Արցախյան պատերազմ․ 2020

Արցախյան առաջին պատերազմից հետո ամենալայնածավալ էսկալացիան՝ Արցախի ու Ադրբեջանի միջեւ՝ սահմանի ողջ երկայնքով։ Տեւել է 44 օր՝ սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 10-ը։

Պատերազմի ժամանակ Հայաստանում եւ Արցախում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։

2020 թվականի նոյեմբերի 10-ին ՀՀ վարչապետը, Ադրբեջանի եւ ՌԴ նախագահները ստորագրել են հայտարարություն՝ ռազմական գործողությունները դադարեցնելու վերաբերյալ, ըստ որի՝ Արցախի Հանրապետության տարածքի մեծ մասն անցնում է Ադրբեջանի վերահսկողության տակ։

ՌԴ Դաշնային խորհուրդը պատրաստ է աջակցել Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը. Ջաբարով |armenpress.am|

ՌԴ Դաշնային խորհուրդը պատրաստ է աջակցել Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը. Ջաբարով |armenpress.am|

armenpress.am: ՌԴ Դաշնային խորհուրդը  կապ է պահպանում Հայաստանի ու Ադրբեջանի խորհրդարաններ հետ և պատրաստ է աջակցել Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորմանը: Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշել է ՌԴ Դաշնային խորհրդի նախագահի առաջին տեղակալ Վլադիմիր Ջաբարովը: «Դաշնության խորհուրդը պատրաստ կլինի, անհրաժեշտության դեպքում, ջանքեր գործադրել խորհրդարանական գծով հարցը կարգավորելու ուղղությամբ, մենք կապեր ունենք ինչպես Հայաստանի, այնպես էլ  Ադրբեջանի խորհրդարանի հետ: Բայց առաջին խոսքը դիվանագետներին է, և նրանք արդեն աշխատում են հարցը կարգավորելու համար», - ասել է Ջաբարովը: Նրա խոսքով ՝ այժմ գլխավորը հակամարտության սրումը կանխելն է, հակառակ դեպքում՝ այն անխուսափելիորեն կաճի այլ երկրների ներգրավմամբ: «Դա չի կարելի թույլ տալ», - շեշտել է Ջաբարովը:
17:13 - 27 սեպտեմբերի, 2020
ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտություն կողմերին կոչ է անում խնայել քաղաքացիական բնակչությանը |armenpress.am|

ԿԽՄԿ-ն Ղարաբաղյան հակամարտություն կողմերին կոչ է անում խնայել քաղաքացիական բնակչությանը |armenpress.am|

