Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ
14:56 - 02 հուլիսի, 2020

Համայնքային տեղեկության հասանելիությունը․ չաշխատող կայքեր, ոչ անվտանգ էլ․ հասցեներ, անպատասխան հարցումներ

«Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 11-րդ հոդվածի 5-րդ կետի համաձայն՝ ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքները պետք է ունենան համայնքային պաշտոնական համացանցային կայքեր, որտեղ պարբերաբար պետք է տեղադրվեն տեղեկություններ` համայնքի տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության, ավագանու և ղեկավարի ընդունած իրավական ակտերի, հնգամյա ծրագրերի և դրանց կատարողականների, բյուջեի, բյուջեի կատարման, բնակիչների հետ հանդիպման, հանրային լսումների և քննարկումների, ինչպես նաև համայնքի ավագանու և համայնքի ղեկավարի որոշումների մասին:

Այս օրենքը նպատակ ունի ապահովել համայնքների բնակիչների մասնակցությունը տեղական ինքնակառավարմանը:

3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների պաշտոնական կայքերը օրենքի ուժով ստեղծված են, սակայն անհայտ է՝ ինչպես են օգտագործվում, ինչպես են վերահսկվում, տեղադրվա՞ծ են արդյոք օրենքով սահմանված բոլոր տեղեկությունները, թե՞ ոչ։ Այս հարցերի պատասխանները ստանալու համար ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող ՀՀ համայնքների պաշտոնական կայքերի հասանելիությունը հանրությանը:

Համայնքների բնակչության թվի վերաբերյալ բոլոր տեղեկությունները վերցված են Հայաստանի Հանրապետության վիճակագրական կոմիտեի արած տարածքային վիճակագրությունից:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Շիրակի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 9 համայնք, որոնցից 3-ը քաղաքային համայնքներ են, 6-ը՝ գյուղական:

Քաղաքային երեք համայնքներից մեկի՝ Արթիկի դեպքում, ուսումնասիրության ընթացքում կայքը պարբերաբար չէր գործում: Այսինքն` առկա են տեխնիկական խնդիրներ: Նմանօրինակ խնդիրներ կան նաև այլ համայնքների դեպքում, հետևաբար, բոլոր տվյալները, որոնք շարադրված են հոդվածում, արտացոլում են ուսումնասիրության պահին առկա իրավիճակը: Չի բացառվում, որ ուսումնասիրությունից առաջ և հետո կայքերը գործել են անխափան, կամ ուսումնասիրությունից հետո տեխնիկական խնդիրները վերացվել են:

Ազատան համայնքի կայքում կարելի է գտնել գրեթե բոլոր անհրաժեշտ տեղեկությունները, սակայն ավագանու նիստերի և որոշումների մասին տեղեկությունը 2019 թվականի դեկտեմբերից ի վեր չի թարմացվել: 

Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ կետի՝ ավագանու նիստերն անցկացվում են ոչ պակաս, քան երկու ամիսը մեկ, սակայն Ազատան համայնքի կայքում տեղ գտած տեղեկության համաձայն՝ վերջին նիստը եղել է 2019 թվականի դեկտեմբերի 17-ին, իսկ վերջին որոշումը՝ 2019 թվականի հուլիսի 16-ին:

Փանիկ համայնքի կայքը 2019 թվականի սեպտեմբերի 19-ից հետո առհասարակ չի թարմացվել, բյուջեի ծախսերի պլանի նախահաշիվը միայն 2018 թվականինն է, իսկ ավագանու նիստերի, որոշումների, ինչպես նաև համայնքի ղեկավարի որոշումների մասին թարմացումներ նույնպես չկան:

Փոքր Մանթաշ համայնքի կայքն առհասարակ չի թարմացվում: Կայքում ավագանու որևէ նիստի մասին որևէ տեղեկություն չկա, համայնքի ղեկավարի որոշումների մասին նույնպես ոչինչ չկա: Կայքի նորությունների բաժնում տեղադրված է 2018 թվականի ընդամենը 3 լուր:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Լոռու մարզում կա 3000 և ավելի բնակչությամբ 10 համայնք, որից 5-ը՝ քաղաքային, 5-ը՝ գյուղական:

Քաղաքային համայնքներից ամենախոշորը՝ Վանաձորը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկը չի թարմացվում, իսկ մյուս կայքը պարբերաբար թարմացվում է, և համայնքի մասին անհրաժեշտ բոլոր տեղեկությունները կարելի է գտնել։ 

