Տավուշի մարզ

Տավուշի մարզը գտնվում է Հայաստանի հյուսիսարևելյան մասում, մարզկենտրոնը Իջևան քաղաքն է։ 

Ընդգրկում է Իջևանի, Տավուշի, Նոյեմբերյանի տարածաշրջանները և 4 քաղաքներ՝ Իջևանը, Նոյեմբերյանը, Բերդը և Դիլիջանը։ Մարզը սահմանակից է Վրաստանին, հյուսիսում և արևելքում՝ Ադրբեջանին։ Ներկայումս Տավուշի մարզպետն է Հայկ Չոբայանը։

Փաստեր են ստացվել Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ

Փաստեր են ստացվել Բերդ համայնքում ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ ՏԻՄ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով ստացվել են ապացուցողական նշանակություն ունեցող փաստական հանգամանքներ։  «Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Բացի քրեական վարույթի շրջանակներում տուժող ճանաչված «Ներքին Կարմիաղբյուրի մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնակատարի կողմից իրավապահներին հայտնած տեղեկություններից, քննչական գործողությունների ճանապարհով տվյալներ են ձեռք բերվել ինչպես վերջինիս՝ ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու, այնպես էլ՝ քրեական վարույթով ապացուցողական նշանակություն ունեցող այլ փաստական հանգամանքներ ևս։ Մասնավորապես, օրենքով սահմանված կարգով Բերդի համայնքապետարանի վարչական շենքում՝ համայնքապետի, համայնքապետի տեղակալի, աշխատակազմի քարտուղարի աշխատասենյակներում, կատարվել են խուզարկություններ, որոնց արդյունքում հայտնաբերվել են 80 անձանց տվյալներ պարունակող ձեռագիր գրառումներով ցուցակներ՝ հիշյալ անձանց ստորագրություններով, ինչպես նաև՝ Բերդ համայնքի համայնքապետարանի ենթակայության տակ գտնվող կազմակերպությունների ղեկավարների՝ համայնքապետի տեղակալին հասցեագրված աշխատանքից ազատվելու վերաբերյալ դիմումներ, որոնց ընթացք չի տրվել: Բացի այդ, օրենքով սահմանված կարգով կատարվել է նաև աշխատակազմի քարտուղարի կողմից օգտագործվող բջջային հեռախոսահամարի՝ «Հեռախոսային հաղորդակցության վերահսկում» օպերտիվ-հետախուզական միջոցառումը, որի արդյունքում պարզվել է, որ Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, ընտրություններին նախորդող ժամանակահատվածում, հեռախոսազրույց են վարել՝ ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի նկատմամբ ազդեցություն գործադրելու և այդ կերպ նրան «Զորավոր համայնք» դաշինքի օգտին նախընտրական քարոզչություն կատարելուն հարկադրելու մասին։ Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Բերդ համայնքի ղեկավարի տեղակալին, Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով: Որպես խափանման միջոց նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը»: Նախաքննությունը շարունակվում է:
18:51 - 01 հոկտեմբերի, 2022
Կալանավորվել է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը. ՔԿ