armenpress.am: Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ) իր մտահոգությունն է հայտնում սեպտեմբերի 27-ի առավոտվանից շփման գծին ուժգնացած ռազմական գործողությունների մարդասիրական ազդեցության առնչությամբ։ Երկու կողմերում արձանագրվել են զոհեր, այդ թվում` քաղաքացիական բնակչության շրջանում: Այս մասին տեղեկացրին ԿԽՄԿ Երևանի գրասենյակից։ «ԿԽՄԿ-ն կոչ է անում կողմերին ապահովել բոլոր միջոցները քաղաքացիական անձանց կյանքը խնայելու ու ենթակառուցվածքների անվտանգությունն ապահովելու ուղղությամբ՝ հարգելով միջազգային մարդասիրական իրավունքի կանոնները` համաձայն կողմերի ստանձնած պարտավորությունների։ «Վերահաստատում ենք մեր պատրաստակամությունն աջակցելու այս լարվածության հետևանքով տուժածներին, ինչպես նաև հանդես գալու որպես չեզոք միջնորդ», - ասել է տարածաշրջանում ԿԽՄԿ գործառնությունների տնօրեն Մարտին Շյուպը։ - «Մենք հորդորում ենք կողմերին մշտպապես գործադրել բոլոր հնարավոր ջանքերը՝ հավատարիմ մնալու միջազգային մարդասիրական իրավունքի սկզբունքներին»։
16:56 - 27 սեպտեմբերի, 2020
ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ-ն քաղաքական, դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով․ Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Ազգային ժողովի հրատապ նիստից առաջ հանդես եկավ ուղերձով՝ խոսելով այսօր առավոտից Ադրբեջանի զինված ուժերի՝ Արցախի հետ շփման գծում սանձազերծած ռազմական ագրեսիայի մասին։ Փաշինյանի ուղերձը ներկայացնում ենք ստորեւ՝ ամբողջությամբ․ «Վաղ առավոտից Արցախի Հանրապետությունը ենթարկվել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիային։ Ռմբակոծության է ենթարկվում Արցախի խաղաղ բնակչությունը, մայրաքաղաք Ստեփանակերտը, ԱՀ քաղաքացիական ենթակառուցվածքները։ Այս պահի դրությամբ կան արդեն զոհեր եւ վիրավորներ՝ այդ թվում խաղաղ բնակչության շրջանում։ Օգտագործվել է ծանր սպառազինություն՝ հրետանի, հետեւակ։ Հակառակորդը գրոհի է ենթարկում Արցախի Պաշտպանության բանակի դիքրերը՝ բոլոր ուղղություններով։ ՊԲ-ն այս պահի դրությամբ համառ մարտեր է մղում եւ պատվով է կատարում Արցախը պաշտպանելու իր խնդիրը՝ ձեռնարկելով իրավիճակից բխող գործողություններ։ Իլհամ Ալիեւի բռնատիրական վարչակազմը վերստին անցել է պատերազմական գործողությունների։ Դա հայ ժողովրդին հայտարարված պատերազմ է, դա պատերազմ է մեր անկախության, ազատության եւ արժանապատվության դեմ։ Հայ ժողովուրդը պատրաստ է այդ պատերազմին, քանզի միշտ գիտակցել է, որ հայատյացությունը, թշնամանքը եւ ատելությունը, որով տասնամյակներ ի վեր ադրբեջանական բռնապետությունը սնում է իր ժողովրդին, չէր կարող որեւէ այլ արդյունքի հանգեցնել, քան պատերազմի։ Ադրբեջանի բռնապետությունն իր իսկ վարած հակահայ քաղաքականության պատանդն է դարձել եւ այսօր փորձում է արդարացնել իր իսկ որդեգրած քարոզչական խոստումները՝ Ղարաբաղի հակամարտությունը ռազմական միջոցներով լուծելու մասին։ Հայ ժողովուրդը պատրաստ է արժանի հակահարված հասցնել թշնամուն։ ՀՀ-ն ԱՀ-ի անվտանգության եւ անկախության երաշխավորն է եւ ՀՀ-ն իր բնակչության ու պետական համակարգի ողջ ներուժով այսօր կանգնած է Արցախի թիկունքին։ Մենք գործադրել եւ գործադրելու ենք հնարավոր եւ անհնար ամեն ջանք՝ մեր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու, մեր ազատությունն ու անկախությունը պաշտպանելու համար։ Որպես 1994-ի հրադադարի համաձայնագիրը ստորագրած կողմ՝ ՀՀ-ն քաղաքական դիվանագիտական եւ ռազմական հարթակներում ձեռնարկելու է անհրաժեշտ գործողություններ՝ ԼՂ ժողովրդի ֆիզիկական անվտանգությունը ապահովելու եւ հակառակորդին խաղաղություն պարտադրելու նպատակով։ Այս պահի դրությամբ հակառակորդն արդեն իսկ կրում է մարդկային եւ զինտեխնիկայի զգալի կորուստներ։ Ադրբեջանը պետք է քաջ գիտակցի, որ մեր բանակի մարտունակությունն այսօր բարձր է, քան երբեւէ։ Թշնամին պետք է հասկանա, որ Արցախի թիկունքին այսօր կանգնած է համայն հայությունը։ Մենք միասնական ենք ինչպես միշտ, մենք միասնական ենք, ինչպես եղել ենք մեր պատմության վճռորոշ բոլոր պահերին, երբ ոսոխը սպառնացել է մեր գոյությանը, մեր ինքնությանն ու արժեքներին։ Ադրբեջանի բռանպետ իշխանությունները պիտի հասկանան, որ անհնարին է ծնկի բերել հայ ժողովրդին։ Մենք մեր հազարմյա պատմության ընթացքում ունեցել ենք բազմաթիվ վճռորոշ պահեր եւ հաղթահարել բազում դժվարություններ։ Մեր գործն արդար է, եւ այս հանցավոր ոտնձգությունը եւս արժանի հակահարված կստանա։ Մենք լավ գիտակցում ենք, որ ադրբեջանական բռնապետությունը ռազմական գործողություններ կարող է սկսել նաեւ ՀՀ սահմանների ուղղությամբ ու դիմել տարբեր սադրանքների՝ տարածաշրջանում իրավիճակն ամբողջովին ապակայունացնելու համար։ Այս է պատճառը, որ ՀՀ-ում հայտարարվել է ռազմական դրություն եւ ընդհանուր զորահավաք։ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունների եւ միջազգային ողջ հանրության ուշադրությունը հրավիրում եմ իավիճակի լրջության վրա։ Հարավային Կովակասում լայնածավալ պատերամի բռնկումը, որի շեմին մենք հիմա կանգնած ենք, կարող է ամենաանկանխատեսելի հետեւանքներ ունենալ, այն կարող է դուրս գալ տարածաշրջանի սահմաններից՝ ձեռք բերելով ավելի լայն մասշտաբներ՝ սպառնալով միջազգային անվտանգությանն ու կայնությանը։ Միջազգային հանրությանը կոչ եմ անում գործադրել ազդեցության բոլոր լծակները՝ զերծ պահելով Թուրքիային հնարավոր բոլոր միջամտություններից, ինչը վերջնականապես կապակայունացնի իրավիճակը տարածաշրջանում։ Թուրքիայի ագրեսիվ վարքագիծը, որը խիստ վտանգավոր դրսեւորում ունեցավ հատկապես հուլիսյան դեպքերի ժամանակ եւ շարունակվում է այսօր, լուրջ մտահգության տեղիք է տալիս։ Թուրքիայի՝ նման վտանգավոր կեցվածքի պահպանումն ամենակործանարար հետեւանքներով է հղի Հարավային Կովկասի եւ հարակից տարածաշրջանների համար։ Միջազգային հանրությունը պիտի միասնական ջանքերով կանխի դեպքերի  վտանգավոր զարգացումը եւ տարածաշրջանը զերծ պահի ապակայունացնելու բոլոր փորձերից։ Այսօր մենք կանգնած ենք լուրջ վտանգի առաջ։ Իրավիճակն ավելի է բարդանում համավարակի պայմաններում։ Ուստի պահի լրջությունը պահանջում է մեր բոլորի զգոնությունը։ Մեր հաղթանակը կավխած է մեզնից յուրքանչյուրի անհատական եւ մեր միասնական հավաքական ջանքից եւ պահվածքից։ Կոչ եմ անում բոլորին ցուցաբերել բարձրագույն աստիճանի կարգապահություն եւ քաղաքացիական բարձր գիտակցություն։ Եւ մենք կհաղթենք»։
16:42 - 27 սեպտեմբերի, 2020
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է փաստահավաք առաքելություն