Ջրաշեն համայնքի կայքում կարող եք գտնել տեղեկություններ ավագանու նիստերի, որոշումների և գործունեության մասին, սակայն բյուջեի մասով ոչինչ չկա, և որևէ տարվա բյուջեի ելքերի, մուտքերի, տարեկան պլանների և կատարողականների մասին տեղեկություն չեք գտնի:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Տավուշի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 10 է, որից 4-ը քաղաքային է, 6-ը՝ գյուղական:

Քաղաքային ամենախոշոր՝ Իջևան համայնքի պաշտոնական կայքը չի թարմացվում ինչպես կարգն է և ինչպես սահմանում է օրենքը: Բյուջեի ծախսերի պլանի նախահաշվի, ինչպես նաև կատարողականի վերաբերյալ վերջին թարմացումները եղել են 2018 թվականին:

Գյուղական համայնքներից Այգեհովիտ և Աչաջուր համայնքների դեպքում նույնպես կայքերը չեն թարմացվել, իսկ Գանձաքար համայնքի կայքն առհասարակ չի գործում:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արագածոտնի մարզում 3000 և ավելի բնակչություն ունի 13 համայնք, որոնցից 3-ը՝ քաղաքային, 10-ը՝ գյուղական:

Քաղաքային համայնքներից մեկի՝ Թալինի դեպքում, ուսումնասիրության պահին կայքը չէր գործում:

Գյուղական համայնքների պաշտոնական կայքերից ընդհանրապես չեն թարմացվում կամ բավարար չափով և օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Բյուրական, Ոսկեվազ և Օշական համայնքների կայքերը:

Ուսումնասիրության պահին չէին գործում Սասունիկ, Արագած և Արագածավան համայնքների կայքերը: Չէին գործում նաև Կոշ և Ուջան համայնքների կայքերը, որոնք գրանցված են համապատասխանաբար http://5.77.246.76/ և http://46.130.112.110/ դոմեյնների վրա:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Կոտայքի մարզում 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 18 է, որից 6-ը՝ քաղաքային, 12-ը` գյուղական:

Գյուղական համայնքներից Պռոշյանի և Քասախի պաշտոնական կայքերի թարմացումները պարբերական բնույթ չեն կրում կամ չեն թարմացվում օրենքով սահմանված կետերին համապատասխան՝ մասնավորապես ավագանու նիստերի և բյուջեի ծախսերի մասով:

Գյուղական համայնքներից Արգել համայնքի կայքը ուսումնասիրության պահին չէր գործում:

Ըստ վիճակագրական կոմիտեի տվյալների՝ Գեղարքունիքի մարզի 3000 և ավելի բնակչությամբ համայնքների թիվը 22 է, որից 5-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական:

Քաղաքային համայնքներից մեկի՝ Վարդենիսի պաշտոնական կայքը ուսումնասիրության պահին չէր գործում:

Գյուղական համայնքներից Զոլաքար, Ներքին Գետաշեն, Վարդենիկ համայնքների կայքերը գրեթե չեն օգտագործվում և չեն թարմացվում: Չեն գործում Գանձակի, Նորատուսի, Երանոսի, Ծովինարի, Ձորագյուղի, Վաղաշենի, Վերին Գետաշենի, Ծովագյուղի և Ակունք համայնքների կայքերը:

Երանոս համայնքի պաշտոնական էլ. հասցեին հաղորդագրություն չի գնում, իսկ Ծովինար համայնքի կայքը որոնողական համակարգի պարզ որոնման եղանակով հնարավոր չէ գտնել:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արարատի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 21 է, որից 4-ը՝ քաղաքային, 17-ը՝ գյուղական:

Քաղաքային համայնքներից Արտաշատ և Վեդի համայնքների բյուջեների մասին տեղեկությունները 2018 և 2019 թվականի են:

Գյուղական համայնքներից չեն թարմացվում կամ օրենքով սահմանված կետերին համապատասխան չեն թարմացվում Ոստան, Նորաշեն, Այնթափ և Մարմարաշեն համայնքների կայքերը:

Գյուղական համայնքներից չեն գործում Մխչյան և Ավշար համայնքների կայքերը:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Արմավիրի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 23 է, որից 3-ը՝ քաղաքային, 20-ը՝ գյուղական:

Քաղաքային համայնքներից ամենամեծը՝ Էջմիածինը, ունի համայնքային երկու կայք, որոնցից մեկն ընդհանրապես չի թարմացվում, իսկ մյուսի դեպքում թարմացումները դարձյալ պարբերական բնույթի չեն: Օրինակ՝ ավագանու արձանագրված վերջին նիստը 2019 թվականի է:

Մյուս քաղաքային համայնքի՝ Արմավիրի կայքի դեպքում էլ կա թարմացման խնդիր: Բյուջեի նախահաշիվը դեռևս 2019 թվականինն է:

Գյուղական համայնքներից պարբերաբար չեն թարմացվում կամ օրենքով նախատեսված կետերին համապատասխան չեն թարմացվում Բամբակաշատ, Մրգաշատ, Նալբանդյան, Դալարիկ, Մյասնիկյան, Ակնալիճ, Արշալույս և Ջրառատ համայնքների կայքերը:

Գյուղական համայնքներից չեն գործում Արմավիրի և Սարդարապատի կայքերը:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Ոսկեհատ համայնքի բնակչությունը 3422 է, սակայն, ըստ Արմավիրի մարզպետարանի կայքի՝ 2805: Ոսկեհատ և Թաիրով համայնքների կայքերը չհաջողվեց գտնել։

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Վայոց Ձորի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 4 է, որից 3-ը՝ քաղաքային, միայն մեկը՝ գյուղական: Մարզի բոլոր համայնքների կայքերն էլ պարբերաբար թարմացվում են, և հնարավոր է գտնել անհրաժեշտ տեղեկությունները:

Ըստ վիճակագրական կոմիտեի՝ Սյունիքի մարզի 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների թիվը 6 է, և բոլորն էլ քաղաքային համայնքներ են:

Գորիս համայնքի կայքում բյուջեի նախահաշվի և կատարողականի մասին տեղեկությունը դեռևս 2019 թվականի է:

Էլ. հասցեներ․ ի՞նչ էլեկտրոնային հասցեներից են օգտվում համայնքները

Ինչպես համայնքային ընդհանուր կայքերը, այնպես էլ էլեկտրոնային հասցեները ունեն ընդհանուր, օրինակելի տարբերակ (@mta.gov.am), որը ենթադրելի է, որ ավելի անվտանգ տարբերակ է: Սակայն համայնքներից շատերը շարունակում են օգտվել այլ համակարգերից:

Ուսումնասիրել ենք 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքների էլեկտրոնային հասցեները և դրանց գործունեությունը:

Շիրակի մարզի 3000 և ավեի բնակչություն ունեցող համայնքները, բացառությամբ Գյումրիի, օգտվում են @mta.gov.am օրինակելի ձև համարվող էլեկտրոնային հասցեներից: Գյումրի համայնքը օգտագործում է gyumri.am կայքի էլ. հասցեն:

Լոռու մարզի համայնքները նույնպես օգտվում են @mta.gov.am էլ հասցեներից՝ բացառությամբ Սպիտակ համայնքի: Վերջինս օգտվում է gmail.com-ի տրամադրած էլ. հասցեից:

Տավուշի մարզը օգտագործվող էլ. հասցեների առումով բազմազան է: Օրինակ՝ մարզկենտրոն Իջևանը օգտագործում է mail.ru, Դիլիջանը օգտվում է yahoo.com համակարգից, իսկ Գանձաքար համայնքի էլ․ հասցեն ընդհանրապես չկարողացանք պարզել, քանի որ կայքը չէր գործում:

Արագածոտնի մարզկենտրոն Աշտարակը, օրինակ, օգտագործում է gmail էլ. հասցե, իսկ Թալին համայնքն օգտվում է list.ru համակարգից: Արագածավանը օգտվում է mail.ru համակարգից:

Կոտայքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Նոր Հաճնի, Գեղաշենի, Քանաքեռավանի և Քասախի համայնքները: Բալահովիտի համայնքապետարանն օգտվում է rambler.ru համակարգից: Հրազդան համայնքն օգտագործում է ոչ պաշտոնական՝ [email protected] էլ. փոստը:

Գեղարքունիքի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Սևանի և Վարդենիսի համայնքները: Մարզի մի քանի համայնքների մեյլերը այդպես էլ չհաջողվեց պարզել՝ կայքի չգործելու պատճառով, իսկ, օրինակ, Լիճք համայնքի կայքը գործում է, սակայն էլ. հասցե չկա գրված, հետևաբար, տվյալ դեպքում մասամբ խախտվում է քաղաքացիների՝ տեղեկություն ստանալու ազատության իրավունքը: Իսկ Երանոս համայնքի դեպքում էլ. հասցեն գրված է, սակայն դրան հաղոդագրություն ուղարկել չի լինում:

Արարատի մարզկենտրոն Արտաշատ համայնքն օգտվում է bk.ru էլ․ հասցեների համակարգից: Mail.ru համակարգից օգտվում են մարզի Ոստան, Վերին Արտաշատ, Նորաշեն, Արարատ, Ոսկետափ, Այնթափ համայնքները: Մարմարաշեն համայնքի պաշտոնական էլ. հասցեն yandex.com համակարգով է և ոմն Հակոբյան Էդիկի անունով:

Արմավիրի մարզի համայնքներից mail.ru համակարգից օգտվում են Արշալույսի և Ջրառատի համայնքապետարանները: Արշալույս համայնքը՝ [email protected], իսկ Ջրառատը` [email protected] էլ. հասցեներով: Մեծամորի համայնքապետարանի էլ հասցեն yandex.ru համակարգով է, իսկ Դալարիկ համայնքինը` rambler.ru: Արմավիր համայնքի մարզկենտորն Էջմիածինն օգտվում է ոչ պաշտոնական [email protected] էլ. փոստից:

Վայոց Ձորի մարզի համայնքներից միայն Վայքն է օգտվում [email protected] էլ. հասցեից, մնացած համայնքներն օգտվում են mta.gov.am պաշտոնական հասցեներից:

Սյունիքի մարզի համայնքների դեպքում միայն Սիսիանն է օգտվում ոչ պաշտոնական էլ․ հասցեից՝ [email protected]։

Էլեկտրոնային հասցեների միասնական հարթակից օգտվելու առաջնահերթություններից հիմնականն անվտանգությունն է: Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը վերջերս կորոնավիրուսի վարակակիրների տվյալների արտահոսքի վերաբերյալ նշել էր, որ, ամենայն հավանականությամբ, հաքերները կորոնավիրուսով վարակակիրների տվյալները գողացել են ինչ-որ մեկի էլեկտրոնային փոստից, այսինքն` համակարգ չեն կոտրել:

Ուսումնասիրված 114 համայնքներից ոչ պաշտոնական էլ․ հասցեներից են օգտվում 30-ը։

Այժմ դիտարկենք՝ արդյոք համայնքները հետևո՞ւմ են իրենց էլ. փոստերին և պատասխանում քաղաքացիների հարցումներին՝ օրենքով սահմանված ձևով և ժամկետներում:

Համաձայն Սահմանադրության 42-րդ և 51-րդ հոդվածների, ինչպես նաև «Տեղեկատվության ազատության» մասին օրենքի 6-րդ և 9-րդ հոդվածների՝ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի ստանալ իրեն անհրաժեշտ տեղեկությունը՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիներից: Տեղեկության տրամադրման ժամկետ է սահմանված 5 աշխատանքային օրը: 

Հասկանալու համար՝ արդյոք տեղական ինքնակառավարման մարմինները պահո՞ւմ են Սահմանադրության և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքի համապատասխան հոդվածները, հարցումով դիմեցինք ՀՀ 3000 և ավելի բնակչություն ունեցող համայնքներին: Այսպիսով` կատարված 114 հարցումներից ստացել ենք միայն  67-ի պատասխանը: 

Ո՞ր համայնքներն այդպես էլ չպատասխանեցին

Տեղեկություն ստանալու մեր հարցմանը չեն պատասխանել Շիրակի մարզի Ազատան, Պեմզաշեն և Փոքր Մանթաշ համայնքները, Լոռու մարզի Վանաձոր, Տաշիր, Գուգարք, Մարգահովիտ համայնքները, Տավուշի մարզի Աչաջուր և Կողբ համայնքները, Արագածոտնի մարզի Բյուրական, Կարբի և Արագածավան համայնքները, Կոտայքի մարզի Աբովյան, Առինջ, Բալահովիտ, Արգել, Նոր Գեղի և Գառնի համայնքները, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ, Ներքին Գետաշեն, Վարդենիկ և Ծովագյուղ համայնքները, Արարատի մարզի Արտաշատ, Արարատ, Ոստան, Արարատ, Այգավան, Տափերական, Այնթափ և Հովտաշատ համայնքները, Արմավիրի մարզի Էջմիածին, Արևիկ, Բամբակաշատ, Նալբանդյան, Ջանֆիդա, Սարդարապատ, Մյասնիկյան, Քարակերտ, Ակնալիճ, Արշալույս, Գայ, Մուսալեռ և Փարաքար համայնքները, Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր և Մալիշկա համայնքները և  Սյունիքի մարզի Մեղրի համայնքը:

Այսպիսով՝ ուսումնասիրության արդյունքում կարելի է գալ այն եզրահանգման, որ «Տեղական ինքնակառավարման մարմինների մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» օրենքները չեն իրացվում՝ ինչպես կարգն է, վերահսկման մեխանիզմները, եթե դրանք կան, չեն գործում արդյունավետ, ցածր է համայնքային կառույցների տեղեկատվական անվտանգության մակարդակը։

Նարեկ Մարտիրոսյան


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել