Շիրակի մարզ

Շիրակի մարզը պետական սահմանով արևմուտքից սահմանակից է Թուրքիային, հյուսիսից՝ Վրաստանին, արևելքից սահմանակից է՝ Հայաստանի Լոռու մարզին և հարավից՝ Հայաստանի Արագածոտնի մարզին։ Մարզկենտրոնը Գյումրին է՝ ՀՀ 2-րդ քաղաքը։ Գործող մարզպետը Հովհաննես Հարությունյանն է։

Գտնվում է Հայ Առաքելական Եկեղեցու Շիրակի թեմի հովվապետության ներքո, սակայն մարզի տարածքում կան զգալի թվով կաթոլիկ հայեր, ինչպես նաև կաթոլիկ գյուղեր։

Գյումրիում անվադող են հավաքում |armenpress.am|

Գյումրիում անվադող են հավաքում |armenpress.am|

armenpress.am: Գյումրիում ու Շիրակի մարզի մյուս համայնքերում արդեն մի քանի օր է իրականացվում է անվադողերի հավաքման գործընթաց: Անվադողերը հնարավոր է օգտագործել պաշտպանական նպատակներով, ավազով լցված անվադողերը կլանում են փամփուշտները և ականի բեկորները: Նախաձեռնությունը նոր չէ. դեռ 4 տարի առաջ ապրիլյան պատերազմի հերոս Տիգրան Աբգարյանի հարազատ եղբայրը՝  Ժորա Աբգարյանը, ձեռնակեց այն: Այս անգամ էլ, հուլիսի 12-ից Տավուշի ուղղությամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայից հետո, արձագանքը չուշացավ: Գյումրիում  ակտիվությունն աննախադեպ է՝  քաղաքի տարբեր հատվածներում, կարելի է տեսնել երիտասարդների, որոնք հավաքում են անվադողեր ու տեղափոխում այն հատվածներ, որտեղից բեռնատարները տեղափոխում են  զորամասեր: «Գյումրիում  բավական ակտիվ է, քանի որ Գյումրիից ենք սկսել ու Գյումրիում մեծ  թիմ ունենք: Երևանում էլ 4 կետ ունենք ու ինտենսիվ աշխատում ենք: Ընդհանուր առմամբ, այս օրերի ընթացքում ողջ Հայաստանից մոտ 40 հազար անվադող է հավաքվել ու ավելի քան 30 բեռնատար տեղափոխվել է»,- նշեց Ժորա Աբգարյանը  տեղեկացնելով՝ զորմասեր անձամբ իրենք են տանում:
17:39 - 18 հուլիսի, 2020
Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

Այսօր էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում Երևանում և 7 մարզում

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 15-ին պլանային և վերանորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով, հետագայում վթարներից խուսափելու համար կհոսանքազրկվեն` Երևան քաղաքում՝ 11:00-13։00 Խաղաղ Դոնի փ. 31 շենքի 1-7 մուտքերը, 11:00-17։00 Նոր-Նորքի 3-րդ զանգ.՝ Գայի փ. 20, 5-րդ զանգ.՝ Միկոյան փ. 25 շենքերը, 9-րդ զանգ.՝ Վիլնյուսի փ. 71շենքի (4-րդ, 5-րդ մուտքերը), Վիլնյուսի փ. 93 շենքի (1-4-րդ մուտքերը) և հարակից ոչ բնակիչ-բաժանորդները, Դավթաշեն 2-րդ թաղ. 1, 4-րդ թաղ. 29 շենքերը, Անդրանիկի փ. 10, 129, Րաֆֆու փ. 41 շենքերը, Մարգարյան 2-րդ նրբ. 1շենքի 1-4-րդ մուտքերը և հարակից ոչ բանկիչ բաժանորդները, Արագածոտն մարզում՝ 11:00-17։00 Գետափ, Թլիկ, Արագածավան գյուղերը, Արարատի մարզում՝ 10։00-14։00 Մասիս քաղաքի Հանրապետության, Երևանյան, Ազատամարտիկների 4, 9, 10 փողոցները և 4-րդ նրբանցքը մասնակի, 10։30-16։00 Արտաշատ քաղաքի Մռավյան, Խանջյան, Երևանյան, Օգոստոսի 23-ի փողոցները՝ մասնակի, Վայոց Ձորի մարզում՝ 10։00-15։30 Եղեգնաձոր քաղաքի Ավագյան, 26 Կոմիսարների, Թամանցիների, Մոմիկի, Օրբելու փողոցները և Ելփին, Վերնաշեն գյուղերը մասնակի, 10։00-16։00 Ազատեկ գյուղը՝ մասնակի, Կոտայքի մարզում՝ 10։00-16։00 Կապուտան, Կամարիս, Գեղաշեն գյուղերը մասնակի, Աբովյան քաղաք 8-րդ միկրոշրջանը և Էլար թաղամասը մասնակի, Սարալանջի 10, 11 փողոցները, Հարնապետության փ. 4, Սևանի փ․ 4/5, Օգոստոսի 23փ. 21 շենքերը, Ջրվեժի Մայակ, Բանավան թաղամասերը՝ մասնակի և «Մագաս Ինվեստ» ՍՊԸ-ն, Շիրակի մարզում՝ 10:00-16:00 Աշոցքի տարածաշրջանի Աշոցք գյուղի 3-րդ թաղամասը՝ մասնակի, Ամասիայի տարածաշրջանի Ամասիա գյուղի Սոցխոզ թաղամասը, 11:00-16:00 Գյումրի քաղաքի «Թռչունյաց տունը», «Սևերսկի» զինմասը, «Սևերսկի» թաղամասը, հին մաքսատան դիմացի տարածքը, նախկին «Ուրալ Սիբ Ստրոյ»-ի տարածքը, 11:00-17:00 Անիի տարածաշրջանի Մարալիկ քաղաքի Ռիգայի փողոցը, Տավուշի մարզում՝ 10:00-16:00 Գոշ, Աղավնավանք, Խաչարձան, Հովք գյուղերը, Հաղարձին գյուղը՝ մասնակի, 12:00-14:00 Դիլիջան քաղաքի Պարզ լճի փողոցը, Թբիլիսյան խճուղին՝ մասնակի, և Թեղուտ գյուղը, Սյունիքի մարզում՝ 10:00-16:00 Հարժիս, Հալիձոր, Շինուհայր գյուղերը և հարակից ոչ բնակիչ բաժանորդները:
09:50 - 15 հուլիսի, 2020
Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները |hhpress.am|

Վերջնականապես կլուծվեն աղետի գոտու բնակարանային խնդիրները |hhpress.am|

hhpress.am: 1988 թ, Սպիտակի ավերիչ երկրաշարժից անօթեւան մնացածների հարցը 30 տարի անց վերջապես լուծում է ստանում։ Բնակարանների կարիք ունեցող վերջին՝ 453 ընտանիքների խնդիրը լուծելու համար նախորդ տարի գործադիրը մարզպետարանների միջոցով հարցում էր իրականացրել շահառուների շրջանում։ Վերջիններիս կեսը՝ 227 ընտանիք, նախընտրել էր բնակարան ձեռք բերելու համար վկայագրի միջոցով ֆինանսական աջակցություն ստանալու տարբերակը։ 2019 թվականի նոյեմբերին կառավարությունն ընդունեց աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման վերաբերյալ որոշումը։ Կատարված հաշվարկների եւ գնահատականների հիման վրա որոշվել էր, որ Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզերի ընտանիքներին կհատկացվեն մոտ 1.2 մլրդ դրամի վկայագրեր։ Այդ գումարից 535.587 հազար դրամը հատկացվել է Շիրակի մարզի գյուղական բնակավայրերի շահառու ճանաչված 90 ընտանիքի վկայագրերի ձեռքբերման համար, 674.932 հազար դրամը տրամադրվել է Լոռու մարզի 121, իսկ 81.053 հազար դրամը՝ Արագածոտնի մարզի կարիքավոր 16 ընտանիքներին։ Բնակարանների գնահատման համար հիմք են ՀՀ կառավարության 2005 թ. որոշմամբ սահմանված նորմաներին համապատասխան քաղաքաշինության նախարարի հրամանով հաստատված՝ վկայագիր ստացող ընտանիքներին հասանելիք բնակարանի մակերեսը եւ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից հրապարակած 2019 թ. սեպտեմբեր ամսվա ընթացքում ձեւավորված շուկայական միջինացված գնի տվյալները։ Շիրակի մարզի գյուղական բնակավայրերում այն մեկ քառակուսի մետրի համար կազմում է 80600, Լոռու մարզում՝ 75750 հազար, իսկ Արագածոտնի մարզի Ապարան եւ Թալին քաղաքների համար՝ 80250 դրամ։ Վկայագրերում բնակարանների ձեռքբերման ժամկետ էր սահմանվել այն տրամադրելու օրվանից հաշված 6 ամիսը՝ առանց ժամկետի երկարաձգման հնարավորության։ Սակայն կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանրապետությունում հայտարարված արտակարգ դրության պայմաններում ազատ տեղաշարժի, նոտարական, կադաստրային գրասենյակների, բանկերի գործունեության մասով գործած սահմանափակումների պատճառով Լոռու, Շիրակի եւ Արագածոտնի մարզպետները դիմել են կառավարությանը 6-ամսյա ժամկետը երկարաձգելու խնդրանքով։ 2019 թ. գործադիրի ընդունած որոշման մեջ ասվում էր, որ դեպոզիտային հաշիվներին փոխանցված եւ մինչեւ 2020 թ. հոկտեմբերի 1-ի դրությամբ չօգտագործված մնացորդային գումարները ենթակա են վերադարձման պետական բյուջե։ Կառավարությունը որոշել է բավարարել մարզպետների խնդրանքը եւ երկարաձգել գործող որոշման ժամկետները։ Հանրային քննարկման դրված կառավարության որոշման նախագծով նախատեսվում է հոկտեմբերի 1-ի ժամկետը երկարաձգել է մինչեւ դեկտեմբերի 1-ը։ Նախագծի մեկ այլ կետով սահմանված 6–ամսյա ժամկետի փոխարեն բոլոր շահառուներին հնարավորություն է տրվել մինչեւ նոյեմբերի 1-ը վկայագրերով ձեռք բերել բնակարանները։ Աղետի հետեւանքով տուժած քաղաքացիներին բնակարաններով ապահովելու համար 2008-2018 թթ. պետությունը հատկացրել է 65 մլրդ դրամ՝ լուծելով 5396 ընտանիքներից 4839-ի բնակարանային խնդիրները։ 2018 եւ 2019 թթ. պետության հատկացրած 1 մլրդ դամը գերազանցող գումարով եւս 105 ընտանիք ապահովվել է բնակարաններով։ Գործադիրը միայն այս տարվա համար այդ նպատակով նախատեսել է 3 մլրդ դրամ, որը հնարավորություն կտա վերջնականապես լուծել երեք տասնամյակից ավելի ձգձգվող խնդիրը։ Հիմնահարցի լուծմանը սպասում է տնակներում ապրող աղետյալների արդեն երկրորդ սերունդը։
12:45 - 11 հուլիսի, 2020
Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում

Հուլիսի 5-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 66 հիվանդ է բուժվում, նրանցից 64-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4922 նմուշառում, մայիսի 12-ից հուլիսի 4-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 3568 նմուշառման հետազոտություն, հուլիսի 4-ին հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 21 նոր դեպք։ Մարզում այսօրվա դրությամբ տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1101 քաղաքացի, նրանցից 255-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 309 բնակիչ։ 43 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 24 դեպք։
14:52 - 05 հուլիսի, 2020
Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 100 մահճակալից 93-ը զբաղված է․ Շիրակում ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը |factor.am|

Գյումրիի ինֆեկցիոն հիվանդանոցի 100 մահճակալից 93-ը զբաղված է․ Շիրակում ավելանում է կորոնավիրուսով հիվանդների թիվը |factor.am|