Կալանավորվել է Բերդ համայնքի ղեկավարի տեղակալը. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում շարունակվում է 2022 թվականի սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին քարոզչություն կատարելուն հարկադրելու դեպքի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական դեպարտամենտում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:   Իրականացված քննչական և վարութային մեծածավալ գործողությունների արդյունքում պարզվել են դեպքի՝ էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ:   Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ տեղական ինքնակառավարման մարմնի՝ ՀՀ Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարը և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարը, 2022 թ. սեպտեմբերի 25-ին Բերդ համայնքում կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին սատարելով «Զորավոր համայնք» դաշինքին, օգտագործելով իրենց լիազորությունները և ազդեցությունը, Բերդ համայնքի ղեկավարի և «Ներքին Կարմիրաղբյուրի մանկապարտեզ» ՀՈԱ կազմակերպության տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի միջև կնքված աշխատանքային պայմանագիրը լուծելու և պայմանագրի ժամկետը դադարեցնելու սպառնալիքով վերջինիս հարկադրել են ընդգրկվել նշված դաշինքում և նույն դաշինքի օգտին կատարել քարոզչություն՝ այդ կերպ հարկադրելով հրաժարվել իր նախընտրած կուսակցության օգտին նախընտրական քարոզչություն կատարելուց:   Տեսնելով, որ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը չի տրվում իրենց սպառնալիքներին և չի կատարում իրենց պահանջները, աշխատակազմի քարտուղարը, նրա կամքի և գիտակցության վրա առավել գործուն միջոցով ազդելու և իրենց հանցավոր մտադրությունն իրագործելու համար, Բերդ համայնքի ղեկավարի տեղակալի ստորագրությամբ, ծանուցագիր էր ուղարկել՝ հիշյալ պայմանագրի գործողությունը դադարեցնելու մասին, սակայն տեղեկանալով, որ վերջինս պատրաստվում է իրենց հանցավոր գործողությունների վերաբերյալ հայտնել իրավապահ մարմիններին, նրա հետ կնքված աշխատանքային պայմանագիրը չէին լուծել:   Հաշվի առնելով, որ համայնքի ղեկավարի տեղակալի գործողություններում ևս առկա են քրեական հետապնդում հարուցելու բավարար հիմքեր, վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել նախաքննության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին՝ նրա նկատմամաբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին, որը բավարարվել է:   Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ վերջինիս մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի (Քարոզչություն կատարելուն կամ քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ քարոզչություն կատարելուն այլ կերպ խոչընդոտելը) 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:   Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:   Հիշեցնենք, որ ավելի վաղ մեղադրանքներ էին ներկայացվել նաև Տավուշի մարզի Բերդի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարին և նույն համայնքի Ներքին Կարմիրաղբյուր բնակավայրի վարչական ղեկավարին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 211-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 5-րդ կետերով:   Որպես խափանման միջոց՝ նրանց նկատմամբ ընտրվել էր կալանավորումը:   Նախաքննությունը շարունակվում է:   Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
19:20 - 30 սեպտեմբերի, 2022
Իջևանի գինու գործարանի մոտակայքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Իջևանի գինու գործարանի մոտակայքում շարունակվում են հրդեհաշիջման աշխատանքները

Իջևանի գինու գործարանի մոտակայքում հրդեհաշիջման աշխատանքները  վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը և մեկ մարտական հաշվարկ։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ և 82 փրկարար ծառայող։ Հիշեցնենք, որ oգոստոսի 31-ին, ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իջևան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ: Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն: *** Սեպտեմբերի 1-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Այրվել է մոտ 7 հա մացառուտ և խոտածածկ տարածք:Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 67 փրկարար ծառայող և անտառտնտեսությունից 20 աշխատակից։Դեպքի վայրում են գտնվել ՓԾ տնօրեն փ/ծ գնդապետ Ա․ Գասպարյանը և ՓԾ տնօրենի տեղակալ փ/ծ գնդապետ Տ․Պետրոսյանը։Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։ *** Սեպտեմբերի 2-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը։Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են ՊՆ մեկ ուղղաթիռ, 102 հրշեջ-փրկարար և «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Իջևանի անտառտնտեսության 20 աշխատակից։Մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են և սահմանվել է հերթապահություն։Այրվել է մոտ 9 հա խոտածածկույթ։
09:58 - 03 սեպտեմբերի, 2022
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում ամփոփվել են 2022 թվականի հուլիսի 25-28-ը Տավուշի մարզի Ազատամուտ, Բաղանիս, Կիրանց, Ոսկեպար, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ, Չորաթան, Բերքաբեր, Բարեկամավան, Սարիգյուղ, Կոթի գյուղերում իրականացված մշտադիտարկման այցերի արդյունքները: Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այցերի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել երեխաների կրթության իրավունքի իրացման պայմանների, կարիքների, ներառական միջավայրի ձևավորման համար առկա հնարավորությունների ուսումնասիրմանը: Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ, քննարկումներ են տեղի ունեցել նախադպրոցական ուսումնական հաստատությունների, կրթական հաստատությունների ներկայացուցիչների և պատասխանատուների, ինչպես նաև մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ։ Այցերի ընթացքում վեր հանված անհատական և համակարգային խնդիրները քննարկվել են նաև համայնքապետարանների, վարչական շրջաններում բուժօգնություն և բուժսպասարկում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների, ինչպես նաև ոլորտային իրավասու մարմինների հետ։Մշտադիտարկման այցերի արդյունքները, սույն հրապարակման պահի դրությամբ իրավասու պետական և տեղական մարմինների կողմից Պաշտպանի աշխատակազմին ներկայացված տեղեկությունների ու պարզաբանումների հաշվառմամբ, վկայում են մի շարք համակարգային խնդիրների վերաբերյալ, այդ թվում՝1. անվտանգային ոլորտի, ինչպես նաև մարդու՝ պատշաճ և մատչելի եղանակով տեղեկություններ ստանալու իրավունքի,2. խմելու և ոռոգման ջրի, գազի մատակարարման,3. բնակիչների զբաղվածության ապահովման,4. երեխաների կրթության իրավունքի, այդ թվում՝ նախադպրոցական և հանրակրթական ուսումնական հաստատություններում բազմամասնագիտական թիմերի սղության, նեղ մասնագիտական ծառայությունների հասանելիության,5. հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի,6. աջակցող միջոցների տրամադրման ընթացակարգի վերաբերյալ իրազեկվածության,7. առողջության պահպանման իրավունքի, այդ թվում՝ վարչական շրջաններում բուժօգնություն և սպասարկում ապահովող կենտրոնների օղակների շենքային պայմանների և նյութատեխնիկական հագեցվածության, դեղորայքի և մի շարք բժշկական ծառայությունների հասանելիության,8. յուրաքանչյուր ընտանիքի՝ փայտ հավաքելու թույլտվության տրամադրման գործող իրավակարգավորումների վերաբերյալ։ Այս և արձանագրված այլ համակարգային խնդիրների վերաբերյալ մանրամասն դիտարկումները, դրանց լուծման վերաբերյալ Պաշտպանի առաջարկները և դիրքորոշումները ներկայացվել են ՀՀ կառավարությանն ու ոլորտային իրավասու մարմիններին, Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակին, իսկ անհատական բնույթի խնդիրները Պաշտպանի իրավասությունների շրջանակում քննարկվել և ներկայացվել են իրավասու պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին։
14:38 - 04 օգոստոսի, 2022
Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Տավուշի սահմանին հարաբերականորեն կայուն իրավիճակ է․ ՀՀ ՊՆ խոսնակ