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը մեկնարկել է սեպտեմբերի 27-ին ադրբեջանական զինված ուժերի կողմից սկսած լայնածավալ հարձակման հետևանքների վերաբերյալ փաստահավաք առաքելություն:Թարմացված տվյալներով՝ Ադրբեջանը հրետակոծել և հարվածային ԱԹՍ-ներով հարվածել է բոլոր խոշոր ու բազմաթիվ փոքր բնակավայրերի (ներառյալ՝ Ստեփանակերտ, Ասկերան, Մարտակերտ, Մարտունի, Հադրութ, Շուշի քաղաքները):Նախնականորեն քաղաքացիական բնակչության շրջանում առկա է հաստատված 2 զոհ ու տասնյակ վիրավոր: Միայն Ստեփանակերտում 10-ից ավելի վիրավոր կա, ներառյալ՝ երեխաներ ու կանայք: Պաշտպանի ներկայացուցիչները այցելել են Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոնում ապաքինվող մի խումբ վիրավորների:Ի թիվս բազմաթիվ ենթակառուցվածքային վնասների, վնասվել են նաև որոշ դպրոցներ:Հավաքագրված տվյալների վերլուծությունը վկայում է այն մասին, որ ադրբեջանական զինված ուժերը նպատակային ու հասցեական կերպով թիրախավորել են քաղաքացիական բնակչությանը, ինչը միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտում է: Պաշտպանը կոչ է անում միջազգային հանրությանը համապատասխան գնահատական տալ ադրբեջանական գործողություններին, այն էլ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի պայմաններում, և միջոցներ ձեռք առնել Արցախի Հանրապետության հազարավոր բնակիչների կյանքին ու անվտանգությանը սպառնացող վտանգների չեզոքացման ուղղությամբ:Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը շարունակում է փաստահավաք գործունեությունը. տվյալների հստակեցումից հետո հանդես կգանք լրացուցիչ հրապարակումներով:
16:34 - 27 սեպտեմբերի, 2020
Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը

Հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը

ՀՀ կառավարության e-gov.am կայքում հրապարակվել է Հայաստանում ռազմական դրություն հայտարարելու մասին կառավարության որոշումը: Որոշման մեջ ասված է. «Հաշվի առնելով 2020 թվականի սեպտեմբերի 27-ի առավոտյան` ժամը 07:15-ի սահմաններում Ադրբեջանի Հանրապետության զինված ստորաբաժանումների կողմից Արցախի Հանրապետության ուղղությամբ սկսված ռազմական գործողությունները, այդ թվում՝ հրետանային միջոցների, օդուժի, ներառյալ անօդաչու թռչող սարքերի (այսուհետ՝ ԱԹՍ), զրահատեխնիկայի, կենդանի ուժի և այլ ստորաբաժանումների կիրառումը, որոնց արդյունքում թիրախավորվել են նաև խորը թիկունքում տեղակայված բնակավայրերը, այդ թվում՝ մայրաքաղաք Ստեփանակերտը և այնտեղ բնակվող խաղաղ բնակչությունը. հիմք ընդունելով, որ Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Արցախի ժողովրդի անվտանգության երաշխավորը. հիմք ընդունելով այն, որ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի ձեռնարկած գործողությունների արդյունքում առկա է Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման և Հայաստանի Հանրապետության տարածք ներխուժելու անմիջական վտանգ, ինչը սպառնում է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանը, անվտանգությանը, տարածքային ամբողջականությանը և դրանով պայմանավորված՝ քաղաքացիների ու բնակչության կյանքին ու անվտանգությանը, և այդ հանգամանքների վերացումն անհնարին է առանց արտակարգ միջոցներ ձեռնարկելու. ելնելով Հայաստանի Հանրապետության զինված ուժերի և տնտեսության զորահավաքային ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծմամբ Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման անմիջական վտանգը կանխելու, ինչպես նաև պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, ֆիզիկական և իրավաբանական անձանց բնականոն գործունեությունն ու մարդկանց կյանքի և անվտանգության պաշտպանությունը ռազմական դրության պայմաններում ապահովելու նպատակից. և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 119-րդ հոդվածի 1-ին մասով, 76-րդ հոդվածով, ինչպես նաև «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 3-րդ և 4-րդ հոդվածներով, 5-րդ հոդվածի 1-ին մասով, 6-րդ, 8-րդ, 9-րդ և 11-րդ հոդվածներով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ո ր ո շ ո ւ մ է. Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից հայտարարել ռազմական դրություն: Սահմանել ռազմական դրության ժամանակ կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները, ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող միջոցները և մարմինները` համաձայն հավելվածի: Սահմանել, որ ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումները և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումները կիրառվում են Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում: Ռազմական դրության շրջանակներում կիրառվող միջոցառումների իրականացման և իրավունքների ու ազատությունների ժամանակավոր սահմանափակումների կիրառումն ապահովելու համար կարող են ներգրավվել ռազմական դրության իրավական ռեժիմն ապահովող` պաշտպանության, արտակարգ իրավիճակների, ոստիկանության, ազգային անվտանգության պետական լիազոր մարմինների ուժերն ու միջոցները, ինչպես նաև պետական կառավարման համակարգի այլ մարմինների, տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակազմերի ներկայացուցիչները։ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:
16:25 - 27 սեպտեմբերի, 2020
Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի ուղղությամբ