factor.am: Շիրակի մարզպետարանի հրապարակած տվյալների համաձայն՝ հուլիսի 3-ի ժամը 11:30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 93 հիվանդ է բուժվում, նրանցից 89-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Նշենք, որ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ, որից 93-ը զբաղված է։ Ստացվում է, որ հիվանդանոցում ազատ տեղերի խնդիր կարող է առաջանալ։ «Բնականաբար, մենք էլ ենք դիտարկում այս հարցը։ Այս պահին 93 հիվանդ է, բայց նաև այսօր սպասում ենք դուրսգրումների։ Կարծում եմ՝ կլինեն դուրս գրվողներ։ Նմուշառումներ ենք արել, պատասխաններից կախված՝ որոշում կկայացվի։ Եթե խնդիրներ ունեցանք, հիվանդներին կտեղափոխենք Երևան»,- ասաց Շիրակի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Լեյլի Ասլանյանը։ Նա նաև նշեց, որ այս պահին վարակի ամենամեծ օջախը Գյումրին է, սակայն որևէ նոր օջախ չկա։ Միաժամանակ, կորոնավիրուսի դեպքեր են արձանագրվել մարզի բոլոր տարածաշրջաններում։ Շիրակի մարզի համար այսօր հրատապ է ռեանիմացիոն ու տրիաժային ծառայությունը։ Մարզպետ Տիգրան Պետրոսյանն ավելի վաղ մեզ հետ զրույցում ասել էր, որ առաջարկներով դիմել են Առողջապահության նախարարություն։ Գերատեսչությունից դեռ արձագանք չկա։ «Մենք առաջարկներով դիմել ենք նախարարություն։ Նախարարությունը հարցերը քննարկում է, այս պահին որևէ հստակեցում չկա»,- ասաց Լեյլի Ասլանյանը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
17:49 - 03 հուլիսի, 2020
Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է ունենան համայնքային պաշտոնական համացանցային կայքեր, որտեղ պարբերաբար պետք է տեղադրվեն տեղեկություններ` համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ավագանու և ղեկավարի ընդունած իրավական ակտերի, հնգամյա ծրագրերի և դրանց կատարողականների, բյուջեի, բյուջեի կատարման, բնակիչների հետ հանդիպման, հանրային լսումների և քննարկումների, ինչպես նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մասին: Այս օրենքը նպատակ ունի ապահովել համայնքների բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը: 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերը օրենքի ուժով ստեղծված են, սակայն անհայտ է՝ ինչպես են օգտագործվում, ինչպես են վերահսկվում, տեղադրվա՞ծ են արդյոք օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող ՀՀ համայնքների պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը: Համայնքների բնակչության թվի վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի արած տարածքային վիճակագրությունից: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Շիրակի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 9 համայնք, որոնցից 3-ը քաղաքային համայնքներ են, 6-ը՝ գյուղական: Քաղաքային երեք համայնքներից մեկի՝ Արթիկի դեպքում, ուսումնասիրության ընթացքում կայքը պարբերաբար չէր գործում: Այսինքն` առկա են տեխնիկական խնդիրներ: Նմանօրինակ խնդիրներ կան նաև այլ համայնքների դեպքում, հետևաբար, բոլոր տվյալները, որոնք շարադրված են հոդվածում, արտացոլում են ուսումնասիրության պահին առկա իրավիճակը: Չի բացառվում, որ ուսումնասիրությունից առաջ և հետո կայքերը գործել են անխափան, կամ ուսումնասիրությունից հետո տեխնիկական խնդիրները վերացվել են: Ազատան համայնքի կայքում կարելի է գտնել գրեթե բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սակայն ավագանու նիստերի և որոշումների մասին տեղեկությունը 2019 թվականի դեկտեմբերից ի վեր չի թարմացվել:  Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, սակայն Ազատան համայնքի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ վերջին նիստը եղել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ վերջին որոշումը՝ 2019 թվականի հուլիսի 16-ին: Փանիկ համայնքի կայքը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հետո առհասարակ չի թարմացվել, բյուջեի ծախսերի պլանի նախահաշիվը միայն 2018 թվականինն է, իսկ ավագանու նիստերի, որոշումների, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումների մասին թարմացումներ նույնպես չկան: Փոքր Մանթաշ համայնքի կայքն առհասարակ չի թարմացվում: Կայքում ավագանու որևէ նիստի մասին որևէ տեղեկություն չկա, համայնքի ղեկավարի որոշումների մասին նույնպես ոչինչ չկա: Կայքի նորությունների բաժնում տեղադրված է 2018 թվականի ընդամենը 3 լուր: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Լոռու մարզում կա 3000 և ավելի բնակչությամբ 10 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 5-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենախոշորը՝ Վանաձորը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկը չի թարմացվում, իսկ մյուս կայքը պարբերաբար թարմացվում է, և համայնքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարելի է գտնել։  Ջրաշեն համայնքի կայքում կարող եք գտնել տեղեկություններ ավագանու նիստերի, որոշումների և գործունեության մասին, սակայն բյուջեի մասով ոչինչ չկա, և որևէ տարվա բյուջեի ելքերի, մուտքերի, տարեկան պլանների և կատարողականների մասին տեղեկություն չեք գտնի: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Տավուշի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 10 է, որից 4-ը քաղաքային է, 6-ը՝ գյուղական: Քաղաքային ամենախոշոր՝ Իջևան համայնքի պաշտոնական կայքը չի թարմացվում ինչպես կարգն է և ինչպես սահմանում է օրենքը: Բյուջեի ծախսերի պլանի նախահաշվի, ինչպես նաև կատարողականի վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2018 թվականին: Գյուղական համայնքներից Այգեհովիտ և Աչաջուր համայնքների դեպքում նույնպես կայքերը չեն թարմացվել, իսկ Գանձաքար համայնքի կայքն առհասարակ չի գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արագածոտնի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 13 համայնք, որոնցից 3-ը՝ քաղաքային, 10-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Թալինի դեպքում, ուսումնասիրության պահին կայքը չէր գործում: Գյուղական համայնքների պաշտոնական կայքերից ընդհանրապես չեն թարմացվում կամ բավարար չափով և օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Բյուրական, Ոսկեվազ և Օշական համայնքների կայքերը: Ուսումնասիրության պահին չէին գործում Սասունիկ, Արագած և Արագածավան համայնքների կայքերը: Չէին գործում նաև Կոշ և Ուջան համայնքների կայքերը, որոնք գրանցված են համապատասխանաբար http://5.77.246.76/ և http://46.130.112.110/ դոմեյնների վրա: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 18 է, որից 6-ը՝ քաղաքային, 12-ը` գյուղական: Գյուղական համայնքներից Պռոշյանի և Քասախի պաշտոնական կայքերի թարմացումները պարբերական բնույթ չեն կրում կամ չեն թարմացվում օրենքով սահմանված կետերին համապատասխան՝ մասնավորապես ավագանու նիստերի և բյուջեի ծախսերի մասով: Գյուղական համայնքներից Արգել համայնքի կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Գեղարքունիքի մարզի 3000 և ավելի բնակչությամբ համայնքների թիվը 22 է, որից 5-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից մեկի՝ Վարդենիսի պաշտոնական կայքը ուսումնասիրության պահին չէր գործում: Գյուղական համայնքներից Զոլաքար, Ներքին Գետաշեն, Վարդենիկ համայնքների կայքերը գրեթե չեն օգտագործվում և չեն թարմացվում: Չեն գործում Գանձակի, Նորատուսի, Երանոսի, Ծովինարի, Ձորագյուղի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Ծովագյուղի և Ակունք համայնքների կայքերը: Երանոս համայնքի պաշտոնական էլ. հասցեին հաղորդագրություն չի գնում, իսկ Ծովինար համայնքի կայքը որոնողական համակարգի պարզ որոնման եղանակով հնարավոր չէ գտնել: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արարատի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 21 է, որից 4-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից Արտաշատ և Վեդի համայնքների