Այսօր մամուլում տեղեկություններ էին տարածվել, որ Տավուշի սահմանին կուտակումներ են, ադրբեջանական ուժերը զորք ու տեխնիկա են կուտակել։  Infocom-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարարության խոսնակ Արամ Թորոսյանը նշեց, որ այս պահի դրությամբ (առավոտյան 10։30-ի սահմաններում) ՀՀ սահմանին լարվածություն չկա։  «ՀՀ զինված ուժերը աչալրջորեն վերահսկում են իրենց վստահված պետական սահմանը և լիարժեք տիրապետում են իրավիճակին, այս պահի դրությամբ հարաբերականորեն կայուն իրավիճակ է»,- ասաց նա։ Ի պատասխան ճշտող հարցի, թե արդյոք Տավուշի սահմանին ադրբեջանական զորք կամ տեխնիկա է կուտակված, Պն խոսնակը նշեց՝ իր մեկնաբանությունը վերաբերում էր հենց Տավուշի սահմանին տիրող իրավիճակին։ Հիշեցնենք՝ օգոստոսի 3-ին` ժամը 09։00-ից սկսած, ադրբեջանական ստորաբաժանումները Արցախի Հանրապետության ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառել են նռնականետեր և ԱԹՍ-ներ։ Ըստ վերջին տվյալների՝ հայկական կողմն ունի 2 զոհ և 19 վիրավոր։ ՊԲ-ի փոխանցմամբ՝  ռուսական զորակազմի հրամանատարության միջնորդությամբ շարունակում են քայլեր ձեռնարկվել իրավիճակի կայունացման ուղղությամբ:      
11:08 - 04 օգոստոսի, 2022
Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար

Բերդավանյան Ջանգյուլումը՝ Գուսանահովտում. վիճակ, հաջող գյուլում, խարույկ, Վարդավառ ու երգ ու պար

