի պայմանավորվածությունների շրջանակում ևս և՛ Ֆրանսիան, և՛ Ռուսաստանը համապատասխան դեր ունեն:
10:17 - 08 փետրվարի, 2022