բյուջեների մասին տեղեկությունները 2018 և 2019 թվականի են: Գյուղական համայնքներից չեն թարմացվում կամ օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Ոստան, Նորաշեն, Այնթափ և Մարմարաշեն համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Մխչյան և Ավշար համայնքների կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 23 է, որից 3-ը՝ քաղաքային, 20-ը՝ գյուղական: Քաղաքային համայնքներից ամենամեծը՝ Էջմիածինը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկն ընդհանրապես չի թարմացվում, իսկ մյուսի դեպքում թարմացումները դարձյալ պարբերական բնույթի չեն: Օրինակ՝ ավագանու արձանագրված վերջին նիստը 2019 թվականի է: Մյուս քաղաքային համայնքի՝ Արմավիրի կայքի դեպքում էլ կա թարմացման խնդիր: Բյուջեի նախահաշիվը դեռևս 2019 թվականինն է: Գյուղական համայնքներից պարբերաբար չեն թարմացվում կամ օրենքով նախատեսված կետերին համապատասխան չեն թարմացվում Բամբակաշատ, Մրգաշատ, Նալբանդյան, Դալարիկ, Մյասնիկյան, Ակնալիճ, Արշալույս և Ջրառատ համայնքների կայքերը: Գյուղական համայնքներից չեն գործում Արմավիրի և Սարդարապատի կայքերը: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Ոսկեհատ համայնքի բնակչությունը 3422 է, սակայն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի՝ 2805: Ոսկեհատ և Թաիրով համայնքների կայքերը չհաջողվեց գտնել։ Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Վայոց Ձորի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 4 է, որից 3-ը՝ քաղաքային, միայն մեկը՝ գյուղական: Մարզի բոլոր համայնքների կայքերն էլ պարբերաբար թարմացվում են, և հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունները: Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Սյունիքի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 6 է, և բոլորն էլ քաղաքային համայնքներ են: Գորիս համայնքի կայքում բյուջեի նախահաշվի և կատարողականի մասին տեղեկությունը դեռևս 2019 թվականի է: Էլ. հասցեներ․ ի՞նչ էլեկտրոնային հասցեներից են օգտվում համայնքները Ինչպես համայնքային ընդհանուր կայքերը, այնպես էլ էլեկտրոնային հասցեները ունեն ընդհանուր, օրինակելի տարբերակ (@mta.gov.am), որը ենթադրելի է, որ ավելի անվտանգ տարբերակ է: Սակայն համայնքներից շատերը շարունակում են օգտվել այլ համակարգերից: Ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների էլեկտրոնային հասցեները և դրանց գործունեությունը: Շիրակի մարզի 3000 և ավեի բնակչություն ունեցող համայնքները, բացառությամբ Գյումրիի, օգտվում են @mta.gov.am օրինակելի ձև համարվող էլեկտրոնային հասցեներից: Գյումրի համայնքը օգտագործում է gyumri.am կայքի էլ. հասցեն: Լոռու մարզի համայնքները նույնպես օգտվում են @mta.gov.am էլ հասցեներից՝ բացառությամբ Սպիտակ համայնքի: Վերջինս օգտվում է gmail.com-ի տրամադրած էլ. հասցեից: Տավուշի մարզը օգտագործվող էլ. հասցեների առումով բազմազան է: Օրինակ՝ մարզկենտրոն Իջևանը օգտագործում է mail.ru, Դիլիջանը օգտվում է yahoo.com համակարգից, իսկ Գանձաքար համայնքի էլ․ հասցեն ընդհանրապես չկարողացանք պարզել, քանի որ կայքը չէր գործում: Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակը, օրինակ, օգտագործում է gmail էլ. հասցե, իսկ Թալին համայնքն օգտվում է list.ru համակարգից: Արագածավանը օգտվում է mail.ru համակարգից: Կոտայքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Նոր Հաճնի, Գեղաշենի, Քանաքեռավանի և Քասախի համայնքները: Բալահովիտի համայնքապետարանն օգտվում է rambler.ru համակարգից: Հրազդան համայնքն օգտագործում է ոչ պաշտոնական՝ [email protected] էլ. փոստը: Գեղարքունիքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Սևանի և Վարդենիսի համայնքները: Մարզի մի քանի համայնքների մեյլերը այդպես էլ չհաջողվեց պարզել՝ կայքի չգործելու պատճառով, իսկ, օրինակ, Լիճք համայնքի կայքը գործում է, սակայն էլ. հասցե չկա գրված, հետևաբար, տվյալ դեպքում մասամբ խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու ազատության իրավունքը: Իսկ Երանոս համայնքի դեպքում էլ. հասցեն գրված է, սակայն դրան հաղոդագրություն ուղարկել չի լինում: Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքն օգտվում է bk.ru էլ․ հասցեների համակարգից: Mail.ru համակարգից օգտվում են մարզի Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Արարատ, Ոսկետափ, Այնթափ համայնքները: Մարմարաշեն համայնքի պաշտոնական էլ. հասցեն yandex.com համակարգով է և ոմն Հակոբյան Էդիկի անունով: Արմավիրի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Արշալույսի և Ջրառատի համայնքապետարանները: Արշալույս համայնքը՝ [email protected], իսկ Ջրառատը` [email protected] էլ. հասցեներով: Մեծամորի համայնքապետարանի էլ հասցեն yandex.ru համակարգով է, իսկ Դալարիկ համայնքինը` rambler.ru: Արմավիր համայնքի մարզկենտորն Էջմիածինն օգտվում է ոչ պաշտոնական [email protected] էլ. փոստից: Վայոց Ձորի մարզի համայնքներից միայն Վայքն է օգտվում [email protected] էլ. հասցեից, մնացած համայնքներն օգտվում են mta.gov.am պաշտոնական հասցեներից: Սյունիքի մարզի համայնքների դեպքում միայն Սիսիանն է օգտվում ոչ պաշտոնական էլ․ հասցեից՝ [email protected]։ Էլեկտրոնային հասցեների միասնական հարթակից օգտվելու առաջնահերթություններից հիմնականն անվտանգությունն է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակակիրների տվյալների արտահոսքի վերաբերյալ նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հաքերները կորոնավիրուսով վարակակիրների տվյալները գողացել են ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից, այսինքն` համակարգ չեն կոտրել: Ուսումնասիրված 114 համայնքներից ոչ պաշտոնական էլ․ հասցեներից են օգտվում 30-ը։ Այժմ դիտարկենք՝ արդյոք համայնքները հետևո՞ւմ են իրենց էլ. փոստերին և պատասխանում քաղաքացիների հարցումներին՝ օրենքով սահմանված ձևով և ժամկետներում: Համաձայն Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից: Տեղեկության տրամադրման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը:  Հասկանալու համար՝ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները պահո՞ւմ են Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները, հարցումով դիմեցինք ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներին: Այսպիսով` կատարված 114 հարցումներից ստացել ենք միայն  67-ի պատասխանը:  Ո՞ր համայնքներն այդպես էլ չպատասխանեցին Տեղեկություն ստանալու մեր հարցմանը չեն պատասխանել Շիրակի մարզի Ազատան, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ համայնքները, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Գուգարք, Մարգահովիտ համայնքները, Տավուշի մարզի Աչաջուր և Կողբ համայնքները, Արագածոտնի մարզի Բյուրական, Կարբի և Արագածավան համայնքները, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Արգել, Նոր Գեղի և Գառնի համայնքները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ և Ծովագյուղ համայնքները, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Ոստան, Արարատ, Այգավան, Տափերական, Այնթափ և Հովտաշատ համայնքները, Արմավիրի մարզի Էջմիածին, Արևիկ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջանֆիդա, Սարդարապատ, Մյասնիկյան, Քարակերտ, Ակնալիճ, Արշալույս, Գայ, Մուսալեռ և Փարաքար համայնքները, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Մալիշկա համայնքները և  Սյունիքի մարզի Մեղրի համայնքը: Այսպիսով՝ ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները չեն իրացվում՝ ինչպես կարգն է, վերահսկման մեխանիզմները, եթե դրանք կան, չեն գործում արդյունավետ, ցածր է համայնքային կառույցների տեղեկատվական անվտանգության մակարդակը։ Նարեկ Մարտիրոսյան
14:56 - 02 հուլիսի, 2020
Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել․ Կառավարությունը լիզինգի համար դրամաշնորհ կհատկացնի |armtimes.com|

armtimes.com: ՀՀ Կառավարությունն այսօրվա նիստում փոփոխություն կատարեց ՀՀ-ում ագրոպարենային ոլորտի սարքավորումների ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրի պայմաններում: Հարցը ներկայացրեց էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ նշելով, որ այդ լիզինգի ծրագրով կարող է իրականացվել մոդուլային եւ շարժական սպանդանոցների ֆինանսավորումը: «Մենք այս ժամանակահատվածում սննդի անվտանգության տեսչական մարմնի հետ մոնիթորինգ ենք իրականացնում, թե որքանով են հասանելի ՀՀ տարածքում արդեն առկա սպանդանոցները, քարտեզագրել ենք, թե համայնքներում ինչպես պետք է տեղակայված լինեն սպանդանոցները, որ յուրաքանչյուր բնակավայրից հեռավորությունը լինի տրամաբանական ու խելամիտ: Որպես չափորոշիչ՝ մենք ընտրել ենք մոտ 30 կմ հեռավորությունը: Բոլոր սպանդանոց շահագործող կազմակերպությունները հավաստիացրել են, որ այդ հեռավորության դեպքում իրենց կենդանու տեղափոխումը կատարում են անվճար»,- ասաց Խաչատրյանը: Նրա խոսքով՝ այս պահին գործում է 23 սպանդանոց, եւս 36-ը շուտով կսկսի գործել, սակայն կլինեն մարզային համայնքներ, որոնք բավականաչափ մոտ չեն գտնվում սպանդանոցներին: «Մեր առաջարկը հետեւյալն է. այնտեղ, որտեղ դեռեւս չկան հասանելի սպանդանոցներ, եթե տվյալ մարզում որեւէ տնտեսվարող ցանկություն է հայտնում սպանդանոց կառուցել, ապա մենք լիզինգի համար պահանջվող 20 տոկոս կանխավճարի 15 տոկոսը, բայց ոչ ավելի, քան 4 մլն 800 հազար դրամ դրամաշնորհ ենք հատկացնում: Այս պահին պահանջում են եւս 14 կետերում սպանդանոցներ կառուցել»,- ասաց նախարարը: Նա թվարկեց այն 14 կետերը, որտեղ նախընտրելի է կառուցել սպանդանոցներ. Սյունիքում 3 կետեր կան, առաջինը՝ Գորհայք, Ծղուկ, Սառնակունք կամ Սպանդարյան, 2-րդ ուղղությունը՝ Ծավ, Նոր Հանդ, Սրաշեն, Շիշկերտ եւ 3-րդ կետը Մեղրի համայնքն է։ Գեղարքունիքում 1 ուղղություն կա՝ Ծափաթաղ, Ջիլ, Փամբակ համայնքներ։ Արարատում կա 2 ուղղություն։ Առաջինը՝ Դվին, Վերին Դվին, Նորաշետ եւ Վերին Արտաշատ, 2-րդը՝ Ուրցաձոր, Վեդի, Շաղափ եւ Լանջանիստ։ Շիրակում կա 4 կետ։ Առաջինը՝ Արթիկ, Փանիկ, Մեծ Մանթաշ, Նոր կյանք։ Երկրորդը՝ Ախուրյան, Արեւիկ, Կառնուտ, Ազատան։ Երրորդ՝ Ամասիա, Բանդիվան, Արեգնադեմ։ 4-րդ՝ Աշոցք, Սիզավետ եւ Բավրա։ Լոռիում՝ 2 ուղղություն։ Առաջինը՝ Գյուլագարակ, Վարդաբլուր, Գարգառ եւ Կուրթան։ Երկրորդը՝ Վահագնի, Վահագնաձոր, Եղեգնուտ եւ Ձորագետ։ Արագածոտնում 2 ուղղություն։ Առաջինը՝ Ծաղկահովիտ, Վարդաբլուր, Սադունց, Կանիաշիր։ Երկրորդը՝ Թալին, Աշնակ, Կաթնաղբյուր, Մաստարա։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ իր հերթին նշեց. «Այսօր մեզ մոտ համաճարակ է, առաջիկայում էլ բոլոր կանխատեսումներով համաճարակների ժամանակ լինելու են մարտահրավերներ, եւ մենք ասֆալտների վրա մորթվող, վաճառվող, գնվող մսի կամ ընդհանրապես սննդամթերքի պատմությանը պետք է վերջ դնենք օր առաջ»:
12:57 - 02 հուլիսի, 2020
Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետությունում աշնանացան ցորենի արտադրության խթանման պետական աջակցության ծրագիրը:  Սույն նախագծով առաջարկվում է Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի, Լոռու, Արագածոտնի, Տավուշի և Կոտայքի մարզերում 2-20 հա մակերեսով ցորենի ցանքատարածություններ մշակող գյուղացիական տնտեսություններին վաճառվող, ինչպես նաև ցանք կատարելու համար արտադրված և/կամ ներմուծված աշնանացան ցորենի էլիտա և/կամ 1-ին վերարտադրության հավաստագրված սերմերի գնի մասնակի սուբսիդավորում կամ փոխհատուցում։ Սուբսիադավորման փոխհատուցման գործընթացը կիրականացնի Նախարարությունը։ 1 կգ-ի համար տրվող սուբսիդիայիկամ փոխհատուցման գումարը սահմանվում է  70 դրամ, ինչը հնարավորություն կտա տնտեսավարողներին ձեռք բերել որակյալ սերմեր՝ շուկայական գնից առավել ցածր գնով։ Նախագծի ընդունումը կնպաստի հանրապետությունում ցորենի բերքատվության մակարդակի  բարձրացմանը՝ շուրջ 30%-ով։
12:04 - 02 հուլիսի, 2020
ՇՎՏՄ-ի մշտադիտարկման խմբերը խախտումներ են հայտնաբերել Գյումրու բենզալցակայաններում

ՇՎՏՄ-ի մշտադիտարկման խմբերը խախտումներ են հայտնաբերել Գյումրու բենզալցակայաններում

Շուկայի վերահսկողության տեսչական մարմինը պարետի՝ մայիսի 3-ի N63 որոշման համաձայն՝ շարունակում է մշտադիտարկում իրականացնել առևտրի կենտրոններում, տոնավաճառներում, շինարարական խանութներում, հեղուկ վառելիքի, սեղմված բնական կամ հեղուկացված նավթային գազերի մանրածախ առևտրի կետերում՝ հակահամաճարակային նորմերի պահպանման առնչությամբ: Այսօր՝ հունիսի 27-ին, Տեսչական մարմնի մշտադիտարկում իրականացնող խմբերը այցելել են Գյումրի: Արձանագրվել են մի շարք խախտումներ որոշ բենզալցակայաններում: Մասնավորապես՝ բացակայել են դիմակների և ձեռնոցների համար հատուկ նախատեսված աղբամաններրը, ջերմաչափերը և ջերմաչափման գրացմամատյանները, փակցված չեն եղել դիմակները պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկները: Գազալցակայաններում և շինայութի վաճառքի կետերում պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության պահպանման նորմերի խախտումներ գրեթե չեն արձանագրվել: Դիտարկված բոլոր տնտեսավարողների մոտ առկա են եղել ախտահանող նյութեր: Բոլոր խախտումների վերաբերյալ կազմվում են արձանագրություններ, որոնք ուղարկվում են պարետատուն: ՇՎՏՄ-ն հունիսի 27-ին պարետի որոշմամբ իրականացրել է նաև կասեցումներ Երևան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում: Կասեցվել է մի շարք շինանյութի խանութների, բենզալցակայանների և գազալցակայանների գործունեությունը: Կասեցման պատճառ են հանդիսացել տվյալ տնտեսավարողների մոտ գծանշումների, դիմակ կրելը պարտադիր լինելու մասին իրազեկող թերթիկների, փակ աղբամանների, ինչպես նաև ջերմաչափերի և ջերմաչափման գրանցամատյանների բացակայությունը: Տեսչական մարմնի կողմից մշտադիտարկման գործընթացը ՀՀ ամբողջ տարածքում շարունակվում է:
18:24 - 27 հունիսի, 2020
ԲԸՏՄ գնահատմամբ՝ գյումրեցիները հիմականում պահպանում են հակահամաճարակային անվտանգության կանոնները

ԲԸՏՄ գնահատմամբ՝ գյումրեցիները հիմականում պահպանում են հակահամաճարակային անվտանգության կանոնները

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի մշտադիտարկումները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը: Հունիսի 27-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՀՀ ոստիկանության աշխատակիցները համատեղ լայնածավալ շրջայցեր են կատարել ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի պատմության և մշակույթի հուշարձանների, թանգարանային, զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող մի շարք վայրերում։ Մշտադիտարկումների արդյունքները հավաստել են, որ գյումրեցիները հիմականում պահպանում են պարետատան կողմից սահմանված հակահամաճարակային անվտագության կանոնները։ Զբոսաշրջային հետաքրքրություն ներկայացնող պատմամշակութային վայրերը մարդաշատ չեն եղել՝ կուտակումներ չեն արձանագրվել, սակայն գրանցվել են դիմակները սխալ կրելու դեպքեր։ Տեսչական մարմնի աշխատակիցները քաղաքացիների հետ իրականացրել են լայնածավալ իրազեկման, բացատրական աշխատանքներ, բաժանել դիմակներ և հորդորել դրանք փոխել 3-4 ժամը մեկ։ Դիմակ չկրելու համար ՀՀ ոստիկանության կողմից մեկ քաղաքացու նկատմամբ կազմվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանագրություն։
17:32 - 27 հունիսի, 2020
Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը․ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ

Շիրակի մարզում ավելացել է կորոնավիրուսով վարակված քաղաքացիների թիվը․ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ

Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում, հունիսի 27-ին,  կորոնավիրուսով 92 հիվանդ է բուժվում, նրանիցի 83-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Այս մասին տեղեկացրին Շիրակի մարզպետարանից: Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցն ունի 100 մահճակալ: Թիվը նախորդ օրերի համեմատ ավելացել է՝ հունիսի 25-ին հիվանդանոցում  բուժում է ստացել 87 հիվանդ, իսկ տնային ինքնամեկուսացման ցուցում ունեցել է  855 քաղաքացի, մինչդեռ,  հունիսի 27-ի դրությամբ, տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 969 քաղաքացի, նրանցից 214-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով։ Հսկողությունն իրականացվում է առողջապահության առաջնային օղակի կողմից։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 249 բնակիչ։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 18 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 4114 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 26-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2760 նմուշառման հետազոտություն:
13:18 - 27 հունիսի, 2020
Հունիսի 21-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է

Հունիսի 21-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է

Հունիսի 21-ին՝ ժամը 11.30-ի դրությամբ, Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով 78 հիվանդ է բուժվում, 71-ը Շիրակի մարզի բնակիչ է։ Կորոնավիրուսից առողջացել և հիվանդանոցից մինչ օրս դուրս է գրվել Շիրակի մարզի 231 բնակիչ։ Այս մասին տեղեկանում ենք Շիրակի մարզի ֆեյսբուքյան էջից։ Շիրակի մարզում այս պահին տնային ինքնամեկուսացման ցուցում ունի 1073 քաղաքացի, նրանցից 220-ի մոտ դրական ախտորոշում կա՝ հիվանդության անախտանիշ ընթացքով, հսկողությունն իրականացվում է առողջության առաջնային օղակի կողմից։ 33 հիվանդներ տեղափոխվել են մայրաքաղաք: Արձանագրվել է մահվան 15 դեպք։ Մարտի մեկից մինչ օրս Շիրակի մարզի բուժհաստատություններում և հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի մարզային կենտրոնում իրականացվել է 3557 նմուշառում, մայիսի 12-ից հունիսի 20-ը ներառյալ Գյումրիում իրականացվել է 2203 նմուշառման հետազոտություն։
14:11 - 21 հունիսի, 2020
«Գյումրի» ԲԿ­­-ում մահացած կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին |armenpress.am|

«Գյումրի» ԲԿ­­-ում մահացած կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին |armenpress.am|

armenpress.am: Երկու օր առաջ «Գյումրի» ԲԿ­­-ում մահացած 66­ամյա կնոջ հարազատները մտադիր են դիմել իրավապահ մարմիններին: Տեղեկությունը, թե երկու անգամ կնոջն առաջարկվել է թեստավորել, և երկու անգամ էլ թեստավորումից հրաժարվել են, այն էլ գրավոր, հիվանդի հարազատները հերյուրյանք   են որակում: Կատարվածի իրենց տարբերակը ներկայացրեց կնոջ ամուսինը՝ Հայ Առաքելական եկեղեցու հովիվ Տեր Եզնիկ քահանա Գալստյանը, ով պնդում է, թե չի եղել գրավոր հրաժարվելու փաստ՝ այնպես, ինչպես ներկայացնում են պոլիկլինիկայից: «Գյումրու միջազգային կարմիր խաչի» պոլիկլինիկայի տնօրեն Հովհաննես Վարձելյանն էլ  տեղեկացրել է, որ փաստաթուղթ կա. «Հրաժարվելու մասին նշում կա անկետայի մեջ: Մենք պարզապես իրավունք չունենք անձնական գաղտնիք պարունակող տվյալները այս պահին հրապարակելու, բայց անհրաժեշտության դեպքում դա կարող  ենք անել»:  Ի պատասխան այս պնդման Տեր Եզնիկը փաստում է՝ նման փաստաթուղթ չկա: «Չկա, եթե կա նման բան, ես համաձայն եմ, թող այս պահին հրապարակեն»: Ընդհանրապես, ըստ հանգուցյալի հարազատների, չի եղել թեստավորման խիստ անհրաժեշտության մասին խոսակցություն պոլիկլինիկայում, այլ միայն հեռախոսազրույցի ժամանակ է դրա մասին խոսվել: Կնոջ հարազատները դեպքերի այսպիսի ընթացք են պատմում` երեքշաբթի զանգել են պոլիկլինիկա, ասել են՝ ինչ խնդիրներ ունի հիվանդը, բուժքույրը ասել է, թե իրեն հարմար չի, թող հինգշաբթի գան, հինգշաբթի (հունիսի 11-ին) ևս նա տեղում չի եղել, բայց ստուգել են թոքերը: Նույնիսկ չեն առաջարկել թեստավորել այն դեպքեւմ, երբ հիվանդը ջերմություն է ունեցել: Հետո հինգշաբթի բժշկուհին զանգահարել և հայտնել է ռենտգենի պատասխանները, և որ թոքաբորբ ունի: Բայց նույնիսկ չի ասել, որ հնարավոր է կյանքին վտանգ սպառնա: Հարազատներն էլ մտածել են, որ դարձյալ թոքաբորբ է, ինչպես մի անգամ էլ է եղել: Բժշկուհին ուղղակի զրույցի ընթացքում առաջարկել է թեստ հանձնել, ամուսնու՝ տանը մնալու առաջարկին դեմ չի եղել, նշանակել է տնային բուժում: Շաբաթ, կիրակի օրերին հեռախոսով կապ են պահել անձամբ բժշկի հետ, ունեցել են նաև տնային բուժքույր, ամուսնուն ասել են՝ հենց վատ լինի, մեզ ասեք, թեստ կհանձնենք: Երկուշաբթի կինը վատացել է, ամուսինը շտապօգնության բրիգադին խնդրել է տանեն ինֆեկցիոն հիվանդանոց, ինչին պատասխանել են, որ իրավունք չունեն: Ըստ ամուսնու՝ կինն ինքը սկզբում չի ուզեցել տեղափոխվել հիվանդանոց, ասում է՝ վախենում էր, բայց, երբ արդեն վատ էր  ու շտապօգնություն կանչեցին, ինքն արդեն չի առարկել, գիտենալով, որ տեղափոխում են հիվանդանոց: Իսկ կորոնավիրուսային հիվանդների բուժմամբ զբաղվող Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոց շտապ բուժօգնությունը չի տեղափոխել, այլ տեղափոխել է «Գյումրի» կենտրոն: «Ես իմ վշտի մեջ տեսնում եմ, թե ինչ ստեր են խոսել, պատմել են բաներ, որ չեն եղել»,-ասում է քահանան: Կնոջ հարազատները պնդում են, որ իրենք մինչև վերջ կգնան ու կապացուցեն իսկությունը՝ մեղավորներին արժանի պատժելու համար:
12:00 - 18 հունիսի, 2020
Շիրակի մարզում հրատապ է տրիաժային ծառայության անհրաժեշտությունը |armenpress.am|