«Վայ ինձ մի ջրեք, էլի, ես լրագրող եմ»-ը բերդավանցիների մոտ Վարդավառի օրը «եղանակ փոխող» արտահայտություն չէ։ Եթե գալիս ես նրանց հետ սարում Ջանգյուլում ու Վարդավառ տոնելու, ապա պիտի քեզ իսկական բերդավանցի զգաս, իսկ եթե բարբառային բառեր էլ գիտես, ապա նրանք էլ քեզ իրենցից մեկը կհամարեն։ Իմ բախտն այս հարցում բերել է, ես Բերդավանի բարբառը մեծ հաշվով հասկանում եմ, հետն էլ՝ քիչ-միչ խոսում, ու դրա արդյունքը, թույլ տվեք ասել, տեսա այսօր, երբ այս գյուղից իմ զրուցակիցներից մեկն ինձ տեսնելիս հեռվից կանչեց՝ «վի՜, էս մեր Հայարփին չի՞, արի աղջիկ ջե՜ն»։ Բերդավանցիները հուլիսի 23-24-ին Ջանգյուլում փառատոնն էին կազմակերպել։ Այս տարի տոնը համընկել էր եկեղեցական Համբարձման տոնի հետ, բայց Շահրիգյոլ (Գուսանահովիտ) կոչվող չքնաղ հովտում ինձ տոնը, մեկ է, հեթանոսական սիրուն ծես էր հիշեցնում։ Ընդարձակ դաշտում մարդիկ, որոնց մի մասը մենակ էր եկել, ինչպես ես, մի մասը՝ ընտանիքներով, հարմար տեղավորվում էին, ամեն մեկն իր անկյունը գտնում։ Ոմանք միանգամից իրենց համար վրաններ էին ընտրում, որոնք նախապես սիրուն բացազատել էին «Բերդավան» հիմնադրամի աշխատակիցները։ Մինչ միջոցառման մեկնարկը հյուրերն իրենց զբաղմունքները գտել էին միանգամից։ Մի խումբ բատմինտոն էր խաղում, մյուսը՝ վոլեյբոլ, երեխաները վազվզում էին դաշտում, ուրիշները՝ ուղղակի վայելում արեւը։  Հետո արդեն միջոցառումը սկսվեց՝ ազգագրական երգ ու պարով՝ «Սասնա ծռեր» համույթի կատարմամբ։ Նրանք պարի ու երաժշտության հնչյուններին, տեսնեմ, չդիմացան ոչ միայն Երեւանից եկած հյուրերը, այլեւ մի չին երիտասարդ՝ Բեյը, որի ակտիվությունը նկատելով՝ նրա ձեռքերից բռնեցին բերդավանցիները ու մի քանի շարժում սովորեցնելով՝ սկսեցին միասին պարել։  Բեյը ճանապարհորդ է, նրա ընկերները գնացել են Իրան ու Վրաստան, բայց ինքը նախընտրել է գալ Հայաստան, քանի որ այստեղի մշակույթը հոգեհարազատ է համարում։ Նա գիտի, որ Հայաստանը համարվում է քրիստոնեությունն ընդունած առաջին երկիրը, ինքն էլ քրիստոնյա է, ու շատ է հետաքրքրված մեր պատմամշակութային կոթողներով։ Բեյը մեր զրույցում ասաց, որ անհամբեր սպասում է դեպի Մշկավանք քայլարշավին, որ ավելի ուշ կազմակերպվելու էր միջոցառման շրջանակում։ Քիչ անց աչքիս ընկավ, որ Բեյն արդեն ինքն է նախաձեռնում պարը՝ արագ սերտելով շարժումները։ Բեյը Խոտի տուկերով օղակ սարքած՝ մարդիկ նստած լսում էին օրվա խորհրդի վերաբերյալ պատմություններ, նայում փոքրիկ ներկայացումներ, երգում երգեր ու խաղիկներ կարդում։  Համբարձման տոնը ժողովրդի շրջանում հայտնի է նաեւ որպես վիճակ։ Իսկ տոնի էությունն այն է, որ Համբարձման տոնից մեկ օր առաջ աղջիկները  յոթ աղբյուրից յոթ բուռ ջուր, յոթ տեսակ ծաղիկ, հոսող առվից յոթ տեսակ քար են հավաքում, դաշտերից ու այգիներից ծաղիկներ քաղում եւ փնջեր կապում: Աղբյուրներից հավաքած ջուրը կուլայի մեջ են լցնում, յուրաքանչյուրը մի իր է գցում դրա մեջ, հետո կուլան ծաղկեփնջերի հետ թաքցնում են, որ տղաները չգողանան: Հետո վիճակով հարս են ընտրում, իսկ տղաները պիտի մինչեւ լուսաբաց գտնեն՝ թե ով է նա։ Հարսն, ի դեպ, իրավունք չունի խոսել տղաների հետ։ Ասում են՝ եթե տղաները մինչեւ հաջորդ օրը հարսին բացահայտում են, գյուլումը վատ է գնում։ Տարբեր շրջաններում այս տոնը տարբեր կերպ են նշում։ Ջանգյուլում փառատոնի ժամանակ, ուրեմն, աղջիկները գնացին դաշտերից ծաղիկներ հավաքելու, տղաները աղբյուրներից ջուր բերելու։ Ընտրեցին հարսիկին, ընկերուհիներին էլ հրահանգեցին՝ չխոսկան լինել, տղաների հարցերին չպատասխանել, որ նրանք խառնվեն, հանկարծ ու հեշտ չգտնեն հարսիկին։  Մինչ ամեն մեկն իր փունջն էր սարքում, աղբրից ջուր բերում, ես զրուցեցի բերդավանցի մի տիկնոջ՝ Նվարդ Չիլինգարյանի հետ, որն ամենայն մանրամասնությամբ ու զգայականությամբ պատմեց՝ ինչպես էին նշում Ջանգյուլումն այն ժամանակ, երբ ինքը դեռ փոքրիկ աղջնակ էր։ Նվարդ Չիլինգարյանը Ջանգյուլումը միշտ նշում էին սարում։ Երեխաները հավաքվում, գնում էին տատ ու պապերի մոտ՝ սար, ու այնտեղ լուրջ ջանասիրությամբ պատրաստվում միջոցառմանը։ Ջանգյուլումն ու Վարդավառը  այս կողմերում նույնիսկ Ամանորից մեծ շուքով են նշվում։ Այդ օրը գյուղացիները պարտադիր սար էին բարձրանում։ Երեխաները հավաքվում, ընկնում էին դաշտերով, աստղածաղիկներ հավաքում, որ հետո թաթախեն յոթ աղբյուրներից հավաքած ջրի մեջ ու հաջորդ առավոտյան դրանցով «ծեծեն» դագաներում՝ հյուղակներում քնած հյուրերին ու արթնացնեն։ Ասում են՝ ծաղիկներով այդ «ծեծը» մարդկանց սարին սովորեցնելու մի հետաքրքիր արարողություն էր։ Տիկին Նվարդն ասաց՝ այդ յոթ թիվն, իհարկե, խորհրդանշական է եղել․ «Օրհնանքների ու անեծքների մեջ յոթը շատ է, չէ՞, հանդիպում․ յոթ պորտով չորանաս կամ յոթ զավակ ունենաս, դրա համար յոթ տեսակ ծաղիկ, յոթ աղբյուրից ջուր, մի հարս՝ վեց ընկերուհիներով»,- պատմեց զրուցակիցս։ Հետո արդեն կժերի մեջ ջահելներն իրենց իրերն էին լցնում, որ հարսին տղաների չգտնելուց հետո վիճակ անեն, տեսնեն՝ որ իրի տիրոջն ինչ գյուլում է ընկնում։ Առաջին գյուլումն ում ընկնում էր, ինքն այդ տարի բախտավորվում էր․ «Լամփի շուշի ծլնգոցը,գլորվիմ, ընկնիմ յարիս ծոցը»,- պատմելու ընթացքում այսպես մի խաղիկ կարդաց Նվարդը՝ նկատելով, որ սարերում օգտագործվող այդ հին լամպերից ընդհանրապես ծնգոց-զնգոց չի գալիս, բայց խաղիկ ստեղծողները հանգեր բռնելու համար այդպես են գրել։  Հետո, երբ տղաները հարսին ու կուժը չէին գտնում, առավոտյան գյուլումի արարողության ժամանակ հարսն ինքը բացահայտվում էր։ Այդպես եղավ նաեւ երեկ Բերդավանում։ Գիշերը վրանում շատ ցուրտ էր, քնել չէր լինում, դրա համար որոշեցի գնալ խարույկի մոտ հավաքված մարդկանց մոտ, որոնց խոսակցությունը քամու հետ գալիս էր դեպի իմ վրան։ Մի բաժակ թեյով նստեցի խոտերին՝ լսելու՝ ինչ են խոսում։ Պարզվեց՝ արթունները դեռ քննարկում են՝ տեսնես ով կլինի հարսը։ Ու ժամը չորսի կողմերը մի տղա մոտեցավ ու բարձր ասաց՝ «հարսին պալիտ եմ արել»։ Չգիտես ինչու՝ մի տեսակ այլայլվեցի, թե՝ գյուլումը թարս չգնա։ Հարցրի՝ բայց ի՞նչ իմացար՝ հարսն ինքն է։ Երիտասարդ այս տղան շատ ինքնավստահ ասաց, թե՝ հարց տվի, չպատասխանեց․ «Հարցրի՝ սուրճ կխմե՞ք, ձեն չհանեց, սենց մի տեսակ գլուխը կախեց, հաստատ ինքն ա»։ Կողքից մի տղամարդ, թե՝ ես էլ եմ մտածում՝ ինքն ա։ Այդպես մինչեւ առավոտ նստեցին, նայեցին այդ աղջնակին, որ խարույկի կողքին ննջել էր։ Իսկ առավոտյան, երբ արդեն բոլորն արթնացել էին ու սկսել գյուլումի արարողությունը, հարսը բացահայտվեց․ ուրիշ մի աղջիկ էր՝ Ժաննան։  «Դե հանի՛ր, ա՛ղջի, Վիճակն ի բարին, Երգերով գովենք Էն իգիթ յարին»։ Այսպես, խաղիկ-տաղիկներով հարսիկը հերթով հանեց ջահելների իրերն ու գյուլումները։ Հենց առաջին գյուլումն էլ իր ընկերուհուն ընկավ, մեկն էլ՝ ինձ։ Լրագրողական իմ բեյջի հետ դուրս եկավ սա․ «Թուր ու թվանք թամքումը Ջուխտ աղունակ վանքումը, Մեռնեմ սիրածս յարին, Ինքը քաղքի ճամփումը»։ Երգ ու պարից, խորովածի հյուրասիրւթյունից հետո էլ եկավ ամենասպասված պահը՝ վարդավառյան ջրոցին։ Ջրով բեռնված մեծ մեքենան եկավ կանգնեց հովտում՝ ծառի տակ, ու բոլորը դույլերով, շշերով վազեցին այդ կողմ։ Բոլորն իրար ջրեցին, ով ջուր չուներ, մյուսն իր դույլից կիսեց, այդպես ուրախ, երգ ու պարով անցավ բերդավանյան Ջանգյուլումը։ Իսկ միջոցառումից գոյացած ողջ գումարը «Բերդավան» հիմնադրամը կուղղի գյուղի միջնակարգ դպրոցի միջանցքների վերանորոգմանը։ Հայարփի Բաղդասարյան
15:46 - 27 հուլիսի, 2022
ՄԻՊ աշխատակազմը Տավուշի սահմանամերձ համայնքներում արձանագրել է բնակչության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները

ՄԻՊ աշխատակազմը Տավուշի սահմանամերձ համայնքներում արձանագրել է բնակչության անվտանգության ապահովման հետ կապված խնդիրները

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները երկրորդ օրը՝ հուլիսի 26-ին մշտադիտարկման այցեր են իրականացրել Տավուշի մարզի Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Մովսես, Այգեպար, Չինարի, Այգեձոր, Արծվաբերդ և Չորաթան գյուղերում: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմից։ Մշտադիտարկման այցերի ընթացքում ուսումնասիրվել են վարչական շրջաններում բնակիչներին բժշկական օգնության տրամադրման և բուժսպասարկման հնարավորություններն ու խնդիրները, երեխաների կրթության իրավունքի իրացման կարիքները և պայմանները և բնակիչների սոցիալ-տնտեսական իրավունքների հետ կապված մի շարք հարցեր։ Այս նպատակով առանձնազրույցներ են իրականացվել բնակիչների հետ։ Այցերի ընթացքում արձանագրվել են խնդիրներ կապված հաշմանդամության կարգավիճակի տրամադրման գործընթացի, առողջության պահպանման իրավունքի, ուսումնական հաստատություններում մասնագետների վերապատրաստումների ոչ բավարար լինելու, կոնկրետ դեպքերում համայնքահեն ծառայությունների սղության կամ բացակայության հետ։ Համակարգային խնդիրներ են արձանագրվել կապված խմելու և ոռոգման ջրի մատակարարման, զբաղվածության, բնակչության անվտանգության ապահովման հետ։ Արձանագրված խնդիրները քննարկվել են նաև համայնքապետարանների, ուսումնական հաստատությունների և վարչական շրջաններում բուժօգնություն և բուժսպասարակում իրականացնող անձնակազմերի ներկայացուցիչների հետ։ 
10:18 - 27 հուլիսի, 2022