Հենրիխ Մխիթարյանը դատապարտել է Ադրբեջանի սադրիչ գործողություններն Արցախի ուղղությամբ

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի ավագ և իտալական «Ռոմա»-ի ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի իր էջում դատապարտել է Արցախի ուղղությամբ Ադրբեջանի սադրիչ գործողությունները և կոչ արել միջազգային հանրությանն իր աջակցությունը ցուցաբերել ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում:  «Այսօր առավոտյան տեղեկացա Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ Ադրբեջանի բանակի լայնածավալ հարձակման մասին, որի հետևանքով թիրախավորվել է խաղաղ բնակչությունը Ստեփանակերտում և այլ բնակավայրերում: Ես կոչ եմ անում միջազգային հանրությանը շտապ ոտքի կանգնել և օգնել դադարեցնել ռազմական գործողություններն՝  ընդդեմ տարածաշրջանի խաղաղության ու անվտանգության: Մենք ունենք մեր Հայրենիքում ապրելու անքակտելի իրավունք: Մեր երեխաներն ունեն խաղաղ ապրելու իրավունք, քան թաքնվելու ապաստարաններում: Ես միշտ կանգնած եմ իմ ազգի կողքին»,- նշել է Հենրիխ Մխիթարյանը:
15:57 - 27 սեպտեմբերի, 2020
Հռոմի պապն ու Գարեգին Բ-ն աղոթք են բարձրացրել խաղաղության վերականգնման համար

Հռոմի պապն ու Գարեգին Բ-ն աղոթք են բարձրացրել խաղաղության վերականգնման համար

Վատիկանում տեղի է ունեցել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը, հանդիպմանը մասնավոր անդրադարձ է կատարվել Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված գործողություններին: Այս մասին տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Սեպտեմբերի 27-ին Վատիկանում տեղի ունեցավ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Հռոմի Սրբազան Քահանայապետ Ֆրանցիսկոս Պապի հանդիպումը։ Հանդիպմանն անդրադարձ կատարվեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու և Հռոմի Կաթոլիկ Եկեղեցիների միջև ձևավորված սերտ հարաբերություններին և տարբեր ոլորտներում առկա գործակցությանը։ Զրույցի ընթացքում մասնավոր անդրադարձ կատարվեց Ադրբեջանի կողմից արցախա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով սանձազերծված գործողություններին, որոնք հետևանքով զոհեր կան նաև խաղաղ բնակչության մեջ»,-հայտնել է  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Ռազմական գործողությունների դադարեցման և հակամարտության խաղաղ կարգավորման հարցում Ամենայն Հայոց Կաթողիկոսը կարևորել է Կաթոլիկ Քույր Եկեղեցու և նրա հովվապետի ձայնը։ Դատապարտելով Ադրբեջանի կողմից դրսևորած ագրեսիան՝ Գարեգին Բ Կաթողիկոսը հաստատել է, որ Արցախի ժողովրդի իրավունքների հարգմամբ և արդարության հռչակմամբ միայն հնարավոր կլինի վերահաստատել խաղաղությունն ու կայունությունը։ «Երկու հովվապետերը աղոթք բարձրացրեցին խաղաղության վերականգնման համար։ Առավոտյան Ամենայն Հայոց Կաթողիկոսը Սուրբ Պետրոսի տաճարում ներկա գտնվեց Սուրբ Պատարագի արարողությանը։ Պատարագիչ Լանզարի արքեպիսկոպոսը, ողջունելով Վեհափառ Հայրապետի ներկայությունը սրբազան արարողությանը, մասնակից եկեղեցականներին և հավատացյալներին տեղեկացրեց վաղ առավոտյան վերսկսված հակամարտության մասին։ Լանզարի արքեպիսկոպոսը ներկաների անունից զորակցություն հայտնեց Հայոց Եկեղեցուն և հայ ժողովրդին՝ աղոթելով Արցախի և արցախահայության անվտանգ ու ապահով կյանքի վերահաստատման համար»,-նշել է  Տեր Վահրամ քահանա Մելիքյանը:
15:42 - 27 սեպտեմբերի, 2020