Շիրակի մարզում հրատապ է տրիաժային ծառայության անհրաժեշտությունը |armenpress.am|

armenpress.am: Շիրակի մարզում հրատապ է տրիաժային ծառայության կարիքը: Այս մասին տեղեկացրեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը` նշելով, որ դրա համար հիմք կարող է ծառայել նաև «Գյումրի» բժշկական կենտրոնը։ Տարբեր անհետաձգելի խնդիրներ ունեցող հիվանդները տեղափոխվում են «Գյումրի» բժշկական կենտրոն առանց թեստավորման,  մի քանի օր անց  պարզվում է, որ նրանց մոտ առկա են կորոնավիրուսին հատուկ նախանշաններ, այսպիսով, հիվանդ պացիենտի հետ շփման հետևանքով վարավում են նաև բուժաշխատողները. հիվանդանոցի բուժանձնակազմի շրջանում արդեն 17 «դրական» դեպք է արձանագրվել, մոտ 2 տասնյակ բժիշկ մեկուսացված է: Հվանդանոցում այս պահին կա ուղեկցող լուրջ խնդիներ, միևնույն ժամանակ կորոնավիրուսի ախտանիշներ ունեցող 13 հիվանդ: Այս պահին հիվանդանոցում ժամանակավոր միջավայր է ստեղծված նրանց համար: «Մի քանի օր շարունակ քննարկում ենք տարբեր սցենարներ, հիվանդանոցի առաջարկով կանգ առանք տարածքային մուդուլային կորպուսով տրիաժային ծառայություն ունենալու գաղափարի վրա, մի մոտեցման, որը կփոխլրացվի հիվանդանոցի գործիքային և մարդկային ծառայություններով: Հիմա նաև հենց հիվանդանոցի հետ քննարկումների և մեր ոլորտային քննարկումների արդյունքում դիմել ենք նախարարություն` Գյումրիում ևս տրիաժային ծառայություն կազմակերպելու առաջարկով»,-նշեց մարզպետը: Բուժհաստատությունը առաջարկություն է ներկայացրել մարզպետարան, մարզպետն էլ ՀՀ ԱՆ՝ հիվանդանոցին կից մոդուլային տրիաժային ծառայություն կազմակերպելու վերաբերյալ: Ներկայացվել նաև Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում ռեանիմացիոն ծառայություն բացելու առաջարկություն: Շիրակի մարզում այս պահին կորոնավիրուսային ախտանիշով պացինետների բուժմամբ զբաղվում  է Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցը: Այս հաստատությունում բուժում ստանում են միջին ծանրության վարակվածները, առավել ծանր դեպքերն ուղղորդվում են մայրաքաղաք. Շիրակից արդեն 32 հիվանդ տեղափոխվել է Երևան,   սակայն օրեցօր հարյուրավոր նոր դեպքերի ավելացումը կորոնովիրուսային հիվանդության սպասարկման մասնագիտացված հաստատություններում ծանրաբեռնվածության խնդիր է ստեղծում, ինչի պատճառով մարզերից ծայրահեղ ծանր վիճակում գտնվող պացինետներին տեղափոխումը ժամանակ է պահանջում: «Լարվածությունն ու մտահոգությունը, որն ունեինք, շարունակում է պահպանվել: Որոշակի թվերի աճ կա Երևան տեղափոխվող հիվանդների հետ կապված»,- հավելեց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:
12:37 - 17 հունիսի, 2020
Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում է կատարվում 6 մարզում |armenpress.am|

Հայաստանում ավելի քան 1 միլիարդ 598 միլիոն դրամի ներդրում է կատարվում 6 մարզում |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը Համաշխարհային բանկի վարկային միջոցներով իրականացնում է սոցիալական ներդրումների և տեղական զարգացման լայնածավալ ծրագիր, որի առաջին բաղադրիչով  իրականացվում են համայնքների առաջնային կարիքների բավարարմանն ուղղված միկրոծրագրեր համայնքների կողմից ներկայացրած հայտերի և առաջարկների հիման վրա: ՍՆՏԶ ծրագրի առաջին բաղադրիչի շրջանակներում իրականացման տարբեր փուլերում են գտնվում  11 միկրոծրագրեր` Արարատի, Շիրակի, Տավուշի, Լոռու, Վայոց Ձորի եւ Սյունիքի մարզերում` 1.598.573.964 ՀՀ դրամ ընդհանուր արժողությամբ: Ինչպես տեղեկացրին Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից, իրականացվող աշխատանքներն ընդգրկում են Զառիթափ խոշորացված համայնքի Խնձորուտ բնակավայրի ջրաղբյուրի և խմելու ջրագծի վերակառուցումը՝ 16.052.238 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Երասխ համայնքի դպրոցի մեկ մասնաշենքի վերակառուցումը՝ մանկապարտեզի տեղակայումով` 116.611.065 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Բերդ խոշորացված համայնքի Պառավաքար բնակավայրի խմելու բաշխիչ ցանցի վերակառուցումը՝ 155.812.702 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Արենի խոշորացված համայնքի Ռինդ բնակավայրի մանկապարտեզի վերակառուցումը՝ 126.733.914 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Այգավան համայնքի մանկապարտեզի վերակառուցումը՝ 129.132.352 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Գյումրու «Սուրբ Մարիամ» մանկապարտեզի կառուցումը` 171.178.976 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Վանաձոր համայնքի 11-րդ մանկապարտեզի 2-րդ մասնաշենքի վերակառուցումը` 184.631.766 ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Իրականացվում են նաև նախագծման աշխատանքներ.մասնավորապես՝ Տեղ խոշորացված համայնքի Խնածախ բնակավայրի խմելու ջրի ջրագծի կառուցում՝ 136.593.972 ՀՀ դրամ նախնական արժողությամբ,  Փանիկ համայնքի մանկապարտեզի վերակառուցում՝ 162.174.659 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Հոռոմ համայնքի մանկապարտեզի կառուցում՝ 199.826.160 ՀՀ դրամ նախնական արժողությամբ, Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի կառուցում՝ 199.826.160 ՀՀ դրամ նախնական արժողությամբ: Նույն ծրագրի երկրորդ բաղադրիչով  ևս իրականացվում են լայնածավալ աշխատանքներ, որոնց վերաբերյալ կիրազեկենք առաջիկայում:
17:29 - 13 հունիսի, 2020